(ուժը կորցրել է 27.07.06 թիվ 1183-Ն որոշում)
i
040.1986.281105
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 սեպտեմբերի 2005 թվականի N 1986-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողներին պետական կրթաթոշակ տալու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի սեպտեմբերի 8-ի
N 1986-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՏԱԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում (այսուհետ` բուհեր) ըստ մասնագիտությունների պետական կրթաթոշակներ տալու կարգը:
2. Պետական կրթաթոշակն անվճար ուսուցում ապահովելու նպատակով պետական ֆինանսական օժանդակություն է` ուսանողների առաջադիմության հաշվառմամբ, ըստ մասնագիտությունների գերակայության:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի, տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ բուհերի և մասնագիտությունների հաստատում է պետական կրթաթոշակի չափը, որը չի կարող գերազանցել բուհի կողմից տվյալ մասնագիտության համար սահմանված վարձավճարի չափը:
4. Պետական կրթաթոշակների քանակն ըստ մասնագիտությունների ձևավորվում է պետական մարմինների հայտերի հիման վրա` հաշվի առնելով տնտեսության զարգացման գերակայությունները:
5. Կրթաթոշակների ձևակերպման (հրամանագրում, ռոտացիոն վերահասցեագրում) գործընթացն իրականացնում է բուհը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ըստ մասնագիտությունների հատկացված կրթաթոշակների թիվը փոխանցվում է կուրսից կուրս` չփոփոխելով մասնագիտությունը:
7. Պետական կրթաթոշակը խրախուսման նպատակով տրամադրվում է բարձր առաջադիմությամբ սովորող և հասարակական ակտիվություն ու պատշաճ վարքագիծ ունեցող ուսանողներին (արվեստի բնագավառի բուհերում` նաև մասնագիտական մրցույթ-ստուգատեսների հաղթողներին)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված կրթաթոշակի գումարի սահմաններում:
ՈՒսանողների հասարակական ակտիվությունը բնութագրող աշխատանքներ են համարվում`
ա) մասնակցությունը ֆակուլտետի և բուհի ուսանողական, հասարակական աշխատանքներին,
բ) զեկուցումներ, ռեֆերատներ, հրատարակած աշխատանքներ (գիտական ամսագրերում և զանգվածային լրատվության միջոցներում),
գ) մասնակցությունը միջբուհական, քաղաքային, հանրապետական և միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին:
Սույն կարգի իմաստով ուսանողների պատշաճ վարքագիծը բուհի ներքին կանոնների պահպանումն է:
8. Հավասար միավորների դեպքում առավելությունը տրվում է հասարակական աշխատանք կատարող ուսանողին:
9. Պետական կրթաթոշակ տրվում է պետության կողմից հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններին և (կամ) հավատարմագրված առանձին մասնագիտություններով սովորող ուսանողներին:
II. ԿՐԹԱԹՈՇԱԿ ՏԱԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
10. Առաջին կուրս ընդունված ուսանողներին, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ըստ մասնագիտությունների հաստատված տեղերին համապատասխան, կրթաթոշակները տրվում են ընդունելության մրցույթի արդյունքներով:
11. ՈՒսանողին պետական կրթաթոշակի տրամադրումը վերանայվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին` ուսանողի տարեկան միջին առաջադիմության արդյունքներով` մրցութային հիմունքներով:
12. Տարեկան առաջադիմության արդյունքներով պահպանվում են քննական առարկաներից 5 բալային գնահատման համակարգով` 4 և բարձր, իսկ 10 բալային գնահատման համակարգով` 7 և բարձր գնահատականներ ստացած ուսանողների կրթաթոշակները:
13. Պահանջվող առաջադիմությունը չապահովելու դեպքում ուսանողը զրկվում է պետական կրթաթոշակից:
14. Ազատված կրթաթոշակները ռոտացիոն վերաբաշխվում են վճարովի համակարգում սովորող ուսանողներին` ըստ ամենաբարձր մրցութային ցուցանիշի:
15. Տվյալ մասնագիտությանը համապատասխան` կուրսում հատկացված կրթաթոշակների թիվը չի փոխվում:
16. ՈՒսանողների կողմից անհրաժեշտ առաջադիմության չապահովման դեպքում կրթաթոշակային ֆոնդի չօգտագործված միջոցները փոխանցվում են ուսանողական նպաստների ֆոնդ` ամբողջությամբ փոխհատուցելով համապատասխան կարգավիճակ ունեցող ուսանողների ուսման վարձը: