i
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԻԵՆՆԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ`
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՖԱԿՈՒԼՏԱՏԻՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սույն Արձանագրության, ինչպես նաև 1963 թվականի մարտի 2-ից մինչև ապրիլի 22-ը Վիեննայում տեղի ունեցած Միավորված ազգերի կազմակերպության կոնֆերանսի կողմից ընդունված «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի, այսուհետ` Կոնվենցիա, մասնակից պետությունները,
արտահայտելով հյուպատոսական հիմնարկների անդամների և նրանց հետ բնակվող նրանց ընտանիքների անդամների քաղաքացիության ձեռքբերմանը վերաբերող կանոնները մշակելու ցանկություն,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Սույն Արձանագրության նպատակների համար «հյուպատոսական հիմնարկի անդամներ» արտահայտությունը ունի Կոնվենցիայի 1-ին հոդվածի 1-ին կետի «է» ենթակետում սահմանված նշանակությունը, այն է` «հյուպատոսական պաշտոնատար անձինք, հյուպատոսական ծառայողներ և սպասարկող անձնակազմի անդամներ»:
ՀՈԴՎԱԾ 2
Ընդունող պետության քաղաքացիներ չհանդիսացող հյուպատոսական հիմնարկի անդամները և նրանց հետ բնակվող նրանց ընտանիքների անդամները ձեռք են բերում այդ պետության քաղաքացիություն ոչ այլ կերպ, քան ըստ ընդունող պետության օրենքների կիրառման կարգի:
ՀՈԴՎԱԾ 3
Սույն Արձանագրությունը ստորագրելու համար բաց է բոլոր այն պետությունների համար, որոնք Կոնվենցիայի մասնակիցներ կդառնան մինչև 1963 թվականի հոկտեմբերի 31-ը` Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի դաշնային նախարարությունում, իսկ այնուհետև` մինչև 1964 թվականի մարտի 31-ը, Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում` Նյու Յորքում:
ՀՈԴՎԱԾ 4
Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման: Վավերագրերը հանձնվում են ի պահ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:
ՀՈԴՎԱԾ 5
Սույն Արձանագրությունը միանալու համար բաց է բոլոր այն պետությունների համար, որոնք կդառնան Կոնվենցիայի մասնակիցներ: Միանալու մասին ակտերը հանձնվում են ի պահ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:
ՀՈԴՎԱԾ 6
1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում ճիշտ նույն օրը, ինչ Կոնվենցիայի կամ Արձանագրության վավերացման կամ միանալու մասին ակտը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը` կախված այն բանից, թե այդ ամսաթվերից որը ավելի ուշ կլինի:
2. Յուրաքանչյուր այն պետության վերաբերյալ, որը վավերացնում է սույն Արձանագրությունը կամ դրան միանում է այն ուժի մեջ մտնելուց հետո, սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, Արձանագրությունը ուժի մեջ է մտնում վավերացման կամ միանալու մասին ակտը այդ պետության կողմից ի պահ հանձնվելուց հետո երեսուներորդ օրը:
ՀՈԴՎԱԾ 7
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը բոլոր այն պետություններին, որոնք կդառնան Կոնվենցիայի մասնակիցներ, ծանուցում է.
ա) սույն Արձանագրության 3-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածներին համապատասխան ստորագրելու և վավերացման կամ միանալու մասին ակտերը ի պահ հանձնելու մասին:
բ) սույն Արձանագրության 6-րդ հոդվածին համապատասխան ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին:
ՀՈԴՎԱԾ 8
Սույն Արձանագրության բնագիրը, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, կհանձնվի ի պահ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը դրա վավերացված պատճենները կուղարկի 3-րդ հոդվածում նշված բոլոր պետություններին:
Ի հավաստումն որի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով իրենց կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Վիեննա քաղաքում 1963 թվականի ապրիլի 24-ին:
* Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի հուլիսի 23-ից: