i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Սնանկության գործ թիվ ՇԴ1/0041/04/15
2018 թ.
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ 12.11.2018 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՌԿԱ ՎՐԻՊԱԿՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
10 դեկտեմբերի 2018 թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահող` Ռ. Հակոբյան
զեկուցող` Վ. Ավանեսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
քննարկելով ըստ ՀՀ ֆինանսների նախարարության դիմումի ընդդեմ «Ախուրյանի շինանյութեր» ԲԲԸ-ի` սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.11.2018 թվականի որոշման մեջ առկա վրիպակն ուղղելու հարցը,
ՊԱՐԶԵՑ
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 01.02.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 04.04.2016 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 10.05.2016 թվականի որոշմամբ որոշել է ՀՀ ֆինանսների նախարարությանը փոխարինել նրա իրավահաջորդով` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեով:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Ա. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 30.05.2017 թվականին որոշում է կայացրել կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելու մասին:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.12.2017 թվականի որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30.05.2017 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.11.2018 թվականի որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը բավարարվել է` Վերաքննիչ դատարանի 21.12.2017 թվականի որոշումը բեկանվել է և գործը` «Ախուրյանի շինանյութեր» ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արտակ Հարությունյանի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրը քննարկելու մասով, ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վճռաբեկ դատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղումը կատարում է Վճռաբեկ դատարանը առանց դատական նիստ հրավիրելու` համապատասխան միջնորդությունը զեկուցող դատավորին հանձնելուց կամ դրա անհրաժեշտությունը ծագելուց հետո` մեկամսյա ժամկետում:
Տվյալ դեպքում անհրաժեշտություն է ծագել ուղղելու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.11.2018 թվականի որոշման եզրափակիչ մասում առկա վրիպակը, որի արդյունքում Վերաքննիչ դատարանի 21.12.2017 թվականի որոշումը բեկանելուց հետո գործը ենթակա է ուղարկման նոր քննության ոչ թե Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, այլ` այն քննած դատարան` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Ուղղել թիվ ՇԴ1/0041/04/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.11.2018 թվականի որոշման մեջ առկա հետևյալ վրիպակը`
- եզրափակիչ մասում «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան» բառերը փոխարինել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան բառերով:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ռ. Հակոբյան
Զեկուցող` Վ. Ավանեսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան