01.11.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 հուլիսի 2025 թվականի N 670-Լ
ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Սահմանել խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2025 թ. հուլիսի 28
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2025 թվականի հուլիսի 28-ի
N 670-Լ որոշման
ԿԱԶՄ
ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Էդուարդ Հակոբյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
(հանձնաժողովի նախագահ)
Ռաֆայել Գևորգյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի
տեղակալ
Ավագ Ավանեսյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Օկսաննա Աբրահամյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Էդգար Զաքարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Գևորգ Մելիքսեթյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության
նախարարի տեղակալ
Դավիթ Խաչատրյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
տեղակալ
Արուսյակ Մարտիրոսյան - «Հայաստանի տեղեկատվական համակարգերի
գործակալություն» հիմնադրամի թվային
փոխակերպման նախագծերի պատասխանատու
Գոհար Զաքարյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի խաղային
գործունեության վերահսկողության վարչության պետ
Գալուստ Գալստյան - «ՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՊՈԱԿ-ի տեխնիկական դեպարտամենտի
ղեկավար
Մարիաննա Ուդումյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի խաղային
գործունեության վերահսկողության վարչության
տվյալների վերլուծության և ռիսկերի կառավարման
բաժնի պետ (քարտուղար, առանց ձայնի իրավունքի)
(1-ին հավելվածը փոփ. 30.10.2025 թիվ 981-Լ որոշում)
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2025 թվականի հուլիսի 28-ի
N 670-Լ որոշման
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Սույն աշխատակարգով կարգավորվում են խաղային գործունեության կարգավորման օպերատորի (այսուհետ` օպերատոր) ընտրության գործընթացի կազմակերպման կապակցությամբ խաղային գործունեության կարգավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատանքների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն աշխատակարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով (այսուհետ` օրենք) և Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման ընթացակարգը, օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության կարգը, օպերատորի հետ պայմանագրի կնքման կարգը և մրցույթը չկայացած համարվելու հիմքերը սահմանելու մասին» որոշմամբ (այսուհետ` ընթացակարգ) սահմանված իմաստը, իսկ օրենքով և ընթացակարգով նախատեսված չլինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կիրառվող նշանակությունը, եթե կոնկրետ դրույթի բովանդակությունից չի բխում դրա օգտագործման այլ իմաստ:
3. Օպերատորի ընտրության մրցույթը կազմակերպում և անցկացնում է հանձնաժողովը, որը հաստատում է մրցույթի փաստաթղթերը, իրականացնում է մրցույթի արդյունքների գնահատումը և ամփոփումը, հրապարակում է որակավորված հայտատուների ցանկը, մրցույթի արդյունքները, ինչպես նաև քննարկում և լուծում է մրցույթի անցկացմանն առնչվող խնդիրները:
4. Հանձնաժողովի գործավարությունը վարում է Վերահսկող մարմնի աշխատակազմը` ի դեմս Վերահսկող մարմնի կողմից նշանակված քարտուղարի, ով հանձնաժողովի անդամ չէ:
5. Նիստերի և աշխատանքային քննարկումների ձայնագրությունը պահպանվում է 3 տարի` Վերահսկող մարմնի աշխատակազմում:
6. Հանձնաժողովի նախագահը`
1) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք.
2) ապահովում է հանձնաժողովի բնականոն գործունեությունը, կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ.
3) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
4) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:
7. Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովմանն աջակցելու նպատակով`
1) որակավորման հայտերը և հայտերը, դրանց փոփոխությունները, լրացումները գրառելու կամ որակավորման հայտերը և հայտերը հետ վերցնելու դեպքում այդ մասին տեղեկատվություն գրառելու համար վարում է գրանցամատյան.
2) ապահովում է օրենքով, ընթացակարգով և սույն աշխատակարգով հրապարակման ենթակա տեղեկությունների, հայտարարությունների և արձանագրությունների հրապարակումը.
3) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու դրանք տրամադրում հանձնաժողովի անդամներին.
4) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
5) վարում է հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
6) գրանցում է հանձնաժողովի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
7) կազմակերպում է հանձնաժողովի որոշումների տրամադրումը հանձնաժողովի անդամներին և մրցույթին մասնակցող հայտատուներին.
8) հանձնաժողովի նիստից առնվազն 2 աշխատանքային օր առաջ քննարկվող նյութերի հակիրճ բովանդակությունը տրամադրում է հանձնաժողովի անդամներին.
9) հանձնաժողովի նիստի անցկացման վայրի, ժամկետի և օրակարգում ընդգրկված հարցերի մասին հանձնաժողովի նիստից առնվազն 5 աշխատանքային օր առաջ գրավոր կամ բանավոր տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին:
8. Հանձնաժողովի անդամները`
1) մասնակցում են հանձնաժողովի նիստերին.
2) ընթացակարգով սահմանված կարգով գնահատում են որակավորման հայտերը և առաջարկի հարցման փուլի հայտերը.
3) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես գրավոր կամ բանավոր տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին.
4) մասնակցում են որոշումների ընդունման համար քվեարկությանը:
9. Ներկայացված որակավորման հայտերը և հայտերն ընդունում և գրանցամատյանում գրանցում է հանձնաժողովի քարտուղարը:
10. Գրանցամատյանում գրառվում են հետևյալ տեղեկությունները`
1) որակավորման հայտ կամ հայտ ներկայացրած հայտատուի անվանումը.
2) այն գրության ելից և նույն գրության մտից համարը և ամսաթիվը, որով ներկայացվել է որակավորման հայտը կամ հայտը, այն ներկայացնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը և համարը.
3) որակավորման հայտի կամ հայտի ստացման ժամը, ամիսը, ամսաթիվը.
4) որակավորման հայտը կամ հայտը գրանցողի ստորագրությունը.
5) կիրառելիության դեպքում նշագրումներ:
11. Գրանցամատյանում գրառումները կատարվում են միայն քարտուղարի կողմից: Գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում գրանցամատյանի «նշագրումներ» հատվածում դրվում է քարտուղարի ստորագրությունը: Օպերատորի ընտրության ընթացակարգի ընթացքում գրանցամատյանի անվնաս պահպանման համար պատասխանատու է քարտուղարը:
12. Հայտատուի ներկայացրած ծրարի վրա քարտուղարը նշում է գրանցամատյանում տվյալ ծրարի գրանցման համարը, գրանցման օրը և ժամը` ստորագրում ծրարի վրա իր կողմից կատարված գրառումների տակ:
13. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի անդամները կարող են իրականացնել աշխատանքային քննարկումներ, որոնց վրա նիստերի ձայնագրման կամ արձանագրման կանոնները չեն տարածվում:
14. Հանձնաժողովն իր հերթական նիստի, տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին տեղեկատվություն է հրապարակում Վերահսկող մարմնի պաշտոնական կայքում` նիստի օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:
15. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում հանձնաժողովը նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ հանձնաժողովի անդամներից ընտրում է հանձնաժողովի նիստը նախագահող:
16. Հանձնաժողովի նախագահը, անդամները և քարտուղարը պարտավոր են ապահովել որակավորման հարցման և առաջարկի հարցման համաձայն հայտատուների կողմից որպես գաղտնի նշված առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների գաղտնիությունը և օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում դրանց հրապարակման հետևանքով հայտատուներին պատճառված վնասի համար` բացառությամբ օրենքով սահմանված` պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների:
17. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Նիստն իրավազոր չլինելու դեպքում այն հետաձգվում է: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` բացառությամբ սույն աշխատակարգի 18-րդ և 19-րդ կետերով սահմանված դեպքերի:
18. Հայտատուն համարվում է որակավորված, եթե նրա որակավորման օգտին կողմ է քվեարկել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսից ավելին: Ընդ որում, հանձնաժողովի անդամն իրավունք չունի ձեռնպահ մնալ որակավորման հայտի գնահատումից:
19. Առաջարկի հարցման փուլի հայտերի գնահատման արդյունքում հաղթող հայտատուն որոշվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսից ավելիի կողմից տրված գնահատականների հիման վրա: Ընդ որում, հանձնաժողովի անդամն իրավունք չունի ձեռնպահ մնալ առաջարկի հարցման փուլի հայտի գնահատումից:
20. Որակավորման հայտերը բացվելուց հետո կազմվում է արձանագրություն: Քարտուղարն ապահովում է որակավորման հայտերի բացման առաջին նիստի ավարտի պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում պաշտոնական կայքում սույն կետով նախատեսված արձանագրության հրապարակումը: Սույն կետով նախատեսված արձանագրությունը պարունակում է`
1) տվյալներ` որակավորման հայտերի բացման վայրի, օրվա և ժամի մասին.
2) որակավորման հայտեր ներկայացրած հայտատուների անվանումները և գրանցման վայրը, կոնսորցիումով հայտ ներկայացնելու դեպքում` կոնսորցիումի մասնակիցների անվանումները և գրանցման վայրը.
3) տվյալներ` ծրարների կազմման և ներկայացման` որակավորման հարցման պահանջներին համապատասխանության մասին.
4) տվյալներ` բացված յուրաքանչյուր ծրարում որակավորման հարցմամբ պահանջվող փաստաթղթերի առկայության մասին.
5) տվյալներ` յուրաքանչյուր հայտատուի ներկայացրած փաստաթղթերի` որակավորման հարցմամբ սահմանված պայմաններին համապատասխան կազմված լինելու մասին.
6) օպերատորի ընտրության ընթացակարգը կամ որակավորման հարցման փուլը չկայացած հայտարարվելու դեպքում` դրա հիմնավորումը.
7) տեղեկատվություն` որակավորման հայտերի վերաբերյալ հարցումների և պատասխանների մասին.
8) գնահատող հանձնաժողովի հաջորդ նիստի վայրը, օրը և ժամը.
9) նիստին ներկա հանձնաժողովի անդամների անունները և ազգանունները:
21. Եթե հանձնաժողովի անդամը կամ հայտատուն որակավորման հայտերի բացման վերաբերյալ ցանկանում է արտահայտել հայտերի բացման նիստի արձանագրության մեջ չներառված կարծիք (հատուկ կարծիք), ապա դա ներկայացնում է գրավոր` արձանագրության հրապարակման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հատուկ կարծիքը կցվում է որակավորման հայտերի գնահատման նիստի արձանագրությանը:
22. Հանձնաժողովի անդամները և քարտուղարը ստորագրում են ընթացակարգով սահմանված` շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, որը որակավորման հայտերի բացման նիստի ավարտին հաջորդող առաջին աշխատանքային օրը հրապարակվում է պաշտոնական կայքում:
23. Հանձնաժողովի անդամը կամ քարտուղարը չի կարող մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին և պարտավոր է որակավորման հայտերի բացման կամ գնահատման նիստին ներկայացնել ինքնաբացարկ, եթե առկա է ընթացակարգով սահմանված` շահերի բախման իրավիճակ: Հանձնաժողովի աշխատանքները շարունակվում են շահերի բախման իրավիճակի բացակայության մասին հանձնաժողովի նախագահի, անդամների և քարտուղարի հայտարարությունից կամ ինքնաբացարկ հայտնելուց հետո: Ինքնաբացարկ հայտնելու դեպքում հանձնաժողովի համապատասխան անդամի փոխարեն Վարչապետի որոշմամբ նշանակվում է այլ անդամ, իսկ քարտուղարի կողմից ինքնաբացարկ հայտնելու դեպքում Վերահսկող մարմինը նշանակում է նոր քարտուղար:
24. Հանձնաժողովի նիստերը, որպես կանոն, դռնբաց են: Հանձնաժողովի նիստերը ձայնագրվում են: Դռնբաց նիստերին կարող է մասնակցել ցանկացած անձ` նիստի օրվանից առնվազն 3 աշխատանքային օր առաջ հանձնաժողովին տեղեկացնելով նիստին մասնակցելու մտադրության մասին:
25. Հայտատուները և վերջիններիս ներկայացուցիչները կարող են ներկա լինել հանձնաժողովի նիստերին, սակայն նրանց բացակայությունն արգելք չէ նիստն անցկացնելու համար: Հայտատուները կամ վերջիններիս ներկայացուցիչները կարող են պահանջել հանձնաժողովի նիստերի արձանագրությունների պատճենները, բացառությամբ դռնփակ անցկացվող նիստերի արձանագրությունների, որոնք տրամադրվում են մեկ օրացուցային օրվա ընթացքում:
26. Հանձնաժողովի որոշմամբ նիստը կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ, եթե առկա է օրենքով պահպանվող գաղտնի տեղեկության, ներառյալ` առևտրային գաղտնիքի բացահայտման վտանգ: Նիստը դռնփակ անցկացվելու դեպքում նիստին մասնակցում են միայն հանձնաժողովի անդամները և քարտուղարը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև հանձնաժողովի կողմից սույն աշխատակարգի 27-րդ կետի համաձայն նիստին հրավիրված անձինք, սակայն միայն իրենց առաջադրված հարցերի վերաբերյալ տեղեկություններ կամ կարծիք հայտնելու ժամանակահատվածում:
27. Հանձնաժողովի որոշմամբ նիստին կարող են հրավիրվել պետական պաշտոնյաներ, գիտական հաստատության ներկայացուցիչներ, համապատասխան մասնագետներ, այդ թվում` միջազգային փորձագետներ, տարբեր շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ (հրավիրված անձինք), որոնք իրենց առաջադրած հարցերի վերաբերյալ տալիս են անկողմնակալ տեղեկություններ կամ կարծիք: Հանձնաժողովը կաշկանդված չէ հրավիրված անձանց հայտնած տեղեկություններով կամ կարծիքով, և դրանք հանձնաժողովի համար ունեն խորհրդատվական բնույթ: Քարտուղարը հրավիրված անձանց նիստից առնվազն 5 օր առաջ ներկայացնում է հրավերի ծանուցում` նշելով նիստի անցկացման օրվա, ժամի, վայրի և օրակարգի մասին տվյալներ: Սույն կետով նախատեսված ծանուցումը կարող է ուղարկվել թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Հրավիրված անձինք նիստին կարող են մասնակցել նաև տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ:
28. Հանձնաժողովը որակավորման հայտերը գնահատում է օրենքով, ընթացակարգով և որակավորման հարցմամբ սահմանված կարգով:
29. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատում է ներկայացված որակավորման հայտերը, դրանց գնահատման արդյունքներն արտացոլում է գնահատման թերթիկներում և իր ստորագրությամբ հաստատում դրանք:
30. Հանձնաժողովը որակավորման հայտերը գնահատում և որակավորված հայտատուների ցանկը հաստատելու վերաբերյալ որոշումը կայացնում է որակավորման հայտերի գնահատման վերջին նիստում:
31. Օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցող հայտատուի որակավորման հայտի գնահատման ժամանակ հաշվի են առնվում կոնսորցիումի բոլոր մասնակիցների միասնական որակավորումները:
32. Որակավորված հայտատուների ցանկը հաստատելու վերաբերյալ որոշման կայացման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովը Վերահսկող մարմնի պաշտոնական կայքում հրապարակում է որակավորված հայտատուների ցանկը:
33. Նախքան առաջարկի հարցման փուլը հանձնաժողովի որոշմամբ ընթացակարգով սահմանված կարգով կարող են կազմակերպվել աշխատանքային քննարկումներ:
34. Տեխնիկական առաջարկները բացվելուց հետո կազմվում է արձանագրություն: Քարտուղարն ապահովում է տեխնիկական առաջարկների բացման նիստի ավարտի պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում Վերահսկող մարմնի պաշտոնական կայքում սույն կետով նախատեսված արձանագրության հրապարակումը: Սույն կետով նախատեսված արձանագրությունը պարունակում է`
1) տվյալներ` տեխնիկական առաջարկների բացման վայրի, օրվա և ժամի մասին.
2) հայտեր ներկայացրած հայտատուների անվանումները և գրանցման վայրը, կոնսորցիումով հայտ ներկայացնելու դեպքում` կոնսորցիումի բոլոր մասնակիցների անվանումները և գրանցման վայրը.
3) տվյալներ` տեխնիկական առաջարկներ պարունակող ծրարների կազմման և ներկայացման` առաջարկի հարցման պահանջներին համապատասխանության մասին.
4) տվյալներ` բացված յուրաքանչյուր ծրարում առաջարկի հարցմամբ տեխնիկական առաջարկում ներառման ենթակա փաստաթղթերի առկայության մասին.
5) տվյալներ` յուրաքանչյուր հայտատուի ներկայացրած տեխնիկական առաջարկի` առաջարկի հարցմամբ սահմանված պայմաններին համապատասխան կազմված լինելու մասին.
6) օպերատորի ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարվելու դեպքում` դրա հիմնավորումը.
7) տվյալներ` տեխնիկական առաջարկների վերաբերյալ հարցումների և պարզաբանումների մասին.
8) հանձնաժողովի հաջորդ նիստի վայրը, օրը և ժամը.
9) նիստին ներկա հանձնաժողովի անդամների անունները և ազգանունները:
35. Հանձնաժողովը տեխնիկական առաջարկները գնահատում է օրենքով, ընթացակարգով և առաջարկի հարցմամբ սահմանված կարգով:
36. Եթե հանձնաժողովի անդամը կամ հայտատուն տեխնիկական առաջարկների բացման վերաբերյալ ցանկանում է արտահայտել տեխնիկական առաջարկների գնահատման նիստի արձանագրության մեջ չներառված կարծիք (հատուկ կարծիք), ապա դա ներկայացնում է գրավոր` արձանագրության հրապարակման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հատուկ կարծիքը կցվում է տեխնիկական առաջարկների գնահատման նիստի արձանագրությանը:
37. Ֆինանսական առաջարկները բացվելուց հետո կազմվում է արձանագրություն: Արձանագրության մեջ ներառման ենթակա և արձանագրության հրապարակման համար սույն աշխատակարգի 34-րդ կետով սահմանված պահանջները կիրառվում են նաև ֆինանսական առաջարկների բացման նիստի արձանագրության համար:
38. Հանձնաժողովը ֆինանսական առաջարկները գնահատում է ընթացակարգով և առաջարկի հարցմամբ սահմանված կարգով:
39. Եթե հանձնաժողովի անդամը կամ հայտատուն ֆինանսական առաջարկների բացման վերաբերյալ ցանկանում է արտահայտել ֆինանսական առաջարկների բացման նիստի արձանագրության մեջ չներառված կարծիք (հատուկ կարծիք), ապա դա ներկայացնում է գրավոր` արձանագրության հրապարակման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հատուկ կարծիքը կցվում է ֆինանսական առաջարկների գնահատման նիստի արձանագրությանը:
40. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատում է ներկայացված հայտերը, դրանց գնահատման արդյունքներն արտացոլում է գնահատման թերթիկներում և իր ստորագրությամբ հաստատում դրանք:
41. Հանձնաժողովը հայտերը գնահատում և հաղթող հայտատու հայտարարելու վերաբերյալ որոշումը կայացնում է տեխնիկական առաջարկների գնահատման նիստում:
42. Հայտերի գնահատման և հաղթող հայտատուի հայտարարման վերաբերյալ որոշման կայացմանը հաջորդող աշխատանքային օրը հանձնաժողովը հաղթող հայտատուին գրավոր ծանուցում է մրցույթի արդյունքների հրապարակման օրվա, ինչպես նաև մրցույթի արդյունքների հրապարակումից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, առևտրային կազմակերպություն ստեղծելու և այն պետական գրանցման ներկայացնելու պարտականության մասին:
43. Հայտերի գնահատման և հաղթող հայտատուի հայտարարման վերաբերյալ որոշման կայացման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովը Վերահսկող և Լիազոր մարմինների կայքերում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական կայքում հրապարակում է հաղթող հայտատուի անվանումը, կոնսորցիումով հայտ ներկայացված լինելու դեպքում` կոնսորցիումի բոլոր մասնակիցների անվանումները, ինչպես նաև յուրաքանչյուր հայտի տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատման ամփոփ արդյունքները:
44. Պայմանագրի կնքումից կամ օպերատորի ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարվելուց հետո օպերատորի ընտրության ընթացակարգին առնչվող բոլոր փաստաթղթերը, այդ թվում` գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, որոշումները, հաշվետվությունները, ստացված որակավորման հայտերը, հայտերը և այլ փաստաթղթեր հաշվառվում և պահպանվում են Վերահսկող մարմնի կողմից:
Պաշտոնական հրապարակման օրը` 29 հուլիսի 2025 թվական: