ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հոկտեմբերի 2026 թվականի N 1577-Ն
ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) փորձաքննության մարմիններին ներկայացվող պահանջները և փորձագետների որակավորման ու քննության անցկացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Ապրանքների ծագման հավաստագիր տալու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):
3. Հայաստանի Հանրապետության իրավաբանական և անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց կողմից արտադրված ապրանքների համար լիազոր մարմնի կողմից ծագման հավաստագրի տրամադրման համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված չափով:
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող փորձաքննության ակտերը պահպանում են իրենց իրավական ուժը մինչև դրանցում նշված ժամկետի ավարտը և չեն պահանջում վերաձևակերպում կամ նոր փորձաքննության իրականացում` բացառությամբ օրենքով կամ սույն կարգավորմամբ նախատեսված դեպքերի:
5. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ընթացքի մեջ գտնվող փորձաքննության իրականացման վերաբերյալ դիմումների քննությունն ավարտվում է դիմումը ներկայացնելու պահին գործող կարգավորումներին համապատասխան, եթե դիմումատուն գրավոր չի հրաժարվել դիմումից կամ նոր կարգավորման կիրառման վերաբերյալ չի ներկայացրել համապատասխան դիմում:
6. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ փորձաքննության գործունեություն իրականացնող փորձագետներն իրավունք ունեն շարունակելու իրենց գործունեությունը մինչև սույն որոշմամբ սահմանված որակավորման նոր համակարգի պահանջներին համապատասխան որակավորում ստանալը, բայց ոչ ավելի, քան սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամիս ժամկետում:
7. Փորձաքննության նոր մարմինների ձևավորումն իրականացվում է սույն կարգավորման ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսվա ընթացքում: Այդ ժամանակահատվածում գործող փորձաքննություն իրականացնողների կողմից ընդունված փորձաքննության ակտերը համարվում են իրավաչափ և պահպանում են իրենց իրավական ուժը` սույն անցումային դրույթներին համապատասխան:
8. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 12 ամիս հետո փորձաքննության արդյունքների գրանցումը, պահպանումը և հետագծելիությունը, ինչպես նաև ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրման գործընթացն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով:
9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 895 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի N 1246 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1772-Ն որոշումը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հոկտեմբերի 30
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2026 թվականի հոկտեմբերի 29-ի
N 1577-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. Սույն հավելվածում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
1) ապրանքի ծագման երկիր` այն երկիրը, որտեղ ապրանքն ամբողջությամբ արտադրվել է կամ ենթարկվել է բավարար վերամշակման` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` տվյալ ապրանքի նկատմամբ կիրառելի ծագման կանոններին, ինչպես նաև տվյալ ապրանքի նկատմամբ կիրառելի առևտրային ռեժիմով նախատեսված պահանջներին համապատասխան.
2) ապրանքի ծագման փորձաքննություն` ապրանքի ծագման երկրի որոշման նպատակով իրականացվող` ներկայացված փաստաթղթերի, արտադրական գործընթացների, օգտագործված հումքի, նյութերի և բաղադրիչների, անհրաժեշտության դեպքում արտադրության վայրում իրականացվող ուսումնասիրությունների, ինչպես նաև այլ ապացույցների գնահատման գործընթաց, որի արդյունքում որոշվում է ապրանքի ծագման չափանիշներին համապատասխանությունը.
3) ապրանքի ծագման հավաստագիր` լիազոր մարմնի կողմից տրվող փաստաթուղթ, որը հավաստում է ապրանքի ծագման երկիրը` սույն կարգով և կիրառելի իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով.
4) դիմող` Հայաստանի Հանրապետության իրավաբանական և անհատ ձեռնարկատեր հաշվառված անձ կամ լիազորված ներկայացուցիչ, որը դիմում է ապրանքի ծագման փորձաքննություն իրականացնելու կամ ապրանքի ծագման հավաստագիր ստանալու նպատակով.
5) փորձաքննության ակտ` փորձաքննության արդյունքներով կազմվող փաստաթուղթ, որը պարունակում է իրականացված ուսումնասիրությունների նկարագրությունը, գնահատված ապացույցները, կիրառված ծագման կանոնները, հիմնավորումները և ապրանքի ծագման վերաբերյալ եզրահանգումը.
6) ապացույց` տեղեկատվություն, հաշվառում, տեխնիկական կամ արտադրական փաստաթուղթ, տվյալ կամ այլ նյութ, որի հիման վրա հնարավոր է գնահատել ապրանքի ծագման համապատասխանությունը կիրառելի կանոններին.
7) տեղում ուսումնասիրություն` արտադրողի կամ արտադրության վայրում իրականացվող ուսումնասիրություն, որի ընթացքում գնահատվում են արտադրական գործընթացները, օգտագործվող հումքը, նյութերը, բաղադրիչները, հաշվառման և հետագծելիության համակարգերը, ինչպես նաև ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը փաստացի իրավիճակին.
8) հետագծելիություն` արտադրության ընթացքում օգտագործված հումքի, նյութերի, բաղադրիչների և պատրաստի արտադրանքի նույնականացման և դրանց շարժի շարունակական վերահսկման հնարավորություն.
9) շահերի բախում` փորձագետի կամ փորձաքննության մարմնի անձնական, ֆինանսական կամ այլ շահագրգռվածության այնպիսի իրավիճակ, որը կարող է ազդել տվյալ ապրանքի ծագման փորձաքննության անաչառ, անկախ և օբյեկտիվ իրականացման վրա:
2. Սույն հավելվածում օգտագործվող այլ հասկացությունները կիրառվում են «Մաքսային կարգավորման մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերով:
3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերով կամ կիրառելի առևտրային ռեժիմով նախատեսված պահանջներով տվյալ ապրանքի նկատմամբ սահմանված են ծագման որոշման հատուկ կանոններ, ապա ապրանքի ծագման փորձաքննությունն իրականացվում և ապրանքի ծագման հավաստագիրը տրամադրվում է այդ կանոններին համապատասխան:
4. Ապրանքի ծագման փորձաքննությունն անցկացվում է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով ծանուցում ներկայացրած և հաշվառված փորձաքննության մարմնի կողմից` դիմողի ներկայացրած դիմում-հայտարարագրի հիման վրա:
5. Ապրանքի ծագման փորձաքննությունն անցկացվում է`
1) արտադրության մշտական անվանացանկի համար` տվյալ անվանացանկում ներառված ապրանքների նկատմամբ, եթե դրանց արտադրության գործընթացը, օգտագործվող հումքը, նյութերը, բաղադրիչները և ապրանքի ծագման որոշման վրա ազդող պայմանները կայուն են և չեն փոփոխվում.
2) մեկ կամ մի քանի առաքումների համար, որոնք իրականացվում են մեկ պայմանագրի շրջանակներում` տվյալ առաքման կամ առաքումների համար ապրանքի ծագումը որոշելու նպատակով, եթե առաքվող ապրանքները ներառված չեն արտադրության մշտական անվանացանկում կամ դրանց արտադրության գործընթացը, օգտագործվող հումքը, նյութերը, բաղադրիչները կամ ապրանքի ծագման որոշման վրա ազդող պայմանները տարբերվում են մշտական անվանացանկի համար հաստատված պայմաններից.
3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` տվյալ ապրանքի նկատմամբ կիրառելի ծագման կանոններով, ինչպես նաև տվյալ ապրանքի նկատմամբ կիրառելի առևտրային ռեժիմով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:
6. Արտադրության մշտական անվանացանկի համար կազմված փորձաքննության ակտը գործում է անժամկետ, եթե չեն փոփոխվել ապրանքի ծագման որոշման հիմքում ընկած հումքը, նյութերը, բաղադրիչները, արտադրական գործընթացը կամ ապրանքի ծագման որոշման վրա ազդող պայմանները: Հայտատուն պարտավոր է սույն կետում նշված պայմանների փոփոխության դեպքում այդ մասին փորձաքննության մարմնին տեղեկացնել փոփոխությունը կատարելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում` ներկայացնելով փոփոխությունը հիմնավորող համապատասխան փաստաթղթերը: Փորձաքննության մարմինը ներկայացված տեղեկությունները և փաստաթղթերը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում գնահատում է փորձաքննության ակտի գործողությունը շարունակելու հնարավորությունը և, եթե փոփոխությունները կարող են ազդել ապրանքի ծագման որոշման վրա, իրականացնում է նոր փորձաքննություն:
7. Սույն հավելվածի 6-րդ կետով նախատեսված փորձաքննության ակտի գործողության ընթացքում նոր փորձաքննություն է իրականացվում, և կազմվում է նոր փորձաքննության ակտ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով ծանուցում ներկայացրած և հաշվառված փորձաքննության մարմնի կողմից, եթե փոփոխվել են`
1) ապրանքի արտադրության գործընթացը.
2) օգտագործվող հումքը, նյութերը կամ բաղադրիչները.
3) ապրանքի արտադրության վայրի կամ արտադրողի վերաբերյալ այն տվյալները, որոնք կարող են ազդել ապրանքի ծագման որոշման վրա.
4) ապրանքի ծագման որոշման համար կիրառվող կանոնները, եթե դրանց փոփոխությունը կարող է ազդել ապրանքի ծագման վրա:
8. Սույն հավելվածի 7-րդ կետով նախատեսված փոփոխությունների առկայության դեպքում սույն հավելվածի 6-րդ կետով նախատեսված փորձաքննության ակտը չի կարող հիմք հանդիսանալ տվյալ ապրանքի ծագումը հավաստող հավաստագիր տրամադրելու համար:
9. Ապրանքի ծագման փորձաքննություն իրականացնելու նպատակով դիմողը փորձաքննության մարմին է ներկայացնում դիմում-հայտարարագիր` համաձայն N 2 ձևի: Դիմում-հայտարարագիրը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով` հայերեն, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերով կամ կիրառելի առևտրային ռեժիմով նախատեսված պահանջներով այլ բան նախատեսված չէ:
10. Դիմում-հայտարարագրին կից ներկայացվում են`
1) հումքի, նյութերի և բաղադրիչների ձեռքբերումը և ծագումը հավաստող փաստաթուղթ.
2) ապրանքի` Հայաստանի Հանրապետությունում արտադրված լինելը կամ ապրանքի նկատմամբ բավարար վերամշակում իրականացված լինելը հիմնավորող փաստաթուղթ, որն անհրաժեշտ է կիրառելի ծագման կանոններով սահմանված` ապրանքի ծագման համապատասխան չափանիշի պահպանվածությունը ստուգելու համար.
3) արտադրական գործընթացը նկարագրող տեխնոլոգիական փաստաթուղթ.
4) հաշիվ-ապրանքագիր կամ ապրանքի անվանումը, քանակը, արժեքը, վաճառողին և գնորդին վերաբերող տվյալները պարունակող առևտրային փաստաթուղթ.
5) հաշվապահական հաշվառման կամ արտադրական հաշվառման փաստաթուղթ, որոնց ներկայացումը անհրաժեշտ է կիրառելի ծագման կանոններով սահմանված` ապրանքի ծագման համապատասխան չափանիշի պահպանվածությունը ստուգելու համար.
6) ապրանքի ծագման փորձաքննության իրականացման համար փորձաքննության մարմնի կողմից սահմանված վճարի կատարումը հավաստող փաստաթուղթ:
11. Փորձաքննության մարմինը դիմում-հայտարարագիրը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է այն և դիմողին գրավոր կամ էլեկտրոնային եղանակով տրամադրում է դիմում-հայտարարագրի ընդունումը հավաստող ստացական:
12. Դիմում-հայտարարագրի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունն իրականացվում է դրանք գրանցելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում:
13. Ուսումնասիրության ընթացքում փորձաքննության մարմինը ստուգում է`
1) դիմում-հայտարարագրի և կից ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը.
2) ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը սահմանված պահանջներին.
3) ներկայացված տեղեկությունների բավարար լինելը` ապրանքի ծագման փորձաքննությունն սկսելու համար:
14. Եթե ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ ներկայացված փաստաթղթերը թերի են կամ առկա են շտկման ենթակա թերություններ, փորձաքննության մարմինը սույն հավելվածի 12-րդ կետով սահմանված ժամկետում ծանուցում է դիմողին` նշելով լրացման կամ շտկման ենթակա փաստաթղթերը և տեղեկությունները:
15. Դիմողը սույն հավելվածի 14-րդ կետով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է պահանջվող փաստաթղթերը կամ վերացնում է նշված թերությունները: Եթե պահանջվող փաստաթղթերի կամ տեղեկությունների ծավալը կամ դրանց ստացման առանձնահատկությունները պայմանավորում են լրացուցիչ ժամանակի անհրաժեշտությունը, փորձաքննության մարմինը կարող է սահմանել ավելի երկար ժամկետ, որը չի կարող գերազանցել 7 աշխատանքային օրը: Երկարաձգման մասին ծանուցմամբ նշվում են դրա կոնկրետ պատճառը և փաստաթղթերի կամ տեղեկությունների ներկայացման վերջնական ժամկետը: Լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման կամ թերությունների վերացման համար սահմանված ժամկետը չի ներառվում փորձաքննության իրականացման ժամկետում:
16. Եթե դիմողը սույն հավելվածի 15-րդ կետով սահմանված ժամկետում չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը կամ չի վերացնում նշված թերությունները, փորձաքննության մարմինը դիմում-հայտարարագիրը չի քննարկում և ապրանքի ծագման փորձաքննություն չի անցկացնում: Դիմողը դիմում-հայտարարագիրը չքննարկելու և ապրանքի ծագման փորձաքննություն չանցկացնելու մասին գրավոր ծանուցվում է փորձաքննության մարմնի կողմից` սույն հավելվածի 15-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
17. Փորձաքննության մարմինը ապրանքի ծագման փորձաքննությունն իրականացնում է դիմում-հայտարարագրի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա` սույն հավելվածի 15-րդ կետով սահմանված պահանջվող փաստաթղթերն ամբողջությամբ ներկայացնելու կամ նշված թերություններն ամբողջությամբ վերացնելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում:
18. Փորձաքննության իրականացման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 3 աշխատանքային օրով, եթե ապրանքի ծագման որոշման համար պահանջվում է իրականացնել հետևյալ լրացուցիչ գործողություններից որևէ մեկը`
1) ստուգել օգտագործված հումքի, նյութերի կամ բաղադրիչների ձեռքբերումը, մատակարարումը կամ ծագումը` դրանց վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով, եթե դա անհրաժեշտ է կիրառելի ծագման կանոններով սահմանված համապատասխան չափանիշի պահպանվածությունը որոշելու համար.
2) ստուգել հումքի, նյութերի կամ բաղադրիչների շարժը և հետագծելիությունը` համապատասխան հաշվապահական, պահեստային կամ արտադրական փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով.
3) ուսումնասիրել արտադրական գործընթացը և կիրառվող տեխնոլոգիական գործընթացները` դրանց համապատասխանությունը ապրանքի ծագման որոշման համար կիրառելի չափանիշներին պարզելու նպատակով.
4) ուսումնասիրել արտադրության կազմակերպման վայրը և արտադրական տարածքները` ապրանքի արտադրության փաստը և արտադրական գործընթացի համապատասխանությունը պարզելու նպատակով.
5) իրականացնել տեղում ուսումնասիրություն` ապրանքի արտադրության գործընթացը, օգտագործվող հումքը, նյութերը կամ բաղադրիչները և դրանց հետ կապված փաստաթղթային տվյալները ստուգելու նպատակով:
19. Փորձաքննության իրականացման ժամկետի երկարաձգման մասին դիմողը գրավոր կամ էլեկտրոնային եղանակով փորձաքննության մարմնի կողմից ծանուցվում է մինչև սույն հավելվածի 17-րդ կետով սահմանված ժամկետի լրանալը: Ծանուցմամբ նշվում են երկարաձգման կոնկրետ պատճառը, իրականացվելիք լրացուցիչ գործողությունը, լրացուցիչ ուսումնասիրության առարկան և փորձաքննության իրականացման վերջնական ժամկետը:
20. Տեղում ուսումնասիրությունն իրականացվում է ապրանքի արտադրության վայրում` ապրանքի ծագման որոշման համար նշանակություն ունեցող փաստերի և ներկայացված տեղեկությունների հավաստիությունը գնահատելու նպատակով:
21. Տեղում ուսումնասիրության ընթացքում գնահատվում են`
1) արտադրական տարածքները և օգտագործվող սարքավորումները.
2) արտադրության տեխնոլոգիական փուլերը և դրանց համապատասխանությունը ներկայացված տեղեկատվությանը.
3) օգտագործվող հումքի, նյութերի և բաղադրիչների ձեռքբերման, շարժի և օգտագործման վերաբերյալ տվյալները.
4) արտադրանքի հաշվառման և հետագծելիության համակարգը.
5) արտադրական և հաշվապահական փաստաթղթերը, որոնք նշանակություն ունեն ապրանքի ծագման որոշման համար:
22. Տեղում ուսումնասիրության անցկացման օրվա, ժամի և վայրի մասին դիմողը փորձաքննության մարմնի կողմից ծանուցվում է առնվազն մեկ աշխատանքային օր առաջ:
23. Տեղում ուսումնասիրության արդյունքները արձանագրվում են տեղում ուսումնասիրության արձանագրությամբ, որը ներառում է ուսումնասիրության անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը, մասնակիցների տվյալները, ուսումնասիրված տարածքների, գործընթացների և փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները, արձանագրված փաստերը, դիմողի կամ նրա ներկայացուցչի ներկայացրած պարզաբանումները, դիտողություններն ու առարկությունները: Արձանագրությունը ստորագրվում է ուսումնասիրությունն իրականացրած անձի և դիմողի կամ նրա լիազորած ներկայացուցչի կողմից: Դիմողին կամ նրա լիազորած ներկայացուցչին տրամադրվում է արձանագրության պատճենը: Դիմողի կամ նրա ներկայացուցչի կողմից արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելը չի խոչընդոտում տեղում ուսումնասիրության ավարտին և նշվում է արձանագրության մեջ:
24. Դիմողը կամ նրա լիազորած ներկայացուցիչը կարող է արձանագրության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացնել այն ստանալու օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում: Ներկայացված առարկությունները կցվում են փորձաքննության նյութերին և ենթակա են քննարկման փորձաքննության ակտը ձևակերպելիս:
25. Փորձաքննության ընթացքում գնահատվում են`
1) ապրանքի արտադրության կամ վերամշակման իրականացման վայրը.
2) օգտագործված հումքի, նյութերի և բաղադրիչների ծագումը.
3) ապրանքի ամբողջությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրված կամ բավարար վերամշակման ենթարկված լինելը.
4) կիրառելի ծագման կանոններով սահմանված` ապրանքի ծագման որոշման համար նշանակություն ունեցող պայմաններ:
26. Փորձաքննության ավարտից հետո փորձաքննության արդյունքներով կազմվում է փորձաքննության ակտ` համաձայն N 7 ձևի, որը տրամադրվում է դիմողին` սույն հավելվածի 17-րդ կետով սահմանված ժամկետի, իսկ սույն հավելվածի 18-րդ կետով նախատեսված ժամկետի երկարաձգման դեպքում` երկարաձգված ժամկետի ավարտից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
27. Եթե փորձաքննության արդյունքներով պարզվում է, որ ապրանքը չի համապատասխանում ապրանքի ծագման երկրի որոշման համար սահմանված պահանջներին, կազմվում է բացասական փորձաքննության ակտ: Դիմողն իրավունք ունի բացասական փորձաքննության ակտի դեպքում պահանջելու երկրորդ փորձաքննության իրականացում` փորձաքննությունն իրականացրած մարմնի այլ փորձագետի կամ այլ անկախ փորձաքննության մարմնի կողմից:
28. Երկրորդ փորձաքննությունն իրականացվում է դիմողի գրավոր դիմում-հայտարարագրի հիման վրա` սահմանված վճարի դիմաց, որը ներկայացվում է բացասական փորձաքննության ակտը ստանալու օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում: Դիմում-հայտարարագրին կից ներկայացվում է սահմանված վճարի վճարումը հավաստող փաստաթուղթ:
29. Երկրորդ փորձաքննությունն իրականացնող փորձագետը կամ փորձաքննության մարմինը չպետք է մասնակցած լինի նախորդ փորձաքննության իրականացմանը:
30. Երկրորդ փորձաքննությունն իրականացվում է երկրորդ փորձաքննության վերաբերյալ դիմում-հայտարարագիրը ներկայացնելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե երկրորդ փորձաքննության իրականացման համար անհրաժեշտ է կատարել սույն հավելվածի 18-րդ կետով նախատեսված լրացուցիչ գործողություններից որևէ մեկը, փորձաքննության մարմինը կարող է երկարաձգել երկրորդ փորձաքննության իրականացման ժամկետը մինչև 3 աշխատանքային օրով` սույն հավելվածի 19-րդ կետով սահմանված կարգով: Երկրորդ փորձաքննության արդյունքներով կազմվում է փորձաքննության ակտ, որը տրամադրվում է դիմողին երկրորդ փորձաքննության իրականացման ժամկետի ավարտից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե երկրորդ փորձաքննության արդյունքը տարբերվում է նախորդ փորձաքննության արդյունքից, փորձաքննության մարմինը նախորդ և երկրորդ փորձաքննությունների արդյունքների, ներկայացված ապացույցների և կիրառելի ծագման կանոնների հիման վրա գնահատում է դրանց հիմնավորվածությունը և գնահատման արդյունքներն արտացոլում փորձաքննության ակտում:
31. Սույն հավելվածի 30-րդ կետով նախատեսված երկրորդ փորձաքննության արդյունքներով կազմված փորձաքննության ակտը, որում ներառված է երկրորդ փորձաքննության արդյունքների և դրանց հիմքերի վերաբերյալ տեղեկությունը, դիմողին տրամադրվում է գրավոր և էլեկտրոնային եղանակով` անկախ դիմում-հայտարարագիրը ներկայացնելու եղանակից:
32. Փորձաքննության արդյունքներով կազմված փորձաքննության ակտը պետք է ներառի`
1) փորձաքննությունն իրականացնող մարմնի անվանումը և փորձաքննության ակտի համարը ու ամսաթիվը.
2) դիմողի անվանումը և նույնականացման տվյալները.
3) ապրանքի անվանումը, նկարագիրը, նույնականացման համար անհրաժեշտ տվյալները և ԱՏԳ ԱԱ ծածկագիրը (առկայության դեպքում).
4) արտադրողի և արտադրության վայրի վերաբերյալ տեղեկությունները.
5) դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները.
6) ապրանքի ծագման որոշման համար կիրառված չափանիշը (ամբողջությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրված կամ բավարար վերամշակման ենթարկված լինելու հանգամանքը).
7) ապրանքի ծագման որոշման ընթացքում իրականացված գնահատման արդյունքները, այդ թվում`
ա. օգտագործված հումքի, նյութերի և բաղադրիչների ծագման գնահատումը,
բ. արտադրական գործընթացի ուսումնասիրությունը,
գ. անհրաժեշտության դեպքում` տեղում ուսումնասիրության արդյունքները.
8) կիրառված իրավական հիմքերը (Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրեր, Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտեր կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` տվյալ ապրանքի նկատմամբ կիրառելի ծագման կանոններ, ինչպես նաև տվյալ ապրանքի նկատմամբ կիրառելի առևտրային ռեժիմով նախատեսված պահանջներ).
9) ապրանքի ծագման երկրի վերաբերյալ վերջնական եզրակացությունը.
10) փորձաքննությունն իրականացրած փորձագետի տվյալները և ստորագրությունը:
33. Փորձաքննության ակտը ստորագրվում է փորձաքննությունն իրականացրած փորձագետի և փորձաքննության մարմնի ղեկավարի կողմից: Փորձագետը ստորագրությամբ հաստատում է իր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները և դրանց հիման վրա կատարված եզրակացությունը, իսկ փորձաքննության մարմնի ղեկավարը` փորձաքննության ակտի ձևակերպման, դրա ամբողջականության և սահմանված պահանջներին համապատասխանության փաստը: Փորձաքննության մարմինը պատասխանատվություն է կրում իր կողմից տրամադրված փորձաքննության ակտի հավաստիության և կիրառելի ապրանքի ծագման կանոններին համապատասխանության ապահովման համար:
34. Եթե փորձաքննության արդյունքներով պարզվում է, որ ապրանքը չի համապատասխանում ապրանքի ծագման երկրի որոշման համար սահմանված պահանջներին, փորձաքննության ակտի մեջ նշվում են մերժման հիմքերը:
35. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից արտադրված ապրանքների ծագման փորձաքննության իրականացման և փորձաքննության ակտի տրամադրման համար վճարի չափը սահմանվում է փորձաքննության մարմնի և դիմողի միջև կնքվող պայմանագրով, բայց ոչ ավելի քան 20.000 ՀՀ դրամ:
36. Ապրանքի ծագման փորձաքննությունն իրականացվում է հետևյալ սկզբունքների պահպանմամբ`
1) օրինականություն.
2) անկախություն և անաչառություն.
3) օբյեկտիվություն.
4) մասնագիտական կարողունակություն, բարեխղճություն և պատշաճ ջանասիրություն.
5) դիմողների նկատմամբ հավասար վերաբերմունքի ապահովում.
6) թափանցիկություն.
7) ապացույցների բավարարության և արժանահավատության ապահովում.
8) հետագծելիության ապահովում.
9) փորձաքննության ընթացքում ստացված տեղեկատվության գաղտնիության պահպանում.
10) շահերի բախման կանխարգելում և բացառում:
37. Փորձաքննության ընթացքում ընդունվող յուրաքանչյուր եզրակացություն պետք է հիմնված լինի բավարար, ստուգելի, արժանահավատ և փոխկապակցված ապացույցների համակողմանի գնահատման վրա:
38. Ապրանքի ծագման հավաստագրի տրամադրումն իրականացվում է դիմողի նախաձեռնությամբ, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Եվրասիական տնտեսական միության իրավունքի ակտերով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ: Ապրանքի ծագման հավաստագիրը տրամադրվում է ապրանքի ծագման փորձաքննության արդյունքում կազմված փորձաքննության ակտի հիման վրա` բացառությամբ սույն կարգով նախատեսված` առանց փորձաքննության հավաստագրի տրամադրման դեպքերի:
39. Ապրանքի ծագման հավաստագիրը փաստաթուղթ է, որը հավաստում է ապրանքի ծագման երկիրը և տրամադրվում է մաքսային, առևտրային, արտոնությունների տրամադրման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված այլ նպատակներով` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` տվյալ ապրանքի նկատմամբ կիրառելի ծագման կանոններին և առևտրային ռեժիմով նախատեսված պահանջներին համապատասխան:
40. Ապրանքների ծագման հավաստագիր ստանալու համար`
1) դիմողը թղթային կամ էլեկտրոնային եղանակով լիազոր մարմին է ներկայացնում (բացառությամբ սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի)`
ա. դիմում-հայտարարագիր` համաձայն N 1 ձևի,
բ. ապրանքի ծագման փորձաքննության ակտ,
գ. պետական տուրքի վճարման անդորրագիր,
դ. Հայտարարագիր` համաձայն N 5 ձևի` մշտական անվանացանկի համար.
2) «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածով սահմանված ապրանքների համար` բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 07 (բանջարեղեն և որոշ ուտելի արմատապտուղներ և պալարապտուղներ), 08 (ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի և սեխի կեղևներ և կճեպներ) և 10 (հատիկաբույսեր) խմբերին դասվող ապրանքների դեպքում դիմողը թղթային կամ էլեկտրոնային եղանակով լիազոր մարմին է ներկայացնում`
ա. դիմում-հայտարարագիր` համաձայն N 1 ձևի,
բ. հումքի արդյունահանման կամ վերամշակման իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը,
գ. պետական տուրքի վճարման անդորրագիր.
3) Հայաստանի Հանրապետությունում արտադրված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 07 (բանջարեղեն և որոշ ուտելի արմատապտուղներ և պալարապտուղներ), ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 08 (ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի և սեխի կեղևներ և կճեպներ) և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 10 (հատիկաբույսեր) խմբերին դասվող գյուղատնտեսական մթերքների դեպքում դիմողը թղթային կամ էլեկտրոնային եղանակով լիազոր մարմին է ներկայացնում`
ա. դիմում-հայտարարագիր` համաձայն N 1 ձևի,
բ. տեղեկանք կամ հայտարարագիր արտադրության մասին` նշված ապրանքներն արտադրող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար` համաձայն N 4 ձևի կամ գնմանը վերաբերող փաստաթուղթ, իսկ նշված ապրանքները ֆիզիկական անձանցից ձեռք բերելու դեպքում` իրավաբանական անձի կողմից ներկայացվող հայտարարագիր` համաձայն N 5 ձևի,
գ. պետական տուրքի վճարման անդորրագիր:
41. Լիազոր մարմինը`
1) ընդունում է ապրանքի ծագման հավաստագիր ստանալու վերաբերյալ դիմում-հայտարարագիրը և դրան կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև իրականացնում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականության ուսումնասիրություն.
2) փորձաքննության մարմնի կողմից ներկայացված դրական փորձաքննության ակտի հիման վրա տրամադրում է ապրանքի ծագման հավաստագիր, իսկ բացասական փորձաքննության ակտի հիման վրա մերժում է ապրանքի ծագման հավաստագրի տրամադրումը.
3) տրամադրում է ապրանքի ծագման հավաստագիրը, իսկ սույն կարգով նախատեսված դեպքերում` դրա կրկնօրինակը կամ փոխարինող հավաստագիրը.
4) ապահովում է տրամադրված ապրանքի ծագման հավաստագրերի հաշվառումը:
42. Սույն հավելվածի 40-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված ապրանքների համար ապրանքի ծագման հավաստագիրը տրամադրվում է առանց ապրանքի ծագման փորձաքննության իրականացման:
43. Ապրանքի ծագման հավաստագիր ստանալու համար դիմում-հայտարարագիրը և դրան կից փաստաթղթերը ներկայացվում են թղթային եղանակով, իսկ էլեկտրոնային համակարգի առկայության և դրա միջոցով դիմում-հայտարարագրերի ընդունման հնարավորության դեպքում` միայն էլեկտրոնային եղանակով:
44. Էլեկտրոնային համակարգի առկայության և դրա միջոցով դիմում-հայտարարագրերի ընդունման հնարավորության դեպքում դիմողը դիմում-հայտարարագիրը և դրան կից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է լիազոր մարմնի կողմից սահմանված էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:
45. Էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային համակարգով սահմանված ձևաչափով: Տեսաներածված փաստաթղթերի ներկայացման դեպքում դրանք ներկայացվում են PDF, DOC, DOCX կամ JPG ձևաչափերով, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ տվյալ փաստաթղթի նկատմամբ կիրառելի պահանջներով այլ ձևաչափ նախատեսված չէ:
46. Էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմում-հայտարարագիրը համարվում է ընդունված էլեկտրոնային համակարգում դրա մուտքագրման օրվանից: Դիմումի մուտքագրման մասին դիմողը ծանուցվում է էլեկտրոնային համակարգի կամ դիմում-հայտարարագրում նշված էլեկտրոնային փոստի միջոցով` դիմում-հայտարարագրի մուտքագրումից հետո նույն աշխատանքային օրվա ընթացքում:
47. Լիազոր մարմինը դիմում-հայտարարագիրը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է դրա և դրան կից ներկայացված փաստաթղթերի ամբողջականության ուսումնասիրություն:
48. Եթե ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ ներկայացված փաստաթղթերն ամբողջական են, ապա ապրանքի ծագման հավաստագիրը տրամադրվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում` լիազոր մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի ստորագրությամբ:
49. Եթե ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն, լիազոր մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է դիմողին` նշելով լրացման կամ ներկայացման ենթակա փաստաթղթերը:
50. Դիմողը սույն հավելվածի 49-րդ կետով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է պահանջված փաստաթղթերը: Թղթային եղանակով ներկայացված դիմումի դեպքում լրացուցիչ փաստաթղթերը ներկայացվում են լիազոր մարմին, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի դեպքում` էլեկտրոնային համակարգի միջոցով:
51. Լրացուցիչ փաստաթղթերը ստանալուց հետո լիազոր մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրանց ամբողջականությունը: Եթե ներկայացված փաստաթղթերը բավարար են, ապա ապրանքի ծագման հավաստագիրը տրամադրվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում` լիազոր մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի ստորագրությամբ:
52. Եթե դիմողը սույն հավելվածի 50-րդ կետով սահմանված ժամկետում չի ներկայացնում պահանջված փաստաթղթերը, լիազոր մարմինը մերժում է ապրանքի ծագման հավաստագրի տրամադրումը:
53. Ապրանքի ծագման հավաստագիրը տրամադրվում է էլեկտրոնային կամ թղթային ձևով` տվյալ հավաստագրի ձևին և դրա նկատմամբ կիրառելի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ինչպես նաև ներմուծող պետության կողմից սահմանված պահանջներին համապատասխան` այնքանով, որքանով դրանց կիրառումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ տվյալ ապրանքի նկատմամբ կիրառելի առևտրային ռեժիմով:
54. Էլեկտրոնային ձևով տրամադրվող ապրանքի ծագման հավաստագիրը էլեկտրոնային համակարգում տեղադրվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի կողմից ստորագրվելուց հետո:
55. Թղթային ձևով տրամադրվող ապրանքի ծագման հավաստագրի բնօրինակը դիմողը ստանում է լիազոր մարմնից` անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, իսկ դիմողի ներկայացուցչի դեպքում` նաև համապատասխան լիազորագիրը ներկայացնելու պայմանով:
56. Թղթային ձևով տրամադրվող ապրանքի ծագման հավաստագիրը ձևակերպվում է մեկ բնօրինակով և անհրաժեշտ թվով պատճեններով` տվյալ հավաստագրի ձևին և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերով ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` տվյալ ապրանքի նկատմամբ կիրառելի ծագման կանոններին և առևտրային ռեժիմով նախատեսված պահանջներին համապատասխան: Հավաստագրի տրամադրման համար հիմք հանդիսացած դիմումը, փաստաթղթերը, ինչպես նաև հավաստագրի պատճենը պահվում են լիազոր մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերով ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` տվյալ ապրանքի նկատմամբ կիրառելի ծագման կանոններին և առևտրային ռեժիմով նախատեսված պահանջներին համապատասխան սահմանված ժամկետում, իսկ պահպանման ժամկետ սահմանված չլինելու դեպքում` առնվազն 3 տարի:
57. Էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմում-հայտարարագրի, փաստաթղթերի ընդունումը, գրանցումը, պահպանումը, մշակումը, դրանց հետ կապված ծանուցումները և որոշումների տրամադրումն իրականացվում են էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` էլեկտրոնային փաստաթղթերի, էլեկտրոնային ստորագրության, անձնական տվյալների պաշտպանության և տեղեկատվական անվտանգության պահանջներին համապատասխան:
58. Լիազոր մարմինը մերժում է ապրանքի ծագման հավաստագրի տրամադրումը, եթե`
1) ներկայացված փորձաքննության ակտով հաստատված չէ ապրանքի համապատասխանությունը դրա նկատմամբ կիրառելի ծագման կանոններով սահմանված պահանջներին.
2) ներկայացված փորձաքննության ակտը չի համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին.
3) սույն հավելվածի 50-րդ կետով սահմանված ժամկետում չեն ներկայացվել պահանջված փաստաթղթերը.
4) չի վճարվել ապրանքի ծագման հավաստագրի տրամադրման համար օրենքով սահմանված պետական տուրքը:
59. Ապրանքի արտադրությանը մեկից ավելի երկրի մասնակցության դեպքում դրա ծագումը որոշվում է տվյալ ապրանքի նկատմամբ կիրառելի ծագման կանոններին համապատասխան` այդ կանոններով սահմանված չափանիշների հիման վրա, իսկ վերջին էական և տնտեսապես հիմնավորված վերամշակման կամ աշխատանքի չափանիշը կիրառվում է միայն այն դեպքում, երբ այն նախատեսված է տվյալ ապրանքի նկատմամբ կիրառելի ծագման կանոններով:
60. Ապրանքի ծագման հավաստագրի տրամադրման մերժման մասին լիազոր մարմինը դիմողին ծանուցում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում` դիմումի ներկայացման եղանակին համապատասխան: Ծանուցագրում նշվում են մերժման իրավական և փաստական հիմքերը, ինչպես նաև մերժումը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում բողոքարկելու վերաբերյալ տեղեկությունը:
61. Առանձին պետությունների հետ կնքված ազատ առևտրի կամ առևտրային արտոնություններ նախատեսող այլ միջազգային պայմանագրերի շրջանակներում ապրանքների ծագման հավաստագրերը տրամադրվում և ձևակերպվում են տվյալ միջազգային պայմանագրերով և դրանց հիման վրա ընդունված ակտերով սահմանված կարգով, ձևով և լեզվով, եթե ապրանքը համապատասխանում է տվյալ միջազգային պայմանագրերով սահմանված ծագման կանոններին (առանձին պետությունների հետ կնքված միջազգային պայմանագրերի շրջանակներում կիրառվող` ապրանքների ծագման հավաստագրերի ձևերը հրապարակվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքում):
62. Այլ պետություններ արտահանվող ապրանքների համար, որոնք նախատեսված չեն սույն հավելվածի 61-ին կետով, ապրանքի ծագման հավաստագրերը ձևակերպվում են ընդհանուր ձևով` անգլերեն, համաձայն N 3 ձևի` «Մաքսային կարգավորման մասին» օրենքի և տվյալ ապրանքի նկատմամբ կիրառելի այլ պահանջների համաձայն:
63. Հայաստանի Հանրապետություն ներմուծված ոչ հայկական ծագում ունեցող ապրանքների համար, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում չեն ենթարկվել մշակման (վերամշակման), Հայաստանի Հանրապետությունից արտահանման դեպքում թույլատրվում է ընդհանուր ձևի հավաստագրի տրամադրում հետևյալ փաստաթղթերի առկայության դեպքում` մաքսային հայտարարագիր և ծագման հավաստագիր, որոնք տրվել (ձևակերպվել) են այն երկրում, որը համարվում է տվյալ ապրանքի ծագման երկիրը:
64. Ապրանքի ծագման հավաստագրի գործողության ժամկետը սահմանվում է տվյալ ապրանքի նկատմամբ կիրառելի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծագման կանոններին ու առևտրային ռեժիմով նախատեսված պահանջներին համապատասխան:
65. Եթե սույն կարգով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ապրանքի ծագման հավաստագրի գործողության ժամկետ սահմանված չէ, ապա հավաստագիրը վավեր է տրամադրման օրվանից 12 ամիս ժամկետով:
66. Ապրանքի ծագման հավաստագիրը կորցնելու կամ վնասվելու դեպքում դիմողի ներկայացրած դիմումի հիման վրա` պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնելուց հետո լիազոր մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է հավաստագրի կրկնօրինակը: Կրկնօրինակի վրա նշվում է «ԿՐԿՆՕՐԻՆԱԿ» նշումը: Կրկնօրինակի բովանդակությունը պետք է համապատասխանի կորած կամ վնասված հավաստագրի բովանդակությանը, իսկ դրա գործողության ժամկետը` կորած կամ վնասված հավաստագրի գործողության ժամկետին:
67. Ապրանքի ծագման հավաստագրում տեխնիկական կամ խմբագրական բնույթի սխալների կամ անճշտությունների հայտնաբերման դեպքում դիմողի ներկայացրած դիմումի հիման վրա` պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնելուց հետո լիազոր մարմինը տրամադրում է փոխարինող հավաստագիր, եթե այդ սխալները կամ անճշտությունները չեն հանգեցնում ապրանքի ծագման կամ դրա նկատմամբ կիրառելի ծագման կանոնների փոփոխության: Սույն կետի իմաստով տեխնիկական կամ խմբագրական բնույթի սխալներ կամ անճշտություններ են, մասնավորապես, անվանման, հասցեի, ամսաթվի, համարի, տառասխալի, թվային կամ այլ ակնհայտ վրիպումների հետևանքով առաջացած սխալները, որոնք հնարավոր է ուղղել ներկայացված փաստաթղթերի հիման վրա` առանց ապրանքի ծագման հանգամանքների վերագնահատման: Փոխարինող հավաստագրի գործողության ժամկետը համապատասխանում է փոխարինվող հավաստագրի գործողության ժամկետին:
68. Ապրանքի փաստացի մատակարարված քանակությունը կարող է գերազանցել ապրանքի ծագման հավաստագրում նշված քանակությունը` ոչ ավելի, քան 5 տոկոսով, եթե դա չի հակասում տվյալ ապրանքի նկատմամբ կիրառելի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծագման կանոններին ու առևտրային ռեժիմով նախատեսված պահանջներին:
69. Ապրանքի ծագման հավաստագրի տրամադրման դեպքում լիազոր մարմինը դիմողի և հավաստագրում նշված ապրանքի վերաբերյալ համապատասխան տեղեկությունները գրանցում է ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրման և դրանց ստացման համար դիմած անձանց գրանցամատյանում:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2026 թվականի հոկտեմբերի 29-ի
N 1577-Ն որոշման
ԿԱՐԳ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. Սույն հավելվածում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
1) փորձաքննության մարմին` Հայաստանի Հանրապետության տարածքում օրենքով սահմանված կարգով հաշվառված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով ներկայացրել և հաշվառվել է «ապրանքի ծագման երկրի որոշման փորձաքննության գործունեություն» իրականացնելու վերաբերյալ ծանուցմամբ և համապատասխանում է սույն կարգով սահմանված պահանջներին.
2) փորձագետ` սույն կարգով սահմանված որակավորման պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ, որն իրականացնում է ապրանքի ծագման փորձաքննություն, գնահատում է ներկայացված փաստաթղթերը և այլ ապացույցները, ինչպես նաև կազմում է փորձաքննության ակտ.
3) շահերի բախում` հանձնաժողովի անդամի կամ փորձագետի անձնական, ֆինանսական կամ այլ շահագրգռվածության այնպիսի իրավիճակ, որը կարող է ազդել նրա կողմից սույն կարգով նախատեսված գործառույթների իրականացման անաչառության և օբյեկտիվության վրա:
2. Փորձաքննության մարմինը գնահատում է միայն այն հանգամանքները, որոնք անհրաժեշտ են ապրանքի ծագման որոշման համար, և յուրաքանչյուր եզրակացություն հիմնավորում է համապատասխան ապացույցներով:
3. Փորձաքննության մարմինը պարտավոր է պահպանել փորձաքննության ընթացքում ստացված առևտրային, արտադրական, ֆինանսական և այլ գաղտնի տեղեկատվության գաղտնիությունը:
4. Փորձաքննության մարմինը պարտավոր է ապահովել փորձաքննության ամբողջ գործընթացի փաստաթղթավորումը և հետագծելիությունը:
5. Փորձաքննության իրականացման հետ կապված դիմումը, ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները, փորձաքննության նյութերը, այդ թվում` տեղում ուսումնասիրության արձանագրությունը, փորձաքննության ակտը և դրան առնչվող այլ փաստաթղթեր, պահվում են փորձաքննության մարմնի կողմից` տվյալ ապրանքի նկատմամբ կիրառելի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում, իսկ պահպանման ժամկետ սահմանված չլինելու դեպքում` առնվազն 3 տարի:
6. Փորձաքննության մարմինը պարտավոր է ապահովել փորձագետների անկախության, անաչառության և գաղտնիության պահանջների պահպանումը փորձաքննության բոլոր փուլերում, այդ թվում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ շահերի բախման դեպքերի բացահայտման և կանխարգելման, փորձագետների անկախության և անաչառության ապահովման, ինչպես նաև փորձաքննության ընթացքում ստացված տեղեկությունների գաղտնիության պահպանման և չարտոնված բացահայտումը կանխելու նպատակով:
7. Ապրանքի ծագման որոշման ժամանակ փորձաքննության մարմնի կողմից կիրառվող հետևյալ մեթոդներն են`
1) փաստաթղթային ուսումնասիրություն.
2) արտադրական գործընթացի վերլուծություն.
3) ծախսային կառուցվածքի գնահատում.
4) հումքի և բաղադրիչների հետագծելիության ստուգում.
5) տեղում ուսումնասիրություն:
8. Սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված մեթոդներն ընտրվում են` հաշվի առնելով ապրանքի բնույթը, արտադրական գործընթացի բարդությունը և ապրանքի ծագման որոշման հետ կապված ռիսկի մակարդակը: Փորձաքննության մարմինը ռիսկի մակարդակը որոշում է սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված չափանիշների հիման վրա և կիրառում հետևյալ մոտեցումները`
1) ցածր ռիսկի դեպքում` ներկայացված փաստաթղթերի և տեղեկությունների փաստաթղթային ուսումնասիրություն.
2) միջին ռիսկի դեպքում` լրացուցիչ փաստաթղթերի և տեղեկությունների պահանջում և դրանց ուսումնասիրություն, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, արտադրական գործընթացի վերլուծություն կամ հումքի և բաղադրիչների հետագծելիության ստուգում.
3) բարձր ռիսկի դեպքում` ներկայացված փաստաթղթերի և տեղեկությունների, արտադրական գործընթացի, ծախսային կառուցվածքի, հումքի և բաղադրիչների հետագծելիության համալիր ուսումնասիրություն, որը, ըստ անհրաժեշտության, ներառում է նաև արտադրության վայրի տեղում ուսումնասիրություն:
9. Ռիսկի մակարդակը որոշվում է փորձաքննության մարմնի կողմից` հաշվի առնելով հետևյալ չափանիշները`
1) ապրանքի ծագման որոշման բարդությունը.
2) արտադրական գործընթացի առանձնահատկությունները և բարդությունը.
3) ներկայացված փաստաթղթերի և տեղեկությունների ամբողջականությունն ու հավաստիությունը.
4) ապրանքի ծագման չափանիշի պահպանվածությունը պարզելու համար լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու կամ արտադրական գործընթացի կամ արտադրության վայրի տեղում ուսումնասիրություն իրականացնելու անհրաժեշտությունը:
10. Փորձաքննության մարմինը պետք է ունենա`
1) սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանող փորձագետներ, որոնք իրականացնում են ապրանքի ծագման փորձաքննությունը և դրա արդյունքների հիման վրա կազմում փորձաքննության ակտը: Փորձաքննության մարմինը փորձագետների կազմում կամ նրանց իրավասությունների շրջանակում փոփոխություն կատարելու դեպքում փոփոխությունը կատարելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է լիազոր մարմնին.
2) փորձաքննության արդյունքների գրանցման, պահպանման և հետագծելիության ապահովման համակարգ, որը փորձաքննության մարմնի կողմից կիրառվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Փորձաքննության մարմինը պարտավոր է լիազոր մարմնի պահանջով տրամադրել փորձաքննության արդյունքները և դրանց վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը.
3) փորձագետի անկախության և անաչառության ապահովման մեխանիզմներ, այդ թվում` շահերի բախման դեպքերի բացահայտման և նման դեպքերում փորձագետի փոխարինման հնարավորություն.
4) իրականացված փորձաքննության արդյունքների նկատմամբ ներքին որակի վերահսկողության մեխանիզմներ.
5) դիմողների կողմից ներկայացված դիմում-բողոքների և առարկությունների ընդունման և քննության ներքին ընթացակարգ, որով սահմանվում են դիմում-բողոքների և առարկությունների ներկայացման, գրանցման և քննության կարգը և ժամկետները, ինչպես նաև դրանց քննության արդյունքով փորձաքննության արդյունքն անփոփոխ թողնելու, վերանայելու կամ կրկնակի փորձաքննություն իրականացնելու հիմքերը և կարգը` ապահովելով, որ դիմում-բողոքը կամ առարկությունը քննվի վիճարկվող փորձաքննության իրականացմանը չմասնակցած անձի կողմից:
--------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում