Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    Երևան  քաղաքի առաջին ատյանի                 ԵԴ/0646/01/21

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր` Մ. Մարտիրոսյան

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր` Ա. Նիկողոսյան

    դատավորներ`        Կ. Մարդանյան

                       Ա. Վարդանյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ` Հ. Ասատրյանի

մասնակցությամբ

                       դատավորներ`      Ս. Ավետիսյանի

                                        Հ. Գրիգորյանի

                                        Ա. Դանիելյանի

                                        Լ. Թադևոսյանի

                                        Ա. Պողոսյանի

                                    

5 դեկտեմբերի 2025 թվական

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալներ Անրրի Մանուկի Սեդոյանի և Կարեն Արշակի Մարությանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի դեկտեմբերի 19-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Պողոսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի նոյեմբերի 10-ին, ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով ու 301.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 58231520 քրեական գործը:

1.1. Նախաքննության մարմնի` 2020 թվականի նոյեմբերի 10-ի, 18-ի, 20-ի և 23-ի ու դեկտեմբերի 11-ի որոշումներով թիվ 58231620, 58232220, 59105720, 58232520, 58232620, 70900820 և 58233720 քրեական գործերը միացվել են թիվ 58231520 քրեական գործին:

1.2. 2021 թվականի մարտի 31-ին Անրրի Մանուկի Սեդոյանն ու Կարեն Արշակի Մարությանը ձերբակալվել են:

Նախաքննության մարմնի` 2021 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ Անրրի Սեդոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ ու 3-րդ կետերով և 324-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Կարեն Մարությանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ու նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով ու 324-րդ հոդվածի 1-ին մասով:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2021 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ մեղադրյալ Կ. Մարությանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2021 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ մեղադրյալ Ա. Սեդոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Նախաքննության մարմնի` 2021 թվականի մայիսի 12-ի որոշմամբ Ա. Սեդոյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ ու 3-րդ կետերով և 324-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Կ. Մարությանին առաջադրված մեղադրանքը ևս փոփոխվել է, ու նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով ու 324-րդ հոդվածի 1-ին մասով:

1.3. Նախաքննության մարմնի` 2021 թվականի մայիսի 12-ի որոշմամբ թիվ 58231520 քրեական գործից մեղադրյալներ Ա. Սեդոյանի և Կ. Մարությանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ ու 3-րդ կետերով և 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքները ենթադրաբար կատարելու մասն անջատվել է առանձին վարույթում, որին շնորհվել է 58212421 համարը:

2021 թվականի մայիսի 19-ին թիվ 58212421 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի հունիսի 13-ի դատավճռով ճանաչվել ու հռչակվել է Ա. Սեդոյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով ներկայացված մեղադրանքում` արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Ա. Սեդոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 3-րդ կետերով` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով տուգանք: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով` նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով, Ա. Սեդոյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով` սկիզբը հաշվելով 2021 թվականի մարտի 31-ից, և տուգանք` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Նույն դատավճռով ճանաչվել ու հռչակվել է Կ. Մարությանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով ներկայացված մեղադրանքում` արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Կ. Մարությանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի 4 (չորս) ամիս ժամկետով, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 3-րդ կետերով` ազատազրկում` 3 (երեք) տարի 4 (չորս) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Կ. Մարությանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) տարի ժամկետով` սկիզբը հաշվելով 2021 թվականի մարտի 31-ից:

Դատախազության կողմից ներկայացված քաղաքացիական հայցը մերժվել է:

3. Դատախազի և մեղադրյալների պաշտպանների վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի դեկտեմբերի 19-ին որոշում է կայացրել բողոքները մասնակիորեն բավարարելու, Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի հունիսի 13-ի դատավճիռը մասնակիորեն բեկանելու ու փոփոխելու մասին: Ճանաչվել և հռչակվել է Ա. Սեդոյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով ներկայացված մեղադրանքում` արարքում հանցակազմի բացակայության հիմքով: ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 3-րդ կետերով Ա. Սեդոյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, որին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը` 1 (մեկ) տարի 8 (ութ) ամիս 19 (տասնինը) օրը, և նրան թողնվել է կրելու ազատազրկում` 1 (մեկ) տարի 9 (ինը) ամիս 11 (տասնմեկ) օր ժամկետով: 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա, ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ու սահմանվել է փորձաշրջան` 3 (երեք) տարի ժամկետով:

Ա. Սեդոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:

Նույն որոշմամբ ճանաչվել և հռչակվել է Կ. Մարությանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով ներկայացված մեղադրանքում` արարքում հանցակազմի բացակայության հիմքով: ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 3-րդ կետերով Կ. Մարությանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով` սկիզբը հաշվելով 2021 թվականի մարտի 31-ից:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Պողոսյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի հունիսի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա, ու միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն:

Այսպես, բողոք բերած անձը գտել է, որ մեղադրյալներ Ա. Սեդոյանի և Կ. Մարությանի` Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենք մուտք գործելը, այնտեղ տեղի ունեցող զանգվածային անկարգություններին մասնակցելն ու հափշտակություններ կատարելը հաստատվում է քրեական վարույթով ձեռք բերված և դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների ամբողջությամբ, իսկ հակառակի մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հիմնված է ենթադրությունների վրա:

Անդրադարձ կատարելով Վերաքննիչ դատարանի ներկայացրած փաստարկներին` բողոքի հեղինակը նախ արձանագրել է, որ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով, այդ թվում` վիճարկվող դատական ակտում մատնանշված, հաստատվել են այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք բավարար են արձանագրելու ոչ միայն մեղադրյալներին վերագրված գործողությունների ժամանակագրությանը, այլ նաև դրանց բովանդակությունն ու դրանցից յուրաքանչյուրի նպատակը: Իսկ զանգվածային անկարգություններն ավարտված լինելու պահի առումով ստորադաս դատարանի հետևությունը կառուցված է ենթադրությունների վրա: Ինչ վերաբերում է «անձանց առանձին փոքր խմբերի առկայությունը» Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշելուն, ապա զանգվածային անկարգությունների հասկացությանն օրենսդրի կողմից տրված բովանդակության իմաստով, նույնիսկ անձանց փոքր խմբի համապատասխան գործողությունները կարող են դիտարկվել որպես զանգվածային անկարգություններ: Բացի այդ, նման պնդումը չի բխում վարույթի փաստական հանգամանքներից, քանի որ քրեական գործով հետաքրքրություն ներկայացնող ժամանակահատվածում առկա է եղել ամբոխ, որի գործողությունները Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքում ծառայություն իրականացնող ոստիկանության ուժերի կողմից հնարավոր չի եղել խափանել:

Բողոքաբերը նաև փաստարկել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքի երկրորդ հարկում գտնվող թիվ 221 աշխատասենյակից հափշտակություն կատարված չլինելու պայմաններում, մեղադրյալների կողմից քննությամբ չպարզված անձանց հետ այդ աշխատասենյակի դռանը հարվածելն ու այն կոտրելը որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես հափշտակություն կատարելու համար խոչընդոտներ վերացնել, և հանդիսանում են զանգվածային անկարգություններին մեղադրյալների մասնակցությունը հիմնավորող գործողություններ: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքի տարբեր հարկերի որոշ աշխատասենյակներում առկա պահարանները բացելու, ուսումնասիրելու և աշխատասենյակներում առկա գույքը խմբավորելու վերաբերյալ փաստական տվյալները, մեղադրյալների անձը բնութագրող տվյալների հետ մեկտեղ գնահատելով, ինչպես նաև արձանագրելով մեղադրյալների ներկայացրած` հիշյալ մասնաշենք մուտք գործելու պատճառի անարժանահավատ լինելը` բողոքի հեղինակը եզրահանգել է, որ այդպիսիք իրենց համակցությամբ հիմնավորում են մեղադրյալների կողմից մեղադրանքում նշված առարկաների, այդ թվում` դիվանագիտական անձնագրի հափշտակությունը: Այս համատեքստում փաստարկելով, որ Վերաքննիչ դատարանը մեղադրյալների գործողությունները դիտարկել է որպես հափշտակության հանցակազմի օբյեկտիվ կողմի բաղկացուցիչ մասը, այլ խոսքով, հետևություն է կատարել հափշտակություն կատարելու դիտավորությամբ համապատասխան աշխատասենյակներ մուտք գործելու մասին` բողոք բերած անձն անտրամաբանական է գնահատել նշված աշխատասենյակներից հափշտակություն կատարելն անհիմն համարելու Վերաքննիչ դատարանի հետևությունը: Վերոգրյալով փոխկապակցված, բողոքի հեղինակը հիմնավոր չի գնահատել նաև ներկայացված քաղաքացիական հայցի մերժումը:

Հղում կատարելով մեղադրյալներին առաջադրված մեղադրանքների փաստական նկարագրությանը` բողոքի հեղինակն արձանագրել է, որ մեղադրանքներում «այլ գործողություններով» արտահայտություն ձևակերպված լինելը չի ազդում վերագրված արարքների քրեաիրավական որակման և դրա նկարագրի վրա: Միևնույն ժամանակ, ըստ բողոքաբերի` սույն դեպքում «այլ գործողություններ» են հանդիսացել հափշտակություններ կատարելը, զանգվածային անկարգությունների կատարման վայրում շարունակական գտնվելն ու քաղաքացիական հասարակության անդամի պարտականությունները չկատարելը:

5.1. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ Ա. Սեդոյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ հետևության, իսկ Կ. Մարությանի նկատմամբ` նշանակել անարդարացի` ակնհայտ մեղմ պատիժ:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի դեկտեմբերի 19-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ. մեղադրյալ Ա. Սեդոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ ու 3-րդ կետերով և 324-րդ հոդվածի 1-ին մասով ու հանցանքների համակցության կանոններով նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 7 (յոթ) տարի ժամկետով` պատժի սկիզբը հաշվելով 2021 թվականի մարտի 31-ից: Կ. Մարությանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 324-րդ հոդվածի 1-ին մասով ու հանցանքների համակցության կանոններով նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 8 (ութ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` պատժի սկիզբը հաշվելով 2021 թվականի մարտի 31-ից:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանը.

7. Կ. Մարությանի պաշտպան Գ. Գալիկյանը, ներկայացրած դատական վերանայման բողոքի պատասխանում նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չի տրվել նյութական կամ քրեադատավարական օրենքի խախտում, որը կարող էր հիմք հանդիսանալ վիճարկվող որոշումը փոփոխելու համար:

8. Վերոգրյալի հիման վրա, բողոքի պատասխանի հեղինակը խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Պողոսյանի վճռաբեկ բողոքը` բողոքարկվող դատական ակտը թողնելով անփոփոխ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9. Անրրի Սեդոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ ու 3-րդ կետերով և 324-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքների համար, որ նա «2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում բազմաթիվ անձանց հետ միասին մասնակցել է ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, ինչպես նաև` նախնական համաձայնության գալով Կ. Մարությանի հետ, ապօրինի մուտք գործելով ՀՀ Կառավարության շենքի թիվ 218, 219 և 402 աշխատասենյակներ` կատարել է խոշոր չափերով ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն:

Այսպես.

Ա. Սեդոյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը հրապարակվելուց հետո տեղեկանալով այդ մասին, հորեղբոր որդու` Կ. Մարությանի, հետ գնացել է ՀՀ Կառավարության թիվ մեկ շենքի մոտ, միացել այնտեղ գտնվող ամբոխին և ապօրինի մուտք գործել ՀՀ Կառավարության վարչական շենք, որտեղ մասնակցել են ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին:

Այդ ժամանակ, երբ զանգվածային անկարգությունների այլ մասնակիցներ ոտքերով հարվածներ հասցնելով կոտրել են ՀՀ Կառավարության շենքի երկրորդ հարկի թիվ 218 աշխատասենյակի դուռը և մուտք գործել ներս, Ա. Սեդոյանն ու Կ. Մարությանը, գործելով նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ նրանց հետևից ապօրինի մուտք են գործել շինություն հանդիսացող հիշյալ աշխատասենյակ և այնտեղ գտնվող պահարանից բացահայտ հափշտակել ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատակից Ա.Ս.-ին պատկանող, 17.000 ՀՀ դրամ արժողության կանացի անթև մուշտակը, որն Ա. Սեդոյանը հագած վիճակում դուրս է բերել աշխատասենյակից:

Այնուհետ, Ա. Սեդոյանն ու Կ. Մարությանը, շարունակելով իրենց հանցավոր գործողությունները, նախնական համաձայնության գալով, ապօրինի մուտք են գործել շինություն հանդիսացող` ՀՀ Կառավարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության թիվ 219 աշխատասենյակ, որտեղ գտնվող պահարանից բացահայտ հափշտակել են գլխավոր մասնագետ Ա.Մ.-ին պատկանող, 90.000 ՀՀ դրամ արժողության պիջակը, որն Ա. Սեդոյանի հագին գտնվող, Ա.Ս.-ին պատկանող մուշտակի հետ տեղավորել են պոլիէթիլենային տոպրակի մեջ և տարել իրենց հետ:

Այնուհետ, Ա. Սեդոյանն ու Կ. Մարությանը քննությամբ չպարզված անձանց հետ ՀՀ Կառավարության շենքի երկրորդ հարկում ոտքերով հարվածներ են հասցրել ՀՀ փոխվարչապետի խորհրդականին հատկացված թիվ 221 աշխատասենյակի դռանը, կոտրել այն և մյուսների հետ մտել ներս` այդ և այլ գործողություններով ակտիվորեն մասնակցելով կառավարության շենքում կատարվող զանգվածային անկարգություններին, ինչի արդյունքում ջարդվել են ՀՀ վարչապետի, կառավարության անդամների և աշխատակազմի մի շարք աշխատասենյակների դռները, առանձնապես խոշոր չափերով վնասվել կամ ոչնչացվել է ՀՀ գործադիր իշխանության բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ պետական և մասնավոր գույքը, խաթարվել է ՀՀ Կառավարության գործունեությունը, վտանգվել է հասարակական անվտանգությունը:

Այնուհետ, Ա. Սեդոյանն ու Կ. Մարությանը, շարունակելով իրենց հանցավոր գործողությունները, նախնական համաձայնությամբ ապօրինի մուտք են գործել շինություն հանդիսացող` ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու Վ.Հ.-ին հատկացված թիվ 402 աշխատասենյակ, որտեղից բացահայտ հափշտակել են պետությանը պատկանող խոշոր չափերի` 1.903.975 ՀՀ դրամ ընդհանուր արժողության տարբեր ապրանքներ` 425.000 ՀՀ դրամ արժողության «Էրեբունի 50», 50.000 ՀՀ դրամ արժողության «Ազնավուր», 25.125 ՀՀ դրամ արժողության «Դվին», 21.850 ՀՀ դրամ արժողության «Նաիրի» տեսակի կոնյակներ, յուրաքանչյուրը 74.000 ՀՀ դրամ արժողության` 3 հատ «AWI» ապրանքանիշի ժամացույցներ` «ՀՀ վարչապետից» գրառմամբ, Ղազախստանի զինանշանով գրիչ, ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված, 5 հատ «Հովհաննես Թումանյան», յուրաքանչյուրը 232.000 ՀՀ դրամ արժողության` 5 հատ «Գալուստ Գյուլբենկյան», անվանումով տարբեր հուշադրամներ, ինչպես նաև Վ.Հ.-ին 2019 թվականի մայիսի 8-ին տրված` ********* սերիա-համարի դիվանագիտական անձնագիրը»(1):

 

_________________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 306-317:

 

9.1. Կարեն Մարությանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ ու 3-րդ կետերով և 324-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքների համար, որ նա «2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում բազմաթիվ անձանց հետ միասին մասնակցել է ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, ինչպես նաև` նախնական համաձայնության գալով Ա. Սեդոյանի հետ, ապօրինի մուտք գործելով ՀՀ Կառավարության շենքի թիվ 218, 219 և 402 աշխատասենյակներ` կատարել է խոշոր չափերով ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն:

Այսպես.

Կ. Մարությանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը հրապարակվելուց հետո տեղեկանալով այդ մասին, հորեղբոր որդու` Ա. Սեդոյանի, հետ գնացել է ՀՀ Կառավարության թիվ մեկ շենքի մոտ, միացել այնտեղ գտնվող ամբոխին և ապօրինի մուտք գործել ՀՀ Կառավարության վարչական շենք, որտեղ մասնակցել են ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին:

Այդ ժամանակ, երբ զանգվածային անկարգությունների այլ մասնակիցներ ոտքերով հարվածներ հասցնելով կոտրել են ՀՀ Կառավարության շենքի երկրորդ հարկի թիվ 218 աշխատասենյակի դուռը և մուտք գործել ներս, Կ. Մարությանն ու Ա. Սեդոյանը, գործելով նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ նրանց հետևից ապօրինի մուտք են գործել շինություն հանդիսացող հիշյալ աշխատասենյակ և այնտեղ գտնվող պահարանից բացահայտ հափշտակել ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատակից Ա.Ս.-ին պատկանող, 17.000 ՀՀ դրամ արժողության կանացի անթև մուշտակը, որն Ա. Սեդոյանը հագած վիճակում դուրս է բերել աշխատասենյակից:

Այնուհետ, Կ. Մարությանն ու Ա. Սեդոյանը, շարունակելով իրենց հանցավոր գործողությունները, նախնական համաձայնության գալով, ապօրինի մուտք են գործել շինություն հանդիսացող` ՀՀ Կառավարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության թիվ 219 աշխատասենյակ, որտեղ գտնվող պահարանից բացահայտ հափշտակել են գլխավոր մասնագետ Ա.Մ.-ին պատկանող, 90.000 ՀՀ դրամ արժողության պիջակը, որն Ա. Սեդոյանի հագին գտնվող, Ա.Ս.-ին պատկանող մուշտակի հետ տեղավորել են պոլիէթիլենային տոպրակի մեջ և տարել իրենց հետ:

Այնուհետև, Կ. Մարությանն ու Ա. Սեդոյանը քննությամբ չպարզված անձանց հետ ՀՀ Կառավարության շենքի երկրորդ հարկում ոտքերով հարվածներ են հասցրել ՀՀ փոխվարչապետի խորհրդականին հատկացված թիվ 221 աշխատասենյակի դռանը, կոտրել այն և մյուսների հետ մտել ներս` այդ և այլ գործողություններով ակտիվորեն մասնակցելով կառավարության շենքում կատարվող զանգվածային անկարգություններին, ինչի արդյունքում ջարդվել են ՀՀ վարչապետի, կառավարության անդամների և աշխատակազմի մի շարք աշխատասենյակների դռները, առանձնապես խոշոր չափերով վնասվել կամ ոչնչացվել է ՀՀ գործադիր իշխանության բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ պետական և մասնավոր գույքը, խաթարվել է ՀՀ Կառավարության գործունեությունը, վտանգվել է հասարակական անվտանգությունը:

Այնուհետ, Կ. Մարությանն ու Ա. Սեդոյանը, շարունակելով իրենց հանցավոր գործողությունները, նախնական համաձայնությամբ ապօրինի մուտք են գործել շինություն հանդիսացող` ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու Վ.Հ.-ին հատկացված թիվ 402 աշխատասենյակ, որտեղից բացահայտ հափշտակել են պետությանը պատկանող խոշոր չափերի` 1.903.975 ՀՀ դրամ ընդհանուր արժողության տարբեր ապրանքներ` 425.000 ՀՀ դրամ արժողության «Էրեբունի 50», 50.000 ՀՀ դրամ արժողության «Ազնավուր», 25.125 ՀՀ դրամ արժողության «Դվին», 21.850 ՀՀ դրամ արժողության «Նաիրի» տեսակի կոնյակներ, յուրաքանչյուրը 74.000 ՀՀ դրամ արժողության` 3 հատ «AWI» ապրանքանիշի ժամացույցներ` «ՀՀ վարչապետից» գրառմամբ, Ղազախստանի զինանշանով գրիչ, ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված, 5 հատ «Հովհաննես Թումանյան», յուրաքանչյուրը 232.000 ՀՀ դրամ արժողության` 5 հատ «Գալուստ Գյուլբենկյան», անվանումով տարբեր հուշադրամներ, ինչպես նաև Վ.Հ.-ին 2019 թվականի մայիսի 8-ին տրված` ********* սերիա-համարի դիվանագիտական անձնագիրը»(2):

 

_________________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 306-317:

 

10. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(...) Չի ձևավորվել ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը թույլ կտար եզրահանգում կատարել ամբաստանյալներից յուրաքանչյուրի` Ա. Սեդոյանի և Կ. Մարությանի կողմից Վ.Հ.-ին 2019 թվականի մայիսի 8-ին տրված` ********* սերիա-համարի դիվանագիտական անձնագրի բացահայտ հափշտակություն կատարելու ապացուցվածության վերաբերյալ:

Թեև «AylLur.am» կայքէջում հրապարակված և Առաջին ատյանի դատարանում հետազոտված տեսաձայնագրության մեջ երևում է, որ Կ. Մարությանը և Ա. Սեդոյանը գտնվում են ՀՀ Կառավարության թիվ 1 շենքի թիվ 402 աշխատասենյակում, որտեղ պահարանից դուրս են բերում, ուսումնասիրում և խմբավորում տուփերում եղած ապրանքները, թեև գործով բավարար ապացույցներ են առկա` Վ.Հ.-ին 2019 թվականի մայիսի 8-ին տրված ********* սերիա-համարի դիվանագիտական անձնագրի ենթադրաբար հափշտակված լինելու վերաբերյալ, այնուամենայնիվ բավարար ապացույցներ առկա չեն հաստատված համարելու համար ամբաստանյալների կամ նրանցից որևէ մեկի կողմից, Վ.Հ.-ին պատկանող, վերը նշված դիվանագիտական անձնագիրը բացահայտ հափշտակելու հանգամանքը:

Այսպիսով, (...) Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ սույն գործում առկա ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու համար, որ ամբաստանյալները կամ նրանցից որևէ մեկը` կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված, նրանց վերագրվող հանցավոր արարքը:

(...)

Հետազոտելով գործի ապացույցները, այդ թվում` ամբաստանյալներ Ա. Սեդոյանի և Կ. Մարությանի ցուցմունքները, որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, Կ. Մարությանի և Ա. Սեդոյանի կողմից զանգվածային անկարգությունների ժամանակ ՀՀ Կառավարության թիվ 1 շենքի 2-րդ հարկի 221 աշխատասենյակի դռանը ոտքերով հարվածելը և վնասելը պատկերող, ինչպես թիվ 218, 219 և 402 աշխատասենյակներում նրանց արարքների վերաբերյալ տեսագրությունները, դրանք պարունակող լազերային սկավառակի զննության արձանագրությունները` Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ առկա չէ որևէ ուղղակի ապացույց, որի հիման վրա հնարավոր կլիներ գալ եզրահանգման` ամբաստանյալներից որևէ մեկի կողմից ՀՀ Կառավարության շենքի թիվ 218, 219 և 402 աշխատասենյակներից որևէ այլ գույքի հափշտակություն կատարելու վերաբերյալ` բացի տուժող Ա.Ս.-ին պատկանող` 17.000 ՀՀ դրամ արժողությամբ կանացի անթև մուշտակից:

Ամբաստանյալներից յուրաքանչյուրի` ՀՀ Կառավարության շենքի վերոհիշյալ սենյակներում գտնվելու, սենյակներում առկա պահարանների դռները բացելու, իրերն ուսումնասիրելու, խմբավորելու հանգամանքը դեռևս բավարար չէ հիմնավորված համարելու համար, որ Ա.Մ.-ն պատկանող, 90.000 ՀՀ դրամ արժողությամբ պիջակը, 425.000 ՀՀ դրամ արժողությամբ «Էրեբունի 50», 50.000 ՀՀ դրամ արժողությամբ «Ազնավուր», 25.125 ՀՀ դրամ արժողությամբ «Դվին», 21.850 ՀՀ դրամ արժողությամբ «Նաիրի» տեսակի կոնյակները, «ՀՀ վարչապետից» գրառմամբ` յուրաքանչյուրը 74.000 ՀՀ դրամ արժողությամբ երեք հատ «AWI» ապրանքանիշի ժամացույցները, Ղազախստանի զինանշանով գրիչը, ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված հինգ հատ «Հովհաննես Թումանյան», յուրաքանչյուրը 232.000 ՀՀ դրամ արժողությամբ հինգ հատ «Գալուստ Գյուլբենկյան» անվանումով տարբեր հուշադրամները բացահայտ հափշտակվել են Ա. Սեդոյանի և Կ. Մարությանի կողմից:

Այսպիսով, (...) Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ սույն գործում առկա ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ ամբաստանյալներից յուրաքանչյուրը` Ա. Սեդոյանը և Կ. Մարությանը կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք, (...) ուստի ամբաստանյալներից յուրաքանչյուրին` Ա. Սեդոյանին և Կ. Մարությանին առաջադրված մեղադրանքի ծավալից պետք է հանվի ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը:

(...) Առաջին ատյանի դատարանը դատաքննությամբ և գործի տվյալներով հիմնավորված է համարում հետևյալը.

Ամբաստանյալներ Ա. Սեդոյանը և Կ. Մարությանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին 2020թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը հրապարակվելուց հետո, տեղեկանալով այդ մասին` գնացել են ՀՀ Կառավարության թիվ մեկ շենքի մոտ, միացել այնտեղ գտնվող ամբոխին և ապօրինի մուտք գործել ՀՀ Կառավարության վարչական շենք, որտեղ մասնակցել են ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին:

Այդ ժամանակ, երբ զանգվածային անկարգությունների այլ մասնակիցները ոտքերով հարվածել և կոտրել են ՀՀ Կառավարության առաջին շենքի երկրորդ հարկի թիվ 218 աշխատասենյակի դուռը և մուտք գործել ներս` Ա. Սեդոյանն ու Կ. Մարությանը, նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ ապօրինի մուտք են գործել շինություն հանդիսացող հիշյալ աշխատասենյակ և այնտեղ գտնվող պահարանից բացահայտ հափշտակել ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատակից Ա.Ս.-ին պատկանող, 17.000 ՀՀ դրամ արժողությամբ, կանացի, անթև մուշտակը, որն Ա. Սեդոյանը հագած վիճակում դուրս է բերել աշխատասենյակից:

Այնուհետև, Ա. Սեդոյանն ու Կ. Մարությանը քննությամբ չպարզված անձանց հետ, ՀՀ Կառավարության շենքի երկրորդ հարկում, ոտքերով հարվածներ են հասցրել ՀՀ փոխվարչապետի խորհրդականին հատկացված թիվ 221 աշխատասենյակի դռանը, կոտրել այն և մյուսների հետ մտել ներս` այդ և այլ գործողություններով ակտիվորեն մասնակցելով կառավարության շենքում կատարվող զանգվածային անկարգություններին, ինչի արդյունքում ջարդվել են ՀՀ վարչապետի, կառավարության անդամների և աշխատակազմի մի շարք աշխատասենյակների դռները, առանձնապես խոշոր չափերով վնասվել կամ ոչնչացվել է ՀՀ գործադիր իշխանության բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ պետական և մասնավոր գույքը, խաթարվել է ՀՀ Կառավարության գործունեությունը, վտանգվել է հասարակական անվտանգությունը:

Այսպիսով, (...) Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ ամբաստանյալներից յուրաքանչյուրին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով առաջադրված մեղադրանքը հիմնավորող ցուցմունքներն արժանահավատ են, հաստատվում են քրեական գործի քննությամբ ձեռք բերված և հետազոտված ապացույցների համակցությամբ:

Ամբաստանյալ Կ. Մարությանի ցուցմունքն այն մասին, որ ինքը զանգվածային անկարգություններին չի մասնակցել և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շինություն ապօրինի մուտք գործելով ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն չի կատարել` իրականությանը չի համապատասխանում, արժանահավատ չէ, քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակ է հետապնդում և հերքվում է վերոհիշյալ ապացույցներով:

Ամբաստանյալ Ա. Սեդոյանի ցուցմունքն այն մասին, որ ինքը զանգվածային անկարգություններին չի մասնակցել և իր կողմից կանացի անթև մուշտակի բացահայտ հափշտակության մասին Կ. Մարությանը տեղյակ չի եղել` իրականությանը չի համապատասխանում, արժանահավատ չէ, առավել խիստ քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակ է հետապնդում և հերքվում է վերոհիշյալ ապացույցներով»(3):

 

_________________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթեր 49-69:

 

11. Վերաքննիչ դատարանը, Ա. Սեդոյանին և Կ. Մարությանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքներում արդարացնելով, արձանագրել է. «(...) Դատաքննության ընթացքում հետազոտված և գնահատված ապացույցների համակցությունը բավարար չէ ամբաստանյալների անմեղության կանխավարկածը հաղթահարելու համար, իսկ քրեական դատավարության ընթացքում չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության:

Վերաքննիչ դատարանն անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին, նախ և առաջ արձանագրում է հետևյալը.

- Հաստատված մեղադրական եզրակացությունը չի պարունակում որևէ նշում այն մասին, թե 2020 թվականի նոյեմբերի 10-ի որ ժամին են ամբաստանյալներ Ա. Սեդոյանը և Կ. Մարությանը գնացել ՀՀ Կառավարության թիվ մեկ շենքի մոտ, միացել այնտեղ գտնվող ամբոխին, ինչպես նաև թե որ ժամին է այդ ամբոխն ապօրինի մուտք գործել ՀՀ Կառավարության վարչական շենք:

- Ամբաստանյալ Կ. Մարությանի ցուցմունքի համաձայն` վերջինս 2020 թվականի նոյեմբերի 10-ին` ժամը 03:30-ից 04:00-ի սահմաններում հորեղբոր որդու` Ա. Սեդոյանի հետ գնացել է ՀՀ Կառավարության շենք և տեսել, որ շենքի մուտքի դռները բաց վիճակում են և կոտրված:

- Տեսագրության լրացուցիչ զննում կատարելու մասին 2021 թվականի ապրիլի 1-ի և զննում կատարելու մասին 2021 թվականի մայիսի 11-ի արձանագրությունների համաձայն` ՀՀ Կառավարության թիվ 1 շենքի 2-րդ հարկի միջանցքում, թիվ 218, 219, 221 և այլ աշխատասենյակների մուտքերի հարակից հատվածներում տեղակայված տեսախցիկների տեսագրություններում երևում է, թե ինչպես են 2020 թվականի նոյեմբերի 10-ին, ժամը 04:00:31-ին Ա. Սեդոյանը և Կ. Մարությանը մուտք գործում ՀՀ Կառավարության թիվ 1 շենքի 2-րդ հարկում գտնվող, տուժող Ա.Ս.-ի թիվ 218 աշխատասենյակ, իսկ ժամը 04:00:57-ին նրանք երկուսով միասին դուրս գալիս այդ աշխատասենյակից: Ժամը 04:02:10-ին վերջիններս դուրս են գալիս նշված աշխատասենյակից և մի խումբ անձանց հետ մոտենում են թիվ 221 աշխատասենյակի դռանը, ոտքերով հարվածում և վնասելով բացում այդ աշխատասենյակի դուռը: Դատաքննությամբ հիմնավորվել է, որ ամբաստանյալները ոտքերով հարվածել են բացառապես աշխատասենյակների դռներին, մուտք գործել սենյակներ, այդ սենյակներից մեկից հափշտակել տուժողի անթև մուշտակը: Նշված հանգամանքը ողջամտորեն վկայում է այն մասին, որ դռներին հարվածելը հետապնդել է դրանք բացելու, այնտեղ գտնվող իրերին հասանելիություն ձեռք բերելու, որոշ իրեր հափշտակելու նպատակ, հատկապես երբ հիմնավորվել է ամբաստանյալների կողմից կանացի անթև մուշտակը հափշտակելու փաստը, ամբաստանյալ Կ. Մարությանի կողմից նախկինում հափշտակության համար դատապարտվելու և դրա համար չմարված դատվածության առկայությունը: Աշխատասենյակների ներսում, կառավարական տան միջանցքներում կամ որևէ այլ վայրում ամբաստանյալների կողմից բռնություն գործադրելու, ջարդ կամ հրկիզում իրականացնելու, գույք ոչնչացնելու կամ վնասելու, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելու կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել և դատաքննությամբ չեն հետազոտվել:

(...) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում փաստել, որ Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցների ամբողջությամբ առհասարակ չի հաստատվել ամբաստանյալներ Ա. Սեդոյանի և Կ. Մարությանի մասնակցությունը 2020 թվականի նոյեմբերի 10-ին ժամը 02:00-02:30-ի սահմաններում սկսված զանգվածային անկարգություններին, այդ թվում` չի հաստատվել վերջիններիս` ամբոխի հետ միասին ՀՀ Կառավարության վարչական շենք մուտք գործելու պահը, շարժառիթը և այնտեղ գտնվելու տևողությունը: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ամբաստանյալների` կառավարության մասնաշենք մուտք գործելու ժամի և հանգամանքների պարզումն ունի վճռորոշ նշանակություն բուն զանգվածային անկարգություններ իրականացնող ամբոխի մեջ վերջիններիս գտնվելու և արարքի կատարման օբյեկտիվ կողմին նրանց մասնակցությունը հիմնավորելու տեսանկյունից:

Վերաքննիչ դատարանի համոզմամբ, հետազոտված ապացույցների ամբողջությունը, այդ թվում` տեսագրությունների զննության արձանագրությունները, վկայում են այն մասին, որ ամբաստանյալներ Ա. Սեդոյանը և Կ. Մարությանը կառավարության մասնաշենքում գտնվել են այն ժամանակ, երբ զանգվածային անկարգություններն ըստ էության արդեն իսկ ավարտվել էին: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ տեսագրությունների զննության արձանագրություններով հաստատված տվյալները վկայում են այն մասին, որ ամբաստանյալները կառավարության մասնաշենքում գտնվել են ժամը 04:00-ի սահմաններում` այն ժամանակ, երբ ամբոխն այլևս շենքի ներսում չէր (տեսագրությունների զննության արձանագրությունների համաձայն` դեպքի վայրում գտնվել են համեմատաբար նվազ թվով անձինք` առանձին փոքր խմբերով), իսկ անկարգությունները, առնվազն կառավարության նշված մասնաշենքում, դադարել էին:

Անդրադառնալով մեղադրական եզրակացության մեջ առկա այն պնդմանը, որ ամբաստանյալները «ոտքերով հարվածներ են հասցրել ՀՀ փոխվարչապետի խորհրդականին հատկացված թիվ 221 աշխատասենյակի դռանը, կոտրել այն և մյուսների հետ մտել ներս` այդ և այլ գործողություններով ակտիվորեն մասնակցելով կառավարության շենքում կատարվող զանգվածային անկարգություններին, ինչի արդյունքում ջարդվել են ՀՀ վարչապետի, կառավարության անդամների և աշխատակազմի մի շարք աշխատասենյակների դռները, առանձնապես խոշոր չափերով վնասվել կամ ոչնչացվել է ՀՀ գործադիր իշխանության բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ պետական և մասնավոր գույքը, խաթարվել է ՀՀ Կառավարության գործունեությունը, վտանգվել է հասարակական անվտանգությունը», Վերաքննիչ դատարանը փաստում է, որ տվյալ գործողությունն ըստ էության հանդիսացել է ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված արարքի կատարման օբյեկտիվ կողմի բաղկացուցիչ մաս` աշխատասենյակ ապօրինաբար մուտք գործելու միջոց, (...): Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վերագրված արարքի փաստական կողմի նկարագրում տեղ գտած «այլ գործողություններով» եզրույթի բովանդակությունն առհասարակ բացահայտված չէ, Վերաքննիչ դատարանի համար պարզ չէ, թե ամբաստանյալների կոնկրետ որ արարքներն են վարույթն իրականացնող մարմնի կողմից գնահատվել որպես «այլ գործողություններ»: Նման պարագայում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ երբ «մեղադրանք» եզրույթն իր մեջ չի ներառում արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստական հանգամանքների հստակ նկարագիրը, ապա կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքը կոնկրետ և իրական չի հանդիսանում, իսկ վերացական ու պատրանքային բնույթ կրող փաստական հիմքի քրեաիրավական որակումից պաշտպանվելու իրավունքն առարկայազուրկ է»(4):

 

_________________________

4) Տե՛ս քրեական գործ, հատոր 11-րդ, թերթեր 49-93:

 

11.1. ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում Ա. Սեդոյանին և Կ. Մարությանին արդարացնելու, կողոպուտի համար ներկայացված մեղադրանքները նույն օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 3-րդ կետերով որակելու մասով վիճարկվող դատական ակտը Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հետևյալ պատճառաբանությամբ. «(...) Առաջին ատյանի դատարանն (...) իրավաչափ եզրահանգում է կատարել առ այն, որ ամբաստանյալներ Ա. Սեդոյանի և Կ. Մարությանի արարքներում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև բացի տուժող Ա.Ս.-ին պատկանող` 17.000 ՀՀ դրամ արժողությամբ կանացի անթև մուշտակից` մնացած գույքի հափշտակությունը կատարելու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմերը: (...) Վերաքննիչ դատարանի գնահատմամբ Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցների համակցությունը` իրեղեն ապացույցների, ինչպես նաև տեսագրությունների զննության արձանագրություններում դրանք հափշտակելու (իրենց մոտ վերցնելու և տեղափոխելու) վերաբերյալ տվյալների բացակայությունը բացառում է ամբաստանյալներ Ա. Սեդոյանի և Կ. Մարությանի կողմից նշված հանցանքները կատարելու ողջամիտ հավանականությունը:

(...) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ դատաքննության ընթացքում հետազոտված և գնահատված ապացույցների համակցությունը բավարար չէ ամբաստանյալներ Ա. Սեդոյանի և Կ. Մարությանի անմեղության կանխավարկածը հաղթահարելու համար, իսկ քրեական դատավարության ընթացքում չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության:

Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի այն հետևությանը, որ առկա չէ որևէ ուղղակի ապացույց, որի հիման վրա հնարավոր կլիներ գալ եզրահանգման` ամբաստանյալներից որևէ մեկի կողմից ՀՀ Կառավարության շենքի թիվ 218, 219 և 402 աշխատասենյակներից որևէ այլ գույքի հափշտակություն կատարելու վերաբերյալ` բացի տուժող Ա.Ս.-ին պատկանող` 17.000 ՀՀ դրամ արժողությամբ կանացի անթև մուշտակից: Միևնույն ժամանակ ինչպես իրավացիորեն փաստել է Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալներից յուրաքանչյուրի` ՀՀ Կառավարության շենքի վերոհիշյալ սենյակներում գտնվելու, սենյակներում առկա պահարանների դռները բացելու, իրերն ուսումնասիրելու, խմբավորելու հանգամանքը դեռևս բավարար չէ հիմնավորված համարելու համար, որ Ա.Մ.-ին պատկանող, 90.000 ՀՀ դրամ արժողությամբ պիջակը, 425.000 ՀՀ դրամ արժողությամբ «Էրեբունի 50», 50.000 ՀՀ դրամ արժողությամբ «Ազնավուր», 25.125 ՀՀ դրամ արժողությամբ «Դվին», 21.850 ՀՀ դրամ արժողությամբ «Նաիրի» տեսակի կոնյակները, «ՀՀ վարչապետից» գրառմամբ` յուրաքանչյուրը 74.000 ՀՀ դրամ արժողությամբ երեք հատ «AWI» ապրանքանիշի ժամացույցները, Ղազախստանի զինանշանով գրիչը, ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված հինգ հատ «Հովհաննես Թումանյան», յուրաքանչյուրը 232.000 ՀՀ դրամ արժողությամբ հինգ հատ «Գալուստ Գյուլբենկյան» անվանումով տարբեր հուշադրամները բացահայտ հափշտակվել են ամբաստանյալներ Ա. Սեդոյանի և Կ. Մարությանի կողմից, ինչը չի հերքվում նաև տեսագրությունների զննության արձանագրություններով: Ավելին, ՀՀ Կառավարության շենք բացի ամբաստանյալներից մուտք են գործել նաև այլ անձինք, այսինքն` քրեական հետապնդման մարմինները բավարար ապացուցողական զանգվածով չեն հերքել քննարկվող առարկաների և փաստաթղթերի հափշտակությունն այլ անձանց կողմից կատարվելու վարկածը, որի պայմաններում դրանց հափշտակությունն ամբաստանյալներին վերագրելը, առավել ևս նրանց մեղավորությունը փաստելը ոչ իրավաչափ է: Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դրվագին, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ամբաստանյալների` ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու Վ.Հ.-ին հատկացված թիվ 402 աշխատասենյակում գտնվելու հանգամանքը դեռևս բավարար չէ վերջիններիս կողմից նշված անձնագրի հափշտակությունը հիմնավորված համարելու համար»(5):

 

_________________________

5) Տե՛ս քրեական գործ, հատոր 11-րդ, թերթեր 49-93:

 

11.2. Վերաքննիչ դատարանը Կ. Մարությանի նկատմամբ պատժի նշանակելիս արձանագրել է. «(...) Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում որպես ամբաստանյալ Կ. Մարությանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք արձանագրել է վտանգավոր ռեցիդիվի առկայությունը: Նշվածի կապակցությամբ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 71-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով հանցանքը դատվածություն ունեցող անձի կողմից կատարելը հաշվի չի առնվում որպես ծանրացնող հանգամանք այն դեպքում, երբ անձի նկատմամբ պատիժ է նշանակվել հանցագործությունների ռեցիդիվի համար սահմանված կանոններով, որպիսի կարգավորումն ըստ էության հանդիսանում է ամբաստանյալ Կ. Մարությանի վիճակն այլ կերպ բարելավող նորմ, հետևաբար դրան պետք է տրվի հետադարձ ուժ: Որպես ամբաստանյալ Կ. Մարությանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում պատճառված վնասը բնեղենով հատուցելը»(6):

 

_________________________

6) Տե՛ս քրեական գործ, հատոր 11-րդ, թերթեր 49-93:

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող` 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»:

Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն Ա. Սեդոյանի և Կ. Մարությանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:

13. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյո՞ք Ա. Սեդոյանին ու Կ. Մարությանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքներում արդարացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն` «(...) 2. Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը`

պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով, եթե այդ արարքները կատարելն ինքնին չի առաջացնում սույն օրենսգրքի այլ հոդվածներով ավելի խիստ պատասխանատվություն:

(...)

5. Սույն օրենսգրքում զանգվածային անկարգություններ են համարվում բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված մեկից ավելի անձանց գործողությունները, որոնց հետևանքով վտանգվում է հասարակական անվտանգությունը»:

15. Մեջբերված իրավանորմի վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում զանգվածային անկարգությունների համար: Հոդվածի հինգերորդ մասում տրվում է զանգվածային անկարգությունների հասկացությունը, համաձայն որի` զանգվածային անկարգություններ են համարվում բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված մեկից ավելի անձանց գործողությունները, որոնց հետևանքով վտանգվում է հասարակական անվտանգությունը:

Զանգվածային անկարգությունների բովանդակության օրենսդրական բնորոշումից հետևում է, որ զանգվածային անկարգություններն առկա են միայն այն դեպքում, երբ ուղեկցվում են վերը թվարկված գործողություններից թեկուզ մեկի` մեկից ավելի անձանց կողմից կատարմամբ, որի հետևանքով վտանգվում է հասարակական անվտանգությունը: Այդ պատճառով, որպես զանգվածային անկարգություններ չեն կարող որակվել ամբոխի այնպիսի գործողությունները, որոնք թեև խախտում են հասարակական կարգը, սակայն չեն ուղեկցվում նշված արարք(ներ)ով: Ընդ որում` հանցագործությունն ավարտված է համարվում ամբոխի կողմից նշված արարք(ներ)ը կատարելու պահից, եթե դրա հետևանքով վտանգվում է հասարակական անվտանգությունը: Հարկ է նկատել, որ հոդվածի երկրորդ մասը պատասխանատվություն է սահմանում զանգվածային անկարգության մասնակցի կողմից վերը նշված գործողություն(ներ)ն անմիջականորեն կատարելու համար: Այն անձինք, ովքեր, թեև գտնվում են ամբոխի մեջ, բայց չեն մասնակցում վերը նշված արարք(ներ)ի կատարմանը, քննարկվող հոդվածով ենթական չեն քրեական պատասխանատվության: Հարկ է նաև նկատել, որ քննարկվող հանցագործության շարժառիթներն ու նպատակները հանցակազմի հատկանիշ չեն և կարող են ամենաբազմազան դրսևորումներ ունենալ:

16. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Ա. Սեդոյանին ու Կ. Մարությանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանքներ են ներկայացվել 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքում ջարդերով, գույքը ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին մասնակցելու համար(7):

 

_________________________

7) Տե՛ս սույն որոշման 9-րդ և 9.1-րդ կետերը:

 

- Դատաքննությամբ հետազոտված ապացույցների հիման վրա Առաջին ատյանի դատարանն ապացուցված է համարել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով վերագրված հանցանքները կատարելու մեջ Ա. Սեդոյանի ու Կ. Մարությանի մեղավորությունը(8):

 

_________________________

8) Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

 

- Վերաքննության արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ դատաքննությամբ հետազոտված ապացույցների համակցությունը բավարար չէ ապացուցված համարելու մեղադրյալների կողմից այդ արարքները կատարելը: Մասնավորապես` չի հաստատվել 2020 թվականի նոյեմբերի 10-ին` ժամը` 2:00-2:30-ի սահմաններում սկսված զանգվածային անկարգություններին մեղադրյալների մասնակցությունը, այդ թվում` նրանց` ամբոխի հետ Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենք մուտք գործելու պահը, շարժառիթը և այնտեղ գտնվելու տևողությունը:

Հղում կատարելով դատաքննությամբ հետազոտված ապացույցներին` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ մեղադրյալներ Ա. Սեդոյանն ու Կ. Մարությանը Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքում գտնվել են ժամը 4:00-ին` այն ժամանակ, երբ ամբոխն արդեն շենքի ներսում չէր, այսինքն` զանգվածային անկարգությունները նշված վայրում արդեն դադարել էին: Այս համատեքստում Վերաքննիչ դատարանը փաստարկել է, որ տեսագրության զննությունների արձանագրությունների համաձայն` դեպքի վայրում գտնվել են համեմատաբար նվազ թվով անձինք` առանձին փոքր խմբերով:

Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ ամբաստանյալները ոտքերով հարվածել են բացառապես աշխատասենյակների դռներին, մուտք գործել սենյակներ, այդ սենյակներից մեկից հափշտակել տուժողի անթև մուշտակը, որպիսի հանգամանքը ողջամտորեն վկայում է այն մասին, որ դռներին հարվածելը հետապնդել է դրանք բացելու, այնտեղ գտնվող իրերին հասանելիություն ձեռք բերելու, որոշ իրեր հափշտակելու նպատակ: Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ աշխատասենյակների ներսում, կառավարական տան միջանցքներում կամ որևէ այլ վայրում ամբաստանյալների կողմից բռնություն գործադրելու, ջարդ կամ հրկիզում իրականացնելու, գույք ոչնչացնելու կամ վնասելու, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելու կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել և դատաքննությամբ չեն հետազոտվել:

Վերոգրյալից զատ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ մեղադրյալներին ներկայացված մեղադրանքների` փաստերի նկարագրում տեղ գտած` «այլ գործողություններով» եզրույթի բովանդակությունն առհասարակ բացահայտված չէ, և հնարավոր չէ պատկերացում կազմել, թե մեղադրյալների կոնկրետ ո՞ր արարքներն են վարույթն իրականացնող մարմնի կողմից գնահատվել որպես այլ գործողություններ, ինչը, դատարանի գնահատմամբ, չի ապահովում պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը(9)

 

_________________________

9) Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

 

17. Սույն որոշման 15-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելով նախորդ կետում վկայակոչված փաստերի նկատմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով Ա. Սեդոյանի և Կ. Մարությանի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի բացակայությունը, պատշաճ չի գնահատել զանգվածային անկարգություններին մեղադրյալների հնարավոր մասնակցության մասին վկայող` սույն վարույթում առկա փաստական տվյալների համակցությունը:

Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը նախ և առաջ հարկ է համարում փաստել, որ դատալսումների ընթացքում հետազոտված ապացույցներով Առաջին ատյանի դատարանը հաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքում ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններ տեղի ունենալը, ինչը Վերաքննիչ դատարանը կասկածի տակ չի դրել, ավելին` արձանագրել է զանգվածային անկարգությունների` 2020 թվականի նոյեմբերի 10-ին` ժամը 2:00-2:30-ի սահմաններում սկսված լինելը:

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենք ներխուժած անձանց գործողությունների արտաքին դրսևորմանը` հարկ է փաստել, որ վկաներ` ՀՀ պետական պահպանության ծառայության ծառայողներ Հ.Հ.-ի, Ս.Ք.-ի, Կ.Ս.-ի և վկաներ Ա.Գ.-ի ու Ա.Ա.-ի ցուցմունքների համաձայն` զանգվածային անկարգությունների մասնակիցները վնասել և ոչնչացրել են տարատեսակ գույք, այդ թվում` կահույք, հարվածել ու վնասել են աշխատասենյակների մուտքի դռները, մուտք են գործել տարբեր հարկերում գտնվող աշխատասենյակներ(10): Զանգվածային անկարգությունները նման արարքներով ուղեկցված լինելը և այդպիսիք որպես ջարդեր, գույքի ոչնչացում ու վնասում դիտարկելը Վերաքննիչ դատարանը կրկին կասկածի տակ չի դրել:

 

_________________________

10) Տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթեր 49-69:

 

Անդրադառնալով մեղադրյալներ Ա. Սեդոյանին ու Կ. Մարությանին մեղսագրվող` զանգվածային անկարգության օբյեկտիվ կողմը կազմող գործողություններին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը. տեսագրության զննություններով արձանագրված տվյալներից հետևում է, որ տեսագրությունը պատկերում է Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքի երկրորդ հարկի միջանցքը, որտեղ մեղադրյալներից բացի գտնվել են նաև քննությամբ չպարզված այլ անձինք: Միջանցքում գտնվելիս մեղադրյալների գործողությունների բնույթն ու հաջորդականությունը հանգում է նրան, որ վերջիններս նախ մոտենում են աշխատասենյակներին, արդեն իսկ բացված դռներից մուտք են գործում այնտեղ: Մասնավորապես, տուժող Ա.Ս.-ին հատկացված թիվ 218 աշխատասենյակից դուրս գալով` մեղադրյալները մոտենում են տուժող Ա.Մ.-ին հատկացված թիվ 219 աշխատասենյակի մուտքի դռան մոտ կանգնած անձանց, ովքեր, մինչ այդ ոտքերով հարվածներ հասցնելով, բացել էին այդ աշխատասենյակի դուռը, ու հիշյալ անձանց հետ մուտք են գործում նշված աշխատասենյակ:

Այնուհետև, մեղադրյալները թիվ 219 աշխատասենյակից դուրս գալուց հետո ևս երկու անձանց հետ մոտենում են թիվ 221 աշխատասենյակին, Ա. Սեդոյանը փորձում է բացել աշխատասենյակի դուռը, սակայն չկարողանալով մեկ քայլ առաջ է գնում, և նրա հետևից գնացող երիտասարդը սկսում է ոտքով հարվածել դռանը, ինչից հետո նրան է միանում Կ. Մարությանը և ոտքով մեկ անգամ հարվածում է աշխատասենյակի դռանը: Այնուհետև մեկ այլ երիտասարդ մոտենում է Ա. Սեդոյանին ու գործով չպարզված անձին, և նրանք երեքով շարունակում են ոտքերով հարվածներ հասցնել, ինչի արդյունքում դուռը վնասվում է, և վերջիններս մուտք են գործում աշխատասենյակ(11):

 

_________________________

11) Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 50-63 և հատոր 3-րդ, թերթեր 229-243:

 

18. Նախորդ կետում վերլուծված փաստական տվյալներից արդեն իսկ բխում է, որ Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ աշխատասենյակների ներսում, կառավարական տան միջանցքներում կամ որևէ այլ վայրում ամբաստանյալների կողմից բռնություն գործադրելու, ջարդ կամ հրկիզում իրականացնելու, գույք ոչնչացնելու կամ վնասելու, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելու կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել և դատաքննությամբ չեն հետազոտվել, հիմնավոր չէ, քանզի առնվազն ուրիշի գույքը վնասելու վերաբերյալ գործի նյութերում առկա են բավարար փաստական տվյալներ:

Հետևաբար, տեսագրության զննություններով արձանագրված մեղադրյալների գործողությունները համադրելով Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքում զանգվածային անկարգությունների մասնակիցների գործողությունների վերաբերյալ նախորդիվ վկայակոչված փաստական տվյալների հետ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալներ Ա. Սեդոյանի ու Կ. Մարությանի գործողությունները համընկնել են զանգվածային անկարգությունների մասնակիցների գործողություններին, դրանց մաս են կազմել և պայմանավորված են եղել ընդհանուր տիրող իրադրությամբ:

Ընդհանրացնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մեղադրյալներին մեղսագրված է ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին մասնակցելը: Հաշվի առնելով «ջարդեր» ու «գույք ոչնչացնել կամ վնասել» արտահայտությունների լեզվաբացատրական նշանակությունը, ինչպես նաև դրանց վերաբերյալ առկա դոկտրինալ մեկնաբանությունները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ջարդերը ենթադրում են գույքի զանգվածային ոչնչացում և վնասում: Ինչ վերաբերում է գույքը ոչնչացնելուն կամ վնասելուն, ապա այն տարբերվում է ջարդերից իր ծավալներով. այստեղ նկատի են ունեցվում գույքի ոչնչացման կամ վնասման եզակի, ոչ զանգվածային դեպքերը: Այս վերլուծության ներքո գնահատելով տեսագրության զննություններով արձանագրված մեղադրյալների գործողությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանցում արդեն իսկ պարունակվում են Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքում մեղադրյալների կողմից առնվազն գույք ոչնչացնելու և վնասելու մասին վկայող տվյալներ:

18.1. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պնդմանը, թե Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքում մեղադրյալները գտնվել են այն ժամանակ, երբ ամբոխն այլևս շենքում չէր, այսինքն` զանգվածային անկարգությունները դադարել էին, ապա հարկ է նկատել, որ վերոնշյալը հերքվում է ինչպես վերը մեջբերված և վերլուծված փաստական տվյալներով, այնպես էլ Վերաքննիչ դատարանի այն արձանագրումով, որ դեպքի վայրում գտնվել են համեմատաբար նվազ թվով անձինք` առանձին փոքր խմբերով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ զանգվածային անկարգության մասնակիցների թվաքանակի նվազումն ինքնին չի ենթադրում, որ զանգվածային անկարգությունները դադարել էին` հատկապես, երբ առկա են թիվ 1 մասնաշենքում առանձին խմբերով մարդկանց առկայության և վերջիններիս կողմից գույքի վնասման վերաբերյալ փաստական տվյալներ, ուստի զանգվածային անկարգություններն ավարտված լինելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը չի բխում սույն վարույթի նյութերից: Ավելին` վկա, ՀՀ պետական պահպանության ծառայության ծառայող Կ.Ս.-ն իր ցուցմունքներով հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենք ներխուժած անձինք հեռացել են ժամը 8-ի սահմաններում(12), իսկ տեսագրության զննություններով արձանագրվել է մեղադրյալների` ժամը 4-ի սահմաններում այդտեղ գտնվելու հանգամանքը:

 

_________________________

12) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 167-175:

 

18.2. Անդրադարձ կատարելով Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, թե մեղադրյալների գործողությունները կազմել են նրանց վերագրված բացահայտ հափշտակության հանցակազմի օբյեկտիվ կողմի բաղկացուցիչ մասը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել մեղադրանքում արձանագրված իրադրությունը, հատկապես` Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենք մուտք գործելը և մեղադրյալների գործողությունների` զանգվածային անկարգությունների մասնակիցների գործողությունների հետ նույնանալը և, ըստ էության, դրանց մաս կազմելը: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև ընդգծել, որ հափշտակություններ կատարելու համար դատվածության առկայությունը և նույնաբնույթ արարք ենթադրաբար կատարելը, տվյալ իրադրությունում չի բացառում մեղադրյալների արարքներում զանգվածային անկարգություններին մասնակցելու հանցակազմի առկայությունը:

Ինչ վերաբերում է մեղադրյալների` ամբոխի հետ Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենք մուտք գործելու պահը, շարժառիթը և այնտեղ գտնվելու տևողությունը պարզված չլինելու առումով Վերաքննիչ դատարանի մոտեցմանը, ապա հարկ է նկատել, որ հանցագործության շարժառիթը հանցակազմի պարտադիր հատկանիշ չէ, իսկ զանգվածային անկարգություններն առկա են դրա մասնակիցների կողմից հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող գործողություններից որևէ մեկը կատարելու պահից, եթե դրա հետևանքով վտանգվում է հասարակական անվտանգությունը: Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթի փաստական հանգամանքների պայմաններում մեղադրյալների արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի առկայությունը հավաստելու տեսանկյունից Վերաքննիչ դատարանի մատնանշված հանգամանքները որոշիչ նշանակություն չեն կարող ունենալ:

Վերոգրյալի հետ մեկտեղ, իրավաչափ համարելով մեղադրանքների փաստական կողմում ձևակերպված` «այլ գործողություններով» արտահայտության առնչությամբ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը, այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքների ձևակերպումն առերևույթ ներառում է նշված քրեաիրավական նորմով նախատեսված` հանրորեն վտանգավոր և քրեորեն պատժելի արարքի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները:

19. Այսպիսով, հիմք ընդունելով նախորդ կետերում ներկայացված փաստական տվյալներն ու դրանց տրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանը պատշաճ չի գնահատել մեղադրյալների գործողությունների` 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքում ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգությունների մասնակիցների ընդհանուր գործողությունների մասը ողջամտորեն կազմելու մասին վկայող հանգամանքները:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա. Սեդոյանին ու Կ. Մարությանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքներում արդարացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:

20. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյո՞ք մեղադրյալներ Ա. Սեդոյանին և Կ. Մարությանին ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում արդարացնելու, կողոպուտի համար առաջադրված մեղադրանքները նույն օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով որակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

21. Ապացույցների բավարարության հիմնահարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- ապացույցների բավարարությունը ենթադրում է կոնկրետ գործով ապացուցման շրջանակների այնպիսի որոշումը, որ հավաքված ապացույցները որակական կողմից ապահովվեն ապացուցման առարկայի յուրաքանչյուր տարրի պարզումը, իսկ քանակական կողմից` այդ հանգամանքների բացահայտման արժանահավատությունը և դատավարական որոշումների հիմնավորվածությունն ու պատճառաբանվածությունը(13),

 

_________________________

13) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սիրակ Սաքանյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10 որոշման 15-րդ կետը:

 

- գործի լուծման համար բավարար ապացույցներ ասելով` պետք է հասկանալ թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների այնպիսի համակցություն, որը, հաղթահարելով անմեղության կանխավարկածը, անաչառ դիտորդի մոտ կձևավորի հիմնավոր կասկածից վեր համոզվածություն անձի մեղավորության վերաբերյալ, ինչպես նաև կհաստատի գործով ապացուցման առարկան կազմող մյուս հանգամանքներն ու հնարավորություն կտա կայացնել հիմնավորված և պատճառաբանված որոշում(14):

 

_________________________

14) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 33-րդ կետը:

 

22. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, նախորդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման ու քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության ու գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը` Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ստորադաս դատարանները, Ա. Սեդոյանին և Կ. Մարությանին ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում արդարացնելով, կողոպուտի համար առաջադրված մեղադրանքները նույն օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով որակելով, հանգել են ճիշտ հետևության:

Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, պատշաճ իրավական ընթացակարգով հետազոտելով գործում առկա ապացույցներն ու առաջնորդվելով անմեղության կանխավարկածով և դրա բաղադրիչը հանդիսացող` չփարատված կասկածներն հօգուտ մեղադրյալի մեկնաբանելու պահանջի կենսագործման անհրաժեշտությամբ, հանգել են հիմնավոր հետևության առ այն, որ սույն գործով առկա ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու դիվանագիտական անձնագիրը, ինչպես նաև` կանացի անթև մուշտակից բացի, մեղադրանքում նշված մնացյալ գույքը մեղադրյալներ Ա. Սեդոյանի ու Կ. Մարությանի կողմից հափշտակելը: Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում ստորադաս դատարանների հետևությանն առ այն, որ մեղադրյալների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքի 219 և 402 աշխատասենյակներում գտնվելու, աշխատասենյակներում առկա պահարանի դռները բացելու, իրերն ուսումնասիրելու և խմբավորելու հանգամանքը դեռևս բավարար չէ Ա. Սեդոյանին ու Կ. Մարությանին մեղսագրված հանցավոր արարքների փաստական հանգամանքները հաստատված համարելու այն ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանի համար ընդունելի է նաև Վերաքննիչ դատարանի փաստարկն առ այն, որ Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենք բացի մեղադրյալներից մուտք են գործել նաև այլ անձինք, իսկ քրեական հետապնդման մարմինն ապացույցների բավարար համակցությամբ չի հերքել համապատասխան գույքի և անձնագրի հափշտակությունն այլ անձանց կողմից կատարելու կասկածը, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանն իրավաչափորեն գտել է, որ առկա է չփարատված կասկած, որը պետք է մեկնաբանել հօգուտ մեղադրյալների:

23. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա. Սեդոյանին ու Կ. Մարությանին ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում արդարացնելու, կողոպուտի համար առաջադրված մեղադրանքները նույն օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով որակելու մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են: Հիմքում ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում ներկայացված քաղաքացիական հայցը մերժելու իրավաչափության առումով բողոքաբերի փաստարկին անդրադառնալը:

Անդրադարձ կատարելով բողոքի հեղինակի` սույն որոշման 5.1-րդ կետում նշված փաստարկներին` Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով մեղադրյալ Կ. Մարությանի պատժի անհատականացման գործընթացում հաշվի առնված հանգամանքները, գտնում է, որ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նշանակվել է համաչափ պատիժ: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով սույն որոշման 17-19-րդ կետերում կատարված վերլուծությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա. Սեդոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմնավորվածությունը քննարկելու իրավական հնարավորությունը բացակայում է:

i

22. Հիմք ընդունելով սույն որոշմամբ կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, ճանաչելով և հռչակելով Ա. Սեդոյանի ու Կ. Մարությանի անմեղությունն այն փաստական հանգամանքներով, որոնք դրված էին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքների հիմքում, թույլ է տվել 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ և 127-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են վարույթի ելքի վրա: Այսինքն, թույլ է տրվել 2022 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածով նախատեսված քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը, նույն օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու ու վարույթը նույն դատարան` նոր քննության փոխանցելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, վերացնելով արձանագրված խախտումները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքներում Ա. Սեդոյանի և Կ. Մարությանի մեղավորության հարցում պետք է հանգի համապատասխան հետևության:

Ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ ու 385-387-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

Մեղադրյալներ Անրրի Մանուկի Սեդոյանի և Կարեն Արշակի Մարությանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի դեկտեմբերի 19-ի որոշումը բեկանել ու վարույթը փոխանցել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` նոր քննության:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

Նախագահող` Հ. Ասատրյանի

Դատավորներ` Ս. Ավետիսյանի

Հ. Գրիգորյանի

Ա. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

 

https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ criminal-case/3075

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.12.2025
N ԵԴ/0646/01/21
Որոշում