ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ԵԴ/1174/01/22
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր` Մ. Մարտիրոսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր` Ա. Նիկողոսյան
դատավորներ` Մ. Հարությունյան
Կ. Հովհաննիսյան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Հ. Ասատրյանի
մասնակցությամբ
դատավորներ` Ս. Ավետիսյանի
Հ. Գրիգորյանի
Ա. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
Ա. Պողոսյանի
8 դեկտեմբերի 2025 թվականի ք. Երևան
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի սեպտեմբերի 11-ի որոշման դեմ մեղադրյալ Ավետիք Մկրտչի Չալաբյանի պաշտպան Ա.Անդրիկյանի և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքները,
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2022 թվականի մայիսի 10-ին, հարուցվել է թիվ 59102822 քրեական գործը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
2022 թվականի մայիսի 12-ին Ավետիք Մկրտչի Չալաբյանը բերման է ենթարկվել վարույթն իրականացնող մարմին և նույն օրը ձերբակալվել:
2022 թվականի մայիսի 13-ին Էմմա Գևորգի Սարգսյանն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացող մարմին և նույն օրը ձերբակալվել:
2022 թվականի մայիսի 13-ին Ա.Չալաբյանը և Է.Սարգսյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
2022 թվականի մայիսի 14-ին մեղադրյալ Ա.Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով:
2022 թվականի մայիսի 14-ին մեղադրյալ Է.Սարգսյանն ազատվել է արգելանքից և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել` ստորագրություն չհեռանալու մասին:
2022 թվականի հուլիսի 8-ին Ա.Չալաբյանի և Է.Սարգսյանի նկատմամբ, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 236-րդ հոդվածի 2-րդ մասով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրանց մեղադրանք է ներկայացվել:
2022 թվականի հուլիսի 12-ին թիվ 59103822 քրեական վարույթի նյութերը` հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2023 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճռով Ավետիք Մկրտչի Չալաբյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատության սահմանափակման` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` արգելելով կազմակերպել հավաքներ, մասնակցել հավաքների և այլ հանրային միջոցառումների, ինչպես նաև` առանց նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության փոխել բնակության վայրը:
ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ` նշանակված պատժի ժամկետին հաշվակցվել է Ա.Չալաբյանի` փաստացի անազատության մեջ գտնվելու 3 (երեք) ամիս 12 (տասներկու) օրը` փաստացի անազատության մեջ գտնվելու մեկ օրը հաշվելով ազատության սահմանափակման երկու օրվա դիմաց: Արդյունքում Ա.Չալաբյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատության սահմանափակում` 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 5 (հինգ) օր ժամկետով` արգելելով կազմակերպել հավաքներ, մասնակցել հավաքների և այլ հանրային միջոցառումների, ինչպես նաև` առանց նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության փոխել բնակության վայրը:
Ա.Չալաբյանի պատժի սկիզբը հաշվվել է փաստացի կրման օրվանից և նրա նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոց գրավը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
3. Նույն դատավճռով Էմմա Գևորգի Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքում և դատապարտվել տուգանքի` 3.690.000 (երեք միլիոն վեց հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակված պատժին հաշվակցվել է մեղադրյալ Է.Սարգսյանի` փաստացի անազատության մեջ գտնվելու 2 օրը, նշանակված պատիժը մեղմացվել է և Է.Սարգսյանի նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 3.670.000 (երեք միլիոն վեց հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
4. Վերոնշյալ դատավճռի դեմ 2024 թվականի հունվարի 19-ին մեղադրյալ Ա.Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանի կողմից բերվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2024 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ բավարարվել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
5. Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը` 2024 թվականի նոյեմբերի 18-ին, իսկ մեղադրյալ Ա.Չալաբյանի պաշտպան Ա.Անդրիկյանը` նույն թվականի նոյեմբերի 21-ին, վճռաբեկ բողոքներ են ներկայացրել, որոնք Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ ընդունվել են վարույթ, և սահմանվել է բողոքների քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքների հիմքերը, փաստարկները և պահանջը.
I. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
6. Բողոքի հեղինակի պնդմամբ` Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա: Մասնավորապես, բողոքաբերի պնդմամբ` խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ, 21-րդ, 22-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև չի ապահովվել հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը, ապացուցման ենթակա հանգամանքներն ապացույցների բավարար համակցությամբ հաստատված լինելու պարագայում Վերաքննիչ դատարանը կատարել է հակառակի վերաբերյալ եզրահանգում: Բողոքաբերը նշել է նաև, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության ապահովման տեսանկյունից:
6.1. Բողոք բերած անձը, սույն վարույթով ձեռք բերված ապացույցները վերլուծելով վերաբերելի իրավական նորմերի, Վճռաբեկ դատարանի` ապացույցների բավարար համակցության վերաբերյալ մի շարք որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, գտել է, որ դրանք բավարար են եղել մեղադրյալներին մեղսագրվող հանցանքների կատարման մեջ վերջիններիս մեղքը հաստատված համարելու համար` իր անհամաձայնությունն արտահայտելով Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ Առաջին ատյանի դատարանի կողմից չի իրականացվել պատշաճ և համակողմանի քննություն, և որ մի շարք ապացույցներ լիարժեք չեն գնահատվել:
Այսպես, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ քրեական գործում առկա չէ որևէ տվյալ այն մասին, թե ինչպես է խնդրո առարկա ձայնագրությունը հայտնվել «* * * * * * * * *» լրատվական կայքում, և որ նշված ապացույցի թույլատրելիության վերաբերյալ հիմնավոր հետևության հանգելու համար Առաջին ատյանի դատարանի կողմից չեն հարցաքննվել վերոնշյալ լրատվական կայքի աշխատակիցները և տնօրենը` խնդրո առարկա ձայնագրության աղբյուրը բացահայտելու նպատակով, բողոքաբերը նշել է, որ ձայնագրության աղբյուրը բացահայտելու ուղղությամբ քննություն չկատարելու մասին տվյալը չի բխում վարույթի նյութերից, քանի որ վերոհիշյալ գործողությունները կատարելու ուղղությամբ նախաքննության ընթացքում ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, մասնավորապես, քննիչը «* * * * * * * * *» լրատվական կայքում և ֆեյսբուքյան էջերում փնտրելու արդյունքում չի հայտնաբերել կայքի գործունեության, գտնվելու վայրի և գլխավոր խմբագրի կամ այդ կայքի վերաբերյալ որևէ կոնտակտային տվյալ` արձանագրելով դրանց բացակայության փաստը, ինչից հետո համապատասխան հանձնարարություն է տվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնին` հիշյալ տվյալները, ինչպես նաև լրատվական կայքի աշխատակիցների, վիճարկվող ձայնագրության կատարման, լրատվական կայքին տրամադրողի և գործի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների մասին տվյալներ պարզելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ, սակայն քննության համար նշանակություն ունեցող տվյալներ չեն պարզվել: Բողոքաբերը նաև փաստել է, որ քննիչը պարզել է, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա է «* * * * * * * * * * * * *» անվանումով գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:
6.2. Բողոքաբերը, վկայակոչելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի կարգավորումները, փաստել է որ միջին ծանրության հանցանքի վերաբերյալ վարույթով, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական դատարանի` 2015 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴՈ-1234 որոշման համատեքստում, լրատվամիջոցը պարտավոր չէր բացահայտել լրատվության աղբյուրը:
Արդյունքում բողոքաբերն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի բեկանումն իրավաչափ չէ, քանի որ ակնհայտ է այլ արդյունքի հասնելու հեռանկարի բացակայությունը:
6.3. Բողոքաբերն իր անհամաձայնությունն է հայտնել նաև ձայնագրության` անհայտ աղբյուրից ձեռքբերված լինելու մասին գնահատականին` փաստելով, որ դրա ձեռքբերման աղբյուրը` «* * * * * * * *» լրատվական կայքն է: Բողոքաբերն արձանագրել է նաև, որ ձայնագրության աղբյուրը կրիչն է, որում այն առարկայացված է, այսինքն` անձը չի կարող լինել ձայնագրության աղբյուր` հաշվի առնելով, որ ձայնագրությունն անձնային ապացույց չէ, և դրանով փաստվող տվյալները չեն վերարտադրվում որևէ անձի կողմից:
Բողոքաբերը նաև նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված` Վահիկ Մխիթարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ԼԴ/0002/01/18 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները սույն վարույթով կիրառելի չեն, քանի որ խնդրո առարկա փաստերը նույնական չեն, և որ ձայնագրության կատարման վայրը հաշվի առնելով, ձայնագրության մեջ նշված անձինք չէին կարող ողջամտորեն ակնկալել, որ գտնվում են անձնական կյանքի տիրույթում:
6.4. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ Է.Սարգսյանի և *. * * * * * * ցուցմունքներում առկա են հակասություններ, և որ ձայնագրության հետ համակցության մեջ դիտարկելիս հնարավոր չէ միանշանակ հետևության հանգել մեղադրյալ Ա.Չալաբյանի` գումարի դիմաց ուսանողներին հավաքներին ներգրավվելու առաջարկի վերաբերյալ, բողոքաբերը, մեջբերելով Է.Սարգսյանի և *. * * * * * * կողմից նախաքննության ընթացքում տրված և դատարանում հետազոտված ցուցմունքները, փաստել է, որ դրանք բովանդակային առումով լրացնում են միմյանց, հետևաբար հավաստի են, և դրանցով հաստատվում է Ա.Չալաբյանի կողմից գումար առաջարկելու հանգամանքը: Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը հենց ինքն է իրավացիորեն արձանագրել, որ Է.Սարգսյանի տված ցուցմունքները բովանդակային առումով նույնական են խնդրո առարկա ձայնագրությունների հետ և հաստատում են դրանք:
6.5. Բողոքաբերն իր անհամաձայնությունն է արտահայտել *. * * * * * * * * չհարցաքննելու մասով Վերաքննիչ դատարանի այն դիտարկմանը, որ վերջինս ներկա է եղել ձայնագրությունում առկա խոսակցությանը, ուստի նրան չհարցաքննելը հանգեցրել է Առաջին ատյանի դատարանի կողմից ոչ լրիվ քննություն իրականացնելուն` արձանագրելով, որ Վերաքննիչ դատարանը նման հետևության է եկել` առանց հաշվի առնելու *. * * * * * * * * * դատավարական կարգավիճակը` սույն քրեական վարույթին առնչվող մեկ այլ քրեական վարույթով մեղադրյալ լինելու և հետախուզման մեջ գտնվելու հանգամանքը: Բողոքաբերը միաժամանակ նշել է, որ հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի այն դիտարկումը, որ հետախուզման մեջ գտնվող անձը պետք է հարցաքննվեր հատուկ կարգի կիրառմամբ, այն է` տեսակապի միջոցով, քանի որ իրացվելիության տեսանկյունից իրատեսական չէր Առաջին ատյանի դատարանի կողմից կոնկրետ անձի որոշելը, ով պետք է ապահովեր քննությունից խուսափող, հետախուզման մեջ գտնվող անձի գտնվելու վայրում նրա հարցաքննությունը:
6.6. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ դեպքի վայրի զննության ժամանակ Է.Սարգսյանը ցուցմունք է տվել իրեն հայտնի փաստական հանգամանքների վերաբերյալ` չպահպանվելով հարցաքննության համար սահմանված կարգը, բողոք բերած անձը փաստել է, որ դեպքի վայրի զննությունը կատարվել է 1998 թվականին հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածով սահմանված կարգի պահպանմամբ, համաձայն որի` քննիչն իրավունք ուներ զննությանը մասնակից դարձնել մեղադրյալին: Բողոքաբերը հատկանշական է համարել նաև այն, որ Է.Սարգսյանը դեպքի վայրի զննությունից առաջ արդեն իսկ պաշտպանի մասնակցությամբ հարցաքննված է եղել և դեպքի վայրի զննության ընթացքում մեղադրյալի կողմից կատարված դիտարկումները արձանագրվել են որպես մասնակցի հայտարարություն:
6.7. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի սեպտեմբերի 11-ի որոշումը ամբողջությամբ բեկանել և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտին:
II. Մեղադրյալ Ա.Չալաբյանի պաշտպան Ա.Անդրիկյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
7. Բողոքի հեղինակի պնդմամբ` Վերաքննիչ դատարանի որոշումը` Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու, փոփոխելու փոխարեն գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու մասով, օրինական և հիմնավոր չէ, Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված պահանջների էական խախտում:
Բողոքաբերը, մեջբերելով և վերլուծելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև` Եվրոպական դատարան) և Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները, ընդգծել է, որ Վերաքննիչ դատարանը, ունենալով հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխանության տեսանկյունից Առաջին ատյանի դատարանի դատական ակտի հետևությունները հետազոտված ապացույցների ծավալի շրջանակում համադրելու, գնահատելու և դրա արդյունքում հիմնավոր հետևության հանգելու դատավարական լիազորություն, չփարատված կասկածները հօգուտ մեղադրյալի մեկնաբանելու կանոնի կիրառմամբ, պետք է Ա.Չալաբյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը բեկաներ և հռչակեր վերջինիս անմեղությունը, մինչդեռ գործը նույն դատարան նոր քննության է ուղարկել` անտեսելով նաև արդարադատության արդյունավետության և քրեական գործի առարկայազուրկ շրջապտույտը կանխելու շահը:
7.1. Բողոք բերած անձը նաև նշել է, որ վերադաս դատական ատյանի կողմից բողոքարկվող դատական ակտը փոփոխելու դատավարական լիազորության իրացման պայմանների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր: Մասնավորապես, վերջինիս կողմից բարձրացվել է այն հարցը, թե արդյո՞ք այն դեպքում, երբ Վերաքննիչ դատարանն արձանագրում է Առաջին ատյանի դատարանի կողմից ապացույցների պատշաճ գնահատում իրականացված չլինելու, ինչպես նաև ապացույցների անբավարարության փաստը, վերջինս իրավասու է Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանել և գործն ուղարկել նոր քննության` դատական ակտը փոփոխելու փոխարեն:
Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի սեպտեմբերի 11-ի որոշումը փոփոխել` ճանաչելով և հռչակելով Ա.Չալաբյանի անմեղությունը:
III. Մեղադրյալ Ա.Չալաբյանի պաշտպան Ա.Անդրիկյանի կողմից ներկայացված պատասխանի փաստարկները.
8. Վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձը փաստել է, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն իր կողմից բերված բողոքում ևս ըստ էության ընդունել է, որ խնդրո առարկա ձայնագրության աղբյուրը մնացել է անհայտ, սակայն միևնույն ժամանակ չի արձանագրել, որ դրա հետևանքն այդ ձայնագրությունը որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիությունն է, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված` անհայտ աղբյուրից ձեռք բերված լինելու հետևանքով ապացույցն անթույլատրելի ճանաչելու հիմքը հավասարապես կիրառելի է ապացույցների բոլոր տեսակների համար, ինչից հետևում է, որ առարկայական ապացույցը, այդ թվում` ձայնագրառումը ևս պետք է ունենա հստակ աղբյուր, որը չի կարող համընկնել ձայնագրառման կրիչի հետ: Հակառակ մեկնաբանության պարագայում, ըստ բողոքի պատասխան ներկայացրած անձի, ցանկացած փաստական տվյալ ձայնագրառման եղանակով հնարավոր կլինի դարձնել առարկայական ապացույց և խուսափել դրա իրական աղբյուրը բացահայտելուց: Բողոքի պատասխան ներկայացրած անձը փաստել է, որ նախաքննության ընթացքում ձայնագրության իրական աղբյուրը չի պարզվել, Առաջին ատյանի դատարանն իր հերթին հրաժարվել է նշված հարցի կապակցությամբ քննություն իրականացնելուց, որն իրավաչափ կերպով ընդգծվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Բողոքի պատասխան ներկայացրած անձը, մեջբերելով և վերլուծելով Եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները, ընդգծել է, որ ձայնագրություն կատարող անձը կամ անձինք, անկախ նրանից, հատուկ ծառայությունների աշխատակիցներ են եղել թե ոչ, փաստացի խախտել են Ա.Չալաբյանի և այլ անձանց` ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրավունքները և առանց դատարանի որոշման ապօրինի միջամտություն են ունեցել նրանց հաղորդակցությանը` ընդգծելով նաև, որ խոսակցության` ձայնագրված երկրորդ հատվածը տեղի է ունեցել ոչ թե հանրային վայրում, այլ ուսանողական խորհրդի սենյակում, որը որևէ կերպ չի կարող համարվել հաղորդակցության գաղտնիության պահպանման ակնկալիք ողջամտորեն չենթադրող վայր:
8.1. Անդրադառնալով դեպքի վայրի զննության ժամանակ Է.Սարգսյանի կողմից կատարված հայտարարությունների առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի փաստարկներին` պաշտպան Ա.Անդրիկյանը փաստարկել է, որ դեպքի վայրի զննությունը եղել է Է.Սարգսյանի` քողարկված հարցաքննության միջոց, Է.Սարգսյանին չի պարզաբանվել ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքը, իսկ դեպքի վայրի զննության ժամանակ վերջինիս կողմից արված հայտարարությունները սկզբունքորեն հակասում են նախօրեին տված ցուցմունքներին: Պաշտպանը նշել է նաև, որ դեպքի վայրի զննությանը չի մասնակցել Է.Սարգսյանի պաշտպանը, որից նա հրաժարված չի եղել և որի մասնակցությունը պարտադիր է եղել համաձայն տվյալ պահին գործող քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի:
Արդյունքում պաշտպան Ա.Անդրիկյանը խնդրել է Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ. Գրիգորյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները և ստորադաս դատարանների իրավական դիրքորոշումները.
9. Ըստ մեղադրանքի` Ա.Չալաբյանի և Է.Սարգսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրական եզրակացության հիմքում, ի թիվս այլ ապացույցների, դրվել են 2022 թվականի մայիսի 12-ի որոշմամբ որպես այլ փաստաթուղթ ճանաչված` հետաքննության մարմնի կողմից դեռևս նյութերի նախապատրաստման ընթացքում կազմված` համացանցում հրապարակված տեսանյութն ուսումնասիրելու և ներբեռնելու մասին արձանագրությանը կցված` «* * * * * * * * *» լրատվական կայքում «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար. ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ» վերտառությամբ հրապարակված ձայնագրության պարունակությամբ լազերային սկավառակը և «* * * * * * * *» լրատվական ինտերնետային կայքում» * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * *» հղմամբ 2022 թվականի մայիսի 9-ին «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար. ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ» վերտառությամբ հրապարակված ձայնագրության պարունակությամբ լազերային սկավառակը(1):
______________________
1) Տե՛ս վարույթի նյութեր, 4-րդ հատոր, թերթեր 134-135:
9.1. 2022 թվականի մայիսի 11-ին նախաքննության մարմինը հանձնարարություն է տվել հետաքննության մարմնին, ի թիվս այլնի, իրականացնել համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` պարզելու համար, թե ով է կատարել նշված ձայնագրությունը, ինչ սարքի միջոցով, երբ և ում կողմից է այն տրամադրվել «* * * * * * * * *» լրատվական կայքին(2): Նշված հանձնարարության առնչությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների համաձայն` նշված ձայնագրությունը կատարողի, ձայնագրած սարքի և ձայնագրությունը լրատվական կայքին տրամադրած անձի վերաբերյալ տվյալներ չեն ստացվել(3):
_______________________
2) Տե՛ս վարույթի նյութեր, 1-ին հատոր, թերթեր 27-30:
3) Տե՛ս վարույթի նյութեր, 1-ին հատոր, թերթեր 43-45:
9.2. Նախաքննության մարմնի կողմից 2022 թվականի հունիսի 14-ին կազմված արձանագրության համաձայն` «* * * * * * * * *» լրատվական կայքում և ֆեյսբուքյան էջերում փնտրելու արդյունքում պարզվել է, որ առկա չէ լրատվական կայքի գործունեության, գտնվելու վայրի և գլխավոր խմբագրի կամ իրավաբանական անձի հնարավոր անվանման վերաբերյալ որևէ տվյալ(4):
_______________________
4) Տե՛ս վարույթի նյութեր, 3-րդ հատոր, թերթ 1:
9.3. 2022 թվականի հունիսի 14-ին նախաքննության մարմինը հանձնարարություն է տվել հետաքննության մարմնին իրականացնել համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` պարզելու համար «* * * * * * * * *» լրատվական կայքի գործունեության հստակ հասցեն, նշված լրատվական կայքի գլխավոր խմբագրի, համակարգողի, տնօրենի, դրանում աշխատող լրագրողների անձնագրային տվյալները, ինչպես նաև պարզելու համար, թե ով է կատարել նշված ձայնագրությունը, ինչ սարքի միջոցով, երբ և ում կողմից է տրամադրվել «* * * * * * * * *» լրատվական կայքին, ինչ եղանակով և ում է տրամադրվել, արդյոք հրապարակված ձայնագրությունը նույնությամբ է տրամադրվել նշված կայքին, թե այն կայքի որևէ աշխատակցի կողմից կրճատվել կամ տեխնիկական միջոցների կիրառմամբ ձևափոխվել է(5):
________________________
5) Տե՛ս վարույթի նյութեր, 3-րդ հատոր, թերթեր 8-10:
9.4. ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կայքից ներբեռնված քաղվածքի համաձայն` ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա է «* * * * * * * * *» անվանումով գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն(6):
_______________________
6) Տե՛ս վարույթի նյութեր, 3-րդ հատոր, թերթեր 11-14:
9.5. Նախաքննության մարմինը 2022 թվականի հունիսի 14-ին գրություն է ուղարկել «* * * * * * * * *» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն *. * * * * * * * * * * *, որով խնդրել է հանձնարարել համապատասխան աշխատակիցներին քննությանը տրամադրել նշված նյութի աղբյուրի վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես հայտնել, թե ում կողմից կամ ինչ եղանակով է հրապարակված ձայնագրությունը տրամադրվել «* * * * * * * * *» կայքին կամ ինչ եղանակով է նշված կայքը ձեռք բերել նշված ձայնագրությունը, արդյոք հիշյալ ձայնագրությունը, որը տեղադրվել է 2022 թվականի մայիսի 9-ին «* * * * * * * * *» կայքում, հենց նշված տևողությամբ է ձեռք բերել կայքը, թե այն կայքի խմբագիրների կամ լրագրողների կողմից կրճատվել, փոփոխվել է, արդյոք նշված կայքը տիրապետում է հիշյալ ձայնագրության հնարավոր ամբողջական տարբերակին, թե ոչ(7):
_______________________
7) Տե՛ս վարույթի նյութեր, 3-րդ հատոր, թերթեր 15-16:
10. Է.Սարգսյանը 2022 թվականի մայիսի 13-ին հարցաքննվել է որպես մեղադրյալ(8), իսկ մայիսի 14-ին դիմում է ներկայացրել նախաքննության մարմնին, որով հայտնել է իր պատրաստակամությունը, ի աջակցություն նախաքննությանը, իր մատնանշած հանդիպման վայրերը ցույց տալ տեղում և որ նշված գործողությանն իր պաշտպանի բացակայությունը խոչընդոտ չէ, քանի որ ինքը համաձայն է մասնակցել այդ գործողությանն առանց իր պաշտպանի(9):
_______________________
8) Տե՛ս վարույթի նյութեր, 1-ին հատոր, թերթեր 207-215:
9) Տե՛ս վարույթի նյութեր, 1-ին հատոր, թերթ 241:
11. 2022 թվականի դեկտեմբերի 1-ին * * * * * * * * * * * * * * * ներկայացուցիչ * * * * * * * * * * * * * * * դիմում է ներկայացրել Առաջին ատյանի դատարան այն մասին, որ *. * * * * * * * * * * * չի բնակվում Հայաստանի Հանրապետությունում, վերջինիս բնակության վայրը * * * * * * * * * * * * * * * * * * * է, սակայն պատրաստակամություն է հայտնել հարցաքննվել, ու խնդրել է տեղեկացնել, թե ինչ եղանակով է հնարավոր հեռակա եղանակով կազմակերպել վկայի հարցաքննությունը(10): 2023 թվականի ապրիլի 21-ի դատական նիստի ժամանակ Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել *. * * * * * * * * * * * տեսակապով հարցաքննելու միջնորդությունը մերժելու մասին` պայմանավորված վերջինիս` մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունենալու հանգամանքով(11):
________________________
10) Տե՛ս վարույթի նյութեր, 7-րդ հատոր, թերթ 90:
11) Տե՛ս 2023 թվականի ապրիլի 21-ին դատական նիստի արձանագրությունը, 8-րդ հատոր, թերթեր 64-69:
11.1. 2023 թվականի նոյեմբերի 27-ի դատական նիստի ընթացքում Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել մերժել մեղադրյալ Ա.Չալաբյանի պաշտպանների միջնորդությունը` «* * * * * * * * * * * *» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենին և փաստացի ղեկավարին հարցաքննելու և կայքում հրապարակված ձայնագրության վերաբերյալ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով հարցում կատարելու մասին(12):
_________________________
12) Տե՛ս վարույթի նյութեր, 9-րդ հատոր, թերթեր 59-61, 2023 թվականի նոյեմբերի 27-ի դատական նիստի արձանագրությունը, թերթեր 63-66:
12. Ավետիք Մկրտչի Չալաբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նա. «(...) Հանդիսանալով ՀՀ-ում գործունեություն ծավալող «* * * *» շարժման համահիմնադիր և 2022 թվականի ապրիլի 25-ից ՀՀ-ում մեկնարկած «* * * * * * * * * * *» և «* * * * * * * * * *» շարժումների ակտիվ անդամ և նպատակ ունենալով ՀՀ-ում իրականացվող հավաքներին` անհնազանդության ակցիաներին, փողոցներ փակելու գործողություններին, ցույցերին, դասադուլներին, բազմամարդությունն ապահովելու և այդ կերպ լայն շրջանակներ ներգրավելու համար նյութական շահագրգռվածության դիմաց մասնակից դարձնել նաև * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * շուրջ 2000 ուսանողների, նույն համալսարանի դասախոս Էմմա Գևորգի Սարգսյանի և քննությամբ դեռևս չպարզված ոմն * * * * * * * հետ նախնական համաձայնությամբ, 2022 թվականի մայիսի 4-ին նախաձեռնել են հանդիպում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * հետ և նույն օրը` ժամը 13:00-ի սահմաններում, * * * * * * * * * * * * * * * հետ հանդիպել են * * * * * * * * քաղաքի * * * * * * * * * * հասցեում գտնվող «* * * * *» ռեստորանում, որտեղ Է.Սարգսյանի և ոմն * * * * * հետ միասին Ա.Չալաբյանը *. * * * * * * * * * և նրա միջոցով * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * ուսանողական խորհրդի անդամներին և համալսարանի ուսանողներին նյութապես շահագրգռել է» * * * * * * * * * * *» և «* * * * * * * * * *» շարժումների հավաքներին` անհնազանդության ակցիաներին, փողոցներ փակելու գործողություններին, ցույցերին, դասադուլներին մասնակցելու նպատակով` առաջարկելով *. * * * * * * * մոբիլիզացնել շուրջ 2000 ուսանողի, որի դիմաց 2022 թվականի մայիսի 8-ին Ա.Չալաբյանի, ոմն * * * * * * * * և Է.Սարգսյանի նախնական համաձայնությամբ վերջինիս կողմից *. * * * * * * * * * * * * * * * քաղաքի * * * * * * * * * հասցեում գտնվող` * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * ուսանողական խորհրդի սենյակում առաջարկվել է 2000 ուսանողներին հավաքին մասնակցելու նպատակով որպես նյութական շահագրգռվածություն տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար»(13):
________________________
13) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 168-169:
13. Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «Ստուգելով մեղադրյալներից յուրաքանչյուրի ցուցմունքները, համադրելով դրանք քրեական գործով ձեռք բերված և հետազոտված մյուս ապացույցների հետ, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում գնահատելով դրանք վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, իսկ բոլոր ապացույցների համակցությունը` հիմնավոր եզրափակիչ դատավարական ակտ կայացնելու համար բավարարության տեսանկյունից, պատշաճ հետազոտման և վերլուծության վրա հիմնված ներքին համոզմամբ` Դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ավետիք Չալաբյանի ցուցմունքները` մեղադրանքը հերքելու մասով, իրականությանը չեն համապատասխանում, քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակ են հետապնդում և հերքվում են վերոհիշյալ ապացույցներով:
Դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ավետիք Մկրտչի Չալաբյանի կողմից, նրա մեղավորությամբ, խմբի կազմում, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելն ապացուցված է, այսինքն մեղադրյալին վերագրվող փաստական հանգամանքները (արարքը) ապացուցված են, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին:
Ապացուցված է նաև մեղադրյալ Էմմա Գևորգի Սարգսյանի կողմից, նրա մեղավորությամբ, խմբի կազմում, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին: (...)»(14):
________________________
14) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 10-րդ, թերթեր 92-107:
14. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելով և գործն ուղարկելով նույն դատարան նոր քննության, արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանի կողմից չի իրականացվել պատշաճ և համակողմանի քննություն և ձեռք բերված մի շարք ապացույցներ չեն արժանացել Առաջին ատյանի դատարանի լիարժեք գնահատմանը և բավարար ապացույցների համակցության հիման վրա վերջնական դատական ակտ կայացնելու համար չեն իրականացվել բոլոր անհրաժեշտ դատավարական և վարութային գործողությունները:
Մասնավորապես, անդրադառնալով Բողոքաբերի այն փաստարկներին, որ քննարկվող ձայնագրությունը ձեռք է բերվել անհայտ աղբյուրից, քանի որ որևէ տեղեկություն քրեական գործում առկա չէ այն մասին, թե ինչպես է նշված ձայնագրությունը հայտնվել «* * * * * * * * * *» լրատվական կայքում` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանք հիմնավոր են, և փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից քննարկվող հարցի վերաբերյալ չի կատարվել պատշաճ քննություն, այդ թվում` չեն հարցաքննվել վերոնշյալ լրատվական կայքի աշխատակիցները և տնօրենը: Մինչդեռ հիշյալ հանգամանքի պարզումն էական նշանակություն ունի ապացույցի տվյալ տեսակի «ճակատագիրը» որոշելու հարցում:
Ուստի Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշված ապացույցի թույլատրելիության վերաբերյալ հիմնավոր հետևության հանգելու համար, անհրաժեշտ է հարցաքննել «* * * * * * * * * *» լրատվական կայքի աշխատակիցներին և տնօրենին` խնդրո առարկա ձայնագրության աղբյուրը բացահայտելու նպատակով: Նման հետևությունները պայմանավորված են նաև այն էական հանգամանքով, որ վերոնշյալ ապացույցն ամբողջական չէ, և ըստ քրեական գործում առկա նյութերի` տևական ժամանակ կայացած հանդիպումներն ու խոսակցությունները ներկայացվել են այդ խոսակցությունների տարբեր հատվածներից հավաքված ընդամենը 4/չորս/ րոպե 35/երեսունհինգ/ վայրկյան տևողությամբ ձայնագրությամբ:
Միևնույն ժամանակ հարկ է փաստել, որ վերոնշյալ հանգամանքը պարզելուց հետո անհրաժեշտ է քննարկել ձայնագրության` որպես ապացույց օգտագործման իրավաչափությունը (թույլատրելիությունը)` Վճռաբեկ դատարանի` Վահիկ Մխիթարյանի վերաբերյալ 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ԼԴ/0002/01/18 գործով կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում:
Բացի այդ, անդրադառնալով նաև ցուցմունքներում առկա հակասություններին` մասնավորապես` Ավետիք Չալաբյանի կողմից գումար առաջարկելու մասով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատավարության մասնակիցների (մասնավորապես Էմմա Սարգսյանի, * * * * * * * * * * * * * * * *) ցուցմունքները ձայնագրության հետ համակցության մեջ դիտարկելիս հնարավոր չէ միանշանակորեն հանգել` մեղադրյալ Ավետիք Չալաբյանի` գումարի դիմաց ուսանողներին հավաքներին ներգրավվելու առաջարկի վերաբերյալ հետևության: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ նման հանգամանքի պարզման համար անհրաժեշտ է իրականացնել մեղադրյալ Էմմա Սարգսյանի ցուցմունքների (առնվազն նախաքննական ցուցմունքների, քանի որ վերջինս դատաքննական փուլում հրաժարվել է ցուցմունք տալուց) և * * * * * * * * * * * * ցուցմունքների բազմակողմանի գնահատում, քանի որ Վերաքննիչ դատարանը` մեղադրյալ Էմմա Սարգսյանի ցուցմունքը ողջամտության սահմաններում գնահատելիս, գտնում է, որ այն ըստ էության քննարկվող ձայնագրության վերարտադրությունն է:
Անդրադառնալով * * * * * * * * * * * * * * * * չհարցաքննելու վերաբերյալ Բողոքաբերի փաստարկներին, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանք հիմնավոր են և փաստում է, որ քննարկվող իրավիճակում, երբ * * * * * * * * * * * * * * պատրաստակամություն էր հայտնել հարցաքննվելու և կարող էր տիրապետել սույն գործի համար էական նշանակություն ունեցող տեղեկատվության` պայմանավորված քննարկումներին վերջինիս մասնակցությամբ (մասնավորապես * * * * * * * * * * * * ներկա էր գտնվել ձայնագրությունում առկա խոսակցությանը), նրան չհարցաքննելու տեսանկյունից Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավոր չեն, և կրկին վկայում են, որ հիշյալ հարցի կապակցությամբ Առաջին ատյանի դատարանը չի իրականացրել լրիվ քննություն:
Բացի այդ, անդրադառնալով դեպքի վայրի զննության արձանագրության թույլատրելիության վերաբերյալ Բողոքաբերի փաստարկներին` Վերաքննիչ դատարանը հարկ է համարում փաստել հետևյալը.
Այսպես.
ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը (այդ թվում` նախկին) ամրագրել է յուրաքանչյուր ապացուցողական գործողության կատարման կարգը, էական պայմանները, ինչպես նաև` համապատասխան մասնակից անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության նպատակով` մի շարք երաշխիքներ: Օրենսդիրը սահմանել է յուրաքանչյուր քննչական գործողության մասնակիցների ծավալը, կիրառման ենթակա տեխնիկական միջոցները, և այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք են, օրինակ` քննչական գործողությունների մասնակիցներին քննչական գործողությունների էությունը բացատրելը, պաշտպանի մասնակցությունը և այլն:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների հիման վրա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ անթույլատրելի է մի քննչական գործողության ընթացքում կատարել մեկ այլ քննչական գործողություն (ըստ էության քողարկված եղանակով), քանի որ տվյալ դեպքում չեն պահպանվի մի շարք օրենսդրական պայմաններ, երաշխիքներ, որոնք ըստ էության պետք է պահպանվեին համապատասխան ապացուցողական գործողություններն իրականացնելիս:
Անդրադառնալով սույն գործում առկա փաստական հանգամանքներին` Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Բողոքաբերի փաստարկների հետ և արձանագրում է, որ տվյալ դեպքում, դեպքի վայրի զննության ժամանակ մեղադրյալ Էմմա Սարգսյանը ցուցմունք է տվել իրեն հնարավոր հայտնի հանգամանքների վերաբերյալ, ինչն ըստ էության պետք է կատարվեր մեկ այլ քննչական գործողության համար սահմանված կարգով: Մասնավորապես` քննարկվող իրավիճակում, երբ Էմմա Սարգսյանն ըստ էության տվել է ցուցմունք, ակնհայտ է, որ չի պահպանվել հարցաքննության համար սահմանված կարգը: Առնվազն տվյալ դեպքում իրականացվող ապացուցողական գործողությանը (դեպքի վայրի զննություն/մեղադրյալի հարցաքննություն) չի մասնակցել պաշտպանը, այն դեպքում, երբ օրենքով սահմանված կարգով վերջինս չի հրաժարվել պաշտպան ունենալու իր իրավունքից, չի պարզաբանվել ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքը, չի նախազգուշացվել սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության ենթակա լինելու մասին (ինչն ըստ էության կբացառի վերջինիս` հետագայում պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը), և այլն: Միևնույն ժամանակ հարկ է փաստել, որ սույն քրեական գործով մյուս մեղադրյալը նշված իրավիճակում չի կարող օգտվել իր հակընդդեմ հարցման իրավունքից:
Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը դեպքի վայրի զննության արձանագրության ընթացքում մեղադրյալ Էմմա Սարգսյանի կողմից հայտնած տվյալները (ցուցմունքը) հետազոտված թույլատրելի ապացույցների շարքում դիտարկելիս ըստ էության չի հիմնվել ինչպես գործում առկա փաստական հանգամանքների, այնպես էլ քրեադատավարական նորմերի պատշաճ վերլուծության վրա:
Միևնույն ժամանակ անդրադառնալով Բողոքաբերի փաստարկներին առ այն, որ չի ապահովվել մեղադրյալ Ավետիք Չալաբյանի` մեղադրյալ Էմմա Սարգսյանին հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքը, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հիմնավոր չեն Բողոքաբերի վերոգրյալ փաստարկները, քանի որ քրեական գործի նյութերում առկա է մեղադրյալ Էմմա Սարգսյանի` ցուցմունքներ տալուց հրաժարվելու վերաբերյալ դիմումը, որն ըստ էության հավասարազոր է վերջինիս` որպես մեղադրյալ լռելու իրավունքին:
Անդրադառնալով նաև քննարկվող հոդվածի և նշանակված պատժի հակասահմանադրական լինելու մասով Բողոքաբերի` վերաքննիչ բողոքում առկա փաստարկներին` Վերաքննիչ դատարանը փաստում է, որ թեև դատաքննության ընթացքում չներկայացվեց ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդություն (քանի որ խնդրո առարկա հոդվածի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցն արդեն իսկ գտնվում է ՀՀ Սահմանադրական դատարանի վարույթում), այնուամենայնիվ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, առերևույթ առկա չեն ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի և մեղադրյալ Ավետիք Չալաբյանի նկատմամբ նշանակված պատժի` ՀՀ Սահմանադրությանը հակասելու այնպիսի հիմքեր, որոնք կարող էին անհրաժեշտություն առաջացնել` համապատասխան միջնորդությամբ դիմելու ՀՀ Սահմանադրական դատարան:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքում առկա մնացած փաստարկներին անդրադառնալն ըստ էության առարկայազուրկ է, քանի որ վերը արձանագրված հիմնավորումներով առկա չեն Առաջին ատյանի դատարանի հետևությունների հետ համաձայնելու հիմքեր:
Վերաքննիչ դատարանը, գնահատման ենթարկելով սույն գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները, արձանագրում է, որ հիմնավոր չեն Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցների վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունները, քանի որ սույն քրեական գործով չի կատարվել պատշաճ և համակողմանի դատաքննություն, ինչի արդյունքում ինչպես չի իրականացվել գործում առկա (նախաքննության ընթացքում ձեռք բերված) ապացույցների պատշաճ գնահատում, այնպես էլ Առաջին ատյանի դատարանի կողմից չեն ձեռնարկվել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր միջոցները մեղադրյալի մեղավորությունը (կամ անմեղությունը) հաստատող փոխկապակցված ապացույցների համակցության հիման վրա վերջնական դատական ակտ կայացնելու ուղղությամբ: Այլ կերպ` Առաջին ատյանի դատարանի կողմից ընդունելի ապացույցների համակցությունը Վերաքննիչ դատարանի գնահատմամբ բավարար չէ մեղադրյալ Ավետիք Չալաբյանի նկատմամբ մեղադրական կամ արդարացման դատավճիռ կայացնելու համար, ինչպիսի հանգամանքը հաշվի առնելով Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերոգրյալ հիմնավորումներով անհրաժեշտ է ամբողջացնել ապացույցների ծավալը` հաստատելու կամ հերքելու համար մեղադրյալ Ավետիք Չալաբյանին առաջադրված մեղադրանքը:
Այսպիսով, վերոգրյալի հաշվառմամբ, Վերաքննիչ դատարանը հանգում է նաև այն հետևության, որ Վերաքննիչ դատարանի լիազորությունները և հնարավորությունները տվյալ դեպքում բավարար չեն նոր դատական ակտ կայացնելու և դրա իրավաչափությունը ապահովելու համար: Ուստի Բողոքաբերի` վերաքննիչ բողոքում նշված փաստարկների վերաբերյալ իրավաչափ հետևության հանգելու և բավարար ապացույցների համակցության հիման վրա վերջնական դատական ակտ կայացնելու համար, անհրաժեշտ է թիվ ԵԴ/1174/01/22 քրեական գործով 2023 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճիռը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության
: Անդրադառնալով խափանման միջոցի հարցին` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավը պետք է թողնել անփոփոխ (...)»(15):
_________________________
15) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 12-րդ, թերթեր 6-54:
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.
15. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է` իրավաչափ է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելը և վարույթը նույն դատարան նոր քննության փոխանցելն այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի լիազորությունները և հնարավորությունները տվյալ դեպքում բավարար չեն նոր դատական ակտ կայացնելու և դրա իրավաչափությունն ապահովելու համար:
16. ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «(...) Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: (...)»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև` Եվրոպական կոնվենցիայի) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի համաձայն` «Վերաքննության արդյունքով վերաքննիչ դատարանը`
1) դատական ակտը թողնում է անփոփոխ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն գտնում է, որ գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ մասնակի սխալ է հիմնավորված, ապա հիմնավորում է անփոփոխ թողնված դատական ակտը.
2) ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է դատական ակտը: Բեկանված մասով կայացնում է նոր դատական ակտ կամ վարույթը փոխանցում է առաջին ատյանի համապատասխան դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը.
3) փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը, եթե փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.
2. Դատական ակտը բեկանելիս վերաքննիչ դատարանն իրավասու է վարույթը փոխանցելու առաջին ատյանի դատարան միայն այն դեպքում, երբ սույն օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունները և հնարավորությունները բավարար չեն իր կողմից կայացվելիք նոր դատական ակտի իրավաչափությունն ապահովելու համար»:
Նույն օրենսգրքի 373-րդ հոդվածի համաձայն` «Պարզելով, որ փաստական հանգամանքների մասին առաջին ատյանի դատարանի դատական ակտում շարադրված` դատարանի հետևությունները չեն համապատասխանում առաջին ատյանի դատարանում կամ վերաքննիչ դատարանում հետազոտված ապացույցներին, վերաքննիչ դատարանն ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է դատական ակտը` կայացնելով նոր դատական ակտ կամ վարույթը փոխանցելով առաջին ատյանի դատարան` նոր դատաքննության, կամ փոփոխում է դատական ակտը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Պարզելով, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի [նույն հոդվածի 1-ին մասի 1-12-րդ կետերով չնախատեսված] այլ էական խախտում, վերաքննիչ դատարանը փոփոխում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը կամ բեկանում է այն` վարույթը փոխանցելով առաջին ատյանի դատարան` նոր դատաքննության»:
17. Վերոշարադրյալ քրեադատավարական նորմերի վերլուծությունից բխում է, որ Վերաքննիչ դատարանը, պարզելով, որ փաստական հանգամանքների մասին առաջին ատյանի դատարանի դատական ակտում շարադրված` դատարանի հետևությունները չեն համապատասխանում առաջին ատյանի դատարանում կամ վերաքննիչ դատարանում հետազոտված ապացույցներին, ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է դատական ակտը` կայացնելով նոր դատական ակտ կամ վարույթը փոխանցելով առաջին ատյանի դատարան` նոր դատաքննության, կամ փոփոխում է դատական ակտը: Վերաքննության արդյունքում բողոքարկվող դատական ակտը փոփոխելու կամ այն բեկանելուց հետո վարույթը նոր քննության փոխանցելու կամ տեղում նոր դատական ակտ կայացնելու լիազորությունների իրացման պայմանների առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով (այսուհետ` նաև ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգիրք) նախատեսված համանման լիազորությունների առնչությամբ ձևավորած իրավական դիրքորոշումն առ այն, որ վերաքննիչ դատարանն իրավասու է բեկանել բողոքարկված դատական ակտը և վարույթը փոխանցել նոր քննության և սահմանել նոր քննության ծավալ` նպատակ ունենալով.
ա) լրացնել վերաքննության կարգով գործն ամբողջ ծավալով քննելու իրավազորության բացակայությունը,
բ) կանխել վերաքննիչ դատարանի կողմից որպես առաջին ատյանի դատարան հանդես գալու հնարավորությունը,
գ) ապահովել դատական ատյանների միջև գործառութային կապերի տրամաբանական բնույթը,
դ) երաշխավորել մեղադրյալի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը` նոր քննության արդյունքում առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտի հետ անհամաձայնության դեպքում վերաքննության կարգով բողոք ներկայացնելու տեսանկյունից(16):
_________________________
16) Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի` 2007 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ ՍԴՈ-720, 2009 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ ՍԴՈ-832 որոշումները, Վճռաբեկ դատարանի` Հրաչ Մակարյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴ3/0019/01/11, Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0016/01/14 որոշումները:
17.1. Վերահաստատելով վկայակոչված դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ վերաքննիչ դատարանի կողմից տվյալ լիազորությունը ենթակա է իրացման այն դեպքերում, երբ վերաքննության գործառութային առանձնահատկություններով պայմանավորված` վերաքննիչ վերանայման գործիքակազմը բավարար չէ արձանագրված նյութական կամ դատավարական իրավունքի խախտումները վերացնելու համար, և առաջին ատյանի դատարանում գործի նոր քննությունն անհրաժեշտ է կայացվելիք դատական ակտի արդարացիությունը և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքն ապահովելու առումով: Հետևաբար, յուրաքանչյուր դեպքում, ելնելով կոնկրետ գործի փաստական հանգամանքներից, բողոքարկված դատական ակտը բեկանելուց հետո նոր դատական ակտ կայացնելու կամ գործը նոր քննության ուղարկելու մասին որոշում կայացնելիս, վերաքննիչ դատարանը պետք է գնահատի, թե որքանով է վերաքննիչ վերանայման գործիքակազմը բավարար գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննությունն ապահովելու և արձանագրված դատական սխալները վերացնելու համար: Ընդ որում, բոլոր այն դեպքերում, երբ վերաքննության գործառութային առանձնահատկությունները թույլ են տալիս լուծել նշված խնդիրները, վերաքննիչ դատարանի որոշումը, որպես կանոն, պետք է լինի նոր դատական ակտի կայացումը` ելնելով դատավարական խնայողության և արդարադատության արդյունավետության շահից, բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված` վարույթը նոր քննության փոխանցելու պարտադիր դեպքերի(17):
_________________________
17) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հենրիկ Բարսեղյանի և Արման Մարջանյանի գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԿԴ/0259/01/16 որոշումը:
17.2. Վերոշարադրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ վերաքննիչ դատարանին թույլ տրված դատական սխալներն ուղղելու և նոր դատական ակտ կայացնելու լիազորություն վերապահելը սերտորեն փոխկապակցված է վերաքննության կարգով դատաքննության առանձնահատկությունների, այն է` վերաքննիչ դատարանում գործում եղած կամ նոր ներկայացված ապացույցները հետազոտելու և գործի փաստական կողմը վերանայելու օրենսդրական հնարավորության հետ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 367-369-րդ հոդվածներ):
Բացի այդ, հարկ է նկատել, որ վերաքննիչ դատարանի կողմից նոր դատական ակտ կայացնելու լիազորության նախատեսումը կոչված է նաև բացառելու դատական շրջապտույտը, այն բխում է դատավարական խնայողության և արդարադատության արդյունավետության շահից` այնքանով, որքանով երաշխավորում է արդար դատաքննության իրավունքի կարևորագույն տարրերից մեկը` ողջամիտ ժամկետում գործի քննության հիմնարար պահանջի իրացումը(18):
__________________________
18) Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի` վերը նշված որոշումները, Վճռաբեկ դատարանի` Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի գործով վերը հիշատակված որոշումը:
18. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու և վարույթը նոր քննության փոխանցելու մասին որոշմամբ փաստելով թույլ տրված դատական սխալներն ուղղելու լիազորությունների և հնարավորությունների բացակայությունը, արձանագրել է, որ.
- «* * * * * * * * * *» լրատվական կայքում հրապարակված ձայնագրության առնչությամբ Առաջին ատյանի դատարանի կողմից չի կատարվել պատշաճ քննություն, այդ թվում` չեն հարցաքննվել վերոնշյալ լրատվական կայքի աշխատակիցները և տնօրենը` խնդրո առարկա ձայնագրության աղբյուրը բացահայտելու նպատակով, ինչն անհրաժեշտ էր նշված ապացույցի թույլատրելիության վերաբերյալ հիմնավոր հետևության հանգելու համար, քանի որ վերոնշյալ ապացույցն ամբողջական չէ, և ըստ քրեական գործում առկա նյութերի` տևական ժամանակ կայացած հանդիպումներն ու խոսակցությունները ներկայացվել են այդ խոսակցությունների տարբեր հատվածներից հավաքված ընդամենը չորս րոպե երեսունհինգ վայրկյան տևողությամբ ձայնագրությամբ: Վերոնշյալ հանգամանքը պարզելուց հետո միայն անհրաժեշտ էր քննարկել ձայնագրության` որպես ապացույց օգտագործման իրավաչափությունը (թույլատրելիությունը)` Վճռաբեկ դատարանի` Վահիկ Մխիթարյանի գործով կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում,
- մեղադրյալ Է.Սարգսյանի և վկա *. * * * * * * * ցուցմունքները ձայնագրության հետ համակցության մեջ դիտարկելիս հնարավոր չէ միանշանակ հետևության հանգել մեղադրյալ Ա.Չալաբյանի` գումարի դիմաց ուսանողներին հավաքներին ներգրավվելու առաջարկի վերաբերյալ, ուստի անհրաժեշտ է իրականացնել մեղադրյալ Է.Սարգսյանի ցուցմունքների (առնվազն նախաքննական ցուցմունքների, քանի որ վերջինս դատաքննական փուլում հրաժարվել է ցուցմունք տալուց) և *. * * * * * * * * * ցուցմունքների բազմակողմանի գնահատում, քանի որ Է.Սարգսյանի ցուցմունքն ըստ էության քննարկվող ձայնագրության վերարտադրությունն է,
- քանի որ * * * * * * * * * * * * * * պատրաստակամություն էր հայտնել հարցաքննվելու և կարող էր տիրապետել վարույթի համար էական նշանակություն ունեցող տեղեկությունների, ներկա էր գտնվել ձայնագրությունում առկա խոսակցությանը, նրան չհարցաքննելու տեսանկյունից Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավոր չեն, և կրկին վկայում են, որ հիշյալ հարցի կապակցությամբ Առաջին ատյանի դատարանը չի իրականացրել լրիվ քննություն,
- դեպքի վայրի զննության ժամանակ մեղադրյալ Էմմա Սարգսյանը ցուցմունք է տվել իրեն հնարավոր հայտնի հանգամանքների վերաբերյալ, ինչն ըստ էության պետք է կատարվեր մեկ այլ քննչական գործողության` հարցաքննության համար սահմանված կարգով` չզրկելով նաև մյուս մեղադրյալին հակընդդեմ հարցման իրավունքից: Նշված գործողությանը չի մասնակցել պաշտպանը, այն դեպքում, երբ օրենքով սահմանված կարգով վերջինս չի հրաժարվել պաշտպան ունենալու իր իրավունքից, քննիչը չի պարզաբանել ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքը, չի նախազգուշացրել սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության ենթակա լինելու մասին:
19. Անդրադառնալով խնդրո առարկա ձայնագրության աղբյուրն անհայտ լինելու մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգմանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 39-րդ կետի համաձայն` ապացույցը փաստի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ստացված տվյալ է, որի հիման վրա քննիչը, դատախազը, դատարանը պարզում են ապացուցման ենթակա հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաև վարույթի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ, իսկ նույն օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քրեական վարույթում ապացույց են` համապատասխան դատավարական կարգավիճակ ունեցող անձանց ցուցմունքները, փորձագետի կարծիքը, իրեղեն ապացույցները, ապացուցողական և վարութային այլ գործողությունների արձանագրությունները և արտավարութային փաստաթղթերը: Վերոնշյալից բխում է, որ ապացույցների ստացման աղբյուրներ դիտարկվում են այն անձինք (վկան, տուժողը, մեղադրյալը, փորձագետը և այլն) և իրերը (փաստաթղթերը, էլեկտրոնային և այլ կրիչները, առարկաները), որոնցից ստացվում են վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ փաստական տվյալները: Ուստի, ինչ վերաբերում է խնդրո առարկա ձայնագրությանը, ապա դրա աղբյուրն այն կրիչն է` «* * * * * * * * * * *» լրատվական կայքում առկա հղումը, որում պարունակվում է սույն վարույթով մեղադրյալների խոսակցությունը, այլ ոչ թե այն անձը, ով կատարել է նշված ձայնագրությունը կամ այն փոխանցել է «* * * * * * * * * * *» լրատվական կայքին: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում նշված ձայնագրության աղբյուրն անհայտ լինելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները:
19.1. Ինչ վերաբերում է «* * * * * * * * * * *» լրատվական կայքի տնօրենին ու աշխատակիցներին հարցաքննելու անհրաժեշտությանը, ապա դրանով կարող էր պարզվել ոչ թե ձայնագրության, այլ դրա ձեռքբերման աղբյուրը: Սակայն այս առնչությամբ էլ Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել այն հանգամանքը, որ նախաքննության ընթացքում ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, մասնավորապես, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին` ի թիվս այլնի, իրականացնել համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` պարզելու համար, թե ով է կատարել նշված ձայնագրությունը, ինչ սարքի միջոցով, երբ և ում կողմից է այն տրամադրվել «* * * * * * * * * * *» լրատվական կայքին, սակայն այդ միջոցառումներն արդյունք չեն տվել: Ապա նախաքննության մարմինը «* * * * * * * * * * *» լրատվական կայքում և ֆեյսբուքյան էջերում փնտրելու արդյունքում չհայտնաբերելով կայքի գործունեության, գտնվելու վայրի և գլխավոր խմբագրի կամ այդ կայքի վերաբերյալ որևէ կոնտակտային տվյալ, դարձյալ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին` իրականացնել համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` պարզելու համար «* * * * * * * * * * *» լրատվական կայքի գործունեության հստակ հասցեն, նշված լրատվական կայքի գլխավոր խմբագրի, համակարգողի, տնօրենի, դրանում աշխատող լրագրողների անձնագրային տվյալները, ինչպես նաև պարզելու համար, թե ով է կատարել նշված ձայնագրությունը, ինչ սարքի միջոցով, երբ և ում կողմից է տրամադրվել «* * * * * * * * * * *» լրատվական կայքին, ինչ եղանակով և ում է տրամադրվել, արդյոք հրապարակված ձայնագրությունը նույնությամբ է տրամադրվել նշված կայքին, թե այն կայքի որևէ աշխատակցի կողմից կրճատվել կամ տեխնիկական միջոցների կիրառմամբ ձևափոխվել է: Նախաքննության մարմինը նաև պարզել է, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա է «* * * * * * * * * * *» անվանումով գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, ինչից հետո համապատասխան գրություն է ուղարկել «* * * * * * * * * * *» ՍՊ ընկերության տնօրեն *. * * * * * * * *, որով խնդրել է հանձնարարել համապատասխան աշխատակիցներին հայտնել, թե ում կողմից կամ ինչ եղանակով է հրապարակված ձայնագրությունը տրամադրվել «* * * * * * * * *» կայքին կամ ինչ եղանակով է նշված կայքը ձեռք բերել նշված ձայնագրությունը, արդյոք այն կայքի խմբագիրների կամ լրագրողների կողմից կրճատվել, փոփոխվել է, արդյոք նշված կայքը տիրապետում է հիշյալ ձայնագրության հնարավոր ամբողջական տարբերակին, թե ոչ(19): Ինչ վերաբերում է նշված գործողությունների արդյունքում որևէ տվյալ ստացված չլինելու հանգամանքին, ապա Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոքաբերի այն փաստարկը, որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի կարգավորումների ուժով, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական դատարանի` 2015 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴՈ-1234 որոշման համատեքստում, միջին ծանրության հանցանքի վերաբերյալ վարույթով լրատվամիջոցը պարտավոր չէր բացահայտել լրատվության աղբյուրը(20):
_____________________
19) Տե՛ս սույն որոշման 9.1-9.4-րդ կետերը:
20) Տե՛ս սույն որոշման 6.2-րդ կետը:
19.2. Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննության կարգով դատաքննության առանձնահատկություններից ելնելով` Վերաքննիչ դատարանն ինքը զրկված չէր նշված ընկերության տնօրենին և աշխատակիցներին հարցաքննելու հնարավորությունից, եթե հիմնավոր էր համարում նշված անձանց հարցաքննելու միջնորդությունը Առաջին ատյանի դատարանի կողմից անհիմն մերժելու վերաբերյալ վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդված)(21):
_____________________
21) Տե՛ս սույն որոշման 11.1-րդ կետը:
20. Անդրադառնալով մեղադրյալ Է.Սարգսյանի և վկա *. * * * * * * ցուցմունքների միջև հակասության մասով Վերաքննիչ դատարանի դիտարկումներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն այս դեպքում ևս զրկված չէր քրեական վարույթի նյութերում առկա վերոնշյալ ապացույցների արժանահավատությունը համադրության մեջ գնահատելու և համապատասխան եզրահանգման գալու հնարավորությունից` հաշվի առնելով նաև այն, որ Վերաքննիչ դատարանը փաստացի գնահատել է դրանք և որոշակի արձանագրումներ կատարել վերջինների ենթադրյալ հակասության մասով: Վերաքննիչ դատարանն այդ ցուցմունքները փաստացի համադրել է նաև ձայնագրության հետ, սակայն ձեռնպահ է մնացել եզրահանգումներ կատարելուց` ունենալով դրա օրենսդրական հնարավորությունը:
21. Ինչ վերաբերում է *. * * * * * * * * * * հարցաքննությանը, ապա այս առնչությամբ թեև Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում Առաջին ատյանի դատարանի կողմից *. * * * * * * * * * * հարցաքննելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժելը` այն հիմնավորմամբ, որ վերջինս ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, և իր համաձայնությունն է արտահայտում Վերաքննիչ դատարանի այն դիտարկումներին, որ *. * * * * * * * * * * կողմից հարցաքննվելու պատրաստակամություն հայտնելու պայմաններում վերջինս պետք է հարցաքննվեր, սակայն դրա հետ մեկտեղ փաստում է, որ *. * * * * * * * * * * հարցաքննելու միջնորդությունն Առաջին ատյանի դատարանի կողմից մերժված լինելու պայմաններում, Վերաքննիչ դատարանը կրկին զրկված չէր վերաքննության կարգով դատաքննության շրջանակում վերջինիս հարցաքննելու հնարավորությունից, դարձյալ եթե հիմնավոր էր համարում *. * * * * * * * * * * հարցաքննելու միջնորդությունը Առաջին ատյանի դատարանի կողմից անհիմն մերժելու վերաբերյալ վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկները:
22. Անդրադառնալով դեպքի վայրի զննության ժամանակ Է.Սարգսյանին փաստացի հարցաքննելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դիտարկումներին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված գործողությունը կատարվել է ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի գործողության պայմաններում: Ուստի ղեկավարվելով ապացույցի թույլատրելիության` այն ձեռքբերելու պահին գործող օրենքով գնահատելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի` քրեական վարույթի պարտադիր արձանագրման պահանջն ամրագրող` 29-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատավարական գործողությունների արձանագրությունում նշվում են դրանց կատարման ընթացքում ձեռք բերված և գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները, շարադրվում են դատավարական գործողության մասնակիցների հայտարարությունները: Իսկ նույն օրենսգրքի 6-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` դատավարական գործողությունները գործով վարույթի ընթացքում նույն օրենսգրքով նախատեսված գործողություններն են: Հետևաբար, ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված քննչական գործողությունները, մասնավորապես, դեպքի վայրի զննությունը ևս դատավարական գործողություն էր, որի արձանագրության մեջ կարող էին շարադրվել այդ գործողությանը մասնակցող անձի` կոնկրետ դեպքում մեղադրյալի հայտարարությունները, ում քննիչն իրավասու էր համապատասխան քննչական գործողության մասնակից դարձնել ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ևս` առանց տեսաձայնագրման կատարված քննչական գործողության արձանագրությունում պարտադիր, ի թիվս այլնի, նշվում են` առկայության դեպքում` գործողության մասնակիցների դիտողությունները, հայտարարությունները, նրանց պահանջով կատարված լրացումները և ուղղումները: Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն իրավաչափ չի համարում Վերաքննիչ դատարանի այն դիտարկումը, որ դեպքի վայրի զննության ժամանակ կատարվել է հարցաքննություն, քանի որ նախքան դեպքի վայրի զննությունը, Է.Սարգսյանն արդեն իսկ հարցաքննվել էր որպես մեղադրյալ, վերջինիս մասնակցությամբ դեպքի վայրի զննությունը նպատակ է ունեցել տեղում ստուգելու նրա ցուցմունքներով հայտնած տեղեկությունները, իսկ դեպքի վայրի զննության արդյունքում քննիչը քրեադատավարական օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ սոսկ արձանագրել է մեղադրյալի` որպես քննչական գործողության մասնակցի հայտարարությունները(22):
_____________________
22) Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիտարկմանը, որ նշված գործողությանը չի մասնակցել Է.Սարգսյանի պաշտպանը, ապա Վերաքննիչ դատարանն անտեսել է սույն վարույթի նյութերում առկա մեղադրյալի դիմումն այն մասին, որ վերջինս պատրաստակամություն է հայտնել ցույց տալ հանդիպման վայրերը և չի առարկել առանց իր պաշտպանի համապատասխան գործողություններին մասնակցելուն(23):
_____________________
23) Տե՛ս նույն տեղում:
23. Սույն որոշման 19-22-րդ կետերում ներկայացված վերլուծությունը դիտարկելով սույն որոշման 16-17.2-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելը և վարույթը նույն դատարան նոր քննության փոխանցելն այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի լիազորությունները և հնարավորությունները տվյալ դեպքում բավարար չեն նոր դատական ակտ կայացնելու և դրա իրավաչափությունն ապահովելու համար:
i
24. Այսպիսով, սույն վարույթով դատական ակտ կայացնելիս, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 347-րդ, 367-րդ, 370-371-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի, բողոքարկված դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու հիմք են: Միևնույն ժամանակ, ելնելով արձանագրված խախտումների բնույթից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների միջև ձևավորված գործառութային կապի և դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի, ինչպես նաև դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ կենսագործումը կարող է ապահովվել միայն Վճռաբեկ դատարանի կողմից վարույթը Վերաքննիչ դատարան նոր քննության փոխանցելու պարագայում:
Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված խախտումները և օրենքով իրեն վերապահված լիազորությունների և իրավական հնարավորությունների սահմաններում ապացույցների պատշաճ գնահատման հիման վրա հանգի համապատասխան հետևության:
25. Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ մեղադրյալ Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավը պետք է թողնել անփոփոխ
26. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Մեղադրյալ Ավետիք Մկրտչի Չալաբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի սեպտեմբերի 11-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան` նոր քննության:
2. Մեղադրյալ Ավետիք Մկրտչի Չալաբյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավը թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Հ. Ասատրյան
Դատավորներ` Ս. Ավետիսյան
Հ. Գրիգորյան
Ա. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ criminal-case/3078