ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
25 հոկտեմբերի 2022 թվականի N 17-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 06-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի օգոստոսի 11-ի «Օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգները սահմանելու մասին» N 06-Ն հրամանի`
1) 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված` 1-ին հավելվածի.
ա. 15-րդ կետի 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«11) Առաջնային փաստագրման լիակատարությունն ու որակը, հանքավայրի երկրաբանական առանձնահատկություններին փաստագրման համապատասխանությունը, կառուցվածքային տարրերի տարածական դիրքի որոշման և փաստագրման տվյալները լուսաբանող գծանկարների ու դրանց նկարագրության արժանահավատությունը Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.5-րդ մասի համաձայն պետք է փաստվի բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից` առաջնային երկրաբանական փաստագրման նյութերի և փաստացի իրականացված աշխատանքների հետ համեմատմամբ: Ստուգման արդյունքները ձևակերպվում են ակտերով և համապատասխան գրությամբ ներկայացվում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:»:
i
բ. 25-րդ կետում «ժամանակամիջոցում» բառը փոխարինել «ժամանակահատվածում» բառով:
i
գ. 43-րդ կետում «միներալոգոտեխնոլոգիական» բառը փոխարինել «միներալատեխնոլոգիական» բառով:
դ. 54-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«54. Ոսկու հանքավայրերի պաշարների հաշվարկը և որակավորումը ըստ հետախուզվածության աստիճանի կատարվում է Դասակարգման պահանջներին համապատասխան:»:
ե. 56-րդ կետի 2-րդ ենթակետի «ա.» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. B կարգի պաշարների եզրագիծը պետք է անցկացվի գլխավորապես լեռնային փորվածքներով, իսկ խոշոր միներալացված գոտիների, շտոկվերկների և նշանակալի չափերի հանքակուտակների համար` նաև հորատանցքերով, առանց արտարկման: Հանքամարմինների հիմնական երկրաբանական բնութագրերը և հանքաքարերի նյութական կազմն ու որակը այդ եզրագծի սահմաններում պետք է որոշվեն բավարար ծավալի հատկանշական տվյալներով, որոնց ստացումն ապահովվում է սույն հրահանգի 17-րդ կետում բերված (աղյուսակ 1) հետախուզական ցանցի խտությամբ և հրահանգի 3-5 գլուխներով հանքավայրի երկրաբանական կառուցվածքի, հանքաքարերի նյութական կազմի ու որակական հատկությունների ուսումնասիրությանը ներկայացվող պահանջներով:»:
i
զ. 56-րդ կետի 2-րդ ենթակետի «բ.» պարբերության մեջ «(երբ Գա=1.5)» արտահայտության մեջ «=» նշանը փոխարինել «>=» նշանով, «1-ի» թիվը փոխարինել «1-1.2-ի» թվերով:
i
է. 62-րդ կետում «բնամասերում» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության սահմանային վիճելի տարածքներում» բառերը:
ը. լրացնել հետևյալ բովանդակությամբ 64.1. կետով.
i
«64.1. Հիմնական բաղադրիչների պաշարների հաշվարկմանը զուգընթաց հաշվարկվում են նաև ուղեկից օգտակար հանածոների և բաղադրիչների պաշարները:»:
2) 1-ին կետը լրացնել նոր ենթակետով` հետևյալ խմբագրությամբ.
i
«4) պղնձի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգը` համաձայն N 4 հավելվածի:»:
3) հրամանը լրացնել նոր` N 4 հավելվածով` համաձայն հավելվածի:
i
4) 2-րդ կետում «տեղակալ Լիլիա Շուշանյանին» բառերը փոխարինել «ընդերքօգտագործման ոլորտը համակարգող նախարարի տեղակալին» բառերով:
ՆԱԽԱՐԱՐ Գ. ՍԱՆՈՍՅԱՆ
Հավելված
ՀՀ տարածքային կառավարման
և ենթակառուցվածքների նախարարի
2022 թվականի հոկտեմբերի 25-ի
թիվ 17-Ն հրամանի
«Հավելված N 4
ՀՀ տարածքային կառավարման
և ենթակառուցվածքների
նախարարի 2021 թվականի
օգոստոսի 11-ի N 06-Ն հրամանի
ՀՐԱՀԱՆԳ ՊՂՆՁԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Պղնձի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգով (այսուհետ` Հրահանգ) կանոնակարգվում են պղնձի հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) երկրաբանահետախուզական համալիր աշխատանքները:
2. Հրահանգով սահմանվում են պղնձի հանքավայրերի ուսումնասիրմանը ներկայացվող հիմնական պահանջները, որոնց իրականացումը կապահովի երկրաբանահետախուզական աշխատանքների տարբեր փուլերում (որոնողագնահատանքային աշխատանքներ, նախնական ու մանրազնին հետախուզում) և հանքավայրերի շահագործման ժամանակ (լրահետախուզում և շահագործական հետախուզում) կատարվող աշխատանքների բնույթին համարժեք այնպիսի երկրաբանական տեղեկատվության ստացումը, որը հնարավորություն կտա այդ աշխատանքների արդյունքներով իրականացնել հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) արդյունաբերական գնահատում և վճիռ ընդունել հետախուզման հաջորդ փուլերին անցնելու, մանրազնին հետախուզված հանքավայրերը արդյունաբերական յուրացման նախապատրաստելու և շահագործվող հանքավայրերը վերագնահատելու համար:
3. Մանրազնին հետախուզված և վերագնահատված շահագործվող հանքավայրերի ուսումնասիրվածության աստիճանը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թ. մարտի 14-ի N 274-Ն որոշմամբ հաստատված «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային պաշարների դասակարգման» (այսուհետև` Դասակարգում) պահանջներին համապատասխան:
4. Ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի մայիսի 3-ի թիվ 04-Ն հրամանով:
5. Որոնողագնահատանքային և նախնական հետախուզման աշխատանքների փուլերում հանքավայրերի ուսումնասիրվածության աստիճանը որոշվում է Դասակարգման հիմնական դրույթներին և կոնդիցիաների հիմնավորման պահանջներին համապատասխան` այդ աշխատանքների արդյունքներով համապատասխանաբար գնահատանքային կոնդիցիաների հիմնավորմամբ տեխնիկատնտեսական նկատառումների (ՏՏՆ) և նախնական կոնդիցիաների հիմնավորմամբ տեխնիկատնտեսական զեկույցների (ՏՏԶ) կազմմամբ:
6. Անկախ սեփականության ձևերից և երկրաբանահետախուզական ու շահագործական աշխատանքների ֆինանսավորման աղբյուրներից, պարտադիր կարգով պետական ընդերքաբանական փորձաքննության են ներկայացվում մանրազնին և շահագործական կոնդիցիաների ՏՏՀ-ներն ու պաշարների հաշվարկման նյութերը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցների հաշվին ուսումնասիրված օբյեկտների ՏՏՆ-երը և ՏՏԶ-ները:
7. Ընդերքօգտագործողների միջոցների հաշվին հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման դեպքում ՏՏՆ-երը` գնահատանքային և ՏՏԶ-ները` նախնական կոնդիցիաներով կարող են մշակվել ներդրողի ցանկությամբ ու միջոցներով` ռիսկի աստիճանի նվազեցման նպատակով և ընդերքօգտագործողի ներկայացմամբ քննարկվել պետական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից:
8. Պղինձը դեղնակարմրավուն, 8.94 գ/սմ3 խտությամբ (կախված մետաղի մաքրությունից բնորոշ է խտության փոփոխությունը), բարձր էլեկտրա և ջերմահաղորդականությամբ ու հակակոռոզիոն դիմադրողականությամբ օժտված, ճնշման ներքո տաք և սառը վիճակում հեշտ մշակվող, ցինկի, ալյումինի, նիկելի, երկաթի, մանգանի, կապարի, բերիլիումի, սիլիցիումի և այլ տարրերի հետ արժեքավոր հատկություններ ունեցող համաձուլվածքներ (իր համաձուլվածքների հետ լայնորեն օգտագործվում է արդյունաբերության կարևորագույն ոլորտներում` էլեկտրատեխնիկայի, մեքենաշինության, շինարարության մեջ, ռազմական գործում, բժշկական և կենցաղային սարքերի ու սարքավորումների, գեղարվեստական իրերի և դրամի պատրաստման համար) կազմող, խալկոֆիլային տարրերի խմբին պատկանող, երկրակեղևում 0.0047% պարունակությամբ, արդյունաբերական նշանակությամբ հանքավայրերում մեծամասամբ սուլֆիդային միացությունների տեսքով հանդիպող տարր է, որի համաշխարհային պաշարների և արդյունահանման մոտ 90%-ը բաժին է ընկնում 4 սուլֆիդային միներալների (խալկոպիրիտ, բորնիտ, խալկոզին և կուբանիտ), և որը արտադրության ու սպառման մակարդակով երկաթից ու ալյումինից հետո աշխարհում գրավում է 3-րդ տեղը և պարունակվում է 200-ից ավելի պղնձի միներալներում, որոնցից միայն 15-ն ունեն արդյունաբերական նշանակություն (աղյուսակ 1):
Աղյուսակ 1
Արդյունաբերական նշանակություն ունեցող պղնձի միներալները
._______________________________________________________________.
|Միներալների |Քիմիական կազմը |Պղնձի պարու-|Խտություն,|
|անվանումները |(բանաձևը) |նակություն, | գ/սմ3 |
| | | % | |
|_____________________|_________________|____________|__________|
|Խալկոպիրիտ |CuFeS2 | 34,5 | 4,1-4,3 |
|_____________________|_________________|____________|__________|
|Բորնիտ |Cu5FeS4 | 52-65| 4,9-5,21|
|_____________________|_________________|____________|__________|
|Խալկոզին |Cu2S | 79,8 | 5,5-5,8 |
|_____________________|_________________|____________|__________|
|Կուբանիտ |CuFe2S3 | 22-24| 4,0-4,2 |
|_____________________|_________________|____________|__________|
|Խունացած հանքաքարեր |3Cu2S3(Sb, As)2S3| 22-53| 4,0-5,1 |
|_____________________|_________________|____________|__________|
|Էնարգիտ |Cu3AsS4 | 48,3 | 4,4-4,5 |
|_____________________|_________________|____________|__________|
|Կովելլին |CuS | 66,5 | 4,6-4,7 |
|_____________________|_________________|____________|__________|
|Մալախիտ |CuCO3 . Cu(OH)2 | 57,4 | 3,9-4,1 |
|_____________________|_________________|____________|__________|
|Ազուրիտ |2CuCO3 . Cu(OH)2 | 55,3 | 3,7-3,9 |
|_____________________|_________________|____________|__________|
|Քրիզոկոլլա |CuSiO3 . 2H20 | 32,8-40,3| 2,0-2,3 |
|_____________________|_________________|____________|__________|
|Բրոշանտիտ |CuSO4 . 3Cu(OH)2 | 56,2| 3,8-3,9 |
|_____________________|_________________|____________|__________|
|Ատակամիտ |CuCl3 . 3Cu(OH)2 | 59,5| 3,7-3,8 |
|_____________________|_________________|____________|__________|
|Կուպրիտ |Cu2O | 88,8| 5,8-6,1 |
|_____________________|_________________|____________|__________|
|Տենորիտ |CuO | 79,9| 5,8-6,4 |
|_____________________|_________________|____________|__________|
|Բնածին պղինձ |Cu | 88-100| 8,5-8,9 |
._______________________________________________________________.
9. Արտադրվող պղնձի մինչև 50%-ը օգտագործվում է էլեկտրատեխնիկական արդյունաբերության մեջ` հաղորդալարերի, ջերմահաղորդիչների, սառնարանների դետալների, վակուումային սարքավորումների արտադրության համար: Սակայն պղնձի 40%-ը ծախսվում է ցինկի, անագի, ալյումինի, նիկելի, երկաթի, մանգանի, բերիլիումի, սիլիցիումի և այլ էլեմենտների հետ համաձուլվածքներում: Պղնձի, ցինկի հետ ամենահայտնի համաձուլվածքն է արույրը, անագի, ալյումինի, սիլիցիումի և բերիլիումի հետ` բրոնզը, նիկելի և ցինկի հետ` կուպրոնիկել (մելքիոր), նիկելի և մանգանի հետ` նիկելին, կոնստանտան և մանգանին: Նշված համաձուլվածքները լայնորեն օգտագործվում են էլեկտրատեխնիկայում, մեքենաշինության մեջ, ավիացիայի, նավաշինարարության և սարքաշինության ոլորտներում, վիրաբուժական գործիքների, տնտեսական առարկաների, գեղազարդային իրերի, ինչպես նաև դրամահատման համար: Պղնձի աղերը կիրառվում են որպես միկրոպարարտանյութ բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի համար, ինչպես նաև կաշվե և տեկստիլ արդյունաբերությունում:
10. Պղնձի հանքաքարերը, հիմնականում, համալիր են (պղնձի միներալների հետ մեկտեղ սովորաբար առկա են երկաթի, ցինկի, կապարի, մոլիբդենի, հաճախ մկնդեղի (արսենիումի) և ծարիրի (անտիմոնիտի) միներալները), պարունակում են վերամշակման ժամանակ որոշ չափով կորզվող ոսկի, արծաթ, սելեն, թելուր, որոշ դեպքերում նաև ռենիում, կադմիում, գերմանիում, ինդիում, թալլիում, կոբալտ և այլ տարրեր: Կորզվող ուղեկից բաղադրիչների (ծծումբ, ցինկ, մոլիբդեն, կապար, ազնիվ և հազվագյուտ մետաղները) արժողությունը պետք է հաշվի առնել պղնձի հետ մեկտեղ` հանքավայրի երկրաբանատնտեսագիտական գնահատման և կոնդիցիաների պարամետրերի հաշվարկման ժամանակ:
11. Այն հանքավայրերը, որոնք ներկայացված են համալիր հանքաքարերով, ընդ որում հիմնական արդյունաբերական նշանակություն ունեցող նիկելի, կապարի, ցինկի, մոլիբդենի, երկաթի, անագի, վոլֆրամի, ոսկու, բիսմութի հետ մեկտեղ պղինձը հաճախ հանդիսանում է կարևոր ուղեկից կորզվող բաղադրիչ, երկրաբանահետախուզական համալիր աշխատանքները կանոնակարգվում են համալիր հանքաքարերում առկա հիմնական մետաղի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգներով:
12. Պղնձի հանքաքարերն ըստ որակի պայմանականորեն ստորաբաժանվում են. չափազանց հարուստ` պղնձի 3-5% և ավելի պարունակությամբ, հարուստ` պղնձի 2%-ից մինչև 3% պարունակությամբ (պղնձապորֆիրային հանքավայրերի հանքաքարերի համար 1%-ից ավելի), միջին որակի (շարքային)` պղնձի 1%-ից մինչև 2% պարունակությամբ (պղնձապորֆիրային հանքավայրերի հանքաքարերի համար 0.2-0.4%-ից 1%), աղքատ` պղնձի 0.7%-ից մինչև 1% (պղնձապորֆիրային հանքավայրերի հանքաքարերի համար 0.2%-ից ցածր): Ըստ օքսիդացման աստիճանի պղնձի հանքաքարերը լինում են սուլֆիդային, խառը և օքսիդացած: Հանքաքարի տեսակը որոշվում է դրանում օքսիդացված պղնձի տոկոսային պարունակությունից. սուլֆիդայինին են վերագրվում այն հանքաքարերը որոնցում օքսիդացված պղինձը կազմում է մինչև 10%, խառը հանքաքարերին են վերագրվում 11-ից 50% օքսիդացած պղնձի պարունակությամբ հանքաքարերը, օքսիդացածներին են վերագրվում 50%-ից ավելի օքսիդացած պղնձի պարունակությամբ հանքաքարերը: Ընդ որում յուրաքանչյուր հանքավայրի համար այդ ցուցանիշը ճշգրտվում է տեխնոլոգիական հետազոտությունների գործընթացում (օրինակ` Ուդոկանի հանքավայրի համար մշակվել են այլ սահմաններ. սուլֆիդային են այն հանքաքարերը, որոնք պարունակում են մինչև 30% պղնձի օքսիդացած միներալներ, 31-70%` խառը և 70%-ից ավելի` օքսիդացած):
2. ՊՂՆՁԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
13. Պղնձի հանքավայրերը ստորաբաժանվում են բնածին (երկրակեղևում համալիր գործընթացների հետևանքով) և տեխնածին (հանքային հումքի արդյունահանման ու վերամշակման տեխնոլոգիական գործունեության արդյունքում ձևավորված) հանքավայրերի:
14. Ըստ առաջացման պայմանների պղնձի բնածին հանքավայրերը վերագրվում են թվով վեց հիմնական արդյունաբերական տիպերի (աղյուսակ 2).
Աղյուսակ 2
Պղնձի հանքավայրերի հիմնական արդյունաբերական տիպերը
._________________________________________________________________________.
|Հանքավայրի|Հանքային |Հանքաքարի |Հիմնական |Առավել |Հանքա-|Հանքավայրերի|
|արդյունա- |մարմինների |առաջատար |հանքային |բնորոշ |քարի |օրինակները |
|բերական |կառուցվածքա|կազմվածքը |միներալ- |ուղեկից |որակը | |
|տիպերը |ձևաբանական | |ները |բաղադրիչ-| | |
| |տեսակները | | |ները | | |
|__________|___________|__________|_________|_________|______|____________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|__________|___________|__________|_________|_________|______|____________|
|Պղինձնիկե-|ներդաշնակ |բնացանավոր|պիրրոտին,|Co, |հա- |Նորիլսկի և |
|լային |շերտաձև |զանգվա- |պենտլան- |պլատինոիդ|րուստ,|Պեչենգանսկու|
| |հանքակու- |ծային, |դիտ, խալ-|S, Au |միջին,|խմբեր (ՌԴ), |
| |տակներ, |փշրաքա- |կոպիրիտ, | |աղքատ |Սեդբերի, |
| |ոսպնյակաձև |րային |կուբանիտ | | |Թոմսոնի |
| |և երակաձև | | | | |շրջանի |
| |հանքային | | | | |հանքավայրեր |
| |մարմիններ | | | | |(Կանադա), |
| | | | | | |Բուշվելդա, |
| | | | | | |Կարրու |
| | | | | | |(ՀԱՀ), |
| | | | | | |Քամբալդա |
| | | | | | |(Ավստրալիա) |
|__________|___________|__________|_________|_________|______|____________|
|Պղնձային |շերտային, |նրբերակա- |խալկո- |Ag, Re, |միջին,|Ուդոկանի |
|ավազաքարեր|շերտաձև և |ցանավոր, |պիրիտ, |Se, Te, |հա- |(ՌԴ), |
|և թերթա- |ժապավենաձև |ցանավոր |բորնիտ, |Pb, Zn, |րուստ |Ջեզկազգանի |
|քարեր |հանքա- | |խալկոզին |Co, S | |(ՂՀ), |
| |կուտակներ | | | | |Մանսֆելդ |
| | | | | | |(Գերմանիա), |
| | | | | | |Լյուբլին - |
| | | | | | |Սերոշովիցի |
| | | | | | |(Լեհաստան), |
| | | | | | |Հայնակ |
| | | | | | |(Աֆղանստան),|
| | | | | | |Զամբիայի և |
| | | | | | |Զաիրի |
| | | | | | |պղնձային |
| | | | | | |գոտիները |
|__________|___________|__________|_________|_________|______|____________|
|Պղինձ - |Շերտաձև, |զանգվա- |պիրիտ, |Au, Ag, |միջին,|Շամլուղի, |
|հրաքարային|ոսպնյակաձև |ծային, |խալկոպի- |Zn, S, |հա- |Ալավերդու, |
|(կոլչեդա- |հանքակու- |զոլավոր, |րիտ |Pb, Se, |րուստ |(ՀՀ), |
|նային) |տակներ, |ցանավոր |սֆալերիտ,|Cd, Co, | |Կրասնաու- |
| |երակներ | |երբեմն |In, Te, | |րալսկու, |
| | | |պիրրոտին |Ge | |Ուչալինսկու,|
| | | | | | |Գայսկու, |
| | | | | | |Պոդոլսկու, |
| | | | | | |Ուրուպսկու, |
| | | | | | |Կիզիլ-Դերե |
| | | | | | |(ՌԴ), |
| | | | | | |Օուտոկումպու|
| | | | | | |(Ֆինլանդիա),|
| | | | | | |Ռիոտինտո |
| | | | | | |(Իսպանիա), |
| | | | | | |Մաունտ-Այզա |
| | | | | | |(Ավստրալիա) |
|__________|___________|__________|_________|_________|______|____________|
|Պղինձ- |շտոկվերկներ|նրբերակա- |խալկո- |Mo, Re, |աղքատ |Քաջարանի, |
|պորֆիրային| |ցանավոր, |պիրիտ, |Au, Ag, | |Թեղուտի, |
| | |ցանավոր |խալկոզին,|Se, Te | |Ագարակի, |
| | | |մոլիբդե- | | |Այգեձորի |
| | | |նիտ, | | |(ՀՀ), |
| | | |պիրիտ | | |Միխեևսկու |
| | | | | | |(ՌԴ), |
| | | | | | |Կալմակիրսկու|
| | | | | | |Դալնիի |
| | | | | | |(Ուզբեկստան)|
| | | | | | |Կոունրադի, |
| | | | | | |Բոշեկուլի |
| | | | | | |(ՂՀ), |
| | | | | | |Էրդենտուին -|
| | | | | | |Օբո |
| | | | | | |(Մոնղոլիա), |
| | | | | | |Կանադայի, |
| | | | | | |ԱՄՆ-ի, |
| | | | | | |Մեքսիկայի, |
| | | | | | |Պանամայի, |
| | | | | | |Պերուի, |
| | | | | | |Չիլիի, |
| | | | | | |Պապուա-Նոր |
| | | | | | |Գվինեա, |
| | | | | | |Իրանի |
| | | | | | |հանքավայրերը|
|__________|___________|__________|_________|_________|______|____________|
|Սկառնային |շերտա և |զանգվա- |խալկոպի- |Au, Ag, |միջին |Թուրինսկու |
| |սյունաձև, |ծային, |րիտ, |Fe, Co, | |խումբ (ՌԴ) |
| |բարդ ձևի |բնային, |մագնետիտ,|Mo, Se, | |Սայակսկու |
| |հանքակու- |ցանավոր, |բորնիտ, |Te, S | |խումբ (ՂՀ), |
| |տակներ |նրբերա- |պիրրոտին,| | |Մալկո - |
| | |կային |պիրիտ | | |Տիրիովո |
| | | | | | |(Բուլղարիա),|
| | | | | | |Արևմտյան |
| | | | | | |Բանատ, Ռեչկ |
| | | | | | |(Հունգարիա),|
| | | | | | |Էրնսբրե |
| | | | | | |(Ինդոնեզիա),|
| | | | | | |Բիսբի (ԱՄՆ) |
|__________|___________|__________|_________|_________|______|____________|
|Կվարց-սուլ|հանքերակներ|զանգվա- |Խալկոպի- |Au, Ag, |միջին |Կապանի (ՀՀ),|
|ֆիդային |երակային |ծային, |րիտ, |Pb, Zn, | |Չատիրկուլ- |
|(երակային)|գոտիներ, |բնային, |սֆալերիտ,|Cd, Te, | |սկու (ՂՀ), |
| |երբեմն |փշրաքա- |պիրիտ |Se, Bi, | |Ռոսսեն |
| |զուգակցված |րային, | |Sb, Mo | |(Բուլղարիա),|
| |մետասոմա- |ցանավոր և | | | |Ռուդնյակի, |
| |տիտային |նրբերակա- | | | |Սլավինկի |
| |հանքակու- |ցանավոր | | | |(Չեխիա), |
| |տակներով | | | | |Բյուտ (ԱՄՆ) |
._________________________________________________________________________.
15. Պղինձ-նիկելային հանքավայրերը տեղադրված են հնագույն վահանների և պլատֆորմների պատյանների ակտիվացված շրջաններում, դրանք տարածականորեն և ծագումնաբանորեն կապված են մագնեզիումով հարստացված ներժայթքային ֆորմացիայի բազալտոիդային տարբերակված զանգվածների հետ, որոնք ունեն բնորոշ շերտային կառուցվածք: Ներժայթքման վերին ոչ հանքատար շերտը կազմված է կոնտամինացված (նստվածքային և մետամորֆային ապարներով աղտոտված մագմա) լեյկոկրատային գաբրոդոլերիտներից և գաբրոդիորիտներից, իսկ ստորին հանքատար շերտը` պիկրիտային, հաճախ տաքսիտային գաբրոդոլերիտներից: Հանքատար ներժայթքումները բնութագրվում են սակավաթեք տեղադրմամբ և ունեն սուր հատող հպումներ պարփակող հրաբխանստվածքային ապարների շերտավորման հետ: Պղինձ-նիկելային հանքայնացումները տեղադրվում են ներժայթքումների մերձհատակային մասում, երբեմն դրանց սահմաններից դուրս գալով հանքայնացնում են պարփակող ապարները ներկայացված են ինչպես համատարած սուլֆիդային հանքակուտակներով, այնպես էլ ցանավոր հանքաքարով, որոնք կապված են իրար հետ անցումներով: Գերակշռում են ցանավոր հանքաքարերի ներդաշնակ շերտաձև հանքակուտակները, որոնցում հոծ հանքայնացումները տեղադրված են լինում առանձին մագմատիկ շերտերով, երակներով, բներով և ոսպնյակներով: Որոշ հանքավայրեր ունեն բացառիկ չափեր, որոնց բնորոշ են պղնձի և նիկելի պարունակություններով խիստ հարուստ, համալիր կազմով և բարձր կորզվող արժողությամբ հանքաքարերը:
16. Պղնձային ավազաքարերի և թերթաքարերի հանքավայրերը կապված են բազմերանգ ֆորմացիաների հետ, հարում են դրանց արտաքին գոտիներին և տեղադրված են ծալքավոր շրջանների վերադրված գոգվածքներում (մուլդա) և նմանատիպ այլ կառուցվածքներում: Օգտակար հաստվածքի հզորությունները փոփոխվում են լայն սահմաններում: Հանքային մարմինները սովորաբար տեղադրվում են մոխրագույն ցամաքածին ծովալճակադելտային, հազվադեպ կարբոնատային նստվածքների մի քանի հորիզոններում (մինչև 10, երբեմն` ավելի): Խոշոր հանքավայրերում հանքակուտակների ընդհանուր քանակը շատ մեծ է` մինչև մի քանի հարյուր, դրանց չափերը տարբեր են, պարփակող ապարների հետ սահմանները հստակ չեն և որոշվում են նմուշարկմամբ: Բնութագրական են շերտային, ինչպես նաև ոսպնյականման և ժապավենակերպ հանքակուտակների ձևերը: Ներքին կառուցվածքի համար բնորոշ են օգտակար բաղադրիչների համեմատական հավասարաչափ բաշխվածությունը. գերակշռում են միջին որակի ցանավոր հանքաքարերը, որոնցում հանդիպում են առավել հարուստ նրբաշերտեր, ոսպնյակներ և բներ: Սուլֆիդային հանքաքարերը հարստացման ժամանակ լավ ֆլոտացվում են և ստացվում են բարձր որակի պղնձի խտանյութեր:
17. Պղինձ-հրաքարային (կոլչեդանային) (պղնձային և պղինձ-ցինկային) հանքավայրերը հիմնականում կապված են բազալտ-լիպարիտային (սպիլիտակերատոֆիրային) և բազալտ-անդեզիտ-դացիտ-լիպարիտային խմբի բազալտոիդային մագմայականության տարբերակված ֆորմացիաների հետ: Հանքավայրերը հարում են էվերկրագոգածալքի (էվգեոսիլկլինալ) ճկվածքների սահմաններում շարժուն գոտիներին: Հրաբխային համալիրներում հրաքարային հանքաքարերը գերազանցապես տեղայնացված են թթվային կազմի ապարներում` հաճախ առաջացնելով մի քանի հորիզոններ: Հրաքարային հանքակուտակները մեծամասամբ կապված են դրական կառուցվածքների հետ, որոնք սովորաբար ներկայացնում են կենտրոնական տեսակի դեֆորմացված հրաբխային կառույցներ:
1) Պղինձ-հրաքարային հանքավայրերի հանքային մարմինների ձևերի բոլոր տարատեսակներն որոշվում են ելնելով հինգ գլխավոր կառուցվածքաձևաբանական տիպերից, որոնցից մի քանիսը կոնկրետ հանքային դաշտերի համար կարող են լինել գերակշռող.
ա. շերտաձև հանքային մարմիններ. տեղադրված են հանքապարփակող ապարների շերտավորմանը ներդաշնակ.
բ. համակցված ձևի հանքային մարմիններ. վերևին մասը ներդաշնակ է շերտավորմանը, իսկ պառկած կողի, չափերով դրանց համադրելի, ապոֆիզները (ճյուղավորումները) մեծ անկյան տակ հատում են շերտավորումները.
գ. զառիթափ, ոսպնյակաձև, հազվադեպ երակաձև հանքային մարմիններ. զբաղեցնում են ակնհայտ հատող դիրք շերտավորման նկատմամբ.
դ. զառիթափ ոսպնյակաձև հանքային մարմինների ու համակցված ձևի հանքակուտակների միջև փոխադարձ անցումներով հանքակուտակներ.
ե. սնդուկային ձևի հանքակուտակներ, որոնք լայնական հատույթում ունեն անկյունաձև ուրվագծեր և բնութագրվում են զառիթափ ու սակավաթեք բաղկացուցիչների փոփոխական զուգակցմամբ:
2) Առավել մեծ պաշար ունեցող հանքավայրերը բնութագրվում են բարդ սնդուկային և համակցված ձևերի հանքային մարմինների առկայությամբ:
3) Պղինձ-հրաքարային հանքային մարմինների ներքին կառուցվածքը բնութագրում է զանգվածային (հաճախ զոլավոր) և ցանավոր մակատեսքերի (տեքստուրայի) զուգակցմամբ: Զանգվածային հանքաքարով ներկայացված հանքային մարմինները սովորաբար ունեն հստակ երկրաբանական սահմաններ. ցանավոր հանքաքարերով ներկայացված հանքամարմիններում հանքայնացումը բնութագրվում է դեպի թույլ հանքայնացված պարփակող ապարներ աստիճանաբար անցմամբ:
4) Պղինձ-հրաքարային հանքավայրերի հանքաքարերը համալիր են և կախված պղնձի և ցինկի պարունակությունից ստորաբաժանվում են հետևյալ արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի (աղյուսակ 3).
Աղյուսակ 3
Պղնձի հանքավայրերի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը
.______________________________________________________.
|Տեխնոլոգիական տիպը | Cu, % | Zn, % |
|________________________________|__________|__________|
|Պղնձի |> 0.5-0.7 |< 0.8-1.0 |
|________________________________|__________|__________|
|Պղինձ-ցինկային |> 0.5-0.7 |> 0.8-1.0 |
|________________________________|__________|__________|
|Ծծմբահրաքարային(կոլչեդանային) |< 0.5-0.7 |< 0.8-1.0 |
|(35%-ից ավելի ծծումբ) | | |
.______________________________________________________.
5) Պղնձի և պղինձ-ցինկային տիպի հանքաքարերում սուլֆիդների քանակից (ծծմբի պարունակությունից) կախված առանձնացվում են արդյունաբերական (տեխնոլոգիական) տեսակներ. համատարած (ծծումբ` 35%-ից ավելի) և ցանավոր (ծծումբ` մինչև 35%):
6) Հանքավայրերի չափերը չափազանց տարբեր են, սակայն գերակշռում են միջին քանակի պաշարներով ներկայացված հանքավայրերը:
7) Պղինձ-հրաքարային հանքավայրերի մակերևութամերձ հատվածներում բնութագրական է օքսիդացման գոտիների առկայությունը, որոնք հիմնականում ունեն երեք հարկեր (վերից-վար).
ա. «Երկաթային գլխարկ», որը իրենից ներկայացնում է գորշ երկաթաքար, որտեղ գլխավոր միներալները հանդիսանում են երկաթի հիդրօքսիդը և օքսիդը` որպես կանոն ոսկով և արծաթով հարստացած մալախիտի աննշան քանակությամբ.
բ. օքսիդացած, այսպես կոչված անկոտրուն հանքաքարեր, որտեղ միներալների ավելի քան 50%-ը ներկայացված են օքսիդային միացություններով` մալաքիտով, ազուրիտով, քրիզոկոլայով և այլն. այս հանքաքարերը դժվար հարստացվելի են.
գ. երկրորդային սուլֆիդային հարստացման գոտի, որը ներկայացված է խալկոզինով, կուպրիտով և այլն. այս հանքաքարերը որպես կանոն հարուստ են և հեշտ հարստացվելի:
8) Պղինձ-հրաքարային տիպին են վերագրվում նաև ցամաքածին համալիրների հրաքարային-պղնձային, պղինձ-ցինկային հանքավայրերի սակավաթիվ խմբեր, որոնք հարում են ապարների ինտենսիվ դինամոկերպափոխությամբ բնութագրվող էվերկրագոգածալքի և միոերկրագոգածալքի համակարգերի միակցության գոտիներին: Հանքային մարմինները հիմնականում ներդաշնակ են տեղադրված պարփակող ապարների հետ, որոնք ճմլված են խոշոր ծալքերում և խախտված են ջարդման ու թերթաքարացման գոտիներով:
9) Մերձհանքային փոփոխված ապարները ներկայացված են բիոտիտ-քլորիտային կամ քլորիտ-կարբոնատային կորդիերիտաանտոֆիլիտային մետոսոմատիտներով:
10) Ցամաքածին համալիրներում պղինձ-հրաքարային հանքավայրերը սակավ ուսումնասիրված են. հայտնիները` ըստ մասշտաբի փոքրից մինչև միջին չափերի են:
18. Պղինձ-պորֆիրային.
1) Հանքավայրերը տարածականորեն ու ծագումնաբանորեն կապված են չափավոր թթվային կազմի պորֆիրային ապարների փոքր ներժայթքումների և մերձհրաբխային մարմինների հետ և տեղայնացված են դրանց արտահպումներում և ներհպումներում (էկզո և էնդո կոնտակտներում).
2) Հանքավայրերը ներկայացված են հարյուրավոր մետրերից մինչև կիլոմետրերի հասնող չափերով, մետաղի չափազանց զգալի պաշարներով խոշոր շտոկվերկներով, որոնք սովորաբար չունեն հստակ երկրաբանական սահմաններ, աստիճանաբար անցնում են թույլ հանքայնացված ապարների.
3) Հանքավայրերի ձևը հիմնականում կախված է հանքաբեր ներժայթքումների եզրագծերից, պարփակող ապարների հատկություններից, մինչհանքային և հետհանքային ճեղքավորվածության բնութագրից.
4) Հանքավայրերը ըստ հատակագծում հանքային մարմինների եզրագծերի բնույթի առանձնանում են բարդ օվալային կամ օղակաձև և երկարաձգված ձևի հանքավայրերի.
5) Հանքավայրերի ուղղաձիգ կտրվածքում արդյունաբերական պղինձ-պորֆիրային հանքաքարերը ձևավորում են հորիզոնական կամ սակավաթեք ոսպնյակաձև, թիկնոցաձև մեծ հզորությամբ հանքային մարմիններ կամ շտոկեր. շատերի համար բնութագրական է թասի կամ շրջված կոնի ձևը.
6) Հանքավայրերի խիստ բնորոշ ընդհանուր հատկանիշներից է երկրորդային ուղղաձիգ գոտիականությունը, սովորաբար առանձնանում են մինչև հինգ գոտի (վերից վար). տարրալուծման, օքսիդացած հանքաքարերի, խառը հանքաքարերի, երկրորդային սուլֆիդային հարստացման և առաջնային հանքաքարերի, ընդ որում գոտիների հզորությունը տատանվում է լայն սահմաններում` մի քանի մետրից մինչև հարյուրավոր մետրեր.
7) Տիպի բոլոր հանքավայրերը ուղեկցվում են այս կամ այն չափով վառ արտահայտված հիդրոթերմալ փոփոխված ապարների գոտիներով:
19. Պղնձի սկառնային տիպի հանքավայրերը ծագումնաբանորեն կապված են տարբերակված գաբրո-դիորիտ-գրանոդիորիտային և գրանոդիորիտ-սիենիտային կազմավորումների (ֆորմացիաների) հետ և տեղադրված են սկառնացման և լեռնաառաջացման գոտիներում, ընդ որում.
1) Ըստ տեղադրման պայմանների և ձևաբանական առանձնահատկությունների հպումամետասոմատիկ (հպումամիներալատեղակալված) հանքավայրերում առանձնանում են. շերտաձև և անկանոն հանքակուտակներ` շերտային նստվածքահրաբխածին հաստվածքում, հանքային մարմիններ` կրաքարերի հետ ներժայթքումների անմիջական հպումներում, հանքակուտակներ` ներժայթքային զանգվածների առաստաղի ապարների քսենոլիթներում, ինչպես նաև հանքային մարմիններ` տեկտոնական գոտիներում: Հանքային մարմինների չափերը մեծ չեն, դրանց ձևը տարատեսակ է: Գերակշռում են տարատեսակ բարդացումներով` ապոֆիզների, փքվածքների, երակային գոտիների, սյունաձև կուտակների տեսքով, շերտաձև հանքային մարմինները.
2) Սկառնացած ապարներին վրադրված մերձհանքային բնութագրական փոփոխությունները ներկայացված են ակտինոլիթացմամբ, քլորիտացմամբ, քվարցացմամբ, սիդերիտացմամբ, բարիտացմամբ և դոլոմիտացմամբ:
20. Կվարց-սուլֆիդային (երակային) հանքավայրերը ձևավորվել են ճեղքավորված կառուցվածքների լցման կամ պարփակող ապարների (գերազանցապես գրանիտոիդային և հրաբխածին) մետասոմատիկ տեղակալման արդյունքում, սովորաբար բնութագրվում են ոչ մեծ չափերով (ըստ տարածման և անկման մինչև մի քանի հարյուր մետր, ըստ անկման` 0.5-2.0 մ, երբեմն ավելի հզոր), հանքային մարմինների բարդ ձևաբանությամբ (մորֆոլոգիայով), փքվածքների ու նեղացումների, ճյուղավորումների ու ապոֆիզների առկայությամբ: Հանքային երակները հաճախ ուղեկցվում են նրբերակացանավոր հանքայնացման գոտիներով, որոնց ներքին կառուցվածքը բնութագրվում է ցանազոլավոր, բնային և զանգվածային տեքստուրայով (մակատեսքով): Այս տիպի հանքավայրերը սովորաբար իրենց մեջ ընդգրկում են պղնձի համեմատաբար ոչ մեծ պաշարներ և դրանց գործնական նշանակությունը ներկայումս մեծ չէ.
21. Բացի սույն հավելվածի 15-ից 20-րդ կետերում նկարագրված հանքավայրերի արդյունաբերական տիպերից հայտնի են նաև Վերին լճի շրջանի (ԱՄՆ) բնածին պղնձի հանքավայրերը, Պալաբորի (ՀԱՀ) կարբոնատիտային հանքավայրը, Վոլկովսկու (ՌԴ) Վանադիում-երկաթ-պղնձի հանքավայրը:
22. Արդյունաբերական յուրացման համար կարող են նպատակահարմար լինել որոշ տեխնածին հանքավայրեր, որոնք հանքային հումքի արդյունահանման ու վերամշակման տեխնոլոգիական գործունեության արդյունքում ձևավորված օբյեկտներն են: Դրանց են վերագրվում պղնձի հանքավայրերի մշակման արդյունքում գոյացած արտահաշվեկշռային հանքաքարերի հատուկ լցակույտերը, սև, գունավոր, ազնիվ և այլ մետաղների հանքավայրերի համալիր հանքաքարերի հարստացման կամ պղինձ պարունակող կիսաարտադրանքների (թերայրուկներ, սորախցուկներ, մոխիրներ) վերամշակման գործընթացներում առաջացող պղինձ պարունակող թափոնները (հարստապոչեր, ապարախյուսեր` շլամներ): Այդ հանքավայրերի կառուցվածքի և տեխնածին ու հետագա վերնածին (հիպերգեն) ներգործությամբ ձևավորված պղինձ պարունակող նյութերի կազմի առանձնահատկությունները պահանջում են դրանց ուսումնասիրության և գնահատման յուրահատուկ մոտեցումներ, որոնք սույն հավելվածում չեն դիտարկվում և ենթակա են սահմանման համապատասխան իրավական ակտերով:
3. ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ
23. Հետախուզման գործընթացում պղնձի հանքավայրերի ուսումնասիրման մանրամասնության անհրաժեշտ և բավարար աստիճանը որոշվում է` կախված դրանց երկրաբանական կառուցվածքի բարդությունից:
24. Ըստ հանքային մարմինների չափերի և ձևի, դրանց հզորության ու ներքին կառուցվածքի փոփոխականության և պղնձի բաշխվածության առանձնահատկության պղնձի հանքավայրերը համապատասխանում են Դասակարգմամբ սահմանված բարդության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերին:
1) 1-ին խմբին են վերագրվում.
ա. պարզ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը (տեղամասերը)` ներկայացված կայուն (հաստատուն) հզորությամբ և պղնձի համեմատաբար հավասարաչափ բաշխվածությամբ պարզ ձևի խոշոր շերտաձև հանքակուտակներով և սալաձև հանքային մարմիններով (Ջեզկազգանի հանքավայր, Ղազախստան), ինչպես նաև պղնձի համեմատաբար հավասարաչափ բաշխվածությամբ մինչև մի քանի քառակուսի կիլոմետր մակերեսով և մինչև մեկ կիլոմետր հզորությամբ (խորությամբ) պարզ ձևի, խոշոր շտոկվերկներով (Կոունրադսկու հանքավայր, Ղազախստան):
բ. 1-ին խմբի հանքավայրերի երկրաբանական կտրվածքները հիմնականում նույնատիպ են, հեշտությամբ իրականացվում է հետախուզական հատումների և կտրվածքների համադրումը: Հանքամարմինների ներքին կառուցվածքը պարզ է, բնութագրական է օգտակար հաստվածքի կայուն կամ մինչև մեկ կմ հզորությունը և օգտակար բաղադրիչների համեմատաբար հավասարաչափ բաշխումը:
գ. Օգտակար հանածոյի երկրաբանատեխնոլոգիական տարբեր տիպերը (տեսակները) հիմնականում տարածականորեն տարազատված են (դրանց առկայության դեպքում) և հնարավոր է իրականացնել դրանց միանշանակ երկրաչափացում:
դ. Հանքաքարերի պաշարների գերակշիռ մասը պարփակված է պարզ եզրագծերով հանքամարմիններում:
ե. Առավել փոփոխուն հաշվարկային պարամետրերի (պարունակություն) փոփոխականության գործակիցը մինչև 40 տոկոս է:
2) 2-րդ խմբին են վերագրվում.
ա. բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը (տեղամասերը)` ներկայացված անհամասեռ կառուցվածքով, ոչ հաստատուն հզորությամբ կամ պղնձի հարաբերականորեն անհավասարաչափ բաշխվածությամբ, ըստ անկման և տարածման տասնյակ և հարյուրավոր մետրերից մինչև կիլոմետրեր չափերով, տասնյակ և հարյուրավոր մետր հզորությամբ, խոշոր և միջին շերտաձև, ոսպնյակաձև հանքակուտակներով և երակաձև հանքային մարմիններով (Գայսկու, Ուդոկանի, Նոր Ուչիլինսկու, Ուզելգինսկու, Պոդոլսկու և այլ հանքավայրեր` Ռուսաստան), ինչպես նաև անհամասեռ կառուցվածքով, պղնձի անհավասարաչափ բաշխվածությամբ, բարդ ձևի, հարյուրավոր քառակուսի կիլոմետրից մինչև մի քանի քառակուսի կիլոմետր մակերեսով, տասնյակ և հարյուրավոր մետր հզորությամբ, խոշոր և միջին շտոկվերկներով ու շտոկաձև հանքային մարմիններով (Քաջարանի, Թեղուտի, Ագարակի, Այգեձորի հանքավայրեր և այլն` Հայաստան, Կալմակիրսկու, Դալնիի հանքավայրեր` Ուզբեկստան):
բ. 2-րդ խմբի հանքավայրերի երկրաբանական կտրվածքները տարատիպ են, հեշտությամբ իրականացվում է հետախուզական հատումների և կտրվածքների համադրումը: Հանքամարմինների ներքին կառուցվածքը բարդ է հզորությունը և մյուս ձևաչափական պարամետրերը, ինչպես նաև հումքի որակը` փոփոխական, օգտակար բաղադրիչների բաշխումը` անհավասարաչափ:
գ. Օգտակար հանածոյի երկրաբանատեխնոլոգիական տարբեր տիպերը (տեսակները) տարածականորեն հստակ տարրազատված չեն, ինչը դժվարացնում է դրանց միանշանակ երկրաչափացումը:
դ. Հանքաքարերի պաշարների գերակշիռ մասը պարփակված է բարդացված եզրագծերով հանքամարմիններում:
ե. Առավել փոփոխուն հաշվարկային պարամետրերի (օգտակար բաղադրիչի կամ պայմանական օգտակար բաղադրիչի պարունակություն) փոփոխականության գործակիցը մինչև 40-100 տոկոս է:
3) 3-րդ խմբին են վերագրվում.
ա. շատ բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը (տեղամասերը)` ներկայացված փոփոխական հզորությամբ և պղնձի անհավասարաչափ բաշխվածությամբ, միջին և ոչ մեծ չափերի շերտաձև և երակաձև հանքակուտակներով (Կրասնոգվարդեյսկու, Օկտյաբրսկու, Տարներսկու, Չուսովսկու, Ալեքսանդրինսկու և այլն հանքավայրեր` Ռուսաստան) և շատ բարդ կառուցվածքով ոչ մեծ, սյունաձև, շտոկաձև հանքային մարմիններով, բարդ ճյուղավորված, ոսպնյականման մետասոմատիկ հանքակուտակներով ու պղնձի խիստ անհավասարաչափ բաշխվածությամբ հանքերակներով (Շամլուղի, Ալավերդու, Կապանի և այլն հանքավայրեր` Հայաստան, Ջուսինսկու, Վադիմո-Ալեկսանդրովսկու, Օզերնոյե, Բակր-Տաու, Տաշ-Տաու, հանքավայրեր` Ռուսաստան, Կոսմուրուն, Ակբաստաու հանքավայրեր և Սայակսկու հանքավայրի փոքր հանքային մարմինները` Ղազախստան):
բ. 3-րդ խմբի մեջ մտնող հանքավայրերի համար բնութագրական է տարբեր կարգի խզումնային խախտումներով պայմանավորված «բլոկային» կառուցվածքը, ինչն էականորեն դժվարացնում է հետախուզահատումների և խիստ տարատիպ երկրաբանական կտրվածքների համադրումն ու պայմանական դարձնում դրանց միջև հանքամարմինների եզրագծերի կապակցումը:
գ. Օգտակար հանածոյի երկրաբանատեխնոլոգիական տարբեր տիպերի (տեսակների) առանձնացումը հիմնականում կրում է պայմանական բնույթ:
դ. Հանքաքարերի պաշարները տարակենտրոնացված են շատ հանքամարմիններում, որոնց ձևաբանությունը և չափերը բազմազան են:
ե. Առավել փոփոխուն հաշվարկային պարամետրերի (օգտակար բաղադրիչի կամ պայմանական օգտակար բաղադրիչի պարունակություն) փոփոխականության գործակիցը մինչև 100-160 տոկոս է:
4) Դասակարգման 4-րդ խմբին վերագրվող չափազանց բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը (տեղամասերը)` ներկայացված են մանր հանքերակներով, հանքակուտակներով, ոսպնյակներով կամ չափազանց բարդ ընդհատվող, բնաձև հանքային կուտակումների բաշխվածությամբ և դրանք, որպես կանոն, ինքնուրույն արդյունաբերական նշանակություն չունեն:
25. Բարդության այս կամ այն խմբին հանքավայրի պատկանելիությունը սահմանվում է` ելնելով դրա հաշվեկշռային պաշարների 70%-ից ոչ պակասը ներառող հիմնական հանքամարմինների երկրաբանական կառուցվածքի բարդության աստիճանից, ինչպես նաև հանքավայրի բարդության այս կամ այն խմբին պատկանելիության որոշման ժամանակ, որոշ դեպքերում, կարող են կիրառվել հանքայնացման հիմնական հատկությունների փոփոխականության քանակական բնութագրիչները:
4. ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
26. Մանրազնին հետախուզվող հանքավայրի համար անհրաժեշտ է ունենալ տեղագրական հիմք, որի մասշտաբը պետք է համապատասխանի դրանց չափերին ու երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին և տեղանքի ռելիեֆին: Պղնձի հանքաքարի հանքավայրերի տեղագրական քարտեզները և հատակագծերը սովորաբար կազմվում են 1:1000-1:10000 մասշտաբով և պարտադիր պետք է ունենան աշխարհագրական կոորդինատների ցանց: Բոլոր հետախուզական և շահագործական փորվածքները (հետախուզաառուները, հետախուզահորերը, հանքուղիները (բովանցքերը, շտոլնյաները), հանքահորերը (հանքափողերը), հորատանցքեր), երկրաֆիզիկական մանրակրկիտ դիտումների պրոֆիլները, ինչպես նաև հանքամարմինների և հանքայնացված գոտիների բնական մերկացումները պետք է ունենան գործիքային տեղակապում: Ստորգետնյա լեռնային փորվածքները և հորատանցքերը տեղադրվում են հատակագծի վրա մարկշեյդերական հանույթի տվյալներով: Լեռնային աշխատանքների հորիզոնների մարկշեյդերական հատակագծերը (պլանները) սովորաբար կազմում են 1:200 կամ 1:500 մասշտաբով, իսկ ամփոփ հատակագծերը` 1:1000-ից ոչ փոքր մասշտաբով: Պետք է հաշվարկվեն հորատանցքերով հանքամարմնի առաստաղի ու հատակի հատումների կետերի կոորդինատները և հատակագծերի ու կտրվածքների հարթությունների վրա կառուցվեն դրանց փողերի անցակետերը:
27. Հանքավայրի երկրաբանական կառուցվածքը պետք է մանրամասն ուսումնասիրվի և արտապատկերվի 1:1000-1:10000 մասշտաբի երկրաբանական քարտեզի (կախված հանքավայրի չափերից և բարդությունից), երկրաբանական կտրվածքների, հատակագծերի, պրոյեկցիաների վրա, իսկ անհրաժեշտության դեպքում` բլոկ-դիագրամների և նմուշօրինակի (մոդելի) վրա: Հանքավայրերի երկրաբանական և երկրաֆիզիկական նյութերը` պաշարների հաշվարկի հիմնավորման համար անհրաժեշտ և բավարար աստիճանի մանրամասնությամբ, պետք է պատկերացում տան հանքամարմինների չափերի ու ձևի, դրանց տեղադրման պայմանների, ներքին կառուցվածքի ու անընդհատության, սեպացման, պարփակող ապարների փոփոխվածության առանձնահատկությունների, վերջիններիս և ծալքավոր կառուցվածքների ու տեկտոնական խախտումների հետ հանքամարմինների փոխհարաբերությունների վերաբերյալ: Անհրաժեշտ է նաև հիմնավորել հանքավայրի երկրաբանական սահմանները և որոնողական չափանիշները.
1) Հանքավայրի շրջանի և հանքային դաշտի վերաբերյալ անհրաժեշտ է ներկայացնել աշխարհագրական կոորդինատների ցանցով 1:25000-1:50000 մասշտաբի երկրաբանական և օգտակար հանածոների քարտեզ` համապատասխան կտրվածքներով: Նշված նյութերը պետք է արտացոլեն հանքավերահսկիչ կառուցվածքների և հանքատեղակալող ապարների, շրջանի պղնձի հանքավայրերի և հանքերևակումների, ինչպես նաև պղնձի կանխատեսումային ռեսուրսների գնահատված տեղամասերի տեղաբաշխումը:
2) Հանքավայրի շրջանում կատարված երկրաֆիզիկական ուսումնասիրությունների արդյունքները պետք է հաշվի առնվեն շրջանի երկրաբանական քարտեզում ու դրա կտրվածքներում և վերջինիս մասշտաբին համապատասխան արտացոլվեն երկրաֆիզիկական խոտորումների (անոմալիաների) մեկնաբանությունների ամփոփ հատակագծերում:
28. Հանքամարմինների կամ միներալացված գոտիների ելքերը դեպի մակերևույթ և մերձմակերևութային տեղամասերը առաջարկվում է ուսումնասիրել հետախուզաառուներով, հետախուզահորերով և վերջիններից անցած կողափորվածքներով (ռասսեչկա), խրամներով (մաքրվածքներով)` անցած հանքամարմինների տարածման ուղղությամբ և ոչ խորը հորատանցքերով` երկրաֆիզիկական և երկրաքիմիական մեթոդների կիրառմամբ և նմուշարկել այնպիսի մանրամասնությամբ, որը թույլ կտա որոշել հանքամարմինների ձևաբանությունը և տեղադրման պայմանները, օքսիդացման գոտու խորությունն ու կառուցվածքը, հանքաքարի օքսիդացման աստիճանը, հանքաքարերի նյութական կազմի, տեխնոլոգիական հատկությունների, պղնձի և ազնիվ մետաղների պարունակությունների փոփոխության առանձնահատկությունները, և կատարել օքսիդացած և խառը հանքաքարերի պաշարների տարանջատ հաշվարկ` ըստ արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի:
29. Պղնձի պարզ երկրաբանական կառուցվածքի հանքավայրերի հետախուզությունը խորքում իրականացվում է հիմնականում հորատանցքերով (բարդ երկրաբանական կառուցվածքի հանքավայրերի դեպքում` հորատանցքերով լեռնային փորվածքների զուգակցմամբ)` հետազոտության երկրաֆիզիկական մեթոդների (վերերկրյա, հորատանցքերում և լեռնային փորվածքներում) կիրառմամբ:
Հետախուզման մեթոդիկան` լեռնային աշխատանքների և հորատման ծավալների հարաբերակցությունը, լեռնային փորվածքների տեսակները և հորատման եղանակները, հետախուզական ցանցի երկրաչափությունն ու խտությունը, նմուշարկման մեթոդներն ու եղանակները, որոշվում են` ելնելով հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններից (բարդության խմբից), հաշվի առնելով հետախուզման լեռնային, հորատման և երկրաֆիզիկական միջոցների հնարավորությունը, ինչպես նաև նմանատիպ հանքավայրերի հետախուզման ու շահագործման փորձը, և պետք է ապահովի Դասակարգմամբ սահմանված կարգերով և քանակներով պաշարների հաշվարկման հնարավորությունը:
30. Սյունակային հորատման հորատանցքերում պետք է ստացվի լավ պահպանված հորատահանուկի հնարավոր առավելագույն ելք, որը թույլ կտա պարզել հանքամարմինների և պարփակող ապարների տեղադրման առանձնահատկությունները, դրանց հզորությունը, հանքամարմինների ներքին կառուցվածքը, մերձհանքային փոփոխությունների բնույթը, հանքաքարերի բնական տարատեսակների տեղաբաշխվածությունը, դրանց մակատեսքը (տեքստուրան) և ներկառուցվածքը (ստրուկտուրան) և ապահովել նմուշարկման ենթակա նյութի բնութագրականությունը: Երկրաբանահետախուզական աշխատանքների գործելակերպով (պրակտիկայով) հաստատված է, որ հանքամարմնից ստացված հորատահանուկի ելքը ըստ հորատման յուրաքանչյուր երթի (հորատաերթի) 70%-ից պակաս չպետք է լինի` հիմնականում լինելով 90% և ավելի (հատկապես սույն հավելվածի ընդունումից հետո անցած հորատանցքերի համար): Հորատահանուկի գծային ելքի ճշտությունն անհրաժեշտ է շարունակաբար վերստուգել այլ եղանակներով (կշռային, ծավալային):
1) Հանքայնացված միջակայքերում պղնձի պարունակության և հանքամարմնի հզորության որոշման համար հորատահանուկի բնութագրական լինելը պետք է հաստատվի դրա հնարավոր ընտրողական մաշելիության ուսումնասիրությունների տվյալներով: Դրա համար անհրաժեշտ է ըստ հանքաքարերի հիմնական տիպերի համադրել հորատահանուկի և ապարախյուսի (շլամի) նմուշարկման տվյալները (ըստ միջակայքերի դրանց տարբեր ելքերով) լեռնային փորվածքների, հարվածային, պնևմահարվածային, բնալայնիչ (շառօշկա) հորատանցքերի, ինչպես նաև հանովի հանուկընդունիչների կիրառմամբ հորատված սյունակային հորատանցքերի նմուշարկման տվյալների հետ: Նմուշարկման տվյալները զգալիորեն խեղաթյուրող` հորատման հանուկի ցածր ելքի կամ դրա ընտրողական մաշելիության առկայության դեպքում, անհրաժեշտ է կիրառել հետախուզման այլ տեխնիկական միջոցներ:
2) Հանքաքարերի փխրուն տարատեսակներին վրադրված (օքսիդացման գոտի)` հանքամարմինների մակերևութամերձ հատվածների հետախուզման ժամանակ անհրաժեշտ է կիրառել հորատահանուկի ելքի բարձրացմանը օժանդակող հորատման հատուկ տեխնոլոգիա (հորատում առանց լվացման, կարճացված երթով (հորատաերթով), լվացող հատուկ հեղուկների կիրառում և այլն):
3) Հորատման արժանահավատության և տեղեկատվականության բարձրացման համար անհրաժեշտ է հորատանցքերում իրականացնել երկրաֆիզիկական հետազոտություններ, որոնց ռացիոնալ համալիրը որոշվում է, ելնելով առաջադրված խնդիրներից, հանքավայրերի երկրաբանական-երկրաֆիզիկական կոնկրետ պայմաններից և երկրաֆիզիկական մեթոդների ժամանակակից հնարավորություններից: Հանքային միջակայքերի առանձնացման, դրանց պարամետրերի որոշման համար արդյունավետ կարոտաժի համալիրը պետք է իրականացվի հանքավայրում հորատված բոլոր հորատանցքերում:
4) Հարյուր և ավելի մետր խորությամբ ուղղաձիգ և բոլոր թեք ուղղությամբ հորատվող, ներառյալ նաև ստորգետնյա, հորատանցքերի առանցքների ազիմուտային և զենիթային անկյունները պետք է որոշվեն, այնուհետև վերստուգիչ չափումներով հաստատվեն ոչ հաճախ, քան յուրաքանչյուր 20 մետրը մեկ անգամ: Այդ չափումների արդյունքներն անհրաժեշտ է հաշվի առնել երկրաբանական կտրվածքներ և ըստ հորիզոնների հատակագծեր կազմելիս, հանքային միջակայքերի հզորությունները չափելիս: Լեռնային փորվածքներով հորատանցքերի առանցքը հատելու դեպքերում չափումների արդյունքներն ստուգվում են մարկշեյդերական հանույթի տվյալներով:
5) Հորատանցքերով հետախուզման դեպքում դրանց և հանքամարմինների հատման անկյունները պետք է փոքր չլինեն 30 օ-ից: Զառիթափ հանքամարմինները մեծ անկյան տակ հատելու համար նպատակահարմար է կատարել հորատանցքի արհեստական թեքում: Հորատմամբ հետախուզության արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է հորատել բազմախորշ և ստորգետնյա հովհարաձև հորատանցքեր: Հանքայնացված միջակայքը նպատակահարմար է հորատել նույն տրամագծով:
31. Լեռնային փորվածքները հիմնականում անցկացվում են հորատման, երկրաֆիզիկական հետազոտությունների տվյալների հսկողության և տեխնոլոգիական նմուշների վերցման համար, իսկ բարդ երկրաբանական կառուցվածքի հանքավայրերում` հանքամարմինների տեղադրման պայմանների, ձևաբանության, ներքին կառուցվածքի, անընդհատության, հանքաքարերի նյութական կազմի ուսումնասիրության (հորատանցքերի հետ զուգակցված) համար:
1) Լեռնային փորվածքներով հետախուզվող հանքավայրերի բնութագրական տեղամասերում ըստ տարածման և անկման հանքայնացման անընդհատությունը և փոփոխականությունը պետք է ուսումնասիրվի բավարար ծավալով. փոքր հզորության հանքամարմինների դեպքում` անընդհատ հետամտող շտրեկներով և վերընթացներով, իսկ հզոր հանքամարմինների և շտոկվերկների դեպքում` ըստ հզորության դրանք հատող քվերշլագներով, օրտերով, ստորգետնյա հորիզոնական հորատանցքերով:
2) Լեռնային փորվածքները անհրաժեշտ է անցկացնել հանքավայրի առաջնահերթ մշակման ենթակա տեղամասերում և հորիզոններում, որոնք ընտրվել են տեխնիկատնտեսական հաշվարկների արդյունքներով:
32. Հետախուզական փորվածքների դիրքը և միմյանց միջև եղած հեռավորությունները պետք է որոշվեն հանքամարմինների յուրաքանչյուր կառուցվածքային-ձևաբանական տիպի համար` առանձին, հաշվի առնելով դրանց չափերը, երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունները և հանքամարմինների եզրագծման ու անընդհատության ուսումնասիրության համար երկրաֆիզիկական մեթոդների (վերերկրյա, հորատանցքերում և լեռնային փորվածքներում) օգտագործման հնարավորությունը:
1) Աղյուսակ 4-ով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պղնձի հանքավայրերի հետախուզման ժամանակ հետախուզական փորվածքների խտությանը ներկայացվող պահանջները, որոնք կարող են հաշվի առնվել երկրաբանահետախուզական աշխատանքների նախագծման համար, սակայն դրանք չի կարելի դիտարկել որպես պարտադիր նախապայման: Յուրաքանչյուր հանքավայրի համար մանրամասն հետախուզման ենթակա տեղամասի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների ուսումնասիրության և տվյալ կամ նմանատիպ այլ հանքավայրերի վերաբերյալ եղած բոլոր երկրաբանական, երկրաֆիզիկական և շահագործական նյութերի մանրազնին վերլուծության արդյունքներով հիմնավորվում է հետախուզական փորվածքների ցանցի առավել ռացիոնալ երկրաչափությունը և խտությունը:
----------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում