ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
 
    Երևանի  Ավան և  Նոր Նորք համայնքների    Քաղաքացիական գործ թիվ 3-21 (Ա)
    առաջին ատյանի դատարանի վճիռ                                    2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ 2-2433
Նախագահող դատավոր` Ա. Դավթյան
 
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
 
                   նախագահությամբ`            Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
                   մասնակցությամբ դատավորներ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
                                              Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
                                              Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
                                              Ս. ՕՀԱՆՅԱՆԻ
                                              
2008 թվականի փետրվարի 1-ին,
դռնբաց դատական նիստում, քննելով Ռոբերտ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 07.09.2007 թվականի վճռի դեմ` ըստ Ծովինար և Տիգրան Ադամյանների ներկայացուցիչ Մարինե Ադամյանի հայցի ընդդեմ Ռոբերտ Խաչատրյանի` իրավահաջորդներ ճանաչելու և գումար բռնագանձելու պահանջների մասին,
 
ՊԱՐԶԵՑ
 
1. Գործի դատավարական նախապատմությունը.
 
        i 
Դիմելով դատարան` Ծովինար և Տիգրան Ադամյանները պահանջել են ճանաչել Ալեքսանդր Ադամյանի իրավահաջորդներ և բռնագանձել Ռոբերտ Խաչատրյանից 5000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսները:
Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 07.09.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Խաչատրյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան են ներկայացրել Ծովինար և Մարինե Ադամյանները:
 
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
 
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
        i 
Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված` անձի դատաքննությանը մասնակից դարձվելու իրավունքը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը գործը քննել է Ռոբերտ Խաչատրյանի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի ծանուցվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել դատարանի 07.09.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:
 
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.
 
Անհիմն են վճռաբեկ բողոքի փաստարկները, քանի որ Ռոբերտ Խաչատրյանն անձամբ հայցվորների ներկայությամբ դատարանի ցրիչից ստացել է դատական ծանուցագիրը, որը կցված է գործին:
 
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
 
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը`
Քաղաքացիական գործում առկա է 29.08.2007 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Ռոբերտ Խաչատրյանին հանձնված ծանուցագիրը, որի վրա առկա է Ռոբերտ Խաչատրյանի ստորագրությունը:
 
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
 
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին, իսկ 2-րդ մասի համաձայն` ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով: Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Ռոբերտ Խաչատրյանին պատշաճ ձևով տեղեկացրել է 29.08.2007 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, որն էլ հաստատվում է գործում առկա ծանուցագրի վրա առկա Ռոբերտ Խաչատրյանի ստորագրությամբ:
        i 
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
 
ՈՐՈՇԵՑ
 
1. Ռոբերտ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը մերժել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
 
Նախագահող` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Դատավորներ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
Վ. ԱԲԵԼՅԱՆ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ս. ՕՀԱՆՅԱՆ