01.07.2022 - 01.07.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2008 թվականի հունիսի 17-ին
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն օրենքի նպատակը ֆինանսական ոլորտում սպառողների և հաճախորդների իրավունքների և շահերի պաշտպանությունն է, նրանց պահանջների արագ, արդյունավետ և անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը և ֆինանսական միջնորդության ավելացումը, ֆինանսական ոլորտում սպառողների և հաճախորդների իրավունքների պաշտպանության համակարգի ստեղծումը, որին պարտադիր մասնակցում են սույն օրենքով նախատեսված կազմակերպությունները:↩
(նախաբանը փոփ. 03.06.20 ՀՕ-292-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
i
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից ֆինանսական կազմակերպությունների դեմ հաճախորդների ներկայացրած մասնավոր իրավահարաբերություններից բխող պահանջների քննության կարգը, Ֆինանսական համակարգի հաշտարարի կարգավիճակը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ստեղծման և գործունեության կարգն ու պայմանները և սպառողների իրավունքների պաշտպանության հետ կապված այլ իրավահարաբերություններ:
i
Հոդված 2. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ (այսուհետ` Գրասենյակ)` ոչ առևտրային կազմակերպություն, որի հիմնական խնդիրն է Ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեությանն օժանդակելը և ֆինանսական բնագավառի վերաբերյալ սպառողներին իրազեկելը.
2) Խորհուրդ` Գրասենյակի հոգաբարձուների խորհուրդ.
3) Կազմակերպություն` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) կողմից տրամադրված լիցենզիա ունեցող անձ (բացառությամբ արտարժույթի առք ու վաճառքի սակարկությունների լիցենզիա և վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի ու քլիրինգի լիցենզիա ստացած անձանց, այն ապահովագրական բրոկերների, որոնք ծառայություններ են մատուցում բացառապես ապահովագրական ընկերություններին, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունների), ինչպես նաև «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Բյուրո (այսուհետ` Բյուրո)).↩
i
4) կողմեր` Ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը պահանջ ներկայացրած հաճախորդը և Կազմակերպությունը, որի դեմ ներկայացվել է պահանջը.
5) հաճախորդ` ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ, այդ թվում` ֆինանսական կազմակերպությանը պարտավորությունների ապահովման միջոց տրամադրած անձ, որը ներկայացրել է Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների կամ ապահովման միջոցի հետ կապված պահանջ: Ընդ որում, Բյուրոյի կողմից մատուցվող ծառայություն է համարվում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործունեությունը` կապված ԱՊՊԱ պայմանագրով ապահովադրի, ապահովագրված անձի կամ տուժողի, ինչպես նաև վնասների հատուցման և (կամ) դրա հետադարձ պահանջի (սուբրոգացիա) հետ.↩
6) պահանջ` Ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը հաճախորդի կողմից Կազմակերպության դեմ ներկայացվող պահանջ.
i
7) Ֆինանսական համակարգի հաշտարար` սույն օրենքով վերապահված լիազորություններն իրացնելու միջոցով հաճախորդների կողմից Կազմակերպությունների դեմ ներկայացված պահանջները քննող և դրանց վերաբերյալ որոշումներ ընդունող ֆիզիկական անձ.
8) Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարար` երկու և ավելի Ֆինանսական համակարգի հաշտարարների առկայության դեպքում Գրասենյակի կառավարչի լիազորություններն իրականացնող Ֆինանսական համակարգի հաշտարար.
9) Ֆինանսական համակարգի հաշտարարի մասնագիտական գործունեություն` Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից սույն օրենքով վերապահված լիազորություններն իրացնելու միջոցով հաճախորդների պահանջների ընդունումը, քննումը և դրանց վերաբերյալ որոշումների կայացումը.
10) իրավասու դատարան`↩
ա. հաճախորդի բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան,
բ. հաճախորդի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան, եթե հաճախորդն իրավաբանական անձ է, իսկ հաճախորդի` օտարերկրյա իրավաբանական անձի` Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված մասնաճյուղ լինելու դեպքում` մասնաճյուղի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան.
11) անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ` Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու պահին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անձ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված Կազմակերպությունների:
(2-րդ հոդ. փոփ. 22.12.10 ՀՕ-276-Ն, 03.06.20 ՀՕ-292-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)
ԳԼՈՒԽ 2
ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 3. |
Ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը ենթակա պահանջները |
i
1. Ֆինանսական համակարգի հաշտարարը իրավասու է քննելու այն պահանջները, որոնք ներկայացվում են հաճախորդի կողմից Կազմակերպության դեմ, կապված են Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների հետ և պարունակում են տասը միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ, իսկ «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարկային բյուրոյի (այսուհետ` վարկային բյուրո) դեմ ներկայացված, ինչպես նաև «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարկային տեղեկատվության վերաբերյալ կամ դրա հետ կապված պահանջների դեպքում` նաև ոչ գույքային բնույթի պահանջ:↩
(3-րդ հոդ. փոփ. 21.12.15 ՀՕ-13-Ն, 03.06.20 ՀՕ-292-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 4. |
Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու իրավունքը |
1. Հաճախորդն իրավունք ունի դիմելու Ֆինանսական համակարգի հաշտարարին` անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք հաճախորդի և Կազմակերպության միջև կնքված պայմանագրով նախատեսված է, թե ոչ: Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու հաճախորդի իրավունքը սահմանափակող համաձայնությունը կամ պայմանն առ ոչինչ է:
Հոդված 5. |
Պահանջի քննության անվճար լինելը |
1. Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջն ընդունելու, քննելու և որոշում կայացնելու կապակցությամբ հաճախորդից որևէ վճար չի գանձվում:
Հոդված 6. |
Բողոք-պահանջը Կազմակերպություն ներկայացնելը |
i
1. Մինչև պահանջը Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնելը հաճախորդը պետք է Կազմակերպությանը ներկայացնի բողոք-պահանջ:
2. Կազմակերպությունը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասում նշված բողոք-պահանջը ստանալու պահից տասն աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդին գրավոր տրամադրել վերջնական պատասխան:
Կազմակերպության վերջնական պատասխանը պետք է արտահայտի Կազմակերպության հստակ դիրքորոշումը սպառողի պահանջը մերժելու, բավարարելու կամ մասնակի բավարարելու վերաբերյալ:
Սույն մասով սահմանված ժամկետը չի տարածվում վարկային բյուրոյի դեմ ներկայացված բողոք-պահանջների վրա: Վարկային բյուրոյին ներկայացված բողոք-պահանջը վարկային բյուրոն քննում և հաճախորդին գրավոր վերջնական պատասխան է տրամադրում վարկային բյուրոյի բողոք-պահանջը ստանալու պահից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում:
3. Կազմակերպության վերջնական պատասխանը ստանալու պահից կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում այն չստանալու դեպքում հաճախորդն իրավունք է ձեռք բերում պահանջ ներկայացնելու Ֆինանսական համակարգի հաշտարարին:
4. Կազմակերպությունը պարտավոր է քննարկել հաճախորդի բողոք-պահանջը, եթե այն ներկայացվել է մեկ տարվա ընթացքում` սկսած այն պահից, երբ հաճախորդն իմացել է կամ կարող էր իմանալ իր իրավունքի խախտման մասին:
5. Սույն հոդվածի իմաստով հաճախորդը համարվում է Կազմակերպությանը բողոք-պահանջ ներկայացրած նաև այն դեպքում, երբ հաճախորդի համաձայնությամբ հաճախորդի բողոք-պահանջը ներկայացրել է Գրասենյակը: Կազմակերպությանը Գրասենյակի միջոցով հաճախորդի բողոք-պահանջների ներկայացման կարգը սահմանում է Խորհուրդը: Այդ կարգը հրապարակվում է Գրասենյակի պաշտոնական ինտերնետային կայքում:
(6-րդ հոդ. փոփ. 21.12.15 ՀՕ-13-Ն, 03.06.20 ՀՕ-292-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)
i
Հոդված 7. |
Հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացի կարգավորումը կազմակերպության կողմից |
1. Կազմակերպությունը պարտավոր է ունենալ հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացը կարգավորող ներքին իրավական ակտեր:
2. Կազմակերպությունը սույն հոդվածի 1-ին մասում նշված ակտերը հասանելի է դարձնում հանրությանը, այդ թվում` ինտերնետային կայքում հրապարակելու միջոցով, եթե Կազմակերպությունն ունի ինտերնետային կայք:
Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել այն նվազագույն պայմանները և սկզբունքները, որոնց պետք է համապատասխանեն սույն հոդվածի 1-ին մասում նշված ներքին իրավական ակտերը:
3. Կազմակերպության և քաղաքացիների միջև կնքվող գործարքները նշում են պարունակում գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնելու հնարավորության մասին:
4. Այն դեպքում, երբ Կազմակերպությունը Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր չի կնքել, Կազմակերպության և քաղաքացիների միջև կնքվող գործարքները պետք է նշում պարունակեն այդ մասին:
5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված նշումների ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
Հոդված 8. |
Պահանջը Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնելու ժամկետը |
1. Ֆինանսական համակարգի հաշտարարը քննում է պահանջը, եթե հաճախորդը պահանջ է ներկայացրել վեց ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ հաճախորդը ստացել է Կազմակերպության վերջնական պատասխանը կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում վերջնական պատասխան չի ստացել:
2. Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է քննել նաև այն պահանջները, որոնք անհաղթահարելի ուժի գործողության հետևանքով բերվել են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների խախտմամբ:↩
(8-րդ հոդ. փոփ. 03.06.20 ՀՕ-292-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 9. |
Պահանջի բովանդակությունը |
i
1. Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացվող պահանջը կազմվում է գրավոր և ներառում է`
1) հաճախորդի անունը (անվանումը).↩
2) հաճախորդի բնակության (գտնվելու վայրի) և հաղորդակցման հասցեները.↩
3) այն Կազմակերպության անվանումը, որի դեմ բերվում է պահանջը.
4) գույքային պահանջի չափը (առկայության դեպքում).↩
5) Կազմակերպությանն ուղղված հաճախորդի բողոք-պահանջի պատճենը.
6) առկայության դեպքում Կազմակերպության գրավոր պատասխանը հաճախորդի բողոք-պահանջին.
7) հայտարարություն այն մասին, որ հաճախորդի և Կազմակերպության միջև նույն պահանջի առարկայի վերաբերյալ առկա չէ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վճիռ, և որ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում չի քննվում հաճախորդի և Կազմակերպության միջև նույն պահանջի առարկայի վերաբերյալ գործ.
i
7.1) անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ հաճախորդի դեպքում` հայտարարություն հաճախորդի` Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու պահին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալու և Գրասենյակին տրված համաձայնություն իր` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին տեղեկատվությունը հարկային մարմնից ստանալու կամ հարկային մարմնի կողմից տրված տեղեկանք իր` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ.
8) պահանջի բովանդակությունը (հանգամանքները, որոնց վրա հիմնվում է պահանջը).
9) պահանջը ներկայացնելու ամսաթիվը, ամիսը և տարին.
9.1) ֆիզիկական անձ հաճախորդի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ հաճախորդի դեպքում` անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ հաճախորդի պետական գրանցման փաստաթղթի պատճենը կամ անհատականացնող համարը.
10) հաճախորդի, իսկ իրավաբանական անձ հաճախորդի դեպքում` ընկերության անունից հանդես գալու լիազորություն ունեցող անձի ստորագրությունը:↩
2. Պահանջը կարող է ստորագրել հաճախորդի ներկայացուցիչը: Այդ դեպքում պահանջին կցվում է ներկայացուցչի լիազորությունները հավաստող, պատշաճ կարգով տրված լիազորագիրը, ինչպես նաև հաճախորդի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը:↩
3. Գրասենյակը պարտավոր է աջակցել հաճախորդին պահանջի բովանդակությունը օրենքով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաև գույքային պահանջի (առկայության դեպքում) չափը որոշելու հարցերում:↩
(9-րդ հոդ. փոփ. 21.12.15 ՀՕ-13-Ն, 03.06.20 ՀՕ-292-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 10. |
Պահանջի քննությունը մերժելու հիմքերը |
1. Ֆինանսական համակարգի հաշտարարը մերժում է պահանջի քննությունը, եթե`
1) պահանջը սույն օրենքին համապատասխան ենթակա չէ քննության Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից.
2) հաճախորդի և Կազմակերպության միջև նույն պահանջի առարկայի վերաբերյալ առկա է դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վճիռ.
3) դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից քննվում է հաճախորդի և Կազմակերպության միջև նույն պահանջի առարկայի վերաբերյալ գործ.↩
4) պահանջն արդեն քննվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից, և դրա վերաբերյալ առկա է նրա որոշումը.
i
5) հաճախորդը սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով բողոք-պահանջ չի ներկայացրել Կազմակերպությանը.
6) պահանջը չի ներկայացվել սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված ժամկետներում.
7) Կազմակերպության լիցենզիայի գործողությունը դադարեցվել է.
8) պահանջը ստորագրվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձի կողմից.
9) պահանջն ակնհայտորեն զրպարտիչ է, կամ պահանջ ներկայացնող հաճախորդի վարքագիծն անբարեխիղճ է.
10) անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու պահին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չէ.
11) անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը չի պահպանել սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 7.1-ին կետով սահմանված պահանջը:
2. Այն դեպքում, երբ պահանջը, սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան, ենթակա չէ քննության, Ֆինանսական համակարգի հաշտարարը յոթ աշխատանքային օրվա ընթացքում մերժում է պահանջի քննումը և այդ մասին գրավոր տեղեկացնում է հաճախորդին` նշելով մերժման հիմքերը:
(10-րդ հոդ. փոփ. 03.06.20 ՀՕ-292-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 11. |
Պահանջի քննությունը |
1. Ֆինանսական համակարգի հաշտարարը պահանջի պատճենն ուղարկում է այն Կազմակերպությանը, որի դեմ բերվել է պահանջը:
2. Պահանջի պատճենը Ֆինանսական համակարգի հաշտարարից ստանալուց հետո` տասնչորս աշխատանքային օրվա ընթացքում, Կազմակերպությունը պարտավոր է Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնել պահանջի վերաբերյալ գրավոր բացատրություններ, պարզաբանումներ և (կամ) առարկություններ, ինչպես նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր և տեղեկություններ: Կազմակերպության պատճառաբանված դիմումի հիման վրա տասնչորսօրյա ժամկետը Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից կարող է երկարաձգվել ևս յոթ աշխատանքային օրով:
i
3. Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում Կազմակերպության բացատրություններն ստանալուց կամ սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետը լրանալուց հետո` 24 աշխատանքային օրվա ընթացքում: Առանձնապես բարդ գործի պարագայում Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է սույն մասով նախատեսված քսանչորսօրյա ժամկետն իր որոշմամբ երկարաձգել ևս 14 աշխատանքային օրով:↩
4. Խորհուրդը Ֆինանսական համակարգի հաշտարարի ներկայացմամբ կարող է հաստատել պահանջների քննության գործընթացը կարգավորող կանոններ:
i
5. Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է պահանջի քննությունն իրականացնել բանավոր լսումների և (կամ) փաստաթղթերի և նյութերի ուսումնասիրության հիման վրա:
6. Կողմերի կամ դրանցից մեկի խնդրանքով կամ սեփական նախաձեռնությամբ Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է հրավիրել կողմերին` վերջիններիս բանավոր բացատրություններն ու պարզաբանումները ստանալու նպատակով:
7. Պահանջի քննությունը բանավոր լսումների միջոցով իրականացվելու դեպքում կողմերը պետք է նախապես պատշաճորեն իրազեկվեն պահանջի քննության օրվա և վայրի մասին:
i
8. Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է պահանջի քննությանը ներգրավել մասնագետների:
i
9. Ֆինանսական համակարգի հաշտարարը պահանջի քննության համար անհրաժեշտ տեղեկություններ կամ նյութեր ստանալու համար կարող է դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու իրավաբանական անձանց: Այդ անձինք պարտավոր են պատասխանել Ֆինանսական համակարգի հաշտարարի դիմում-հարցումներին և ներկայացնել իրենց իրավասություններից բխող պահանջվող տեղեկությունները դրանք ստանալու պահից` յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Ֆինանսական համակարգի հաշտարարն իրավունք ունի ստանալու սույն մասով սահմանված տեղեկությունները, եթե դրանք պետական կամ ծառայողական գաղտնիք չեն: Հարկային մարմինը Գրասենյակին տեղեկատվությունը տրամադրում է էլեկտրոնային համակարգի միջոցով` առցանց հարցումներին ավտոմատ պատասխանելու եղանակով (այդպիսի համակարգի առկայության դեպքում):
(11-րդ հոդ. փոփ. 03.06.20 ՀՕ-292-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 12. |
Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ համագործակցելու` Կազմակերպության պարտականությունը |
1. Կազմակերպությունը պարտավոր է համագործակցել Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ` վերջինիս պահանջով օրենքով սահմանված ժամկետում, իսկ նման ժամկետ սահմանված չլինելու դեպքում` ողջամիտ ժամկետում ներկայացնել փաստաթղթեր, տալ բացատրություններ ու պարզաբանումներ, Ֆինանսական համակարգի հաշտարարին տրամադրել պահանջի հետ առնչվող այն նյութերը, որոնք գտնվում են իր մոտ, եթե անգամ դրանք պարունակում են բանկային, ապահովագրական կամ առևտրային գաղտնիք:
2. Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է որոշում կայացնել իր հետ բավականաչափ չհամագործակցող Կազմակերպությանը նախազգուշացնելու մասին:
3. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նախազգուշացում ստացած Կազմակերպությունը շարունակում է չհամագործակցել կամ բավականաչափ չհամագործակցել Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ, վերջինս կարող է որոշում կայացնել Կազմակերպությանը չհամագործակցող ճանաչելու մասին:
Հոդված 13. |
Պահանջի քննությունը դադարեցնելը |
1. Ֆինանսական համակարգի հաշտարարը իր որոշմամբ դադարեցնում է պահանջի քննությունը, եթե`
1) պահանջի քննության ընթացքում պարզվում է, որ պահանջը, սույն օրենքին համապատասխան, ենթակա չէ քննության Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից.
2) պահանջի քննության ընթացքում պարզվում է, որ պահանջի առարկայի վերաբերյալ առկա է դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վճիռ.
3) պահանջի քննության ընթացքում պարզվում է, որ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում քննվում է հաճախորդի և Կազմակերպության միջև նույն պահանջի վերաբերյալ գործ.
4) հաճախորդը հրաժարվել է պահանջից.
4.1) կողմերը հաշտվել են` կնքվել է հաշտության համաձայնագիր, կամ հաճախորդը դիմում է ներկայացրել հաշտության համաձայնության գալու մասին.
5) հաճախորդը մահացել է կամ ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, իսկ իրավաբանական անձ հաճախորդի դեպքում` լուծարվել է.↩
6) Կազմակերպությունը լուծարվել է կամ լիցենցիայի գործողությունը դադարեցվել է:↩
(13-րդ հոդ. փոփ. 03.06.20 ՀՕ-292-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 14. |
Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը |
i
1. Պահանջի քննության արդյունքներով Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու մասին և ոչ ուշ, քան հաջորդ օրը ծանուցում որոշման մասին` համապատասխան ծանուցման եղանակով ներկայացնելով որոշումը:↩
2. Այն դեպքում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու մասին, ապա վերջինս պետք է սահմանի Կազմակերպության կողմից որոշումը կատարելու կարգը և ժամկետը:
i
3. Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պետք է լինի պատճառաբանված` հաշվի առնելով ոչ միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները, այլև գործարար վարքագծի և էթիկայի կանոնները, գործարար շրջանառության սովորույթները:
i
4. Այն դեպքում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ծանուցելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդն անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնվում է որոշման հետ, վերջինս կողմերի համար դառնում է պարտադիր:↩
Հաճախորդի կողմից որոշման հետ համաձայնելու մասին գրությունն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ չհամաձայնելու դեպքում` 30 աշխատանքային օրը լրանալուց հետո Ֆինանսական համակարգի հաշտարարը պարտավոր է Կազմակերպությանը ծանուցել հաճախորդի գրավոր համաձայնության առկայության կամ բացակայության մասին և համապատասխանաբար` որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու կամ այդպիսին չդառնալու մասին:↩
(14-րդ հոդ. փոփ. 03.06.20 ՀՕ-292-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 14.1. |
Հաճախորդի և Կազմակերպության հաղորդակցումը Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ |
1. Հաճախորդը պահանջ ներկայացնելիս այդ պահանջի մեջ նշում է Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ հաղորդակցման եղանակի մասին, իսկ այդպիսի նշում չլինելու դեպքում` հաղորդակցումը տեղի է ունենում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված` Խորհրդի սահմանած կարգով:
2. Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ հաղորդակցման եղանակը սույն օրենքով սահմանված փաստաթղթերը կամ տեղեկությունները Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաճախորդին ներկայացնելու ձևն է, որը կարող է լինել էլեկտրոնային, փոստով առաքման կամ հաճախորդի համաձայնությամբ` այլ միջոցով: Հաճախորդի` Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ հաղորդակցման կարգը սահմանում է Խորհուրդը: Այդ կարգը հրապարակվում է Գրասենյակի պաշտոնական ինտերնետային կայքում:
i
3. Ֆինանսական համակարգի հաշտարարի հաղորդակցումը Կազմակերպությունների հետ իրականացվում է էլեկտրոնային կամ այլ եղանակով` Խորհրդի սահմանած կարգով:
(14.1-ին հոդ. լրաց. 03.06.20 ՀՕ-292-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
i
Հոդված 15. |
Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարումը |
1. Այն դեպքում, երբ հաճախորդը սույն օրենքով սահմանված կարգով համաձայնվում է որոշման հետ, իսկ Կազմակերպությունը սահմանված կարգով և ժամկետում չի կատարում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը, հաճախորդն իրավունք է ստանում կատարողական թերթ ստանալու նպատակով դիմելու իրավասու դատարան, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և կատարողական թերթ տալու մասին.
2) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և կատարողական թերթ տալը մերժելու մասին:
(15-րդ հոդ. փոփ. 09.02.18 ՀՕ-117-Ն օրենք)
i
Հոդված 16. |
Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման վիճարկումը |
i
1. Ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վիճարկել իրավասու դատարան ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:
2. Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը իրավասու դատարան կարող է ներկայացվել սույն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:
3. Կազմակերպությունը կարող է Գրասենյակի հետ կնքված գրավոր համաձայնագրով հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից:
4. Կենտրոնական բանկը և Գրասենյակն իրենց ինտերնետային կայքերում հրապարակում են այն Կազմակերպությունների ցանկը, որոնք Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագրեր չեն կնքել:
(16-րդ հոդ. փոփ. 09.02.18 ՀՕ-117-Ն օրենք)
i
Հոդված 17. |
Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերը |
1. Իրավասու դատարանը չեղյալ է ճանաչում Ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը, եթե`
1) պահանջը ենթակա չէ քննության Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից.
2) Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել սույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ.
3) բացահայտվել են Ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ:
i
Հոդված 18. |
Վեճի քննությունը առևտրային արբիտրաժի և դատարանի կողմից |
1. Առևտրային արբիտրաժի լուծմանը չի կարող հանձնվել այն վեճը, որը քննվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից, կամ որի վերաբերյալ առկա է Ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը:
2. Դատարանը, որին հայց է ներկայացված այն վեճի վերաբերյալ, որի վերաբերյալ առկա է Ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը, որը չի վիճարկվել սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետում, պարտավոր է մերժել հայցադիմումի ընդունումը, իսկ եթե հայցադիմումն ընդունվել է` կարճել գործի վարույթը:
3. Սույն հոդվածը որևէ կերպ չի սահմանափակում Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջը քննելու ընթացքում դատարան հայց ներկայացնելու հաճախորդի իրավունքը:
ԳԼՈՒԽ 3
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԸ
Հոդված 19. |
Ֆինանսական համակարգի հաշտարարի լիազորությունները |
1. Ֆինանսական համակարգի հաշտարարը`
1) սույն օրենքով սահմանված կարգով իրականացնում է իր մասնագիտական գործունեությունը.
2) իրականացնում է Գրասենյակի կառավարչի լիազորությունները, այդ թվում`
ա. ապահովում է Գրասենյակի բնականոն գործունեությունը,
բ. պատրաստում և Խորհրդի քննարկմանն է ներկայացնում Խորհրդի որոշումների նախագծերը, այդ թվում` Կազմակերպությունների կողմից լրացուցիչ մասնակցության վճարներ կատարելու մասին որոշման նախագիծը,↩
գ. առանց լիազորագրի հանդես է գալիս Գրասենյակի անունից,
դ. տալիս է լիազորագրեր,
ե. Գրասենյակի անունից կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային,
զ. Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Գրասենյակի ներքին իրավական ակտերի նախագծերը, վարչակազմակերպական կառուցվածքը,
է. սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է Գրասենյակի աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ,
ը. Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Գրասենյակի բյուջեն,
թ. իրականացնում է Գրասենյակի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
i
2. Իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս Ֆինանսական համակարգի հաշտարարը անկախ է և հաշվետու չէ որևէ մեկին:
(19-րդ հոդ. փոփ. 03.06.20 ՀՕ-292-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 20. |
Ֆինանսական համակարգի հաշտարարի նշանակումը և վարձատրությունը |
i
1. Ֆինանսական համակարգի հաշտարարը նշանակվում է Խորհրդի կողմից` չորս տարի ժամկետով, և կարող է նույն պաշտոնում վերանշանակվել:
2. Ֆինանսական համակարգի հաշտարարի նշանակման վերաբերյալ որոշումն ընդունվում է Խորհրդի առնվազն 5 անդամների ձայներով` գործող Ֆինանսական համակարգի հաշտարարի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք, և ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, և ուժի մեջ է մտնում գործող Ֆինանսական համակարգի հաշտարարի լիազորությունների ավարտի հաջորդ օրվանից, բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:↩
3. Ֆինանսական համակարգի հաշտարարների թիվը որոշում է Խորհուրդը: Երկու և ավելի Ֆինանսական համակարգի հաշտարարների առկայության դեպքում Գրասենյակի կառավարչի լիազորություններն իրականացնում է Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարարը, որը նշանակվում է Խորհրդի որոշմամբ` Ֆինանսական համակարգի հաշտարարների թվից: Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարարը շարունակում է իրականացնել Ֆինանսական համակարգի հաշտարարի մասնագիտական գործունեությունը:
4. Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարարի բացակայության դեպքում նրա լիազորություններն իրականացնում է Ֆինանսական համակարգի հաշտարարներից մեկը` Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարարի որոշմամբ:
5. Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարարն իրականացնում է Ֆինանսական համակարգի հաշտարարների միջև աշխատանքի բաշխումը, եթե այլ բան նախատեսված չէ Խորհրդի որոշմամբ: Խորհրդի որոշմամբ կարող է նախատեսվել Ֆինանսական համակարգի հաշտարարների մասնագիտացումն առանձին ոլորտներում:
6. Ֆինանսական համակարգի հաշտարարի վարձատրությունը չպետք է պակաս լինի բանկային համակարգում վարձատրության միջին չափի եռապատիկից: Ֆինանսական համակարգի հաշտարարի վարձատրությունը կազմված է ամրագրված գումարից և լրավճարներից` յուրաքանչյուր քննված պահանջի համար: Լրավճարների չափերը և հաշվարկման կարգը սահմանում է Խորհուրդը:
7. Ֆինանսական համակարգի հաշտարարի մասնագիտական գործունեության իրականացման հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման միայն այն դեպքում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարի մեղքը հաստատվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
(20-րդ հոդ. փոփ. 03.06.20 ՀՕ-292-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 21. |
Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացվող պահանջները |
1. Ֆինանսական համակարգի հաշտարարը պետք է ունենա բարձրագույն կրթություն, բարձր հեղինակություն և առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ:
2. Ֆինանսական համակարգի հաշտարար չի կարող լինել այն անձը, որը վերջին երեք տարիների ընթացքում աշխատել է որևէ Կազմակերպությունում:
3. Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, լինել որևէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, և պետք է զերծ մնա իր անկախությունը և անաչառությունը կասկածի տակ դնող գործողություններից:
4. Ֆինանսական համակարգի հաշտարար չի կարող լինել այն անձը, որը`
1) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ. ↩
3) դատավճռով զրկվել է իրավաբանական կամ ֆինանսական ոլորտներում պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից:
(21-րդ հոդ. փոփ. 09.06.22 ՀՕ-200-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)
Հոդված 22. |
Ֆինանսական համակարգի հաշտարարի լիազորությունների վաղաժամկետ դադարումը |
1. Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է պաշտոնից ազատվել կամովին` ազատվելու օրվանից տասնչորս օր առաջ գրավոր տեղեկացնելով Խորհրդի նախագահին: Տեղեկացնելու օրվան հաջորդող տասնչորսերորդ օրվանից Ֆինանսական համակարգի հաշտարարը համարվում է պաշտոնից ազատված:
2. Ֆինանսական համակարգի հաշտարարի լիազորությունները վաղաժամկետ դադարում են նաև, եթե նա`
1) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ
2) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար կամ
3) դատավճռով զրկվել է իրավաբանական կամ ֆինանսական ոլորտներում պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից կամ
4) հիվանդության կամ այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության հետևանքով ավելի քան վեց ամիս ի վիճակի չէ իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները կամ
5) մահացել է:
3. Ֆինանսական համակարգի հաշտարարի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել Խորհրդի առնվազն 5 անդամների ձայներով, եթե Ֆինանսական համակարգի հաշտարարը կորցրել է իր հեղինակությունը:
4. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում Ֆինանսական համակարգի հաշտարարին նշանակում է Խորհուրդը` սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով, Ֆինանսական համակարգի հաշտարարի լիազորությունները վաղաժամկետ դադարելուց հետո` 15 օրվա ընթացքում:
(22-րդ հոդ. փոփ. 03.06.20 ՀՕ-292-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
ԳԼՈՒԽ 4
ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 23. |
Գրասենյակի իրավական կարգավիճակը |
1. Գրասենյակը հիմնադրամ է, որի հիմնադիրը Կենտրոնական բանկն է:
Հոդված 24. |
Գրասենյակի կառավարման մարմինները |
1. Գրասենյակի կառավարման մարմիններն են`
1) Խորհուրդը.
2) Գրասենյակի կառավարիչը:
2. Գրասենյակը ունի վերստուգիչ հանձնաժողով կամ վերստուգիչ, որին նշանակում է Խորհուրդը: Վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգիչը) հաշվետու է Խորհրդին: Վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգիչի) լիազորությունները սահմանվում են սույն օրենքով և Գրասենյակի կանոնադրությամբ:
Հոդված 25. |
Խորհրդի լիազորությունները |
1. Սույն օրենքին և Գրասենյակի կանոնադրությանը համապատասխան` `Խորհուրդն իրականացնում է հետևյալ լիազորությունները.
1) Խորհրդի առնվազն 5 անդամների ձայներով հաստատում է Գրասենյակի կանոնադրությունը, դրանում փոփոխությունները և լրացումները, ընդ որում` Գրասենյակի կանոնադրությամբ սահմանվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի նշանակման կարգը.
2) ընդունում է որոշումներ Ֆինանսական համակարգի հաշտարարի, կանոնադրությամբ սահմանված այլ մարմիններ ձևավորվելու դեպքում` դրանց ընտրության և նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին` սույն օրենքով սահմանված կարգով.
3) հաստատում է Գրասենյակի գործունեությունը կարգավորող ներքին իրավական ակտերը, այդ թվում` ակտեր, որոնցով սահմանվում են Խորհրդի անդամների, Ֆինանսական համակարգի հաշտարարի և Գրասենյակի աշխատակիցների վարքագծի և էթիկայի կանոնները, որոնք ներառում են նաև բացարկի ու ինքնաբացարկի ներկայացման, քննարկման և որոշման կայացման դեպքերն ու կարգը, նրանց գործելակերպի արդյունավետությունն ապահովող շարժառիթները, առևտրային կամ այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու կարգը, Խորհրդի կողմից որոշումների ընդունման դեպքում Խորհրդի անդամների շահագրգռվածության և շահերի բախման ընդհանուր սկզբունքները, ինչպես նաև Խորհրդի անդամների միջև աշխատանքի բաշխման և նրանց պատասխանատվության վերաբերյալ դրույթներ.
4) Գրասենյակի կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ լսում է Ֆինանսական համակարգի հաշտարարի հաշվետվությունները.
5) վերահսկում է իր որոշումների կատարման ընթացքը.
6) վերահսկում է Գրասենյակի ընթացիկ և ֆինանսատնտեսական գործունեությունը.
7) հաստատում է Գրասենյակի բյուջեն, դրա փոփոխությունները, վերահսկում է բյուջեի կատարումը.
8) հաստատում է տարեկան ֆինանսական հաշվետվությունները.
9) հաստատում է Ֆինանսական համակարգի հաշտարարի և Գրասենյակի աշխատակիցների վարձատրման և պարգևատրման կարգը, սոցիալական ապահովության ծախսերը և դրանց հատկացման կարգը, Գրասենյակի կառավարչի տեղակալի հաստիքը, որին նշանակված անձը չի կարող իրականացնել Ֆինանսական համակարգի հաշտարարի մասնագիտական գործունեություն.↩
10) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
2. Խորհրդի` սույն հոդվածով նախատեսված լիազորությունները չեն կարող փոխանցվել այլ մարմնի:
3. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է Ֆինանսական համակարգի հաշտարարը:
4. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով Խորհրդի որոշմամբ կարող է հրավիրվել փորձագետ:
5. Խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու Գրասենյակի բոլոր փաստաթղթերին:
6. Խորհուրդն ու Խորհրդի անդամներն իրավունք չունեն որևէ կերպ միջամտելու Ֆինանսական համակարգի հաշտարարի մասնագիտական գործունեությանը և (կամ) ազդելու պահանջների քննման ընթացքի և որոշումների կայացման վրա:
(25-րդ հոդ. փոփ. 03.06.20 ՀՕ-292-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
i
Հոդված 26. |
Խորհրդի ձևավորումը↩ |
1. Խորհուրդը կազմված է յոթ անդամից:
2. Խորհրդի անդամներին նշանակում է`
1) մեկին` Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
2) մեկին` Կենտրոնական բանկի խորհուրդը.
3) մեկին` բանկերի միությունը (միությունները), մեկին` վարկային կազմակերպությունների միությունը (միությունները), մեկին` ապահովագրական ընկերությունների միությունը (միությունները), մեկին` մյուս Կազմակերպությունների միությունները.
4) մեկին` սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները:
3. Խորհրդի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով:
4. Խորհրդի նոր անդամը պետք է նշանակվի Խորհրդի անդամի լիազորությունների դադարումից ոչ շուտ, քան երեք, և ոչ ուշ, քան երկու ամիս առաջ` սույն հոդվածով սահմանված կարգով, բացառությամբ սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
5. Եթե սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Կազմակերպության միություն(ներ)ը և (կամ) սպառողների իրավունքների պաշտպանության միությունները չեն նշանակում Խորհրդի` իրենց անդամին, ապա նրան նշանակում է Կենտրոնական բանկի խորհուրդը` մեկ ամսվա ընթացքում:
6. Խորհրդի անդամների նշանակման իրավունք ունեն այն Կազմակերպությունների միությունները և սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպությունները, որոնց պետական գրանցման օրվանից անցել է առնվազն հինգ տարի:
Կազմակերպությունների միությունների և սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների կողմից Խորհրդի անդամների նշանակման կարգը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
(26-րդ հոդ. խմբ. 03.06.20 ՀՕ-292-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 27. |
Խորհրդի նիստերը |
1. Խորհրդի նիստերը գումարում է Խորհրդի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ Խորհրդի անդամի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի պահանջով:
2. Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն եռամսյակը մեկ: Խորհուրդը կարող է գումարել նաև արտահերթ նիստեր:
3. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Խորհրդի առնվազն չորս անդամ:
4. Խորհուրդը որոշումներ է կայացնում Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը որոշիչ է:
5. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Նիստի արձանագրությունը կազմվում է նիստի ավարտից հետո` 5-օրյա ժամկետում:
Արձանագրությունում նշվում են`
1) նիստի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը.
2) նիստին ներկա անձինք.
3) նիստի օրակարգը.
4) քվեարկության դրված հարցերը և քվեարկության արդյունքները.
5) նիստում ընդունված որոշումները:
Խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրում են նիստին մասնակցող բոլոր անդամները, որոնք պատասխանատվություն են կրում արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար:
Հոդված 28. |
Խորհրդի նախագահը |
1. Խորհրդի նախագահին իրենց կազմից ընտրում են Խորհրդի անդամները` երեք տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան մինչև նրա լիազորությունների ժամկետի ավարտը:↩
2. Խորհուրդը կարող է ցանկացած ժամանակ վերընտրել նախագահին կամ ընտրել նոր նախագահ:
3. Խորհրդի նախագահը`
1) կազմակերպում է Խորհրդի աշխատանքները.
2) գումարում է Խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.
3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը:
Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները Խորհրդի որոշմամբ կատարում է Խորհրդի անդամներից մեկը:
(28-րդ հոդ. փոփ. 03.06.20 ՀՕ-292-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 29. |
Խորհրդի անդամները |
1. Խորհրդի անդամ չի կարող լինել այն անձը, որը`
1) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ. ↩
3) օրենքով սահմանված կարգով զրկվել է իրավաբանական կամ ֆինանսական ոլորտում պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից:
2. Խորհրդի անդամը չի կարող լինել որևէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ:
3. Խորհրդի անդամներն աշխատում են հասարակական հիմունքներով:
4. Խորհրդի անդամներն իրավունք ունեն հատուցում ստանալու այն ծախսերի դիմաց, որոնք կապված են Խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ:
(29-րդ հոդ. փոփ. 09.06.22 ՀՕ-200-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)
Հոդված 30. |
Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման հիմքերը |
1. Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են իր դիմումի համաձայն, կամ եթե նա`
1) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար.
3) օրենքով սահմանված կարգով զրկվել է ֆինանսական ոլորտում պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
4) մեկ տարվա ընթացքում ավելի քան երեք անգամ անհարգելի պատճառներով բացակայել է Խորհրդի նիստերից.
5) նրան նշանակած կամ ընտրած մարմինը որոշում է կայացրել նրան Խորհրդի անդամի պաշտոնից վաղաժամկետ ազատելու մասին.
6) մահացել է:
2. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում Խորհրդի անդամը նշանակվում է սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով` նախորդ Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելուց հետո` 15 օրվա ընթացքում:
(30-րդ հոդ. փոփ. 03.06.20 ՀՕ-292-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
ԳԼՈՒԽ 5
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 31. |
Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հրապարակվող տեղեկությունները |
1. Ֆինանսական համակարգի հաշտարարը առնվազն տարին մեկ հրապարակում է հաշվետվություն, որը ներառում է`
1) Գրասենյակի ընդհանուր գործունեության, նրա կառավարման համակարգի, պահանջների ընդհանուր քանակի վերաբերյալ տեղեկատվություն.
2) մերժված և բավարարված պահանջների քանակը` ըստ առանձին Կազմակերպությունների տեսակների.↩
3) այն Կազմակերպությունների ցանկը, որոնք չեն համագործակցել կամ բավականաչափ չեն համագործակցել Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ.
4) Գրասենյակի եկամուտների և ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն.
5) Խորհրդի սահմանած այլ տեղեկատվություն:
2. Ֆինանսական համակարգի հաշտարարը ամփոփում է իր կողմից ձևավորված նախադեպը և յուրաքանչյուր ամիս` մինչև հաջորդ ամսվա 15-րդ օրը, հրապարակում է այն:
3. Ֆինանսական համակարգի հաշտարարը չի հրապարակում առանձին գործերով կողմերի անունները (անվանումները):
(31-րդ հոդ. փոփ. 03.06.20 ՀՕ-292-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 32. |
Գրասենյակի և Կենտրոնական բանկի համագործակցությունը |
1. Սույն օրենքի, ֆինանսական համակարգի սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված այլ օրենքների և նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանումն ապահովելու և ֆինանսական համակարգի նկատմամբ սպառողների վստահությունը բարձրացնելու նպատակով Գրասենյակի և Կենտրոնական բանկի միջև կնքվում է համաձայնագիր, որով կարգավորվում է նրանց համագործակցությունը տեղեկատվության փոխանակման, օրենսդրության զարգացման, հանրության իրավագիտակցության բարձրացման և ֆինանսական համակարգի սպառողների իրավունքների պաշտպանության հետ կապված այլ ոլորտներում:
Հոդված 33. |
Կազմակերպությունների կողմից ներկայացվող տեղեկությունները |
1. Կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, Կազմակերպությունը Ֆինանսական համակարգի հաշտարարին է ներկայացնում հետևյալ տեղեկությունները.
1) Կազմակերպության ֆիրմային անվանումը.
2) Կազմակերպության գտնվելու վայրի հասցեն.
3) Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ հարաբերությունների համար պատասխանատու անձի և վերջինիս փոխարինող անձի անունը, պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:
2. Կազմակերպությունը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված տվյալների յուրաքանչյուր փոփոխության դեպքում այդ մասին տեղյակ պահել Ֆինանսական համակարգի հաշտարարին:
ԳԼՈՒԽ 6
ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ↩
(6-րդ գլխի վերնագիրը փոփ. 03.06.20 ՀՕ-292-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 34. |
Գրասենյակի ֆինանսավորումը |
1. Գրասենյակի ֆինանսավորումն իրականացնում են Կազմակերպությունները` Գրասենյակի օգտին կատարվող մասնակցության վճարների միջոցով, որոնք մուտքագրվում են հատուկ այդ նպատակով Կենտրոնական բանկում վարվող հատուկ հաշվին:↩
2. Մասնակցության վճարները Կազմակերպությունները կատարում են յուրաքանչյուր եռամսյակ` հավասար չափաբաժիններով, մինչև ընթացիկ եռամսյակի առաջին ամսվա 20-ը: Կատարված մասնակցության վճարները Կազմակերպությունների համար համարվում են ծախս և ենթակա չեն վերադարձման:↩
3. Կազմակերպությունների` Գրասենյակին կատարած մասնակցության վճարների հանրագումարը հաստատված բյուջեն գերազանցելու դեպքում Խորհուրդը կարող է որոշում կայացնել և Կազմակերպություններին վերադարձնել ավել վճարված գումարները, կամ Գրասենյակի զարգացման, ինչպես նաև հաճախորդներին կրթելու նպատակով ծախսել դրանք կամ ուղղել պահուստային հիմնադրամի համալրմանը:↩
4. Եթե Կազմակերպությունների կողմից կատարվող մասնակցության վճարները չեն բավականացնում Գրասենյակի հաստատված բյուջեն կատարելու համար, ապա Կազմակերպությունները կատարում են լրացուցիչ մասնակցության վճարներ: Լրացուցիչ մասնակցության վճարներ կատարելու մասին որոշումը կայացնում է Խորհուրդը: Կազմակերպությունները լրացուցիչ մասնակցության վճարներ են կատարում լրացուցիչ մասնակցության վճարներ կատարելու մասին Խորհրդի որոշման ընդունմանը նախորդող եռամսյակի ընթացքում կատարված մասնակցության վճարների հանրագումարում իրենց մասնաբաժնին համամասնորեն: Կազմակերպության կողմից կատարվող լրացուցիչ մասնակցության վճարների չափը չի կարող գերազանցել տվյալ Կազմակերպության համար սույն օրենքով սահմանված տարեկան մասնակցության վճարի չափը:↩
5. Մասնակցության վճարների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը:↩
6. Մասնակցության վճարների հաշվարկման ճշտությունը ստուգում է Գրասենյակի վերստուգիչ հանձնաժողովը կամ վերստուգիչը:↩
7. Կենտրոնական բանկը պարտավոր է Գրասենյակին տրամադրել Կազմակերպությունների կողմից կատարվող վճարների ճշտությունը ստուգելու համար անհրաժեշտ տեղեկատվություն:
(34-րդ հոդ. փոփ. 03.06.20 ՀՕ-292-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 35. |
Կազմակերպությունների մասնակցության վճարների չափերը↩ |
1. Կազմակերպությունների կողմից կատարվող մասնակցության վճարների տարեկան չափերն են`↩
1) բանկեր` նախորդ տարվա վերջի դրությամբ ակտիվների 0.01 տոկոսը.
i
2) վարկային կազմակերպություններ (բացառությամբ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունների)` նախորդ տարվա վերջի դրությամբ ակտիվների 0.07 տոկոսը.↩
2.1) Կենտրոնական դեպոզիտարիա` 140 000 դրամ.
3) ապահովագրական ընկերություններ` նախորդ տարվա ընթացքում հավաքված ապահովագրական պարգևների 0.15 տոկոսը.
3.1) Բյուրո` նախորդ տարվա ընթացքում ապահովագրական ընկերությունների կողմից Երաշխավորման ֆոնդ կատարված պարբերական վճարների 0.15 տոկոսը.
4) ապահովագրական բրոկերներ (բացառությամբ այն ապահովագրական բրոկերների, որոնք ծառայություններ են մատուցում բացառապես ապահովագրական ընկերություններին)` 90.000 դրամ.↩
5) ներդրումային ընկերություններ` 90.000 դրամ.
5.1) ներդրումային ֆոնդի կառավարիչներ` 90.000 դրամ.
6) գրավատներ` 45.000 դրամ.
7) արտարժույթի առքուվաճառք իրականացնող անձինք` 30.000 դրամ.
8) (8-րդ կետն ուժը կորցրել է 15.04.2020 թվականից` 25.03.20 ՀՕ-188-Ն օրենք)↩
9) դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող անձինք` 140.000 դրամ.
10) Վարկային բյուրո` 140.000 դրամ:
2. Նոր լիցենզիա ստացած Կազմակերպությունները (բացառությամբ վերալիցենզավորվածների) պարտավոր են լիցենզիան ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, Գրասենյակին վճարել միանվագ մասնակցության վճար` համապատասխան լիցենզիա տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի կեսի չափով:↩
3. Այն դեպքում, երբ Կազմակերպությունը միաժամանակ զբաղվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված գործունեության երկու և ավելի տեսակներով, ապա Կազմակերպությունը պարտավոր է դրանցից յուրաքանչյուրի համար հաշվարկել մասնակցության վճարի չափը և կատարել հաշվարկված մասնակցության վճարներից առավելագույնը:↩
4. Լիցենզիայի գործողության կասեցումը Կազմակերպությանը չի ազատում սույն գլխով նախատեսված մասնակցության վճարները կատարելու պարտականությունից:↩
5. Լիցենզիայի գործողության դադարեցումը ազատում է Կազմակերպությանը սույն գլխով նախատեսված մասնակցության վճարները կատարելու պարտականությունից: Ընդ որում, Կազմակերպության լիցենզիան մինչև ընթացիկ եռամսյակի առաջին ամսվա 20-ը դադարեցվելու դեպքում Կազմակերպությունը չի վճարում այդ եռամսյակի համար վճարման ենթակա մասնակցության վճարները: Ընթացիկ եռամսյակի առաջին ամսվա 20-ից հետո Կազմակերպության լիցենզիան դադարեցվելու դեպքում այդ եռամսյակի համար մասնակցության վճարների վճարման պարտավորությունը չի դադարում, իսկ այդ եռամսյակի համար արդեն իսկ վճարված մասնակցության վճարները չեն վերադարձվում:↩
6. Պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը և Կենտրոնական բանկի խորհուրդը համատեղ սահմանում են սույն հոդվածով սահմանված մասնակցության վճարների և սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տոկոսների մասով ժամկետանց պարտավորությունների հավաքման, հաշվառման և դուրսգրման կարգը:
(35-րդ հոդ. փոփ. 30.09.08 ՀՕ-169-Ն, 22.12.10 ՀՕ-276-Ն, 21.12.15 ՀՕ-13-Ն, 25.03.20 ՀՕ-188-Ն, 03.06.20 ՀՕ-292-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)
ԳԼՈՒԽ 7
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 36. |
Կազմակերպության պատասխանատվությունը սույն օրենքի դրույթները խախտելու համար |
1. Սույն օրենքի 7-րդ, 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը Կազմակերպության նկատմամբ կարող է նշանակել տուգանք` մինչև հարյուր հազար դրամի չափով:
2. Սույն օրենքի 35-րդ հոդվածով սահմանված մասնակցության վճարները լրիվ կամ մասնակի չկատարելու դեպքում պակաս վճարված գումարի վրա հաշվեգրվում են տոկոսներ` մասնակցության վճարը կատարելու համար սահմանված ժամկետի վերջին օրվա դրությամբ գործող բանկային տոկոսի հաշվարկային դրույքի եռապատիկի չափով:↩
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տոկոսների հաշվարկը դադարում է Կազմակերպության լիցենզիայի դադարման օրվանից:
(36-րդ հոդ. փոփ. 03.06.20 ՀՕ-292-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
ԳԼՈՒԽ 8
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 37. |
Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից քննվող պահանջները |
1. Ֆինանսական համակարգի հաշտարարը քննում է այն պահանջները, որոնց համար հիմք համարվող գործողությունները կամ անգործությունը տեղի են ունեցել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:
Հոդված 38. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից իր մասնագիտական գործունեության իրականացման հետ կապված դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2008 թ. հուլիսի 12 Երևան ՀՕ-123-Ն
|