01.07.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2010 թվականի հոկտեմբերի 27-ին
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 01.12.14 ՀՕ-206-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է վարձու աշխատողների և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի հասկացությունը, ժամանակավոր անաշխատունակության նպաստի տեսակները, վարձու աշխատողների և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման պայմաններն ու կարգը:
i
2. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում զինծառայողների, փրկարարական ծառայողների, քրեակատարողական ծառայողների և դատական ակտերի հարկադիր կատարողների վրա: Սույն մասում նշված անձանց ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում նրանց վարձատրությունը պահպանվում է:↩
3. Չաշխատող (վարձու աշխատող և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող) անձին մայրության նպաստի տրամադրման, նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(1-ին հոդ. փոփ. 20.06.13 ՀՕ-95-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 01.12.14 ՀՕ-206-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 09.07.20 ՀՕ-361-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)
i
Հոդված 2. |
Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենսդրությունը |
1. Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստներին առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով, այլ օրենքներով և այլ իրավական ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
(2-րդ հոդ. փոփ. 20.06.13 ՀՕ-95-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 01.12.14 ՀՕ-206-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 21.12.17 ՀՕ-290-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 3. |
Ժամանակավոր անաշխատունակության նպաստի հասկացությունը և տեսակները, մայրության նպաստի հասկացությունը |
1. Ժամանակավոր անաշխատունակության նպաստի միջոցով մասնակիորեն փոխհատուցվում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված անձանց ժամանակավոր անաշխատունակության հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտը), որն անձը ստանում էր կամ կարող էր ստանալ:
2. Սույն օրենքով սահմանվում են ժամանակավոր անաշխատունակության նպաստի հետևյալ տեսակները.
1) հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` հիվանդության նպաստ).
2) պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` պրոթեզավորման նպաստ).
3) առողջարանային բուժման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` առողջարանային բուժման նպաստ).
4) (4-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2015 թվականից` 01.12.14 ՀՕ-206-Ն օրենք)
5) ընտանիքի անդամի հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած խնամքի անհրաժեշտությամբ պայմանավորված ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ):
3. Մայրության նպաստի միջոցով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի (արձակուրդի իրավունք ունենալու) ժամանակահատվածում մասնակիորեն կամ ամբողջությամբ փոխհատուցվում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված անձանց հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտը), որն անձը ստանում էր կամ կարող էր ստանալ:
(3-րդ հոդ. փոփ. 01.12.14 ՀՕ-206-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
ԳԼՈՒԽ 2
ՆՊԱՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 4. |
Նպաստի իրավունք ունեցող անձինք |
1. Սույն օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի (այսուհետ` նպաստ) իրավունք ունեն`
1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք.↩
2) անհատ ձեռնարկատերերը և նոտարները (այսուհետ` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք), բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
2. Անձը սույն օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի իրավունք ունի սույն օրենքով սահմանված պայմանների բավարարման և օրենքով սահմանված կարգով ու չափով եկամտային հարկ (շահութահարկ) վճարած լինելու դեպքում:
3. Սույն օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները տրվում են, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ նոտարի պաշտոնավարման ժամանակահատվածում:
3.1. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին սույն օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է`
1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` գործունեությունը դադարեցնելու ժամանակահատվածում (գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն ներկայացնելու օրվանից մինչև այդ հայտարարության կամ գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրն ընկած ժամանակահատվածում).
2) բացառապես միկրոձեռնարկատիրության (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` ընտանեկան ձեռնարկատիրության) սուբյեկտ համարվելու ժամանակահատվածում.↩
3) «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` նաև «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով) սահմանված հարկային արտոնություններից օգտվելու ժամանակահատվածում:↩
3.2. Սույն օրենքով սահմանված մայրության նպաստ է տրվում նաև ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է սույն հոդվածի 3.1-ին մասում նշված ժամանակահատվածում:
4. Նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության, իսկ մայրության նպաստը` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի` սույն օրենքով սահմանված օրերի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը` անկախ աշխատանքային պայմանագրի տեսակից) կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը (անկախ լուծվելու հանգամանքից), կամ օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը (բացառությամբ սույն հոդվածի 3.2-րդ մասում նշված դեպքի) կամ նոտարի պաշտոնավարման ավարտը (գործունեության դադարեցումը): Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին (բացառությամբ սույն հոդվածի 3.2-րդ մասում նշված դեպքի) մայրության նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված` հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործունեությունը անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու դեպքում` գործունեությունը անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու օրվանից:↩
5. Եթե անձը նույն ժամանակահատվածի համար ձեռք է բերել սույն օրենքով սահմանված մեկից ավելի տեսակի նպաստի իրավունք, ապա նրան նշանակվում և վճարվում է իր ընտրած մեկ տեսակի նպաստ:
6. Համատեղությամբ աշխատելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից` անկախ մյուսների կողմից նպաստը նշանակվելու և վճարվելու հանգամանքից: Համատեղությամբ աշխատելու դեպքում (այդ թվում` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում) մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է գործատուներից մեկի (վարձու աշխատողի ընտրությամբ, որին ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) կողմից:↩
(4-րդ հոդ. փոփ. 20.06.13 ՀՕ-95-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 01.12.14 ՀՕ-206-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 21.12.17 ՀՕ-290-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 25.06.19 ՀՕ-78-Ն, 09.07.20 ՀՕ-361-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 5. |
Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի նպաստի իրավունքը |
1. Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը սույն օրենքով սահմանված նպաստի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար` օրենքով սահմանված կարգով եկամտային հարկ (շահութահարկ) վճարած լինելու դեպքում:
(5-րդ հոդ. փոփ. 20.06.13 ՀՕ-95-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 21.12.17 ՀՕ-290-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 6. |
Նպաստների ֆինանսավորման աղբյուրները |
1. Սույն օրենքով սահմանված նպաստների ֆինանսավորման աղբյուրներն են`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցները.
2) գործատուի միջոցները` սույն օրենքով սահմանված դեպքերում:
2. Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը ժամանակավոր անաշխատունակության առաջին հինգ աշխատանքային օրերի համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:↩
Սույն օրենքի իմաստով աշխատանքային են համարվում այն օրացուցային օրերը, որոնք չեն համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված ընդհանուր հանգստյան օրեր:
Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ժամանակավոր անաշխատունակության նպաստները, ինչպես նաև սույն օրենքով սահմանված մայրության նպաստը վճարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին (բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված դեպքերի):
3. (3-րդ մասն ուժը կորցրել է 25.07.2013 թվականից` 20.06.13 ՀՕ-95-Ն օրենք)
(6-րդ հոդ. փոփ. 12.04.11 ՀՕ-123-Ն, 20.06.13 ՀՕ-95-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 01.12.14 ՀՕ-206-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 27.05.21 ՀՕ-242-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)
ԳԼՈՒԽ 3
ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՆՊԱՍՏՆԵՐԸ
Հոդված 7. |
Վարձու աշխատողներին տրվող նպաստները |
1. Վարձու աշխատողին տրվում են հետևյալ տեսակի նպաստները.
1) հիվանդության.
2) պրոթեզավորման.
3) առողջարանային բուժման.
4) մայրության.
5) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի:
(7-րդ հոդ. փոփ. 01.12.14 ՀՕ-206-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 8. |
Վարձու աշխատողին տրվող հիվանդության նպաստը |
1. Վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած առաջին աշխատանքային օրվանից: ↩ ↩
2. Տևական հիվանդության դեպքում վարձու աշխատողները անաշխատունակության թերթիկի ժամկետը երկարաձգելու նպատակով ֆունկցիոնալության գնահատման են ուղեգրվում անաշխատունակությունը սկսելու օրից 3 ամսից ոչ ուշ: Եթե անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշման համաձայն վարձու աշխատողը շարունակում է դեռևս մնալ անաշխատունակ, ապա հիվանդության նպաստ ստանալու նրա իրավունքը կարող է շարունակվել, բայց ոչ ավելի, քան մինչև 3 ամիս ժամկետով կամ մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատվելը: ↩ ↩
(8-րդ հոդ. փոփ. 27.05.21 ՀՕ-242-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 04.05.22 ՀՕ-125-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ )
Հոդված 9. |
Վարձու աշխատողներին տրվող պրոթեզավորման նպաստը |
1. Վարձու աշխատողին պրոթեզավորման նպաստ տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած առաջին աշխատանքային օրվանից:↩
(9-րդ հոդ. փոփ. 27.05.21 ՀՕ-242-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք )
i
Հոդված 10. |
Վարձու աշխատողին տրվող առողջարանային բուժման նպաստը |
1. Առողջարանային բուժման նպաստը տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունից (ստացիոնարից) անմիջապես առողջարան բուժման ուղարկված վարձու աշխատողին, ինչպես նաև տուբերկուլյոզային առողջարան մեկնած վարձու աշխատողին` առողջարանում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած առաջին աշխատանքային օրվանից:↩
2. Առողջարանային բուժման նպաստի իրավունք տվող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(10-րդ հոդ. փոփ. 27.05.21 ՀՕ-242-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք )
Հոդված 11. |
Վարձու աշխատողին տրվող մայրության նպաստը |
1. Վարձու աշխատողին մայրության նպաստ տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար:
2. Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված վարձու աշխատողին մայրության նպաստ վճարվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար: Նպաստը վճարվում է որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի նորածին որդեգրած կամ խնամակալ նշանակված անձին` մինչև 110 օրական դառնալը) ժամանակահատվածի օրացուցային օրերի համար:
3. Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո վաղաժամ ծննդաբերելու և հղիության արձակուրդում չգտնվելու դեպքում մայրության նպաստը տրվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար (ներառյալ, երբ երեխան ծնվել է մահացած կամ մահացել է ծնվելուց հետո):
4. Մինչև հղիության 154-րդ օրը հղիության արհեստական (այդ թվում` բժշկական և սոցիալական ցուցումներով) կամ ինքնաբեր ընդհատման դեպքերում ժամանակավոր անաշխատունակության ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար տրվում է հիվանդության նպաստ` սույն օրենքով սահմանված կարգով:
5. Փոխնակ (սուրոգատ) մորը մայրության նպաստ վճարվում է ընդհանուր հիմունքներով: Փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի կենսաբանական մորը մայրության նպաստ վճարվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար` երեխայի ծնվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի երեխա ծնվելու դեպքում` մինչև 110 օրական դառնալը) ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար:
(11-րդ հոդ. փոփ. 12.12.13 ՀՕ-150-Ն, 01.12.14 ՀՕ-206-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 12. |
Վարձու աշխատողին տրվող ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը |
1. Վարձու աշխատողին ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ է տրվում`
1) տնային (ամբուլատոր) պայմաններում ընտանիքի հիվանդ չափահաս անդամի խնամքի անհրաժեշտության դեպքում` 7 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած առաջին աշխատանքային օրվանից.↩
2) տնային (ամբուլատոր) պայմաններում հիվանդ երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 24 օրացուցային օրից ոչ ավելի, իսկ վարակիչ հիվանդությունների պատճառով երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 28 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած առաջին աշխատանքային օրվանից.↩
3) հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվող հիվանդ երեխայի խնամքն իրականացնելու դեպքում` հիվանդանոցում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած առաջին աշխատանքային օրվանից.↩
4) մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամություն ունեցող երեխայի առողջարանային բուժման ընթացքում նրա խնամքն իրականացնելու դեպքում` երեխայի առողջարանային բուժման ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած առաջին աշխատանքային օրվանից, բայց ուղեգրում նշված ժամանակահատվածից ոչ ավելի: Ընդ որում, նպաստ է տրվում օրացուցային տարում մեկ անգամ:↩ ↩
2. Մինչև 3 տարեկան երեխայի կամ մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխայի խնամքի համար, եթե մայրը (խնամակալը, հոգաբարձուն) հիվանդության կամ ընտանիքի մյուս հիվանդ անդամի հետ հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու պատճառով ի վիճակի չէ երեխայի խնամքն իրականացնել, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ տրվում է երեխայի խնամքն իրականացնող այլ վարձու աշխատողին, երեխայի մոր (խնամակալի, հոգաբարձուի) հիվանդության կամ նրա հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած առաջին աշխատանքային օրվանից:↩ ↩
(12-րդ հոդ. փոփ. 12.04.11 ՀՕ-123-Ն, 27.05.21 ՀՕ-242-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 04.05.22 ՀՕ-125-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)
Հոդված 13. |
Նպաստի տրամադրումը չվճարվող արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողներին |
1. Չվճարվող արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում:
Եթե անաշխատունակությունը շարունակվում է նաև չվճարվող արձակուրդի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ավարտից հետո, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը տրվում է այն աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրվանից, երբ աշխատողը պետք է անցներ աշխատանքի:
2. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում վարձու աշխատողներին մայրության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով` հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչև աշխատողի աշխատանքի անցնելը:
(13-րդ հոդ. փոփ. 01.12.14 ՀՕ-206-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 14. |
Նպաստի տրամադրումը աշխատանքից ազատման օրինականության մասին վեճի դեպքում |
1. Աշխատանքից ազատման օրինականության մասին վեճի դեպքում վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության` գործատուի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա վարձու աշխատողին աշխատանքում վերականգնվելու օրվանից սկսած ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած առաջին աշխատանքային օրվանից:↩
2. Աշխատանքից ազատման օրինականության մասին վեճի դեպքում վարձու աշխատողին մայրության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության` գործատուի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա վարձու աշխատողին աշխատանքում վերականգնվելու օրվանից սկսած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար:
(14-րդ հոդ. փոփ. 01.12.14 ՀՕ-206-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 27.05.21 ՀՕ-242-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 15. |
Նպաստի տրամադրումը վարձու աշխատողին ամենամյա արձակուրդի ընթացքում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում |
1. Ամենամյա արձակուրդի ընթացքում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալիս վարձու աշխատողին նպաստը (բացառությամբ ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի) տրվում է ամենամյա արձակուրդի չօգտագործված (ամենամյա արձակուրդին և ժամանակավոր անաշխատունակությանը համընկնող) մասը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով օգտագործելու ժամանակահատվածի համար` ընդհանուր հիմունքներով:
(15-րդ հոդ. փոփ. 20.06.13 ՀՕ-95-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 01.12.14 ՀՕ-206-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 16. |
Նպաստի տրամադրումը գործատուի հետ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքած վարձու աշխատողին |
1. (1-ին մասն ուժը կորցրել է 01.01.2015 թվականից` 01.12.14 ՀՕ-206-Ն օրենք)
2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին նպաստը հաշվարկվում և վճարվում է սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ ավելի, քան մինչև աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը:
(16-րդ հոդ. փոփ. 01.12.14 ՀՕ-206-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
ԳԼՈՒԽ 4
ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՊԱՍՏՆԵՐԸ
Հոդված 17. |
Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող նպաստները |
1. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվում են հետևյալ տեսակի նպաստները.
1) հիվանդության.
2) պրոթեզավորման.
3) մայրության.
4) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի:
(17-րդ հոդ. փոփ. 01.12.14 ՀՕ-206-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 18. |
Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող հիվանդության նպաստը |
1. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց հիվանդության նպաստ տրվում է միայն հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) բուժման ժամանակահատվածի համար, բայց մեկ օրացուցային տարվա ընթացքում 60 օրացուցային օրից ոչ ավելի:
Հոդված 19. |
Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող պրոթեզավորման նպաստը |
1. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց պրոթեզավորման նպաստ տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակահատվածի համար:
Հոդված 20. |
Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող մայրության նպաստը |
1. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց մայրության նպաստ տրվում է սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված ժամանակահատվածների համար:
(20-րդ հոդ. փոփ. 01.12.14 ՀՕ-206-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 21. |
Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը |
1. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը տրվում է սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված դեպքերում` դրանցով նախատեսված ժամանակահատվածի համար:
ԳԼՈՒԽ 5
ՆՊԱՍՏՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
i
Հոդված 22. |
Ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստը և միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը |
1. Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից (եկամտից): Սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասում նշված դեպքում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ) հիսուն տոկոսից:
2. Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) ութսուն տոկոսից:
3. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը) գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնապատիկը, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնապատիկից:
4. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական եկամուտը կամ ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական եկամտից հաշվարկված տոկոսաչափը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը, ապա ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից:
5. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` վարձու աշխատողին տրվող մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկը, ապա վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկից:
6. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:↩
7. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սույն օրենքով սահմանված նպաստը, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները:
8. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում մայրության նպաստը նշանակելու (հաշվարկելու) համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված եկամտում հաշվի են առնվում նաև մնացած գործատուների կողմից հաշվարկային ժամանակահատվածի համար վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը (իսկ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում` նաև սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամուտը), եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է (կամ ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ հանդիսացել է ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ): Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը նպաստը հաշվարկող և նշանակող գործատուին է ներկայացնում վարձու աշխատողը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա: Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողը սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամտի մասին տեղեկատվությունը նպաստը հաշվարկող և նշանակող գործատուին է ներկայացնում սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկանքի հիման վրա: Սույն մասով սահմանված դեպքում այլ գործատուի վճարած եկամուտը և սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամուտը միջին ամսական աշխատավարձում հաշվառելու պայմաններն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:↩
9. Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:
10. Նպաստը հաշվարկելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելու ամիսը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը: Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա:↩
10.1. (10.1-ին մասն ուժը կորցրել է 01.07.2023 թվականից` 24.11.22 ՀՕ-451-Ն օրենք) ↩
i
11. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական եկամուտը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա` օրենքով սահմանված շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` պասիվ եկամուտների և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտների, տասներկուսի բաժանելու միջոցով: Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի կողմից ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու տարվան նախորդող տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` շրջանառության հարկի համակարգի շրջանակում շահութահարկ վճարած, սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:↩
12. Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը կամ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված չափը) բաժանվում է 25-ի և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի առաջին աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով:↩
13. Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը կամ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված չափը) բաժանվում է 21-ի և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի առաջին աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով:↩
14. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական եկամտից հաշվարկված տոկոսաչափը կամ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված չափը) բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով:
15. Մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը կամ սույն օրենքով սահմանված դեպքերում` սույն հոդվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով սահմանված համապատասխան չափը) բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի (ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստ նշանակելու դեպքում` հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի) օրացուցային օրերի թվով:
16. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված չափը գերազանցող գումարից մայրության նպաստը նշանակելու (հաշվարկելու) և գործատուի միջոցներից վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գործատուների կնքած կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:
(22-րդ հոդ. փոփ. 12.04.11 ՀՕ-123-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 20.06.13 ՀՕ-95-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 01.12.14 ՀՕ-206-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 21.12.17 ՀՕ-290-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 25.06.19 ՀՕ-78-Ն, 09.07.20 ՀՕ-361-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 27.05.21 ՀՕ-242-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 24.11.22 ՀՕ-451-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)
Հոդված 23. |
Քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված դատապարտյալին տրվող նպաստի հաշվարկումը և վճարումը |
1. Քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված դատապարտյալին նպաստի հաշվարկման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ԳԼՈՒԽ 6
ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ
i
Հոդված 24. |
Նպաստը նշանակելը և վճարելը |
1. Վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
Նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները գործատուն վճարում է տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի հաշվին:
Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկը բավարար չէ նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վճարելու համար, ապա գործատուն նպաստի պակասող մասը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործատուի կողմից հարկային մարմին ներկայացրած տեղեկանքի հիման վրա հարկային մարմնի հաստատած տեղեկանքը լիազոր մարմին ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:
Եթե գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է հարկային գործակալի պարտավորությունից, ապա նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վարձու աշխատողին նշանակում և վճարում է լիազոր մարմինը:
2. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է լիազոր մարմինը:
3. Լիազոր մարմինը նպաստը վճարում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:
4. Գործատուի վերակազմակերպման դեպքում վարձու աշխատողներին նպաստ նշանակում և վճարում է նրա իրավահաջորդը, իսկ լուծարման (ֆիզիկական անձ գործատուի մահվան) դեպքում` լիազոր մարմինը:
4.1. Հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում գործատուի փոփոխության (բացառությամբ վերակազմակերպման) դեպքում վարձու աշխատողին մայրության նպաստը վճարում է լիազոր մարմինը` Կառավարության սահմանած կարգով:
5. Նպաստ չի տրվում`
1) այն անձանց, որոնց ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է նրանց կողմից հանցագործություն կամ այլ հակաիրավական արարք կատարելիս ստացված վնասվածքների հետևանքով.
2) (2-րդ կետն ուժը կորցրել է 20.05.2022 թվականից` 04.05.22 ՀՕ-125-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք) ↩
3) բժշկի սահմանած բուժման ռեժիմն առանց հարգելի պատճառի խախտած օրերի համար:
6. Նպաստը նշանակվում է, եթե դրա համար պահանջվող փաստաթղթերը ներկայացվել են աշխատունակության վերականգնման, հղիության և ծննդաբերության արձակուրդի (ժամանակահատվածի) ավարտման օրվան հաջորդող ամսվանից սկսած վեցամսյա ժամկետում:↩ ↩
7. Նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(24-րդ հոդ. փոփ. 20.06.13 ՀՕ-95-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 09.07.20 ՀՕ-361-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 27.05.21 ՀՕ-242-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 04.05.22 ՀՕ-125-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)
i
Հոդված 25. |
Նպաստի նշանակման համար անհրաժեշտ փաստաթղթերը |
1. Նպաստի նշանակման համար հիմք է համարվում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, որի ձևը, լրացման ու տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին նպաստ նշանակելու համար նաև հարկային մարմնի տված` սույն օրենքի 22-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամուտների մասին տեղեկանքը:
Հարկային մարմինը սույն մասով սահմանված տեղեկանքը տրամադրում է անձի` տեղեկանքի համար դիմելու օրվա դրությամբ հարկային պարտավորությունները կատարելուց հետո:
2. Մինչև 18 տարեկան անհատական խնամքի կարիք ունեցող երեխային կամ հաշմանդամություն ունեցող երեխային առողջարանում խնամելու դեպքում ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի նշանակման և վճարման համար, բացի ժամանակավոր անաշխատունակության թերթիկից, ներկայացվում է նաև առողջարանային բուժման ուղեգրի` առողջարանի կողմից վավերացված լուսապատճենը: ↩
3. Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստ նշանակելու համար նպաստը հաշվարկող և նշանակող գործատուի համար հիմք է համարվում ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ մյուս գործատուի (գործատուների) և լիազոր մարմնի համար` նպաստը հաշվարկող և նշանակող գործատուի կողմից վավերացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լուսապատճենը:↩
4. Օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը հիմք է համարվում նպաստի նշանակման համար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
5. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերությամբ նշված վարձու աշխատողը, բացի ժամանակավոր անաշխատունակության թերթիկից, ներկայացնում է աշխատանքային պայմանագիրը (կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը), ինչպես նաև գործատուի տված տեղեկանքը, որտեղ նշվում են`
1) վարձու աշխատողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները.
2) տվյալ կազմակերպությունում աշխատելու ժամանակահատվածը.
3) հաշվարկային ժամանակահատվածում վարձու աշխատողին վճարված եկամուտը` ըստ ամիսների.
4) առաջին հինգ աշխատանքային օրերի համար գործատուի միջոցների հաշվին վճարված (հաշվարկված) ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարը.↩
5) վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության մեջ լինելու (աշխատանքի չներկայանալու) ժամանակահատվածը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տվյալներ:
(25-րդ հոդ. փոփ. 12.04.11 ՀՕ-123-Ն, 20.06.13 ՀՕ-95-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 01.12.14 ՀՕ-206-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 09.07.20 ՀՕ-361-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 27.05.21 ՀՕ-242-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 04.05.22 ՀՕ-125-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)
i
Հոդված 26. |
Նպաստ ստացողի մահվան պատճառով չստացված նպաստը վճարելը |
1. Աշխատողին հասանելիք և նրա մահվան պատճառով չստացված նպաստի գումարը վճարվում է մահացողի ընտանիքի անդամին` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը աշխատողի մահվանից հետո վեցամսյա ժամկետում ներկայացնելու դեպքում:
2. Չստացված նպաստը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
i
Հոդված 27. |
Պակաս վճարված նպաստի վճարումը, ավել վճարված նպաստի գումարի հետպահումը |
1. Սխալ հաշվարկելու հետևանքով պակաս վճարված նպաստի գումարի վճարումը կատարվում է առանց ժամկետի սահմանափակման: Ընդ որում, վարձու աշխատողներին պակաս վճարված նպաստի գումարը գործատուն վճարում է իր միջոցներից` սխալը հայտնաբերելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:
1.1. Վարձու աշխատողի մայրության նպաստը վերահաշվարկվում է նաև սույն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում իր եկամտի վերաբերյալ վարձու աշխատողի կողմից գործատուին (նպաստը հաշվարկող և վճարող) լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում: Այս դեպքում մայրության նպաստը վճարվում է սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով:
2. Ավել վճարված նպաստի գումարի հետպահումները կատարվում են գործատուի կամ լիազոր մարմնի որոշմամբ, եթե նպաստը նշանակվել և վճարվել է հաշվարկային մեխանիկական սխալների կամ նպաստը ստացողի կողմից սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հետևանքով:
Ավել վճարված գումարը հետ է պահվում ամբողջությամբ: Հետպահումը կատարվում է նպաստի հաջորդ վճարումներից կամ աշխատավարձից, ընդ որում, հետպահվող գումարի չափը յուրաքանչյուր անգամ չի կարող գերազանցել վճարվող նպաստի կամ աշխատավարձի 20 տոկոսը:
3. Եթե նպաստը նշանակվել և վճարվել է հաշվարկային մեխանիկական սխալով, ապա ավել վճարված նպաստի գումարի հետպահումները կարող են կատարվել, եթե նպաստի նշանակման օրվանից չի անցել 3 ամսից ավել, իսկ սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հետևանքով ավել վճարված նպաստի գումարի հետպահումները կատարվում են առանց ժամկետի սահմանափակման:
4. Եթե նպաստ ստացող անձն ազատվել է աշխատանքից կամ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցրել է իր գործունեությունը, ապա ավել վճարված նպաստի գումարը բռնագանձվում է դատական կարգով` սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում:
5. Վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու, իսկ համատեղությամբ աշխատելու դեպքում գործատուներից մեկի մոտ ընդհատվելու կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի գործունեությունը վերսկսելու դեպքում վճարված մայրության նպաստը վերահաշվարկվում է, և ավել վճարված մայրության նպաստի գումարի հետպահումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկվել է սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված մեծությունից:↩
6. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկանքով ներկայացված եկամուտը ստուգման արդյունքում կամ ճշտված հաշվետվության հիման վրա փոփոխվելու դեպքում ավել վճարված նպաստի գումարի հետպահումը կատարում է հարկային մարմինը, իսկ պակաս վճարած նպաստի գումարը վճարում է լիազոր մարմինը:
Ավել վճարված նպաստի գումարի հետպահումը կատարվում է, և պակաս վճարած նպաստի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(27-րդ հոդ. փոփ. 12.04.11 ՀՕ-123-Ն, 01.12.14 ՀՕ-206-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 09.07.20 ՀՕ-361-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)
ԳԼՈՒԽ 7
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՆՊԱՍՏՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
i
Հոդված 28. |
Լիազորված պետական մարմինների իրավասությունները |
1. Հարկային մարմինը`
1) եկամտային հարկի ճշտությանն ուղղված դեպքերում օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների ժամանակ հսկողություն է իրականացնում գործատուների կողմից վարձու աշխատողներին նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման ճշտության նկատմամբ, այդ թվում` սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված մայրության նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման ճշտության նկատմամբ.
2) սույն օրենքով սահմանված դեպքերում իրականացնում է ավել վճարված նպաստի գումարի հետպահումը` այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկատվություն տրամադրելով լիազոր մարմնին:
2. Լիազոր մարմինը`
1) սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկում, նշանակում և վճարում է ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաստները, վարձու աշխատողին է տրամադրում սույն օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ և 10-րդ մասերով սահմանված տեղեկանքը.
2) (2-րդ կետն ուժը կորցրել է 25.07.2013 թվականից` 20.06.13 ՀՕ-95-Ն օրենք)
3) իր լիազորությունների շրջանակում գործատուներից, կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից պահանջում է նպաստ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկում է նպաստներին վերաբերող բողոքները.
4) օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառում է ժամանակավոր անաշխատունակության նպաստներին վերաբերող տվյալները.
5) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:
3. Առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնին է տրամադրում անձնավորված տեղեկատվություն հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրամադրված անաշխատունակության թերթիկների մասին:
(28-րդ հոդ. փոփ. 12.04.11 ՀՕ-123-Ն, 20.06.13 ՀՕ-95-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 01.12.14 ՀՕ-206-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 29. |
Նպաստներին վերաբերող որոշումների բողոքարկումը |
1. Լիազոր մարմնի` նպաստներին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:
2. Գործատուի` նպաստներին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:
Հոդված 30. |
Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար |
1. Սույն օրենքը խախտող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 8
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 31. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի դեկտեմբերի 1-ից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած ժամանակավոր անաշխատունակության դեպքերի վրա:
i
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-208-Ն օրենքը:
3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-208-Ն օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2010 թ. նոյեմբերի 22 Երևան ՀՕ-160-Ն
|