Սեղմել Esc փակելու համար:
«ԼՈՌԻՇԵՆ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԼՈՌԻՇԵՆ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈ ...

 

 

020.0752.220408

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ԼՈՌԻՇԵՆ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 77 ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 22 ապրիլի 2008թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի և 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց ««Լոռիշեն» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա` ՀՀ Ազգային ժողովի կողմից 1998 թվականի հունիսի 17-ին ընդունված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77 հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը «Լոռիշեն» ՍՊԸ-ի դիմումն է սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմողի գրավոր փաստարկները, պատասխանող կողմի գրավոր բացատրությունները և լսելով վերջինիս լրացուցիչ պարզաբանումները, հետազոտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 1998 թվականի հունիսի 17-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող 77 հոդվածը սահմանում է.

«1. Դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը:

2. Բաց թողնված ժամկետը վերականգնելու կամ վերականգնելը մերժելու մասին դատարանը կայացնում է որոշում»:

3. Ըստ վերջնական դատական ակտի` «Լոռիշեն» ՍՊ ընկերության դիմումը` ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, երրորդ անձ «Պրոմեթեյ-Խիմպրոմ» ՓԲ ընկերության` պետական մարմնի անգործությունը վիճարկելու պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ տնտեսական դատարանի 22.11.2006 թվականին կայացրած վճռի, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 26.06.2007 թվականի որոշմամբ մերժվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77 և 228.1. հոդվածների հիման վրա` վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված դատավարական ժամկետը դիմողի կողմից բաց թողնելու և այն վերականգնելն անհարգելի համարելու պատճառաբանությամբ:

4. Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77 հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրության 3, 6 (1-ին, 2-րդ և 5-րդ մասեր), 18 (1-ին մաս) և 19 (1-ին մաս) հոդվածների պահանջներին, քանի որ աշխատանքային օրվա ավարտից հետո մինչև ժ. 24:00 դատավարական գործողությունների կատարման անհնարինության պատճառով բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման պայման չնախատեսելու, ինչպես նաև բաց թողնված այդ ժամկետը վերականգնելու կամ վերականգնելը մերժելու մասին դատական որոշման պատճառաբանման պարտադիր պայման չնախատեսելու հետևանքով, չի ապահովում արդարադատության արդյունավետության և դրա բավարար մատչելիության իրավական երաշխիքներ:

Դիմողը միաժամանակ գտնում է, որ դատավարական գործողության կատարումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրը` աշխատանքային ժամի ավարտից հետո մինչև նույն օրվա ժ. 24:00-ն գործնականում անհնար է, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74, 75 հոդվածների և վիճարկվող 77 հոդվածի կարգավորման պայմանները չեն պարունակում այդպիսի գործողություն կատարելու բավարար իրավական երաշխիքներ:

5. Պատասխանողը գտնում է, որ դիմողի պնդումը հիմնավորված չէ և դիմումը ենթակա է մերժման հետևյալ նկատառումներով` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով վճռաբեկ բողոքի կազմման և ներկայացման համար սահմանված է բավական երկար ժամանակահատված` վեց ամիս, որն ավելի քան բավարար է ցանկացած բարդության գործի ուսումնասիրման և բողոքի ներկայացման համար: Բացի դրանից, դիմողի նշած դատավարական ժամկետների սահմանման և վերականգնման հիմնահարցն իր կարգավորումն է ստացել նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 5 և 84 հոդվածներում, որոնց և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող նորմերի վերլուծությունից բխում է, որ դրանք լրացնում են միմյանց: Հետևաբար, եթե դատավարական գործողությունը պետք է կատարվի հիմնարկում կամ կազմակերպությունում, ապա այդպիսի գործողության կատարման ժամկետը լրանում է այն ժամին, երբ այդ հիմնարկի կամ կազմակերպության սահմանած կանոններով ավարտվում է աշխատանքային օրը: Իսկ դատավարական բաց թողնված ժամկետի վերականգնման կամ վերականգնումը մերժելու վերաբերյալ դատարանի պատճառաբանված որոշման կայացման պարտադիր պայմանը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144 հոդվածի բովանդակությունից, հետևաբար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77 հոդվածում դատական որոշման պատճառաբանված լինելու անհրաժեշտության մասին դրույթի ամրագրման կարիքը բացակայում է, և այն իր բովանդակությամբ չի հակասում ՀՀ Սահմանադրությանը:

6. ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի (1-ին մաս) և 19 հոդվածի (1-ին մաս) համաձայն յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ միջոցների, ինչպես նաև դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք, որն ամրագրված է նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6 հոդվածում: Դատավարական ժամկետների ինստիտուտն ընդհանրապես կոչված է երաշխավորելու անձանց իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության սահմանադրական վերոհիշյալ իրավունքի արդյունավետ իրացումը: Այն օրենքով կամ դատարանի կողմից նշանակված որոշակի ժամանակահատված է, որի ընթացքում դատարանը, կողմերը և գործի մյուս մասնակիցներն իրավունք ունեն (պարտավոր են) կատարելու օրենքով նախատեսված դատավարական գործողություններ: Միաժամանակ, որոշակի ժամկետով այդպիսի գործողությունների կատարման սահմանափակումը դատավարական հարաբերությունների կայունությունը, որոշակիությունը, հստակությունը, դատավարական սկզբունքների պահպանումը, գործով բազմակողմանի և օբյեկտիվ քննությունը, ի վերջո, արդարադատության արդյունավետությունն ապահովող և անձանց խախտված իրավունքները ողջամիտ ժամկետում վերականգնելու կարևոր երաշխիք է:

7. Քաղաքացիադատավարական ժամկետների սահմանման և կիրառման (այդ թվում` նաև գործողությունների կատարման) ընդհանուր կանոնները նախատեսված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-77 հոդվածներով, համաձայն որոնց` դատավարական գործողությունները կատարվում են սահմանված ժամկետներում (օրենսդրությամբ, դատարանի որոշմամբ), և կարող են կատարվել մինչև այդ ժամկետի վերջին օրվա ժամը 24:00-ն, որը որպես իրավական ակտով նախատեսված գործողությունը կատարելու ընդհանուր կանոն նախատեսված է նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 84 հոդվածի 1-ին մասում:

Միաժամանակ, օրենսդրությամբ կարգավորված է քաղաքացիադատավարական ժամկետների հաշվարկի, դրանք բաց թողնելու դեպքում վերականգնելու ընթացակարգ: Վերականգնման կանոնները որոշված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77 հոդվածի 1-ին մասում, ինչպես նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածում (կատարողական թերթը կատարման ներկայացնելու դեպքում), համաձայն որոնց` բաց թողնված դատավարական ժամկետը դատարանի որոշմամբ վերականգնվում է հարգելի պատճառների առկայությամբ` գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա:

Վերոհիշյալ նորմերի բովանդակությունից հետևում է, որ դատավարական ժամկետը բաց թողնելու հնարավոր պատճառներն օրենքով օբյեկտիվորեն կանխորոշված չեն, որի պայմաններում դրանք գնահատելու և արդյունքում այդ ժամկետի բացթողումը հարգելի կամ անհարգելի ճանաչելու (գնահատման չափանիշներ ընտրելու) դատարանի լիազորությունը կրում է հայեցողական բնույթ: Սակայն, ի տարբերություն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածի 4-րդ մասում ամրագրված կանոնի, դատավարական գործողության կատարման բաց թողնված ժամկետը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող 77 հոդվածի հիմքով վերականգնելու վերաբերյալ դատարանի որոշման բողոքարկման, հետևաբար` այդ ակտի հիմնավորվածությունը (օրինականությունը) վիճարկելու իրավական հնարավորություն նախատեսված չէ, որի սահմանադրականությունը սույն գործի շրջանակներում չի վիճարկվում:

Ի դեպ, քննության առարկա հիմնահարցի վերաբերյալ դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ դատարանների նախագահների խորհուրդն իր «Դատական ակտերը բողոքարկելու ժամկետների վերաբերյալ օրենսդրության կիրառման դատական պրակտիկայի մասին» 2000թ. թիվ 36 որոշմամբ:

Վերահաստատելով իր 09.04.2007թ. ՍԴՈ-690 որոշման 7-րդ և 11-րդ կետերում արտահայտած դիրքորոշումը` սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավարական ժամկետները բաց թողնելու պատճառների դատական գնահատման հիմքում պետք է լինեն իրավական չափանիշներ` ելնելով իրավակարգավորման ընդհանուր սկզբունքներից, բացառելով կամային ու չհիմնավորված որևէ մոտեցում: Այդպիսի ազատությունը պետք է իրականացվի իրավասու դատարանի` օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակներում, անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով` ՀՀ Սահմանադրության 3 հոդվածում և 47 հոդվածի 1-ին մասում ամրագրված հիմնարար սկզբունքների պահպանմամբ: Հակառակ պարագայում, դատարանը մարդու սահմանադրական իրավունքների` որպես անմիջական գործող իրավունքի, ապահովման ու պաշտպանության փոխարեն իր ակտով այդ իրավունքների ոտնահարման պատճառ կարող է դառնալ: Դրանով է պայմանավորված դատական ակտերի` որպես սահմանադրական արդարադատության օբյեկտ հանդիսանալու իրողությունը միջազգային պրակտիկայում:

Ելնելով դիմողի առաջադրած հարցադրումներից, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածի հիման վրա ի պաշտոնե պարզելով գործի հանգամանքները, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդրությունը նախատեսել է բոլոր հնարավոր լուծումները քննության առարկա հարցով դիմողի սահմանադրական իրավունքների պաշտպանության համար: Խնդիրը կայանում է նրանում, թե այդ հնարավորություններն ինչպես են իրացվել դատական պրակտիկայում: Սահմանադրական դատարանը գտնում է, որ քննության առարկա գործով դա չի արվել հօգուտ իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորման, միաժամանակ արձանագրելով, որ ՀՀ Սահմանադրությամբ դատական ակտերը սահմանադրական վերահսկողության օբյեկտ հանդիսանալ չեն կարող:

8. Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77 հոդվածի 2-րդ մասի հիմքով կայացված դատական որոշման պատճառաբանման պարտադիր պահանջի վերաբերյալ դիմող կողմի պնդմանը, նկատի ունենալով, որ այդպիսի որոշման կայացումը դուրս է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144 հոդվածի կանոնակարգման շրջանակներից, և վերահաստատելով 09.04.2007թ. ՍԴՈ-690 և 11.04.2007թ. ՍԴՈ-691 որոշումներում արտահայտած իր դիրքորոշումը, սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է ՀՀ դատական օրենսգրքի 21, 48, 50 (4-րդ մաս) և 60 (1-ին մասի 1-ին և 6-րդ կետեր) հոդվածներով նախատեսված` դատական որոշումների պատճառաբանման պարտադիր պայմանների միակերպ կիրառման կարևորությունը ՀՀ Սահմանադրության 18 և 19 հոդվածների պահանջների լիարժեք երաշխավորումն ապահովելու խնդրում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77 հոդվածը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

22 ապրիլի 2008 թվականի

ՍԴՈ-752

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
22.04.2008
N ՍԴՈ-752
Որոշում