Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՕԴԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՒՂԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՕԴԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄ ...

 

24.10.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 ապրիլի 2025 թվականի N 495-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՕԴԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ ենթակետը և 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը և ֆինանսական օժանդակություն ստանալու կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել սույն որոշման N 1 հավելվածով սահմանված աջակցության ծրագրի շահառու ավիաընկերություններին ներկայացվող պահանջները` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. ապրիլի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2025 թվականի ապրիլի 23-ի

N 495-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՕԴԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Սույն հավելվածով հաստատված աջակցության ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի Հանրապետություն օդային ճանապարհով նոր ուղղություններից ժամանող ուղևորների թիվը` նպաստելով ներգնա ուղևորությունների, Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններում ուղևորափոխադրումների ծավալների ավելացմանը:

 

2. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

2. Սույն աջակցության ծրագրով տրամադրվում է ֆինանսական օժանդակություն այն ավիաընկերություններին, որոնք կփոխադրեն օդային ուղևորներին նոր ուղղություններից Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայաններ:

3. Սույն աջակցության ծրագրի շրջանակներում նոր ուղղություններ են համարվում Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող այն բնակավայրերը (այդ քաղաքը սպասարկող բոլոր միջազգային օդանավակայաններով), որտեղ սույն աջակցության ծրագրի շրջանակներում շահառու հանդիսացող ավիաընկերությունների կողմից առաջին չվերթը սկսելու պահից նախորդող 12 ամիսների ընթացքում ցանկացած ավիաընկերության կողմից իրականացված չվերթերի քանակը միաժամանակ IATA ամառային ժամանակահատվածում (մարտի վերջին կիրակի օրվանից ներառյալ մինչև հոկտեմբերի վերջին շաբաթ օրը) չի գերազանցել 14-ը և IATA ձմեռային ժամանակահատվածում (հոկտեմբերի վերջին կիրակի օրվանից ներառյալ մինչև մարտի վերջին շաբաթ օրը)` 10-ը: Ընդ որում, Գյումրու «Շիրակ» կամ Երևանի «Զվարթնոց» օդանավակայաններից նոր ուղղությունների համապատասխանությունը սույն կետի պահանջներին դիտարկվում են առանձին:

4. Սույն հավելվածի 2-րդ կետում նշված ֆինանսական օժանդակությունը տրամադրվում է նոր ուղղությունից Հայաստանի Հանրապետություն փոխադրվող 2 տարեկանից բարձր տարիք ունեցող յուրաքանչյուր օդային ուղևորի համար հետևյալ սահմանաչափերով`

1) Գյումրու «Շիրակ» օդանավակայան փոխադրված սույն կետում նշված յուրաքանչյուր օդային ուղևորի համար` 15 000 (տասնհինգ հազար) դրամ.

2) Երևանի «Զվարթնոց» օդանավակայան փոխադրված սույն կետում նշված յուրաքանչյուր օդային ուղևորի համար` 20 000 (քսան հազար) դրամ:

(4-րդ կետը փոփ. 23.10.2025 թիվ 1485-Լ որոշում)

5. Սույն որոշմամբ սահմանված աջակցության ծրագրից օգտվելու և ֆինանսական օժանդակություն ստանալու համար սահմանվում են հետևյալ պայմաններն ու վերջնաժամկետները`

1) սույն որոշման պահանջներին համապատասխանող շահառու ավիաընկերությունները մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը սույն որոշմամբ սահմանված աջակցության ծրագրից օգտվելու և ֆինանսական օժանդակություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին) դիմելու և մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը նոր ուղղություններից կանոնավոր չվերթերը մեկնարկելու դեպքում ստանում են ֆինանսական օժանդակություն սույն որոշման 4-րդ կետում նշված այն օդային ուղևորների համար, որոնք Գյումրու «Շիրակ» կամ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հատել են սահմանը և մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն.

2) սույն որոշման պահանջներին համապատասխանող շահառու ավիաընկերությունները 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում սույն որոշմամբ սահմանված աջակցության ծրագրից օգտվելու և ֆինանսական օժանդակություն ստանալու համար լիազոր մարմնին դիմելու և մինչև 2027 թվականի մայիսի 31-ը նոր ուղղություններից կանոնավոր չվերթերը մեկնարկելու դեպքում ստանում են ֆինանսական օժանդակություն սույն որոշման 4-րդ կետում նշված այն օդային ուղևորների համար, որոնք Գյումրու «Շիրակ» կամ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հատել են սահմանը և մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն և առնվազն տվյալ օրվա ժամը 23:59-ի դրությամբ ելք չեն գործել Հայաստանի Հանրապետությունից.

3) սույն որոշման պահանջներին համապատասխանող շահառու ավիաընկերությունները 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 2027 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում սույն որոշմամբ սահմանված աջակցության ծրագրից օգտվելու և ֆինանսական օժանդակություն ստանալու համար լիազոր մարմնին դիմելու և մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը նոր ուղղություններից կանոնավոր չվերթերը մեկնարկելու դեպքում ստանում են ֆինանսական օժանդակություն սույն որոշման 4-րդ կետում նշված այն օդային ուղևորների համար, որոնք Գյումրու «Շիրակ» կամ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հատել են սահմանը և մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն և առնվազն 48 (քառասունութ) ժամ ելք չեն գործել Հայաստանի Հանրապետությունից:

(5-րդ կետը փոփ. 23.10.2025 թիվ 1485-Լ որոշում)

 

3. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Սույն հավելվածով նախատեսված ֆինանսական օժանդակությունը տրամադրվում է սույն որոշման N 2 հավելվածով շահառու հանդիսացող ավիաընկերություններին հետևյալ կարգով`

1) չվերթերի մեկնարկից հաշվարկված առնվազն 30 (երեսուն) օրացուցային օր առաջ շահառու ավիաընկերությունը էլեկտրոնային եղանակով դիմում է լիազոր մարմնին` գրության մեջ ներկայացնելով չվերթերի ուղղությունները, չվերթեր մեկնարկելու ժամկետները և այդ ուղղություններով կանխատեսվող ուղևորահոսքի ծավալները.

2) լիազոր մարմինը դիմումը ստանալու օրվանից հաշվարկած 15 (տասնհինգ) օրացուցային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է ավիաընկերությանը դիմումով ներկայացվող ուղղությունների` սույն հավելվածի 3-րդ կետով հաստատված պահանջներին համապատասխանելու կամ չհամապատասխանելու մասին.

3) շահառու հանդիսացող ավիաընկերությունը սույն որոշմամբ հաստատված պահանջներով չվերթերը մեկնարկելուց և իրականացնելուց ամեն օրացուցային եռամսյակից հետո մեկ ամսվա ընթացքում լիազոր մարմին է ներկայացնում յուրաքանչյուր նոր ուղղության համար առանձին հաշվետվություն` հետևյալ ձևաչափով`

 

.____________________________________________________________________.

|Ուղղության|Իրականացված չվերթերի|Նոր ուղղություններից Հայաստանի      |

|անվանումը |քանակը              |Հանրապետություն փոխադրված           |

|          |                    |2 տարեկանից բարձր տարիք ունեցող     |

|          |                    |օդային ուղևորների  ընդհանուր քանակը,|

|          |                    |մարդ                                |

|__________|____________________|____________________________________|

.____________________________________________________________________.

 

Միաժամանակ, սույն ենթակետում նշված ձևաչափով ներկայացվող տեղեկատվությանը կից, պահպանելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջները, ցանկում ներկայացվում է Հայաստանի Հանրապետություն փոխադրված 2 տարեկանից բարձր տարիք ունեցող օդային ուղևորների մասին ստորև ներկայացված աղյուսակի ձևաչափով հետևյալ տեղեկատվությունը`

 

._____________________________________________________________________.

|Անունը և   |Ծննդյան      |Սեռը|Քաղաքացիությունը|Չվերթի համարը և  օրը,|

|ազգանունը  |տարեթիվը (օր/|    |                |որով օդային ուղևորը  |

|(լատինատառ)|ամիս/տարի)   |    |                |ժամանել է Հայաստանի  |

|           |             |    |                |Հանրապետություն      |

|___________|_____________|____|________________|_____________________|

._____________________________________________________________________.

 

Ընդ որում, սույն ենթակետով ներկայացվող տեղեկատվությունը պետք է լինի «.xls» կամ «.xlsx» ձևաչափի.

4) լիազոր մարմինը 6-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը ստանալու օրվանից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն (այսուհետ` ծառայություն) և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ (այսուհետ` օդանավակայանի կառավարիչ).

5) ծառայությունը 6-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված կարգով ստացված տեղեկատվությունն ուսումնասիրում է և 15 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է լիազոր մարմնին ցանկում ներկայացված այն ուղևորների տվյալները, որոնք մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն, ընդ որում` նոր ուղղություններից Գյումրու «Շիրակ» կամ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանի Հանրապետություն մուտք գործած օդային ուղևորների վերաբերյալ տրամադրում է լիազոր մարմնին միայն այն օդային ուղևորների մասին տեղեկատվությունը, որոնք բավարարում են սույն որոշման 5-րդ կետով սահմանված պահանջներին.

5.1) օդանավակայանի կառավարիչը 6-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված կարգով ստացված տեղեկատվությունն ուսումնասիրում է և 15 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է լիազոր մարմնին օդային ուղևորների տվյալ նոր ուղղությունից նշված օրը և նշված չվերթի համարով ժամանելու մասին.

6) լիազոր մարմինը 6-րդ կետի 5-րդ և 5.1-ին ենթակետերով նախատեսված կարգով ամբողջական տեղեկատվությունը ծառայությունից և օդանավակայանի կառավարչից ստանալու օրվանից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է ավիաընկերությանը այն ուղևորների ցանկը, որոնց համար սույն որոշման բոլոր պահանջներին համապատասխանելու դեպքում կտրամադրվի ֆինանսական օժանդակություն.

7) Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններ սույն աջակցության ծրագրի շահառու ավիաընկերությունների կողմից նոր ուղղություններից փոխադրված և Հայաստանի Հանրապետություն մուտք չգործած օդային ուղևորների համար ավիաընկերություններին ֆինանսական օժանդակություն չի տրամադրվում.

8) ֆինանսական օժանդակությունը լիազոր մարմինը տրամադրում է շահառու ավիաընկերությանը յուրաքանչյուր 2 (երկու) իրար հաջորդող եռամսյակներից հետո` ավիաընկերության կողմից դիմում ներկայացնելու օրվանից 30 (երեսուն) օրացուցային օրվա ընթացքում հետևյալ բանաձևով`

 

F = N x P,

 

որտեղ`

F-ը` շահառու ավիաընկերությանը վճարման ենթակա ֆինանսական օժանդակության ընդհանուր գումարն է ամեն նոր ուղղության համար` դրամով,

N-ը` 2 (երկու) իրար հաջորդող եռամսյակների ընթացքում շահառու ավիաընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն նոր ուղղություններից փոխադրված և Հայաստանի Հանրապետություն մուտք գործած և լիազոր մարմնի կողմից հաստատված 2 տարեկանից բարձր տարիք ունեցող օդային ուղևորների ընդհանուր քանակն է,

P-ն` յուրաքանչյուր օդային ուղևորի համար շահառու ավիաընկերությանը տրամադրվող ֆինանսական օժանդակության սահմանաչափն է` կախված նրանից, թե Հայաստանի Հանրապետության որ օդանավակայանով են օդային ուղևորները մուտք գործում Հայաստանի Հանրապետություն և, որը ներկայացված է յուրաքանչյուր օդանավակայանի համար սույն հավելվածի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում:

(6-րդ կետը փոփ. 23.10.2025 թիվ 1485-Լ որոշում)

7. Սույն հավելվածի 6-րդ կետով Հայաստանի Հանրապետության դրամով հաշվարկվող ֆինանսական օժանդակության միջոցները լիազոր մարմինը փոխանցում է շահառու ավիաընկերության կողմից Հայաստանի Հանրապետության բանկերում բացված հաշվեհամարին, որը պետք է շահառու ավիաընկերության կողմից 5-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված դիմումի հետ միասին ամբողջական բանկային ռեկվիզիտներով ներկայացվի լիազոր մարմնին:

8. Յուրաքանչյուր նոր ուղղության համար ֆինանսական օժանդակությունը տրամադրվում է նոր ուղղությամբ առաջին չվերթի մեկնարկի օրվանից 24 (քսանչորս) ամսվա համար:

9. Եթե 8-րդ կետում նշված ժամկետի ընթացքում այլ շահառու ավիաընկերություն նույնպես դիմում է տվյալ նոր ուղղությամբ աջակցության ծրագրից օգտվելու և ֆինանսական օժանդակություն ստանալու համար, ապա, սույն որոշման պահանջներին համապատասխանելու դեպքում, այն տրամադրվում է մինչև տվյալ նոր ուղղությամբ առաջին ֆինանսական աջակցության տրամադրման ժամկետի ավարտը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2025 թվականի ապրիլի 23-ի

N 495-Լ որոշման

 

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Սույն որոշմամբ ծրագրի շահառու ավիաընկերություններ են համարվում Հայաստանի Հանրապետությունում օդանավ շահագործողի վկայական ունեցող կամ Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում բազավորված օտարերկրյա օդանավ շահագործողի վկայական ունեցող իրավաբանական անձինք, որոնք իրականացնում են նոր ուղղություններով ուղևորների կանոնավոր առևտրային փոխադրումներ հետևյալ հաճախականությամբ` չվերթի մեկնարկի օրվանից IATA ամառային և IATA ձմեռային ժամանակահատվածում իրականացնում են առնվազն շաբաթական ոչ պակաս 1 չվերթ կամ համապատասխանաբար առնվազն 28 և 20 չվերթ: Նշված քանակից նվազեցվում են անհաղթահարելի ուժի հետևանքով չիրականացված չվերթերը:

2. Սույն որոշման իմաստով բազավորված են համարվում այն օտարերկրյա օդանավ շահագործողի վկայական ունեցող իրավաբանական անձինք, որոնք`

1) ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում տեղակայված մասնաճյուղ.

2) օգտագործման իրավունքով (սեփականություն կամ լիզինգ) ունեն առնվազն

2 (երկու) օդանավ, որոնք մշտապես (բացառությամբ չվերթեր իրականացնելու կամ տեխնիկական սպասարկում անցնելու ժամանակահատվածում) գտնվում են Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններից մեկում կամ մի քանիսում, և այդ օդանավերի անձնակազմերը (օդաչու, սրահի անձնակազմ) աշխատում են Հայաստանի Հանրապետությունում տեղակայված մասնաճյուղում.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված օդանավերով են իրականացնում չվերթեր նոր ուղղություններով (սույն պահանջը չի կիրառվում Գյումրու «Շիրակ» օդանավակայան չվերթեր իրականացնելու դեպքում):

3. Շահառու ավիաընկերությունները սույն որոշմամբ սահմանված աջակցության ծրագրից օգտվելու համար պետք է առնվազն 1 (մեկ) նոր ուղղությամբ չվերթեր իրականացնեն Գյումրու «Շիրակ» օդանավակայան` սույն հավելվածի 1-ին կետով սահմանված չվերթերի հաճախականություններին ներկայացվող պահանջներին համապատասխան:

4. Բազավորված շահառու ավիաընկերությունների հետ միևնույն անվանման (բրենդի) ներքո գործունեություն ծավալող և կազմակերպությունների միևնույն խմբի (հոլդինգի) մեջ մտնող չբազավորված ավիաընկերությունների օդանավերով սույն կարգի պահանջներին համապատասխանող նոր ուղղություններից Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ ուղևորների կանոնավոր փոխադրում իրականացնելու դեպքում բազավորված ավիաընկերությունը կարող է օգտվել սույն կարգով սահմանված աջակցության ծրագրով նախատեսված ֆինանսական օժանդակությունից:

(4-րդ կետը լրաց. 23.10.2025 թիվ 1485-Լ որոշում)

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.04.2025
N 495-Լ
Որոշում