ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ
դատարանի որոշում թիվ ՎԴ/7395/05/25
Վարչական գործ թիվ ՎԴ/7395/05/25 2026 թ.
Նախագահող դատավոր` Հ. Այվազյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող` Հ. Բեդևյան
զեկուցող Լ. Հակոբյան
Ա. Թովմասյան
Ռ. Հակոբյան
Ք. Մկոյան
2026 թվականի փետրվարի 16-ին
գրավոր ընթացակարգով քննելով Բեգլար Կիրակոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.07.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Բեգլար Կիրակոսյանի ընդդեմ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին)` 18.03.2025 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Բեգլար Կիրակոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի 18.03.2025 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Բոյաջյան) (այսուհետ` Դատարան) 23.05.2025 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.07.2025 թվականի որոշմամբ Բեգլար Կիրակոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.05.2025 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Վերաքննիչ դատարանի 09.09.2025 թվականի «Թվաբանական սխալն ուղղելու մասին» որոշմամբ ուղղվել է 21.07.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման մեջ թույլ տրված թվաբանական սխալը, այն է` որոշման պատճառաբանական մասում Բեգլար Կիրակոսյանի կողմից վճարվելիք պետական տուրքի չափը «1.250.012 ՀՀ դրամի չափով պետական տուրքի (30.000 ՀՀ դրամ + 1.220.012 ՀՀ դրամ (24.400.242 ՀՀ դրամի 0.05%))» փոխարեն կարդալ «42.200 ՀՀ դրամի չափով պետական տուրքի (30.000 ՀՀ դրամ + 12.200 ՀՀ դրամ (24.400.242 ՀՀ դրամի 0.05%))» բառերը:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բեգլար Կիրակոսյանը (ներկայացուցիչ` Պարգև Սարոյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Տեսչական մարմնի 18.03.2025 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» վիճարկվող որոշմամբ հայցվորին առաջադրված դրամական պարտավորության չափը կազմել է 6.880.048 ՀՀ դրամ, որը հաշվարկվել է մեկ այլ անձի` «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ին այլ վարչական ակտով առաջադրված պարտավորության` 27.520.194 ՀՀ դրամի մեկ քառորդի չափով: Հետևաբար, հայցվորի կողմից պետական տուրքը պետք է վճարվեր 6.880.048 ՀՀ դրամի չափով դրամական պարտավորության հաշվարկով` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ե» ենթակետի համաձայն` 26.880,048 ՀՀ դրամ, իսկ հայցվորի կողմից վճարվել է 27.000 ՀՀ դրամ: Այսինքն` Վերաքննիչ դատարանը սույն գործով վիճարկվող վարչական ակտով առաջադրված դրամական պարտավորության չափի հաշվարկում ներառել է ոչ միայն բուն վիճարկվող որոշման մեջ նշված տուգանքի չափը, այլև բոլորովին այլ սուբյեկտի և այլ վարչական ակտով առաջադրված մեկ այլ պարտավորության գումար, որը պարզապես հիշատակված է սույն գործով վիճարկվող վարչական ակտում:
Ինչ վերաբերում է վիճարկվող վարչական ակտով առաջադրված մյուս վարչական տույժին, ապա այն չի ենթադրել դրամական պարտավորություն, ուստի դրա վիճարկման համար վճարվել է 10.000 ՀՀ դրամ:
Այսինքն` հայցադիմումի ներկայացման համար վճարման ենթակա պետական տուրքը կազմել է 36.880,048 ՀՀ դրամ, իսկ վճարվել է 37.000 ՀՀ դրամ պետական տուրք: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը ոչ օրինական է:
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 21.07.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վարչական ակտերի դատական կարգով բողոքարկման համար օրենքով սահմանված դեպքերում պետական տուրք վճարելու պարտականության առանձնահատկություններին:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը երաշխավորում է յուրաքանչյուրի դատական պաշտպանության իրավունքը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):
Դատարանի մատչելիության իրավունքի իրավաչափ սահմանափակումները, ի թիվս այլնի, ներառում են դատարան դիմելու համար պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը, որի նպատակը պետության` արդարադատության իրականացման հետ կապված ծախսերի փոխհատուցումն է, ինչպես նաև ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը, դատարան դիմելու իրավունքի չարաշահումը կանխարգելելն է:
Ըստ Եվրոպական դատարանի` արդարադատության պատշաճ իրականացման նպատակը կարող է արդարացնել դատարան դիմող սուբյեկտների համար ֆինանսական սահմանափակումներ նախատեսելը: Քաղաքացիական դատարան դիմելու համար պետական տուրքի սահմանումը չի կարող դիտարկվել որպես դատարանի մատչելիության սահմանափակում, որն ինքնին անհամատեղելի է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ: Այնուամենայնիվ, պետական տուրքի չափը` գնահատված տվյալ գործի հանգամանքների համատեքստում, ներառյալ` դիմողի վճարունակությունը, և դատավարության այն փուլը, որում կիրառվում է տվյալ սահմանափակումը, էական գործոններ են` որոշելու համար արդյոք անձն օգտվել է դատարանի մատչելիության իր իրավունքից և արդյոք նրա գործը լսվել է դատարանի առջև (տե՛ս, Kreuz v. Poland գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետեր 59-60):
ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով օրենքով սահմանված դեպքերում դատական ակտերի դեմ բողոքարկման համար պետական տուրք վճարելու պարտականության և դատարանի մատչելիության իրավունքի հարաբերակցությանը, արձանագրել է` որ դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների բաղադրատարր հանդիսացող դատական ակտի բողոքարկման իրավունքի նկատմամբ կարող են նախատեսվել սահմանափակումների տեսքով որոշակի պահանջներ: Իրենց հերթին այդ պահանջները չպետք է հանգեցնեն դատական պաշտպանության իրավունքի ոչ համաչափ սահմանափակման: Ի թիվս այլնի, նման սահմանադրական պահանջ է Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի հիման վրա օրենքով սահմանված դեպքերում նախատեսված` դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի վճարման պարտականությունը: Փաստորեն, նշված սահմանադրական պարտականությունը գտնվում է դատական պաշտպանության իրավունքի, ի մասնավորի` դատական ակտերի բողոքարկման իրավունքի հետ սերտ կապի մեջ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրենքով սահմանված դեպքերում դատական ակտի դեմ բողոք ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարումն անձի դատական պաշտպանության իրավունքի իրականացման նախապայմաններից մեկն է, քանի որ պետական տուրքի վճարման հանգամանքով է պայմանավորված արդարադատություն իրականացնող մարմիններին դիմելու անձանց հնարավորությունը: Ուստի` պետական տուրքի վճարման պարտականության նախատեսումը չի կարող ուղղված լինել դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից անձին զրկելուն կամ այդ իրավունքի իրացումը սահմանափակելուն: Ավելին` դատարան դիմելու, այդ թվում` ստորադաս դատարանի դատական ակտը բողոքարկելու համար օրենքով սահմանված դեպքերում պետական տուրք վճարելու պարտականությունն այլ հավասար պայմանների դեպքում դատարանի մատչելիության իրավունքի լեգիտիմ սահմանափակում է: ՀՀ սահմանադրական դատարանը հատկապես կարևորել է այն, որ նման սահմանափակումներ նախատեսված լինելու դեպքում իրավակիրառողները ոչ մի դեպքում չպետք է այդ սահմանափակումներ նախատեսող նորմերին տան տարածական մեկնաբանություն (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 23.04.2024 թվականի ՍԴՈ-1726 որոշումը):
Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքի հասկացությունը, տուրքերի տեսակները և դրույքաչափերը, տուրք վճարողներին, տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները սահմանվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ նաև` «Օրենք»), որին հղում է կատարում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածը: Նշված հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը, վճարման կարգը, պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքն օրենքով սահմանված դեպքերում պետական տուրքը դիտարկում է ինչպես դատարան դիմելու, այնպես էլ դատական ակտերի դեմ վերաքննության և վճռաբեկության կարգով բողոք ներկայացնելու իրավունքի իրացման նախապայման` հայցադիմում (դիմում), վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնող սուբյեկտների համար սահմանելով համապատասխանաբար հայցադիմումին (դիմումին), վերաքննիչ և վճռաբեկ բողոքներին կից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիր` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, ներկայացնելու, իսկ պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու օրենքով նախատեսված հնարավորության դեպքում` դրա վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու պարտականություն (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ, 134-րդ հոդվածի 4-րդ մաս, 158-րդ հոդվածի 5-րդ մաս):
Պետական տուրքը, պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների, այդ թվում` ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է (Օրենքի 2-րդ և 7-րդ հոդվածներ):
Օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ նշված հոդվածը բովանդակային էական փոփոխության է ենթարկվել ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 19.04.2021 թվականի ՀՕ-177-Ն ՀՀ օրենքով: Նշված օրենքի 1-ին հոդվածով Օրենքի 9-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ և ուժի մեջ է մտել »»Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 19.04.2021 թվականի ՀՕ-177-Ն ՀՀ օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: Վերջինիս անցումային դրույթների համաձայն` օրենքը տարածվում է նույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների (դիմումների) և դրանց հիման վրա հարուցված գործերի վրա:
««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 19.04.2021 թվականի ՀՕ-177-Ն ՀՀ օրենքով շարադրված խմբագրությամբ (ներկայումս գործող խմբագրություն) Օրենքի 9-րդ հոդվածը նախևառաջ տարանջատում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի դրույքաչափերը` դրանցից յուրաքանչյուրի համար սահմանելով առանձին դրույքաչափեր` պայմանավորված քաղաքացիական դատավարության կարգով և վարչական դատավարության կարգով քննվող գործերի բնույթով և առանձնահատկություններով:
Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի դրույքաչափերը:
Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված ընդհանուր կանոնի համաձայն` վարչական դատարան ներկայացվող հայցադիմումների համար պետական տուրքը ենթակա է վճարման բազային տուրքի 10-ապատիկի չափով: Բացառությունների շարքին է դասվում նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, որի համաձայն` այն վարչական ակտերի վիճարկման պահանջով հայցադիմումների համար, որոնցով առաջադրվել է կամ որոնց հիման վրա ծագել է դրամական պարտավորություն, պետական տուրքը ենթակա է հաշվարկման և վճարման ըստ դրամական պարտավորության չափի:
Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի դրույքաչափերը պայմանականորեն կարելի է բաժանել հետևյալ հիմնական խմբերի.
1ա. ընդհանուր հայցային վարույթի կարգով քննվող գործերով հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրքի դրույքաչափ,
1բ. ընդհանուր հայցային վարույթի կարգով քննվող գործերով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի դրույքաչափ,
1գ. ընդհանուր հայցային վարույթի կարգով քննվող գործերով վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի դրույքաչափ,
2ա. ընդհանուր հայցային վարույթի կարգով քննվող այն գործերով հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրքի դրույքաչափեր, որոնցով վիճարկվող վարչական ակտերով առաջադրվել է կամ որոնց հիման վրա ծագել է դրամական պարտավորություն,
2բ. ընդհանուր հայցային վարույթի կարգով քննվող այն գործերով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի դրույքաչափ, որոնցով վիճարկվող վարչական ակտերով առաջադրվել է կամ որոնց հիման վրա ծագել է դրամական պարտավորություն,
2գ. ընդհանուր հայցային վարույթի կարգով քննվող այն գործերով վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի դրույքաչափ, որոնցով վիճարկվող վարչական ակտերով առաջադրվել է կամ որոնց հիման վրա ծագել է դրամական պարտավորություն,
3ա. հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմում (հայցադիմում) ներկայացնելու համար պետական տուրքի դրույքաչափ,
3բ. հատուկ վարույթի գործերով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի դրույքաչափ,
3գ. հատուկ վարույթի գործերով վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի դրույքաչափ,
4ա. գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումների դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի դրույքաչափ,
4բ. գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումների դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի դրույքաչափ:
Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից բխում է, որ օրենսդիրը պետական տուրքի այլ դրույքաչափ է նախատեսել ընդհանուր հայցային վարույթի կարգով քննվող այն գործերով հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար, որոնցով վիճարկվող վարչական ակտով առաջադրվել է կամ որոնց հիման վրա ծագել է դրամական պարտավորություն (Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ և 9-րդ կետեր): Օրենսդրի մոտեցումն այս գործերով հանգում է նրան, որ ի տարբերություն վարչական ակտերի վիճարկման այլ դեպքերի, դրամական պարտավորություն առաջադրող վարչական ակտերի վիճարկման դեպքում պետական տուրքի դրույքաչափը պայմանավորվում է այդ վարչական ակտով սահմանված դրամական պարտավորության չափով: Այլ կերպ` Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքում հայցադիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պահանջվող պետական տուրքի չափը կախված է առաջադրված դրամական պարտավորության չափից. այս դեպքում հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրքի չափը ձևավորվում է ըստ հետևյալ բանաձևի` պետական տուրքի չափը կազմում է բազային տուրքի նկատմամբ որոշակի գործակցի (ըստ դրամական պարտավորության չափի) կիրառմամբ ձևավորված գումարի և դրամական պարտավորության չափը գերազանցող գումարի որոշակի տոկոսային չափի հանրագումարը: Ըստ այդմ` պայմանավորված դրամական պարտավորության չափով` Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա»-»ը» ենթակետերը սահմանում են պետական տուրքի տարբեր դրույքաչափեր:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ՎԴ6/0292/05/23 վարչական գործով 21.06.2024 թվականի որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ և 9-րդ կետերը կիրառելի են միայն դրամական արտահայտությամբ վարչական պատասխանատվության միջոց սահմանող վարչական ակտերի վիճարկման հայցերի նկատմամբ, այլևս կիրառելի չէ` հաշվի առնելով, որ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 24.10.2024 թվականի ՀՕ-390-Ն օրենքով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ, այն է` «այն վարչական ակտերի վիճարկման պահանջով հայցադիմումների համար, որոնցով առաջադրվել է կամ որոնց հիման վրա ծագել է դրամական պարտավորություն հետևյալ չափերով`»: Նշված փոփոխությունն ուժի մեջ է մտել 12.05.2025 թվականին և ՀՕ-390-Ն օրենքի անցումային դրույթների ուժով տարածվում է 12.05.2025 թվականից հետո ներկայացված հայցադիմումների և դրանց հիման վրա հարուցված գործերի վրա:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտերի վիճարկման դեպքում պետական տուրքը հաշվարկելիս դատարանը նախևառաջ պետք է պարզի` արդյոք դրանով առաջադրվում է դրամական պարտավորություն կամ դրա հիման վրա ծագել է դրամական պարտավորություն: Եթե վիճարկվող ակտով առաջադրվել է դրամական պարտավորություն կամ դրա հիման վրա ծագել է դրամական պարտավորություն, ապա կիրառման է ենթակա Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա»-»ը» ենթակետերով սահմանված դրույքաչափերից որևէ մեկը` պայմանավորված վիճարկվող վարչական ակտով առաջադրված պարտավորության չափով, իսկ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների առնչությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 9-րդ կետերը: Միաժամանակ, հաշվի առնելով, որ Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքում հայցադիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պահանջվող պետական տուրքի չափը կախված է դրամական պարտավորության չափից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պետական տուրքի չափը հաշվարկելիս պետք է ճիշտ ընտրի հաշվարկի ելակետը` հաշվարկի համար ելակետ ընդունելով միայն տվյալ վիճարկվող վարչական ակտով առաջադրված պարտավորության չափը:
Ընդ որում, եթե վիճարկվող վարչական ակտով միաժամանակ առաջադրված են և՛ դրամական արտահայտություն չունեցող, և՛ դրամական արտահայտություն ունեցող պարտավորություններ, ապա պետական տուրքը ենթակա է վճարման և՛ ոչ դրամական արտահայտությամբ պարտավորության առնչությամբ` Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին համապատասխան` բազային տուրքի 10-ապատիկի չափով, և՛ դրամական պարտավորության առնչությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին համապատասխան: Իսկ այն դեպքում, երբ նույն վարչական ակտով առաջադրված են մեկից ավելի դրամական պարտավորություններ, ապա պետական տուրքի հաշվարկի համար ելակետ պետք է ընդունվի այդ պարտավորությունների չափի հանրագումարը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով Դատարան ներկայացրած հայցադիմումով հայցվորը խնդրել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի 18.03.2025 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումը (գ.թ. 4-23):
Դատարանը 23.05.2025 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձրել է հետևյալ պատճառաբանությամբ. «(...) Տվյալ դեպքում Բեգլար Ռաֆայելի Կիրակոսյանի կողմից Դատարան ներկայացված հայցադիմումով ներկայացվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի` 18.03.2025 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշման վիճարկման պահանջ, որով հայցվորին առաջադրվել է տուգանք` 27.520.194 և 6.880.048 ՀՀ դրամի, ընդհանուր` 34.400.242 ՀՀ դրամի չափով: Հայցադիմումին կից ներկայացվել է 27.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարումը հավաստող թիվ 1030 և 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարումը հավաստող թիվ 1032 անդորրագրերը: Վերը վկայակոչված իրավակարգավորումների հաշվառմամբ Դատարանն արձանագրում է, որ հայցվորի կողմից պակաս է վճարվել հայցադիմումը դատարան ներկայացնելու համար վճարման ենթակա պետական տուրքի գումարը, միևնույն ժամանակ առկա չէ միջնորդություն` պետական տուրքի վճարումը մասնակի հետաձգելու կամ տարաժամկետելու վերաբերյալ: (...)»:
Վերաքննիչ դատարանը 21.07.2025 թվականի որոշմամբ Բեգլար Կիրակոսյանի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 23.05.2025 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողել է անփոփոխ` հետևյալ պատճառաբանությամբ. «(...) Տվյալ դեպքում Բեգլար Կիրակոսյանը Դատարան ներկայացված հայցադիմումով ներկայացվել է Տեսչական մարմնի` 18.03.2025թ. «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջ, որով Բեգլար Կիրակոսյանին առաջադրվել է տուգանք` 27.520.194 և 6.880.048 ՀՀ դրամի, ընդհանուր` 34.400.242 ՀՀ դրամի չափով: Մինչդեռ, հայցադիմումին կից ներկայացվել է 37.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցներ:
(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ անկախ այն հանգամանքից թե որքան տուգանք է առաջադրվել հայցվորին` էական է վիճարկվող վարչական ակտով առաջադրված դրամական պարտավորության չափը կամ այդ ակտի հիման վրա ծագած դրամական պարտավորության չափը, իսկ այս դեպքում վիճարկվող վարչական ակտով առաջադրված դրամական պարտավորության չափը կազմում է 34.400.242 ՀՀ դրամ (27.520.194 ՀՀ դրամ + 6.880.048 ՀՀ դրամ), ինչը նշանակում է, որ Բեգլար Կիրակոսյանի կողմից պետք է վճարվեր 1.250.012 ՀՀ դրամի չափով պետական տուրքի (30.000 ՀՀ դրամ + 1.220.012 ՀՀ դրամ (24.400.242 ՀՀ դրամի 0.05%)) վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը, մինչդեռ հայցադիմումին կցվել է միայն 37.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթերի պատճենները (27.000 ՀՀ դրամի չափով թիվ 1030 և 10.000 ՀՀ դրամի չափով թիվ 1032 անդորրագրերի պատճենները) և, միաժամանակ չի ներկայացվել պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու վերաբերյալ միջնորդություն:
Վերոշարադրյալ ամբողջի հաշվառմամբ` Վերաքննիչ դատարանը եզրակացնում է, որ Դատարանը հայցադիմումը վերադարձվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի հիշյալ պահանջներին համապատասխան, ուստի դրա դեմ բերված վերաքննիչ բողոքի հիմնավորումները չեն կարող հիմք հանդիսանալ Դատարանի որոշումը վերացնելու համար: Այսինքն, բողոքն անհիմն է և ենթակա է մերժման: (...)»:
Վերաքննիչ դատարանը 09.09.2025 թվականի «Թվաբանական սխալն ուղղելու մասին» որոշմամբ ուղղել է 21.07.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման մեջ թույլ տրված թվաբանական սխալը հետևյալ կերպ` «(...) որոշման պատճառաբանական մասում Բեգլար Կիրակոսյանի կողմից վճարվելիք պետական տուրքի չափը «1.250.012 ՀՀ դրամի չափով պետական տուրքի (30.000 ՀՀ դրամ + 1.220.012 ՀՀ դրամ (24.400.242 ՀՀ դրամի 0.05%))» փոխարեն կարդալ «42.200 ՀՀ դրամի չափով պետական տուրքի (30.000 ՀՀ դրամ + 12.200 ՀՀ դրամ (24.400.242 ՀՀ դրամի 0.05%))» բառերը: (...)»
Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները, գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 184-րդ հոդվածով սահմանված այս պահանջի կատարումն ապահովվում է հարկադրանքի միջոցով` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածով սահմանված վարչական պատասխանատվության միջոցով: Նշված հոդվածի համաձայն` գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:
Նշված հոդվածով սահմանված սանկցիայի բովանդակությունից բխում է, որ տուգանքի չափի համար ելակետ է հանդիսանում օրենքի խախտմամբ չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի չափը:
Սույն գործի փաստերի համաձայն` Տեսչական մարմնի 07.02.2025 թվականի ««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին առաջադրանք տալու մասին» 0037 կարգադրագրով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին, ի թիվս այլնի, կարգադրվել է «Սույն կարգադրագիրն ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ` ապահովելով. (...) «դ. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 184-րդ հոդվածի պահանջը, այն է` Ընկերության «Գազել» ավտոբուսի վարորդներին վճարել 2024 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում կատարված արտաժամյա աշխատանքի համար պակաս վճարված 1851711 (...) ՀՀ դրամ (...) աշխատավարձը, «Ժանգ թոնգ» ավտոբուսի վարորդներին` 2024 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարված արտաժամյա աշխատանքի համար չվճարված, ընդհանուր գումարով 303274 (...) ՀՀ դրամ (...) աշխատավարձը և ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով հավելումը, նոյեմբեր ամսվա ընթացքում կատարած արտաժամյա աշխատանքի համար պակաս վճարված 23476138 (...) ՀՀ դրամ աշխատավարձը (...), և «Ման» ավտոբուսի վարորդներին 2024 թվականի նոյեմբեր ամսվա կատարած արտաժամյա աշխատանքի համար պակաս վճարված 6040119 (...) ՀՀ դրամ աշխատավարձը (...)»:
Տեսչական մարմնի 18.03.2025 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշմամբ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բեգլար Կիրակոսյանին` որպես խախտում թույլ տված անձի,
«1) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը խախտելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկել վարչական տույժի` աշխատողներին 2024 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին կատարած արտաժամյա աշխատանքի համար չվճարված կամ պակաս վճարված ընդհանուր գումարով` 27520194 (քսանյոթ միլիոն հինգ հարյուր քսան հազար հարյուր իննսունչորս) ՀՀ դրամ աշխատավարձի և ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով հավելման մեկ քառորդի չափով` 6880048 (վեց միլիոն ութ հարյուր ութսուն հազար քառասուն քառասուն ութ) ՀՀ դրամ վարչական տուգանքի,
2) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի, 143-րդ հոդվածի և 155-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները խախտելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկել վարչական տույժի` նախազգուշացման (...)» (գթ. 47-51):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Տեսչական մարմնի 07.02.2025 թվականի ««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին առաջադրանք տալու մասին» 0037 կարգադրագրի և 18.03.2025 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշման հասցեատերերը տարբեր սուբյեկտներ են. կարգադրագրի դեպքում` «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն է, 18.03.2025 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշման դեպքում` «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բեգլար Կիրակոսյանը: Սույն գործով վիճարկման հայցի օբյեկտը միայն 18.03.2025 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումն է, և ըստ այդմ` պետական տուրքը պետք է հաշվարկվի միայն այդ որոշմամբ առաջադրված պարտավորությունների առնչությամբ:
Տեսչական մարմնի 18.03.2025 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշման բովանդակությունից հստակորեն բխում է, որ Բեգլար Կիրակոսյանի նկատմամբ կիրառված տուգանքը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, կազմում է «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցներին չվճարված կամ պակաս վճարված աշխատավարձի` 27.520.194 ՀՀ դրամի մեկ քառորդը` 6.880.048 ՀՀ դրամ: Հետևաբար, ակնհայտ է, որ վիճարկվող վարչական ակտի եզրափակիչ մասի 1-ին կետով Բեգլար Կիրակոսյանին առաջադրվել է 6.880.048 ՀՀ դրամի չափով դրամական պարտավորություն: Որոշման եզրափակիչ մասի 1-ին կետում նշված 27.520.194 ՀՀ դրամը ոչ թե որոշմամբ առաջադրված դրամական պարտավորություն է, այլ այդ որոշմամբ առաջադրված պարտավորության` 6.880.048 ՀՀ դրամ տուգանքի հաշվարկման ելակետը: Այլ կերպ` 27.520.194 ՀՀ դրամը հանդես է գալիս, որպես «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից չվճարված կամ պակաս վճարված աշխատավարձի չափ, այսինքն` սույն գործով չվիճարկվող վարչական ակտով` 07.02.2025 թվականի ««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին առաջադրանք տալու մասին» 0037 կարգադրագրով, «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ին առաջադրված դրամական պարտավորություն, իսկ Բեգլար Կիրակոսյանի նկատմամբ սույն գործով վիճարկվող վարչական ակտով կիրառված բուն տուգանքը 6.880.048 ՀՀ դրամն է, որը, հաշվարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` 27.520.194 ՀՀ դրամի մեկ քառորդի չափով:
Մինչդեռ Դատարանը, այնուհետև` Վերաքննիչ դատարանը սույն գործով հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրքի չափը հաշվարկելիս արհեստականորեն միավորել են 6.880.048 ՀՀ դրամի տուգանքի չափը և դրա հաշվարկման համար ելակետ հանդիսացած 27.520.194 ՀՀ դրամը` տուգանքի չափի հաշվարկման համար ելակետ ընտրելով 6.880.048 ՀՀ դրամի և 27.520.194 ՀՀ դրամի հանրագումարը: Ըստ այդմ` քանի որ նշված հանրագումարը` 34.400.242 ՀՀ դրամը, գերազանցել է 10 միլիոն ՀՀ դրամը` Դատարանը և Վերաքննիչ դատարանը կիրառել են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «զ» ենթակետով սահմանված դրույքաչափը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Տեսչական մարմնի 18.03.2025 թվականի որոշմամբ Բեգլար Կիրակոսյանի նկատմամբ կիրառվել են մեկ դրամական արտահայտությամբ` 6.880.048 ՀՀ դրամի չափով տուգանք, և մեկ ոչ դրամական արտահայտությամբ (նախազգուշացում) վարչական պատասխանատվության միջոցները, որպիսի պայմաններում հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրքը հաշվարկելիս կիրառելի էր Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ե» ենթակետով սահմանված դրույքաչափը` դրամական արտահայտությամբ վարչական պատասխանատվության միջոցի` 6.880.048 ՀՀ դրամի չափով տուգանքի առնչությամբ, և Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափը` ոչ դրամական արտահայտությամբ վարչական պատասխանատվության միջոցի` նախազգուշացման առնչությամբ:
Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով. վարչական դատարան ներկայացվող հայցադիմումների համար (...)` բազային տուրքի 10-ապատիկի չափով:
Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ե» ենթակետի համաձայն` այն վարչական ակտերի վիճարկման պահանջով հայցադիմումների համար, որոնցով կիրառվել է դրամական արտահայտությամբ վարչական պատասխանատվության միջոց` հինգ միլիոն դրամից մինչև 10 միլիոն դրամը ներառյալ, պետական տուրքը գանձվում է բազային տուրքի 25-ապատիկին գումարած հինգ միլիոն դրամը գերազանցող մասի 0.1 տոկոսի չափով:
Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` բազային տուրքի չափ է սահմանվում 1.000 ՀՀ դրամը:
Վերը նշված նորմերին համապատասխան Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Տեսչական մարմնի 18.03.2025 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշման վիճարկման գործով հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրքը ենթակա էր վճարման հետևյալ չափերով.
1. բազային տուրքի 25-ապատիկի (25.000 ՀՀ դրամի) և 6.880.048 ՀՀ դրամի` 5.000.000 ՀՀ դրամը գերազանցող գումարի` 1.880.048 դրամի 0.1 տոկոսի (1.880,048 դրամի) հանրագումարը, ընդհանուր` 26.880,048 ՀՀ դրամ,
2. բազային տուրքի 10-ապատիկի չափով` 10.000 ՀՀ դրամ:
Այսինքն` հայցադիմումի ներկայացման համար վճարման ենթակա պետական տուրքի ընդհանուր գումարը կազմում է 36.880,048 ՀՀ դրամ:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի կողմից կիրառման էր ենթակա ոչ թե Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «զ» ենթակետը, այլ Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը և Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-ր կետի «ե» ենթակետը, որին համապատասխան էլ բողոքաբերի կողմից վճարվել է պետական տուրքը` 37.000 ՀՀ դրամի չափով (գ.թ. 24, 25): Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերը թույլ չի տվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, և առկա չի եղել հայցադիմումը վերադարձնելու` նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքը:
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական իրավունքի նորմի` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի խախտումը հանգեցրել է հայցվորի արդյունավետ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքի հիմնարար խախտման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ դատարանի 21.07.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.07.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ, այն է` վերացնել ՀՀ վարչական դատարանի 23.05.2025 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` Հ. Բեդևյան
Զեկուցող Լ. Հակոբյան
Ա. Թովմասյան
Ռ. Հակոբյան
Ք. Մկոյան
https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ administrative-cases-intermediate/3138