ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԱՎԴ/10588/02/22
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/10588/02/22 2025 թ.
Նախագահող դատավոր` Գ. Խաչատրյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող` Գ. Հակոբյան
զեկուցող` Է. Սեդրակյան
Ա. Աթաբեկյան
Ն. Հովսեփյան
Ս. Մեղրյան
Ա. Մկրտչյան
Վ. Քոչարյան
2025 թվականի սեպտեմբերի 29-ին
գրավոր ընթացակարգով քննելով Վարդգես Թադևոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2023 թվականի որոշման դեմ` ըստ «Վիրուս Նետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Վարդգես Թադևոսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Վարդգես Թադևոսյանից բռնագանձել 55.300 ՀՀ դրամ, որից 5.300 ՀՀ դրամը` որպես մատուցված ծառայությունների համար չվճարված գումար, 15.000 ՀՀ դրամը` որպես պայմանագրով նախատեսված տուգանքի գումար, իսկ 35.000 ՀՀ դրամը` որպես պայմանագրով նախատեսված տույժի գումար:
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 20.04.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.09.2023 թվականի որոշմամբ Վարդգես Թադևոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.04.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդգես Թադևոսյանը (ներկայացուցիչ Արմինե Ավետիսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-95-րդ, 122-րդ, 125-րդ, 179-րդ, 296-րդ, 298-րդ, 299-րդ, 365-րդ ու 379-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ինքը չի ստացել սույն գործով ներկայացված հայցադիմումը: Բացի այդ, Դատարանի 21.12.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և պարզեցված վարույթ կիրառելու մասին» որոշումը իրեն ուղարկվել է միայն 23.03.2023 թվականին, որը իր կողմից ստացվել է 27.03.2023 թվականին:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տվյալ ամսաթվից մեկ ամիս չանցած` 20.04.2023 թվականին, Դատարանը սույն գործով վճիռ է կայացրել, ինչի արդյունքում էականորեն սահմանափակվել է պատասխանողի` մեկամսյա ժամկետում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված իրավունքներն իրացնելու հնարավորությունը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ ինքը զրկվել է իր դիրքորոշումն արտահայտելու հնարավորությունից և հայցվորի համեմատ հայտնվել է էականորեն նվազ բարենպաստ իրավիճակում, ինչի արդյունքում խախտվել են իր` դատարանի մատչելիության և հետևաբար արդար դատաքննության ու դատական պաշտպանության իրավունքները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 28.09.2023 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել կամ բեկանել Վերաքննիչ դատարանի 28.09.2023 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Ընկերությունը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Վարդգես Թադևոսյանի` 55.300 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջով, որից 5.300 ՀՀ դրամը` որպես մատուցված ծառայությունների համար չվճարված գումար, 15.000 ՀՀ դրամը` որպես պայմանագրով նախատեսված տուգանքի գումար, իսկ 35.000 ՀՀ դրամը` որպես պայմանագրով նախատեսված տույժի գումար (գ.թ. 2, 3).
2) Դատարանի 21.12.2022 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և պարզեցված վարույթ կիրառելու մասին» որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, նաև որոշվել է կիրառել պարզեցված վարույթ և դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակել 20.04.2023 թվականին (գ.թ. 18).
3) վերը նշված որոշումը համապատասխան գրությամբ, որով պատասխանող Վարդգես Թադևոսյանին գրավոր պարզաբանվել է Դատարանի որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին, Վարդգես Թադևոսյանի պատվիրված նամակով ուղարկելու նպատակով 23.03.2023 թվականին հանձնվել է փոստային ծառայությանը: Թիվ ALO108690346AM հանձնման ծանուցագրի համաձայն` Դատարանի 21.12.2022 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և պարզեցված վարույթ կիրառելու մասին» որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը Վարդգես Թադևոսյանն ստացել է 27.03.2023 թվականին (գ.թ. 22-24).
4) Դատարանի հայցն ամբողջությամբ բավարարելու մասին 20.04.2023 թվականի ամսաթվով վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել է 21.04.2023 թվականին (հիմք` «www.court.am» կայքը).
5) Վարդգես Թադևոսյանը Դատարանի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքով վիճարկել է այն հանգամանքը, որ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածը, 777-րդ հոդվածի 1-ին կետը, 780-րդ հոդվածի 1-ին կետը և 438-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, 7-րդ, 8-րդ հոդվածներն ու 9-րդ հոդվածի 1-ին մասը (հատոր 1-ին, գ.թ. 39-44):
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայությամբ, որը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը` արդյո՞ք վերաքննության կարգով բողոքարկման ենթակա եզրափակիչ դատական ակտն անձը կարող է բողոքարկել Վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում` վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:
Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, ունի իր իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդրով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Չնայած նրան, որ դատաքննության հավասարության և մրցակցության սկզբունքները հստակ ամրագրված չեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, Եվրոպական դատարանի կողմից` 6-րդ հոդվածում նշված «արդարացի լսումներ» հասկացության մեկնաբանությունների արդյունքում ձևավորվել է նախադեպ, համաձայն որի` լսումների արդարացիության տարրերից են դատավարության կողմերի հավասարությունը և մրցակցային դատավարությունը, որոնք սերտորեն կապված են միմյանց հետ: Եվրոպական դատարանը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջը համարելով դատավարության մրցակցության և հավասարության սկզբունքներ, հետևողականորեն իր վճիռներում բացահայտել է նաև այդ սկզբունքների բովանդակությունը, ըստ որի` «կողմերի հավասարությունը» նշանակում է, որ դատավարության յուրաքանչյուր կողմին պետք է ընձեռվի պատշաճ հնարավորություն ներկայացնելու իր գործը, ներառյալ` ապացույցները, այնպիսի պայմաններում, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ (տե՛ս, Դոմբո Բեհիրն ընդդեմ Նիդերլանդների գործով ՄԻԵԴ-ի 17.10.1993 թվականի վճիռը, § 30-35):
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներից մեկում արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ (տե՛ս, Ամատունի Վիրաբյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարի թիվ ԵԴ/28124/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2022 թվականի որոշումը):
i
Սահմանադրական դատարանն իր որոշումներում ևս արձանագրել է, որ դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների արդյունավետ կենսագործումն ապահովելու համար պետք է օրենսդրորեն երաշխավորել ինչպես դատարանի մատչելիության, դատարան դիմելու հնարավորության ապահովման, այնպես էլ` գործն անկախ և անաչառ դատարանի կողմից արդարության պահանջների` մրցակցության և հավասարության սկզբունքների պահպանմամբ քննելու իրավական հնարավորությունը (տե՛ս, ՀՀ Սահմանադրական դատարանի 17.11.2020 թվականի թիվ ՍԴՈ-1599 որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու կանոնից բացառություն է նաև այն դեպքը, երբ բողոք բերած անձը բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել առաջին ատյանի դատարանում` միաժամանակ զրկված չլինելով նման դիրքորոշում հայտնելու հնարավորությունից: Ուստի նման իրավիճակում վերաքննիչ դատարանը ոչ թե իրավասու է չանդրադառնալու, այլ պարտավոր է չանդրադառնալ վերաքննիչ բողոքի այնպիսի հիմքերի, ի հիմնավորումն որոնց բողոք բերած անձը հայտնում է այնպիսի դիրքորոշում, որը կարող էր հայտնել, սակայն չի հայտնել առաջին ատյանի դատարանում
i
Վերոգրյալի ամփոփմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ եթե առկա չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված բացառությունները, ապա ընդհանուր կանոնի համաձայն` վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում (տե՛ս «ԱԿԲԱ ԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Մարտին Դիլանյանի, Ռիտա Աղայանի, Անի Գյուլբուդաղյանի թիվ ՇԴ/5144/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2022 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա եզրափակիչ դատական ակտն անձը չի կարող բողոքարկել Վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը ՀՀ վճռաբեկ դատարանի համար ևս պարտականություն է սահմանել բողոքարկվող դատական ակտը որպես կանոն վերանայելու միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Ընդ որում օրենսդիրը ՀՀ վճռաբեկ դատարանի դեպքում նախատեսել է, որ անձը չի կարող վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտը բողոքարկել Վճռաբեկ դատարան այն հիմքերով, որոնցով նա չի բողոքարկել նշված դատական ակտը Վերաքննիչ դատարանում:
i
Գրիշա Գալստյանն ընդդեմ Մանվել Զոհրաբյանի գործով Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նշված իրավադրույթների կիրառման հարցին, արձանագրել է, որ վճռաբեկության կարգով բողոքարկված վերաքննիչ դատարանի դատական ակտերը Վճռաբեկ դատարանը վերանայում է վճռաբեկ բողոքի սահմաններում, հետևաբար անձը չի կարող վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտը բողոքարկել Վճռաբեկ դատարան այն հիմքերով, որոնցով նա չի բողոքարկել վերաքննիչ դատարան (տե՛ս Գրիշա Գալստյանն ընդդեմ Մանվել Զոհրաբյանի թիվ ԵՄԴ/0090/02/10 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 04.03.2011 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Վարդգես Թադևոսյանից բռնագանձել 55.300 ՀՀ դրամ, որից 5.300 ՀՀ դրամը` որպես մատուցված ծառայությունների համար չվճարված գումար, 15.000 ՀՀ դրամը` որպես պայմանագրով նախատեսված տուգանքի գումար, իսկ 35.000 ՀՀ դրամը` որպես պայմանագրով նախատեսված տույժի գումար:
Դատարանի 20.04.2023 թվականի վճռով հայցն ամբողջությամբ բավարարվել է հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումը` հայցվորի փաստարկները համարելով Դատարանի պատճառաբանություն և Վարդգես Հակոբի Թադևոսյանից հօգուտ «Վիրուս Նետ» ՍՊԸ-ի բռնագանձել 55.300 (հիսունհինգ հազար երեք հարյուր) ՀՀ դրամ, որից 5.300 ՀՀ դրամը` որպես ծառայությունների մատուցման գումար, 15.000 ՀՀ դրամը` տուգանք, 35.000 ՀՀ դրամը` տույժի գումար:
Սույն գործում առկա` Վարդգես Թադևոսյան կողմից բերված վերաքննիչ բողոքի ուսումնասիրությունից հետևում է, որ վերջինս Դատարանի 20.04.2023 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել այն հիմքով, որ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածը, 777-րդ հոդվածի 1-ին մասը, 780-րդ հոդվածի 1-ին մասը և 438-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, 7-րդ, 8-րդ հոդվածներն ու 9-րդ հոդվածի 1-ին մասը (հատոր 1-ին, գ.թ. 39-44):
Վերաքննիչ դատարանը 28.09.2023 թվականի որոշմամբ մերժել է Վարդգես Թադևոսյանի վերաքննիչ բողոքը, և Դատարանի 20.04.2023 թվականի վճիռը թողել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ «(...) բողոք ներկայացրած անձը, ստանալով Դատարանի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և պարզեցված վարույթ կիրառելու մասին» 21.12.2022 թվականի որոշումը, որին ուղեկցվող կից գրությամբ, ի թիվս այլ դատավարական գործողությունների, տեղեկացվել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված` միջնորդություններ կամ այլ ապացույցներ ներկայացնելու ժամկետների մասին, մինչդեռ որոշումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում որևէ դիրքորոշում կամ առարկություն չի հայտնել սույն գործով, այդ թվում վերաքննիչ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ, ինչպես նաև վերաքննիչ բողոքում չի ներկայացրել հիմնավորումներ Դատարանում դիրքորոշում ներկայացնելու իրավունքից զրկված լինելու վերաբերյալ:
(...) Վերաքննիչ դատարանն ընդգծում է նաև, որ այն դեպքերում, երբ անձն իր դատավարական պարտականությունը չի կատարում առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ, իր դատավարական իրավունքներից չի օգտվում իր իսկ հայեցողությամբ, չպետք է նման պարտականությունը չիրականացնելու հետևանքը վկայակոչի որպես իր իրավունքի խախտում, ինչը հանգեցնում է բողոքարկման իրավունքի անբարեխիղճ իրականացման»:
Բողոք բերած անձը վիճարկել է այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի 21.12.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և պարզեցված վարույթ կիրառելու մասին» որոշումը պատասխանողին ուղարկվել է միայն 23.03.2023 թվականին, որը վերջինիս կողմից ստացվել է 27.03.2023 թվականին, իսկ մեկ ամիս չանցած` 20.04.2023 թվականին, Դատարանը վճիռ է կայացրել, ինչի արդյունքում էականորեն սահմանափակվել է պատասխանողի` մեկամսյա ժամկետում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված իրավունքներն իրացնելու հնարավորությունը:
Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունն ընդդեմ Վարդգես Թադևոսյանի` 55.300 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջով հայցադիմում է ներկայացրել Դատարան: Դատարանը, 21.12.2022 թվականին որոշում կայացնելով գործով ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու, գործով պարզեցված վարույթ կիրառելու և դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում 20.04.2023 թվականին հրապարակելու մասին, այն Դատարանի աշխատակազմի միջոցով համապատասխան գրությամբ, որով պատասխանող Վարդգես Թադևոսյանին գրավոր պարզաբանվել է Դատարանի որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին, պատվիրված նամակով պատասխանող Վարդգես Թադևոսյանին հայցադիմումում նշված հասցեով ուղարկելու նպատակով 23.03.2023 թվականին հանձնել է փոստային ծառայությանը: Թիվ ALO108690346AM հանձնման ծանուցագրի համաձայն` Դատարանի 21.12.2022 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և պարզեցված վարույթ կիրառելու մասին» որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը Վարդգես Թադևոսյանն ստացել է 27.03.2023 թվականին: Դատարանի 20.04.2023 թվականի ամսաթվով վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել է 21.04.2023 թվականին:
Վերը նշված դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով վճռաբեկ բողոքի միակ փաստարկին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում բողոք բերած անձի կողմից վկայակոչված հիմքը` Դատարանի 21.12.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և պարզեցված վարույթ կիրառելու մասին» որոշումն ուշացումով ստանալու հետևանքով դիրքորոշում ներկայացնելու իրավունքից զրկված լինելու վերաբերյալ, չի ներկայացվել վերաքննիչ բողոքում, և հետևաբար Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել նշված փաստարկին:
Վերոնշյալ հիմնավորմամբ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորումը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի այս փաստարկը չի կարող քննության առարկա դառնալ Վճռաբեկ դատարանում:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը` սույն որոշման պատճառաբանություններով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ բողոք բերած անձը վճարել է վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումարը, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, գտնում է, որ վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի բաշխման հարցը պետք է համարել լուծված:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ Վճռաբեկ դատարան պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ պետք է լուծված համարել նաև այդ հարցը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2023 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Գ. Հակոբյան
Զեկուցող` Է. Սեդրակյան
Ա. Աթաբեկյան
Ն. Հովսեփյան
Ս. Մեղրյան
Ա. Մկրտչյան
Վ. Քոչարյան
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի
կողմից թիվ ԱՎԴ/10588/02/22 քաղաքացիական գործով 29.09.2025 թվականին
կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
13.10.2025 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2025 թվականի սեպտեմբերի 29-ին գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Վիրուս Նետ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Վարդգես Թադևոսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2023 թվականի որոշման դեմ Վարդգես Թադևոսյանի բերած վճռաբեկ բողոքը, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը մերժել, և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2023 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ս. Մեղրյանս, Գ. Հակոբյանս և Ա. Աթաբեկյանս համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական ու եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
Սահմանադրության 61-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության:
Սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Թեև հավասարության և մրցակցության սկզբունքները հստակ ամրագրված չեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից Կոնվենցիայի 6-րդ հոդվածում նշված «արդարացի լսումներ» հասկացության մեկնաբանությունների արդյունքում ձևավորվել է նախադեպային իրավունք, որի համաձայն` լսումների արդարացիության տարրերից են դատավարության կողմերի հավասարությունը և մրցակցային դատավարությունը, որոնք սերտորեն կապված են միմյանց հետ: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջը համարելով դատավարության մրցակցության և հավասարության սկզբունքներ` Եվրոպական դատարանն իր վճիռներում հետևողականորեն բացահայտել է այդ սկզբունքների բովանդակությունը` արձանագրելով, որ «կողմերի հավասարությունը» նշանակում է, որ դատավարության յուրաքանչյուր կողմին պետք է ընձեռվի պատշաճ հնարավորություն ներկայացնելու իր գործը, ներառյալ` ապացույցները, այնպիսի պայմաններում, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ (տե՛ս օրինակ` Դոմբո Բեհիրն ընդդեմ Նիդերլանդների գանգատ թիվ 14448/88 գործով Եվրոպական դատարանի 27.10.1993 թվականի վճիռը, կետեր 30-35):
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը:
Սահմանադրության 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը: (...):
Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են:
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանների` բողոքարկման ենթակա դատական ակտերը, իսկ 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանում գործերի քննության կարգը, ինչպես նաև վերաքննության սահմանները սահմանվում են օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ, արձանագրել է, որ նշված նորմը կանխորոշում է դատական ակտը վերաքննության կարգով վերանայելու օբյեկտային սահմանը` նշելով, որ վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի դատական ակտը պարտավոր է վերանայել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակներում (բացառություն համարվող դեպքերը սահմանված են օրենքով), և միայն այն պահանջների մասով, որոնք առաջին ատյանի դատարանում քննվել և որոնց վերաբերյալ դատարանը դատական ակտ է կայացրել: Այսինքն` նախատեսված է առաջին ատյանի դատարանի դատական ակտը սահմանափակ` վերաքննիչ բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների և առաջին ատյանի դատարանի կողմից քննված պահանջի սահմաններում վերանայելու վերաքննիչ դատարանի պարտականությունը, ինչը ոչ լրիվ վերաքննության առանձնահատկություններից է: Վերաքննության օբյեկտային սահմանն առաջին ատյանի դատարանում իրականացված գործի քննության շրջանակով սահմանափակելով` օրենսդիրը նպատակ է ունեցել կանխելու վերաքննիչ դատարանի կողմից որպես առաջին ատյանի դատարան հանդես գալու հնարավորությունը, ապահովելու դատական ատյանների գործառութային տարբերությունն ու տրամաբանական բնույթը և երաշխավորելու գործին մասնակցող անձանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը: Հետևաբար վերաքննության փուլում չպետք է իրականացվեն դատական ակտի վերանայման օբյեկտային սահմաններից դուրս դատավարական գործողություններ և դրանցով պայմանավորված` կիրառվեն դատավարական ներգործության միջոցներ (տե՛ս ըստ «ՌԵՍՈ» ԱՓԲԸ-ի դիմումի թիվ ՏԴ/2886/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2023 թվականի որոշումը):
Հիմք ընդունելով վերաքննության սահմանների մասին նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներով` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ փաստել է, որ սահմանափակ վերաքննության պայմաններում վերաքննության փուլում`
1. վերանայման օբյեկտը պետք է լինի ստորադաս դատարանի կողմից կայացված և բողոքարկվող դատական ակտը, այլ ոչ` գործն ընդհանրապես.
2. բողոքարկվող դատական ակտը պետք է վերանայվի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում.
i
3. վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և դրանց հիմնավորումներին` քննարկման առարկա դարձնելով դրանցից յուրաքանչյուրը և կատարելով եզրահանգում դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ (տե՛ս Վարդանուշ Բեժանյանի, Շալիկո, Նառա և Նոնա Պարանյաններն ընդդեմ Վաչագան Հակոբյանի թիվ ԼԴ1/0188/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2020 թվականի որոշումը):
i
Վերահաստատելով վերաքննության սահմանների մասին նախկինում արտահայտած իր դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ վերաքննիչ բողոքը դրա հիմքերի և հիմնավորումների շրջանակում քննելու օրենսդրական կանոնը կոչված է բացառելու վերադաս դատական ատյանի կողմից բողոքում չնշված ու դատավարության մյուս մասնակիցների համար չբացահայտված հանգամանքներով վերաքննության սահմաններից դուրս գալու հնարավորությունը: Հակառակ դեպքում վերադաս դատարանը կիրականացնի գործի ըստ էության և լրիվ ծավալով քննություն, ինչն անհամատեղելի է մրցակցության սկզբունքի ու դրանից բխող` սահմանափակ վերանայման ինստիտուտի հետ (տե՛ս «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն ընդդեմ Մարտին Դիլանյանի ու մյուսների թիվ ՇԴ/5144/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2024 թվականի որոշումը):
Միաժամանակ անհրաժեշտ է արձանագրել, որ թեև օրենսդիրը սահմանել է վերաքննիչ բողոքը դրա հիմքերի և հիմնավորումների սահմաններում քննելու ու դրանցից յուրաքանչյուրին անդրադառնալու վերաքննիչ դատարանի պարտականությունը, այդուհանդերձ նախատեսել է նաև ընդհանուր այդ կանոնից որոշակի բացառություններ, որպիսին նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանափակումն է:
Անդրադառնալով վկայակոչված սահմանափակմանը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն պայմանավորված է ոչ լրիվ վերաքննության ինստիտուտի առանձնահատկություններով: Անհրաժեշտ է, որպեսզի վերաքննիչ բողոքում արտահայտած դիրքորոշումը վերաքննիչ բողոք բերած անձը հայտնած լինի նաև առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Այն դեպքում, երբ առաջին ատյանի դատական ակտը վերանայելիս վերաքննիչ դատարանը հայտնաբերում է, որ կողմը վերաքննիչ բողոքում նշված փաստարկի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում որևէ դիրքորոշում չի հայտնել և չի փաստարկել դրա հայտնելու անհնարինությունը, ապա վերաքննիչ դատարանն իրավասու չէ քննության առնելու նշված փաստարկի վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքն ու և հիմնավորումը: Միաժամանակ օրենսդիրը բացառություն է համարել այն դեպքը, երբ բողոք բերած անձն օբյեկտիվորեն զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, այսինքն` երբ խոչընդոտվել կամ սահմանափակվել է դատական պաշտպանության իրավունքի իրացումը (տե՛ս Ռուզաննա Ֆարմանյանն ընդդեմ Վարուժան Կարապետյանի թիվ ԵՄԴ/3698/02/15 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.01.2018 թվականի որոշումը):
i
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ոչ լրիվ վերաքննության պարագայում վերաքննիչ դատարանը վերանայում է առաջին ատյանի դատական ակտը, այլ ոչ թե գործն ընդհանրապես: Ըստ այդմ էլ, եթե ստորադաս դատարանը որևէ պահանջով վերջնական եզրահանգում չի կատարել, կամ կողմը վերաքննիչ բողոքում նշված փաստարկի վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել առաջին ատյանի դատարանում, ապա վերաքննության օբյեկտը բացակայում է (տե՛ս «Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ն ընդդեմ Արայիկ Մելքումյանի և մյուսների թիվ ԵԿԴ/2680/02/15 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշմամբ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասում գործածվող «բողոքարկվող հարց» արտահայտությանը և արձանագրել, որ վերաքննիչ բողոքում նշված հիմքը և դրա կապակցությամբ ներկայացված հիմնավորումը պայմանավորում են «բողոքարկվող հարցի» բովանդակությունը: Հետևաբար «բողոքարկվող հարցի» վերաբերյալ բողոք բերած անձի դիրքորոշումը չի կարող մեկնաբանվել առանց հաշվի առնելու այն հանգամանքը, թե վերաքննիչ բողոքն ինչ հիմքի (կամ հիմքերի) և հիմնավորումների սահմաններում է բերվել: Ընդ որում, յուրաքանչյուր գործով, ելնելով քաղաքացիական դատավարությունում գործող տնօրինչականության սկզբունքից, վերաքննիչ բողոք բերած անձն է որոշում ինչպես վերաքննիչ բողոքի հիմքերը (նյութական և (կամ) դատավարական իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ), այնպես էլ դրանց հիմնավորումները` պայմանավորելով նաև բողոքարկվող հարցի բովանդակությունը (տե՛ս Ռուզաննա Ֆարմանյանն ընդդեմ Վարուժան Կարապետյանի թիվ ԵՄԴ/3698/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.01.2018 թվականի որոշումը):
i
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը բացահայտել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով «դիրքորոշում» հասկացության բովանդակությունը` փաստելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է դատական սխալի` որպես վերաքննիչ բողոքի հիմքի հետևյալ դրսևորումները` նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում կամ սխալ կիրառում, այն է` դատարանը չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը: Վերոգրյալից բխում է, որ կիրառելի իրավունքի սխալ ընտրության վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկներն ուղղված են տվյալ դատական սխալի` որպես վերաքննիչ բողոքի հիմքի առկայությունը հիմնավորելուն: Ուստի, դրանք չեն հանդիսանում ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով «դիրքորոշում», որը կարող է արտահայտվել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ և կանխորոշված է դատավարության կողմերի իրավունքների և պարտականությունների ծավալով (տե՛ս Արմեն Եղիազարյանն ընդդեմ Հայրապետ Դավթյանի իրավահաջորդներ Հայկ, Վարդուհի և Մելսիդա Դավթյանների թիվ ԵԱՆԴ/1535/02/11 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 24.12.2021 թվականի որոշումը):
i
Հիմք ընդունելով վերոշարադրյալ դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ եթե վերաքննիչ բողոքում բողոք բերած անձը նշում է այն մասին, որ դատարանը չի կիրառել կամ սխալ է կիրառել և (կամ) մեկնաբանել իրավունքի որևէ նորմ, ապա այս դեպքում ոչ թե հայտնում է գործի լուծման համար նշանակություն ունեցող որևէ հարցի կապակցությամբ դիրքորոշում, այլ շարադրում է նյութական կամ դատավարական իրավունքի այն նորմերի խախտումների մասին հիմնավորումները, որոնք իր համոզմամբ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական ակտ կայացնելիս: Այդ դեպքում Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա պետք է դարձնի բողոքում վկայակոչված իրավունքի նորմի ճիշտ կիրառման և (կամ) մեկնաբանման հարցը` գնահատական տալով իրավունքի նորմը ստորադաս դատարանի կողմից ճիշտ մեկնաբանությամբ կամ գործի փաստերի նկատմամբ ճիշտ կիրառված լինելու հանգամանքին (տե՛ս ըստ «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի դիմումի թիվ ՍնԴ/0319/04/20 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.07.2023 թվականի որոշումը):
Վերոնշյալ դիրքորոշումների վերլուծության արդյունքում կարելի է եզրահանգել, որ վերաքննության առարկան, պայմանավորված ստորադաս դատարանի դատական ակտի օրինականության ստուգմամբ, կանխորոշված է վերաքննիչ բողոքում նշված և միաժամանակ ստորադաս դատարանում արտահայտված դիրքորոշումների կամ հարցերի կիրառելիության վերաբերյալ բողոք բերած անձի պնդումներով: Այնուհանդերձ, այդ սահմանափակումը կիրառելի չէ բոլոր այն դեպքերում, երբ բողոք բերած անձը ստորադաս դատարանին վերագրում է օրենքով նախատեսված իմպերատիվ պահանջների չպահպանվածության վերաբերյալ խախտում, քանի որ, ըստ էության, դատարանն օրինական դատական ակտի կայացման համար պարտավոր է հաշվի առնել և կիրառել վիճելի իրավահարաբերության կապակցությամբ առկա իմպերատիվ իրավական կարգավորումները: Նման մեկնաբանության պարագայում միայն կարող է իրացված համարվել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում ներդրված «դատարանը գիտի օրենքը» (jura novit curia) սկզբունքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` տուժանք (տուգանք, տույժ) է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը` պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում` ներառյալ կատարման կետանցի դեպքում: Տուժանք վճարելու պահանջով պարտատերը պարտավոր չէ ապացուցել, որ իրեն վնաս է պատճառվել:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 1-ին կետով սահմանված պայմանը խախտող համաձայնությունն առ ոչինչ է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (հոդված 438):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված` կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին):
Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից բխում է, որ ապահովելով պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման որոշելու սկզբունքի իրականացումը, օրենսդրական մակարդակով ամրագրվել է քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցների` ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր կնքելու և պայմանագրի պայմանները սահմանելու հնարավորություն` միաժամանակ հստակ բացառություն նախատեսելով այն դեպքերի համար, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով` իմպերատիվ նորմերով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 777-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով` կատարողը պարտավորվում է պատվիրատուի առաջադրանքով ծառայություններ մատուցել (կատարել որոշակի գործողություններ կամ իրականացնել որոշակի գործունեություն), իսկ պատվիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 780-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կատարելուց` կատարողի փաստացի կատարած ծախսերը վճարելու պայմանով:
Օրենսդրական նման իմպերատիվ կարգավորումից բխում է, որ օրենսդիրը պատվիրատուի համար նախատեսել է իրավունք` կատարողի փաստացի կատարած ծախսերը վճարելու պայմանով յուրաքանչյուր պահի հրաժարվել ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կատարելուց, որպիսի իրավունքից օգտվելը որևէ պարագայում չի կարող գնահատվել որպես ստանձնած պարտավորության խախտում` դրա չկատարում կամ անպատշաճ կատարում` առավել ևս առաջացնելով քաղաքացիաիրավական պատասխանատվություն տուժանքի (տուգանքի, տույժի) կիրառման ձևով: Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ որպես ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կատարելուց հրաժարվելու պատվիրատուի` օրենքով երաշխավորված իրավունքն իրացնելու հետևանք օրենսդիրը նախատեսել է բացառապես պայմանագրի կատարման ընթացքում կատարողի փաստացի կատարված և դատավարության ֆորմալ կանոնների պահպանմամբ ապացուցված ծախսերի հատուցման պարտականություն:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով` այն է` մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայությամբ, որը, սակայն, Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքով, հերքվել է սույն գործով կայացված որոշմամբ ներկայացված պատճառաբանություններով:
Բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չհամարելով Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, Վարդգես Թադևոսյանի վճռաբեկ բողոքը մերժել է և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2023 թվականի որոշումը թողել է օրինական ուժի մեջ:
Հաշվի առնելով վերոգրյալը` անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին` պարզելու համար` արդյո՞ք վճռաբեկ բողոքում նշված հիմքերը և հիմնավորումները չէին կարող բավարար հիմք հանդիսանալ բողոքի քննության արդյունքով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2023 թվականի որոշումը բեկանելու եզրահանգման գալու համար:
Սույն գործով Վարդգես Թադևոսյանը 24.05.2023 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքում, ի թիվս այլնի, Դատարանին վերագրել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ, 438-րդ, 777-րդ և 780-րդ հոդվածների խախտումներ, պատճառաբանելով, որ պայմանագրով նախատեսված տույժեր և տուգանքներ վճարելու պայմանը հակասում է օրենքով նախատեսված իմպերատիվ պայմաններին և, հաշվի առնելով անհամաչափությունը, չի կարող վավեր պայման համարվել:
Վերաքննիչ դատարանը 28.09.2023 թվականի որոշմամբ մերժել է Վարդգես Թադևոսյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի 20.04.2023 թվականի վճիռը թողել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ «(...) բողոք ներկայացրած անձը, ստանալով Դատարանի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և պարզեցված վարույթ կիրառելու մասին» 21.12.2022 թվականի որոշումը, որին ուղեկցվող կից գրությամբ, ի թիվս այլ դատավարական գործողությունների, տեղեկացվել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված` միջնորդություններ կամ այլ ապացույցներ ներկայացնելու ժամկետների մասին, մինչդեռ որոշումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում որևէ դիրքորոշում կամ առարկություն չի հայտնել սույն գործով, այդ թվում վերաքննիչ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ, ինչպես նաև վերաքննիչ բողոքում չի ներկայացրել հիմնավորումներ Դատարանում դիրքորոշում ներկայացնելու իրավունքից զրկված լինելու վերաբերյալ:
(...) Վերաքննիչ դատարանն ընդգծում է նաև, որ այն դեպքերում, երբ անձն իր դատավարական պարտականությունը չի կատարում առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ, իր դատավարական իրավունքներից չի օգտվում իր իսկ հայեցողությամբ, չպետք է նման պարտականությունը չիրականացնելու հետևանքը վկայակոչի որպես իր իրավունքի խախտում, ինչը հանգեցնում է բողոքարկման իրավունքի անբարեխիղճ իրականացման»:
Իր հերթին Վճռաբեկ դատարանը սույն գործով կայացված որոշմամբ արձանագրել է, որ «Բողոք բերած անձը վիճարկել է այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի 21.12.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և պարզեցված վարույթ կիրառելու մասին» որոշումը պատասխանողին ուղարկվել է միայն 23.03.2023 թվականին, որը վերջինիս կողմից ստացվել է 27.03.2023 թվականին, իսկ մեկ ամիս չանցած` 20.04.2023 թվականին, Դատարանը վճիռ է կայացրել, ինչի արդյունքում էականորեն սահմանափակվել է պատասխանողի` մեկամսյա ժամկետում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված իրավունքներն իրացնելու հնարավորությունը: (...):
Վերը նշված դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով վճռաբեկ բողոքի միակ փաստարկին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում բողոք բերած անձի կողմից վկայակոչված հիմքը` Դատարանի 21.12.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և պարզեցված վարույթ կիրառելու մասին» որոշումն ուշացումով ստանալու հետևանքով դիրքորոշում ներկայացնելու իրավունքից զրկված լինելու վերաբերյալ, չի ներկայացվել վերաքննիչ բողոքում, և հետևաբար Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել նշված փաստարկին:
Վերոնշյալ հիմնավորմամբ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորումը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի այս փաստարկը չի կարող քննության առարկա դառնալ Վճռաբեկ դատարանում»:
Կարծում ենք, որ վերը նշվածը չէր կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի 28.09.2024 թվականի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու համար հետևյալ պատճառաբանությամբ:
Նախ անհրաժեշտ ենք համարում նշել է, որ Վարդգես Թադևոսյանը ներկայացված վճռաբեկ բողոքում Վերաքննիչ դատարանին վերագրում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի խախտում, պատճառաբանելով, որ «Բողոքաբերը վերոգրյալ իրավանորմերի և ՀՀ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների հիման վրա անդրադառնալով սույն գործով ներկայացված վերաքննիչ բողոքին` հստակորեն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված օրենսդրական սահմանափակումը կիրառելի չէ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքի հիմնավորումները վերաբերում են վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավունքը որոշելու հետ կապված ենթադրյալ թույլ տրված դատավարական կամ նյութական իրավունքի նորմի խախտմանը, ինչն առկա է տվյալ դեպքում:
Մասնավորապես սույն գործով Բողոքաբերի ներկայացրած վերաքննիչ բողոքով չի վիճարկվել Հայցվորի ներկայացրած փաստերը և որևէ նոր փաստ չի ներկայացվել, այլ վիճարկվել է Դատարանի կողմից վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմը չկիրառելու հանգամանքը, մասնավորապես վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկները վերաբերում են Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածով, 777-րդ հոդվածի 1-ին մասով, 780-րդ հոդվածի 1-ին մասով, 438-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված նորմերի խախտումներին և արդյունքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 780-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված իրավանորմը սույն գործի փաստերի նկատմամբ չկիրառելուն, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասով, 7-րդ, 8-րդ հոդվածներով և 9-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված նորմերի խախտմանը:
Բացի այդ ակնհայտ է նաև, որ վերոգրյալի վերաբերյալ Բողոքաբերը կարող էր դիրքորոշում արտահայտել բացառապես վճռի կայացումից հետո` վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու շրջանակներում»:
Նման պայմաններում, հաշվի առնելով վերը վկայակոչված իրավական դիրքորոշումները, պետք է արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը 28.09.2024 թվականի բողոքարկվող որոշմամբ պարտավոր էր անդրադառնալ առնվազն վերաքննիչ բողոքի այն հիմքերին և հիմնավորումներին, որոնք վերաբերում են վեճն ըստ էության լուծելիս Դատարանի կողմից թույլ տրված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի, 438-րդ հոդվածի 1-ին կետի և 780-րդ հոդվածի 1-ին կետի խախտումներին, քանի որ նշված հարցերը, հաշվի առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված վերոնշյալ իրավական դիրքորոշումները, մեր գնահատմամբ, չեն հանդիսանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով «դիրքորոշում», որը կողմը պետք է արտահայտած լիներ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ, քանի որ վերաքննիչ բողոք բերած անձը Դատարանին վերագրել է օրենքով նախատեսված այնպիսի իմպերատիվ պահանջների չպահպանվածության վերաբերյալ խախտում, որոնք Դատարանը պարտավոր է հաշվի առնել և կիրառել վիճելի իրավահարաբերության նկատմամբ` չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով և դիրքորոշումներով (ընդ որում` անկախ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվելու հանգամանքից):
Ամփոփելով վերոգրյալը` գտնում ենք, որ բողոք բերած անձի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի խախտման վերաբերյալ պնդումները հիմնավոր են և հիմք են հանդիսանում դատական ակտի բեկանման համար, քանի որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Միաժամանակ հաշվի առնելով, որ թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասի խախտում, ինչի արդյունքում վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ քննություն չի իրականացվել, գտնում ենք, որ սույն դեպքում Վճռաբեկ դատարանը պետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված լիազորությունը, որպիսի պարագայում միայն կապահովվեր Վազգեն Թադևոսյանի արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր հանդիսացող բողոքարկման իրավունքի պատշաճ իրականացումը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` հայտնում ենք սույն հատուկ կարծիքը Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ:
Դատավորներ` Ս. Մեղրյան
Գ. Հակոբյան
Ա. Աթաբեկյան
https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=27303072741129846