ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
 
    Տնտեսական դատարանի վճիռ               Քաղաքացիական գործ թիվ 3-464 (ՏԴ)
    Քաղաքացիական գործ թիվ Տ-1301/2007 թ.                         2008 թ.
Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան
 
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
 
                   նախագահությամբ`            Ա. Մկրտումյանի
                   մասնակցությամբ դատավորներ` Վ. Աբելյանի   
                                              Ս. Սարգսյանի 
                                              Դ. Ավետիսյանի
                                              Հ. Ղուկասյանի
                                              Ս. Օհանյանի  
                                                           
2008 թվականի սեպտեմբերի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Հրաչյա Բագրատյանի վճռաբեկ բողոքը Տնտեսական դատարանի 10.05.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Մուշեղ Շահինյանի ընդդեմ Արսեն Հարությունյանի և Հրաչյա Բագրատյանի` 01.12.2003 թվականին կնքված «Փյունիկ ՏԹՖ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրերի նկատմամբ առոչինչ գործարքների անվավերության հետևանքները կիրառելու պահանջի մասին,
 
ՊԱՐԶԵՑ
 
1. Գործի դատավարական նախապատմությունը.
 
Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել իր և Հ. Բագրատյանի միջև 01.12.2003 թվականին կնքված «Փյունիկ ՏԹՖ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի, ինչպես նաև իր և Ա. Հարությունյանի միջև 01.12.2003 թվականին կնքված «Փյունիկ ՏԹՖ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի նկատմամբ կիրառել անվավերության հետևանքներ` վերադարձնելով «Փյունիկ ՏԹՖ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը:
Տնտեսական դատարանի (այսուհետ` Դատարան) 10.05.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հրաչյա Բագրատյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
 
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
 
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
            i 
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ և 124-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Հրաչյա Բագրատյանը պատշաճ ձևով չի ծանուցվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Մասնավորապես, դատարանը Հրաչյա Բագրատյանի պատշաճ ծանուցված լինելու հանգամանքը հաստատված է համարել` հիմք ընդունելով օրենքով սահմանված կարգով չհաստատված լիազորագիրը և հաշվի չառնելով լիազորված անձի հայտարարությունը լիազորագրի չգործելու մասին:
            i 
2) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 312-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Սույն քաղաքացիական գործով դատարանը առոչինչ է ճանաչել վեճի առարկա գործարքը` կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 312-րդ հոդվածը, որը գործարքը առոչինչ ճանաչելու հիմքեր չի նախատեսում: Վերջինս կիրառելի է միայն վիճահարույց գործարքների նկատմամբ:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 10.05.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության կամ այն փոփոխել:
 
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
 
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) 10.05.2007 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Հրաչյա Բագրատյանին պատշաճ ձևով ծանուցված լինելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ: Դատարանը գործը քննել է վերջինիս բացակայությամբ:
2) Սույն քաղաքացիական գործում բացակայում է Դատարանի 10.05.2007 թվականի վճիռը Հրաչյա Բագրատյանին ուղարկելու մասին որևէ ապացույց:
 
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
 
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով): Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:
Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Հրաչյա Բագրատյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է նրա բացակայությամբ ու վճիռ կայացրել:
            i 
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տե՛ս Շենգավիթի թաղապետարան ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոներ, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյաններ, 21.12.2006 թ., քաղաքացիական գործ թիվ 3-2236/Ա (բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջով) Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր առաջին, էջ 473-476):
Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:
            i 
Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ մասի խախտման` վճռաբեկ բողոքի հիմքը: Ըստ վերոհիշյալ հոդվածի` գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան:
Մինչդեռ, բողոքարկվող վճիռը բողոք բերած անձանց պատշաճ ձևով ուղարկելու մասին որևէ ապացույց գործում առկա չէ:
2) Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ Դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել բողոք բերած անձի իրավունքների խախտմամբ, որի հետևանքով բողոք բերած անձի իրավական հիմնավորումները չեն հանդիսացել ստորադաս դատարանի քննության առարկա, հետևաբար, դրանք չեն քննարկվում Վճռաբեկ դատարանի կողմից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Դատարանի վճիռը բեկանելու համար:
            i 
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
 
ՈՐՈՇԵՑ
 
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Տնտեսական դատարանի 10.05.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի քաղաքացիական դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
 
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Վ. Աբելյան
Ս. Սարգսյան
Հ. Ղուկասյան
Դ. Ավետիսյան
Ս. Օհանյան