ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հունիսի 2024 թվականի N 931-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի սեպտեմբերի 13-ի ՀՕ-276-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում հաշմանդամության գնահատման առանձնահատկությունները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. հունիսի 20
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2024 թվականի հունիսի 20-ի
N 931-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջազգային պայմանագրերի շրջանակում հաշմանդամության գնահատման առանձնահատկությունները:
2. Միջազգային պայմանագրի անդամ պետությունում բնակվող` միջազգային պայմանագրի անդամ պետության քաղաքացուն և (կամ) նրա ընտանիքի անդամին (այսուհետ` շահառու) հաշմանդամություն սահմանում է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինը (այսուհետ` անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինը)` փորձաքննությամբ:
3. Հաշմանդամության սահմանման համար անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում` բժշկական փաստաթղթերը (լուսապատճենները), տվյալ միջազգային պայմանագրով և դրանից բխող իրավական ակտերով սահմանված փաստաթղթերը, անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնին ուղարկում է միջազգային պայմանագրի` տվյալ միջազգային պայմանագրի իմաստով Հայաստանի Հանրապետության լիազոր (իրավասու) մարմին համարվող պետական մարմինը (այսուհետ` միջազգային պայմանագրի իրավասու պետական մարմին):
4. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինը սույն հավելվածի 3-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո սքանավորում է փաստաթղթերը և կցում կամ մուտքագրում է էլեկտրոնային համակարգ, հարուցում է վարչական վարույթ և փաստաթղթերի ուսումնասիրությամբ (հեռակա) 30 օրվա ընթացքում ընդունում է փորձաքննական որոշում (վարչական ակտ)` համաձայն սույն հավելվածի N 1 ձևի և N 2 ձևի, շահառուին հաշմանդամության խմբեր` 1-ին, 2-րդ և 3-րդ խումբ սահմանելու կամ մերժելու վերաբերյալ, բացառությամբ սույն հավելվածի 5-րդ և 6-րդ կետերի: Վարչական ակտի (որոշման) քաղվածքը 3 աշխատանքային օրվա ընթացքում անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինն ուղարկում է միջազգային պայմանագրի իրավասու պետական մարմնին:
5. Շահառուին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին որոշում ընդունելու համար լրացուցիչ բժշկական փաստաթղթերի պահանջի առաջացման դեպքում այդ մասին անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինը գրավոր գրություն է ուղարկում միջազգային պայմանագրի իրավասու պետական մարմնին` նշելով ստացման ենթակա լրացուցիչ բժշկական փաստաթղթերի (բժշկական հետազոտությունների) ցանկը:
6. Լրացուցիչ անհրաժեշտ բժշկական փաստաթղթերն ստանալուց հետո անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինն ընդունում է փորձաքննական որոշում (վարչական ակտ)` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի համաձայն: Հաշմանդամության սահմանման սկիզբ է հանդիսանում անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու մարմնին սույն հավելվածի 3-րդ կետում նշված փաստաթղթերը փոխանցելու օրը:
7. Անձի հաշմանդամության սահմանման վարչական վարույթի ժամկետները երկարաձգելը, վարույթը կասեցնելը, կարճելը, ընդունված որոշումները բողոքարկելը իրականացվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:
8. Սույն հավելվածի 3-6-րդ կետերում նշված փաստաթղթերն անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու և միջազգային պայմանագրի իրավասու պետական մարմինների միջև փոխանակվում են գրավոր և միջազգային պայմանագրով սահմանված նամակագրության լեզվով:
9. Հաշմանդամության խմբերի սահմանման չափորոշիչներն են անձի օրգանիզմի հիմնական ֆունկցիաների խանգարումները և կենսագործունեության սահմանափակումները:
10. Հաշմանդամության պատճառական կապերը սահմանվում են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն:
11. Բացառությամբ սույն հավելվածի 12-րդ կետում նշված դեպքերի` 1-ին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով:
i
12. Կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1177-Ն որոշման հավելվածի 5-րդ գլխով սահմանված` վերականգնման հեռանկարի բացակայության կանխատեսումով դեպքերում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ:
2. ԱՆՁԻ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ
13. Անձի օրգանիզմի հիմնական ֆունկցիաների խանգարումները դասակարգվում են`
1) հոգեկան ֆունկցիաների խանգարում` ընկալման, հիշողության, մտածողության, ինտելեկտի, բարձրագույն կեղևային ֆունկցիաների, հույզերի, կամքի, գիտակցության և առույգության, վարքի, հոգեշարժական ֆունկցիաների խանգարումներ.
2) լեզվական և խոսքի խանգարումներ` հոգեկան խանգարումներով չպայմանավորված գրավոր և բանավոր, բերանացի ու ոչ բերանացի խոսքի խանգարումներ, ձայնագոյացման և խոսքի ձևի խանգարումներ` կակազում, դիզարթրիա և այլն.
3) զգայական ֆունկցիաների խանգարում` տեսողության, լսողության, հոտառության, շոշափելիքի, վեստիբուլյար ֆունկցիաների, հպման, ցավային, ջերմային ու այլ տեսակի զգացողությունների խանգարումներ և ցավային համախտանիշ.
4) հենաշարժական ֆունկցիաների խանգարումներ` գլխի, մարմնի, վերջույթների շարժողական ֆունկցիաների, կանգուն կեցվածքի, շարժումների կոորդինացիայի խանգարումներ.
5) ընդերային և նյութափոխանակության խանգարումներ` սնուցման խանգարում (արյան շրջանառության, շնչառության, մարսողության, արտազատման, արյունաստեղծման, էներգիայի և նյութափոխանակության, ներզատիչ գեղձերի, իմունիտետի խանգարումներ).
6) ձևախեղումներ` դեմքի, գլխի, մարմնի, վերջույթների կառուցվածքային դեֆորմացիա, արտահայտված արտաքին ձևախեղում, մարսողական, միզարձակման, շնչառական ուղիների ոչ նորմալ բացվածքներ, մարմնի չափսերի խանգարումներ` գիգանտիզմ, գաճաճություն, կախեքսիա, գերգիրություն:
3. ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
14. Կենսագործունեության հիմնական տեսակները դասակարգվում են`
1) ինքնասպասարկման ապահովման ունակություն` հիմնական ֆիզիոլոգիական պահանջմունքներն ինքնուրույն բավարարելու, ամենօրյա կենցաղային գործունեություն և անձնական հիգիենա իրականացնելու ունակություն (տարիքային նորմերին համապատասխան).
2) տեղաշարժվելու կարողություն` կենցաղային, հասարակական և մասնագիտական գործունեության իրականացման շրջանակներում տարածության մեջ ինքնուրույն տեղափոխվելու, խոչընդոտներ հաղթահարելու, քայլելու, վազելու, տեղաշարժվելու, մարմնի հավասարակշռությունը պահելու կարողություն.
3) ուսումնառության կարողություն` հանրակրթական, մասնագիտական և այլ գիտելիքների ընկալման ու վերարտադրության, սոցիալական, մշակութային, կենցաղային հմտությունների և ունակությունների տիրապետման կարողություն` հետագայում աշխատանքային գործունեությանը մասնակցելու համար (տարիքային նորմերին համապատասխան).
4) աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն` աշխատանքի բովանդակության, ծավալի և կատարման պայմանների պահանջներին համապատասխան գործունեության իրականացման կարողություն.
5) կողմնորոշվելու կարողություն` ժամանակի և տարածության մեջ կողմնորոշվելու կարողություն (տարիքային նորմերին համապատասխան).
6) հաղորդակցվելու կարողություն` տեղեկատվության ընկալման, վերամշակման և փոխանցման միջոցով մարդկանց միջև կապ հաստատելու ունակություն (տարիքային նորմերին համապատասխան).
7) սեփական վարքը հսկելու կարողություն` բարոյաէթիկական և սոցիալ-իրավական նորմերից ելնելով ինքնաճանաչման և համապատասխան վարքի դրսևորման կարողություն (տարիքային նորմերին համապատասխան).
8) խաղալու կարողություն` խաղի ընդունակություն, որի շնորհիվ ի հայտ է գալիս արտաքին աշխարհի հետ երեխայի հաղորդակցվելու կարիքը, ձևավորվում և զարգանում են ինտելեկտուալ, ֆիզիկական, բարոյական ու կամային հատկանիշներ, աշխատանքային և այլ ունակությունների տարրեր (տարիքային նորմերին համապատասխան):
4. ՕՐԳԱՆԻԶՄԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ
15. Օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումները բնութագրող տարբեր որակական և քանակական ցուցանիշների համալիր գնահատումը նախատեսում է առավելապես խանգարման չորս աստիճան`
1) 1-ին աստիճան` ֆունկցիայի թեթև աստիճանի խանգարումներ.
2) 2-րդ աստիճան` ֆունկցիայի միջին աստիճանի խանգարումներ.
3) 3-րդ աստիճան` ֆունկցիայի ծանր աստիճանի խանգարումներ.
4) 4-րդ աստիճան` ֆունկցիայի խոր աստիճանի խանգարումներ:
5. ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ
16. Ինքնասպասարկման ապահովման ունակության սահմանափակումներն են`
1) 1-ին աստիճան` օժանդակ միջոցների օգտագործմամբ ինքնասպասարկման ապահովման ունակություն (տարիքային նորմերին համապատասխան).
2) 2-րդ աստիճան` օժանդակ միջոցների օգտագործմամբ և այլ անձանց մասնակի օգնությամբ ինքնասպասարկման ապահովման ունակություն (տարիքային նորմերին համապատասխան).
3) 3-րդ աստիճան` ինքնասպասարկման ապահովման ունակության անկարողություն և այլ անձանցից լիակատար կախվածություն (տարիքային նորմերին համապատասխան):
17. Տեղաշարժվելու կարողության սահմանափակումներն են`
1) 1-ին աստիճան` ինքնուրույն տեղաշարժվելու կարողություն` առավել երկարատև ժամանակի ծախսումով, ընդհատումներով և տարածության կրճատմամբ, օժանդակ միջոցների օգտագործմամբ.
2) 2-րդ աստիճան` ինքնուրույն տեղաշարժվելու կարողություն` օժանդակ միջոցների օգտագործմամբ և այլ անձանց մասնակի օգնությամբ.
3) 3-րդ աստիճան` ինքնուրույն տեղաշարժվելու անկարողություն և այլ անձանցից լիակատար կախվածություն:
18. Ուսումնառության կարողության սահմանափակումներն են`
1) 1-ին աստիճան` նախադպրոցական, տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական կրթության ձևերի ուսումնական հաստատություններում ուսուցման գործընթացի հատուկ կանոնակարգի պայմաններում կամ օժանդակ միջոցների օգտագործմամբ ուսումնառության կարողություն.
2) 2-րդ աստիճան` միայն հատուկ ուսումնական հաստատություններում կամ հատուկ ծրագրերով օժանդակ միջոցների օգտագործմամբ կամ այլ անձանց օգնությամբ (բացի ուսուցանող անձնակազմից) ուսումնառության կարողություն.
3) 3-րդ աստիճան` ուսումնառության անկարողություն:
19. Աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակումներն են`
1) 1-ին աստիճան` սովորական աշխատանքային պայմաններում որակավորման իջեցման կամ արտադրական գործունեության ծավալի նվազեցմամբ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն, սեփական մասնագիտությամբ աշխատանք կատարելու անհնարինություն.
2) 2-րդ աստիճան` հատուկ ստեղծված պայմաններում օժանդակ միջոցների կամ հատուկ սարքավորված աշխատատեղերի օգտագործմամբ, այլ անձանց օգնությամբ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն.
3) 3-րդ աստիճան` աշխատանքային գործունեությամբ զբաղվելու անկարողություն, անհնարինություն կամ հակացուցվածություն:
20. Կողմնորոշվելու կարողության սահմանափակումներն են`
1) 1-ին աստիճան` օժանդակ միջոցների օգտագործման պայմաններում կողմնորոշվելու կարողություն.
2) 2-րդ աստիճան` այլ անձանց օգնությամբ կողմնորոշվելու կարողություն.
3) 3-րդ աստիճան` կողմնորոշվելու անկարողություն:
21. Հաղորդակցվելու կարողության սահմանափակումներն են`
1) 1-ին աստիճան` տեղեկատվության ստացման, յուրացման և հաղորդման արագության դանդաղեցմամբ, ծավալի փոքրացմամբ, օժանդակ միջոցների օգտագործմամբ հաղորդակցվելու կարողություն.
2) 2-րդ աստիճան` օժանդակ միջոցների և այլ անձանց օգնությամբ հաղորդակցվելու կարողություն.
3) 3-րդ աստիճան` հաղորդակցվելու անկարողություն:
22. Սեփական վարքը հսկելու կարողության սահմանափակումներն են`
1) 1-ին աստիճան` սեփական վարքն ինքնուրույն հսկելու կարողության ժամանակավոր, պարբերական նվազում.
2) 2-րդ աստիճան` սեփական վարքը հսկելու կարողության մշտական մասնակի նվազում, որը պայմանավորում է կողմնակի անձանց կողմից օգնության անհրաժեշտությունը.
3) 3-րդ աստիճան` սեփական վարքը հսկելու լիովին անկարողություն և կողմնակի հսկողության անհրաժեշտություն:
23. Խաղալու կարողության սահմանափակումներն են`
1) 1-ին աստիճան` խաղին ինքնուրույն մասնակցության դժվարություններ` ավելի երկարատև ժամանակի ծախսում` ընդհատումներով, ծավալի կրճատմամբ (տարիքային նորմերին համապատասխան).
2) 2-րդ աստիճան` օժանդակ միջոցների օգտագործմամբ և (կամ) այլ անձանց օգնությամբ խաղալու կարողություն (տարիքային նորմերին համապատասխան).
3) 3-րդ աստիճան` խաղալու անկարողություն (տարիքային նորմերին համապատասխան):
24. Կենսագործունեության առանձին տեսակների սահմանափակումների աստիճանը կարող է մեծանալ օրգանիզմի տարբեր ֆունկցիաների խանգարմանը զուգահեռ, եթե դրանք մեկը մյուսին ծանրացնում կամ խորացնում են, հատկապես, իրենց փոխհատուցման անհնարինության դեպքում:
25. Անբարենպաստ կամ կասկածելի (անբարենպաստ հակումով) կլինիկական և վերականգնողական կանխատեսումների առկայությունը (անգամ օրգանիզմի ժամանակավոր պահպանված ֆունկցիաների ու կենսագործունեության վիճակի դեպքում) հիմք է հանդիսանում հաշմանդամության որոշման կամ դրա ծանրության աստիճանի գնահատման փոփոխման համար:
6. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԽՄԲՈՐՈՇՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
26. Հաշմանդամության 1-ին խմբի որոշման չափանիշը սոցիալական պաշտպանություն կամ օգնություն պահանջող սոցիալական անբավարարությունն է, որը հետևանք է հիվանդություններով, վնասվածքների հետևանքներով կամ արատներով պայմանավորված` օրգանիզմի ֆունկցիաների կայուն, խիստ արտահայտված խանգարումով առողջության խաթարման, որը հանգեցնում է կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի սահմանափակման կամ դրանց զուգորդման`
1) ինքնասպասարկման ապահովման 3-րդ աստիճանի ունակություն.
2) տեղաշարժվելու 3-րդ աստիճանի կարողություն.
3) կողմնորոշվելու 3-րդ աստիճանի կարողություն.
4) հաղորդակցվելու 3-րդ աստիճանի կարողություն.
5) սեփական վարքը հսկելու 3-րդ աստիճանի կարողություն.
6) խաղալու 3-րդ աստիճանի կարողություն` երեխաների դեպքում:
27. Հաշմանդամության 2-րդ խմբի որոշման չափանիշը սոցիալական պաշտպանություն կամ օգնություն պահանջող սոցիալական անբավարարությունն է, որը հետևանք է հիվանդություններով, վնասվածքների հետևանքներով կամ արատներով պայմանավորված` օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված խանգարմամբ առողջության խաթարման, որոնք հանգեցնում են կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի սահմանափակման կամ դրանց զուգորդման`
1) ինքնասպասարկման ապահովման 2-րդ աստիճանի ունակություն.
2) տեղաշարժվելու 2-րդ աստիճանի կարողություն.
3) աշխատանքային գործունեությամբ զբաղվելու 3-րդ և 2-րդ աստիճանների կարողություն.
4) ուսումնառության 3-րդ և 2-րդ աստիճանների կարողություն.
5) կողմնորոշվելու 2-րդ աստիճանի կարողություն.
6) հաղորդակցվելու 2-րդ աստիճանի կարողություն.
7) սեփական վարքը հսկելու 2-րդ աստիճանի կարողություն.
8) խաղալու 2-րդ աստիճանի կարողություն` երեխաների դեպքում:
28. Ուսումնառության 2-րդ և 3-րդ աստիճանների կարողության սահմանափակումները կարող են հաշմանդամության 2-րդ խմբի որոշման համար հիմք հանդիսանալ կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների սահմանափակման զուգակցման դեպքում` բացառությամբ սովորողների, որոնց մոտ ուսումնառության միայն 2-րդ և 3-րդ աստիճանների կարողության սահմանափակումները կարող են պայմանավորել հաշմանդամության 2-րդ խմբի որոշման անհրաժեշտությունը:
29. Հաշմանդամության 3-րդ խմբի որոշման չափանիշը սոցիալական պաշտպանություն կամ օգնություն պահանջող սոցիալական անբավարարությունն է, որը հետևանք է հիվանդություններով, վնասվածքների հետևանքներով կամ արատներով պայմանավորված` օրգանիզմի ֆունկցիաների կայուն չափավոր արտահայտված խանգարումով առողջության խաթարման, որոնք հանգեցնում են կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի սահմանափակման կամ դրանց զուգորդման`
1) ինքնասպասարկման ապահովման 1-ին աստիճանի ունակություն.
2) տեղաշարժվելու 1-ին աստիճանի կարողություն.
3) աշխատանքային գործունեությամբ զբաղվելու 1-ին աստիճանի կարողություն.
4) ուսումնառության 1-ին աստիճանի կարողություն.
5) կողմնորոշվելու 1-ին աստիճանի կարողություն.
6) հաղորդակցվելու 1-ին աստիճանի կարողություն.
7) սեփական վարքը հսկելու 1-ին աստիճանի կարողություն.
8) խաղալու 1-ին աստիճանի կարողություն` երեխաների դեպքում:
30. Հաղորդակցվելու կամ ուսումնառության կարողությունների սահմանափակումը կարող է հաշմանդամության 3-րդ խմբի որոշման համար հիմք հանդիսանալ առավելապես կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների սահմանափակումների զուգակցման դեպքում:
Ձև N 1
______________________________________________________________________
Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի
անվանումը
ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ N ___________
______________________________________________________________________
(հաշմանդամություն ունեցող անձի անունը, հայրանունը, ազգանունը)
Հանրային ծառայությունների համարանիշը __________________
Ծննդյան ամսաթիվը` _________ _______________ ________________
օր ամիս տարեթիվ
Սեռը` արական [], իգական []
Հասցեն և հեռախոսահամարը
______________________________________________________________________
Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, ում կողմից է տրված
______________________________________________________________________
Փորձաքննությունը կատարվել է /_____________ 20 թ./______________ 20 թ.
(սկիզբ) (ավարտ)
Փորձաքննությունը _____________________________________________________
(առաջնակի, վերափորձաքննություն)
Հաշմանդամության
շարժը ________________________________________________________________
(գրել նախկին որոշումը)
Հաշմանդամության խումբը (գրել նաև տառերով) ______________ 1-ին
_________________ 2-րդ
_________________________ 3-րդ
Հաշմանդամության պատճառը ______________________________________________
Աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության
սահմանափակում _____________________ աստիճանի
Հաշմանդամությունը սահմանվել է մինչև /__ / _____________20 թ.
Վերափորձաքննության ժամկետն է /__ / _____________20 թ.
Վարչական ակտերի գրանցամատյանում հերթական համարը ____________
ԱՖԳ և ԱՄ վարչության պատասխանատու / _____________ / ________________ /
(վերագնահատման ապահովման բաժնի պետ) (ազգանուն) (ստորագրություն)
_____________________ __________________
(ազգանուն) (ստորագրություն)
/_____ / ___________ 20 թ.
Կ.Տ.
Ծանուցում. վարչական բողոքը կարող է բերվել վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ձև N 2
______________________________________________________________________
Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի
անվանումը
ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ N ___________
Տրվում է
քաղաքացի _____________________________________________________________
Ծննդյան ամսաթիվը ________ _________________ _______ թ.
Հասցեն _______________________________________________________________
Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, ում կողմից է տրված
Դուք փորձաքննության արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ չեք ճանաչվել:
ԱՖԳ և ԱՄ վարչության պատասխանատու ____________ ________________
(վերագնահատման ապահովման բաժնի պետ) (ազգանուն) (ստորագրություն)
_____________________ _________________
(անուն, ազգանուն) (ստորագրություն)
_____ ______ ________ 20 թ.
Կ.Տ.
Ծանուցում. վարչական բողոքը կարող է բերվել վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Պաշտոնական հրապարակման օրը` 20 հունիսի 2024 թվական: