ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԱՎԴ3/0563/02/20
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ3/0563/02/20 2025 թ.
Նախագահող դատավոր` Ա. Խառատյան
Դատավորներ` Մ. Հարթենյան
Լ. Գրիգորյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող` Գ. Հակոբյան
զեկուցող` Է. Սեդրակյան
Ա. Աթաբեկյան
Ն. Հովսեփյան
Ս. Մեղրյան
Ա. Մկրտչյան
Վ. Քոչարյան
2025 թվականի օգոստոսի 25-ին
գրավոր ընթացակարգով քննելով Վարդան Մարկոսյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.01.2022 թվականի որոշման դեմ` ըստ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության (այսուհետ` Ծառայություն) հայցի ընդդեմ Վարդան Մարկոսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի` գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ծառայությունը պահանջել է Վարդան Մարկոսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 2019 թվականի հուլիս ամսից մինչև 2019 թվականի դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածի համար փոխհատուցված 510.000 ՀՀ դրամը և 2020 թվականի հունվար ամսից մինչև մարտ ամիսն ընկած ժամանակահատվածի համար փոխհատուցված 170.000 ՀՀ դրամը` որպես բնակելի տարածության վարձակալության դիմաց փոխհատուցված, անհիմն ձեռք բերած կամ խնայած գույք (անհիմն հարստացում):
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 09.09.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.01.2022 թվականի որոշմամբ Վարդան Մարկոսյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.09.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Մարկոսյանը (ներկայացուցիչ Վարդևան Պետրոսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ Մարինա Հայրապետյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է Կառավարության 22.11.2018 թվականի «Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածության վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին» թիվ 1321-Ն որոշման 15-րդ կետը (այսուհետ` նաև Որոշում), ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 1-ին կետը, 1099-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասը, 379-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանի` սահմանված ժամկետում քրեակատարողական ծառայության կենտրոնական բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովին Կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկանք չներկայացնելու, և փոխհատուցված գումարը` որպես անհիմն հարստացում որակելու մեկնաբանությունների վերաբերյալ հարկ է նշել, որ դրանք անհիմն են, քանի որ Վերաքննիչ դատարանը կիրառել է Որոշման 15-րդ կետն ու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածը, որով խեղաթյուրվել է վերոհիշյալ որոշմամբ սահմանված նորմի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածով սահմանված նորմի բուն էությունը, քանի որ բողոք բերող անձին նշված գումարը` որպես բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրվել է իրավական ակտով սահմանված հիմքերով:
Բացի այդ, սահմանված ժամկետում բողոք բերող անձի կողմից համապատասխան տեղեկանք չներկայացնելը հանգեցնում է բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարի դադարեցման, իսկ Որոշման 15-րդ կետով սահմանված կարգով վճարված փոխհատուցման գումարները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի պահանջներին համապատասխան վերադարձման ենթակա լինելու պահանջը վերաբերում է մշտական բնակության հաշվառման, սեփականության իրավունքի պետական գրանցման, ինչպես նաև բնակելի տարածության վարձակալության գրանցված իրավունքը դադարելու օրվանից մինչև տվյալ տարվա ապրիլի 1-ը վճարված փոխհատուցման գումարներին: Հետևաբար` Վերաքննիչ դատարանը, կիրառելով Որոշման 15-րդ կետը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածը, թույլ է տվել նյութական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքում բարձրացված անհիմն հարստացման փաստի առկայության դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածով սահմանված անհիմն հարստացման չվերադարձման դեպքերին, որպիսի պայմաններում բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում առկա ապացույցները, թույլ է տվել ակտի օրինականության ու հիմնավորվածության պահանջների խախտում: Մասնավորապես, բողոքարկվող ակտում արտացոլված չեն այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական ու իրավական հիմքերը (անտեսվել է, որ նշված գումարը փոխանցվել է որպես գոյության միջոց):
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 27.01.2022 թվականի որոշումը:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման ստորև ներկայացված պատճառաբանությամբ:
Պատասխանողին լրացուցիչ հնարավորություն է տրվել սահմանված ժամկետում տեղեկանքը (փաստաթղթերը) ներկայացնելու համար, ինչը վերջինիս կողմից այդպես էլ չի ներկայացվել: Բացի այդ, պատասխանողը ցուցաբերել է անբարեխղճություն, այն է` պայմանագրի նոտարական հաստատման (վավերացման) օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում չի կատարել գործարքի պետական գրանցում, ինչն էլ հանգեցրել է քաղաքացիաիրավական նորմերի պահանջի խախտման: Ընդ որում, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` պատասխանողը մինչև նոտարի կողմից վարձակալության պայմանագիրը հաստատվելը (վավերացվելը), նոտարի ներկայությամբ, ցանկացած պարագայում, պարտադիր ընթերցել և ստորագրել է պայմանագիրը, որը և հաստատում է այն փաստը, որ պատասխանողը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակում ծանուցված (տեղեկացված) է եղել, որ վարձակալության մասին պայմանագիրը նոտարի կողմից հաստատվելուց (վավերացվելուց) հետո ենթակա է պետական գրանցման, ինչն էլ չի կատարվել վերջինիս կողմից: Այն հանգեցրել է նշված վարձակալության պայմանագրի անվավերության:
Պատասխանողին Ծառայության կողմից 2019 թվականի հուլիս ամսից մինչև 2020 թվականի մարտ ամիսը վճարած բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման գումարը, որը սույն դեպքում կազմում է ընդամենը 680.000 ՀՀ դրամ, ենթակա է բռնագանձման` հօգուտ պետական բյուջեի, քանի որ եթե «de jure» չկա օրենքով նախատեսված կարգով գրանցված պայմանագիր, այսինքն` պայմանագիրն ըստ էության առոչինչ է, հետևաբար չկան նաև այդ պայմանագրից ծագող այլ իրավահարաբերություններ:
Վերոնշյալ հանգամանքները բավարար հիմք են պատասխանողից 2019 թվականի հուլիս ամսից մինչև 2020 թվականի մարտ ամիսը վճարած ժամանակահատվածի համար որպես բնակելի տարածության վարձակալության դիմաց տրված դրամական փոխհատուցում 680.000 ՀՀ դրամը բռնագանձելու համար, քանի որ Որոշմամբ հաստատված հավելվածով հստակ նշված են բնակելի տարածության վարձակալության դիմաց տրված դրամական փոխհատուցումը դադարեցնելու դեպքերը, որի համար հիմք հանդիսացած հանգամանքներն արդեն իսկ առկա են եղել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի 27.09.2016 թվականի թիվ 792-Ա հրամանի քաղվածքի համաձայն` Վարդան Մարկոսյանը 28.09.2016 թվականից ազատվել է զբաղեցրած պաշտոնից և փոխադրման կարգով նշանակվել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնում` արդարադատության լեյտենանտ կոչումով (հատոր 1-ին, գ.թ. 37).
2) Վարդան Մարկոսյանը 26.02.2019 թվականին դիմում է ներկայացրել Ծառայության պետի առաջին տեղակալ, Ծառայության կենտրոնական բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահին, որով հայտնել է, որ ինքը` Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ, արդարադատության ավագ լեյտենանտ Վարդան Մարկոսյանը, հաշվառված է ՀՀ, Վայոց ձորի մարզ, քաղաք Ջերմուկ, գյուղ Կեչուտ, 7-րդ փողոց, 10-րդ շենք, 1-ին բնակարան հասցեում և Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կողմից ծառայողական բնակելի տարածությամբ ապահովված չէ: Վարձակալական հիմունքներով բնակվում է քաղաք Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական փողոց, 48-րդ շենք, 28-րդ բնակարան հասցեում, որը սեփականության իրավունքով չի պատկանում կնոջը կամ իրեն կամ կնոջ ծնողին, զավակին, քրոջը կամ եղբորը: Վերջինս դիմումով խնդրել է, հիմք ընդունելով Որոշումը, իրեն բնակելի տարածության վարձակալության դիմաց տրամադրել դրամական փոխհատուցում (հատոր 1-ին, գ.թ. 28).
3) Երևան քաղաքում քաղաքացի Ջուլետա Գալոյանի (որպես վարձատու) և Վարդան Մարկոսյանի (որպես վարձակալ) միջև 19.02.2019 թվականին կնքված, առանց նոտարական վավերացման վարձակալության պայմանագրի համաձայն` Վարձատուն 01.03.2019 թվականից սկսած պարտավորվել է Վարձակալին հանձնել «ք. Երևան, Նոր Նորք 2-րդ միկ. 48 շ. 28 բն.» հասցեում գտնվող բնակարանն ամսական 90.000 ՀՀ դրամ վարձավճարով (հատոր 1-ին, գ.թ. 34).
4) Ծառայության պետի կողմից 10.05.2019 թվականին հաստատված «Կենտրոնական բնակարանային հանձնաժողովի կողմից շահառուներին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու գործընթացի մասին» արձանագրության համաձայն` հանձնաժողովի կողմից շահառու Վարդան Մարկոսյանի` բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ դիմումին տրվել է դրական եզրակացություն, որով վերջինիս առաջարկվել է հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել նոտարական կարգով հաստատված բնակելի տարածության վարձակալության պայմանագրի պատճենը (հատոր 1-ին, գ.թ. 39-41).
5) Երևան քաղաքում քաղաքացի Արթուր Խոջոյանի (Ջուլետա Գալոյանի կողմից լիազորված անձ) (որպես վարձատու) և Վարդան Մարկոսյանի (որպես վարձակալ) միջև 02.07.2019 թվականին կնքված ու նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի վարձակալության պայմանագրի համաձայն` Վարձատուն 02.07.2019 թվականից պարտավորվել է անորոշ ժամկետով Վարձակալին վարձակալության է հանձնել ՀՀ, Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոցի 48-րդ շենքի թիվ 28 բնակարանն ամսական 90.000 ՀՀ դրամ վարձավճարով (հատոր 1-ին, գ.թ. 35,36).
6) 13.04.2020 թվականին Վարդան Մարկոսյանը դիմում է ներկայացրել Ծառայության պետի տեղակալ, քրեակատարողական ծառայության կենտրոնական բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահին, որով հայտնել է, որ ինքը` ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ, արդարադատության ավագ լեյտենանտ Վարդան Գնելի Մարկոսյանը, համաձայն Որոշման, օգտվում է բնակելի տարածության վարձակալության դիմաց տրամադրվող դրամական փոխհատուցումից: Նշված որոշման համաձայն, պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետում հնարավորություն չի ունեցել ներկայացնել, քանի որ ՀՀ-ում հայտարարվել է արտակարգ դրություն` պայմանավորված համաճարակի հետ, չի աշխատել Կադաստրի պետական կոմիտեն: Բացի այդ, հայտնել է, որ անհրաժեշտ է նոր վարձակալության պայմանագիր կնքել բնակարանի սեփականատիրոջ հետ, քանի որ նախկինում թյուրիմացաբար վարձակալության պայմանագիրը չի գրանցել Կադաստրի պետական կոմիտեում: Նշված դիմումով խնդրել է նաև երկարացնել պահանջվող փաստաթղթերի ներկայացման ժամկետը, որոնք կներկայացվեն արտակարգ դրության ժամկետը լրանալուց հետո (հատոր 1-ին, գ.թ. 38).
7) Ծառայության բնակարանային հարցերով զբաղվող կենտրոնական հանձնաժողովի 05.05.2020 թվականի թիվ 2 որոշմամբ հարգելի է համարվել շահառու Վարդան Մարկոսյանի կողմից մինչև 01.04.2020 թվականը Հանձնաժողով Տեղեկանք չներկայացնելը: 2020 թվականի մարտ ամսվանից ժամանակավորապես կասեցվել է շահառու` Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ, արդարադատության ավագ լեյտենանտ Վարդան Մարկոսյանի բնակելի տարածության վարձակալության դիմաց տրամադրվող դրամական փոխհատուցումը` մինչև նրա կողմից Հանձնաժողով համապատասխան անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելը: Առաջարկվել է շահառու` Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ, արդարադատության ավագ լեյտենանտ Վարդան Մարկոսյանին պահանջվող համապատասխան փաստաթղթերը Հանձնաժողով ներկայացնել հնարավորինս սեղմ ժամկետներում` փորձելով կրկին օգտվել Կադաստրի կոմիտեի կողմից առցանց մատուցվող ծառայություններից: 06.05.2020 թվականի թիվ Ե40/9-2126 գրությամբ 05.05.2020 թվականի արձանագրության թիվ 2 որոշման պատճենն ուղարկվել է Վարդան Մարկոսյանին (հատոր 1-ին, գ.թ. 42-45, 48).
8) Ծառայության պետի 11.06.2020 թվականի թիվ 408-Ա հրամանի համաձայն` դադարեցվել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ, արդարադատության ավագ լեյտենանտ Վարդան Մարկոսյանի բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունքը: Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ, արդարադատության ավագ լեյտենանտ Վարդան Մարկոսյանին` Հայաստանի Հանրապետության կառավարության 22.11.2018 թվականի «Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին» թիվ 1321-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 15-րդ կետի համաձայն` 2019 թվականի հուլիս ամսից մինչև 2020 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում բնակելի տարածություն վարձակալելու դիմաց վճարված փոխհատուցման գումարը (2019 թվականի համար` 510.000 ՀՀ դրամ, 2020 թվականի համար` 170.000 ՀՀ դրամ, ընդամենը` 680.000 ՀՀ դրամ) ենթակա է վերադարձման ՀՀ պետական բյուջե (հատոր 1-ին, գ.թ. 46,47).
9) Ծառայության գլխավոր քարտուղարի 11.06.2020 թվականի թիվ Ե40/9-4502 գրությամբ` Վարդան Մարկոսյանին տեղեկացվել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 22.11.2018 թվականի «Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին» թիվ 1321-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 15-րդ կետի համաձայն` բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարումը շարունակելու համար շահառուն պետք է մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը (2020 թվականի համար մինչև հունիսի 1-ը) ներկայացնի Կադաստրի կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից տրված տեղեկանք` շահառուի և նրա հետ բնակվող չափահաս անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու և բնակելի տարածության վարձակալության գրանցված իրավունքը շարունակելու կամ դադարած լինելու մասին: Քանի որ Վարդան Մարկոսյանը մինչև ապրիլի 1-ը (ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ.-ի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1321-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 755-Ն որոշման համաձայն` 2020 թվականի համար` մինչև հունիսի 1-ը) չէր ներկայացրել պահանջվող փաստաթուղթը (համաձայն` իր և Ջուլետա Գալոյանի /լիազորված անձ/ միջև 02.07.2019 թվականին կնքված և նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի վարձակալության պայմանագրի` պայմանագրից ծագող իրավունքը 30 աշխատանքային օրվա ընթացքում ենթակա էր գրանցման Կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում), այդուհանդերձ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության բնակարանային հարցերով զբաղվող կենտրոնական հանձնաժողովի 05.05.2020 թվականի թիվ 3 արձանագրության թիվ 2 որոշման համաձայն` 2020 թվականի մարտ ամսվանից ժամանակավորապես կասեցվել էր բնակելի տարածության վարձակալության դիմաց իրեն տրամադրվող դրամական փոխհատուցումը: Որոշմամբ սահմանված հավելվածի 15-րդ կետի համաձայն` նշված ժամկետում տեղեկանք չներկայացնելու դեպքում վճարված փոխհատուցման գումարները ենթակա են վերադարձման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, ինչպես նաև Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի 11.06.2020 թվականի թիվ 408-Ա հրամանի համաձայն (հրամանը կցվել է): Վարդան Մարկոսյանին առաջարկվել է մեկամսյա ժամկետում` միանվագ, կամ վերջինիս ցանկությամբ` 12 ամիսը չգերազանցող ժամանակացույցով, մասերով վերադարձնել վճարված փոխհատուցման ընդհանուր գումարը (2019 թվականի համար` 510.000 ՀՀ դրամ, 2020 թվականի համար` 170.000 ՀՀ դրամ, ընդամենը` 680.000 ՀՀ դրամ), որից հրաժարվելու դեպքում վճարված փոխհատուցման ընդհանուր գումարի վերադարձն իրականացվելու է դատական կարգով: Վարդան Մարկոսյանը գրությանը ծանոթանալուց հետո դրա վրա կատարել է գրառում, որ ներկա պահին` 29.06.2020 թվականի դրությամբ, հրաժարվում է վճարել գումարը, քանի որ դիմելու է դատարան և դատարանի կողմից որոշումը կայացվելուց հետո մաս-մաս կվճարի վերոնշյալ գումարը (հատոր 1-ին, գ.թ. 49,50).
10) թիվ 190822023989001-0, թիվ 190926029332001-0, թիվ 191108065181001-0, թիվ 191210042112001-0, թիվ 200205059135001-0 և թիվ 200305011758001-0 վճարման հանձնարարականների համաձայն` Քրեակատարողական վարչության կողմից ՀՀ ֆինանսների նախարարության «Client-Treasury» համակարգով, վճարման նպատակը` բնակարանների դրամական փոխհատուցում, Վարդան Մարկոսյանին փոխանցվել են 22.08.2019 թվականին` 85.000 ՀՀ դրամ, 26.09.2019 թվականին` 170.000 ՀՀ դրամ, 08.11.2019 թվականին` 85.000 ՀՀ դրամ, 10.12.2019 թվականին` 170.000 ՀՀ դրամ, 05.02.2020 թվականին` 85.000 ՀՀ դրամ, 05.03.2020 թվականին` 85.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 54-59).
11) Ծառայությունում 03.08.2020 թվականին ստացվել է Կադաստրի կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի 27.07.2020 թվականի թիվ ՔՓ-1/5228 պատասխան գրությունը, որով հայտնվել է, որ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային արխիվի տվյալների համաձայն` քաղաքացիներ Վարդան Մարկոսյանի և Ջուլետա Գալոյանի միջև 2019 թվականի հունիս ամսից մինչև օրս ընկած ժամանակահատվածում կնքված վարձակալության իրավունքի պետական գրանցում կատարված չէ: Նույն պատասխան գրությամբ միաժամանակ հայտնվել է, որ քաղաքացի Վարդան Մարկոսյանի անվամբ 2019 թվականի հունվար ամսից մինչև օրս ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ (հատոր 1-ին, գ.թ. 61).
12) Վարդան Մարկոսյանը 30.10.2020 թվականին հայցադիմումի պատասխան է ներկայացրել դատարան և պահանջել է «(...) ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից հօգուտ Վարդան Գնելի Մարկոսյանի բռնագանձել 200,000(երկու հարյուր հազար) ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրություն» (հատոր 1-ին, գ.թ. 84,85).
13) անհատ ձեռնարկատեր Վարդևան Պետրոսյանի, մի կողմից, և Վարդան Մարկոսյանի, մյուս կողմից, միջև 28.10.2020 թվականին կնքված փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն` (...) Կատարողը պարտավորվում է իրականացնել թիվ ԱՎԴ3/0563/02/20 քաղաքացիական գործով Պատվիրատուի իրավունքներին առնչվող փաստաթղթերի ուսումնասիրություն, իրականացնել թիվ ԱՎԴ3/0563/02/20 քաղաքացիական գործով Պատվիրատուի իրավունքների պաշտպանության ուղղված անհրաժեշտ գործողություններ, այն է ներկայացնել հայցադիմումի պատասխան և/կամ առարկություն, անհրաժեշտության դեպքում իրականացնել դատական ներկայացուցչություն, իսկ Պատվիրատուն պարտավորվում է ընդունել մատուցված ծառայություններն և վճարել այդ ծառայությունների համար սույն Պայմանագրով նախատեսված գումարը (այսուհետ` Ծառայության արժեքը) սույն Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում: Նույն պայմանագրի 3.2 կետի համաձայն` ծառայության արժեքը կազմել է 200.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 86,87).
14) գործում առկա 28.10.2020 թվականի լիազորագրի համաձայն` Վարդան Մարկոսյանը, փաստաբան Վարդևան Պետրոսյանին (փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 2197) լիազորել է իր անունից հանդես գալ (...) ՀՀ բոլոր դատարաններում (...), նաև ստորագրել հայցադիմումը, ստանալ դատական ծանուցումներ և դատավարական փաստաթղթեր, բողոքարկել դատական ակտը (հատոր 1-ին, գ.թ. 91):
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.
- արդյո՞ք 26.12.2018 թվականի «Կենտրոնական բնակարանային հանձնաժողով ստեղծելու և աշխատակարգը հաստատելու մասին» թիվ 1088-Ա հրամանով ստեղծված կենտրոնական բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա բնակելի տարածության վարձակալության դիմաց տրամադրված դրամական փոխհատուցումը ենթակա է վերադարձման այն պարագայում, երբ շահառուն չի ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում բնակելի տարածության վարձակալության գրանցված իրավունքը շարունակելու կամ դադարած լինելու մասին որևէ փաստաթուղթ, և արդյո՞ք փոխհատուցված գումարը չվերադարձնելը կարող է դիտարկվել որպես ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք բերված գույք (անհիմն հարստացում):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ: Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են անհիմն հարստացման հետևանքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը), բացառությամբ նույն օրենսգրքի 1099-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նույն գլխի կանոնները կիրառվում են անկախ այն բանից, անհիմն հարստացումը ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց գործելակերպի հետևանք է եղել, թե կատարվել է նրանց կամքից անկախ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` որպես անհիմն հարստացում ենթակա չեն վերադարձման քաղաքացու մոտ անբարեխղճության բացակայության դեպքում, նրան` որպես գոյության միջոց տրված աշխատավարձը և դրան հավասարեցված վճարները, կենսաթոշակները, կրթաթոշակները, նպաստները, կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցումը, ալիմենտը և այլ դրամական գումարներ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` որպես անհիմն հարստացում ենթակա չեն վերադարձման` ի կատարումն գոյություն չունեցող պարտավորության տրված դրամական գումարները և այլ գույքը, եթե ձեռք բերողն ապացուցում է, որ գույքը վերադարձնելու պահանջով դիմած անձը գիտեր պարտավորության բացակայության մասին կամ գույքը տրամադրել է բարեգործական նպատակներով:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ վերլուծելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետը, արձանագրել է, որ քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ կարող են ծագել քաղաքացիական շրջանառության սուբյեկտների ինչպես իրավաչափ, այնպես էլ ոչ իրավաչափ գործողություններից: Այդպիսին է, մասնավորապես, անհիմն հարստացման արդյունքում ծագած պարտավորությունը, որը թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չէ, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ: Անհիմն հարստացման ինստիտուտը քաղաքացիական իրավունքի ինստիտուտներից մեկն է, որի նպատակը քաղաքացիական շրջանառության մասնակիցների գույքային իրավունքների պաշտպանության իրականացումն ապահովելն ու դրան նպաստելն է (տե՛ս Արթուր Հովհաննիսյանն ընդդեմ Նորիկ Սողոմոնյանի թիվ ԵԷԴ/0540/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 1-ին կետին, դիրքորոշում է հայտնել, որ անհիմն հարստացման առկայության համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը.
1. անձը (ձեռք բերողը) այլ անձի (տուժողի) հաշվին պետք է ձեռք բերի կամ խնայի գույք, այսինքն` ձեռք բերողի մոտ գույքի ավելացումը պետք է պայմանավորված լինի տուժողի մոտ գույքի պակասեցմամբ,
2. գույքը պետք է ձեռք բերվի կամ խնայվի առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի, այսինքն` հարստացումն անօրինական ձևով (տե՛ս Անժելիկա Գասպարյանն ընդդեմ Զելիմ Սիմոնյանի թիվ ԵԱՔԴ/0455/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ օրենսդիրը տարբերակում է անհիմն հարստացման երկու տեսակ`
1) առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի գույքի ձեռքբերում,
2) առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի գույքի խնայում:
Ըստ այդմ, գույքի ձեռքբերման դեպքում տեղի է ունենում անհիմն հարստացողի գույքի ավելացում` տուժողի գույքի հաշվին, իսկ գույքի խնայումը նշանակում է, որ անձը պետք է իր գույքի հաշվին կատարեր որոշակի ծախսեր, սակայն դա չի անում` ի հաշիվ տուժողի ծախսերի, որի արդյունքում անհիմն հարստացողի գույքի ծավալային փոփոխություն տեղի չի ունենում:
Անհիմն հարստացման հետևանքով պարտավորությունների ծագման համար էական չէ ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց կամքը: Այլ կերպ ասած` անհիմն հարստացում կարող է տեղի ունենալ ինչպես ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց գործելակերպի հետևանքով, այնպես էլ` նրանց կամքից անկախ: ՀՀ վճռաբեկ դատարանը նման եզրահանգումը բխեցրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված նորմի վերլուծությունից, որի համաձայն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ գլխի կանոնները կիրառվում են անկախ այն բանից, անհիմն հարստացումը ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց գործելակերպի հետևանք է եղել, թե կատարվել է նրանց կամքից անկախ:
i
Անհիմն հարստացման ինստիտուտը կարգավորող նորմերի կիրառման համար անհրաժեշտ և բավարար է օբյեկտիվ արդյունքի առկայությունը, այն է` անձն առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի տուժողի հաշվին ձեռք է բերել կամ խնայել է գույք (տե՛ս Էլզա Մուրադովան և Լարիսա Հարությունյանն ընդդեմ Ջանիբեկ Ազատյանի թիվ ԱՐԴ1/1065/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
Զարգացնելով անհիմն հարստացման վերաբերյալ նախկինում հայտնված դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անհիմն հարստացման քաղաքացիաիրավական ինստիտուտի բաղադրատարրերն են`
ա) փաստական պայմանները,
բ) իրավական պայմանները:
Փաստական պայմանները դրսևորվում են`
1. պատասխանողի (ձեռք բերողի) ակտիվների ավելացմամբ,
2. հայցվորի (տուժողի) ակտիվների նվազմամբ,
3. ակտիվների ավելացման և նվազման միջև պատճառական կապով:
Անհիմն հարստացման քաղաքացիաիրավական ինստիտուտի իրավական բաղադրատարրերն են`
1. պատասխանողի հարստացումը պետք է լինի առանց օրենքով, այլ իրավական ակտով կամ գործարքով սահմանված հիմքերի,
2. անհիմն հարստացման ինստիտուտը կրում է ածանցյալ բնույթ:
i
Հարստացման անհիմն լինելու պահանջը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 1-ին կետում: Նշված իրավանորմի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ հարստացումն անհիմն է, եթե հայցվորի գործողությունները չեն բխում օրենսդրությամբ պայմանավորված պարտականության կատարումից կամ չեն հանդիսանում պատասխանողի ակտիվների ավելացմանն ուղղված հայցվորի ազատ կամահայտնության հետևանքը: Այսինքն` հարստացման անհիմն բնույթը դրսևորվում է կա՛մ օրենսդրությամբ նախատեսված պարտականության բացակայությամբ (առանց օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված հիմքերի), կա՛մ կամահայտնության իրավաչափությունը պայմանավորող հարստացման պատճառի (նպատակաուղղված կամքի) բացակայությամբ (առանց գործարքով սահմանված հիմքերի) (տե՛ս Սեդրակ Բարսեղյանն ընդդեմ Գագիկ Բարսեղյանի և Կարինե Բաղդասարյանի թիվ ԱՐԱԴ2/0077/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը):
Մինչև 12.09.2019 թվականը գործած խմբագրությամբ «Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածության վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 22.11.2018 թվականի թիվ 1321-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 1-ին կետի համաձայն` ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է սահմանել պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը` համաձայն հավելվածի:
Նույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է սահմանել, որ պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարվում է վարձակալության մասին պայմանագրում նախատեսված չափով, սակայն ոչ ավելի, քան`
1) Երևան քաղաքում` մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին` 65000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 85000 դրամ»:
Որոշման հավելվածի 7-րդ կետի համաձայն` Հանձնաժողովը բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ եզրակացությունը տալիս է նույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերի հիման վրա: Հանձնաժողովի դրական եզրակացությունը տալու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու մասին դիմում ներկայացրած զինծառայողին առաջարկվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել նոտարական կարգով հաստատված` բնակելի տարածության վարձակալության մասին պայմանագրի պատճենը: Հանձնաժողովի դրական եզրակացության և նոտարական կարգով հաստատված բնակելի տարածության վարձակալության մասին պայմանագրի հիման վրա 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է շահառուին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տալու մասին համապատասխան մարմնի ղեկավարի հրամանի նախագիծ և ներկայացվում համապատասխան մարմնի ղեկավարին` հաստատման:
Որոշման հավելվածի 9-րդ կետի համաձայն` բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու նպատակով զինծառայողն իր ծառայության վայրի զորամասի հրամանատարի (այլ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի), իսկ կադրերի տրամադրության տակ գտնվելու դեպքում` կադրային մարմնի ղեկավարի ուղեկցող գրությամբ հանձնաժողով է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում` հասցեագրված հանձնաժողովի նախագահին.
2) տվյալ զորամասում (ստորաբաժանումում) ծառայության նշանակվելու (կադրերի տրամադրության տակ թողնվելու) մասին հրամանի պատճենը և ծառայության մեջ գտնվելու մասին տեղեկանք` զորամասից (կադրային մարմնից).
3) շահառուի ընտանիքի կազմի մասին տեղեկանք` տրված զորամասի (ստորաբաժանման) (կադրային մարմնի) կողմից` նշելով վարձակալված բնակելի տարածությունում շահառուի հետ բնակվող անձանց անունները, ազգանունները և հայրանունները, ծննդյան տարեթվերը, ազգակցական կապը: Եթե զինծառայողն ամուսնացած չէ, ապա տեղեկանքով հաստատվում է միայն վարձակալությամբ բնակվելու հանգամանքը` նշելով վարձակալված բնակելի տարածության հասցեն.
4) վարձակալված բնակելի տարածությունում շահառուի հետ բնակվող` մինչև 23 տարեկան ուսանող զավակների համար` տեղեկանք ուսումնական հաստատությունից.
5) վարձակալված բնակելի տարածությունում շահառուի հետ բնակվող անձանց հաշմանդամությունը կամ անգործունակությունը (եթե այդպիսիք առկա են) հաստատող փաստաթղթի պատճենը.
6) շահառուի և վարձակալված բնակելի տարածությունում նրա հետ բնակվող չափահաս անձանց անձնագրերի պատճենները` հաշվառման էջով, ամուսնության վկայականի և անչափահաս անձանց ծննդյան վկայականների պատճենները` հաստատված զորամասի հրամանատարի (կադրային մարմնի ղեկավարի) կողմից, իսկ անձնագրի փոխարեն նույնականացման քարտ ներկայացվելու դեպքում` բնակչության պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից տրված տեղեկանք անձի հաշվառման մասին.
7) Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից տրված տեղեկանք Հայաստանի Հանրապետության տարածքում շահառուի և նրա հետ բնակվող չափահաս անձանց սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու մասին.
8) կնքված անշարժ գույքի վարձակալության մասին պայմանագրի պատճենը (առանց նոտարական հաստատման):
Որոշման հավելվածի 10-րդ կետի համաձայն` նույն կարգի 9-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքը հիմք է ընդունվում ոչ ավելի, քան երկու ամիս վաղեմության ժամկետ ունենալու դեպքում:
Որոշման հավելվածի 11-րդ կետի համաձայն` բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու մասին դիմումը վերադարձվում է, եթե շահառուի բնակարանային պայմանները չեն բավարարում նույն կարգի 4-րդ և 5-րդ կետերի պահանջները` շահառուին գրավոր տեղեկացնելով դիմումի վերադարձման պատճառները: Նույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերը թերի ներկայացվելու դեպքում շահառուին գրավոր առաջարկվում է 15-օրյա ժամկետում լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ նշված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացվելու դեպքում դիմումը վերադարձվում է: Նույն կետում նշված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում շահառուին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու գործընթացն իրականացվում է նույն կարգի 7-րդ և 12-րդ կետերի համաձայն: Նույն կետում նշված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացվելու հիման վրա դիմումը վերադարձվելուց հետո զինծառայողը կարող է նույն կարգի պահանջների համաձայն կրկին դիմել բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու համար:
Վերը նշված կարգավորումների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Որոշման հավելվածով սահմանված փաստաթղթերի հիման վրա Հանձնաժողովը բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ տալիս է եզրակացություն: Դրական եզրակացության դեպքում դիմումատուին առաջարկվում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել նոտարական կարգով հաստատված` բնակելի տարածության վարձակալության մասին պայմանագրի պատճենը, որի ներկայացման պարագայում երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է շահառուին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տալու մասին համապատասխան մարմնի ղեկավարի հրամանի նախագիծ և ներկայացվում համապատասխան մարմնի ղեկավարին` հաստատման: Որոշման հավելվածի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված պահանջները չբավարարելու դեպքում, Հանձնաժողովը վերադարձնում է բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու մասին դիմումը` վերադարձնելու պատճառների մասին գրավոր տեղեկացնելով շահառուին: Շահառուի կողմից Որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված փաստաթղթերը թերի ներկայացվելու դեպքում վերջինիս գրավոր առաջարկվում է 15-օրյա ժամկետում լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ նշված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացվելու դեպքում դիմումը վերադարձվում է: Նշված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում բնակելի տարածության վարձակալության դիմաց իրականացվում է դրամական փոխհատուցում տրամադրելու գործընթաց: Նշված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացվելու հիման վրա դիմումը վերադարձվելուց հետո զինծառայողը կարող է կրկին դիմել բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու համար` Որոշման հավելվածով նախատեսված պահանջների համաձայն:
Որոշման հավելվածի 12-րդ կետի համաձայն` բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը վճարվում է նույն կարգով սահմանված պահանջները բավարարող շահառուի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողովում մուտքագրվելու ամսվա 1-ից սկսած` շահառուի հաշվեհամարին յուրաքանչյուր ամսվա համար անկանխիկ փոխանցում կատարելու միջոցով:
Որոշման հավելվածի 15-րդ կետի համաձայն` բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարումը շարունակելու համար շահառուն պետք է մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը իր ծառայության վայրի զորամաս (կադրային մարմին) ներկայացնի Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից տրված տեղեկանք` շահառուի և նրա հետ բնակվող չափահաս անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու և բնակելի տարածության վարձակալության գրանցված իրավունքը շարունակելու կամ դադարած լինելու մասին: Նույն կետում նշված ժամկետում տեղեկանք չներկայացվելու կամ ներկայացված տեղեկանքի համաձայն նույն կարգի 5-րդ կետի 1-ին կամ 3-րդ ենթակետերում սահմանված պայմանների առկայության (բացառությամբ վարձակալած բնակելի տարածությունում հաշվառված լինելու) կամ բնակելի տարածության վարձակալության գրանցված իրավունքը դադարած լինելու դեպքերում բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարումը դադարեցվում է, ինչպես նաև նույն կարգի 5-րդ կետի 1-ին կամ 3-րդ ենթակետերում սահմանված` մշտական բնակության հաշվառման (բացառությամբ վարձակալած բնակելի տարածությունում հաշվառված լինելու) կամ սեփականության իրավունքի պետական գրանցման, ինչպես նաև բնակելի տարածության վարձակալության գրանցված իրավունքը դադարելու օրվանից մինչև տվյալ տարվա ապրիլի 1-ը վճարված փոխհատուցման գումարները ենթակա են վերադարձման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Նույն կետի համաձայն դրամական փոխհատուցման վճարումը դադարեցնելու և վերադարձման ենթակա ընդհանուր գումարի չափի վերաբերյալ գրավոր ծանուցվում է զինծառայողին, ինչպես նաև առաջարկվում է մեկամսյա ժամկետում` միանվագ, կամ զինծառայողի ցանկությամբ` 12 ամիսը չգերազանցող ժամանակացույցով, մասերով վերադարձնել վճարված փոխհատուցման ընդհանուր գումարը, որից զինծառայողի կողմից հրաժարվելու դեպքում վճարված փոխհատուցման ընդհանուր գումարի վերադարձն իրականացվում է դատական կարգով:
Վերոգրյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարումը շարունակելու համար շահառուն պետք է մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը իր ծառայության վայրի զորամաս (կադրային մարմին) ներկայացնի Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից տրված տեղեկանք` շահառուի և նրա հետ բնակվող չափահաս անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու և բնակելի տարածության վարձակալության գրանցված իրավունքը շարունակելու կամ դադարած լինելու մասին: Նշված ժամկետում պահանջվող տեղեկանքը չներկայացվելու դեպքում, որպես իրավական հետևանք, դադարեցվում է բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարումը, իսկ հաշվետու տարվա համապատասխան ամիսների համար արդեն իսկ փոխհատուցված գումարը ենթակա է վերադարձման` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի իրավակարգավորումները:
«Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածության վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1321-Ն որոշման հավելվածի (12.09.2019 թվականի խմբագրությամբ) 15-րդ կետի համաձայն` բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարումը շարունակելու համար շահառուն պետք է մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը իր ծառայության վայրի զորամաս (կադրային մարմին) ներկայացնի Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից տրված տեղեկանք` շահառուի և նրա հետ բնակվող չափահաս անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու և բնակելի տարածության վարձակալության գրանցված իրավունքը շարունակելու կամ դադարած լինելու մասին: Նույն կետում նշված ժամկետում տեղեկանք չներկայացվելու կամ ներկայացված տեղեկանքի համաձայն նույն կարգի 5-րդ կետի 1-ին կամ 3-րդ ենթակետերում սահմանված պայմանների առկայության (բացառությամբ վարձակալած բնակելի տարածությունում հաշվառված լինելու) կամ բնակելի տարածության վարձակալության գրանցված իրավունքը դադարած լինելու դեպքերում բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարումը դադարեցվում է, ինչպես նաև նույն կարգի 5-րդ կետի 1-ին կամ 3-րդ ենթակետերում սահմանված` մշտական բնակության հաշվառման (բացառությամբ վարձակալած բնակելի տարածությունում հաշվառված լինելու) կամ սեփականության իրավունքի պետական գրանցման, ինչպես նաև բնակելի տարածության վարձակալության գրանցված իրավունքը դադարելու օրվանից մինչև հաշվետու տարվա ապրիլի 1-ը վճարված փոխհատուցման գումարները ենթակա են վերադարձման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Նույն կետի համաձայն դրամական փոխհատուցման վճարումը դադարեցնելու և վերադարձման ենթակա ընդհանուր գումարի չափի վերաբերյալ գրավոր ծանուցվում է զինծառայողին, ինչպես նաև առաջարկվում է մեկամսյա ժամկետում` միանվագ, կամ զինծառայողի ցանկությամբ` 12 ամիսը չգերազանցող ժամանակացույցով, մասերով վերադարձնել վճարված փոխհատուցման ընդհանուր գումարը, որից զինծառայողի կողմից հրաժարվելու դեպքում վճարված փոխհատուցման ընդհանուր գումարի վերադարձն իրականացվում է դատական կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության 14.05.2020 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1321-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 755-Ն որոշման 12-րդ կետի բովանդակությունից բխում է, որ շահառուների կողմից համապատասխան Տեղեկանքը (փաստաթղթերը) Հանձնաժողովին ներկայացնելու ժամկետը` ապրիլի 1-ը, 2020 թվականի համար երկարաձգվել է մինչև հունիսի 1-ը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Վարդան Մարկոսյանը 26.02.2019 թվականին դիմում է ներկայացրել Ծառայության պետի առաջին տեղակալ, Ծառայության կենտրոնական բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահին և խնդրել է, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 22.11.2018 թվականի թիվ 1321 որոշումը, իրեն բնակելի տարածության վարձակալության դիմաց տրամադրել դրամական փոխհատուցում: Երևան քաղաքում քաղաքացի Ջուլետա Գալոյանի (որպես վարձատու) և Վարդան Մարկոսյանի (որպես վարձակալ) միջև 19.02.2019 թվականին կնքված, առանց նոտարական վավերացման վարձակալության պայմանագրի համաձայն` վարձատուն 01.03.2019 թվականից սկսած պարտավորվել է վարձակալին հանձնել քաղաք Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական փողոցի 48-րդ շենքի թիվ 28 բնակարանն ամսական 90.000 ՀՀ դրամ վարձավճարով: Ծառայության պետի կողմից 10.05.2019 թվականին հաստատված «Կենտրոնական բնակարանային հանձնաժողովի կողմից շահառուներին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու գործընթացի մասին» արձանագրության համաձայն` հանձնաժողովի կողմից շահառու Վարդան Մարկոսյանի` բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ դիմումին տրվել է դրական եզրակացություն, որով վերջինիս առաջարկվել է հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել նոտարական կարգով հաստատված բնակելի տարածության վարձակալության պայմանագրի պատճենը: Երևան քաղաքում քաղաքացի Արթուր Խոջոյանի (Ջուլետա Գալոյանի կողմից լիազորված անձ) (որպես վարձատու) և Վարդան Մարկոսյանի (որպես վարձակալ) միջև 02.07.2019 թվականին կնքված ու նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի վարձակալության պայմանագրի համաձայն` վարձատուն 02.07.2019 թվականից պարտավորվել է անորոշ ժամկետով վարձակալին վարձակալության հանձնել քաղաք Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական փողոց, 48-րդ շենք, բն. 28 հասցեում գտնվող բնակարանն ամսական 90.000 ՀՀ դրամ վարձավճարով:
13.04.2020 թվականին Վարդան Մարկոսյանը դիմում է ներկայացրել Ծառայության պետի տեղակալ, Ծառայության կենտրոնական բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահին, որով հայտնել է, որ ինքը, համաձայն ՀՀ կառավարության 22.11.2018 թվականի թիվ 1321-Ն որոշման, օգտվում է բնակելի տարածության վարձակալության դիմաց տրամադրվող դրամական փոխհատուցումից: Նշված որոշմամբ պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետում հնարավորություն չի ունեցել ներկայացնել, քանի որ Կադաստրի կոմիտեն չի աշխատել` պայմանավորված ՀՀ-ում համաճարակի պատճառով հայտարարված արտակարգ դրությամբ: Բացի այդ, հայտնել է, որ անհրաժեշտ է նոր վարձակալության պայմանագիր կնքել բնակարանի սեփականատիրոջ հետ, քանի որ նախկինում թյուրիմացաբար վարձակալության պայմանագիրը չի գրանցել Կադաստրի պետական կոմիտեում: Նշված դիմումով խնդրել է նաև երկարացնել պահանջվող փաստաթղթերի ներկայացման ժամկետը: Ծառայության բնակարանային հարցերով զբաղվող կենտրոնական հանձնաժողովի 05.05.2020 թվականի թիվ 2 որոշմամբ հարգելի է համարվել շահառու Վարդան Մարկոսյանի կողմից մինչև 01.04.2020 թվականը Հանձնաժողով տեղեկանք չներկայացնելը: 2020 թվականի մարտ ամսվանից ժամանակավորապես կասեցվել է Վարդան Մարկոսյանի բնակելի տարածության վարձակալության դիմաց տրամադրվող դրամական փոխհատուցումը` մինչև նրա կողմից Հանձնաժողով համապատասխան անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելը: Շահառու Վարդան Մարկոսյանին առաջարկվել է պահանջվող համապատասխան փաստաթղթերը Հանձնաժողով ներկայացնել հնարավորինս սեղմ ժամկետներում` փորձելով կրկին օգտվել Կադաստրի կոմիտեի կողմից առցանց մատուցվող ծառայություններից:
Ծառայության պետի 11.06.2020 թվականի թիվ 408-Ա հրամանի համաձայն` դադարեցվել է Վարդան Մարկոսյանի բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունքը: 11.06.2020 թվականի թիվ Ե40/9-4502 գրությամբ` Վարդան Մարկոսյանին տեղեկացվել է, որ բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարումը շարունակելու համար շահառուն պետք է մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը (2020 թվականի համար մինչև հունիսի 1-ը) ներկայացնի Կադաստրի կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից տրված տեղեկանք` շահառուի և նրա հետ բնակվող չափահաս անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու և բնակելի տարածության վարձակալության գրանցված իրավունքը շարունակելու կամ դադարած լինելու մասին:
Ծառայությունում 03.08.2020 թվականին ստացվել է Կադաստրի կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի 27.07.2020 թվականի թիվ ՔՓ-1/5228 պատասխան գրությունը, որով հայտնվել է, որ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային արխիվի տվյալների համաձայն` քաղաքացիներ Վարդան Մարկոսյանի և Ջուլետա Գալոյանի միջև 2019 թվականի հունիս ամսից մինչև օրս ընկած ժամանակահատվածում կնքված վարձակալության իրավունքի պետական գրանցում կատարված չէ: Նույն պատասխան գրությամբ միաժամանակ հայտնվել է, որ քաղաքացի Վարդան Մարկոսյանի անվամբ 2019 թվականի հունվար ամսից մինչև օրս ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ:
Դատարանի 09.09.2021 թվականի վճռով Ծառայության հայցը բավարարվել է այն պատճառաբանությամբ, որ «... Վարդան Գնելի Մարկոսյանը պարտավոր էր Հայաստանի Հանրապետությունում 2020թ.-ի մարտի 16-ից մինչև 2020 թվականի մայիսի 14-ը հայտարարված արտակարգ դրության ավարտից հետո մինչև 2020 թվականի հունիսի 1-ը ի թիվս այլ փաստաթղթերի Հանձնաժողովին ներկայացնել Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից տրված տեղեկանք` շահառուի և նրա հետ բնակվող չափահաս անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու և բնակելի տարածության վարձակալության գրանցված իրավունքը շարունակելու կամ դադարած լինելու մասին, սակայն 27.07.2020թ.-ի (Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գրության ամսաթիվը) դրությամբ չի ներկայացրել և այդ պայմաններում առանց օրենքով, այլ իրավական ակտերով ուրիշ անձի (տուժողի)` Հայաստանի Հանրապետության, հաշվին 22.08.2019թ.-ից մինչև 05.03.2020թ.-ը ներառյալ ժամանակահատվածում ձեռք է բերել գույք` 680.000 (վեց հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ գումար, ուստի վերջինս պարտավոր է տուժողին` Հայաստանի Հանրապետությանը, վերադարձնել անհիմն ձեռք բերած գույքը (անհիմն հարստացումը)` 680.000 (վեց հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ գումարը:»:
Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի պատճառաբանությունները, 27.01.2022 թվականի որոշմամբ մերժել է Վարդան Մարկոսյանի վերաքննիչ բողոքը` Դատարանի 09.09.2021 թվականի վճիռը թողնելով անփոփոխ:
Վերը նշված մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Սույն գործով Ծառայությունը պահանջել է Վարդան Մարկոսյանից որպես անհիմն հարստացում բռնագանձել 2019 թվականի հուլիս ամսից մինչև 2019 թվականի դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածի համար 510.000 ՀՀ դրամ, իսկ 2020 թվականի հունվար ամսից մինչև 2020 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածի համար` 170.000 ՀՀ դրամ` որպես բնակելի տարածության վարձակալության դիմաց փոխհատուցված, անհիմն ձեռք բերած կամ խնայած գույք (անհիմն հարստացում):
Անդրադառնալով Վարդան Մարկոսյանից որպես անհիմն հարստացում 2019 թվականի հուլիս ամսից մինչև 2019 թվականի դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածի համար 510.000 ՀՀ դրամ բռնագանձելու հարցին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Ինչպես արդեն վերը նշվեց, բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարումը շարունակելու համար շահառուն պետք է մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը իր ծառայության վայրի զորամաս (կադրային մարմին) ներկայացներ շահառուի և նրա հետ բնակվող չափահաս անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու ու բնակելի տարածության վարձակալության գրանցված իրավունքը շարունակելու կամ դադարած լինելու մասին տեղեկանք` տրված Կադաստրի կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից: Նշված ժամկետում այդ տեղեկանքը չներկայացվելու դեպքում բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարումը պետք է դադարեցվեր, և հաշվետու տարվա համապատասխան ամիսների համար վճարված փոխհատուցման գումարը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի պահանջներին համապատասխան պետք է վերադարձվեր:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Ծառայության կողմից չի հիմնավորվել, թե բռնագանձվող փոխհատուցման ենթակա գումարի հաշվարկման սկիզբը Որոշման 15-րդ կետով սահմանված հիմքերից կոնկրետ որի առկայության հետ է պայմանավորել:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բռնագանձվող փոխհատուցման ենթակա գումարի հաշվարկման փաստական հիմք առկա չէ, քանի որ սույն դեպքում առկա չէ մշտական բնակության հաշվառում (բացառությամբ վարձակալած բնակելի տարածությունում հաշվառված լինելը), սեփականության իրավունքի պետական գրանցում կամ բնակելի տարածության վարձակալություն: Քանի որ առկա չէ բռնագանձվող փոխհատուցման ենթակա գումարի հաշվարկման սկիզբ, ուստի առկա չէ նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի պահանջներին համապատասխան 2019 թվականի հուլիս ամսից մինչև 2019 թվականի դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածի համար փոխհատուցման ենթակա գումար:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում առկա չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածով սահմանված` ստացված գույքը որպես անհիմն հարստացում որակելու հատկանիշները, քանի որ սույն դեպքում Վարդան Մարկոսյանը 2019 թվականի հուլիս ամսից մինչև 2019 թվականի դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածի համար փոխհատուցման գումարները ձեռք է բերել իրավական ակտով սահմանված հիմքերով: Հաշվի առնելով վերոշարադրյալը`
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարդան Մարկոսյանին տրված 2019 թվականի հուլիս ամսից մինչև 2019 թվականի դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածի համար տրամադրված 510.000 ՀՀ դրամ գումարը որևէ պարագայում չի կարող որակվել որպես անհիմն հարստացում: Հետևաբար, անհիմն հարստացման բացակայության պայմաններում, չի կարող քննարկվել Վարդան Մարկոսյանին տրամադրված (փոխհատուցված) 510.000 ՀՀ դրամ գումարը, որպես անհիմն հարստացում, վերադարձման ենթակա լինելու հարցը:
Անդրադառնալով Վարդան Մարկոսյանից որպես անհիմն հարստացում 2020 թվականի հունվար ամսից մինչև 2020 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածի համար 170.000 ՀՀ դրամ բռնագանձելու հարցին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Տվյալ դեպքում սույն գործով Ծառայության կողմից (հաշվից) Վարդան Մարկոսյանին փոխանցվել է 170.000 ՀՀ դրամ` որպես բնակելի տարածության վարձակալության դիմաց տրվող դրամական փոխհատուցում, սակայն Վարդան Մարկոսյանի կողմից չեն պահպանվել բնակելի տարածության վարձակալության դիմաց տրվող դրամական փոխհատուցումը շարունակելու համար Որոշմամբ սահմանված հավելվածով նախատեսված պահանջները, այն է` 2020 թվականի սկզբից մինչև 2020 թվականի մարտ ամիսը նրա կողմից Հանձնաժողով չի ներկայացվել Կադաստրի կոմիտեի կողմից տրվող համապատասխան տեղեկանքը` բնակելի տարածության վարձակալության դիմաց տրամադրվող դրամական փոխհատուցումը շարունակելու համար, իսկ պահանջվող փաստաթղթերը 2020 թվականի սկզբից մինչև նույն տարվա մարտ ամիսը ներկայացված չլինելու պայմաններում` փոխանցված գումարը հաշվետու ժամանակահատվածի համար ենթակա է վերադարձման ամբողջությամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարդան Մարկոսյանին 2020 թվականի սկզբից մինչև նույն տարվա մարտ ամիսը ընկած ժամանակահատվածի համար տրամադրված 170.000 ՀՀ դրամ գումարը տվյալ դեպքում որակվում է որպես անհիմն ձեռք բերած գույք (անհիմն հարստացում), որը ենթակա է բռնագանձման Վարդան Մարկոսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի` այդ մասով, նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը բավարարվում է մասնակիորեն` Վերաքննիչ դատարանի 27.01.2022 թվականի որոշումը մասնակիորեն` Դատարանի 09.09.2021 թվականի վճիռը մասնակիորեն` Վարդան Մարկոսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի 510.000 ՀՀ դրամ` որպես 2019 թվականի հուլիս ամսից մինչև 2019 թվականի դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածի համար փոխհատուցված գումար, բռնագանձելու պահանջի մասով անփոփոխ թողնելու մասով, բեկանվում և փոփոխվում է` Վարդան Մարկոսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի 510.000 ՀՀ դրամ` որպես 2019 թվականի հուլիս ամսից մինչև 2019 թվականի դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածի համար փոխհատուցված գումար բռնագանձելու պահանջի մասով, մերժվում է, իսկ մնացած մասով Վերաքննիչ դատարանի 27.01.2022 թվականի որոշումը թողնվում է օրինական ուժի մեջ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքը պետք է բաշխել հետևյալ համամասնությամբ.
Ծառայությունից հօգուտ ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 10.200 ՀՀ դրամ (չբավարարված հայցապահանջի` 510.000 ՀՀ դրամի 2 տոկոսն է), իսկ Վարդան Մարկոսյանից հօգուտ Ծառայության ենթակա է բռնագանձման 3.400 ՀՀ դրամ (բավարարված հայցապահանջի` 170.000 ՀՀ դրամի 2 տոկոսն է), որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար սահմանված և հետաձգված պետական տուրքի գումար:
Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափով` դրամական պահանջի գործերով` վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի երեք տոկոսի չափով:
Վարդան Մարկոսյանի կողմից Վերաքննիչ բողոք ներկայացնելու համար որպես պետական տուրքի գումար վճարվել է 20.400 ՀՀ դրամ, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բավարարված հայցապահանջի չափին համամասնորեն վճարված 5.100 ՀՀ դրամի մասով (բավարարված հայցապահանջի` 170.000 ՀՀ դրամի 3 տոկոսի չափով) դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված, իսկ Ծառայությունից հօգուտ Վարդան Մարկոսյանի ենթակա է բռնագանձման 15.300 ՀՀ դրամ (չբավարարված հայցապահանջի` 510.000 ՀՀ դրամի 3 տոկոսի չափով):
Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի «ա» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափով` դրամական պահանջի գործերով` հայցագնի երեք տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:
Նույն օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:
Սույն գործով Վարդան Մարկոսյանի կողմից վճռաբեկ բողոքի համար նախապես վճարվել է 34.000 ՀՀ դրամ, մինչդեռ վճարման էր ենթակա 20.400 ՀՀ դրամ: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի հիմքով ավել վճարված վճարված 13.600 ՀՀ դրամը ենթակա է վերադարձման Վարդան Մարկոսյանին:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարդան Մարկոսյանի կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախապես պետական տուրքը վճարված լինելու պայմաններում, Վարդան Մարկոսյանի մասով դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված, իսկ Ծառայությունից հօգուտ Վարդան Մարկոսյանի ենթակա է բռնագանձման 15.300 ՀՀ դրամ (չբավարարված հայցապահանջի` 510.000 ՀՀ դրամի 3 տոկոսն է):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում առկա է նաև փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի բաշխման հարց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն հոդվածով նախատեսված ծախսերի փոխհատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափը, որը որոշվում է` ելնելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալից, գործի բարդությունից, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակից, ինչպես նաև դատական ակտով բռնագանձման ենթակա գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափերի հարաբերակցությունից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձանց կրած, ինչպես նաև վճարման ենթակա դատական ծախսերի փոխհատուցման հարցը լուծելիս դատարանը հիմք է ընդունում միայն գործում առկա փաստաթղթերով հիմնավորված ծախսերը:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով 29.06.2012 թվականի որոշմամբ արտահայտել է նաև այն իրավական դիրքորոշումը, որ «փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը»:
Սույն գործով Վարդան Մարկոսյանը 28.10.2020 թվականի լիազորագրով Վարդևան Պետրոսյանին լիազորել է որպես ներկայացուցիչ հանդես գալ բոլոր ատյանների դատարաններում: Վարդևան Պետրոսյանի և Վարդան Մարկոսյանի միջև 28.10.2020 թվականին կնքված փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագրով (հատոր 1-ին, գ.թ. 86) ծառայության արժեքը կազմում է 200.000 ՀՀ դրամ:
Հիմք ընդունելով Վարդան Մարկոսյանի և Վարդևան Պետրոսյանի միջև կնքված փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագիրն ու պահանջվող փաստաբանական վճարի չափը, առաջնորդվելով փաստաբանի վարձատրության գումարի փոխհատուցման չափը որոշելու` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմաններով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Տվյալ դեպքում, Վարդևան Պետրոսյանը սույն գործով ի շահ հայցվորի կատարել է ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված դատավարական գործողությունները, հետևաբար հաշվի առնելով գործի քննության տևողությունը, փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը, գործի բարդությունը, ելնելով վեճի էությունից և դրա առանձնահատկությունից, Վճռաբեկ դատարանը ողջամիտ է համարում վերոնշյալ պայմանագրով որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար նախատեսված 200.000 ՀՀ դրամը: Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ սույն գործով ներկայացվել է ընդհանուր 680.000 ՀՀ դրամի պահանջ, իսկ հայցը բավարարվում է մասնակի` 170.000 ՀՀ դրամի (680.000 ՀՀ դրամի 25 տոկոսի) չափով, Վճռաբեկ դատարանը հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը, գտնում է, որ սույն գործով Դատարանի, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների համար Վարդևան Պետրոսյանի խելամիտ վարձատրության գումարը բավարարված հայցապահանջի չափին համամասնորեն կազմում է 50.000 ՀՀ դրամ (200.000 ՀՀ դրամի 25 տոկոսը), որը ենթակա է Ծառայությունից բռնագանձման հօգուտ Վարդան Մարկոսյանի:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.01.2022 թվականի որոշումը մասնակիորեն` Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 09.09.2021 թվականի վճիռը մասնակիորեն` Վարդան Մարկոսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի 510.000 ՀՀ դրամ` որպես 2019 թվականի հուլիս ամսից մինչև 2019 թվականի դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածի համար փոխհատուցված գումար, բռնագանձելու պահանջի մասով անփոփոխ թողնելու մասով, բեկանել և փոփոխել` Վարդան Մարկոսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի 510.000 ՀՀ դրամ` որպես 2019 թվականի հուլիս ամսից մինչև 2019 թվականի դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածի համար փոխհատուցված գումար բռնագանձելու մասին պահանջը մերժել. մնացած մասով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.01.2022 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 10.200 ՀՀ դրամ` որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար սահմանված և հետաձգված պետական տուրքի գումար:
Վարդան Մարկոսյանից հօգուտ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության բռնագանձել 3.400 ՀՀ դրամ` որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար սահմանված և հետաձգված պետական տուրքի գումար:
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից հօգուտ Վարդան Մարկոսյանի բռնագանձել 15.300 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքը դատարան ներկայացնելու համար սահմանված և Վարդան Մարկոսյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից հօգուտ Վարդան Մարկոսյանի բռնագանձել 15.300 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքը դատարան ներկայացնելու համար սահմանված և Վարդան Մարկոսյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Մնացած մասով պետական տուրքի հարցը համարել լուծված:
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից հօգուտ Վարդան Մարկոսյանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության հատուցման ենթակա գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Գ. Հակոբյան
Զեկուցող` Է. Սեդրակյան
Ա. Աթաբեկյան
Ն. Հովսեփյան
Ս. Մեղրյան
Ա. Մկրտչյան
Վ. Քոչարյան
https://datalex.am:443/.app=AppCaseSearch&case_id=27303072741063201