Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ` ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ` ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

  ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ/8623/05/21

    Վարչական գործ թիվ ՎԴ/8623/05/21             2026 թ.

    Նախագահող դատավոր` Կ. Գևորգյան

  Դատավորներ`        Ա. Առաքելյան

                                     Գ. Սոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող` Հ. Բեդևյան

զեկուցող  Ռ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2026 թվականի փետրվարի 12-ին

գրավոր ընթացակարգով քննելով ««ՃԱՆՆԱԽԱԳԻԾ» ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՍՊ ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.05.2024 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի »»ՃԱՆՆԱԽԱԳԻԾ» ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՍՊ ընկերության (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին)` Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետի 21.06.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Ք/470-2021/1 որոշումը վերացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է վերացնել Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետի 21.06.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Ք/470-2021/1 որոշումը (այսուհետ նաև` Որոշում):

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 20.04.2023 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.05.2024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.04.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ` Սոնա Ֆարմանյան), որը ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 04.02.2025 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատը 31.10.2025 թվականին որոշում է կայացրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157.13-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածին համապատասխանության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին, ինչով պայմանավորված նույն օրվա որոշմամբ սույն գործի վարույթը կասեցրել է:

ՀՀ սահմանադրական դատարանի 02.12.2025 թվականի թիվ ՍԴԱՈ-182 որոշմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157.13-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 08.12.2025 թվականի որոշմամբ սույն վարչական գործի վարույթը վերսկսվել է:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և սխալ է կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին պարբերությունը, 32-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 157.13-րդ հոդվածը, 245-րդ, 251-րդ, 252-րդ և 279-րդ հոդվածները:

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ իրավաբանական անձը վարչական պատասխանատվության սուբյեկտ է միայն այն դեպքում, երբ օրենսդիրը դրսևորել է կամք` կոնկրետ իրավախախտման համար պատասխանատվություն սահմանելու նաև իրավաբանական անձի համար, որպիսի կամքն արտահայտվում է տվյալ զանցանքն ամրագրող նորմում իրավաբանական անձի համար պատասխանատվություն սահմանելու միջոցով: Հետևաբար, իրավաբանական անձը ենթակա է վարչական պատասխանատվության միայն այն դեպքում, երբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հատուկ մասում` կոնկրետ զանցանքն ամրագրող նորմում, պատասխանատվություն է սահմանված նաև իրավաբանական անձի համար: Բոլոր այն դեպքերում, երբ օրենսդիրը նման կամք չի դրսևորել, պատասխանատվության սուբյեկտը ֆիզիկական անձն է:

Սույն վարչական գործով Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետի վիճարկվող Որոշմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157.13-րդ հոդվածի հիման վրա վարչական պատասխանատվության է ենթարկվել Ընկերությունը, մինչդեռ իրավաբանական անձը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157.13-րդ հոդվածով չէր կարող հանդիսանալ վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտ և ենթարկվեր վարչական պատասխանատվության: Այսինքն` տվյալ պարագայում բացակայել է վարչական զանցակազմի տարրերից մեկը` սուբյեկտը, որի բացակայությունն ինքնին բացառում է վարչական զանցակազմի գոյությունը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Բացի այդ, ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած մի շարք դատական ակտերում, մասնավորապես` թիվ ՎԴ/10789/05/23 վարչական գործով 19.06.2024 թվականի, թիվ ՎԴ6/0201/05/22 վարչական գործով 07.11.2023 թվականի և թիվ ՎԴ6/0151/05/21 վարչական գործով 05.08.2022 թվականի դատական ակտերում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 9-14-րդ, 19-րդ և 32-րդ հոդվածներին տրվել է սույն գործով բողոքարկվող որոշմամբ նույն նորմերին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանություն, համաձայն որի` իրավաբանական անձը չի կարող լինել վարչական պատասխանատվության սուբյեկտ: Միևնույն ժամանակ համանման իրավական դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.05.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան դատարան նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Գյումրի համայնքի ղեկավարի կողմից 15.08.2019 թվականին տրված թիվ 115/4 նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) համաձայն` «Օբյեկտ` Սունդուկյան փողոցի հիմնանորոգում միջինից բարձր ռիսկայնության աստիճան` 3-րդ կատեգորիա նախագծային փաստաթղթերի մշակման համար.

Գտնվելու վայրը` ք. Գյումրի Սունդուկյան փողոց (Գորկու փողոցից Տերյան փողոց).

Կառուցապատող` Գյումրու համայնքապետարան.

(...) ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

9. Ճարտարապետահատակագծային պահանջներ. Մշակել Սունդուկյան փողոցի (Գորկու փողոցից Տերյան փողոց) երթևեկելի մասի հիմնանորոգման նախագիծ: Նախատեսել փողոցի երթևեկելի մասի ծածկույթի ասֆալտապատում, մայթերի ասֆալտապատում, այդ թվում նաև` մայթերի խախտված եզրաքարերի ուղղում և վերատեղադրում, վնասված եզրաքարերի փոփոխում. (...)» (գ.թ. 60-62).

2) Գյումրի համայնքի ղեկավարի կողմից 26.06.2020 թվականին տրված թիվ 36/20 շինարարության թույլտվության համաձայն` «Տրված է կառուցապատող Գյումրու համայնքապետարանին Սունդուկյան փողոցի (Գորկու փ.-ից մինչև Տերյան փ., երրորդ կատեգորիա) հիմնանորոգման աշխատանքների կատարման համար (...):

1. Օբյեկտի նախագծային փաստաթղթերը

1) մշակվել են «ՃԱՆՆԱԽԱԳԻԾ» ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՍՊԸ-ի /ՔՊԼ 16939/ կողմից. (...)» (գ.թ. 58-59).

3) Կառուցապատող Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի կողմից Գյումրի համայնքի ղեկավարին ներկայացված 29.06.2020 թվականի տեղեկանքի համաձայն` տեխնիկական հսկողությունն իրականացվելու է Ընկերության կողմից (գ.թ. 63).

4) Տեսչական մարմնի ղեկավարի 25.03.2021 թվականի «Ստուգում իրականացնելու մասին» հանձնարարագրով հանձնարարվել է.

«1. Ստուգում իրականացնել ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Սունդուկյան փողոց (Գորկու փողոցից մինչև Տերյան փողոց) հասցեում փողոցի հիմնանորոգման` քաղաքաշինության բնագավառում իրավական պահանջների կատարման և պահպանման վերաբերյալ (...)» (գ.թ. 32).

5) Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից 10.05.2021 թվականին կազմվել է «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտում(ներ) կատարելու վերաբերյալ» թիվ Ք/470-2021/1 արձանագրությունը, ըստ որի` «(...) Գյումրի, Սունդուկյան փողոցի (Գորկու փողոցից մինչև Տերյան փողոց) հատվածի հիմնանորոգման աշխատանքներ. (...)

Տեխնիկական հսկողություն իրականացնող ««ՃԱՆՆԱԽԱԳԻԾ» ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՍՊԸ-ի (...) ներկայացուցիչ Հայկ Նազարյան, կողմից թույլ տրված հետևյալ իրավախախտումների վերաբերյալ.

Շինարարական արտադրության և ընդունման նորմերի խախտումներ 2020 թվականի հոկտեմբեր - 2021 թվականի մայիս (...):

Թվով 6 թեքահարթակների լայնությունը նախագծով նախատեսված 90 սմ-ի փոխարեն 78 - 81 սմ է, որից մեկի վրա առկա է մետաղյա կանգնակ:

Փողոցի կմ0+320 հատվածներում թվով 2 թեքահարթակներ կառուցված չէ:

Փողոցի կմ0+190 - կմ0+300 հատվածում բազալտից եզրաքարերի ճակատների հետնամասերը կոտրվում են, արհեստականորեն ստեղծելով խոռոչներ, որոնք չեն բետոնացվում:

Շինարարության վարման մատյանն ընդհանրապես լրացված չէ:

Չեն ներկայացվել ծածկված աշխատանքների ընդունման ակտերը և բետոնի փորձարկումների ակտերը:

Վարման մատյանի համապատասխան թիվ 2.1 բաժնում տեխնիկական հսկիչի կողմից չկան համապատասխան գրառումներ թույլ տրված խախտումների վերաբերյալ:

Նշված խախտում(ներ)ի համար նախատեսվում է պատասխանատվություն` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթներով»:

Արձանագրության «Իրավախախտում կատարած անձի բացատրությունը» տողում առկա է հետևյալ գրառումը. «Տեխնիկական հսկողություն իրականացնող «ՃԱՆՆԱԽԱԳԻԾ» ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հայկ Նազարյանը հրաժարվեց արձանագրությունը ստորագրելուց» (գ.թ. 45-47).

6) Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից 11.06.2021 թվականին կազմված «Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության» թիվ Ք/470-2021/1 արձանագրության «Իրավախախտման նկարագրությունը» բաժնում նշված է հետևյալը.

«Փողոցի կմ0+180, կմ0+420 - կմ0+440, կմ0+560 հատվածներում թվով 6 թեքահարթակների լայնությունը նախագծով նախատեսված 90 սմ-ի փոխարեն 78 - 81 սմ է, որից մեկի վրա առկա է մետաղյա կանգնակ:

Փողոցի կմ0+320 հատվածներում թվով 2 թեքահարթակներ կառուցված չէ:

Փողոցի կմ0+190 - կմ0+300 հատվածում բազալտից եզրաքարերի ճակատների հետնամասերը կոտրվում են, արհեստականորեն ստեղծելով խոռոչներ, որոնք չեն բետոնացվում:

Վարման մատյանի համապատասխան թիվ 2.1 բաժնում տեխնիկական հսկիչի կողմից չկան համապատասխան գրառումներ թույլ տրված խախտումների վերաբերյալ»:

Նույն արձանագրության «Իրավախախտում կատարած և/կամ լիազորված անձի բացատրությունն իրավախախտման հետ կապված» բաժնում Ընկերության տնօրեն Դավիթ Քարտաշյանի կողմից տրվել է հետևյալ բացատրությունը. «որպես տեխ. հսկողության ներկայացուցիչ, թեքահարթակները նախագծային չափերով չկառուցելու մասին տեղեկացնում եմ, որ դեռևս շին. աշխատանքները չեն ավարտվել, առավել ևս չեն վճարվել, առկա թերությունները շին. աշխատանքների ժամանակ վերացվում են: Կմ 0+320-ում թվով 2 հարթակներ նախատեսված չեն: Եզրաքարերի խոչընդոտների մասով տեղամասի հսկիչի կողմից կազմված է անհամապատասխանության ակտ: Շին. վարման մատյանը կապալառուի կողմից չի ներկայացվել, որի մասին գրավոր տեղեկացվել է պատվիրատուն» (գ.թ. 64-65).

7) Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետի 21.06.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Ք/470-2021/1 որոշմամբ որոշվել է տեխնիկական հսկողություն իրականացնող` Ընկերությանը (տնօրեն` Դավիթ Քարտաշյան) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157.13-րդ հոդվածի հատկանիշներով ենթարկել վարչական պատասխանատվության` նրա նկատմամբ նշանակելով վարչական տույժ` տուգանք` 50.000 ՀՀ դրամ գումարի չափով (գ.թ. 72-74):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ՎԴ/10789/05/23, թիվ ՎԴ6/0201/05/22 և թիվ ՎԴ6/0151/05/21 վարչական գործերով ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած համապատասխանաբար 19.06.2024 թվականի, 07.11.2023 թվականի և 05.08.2022 թվականի դատական ակտերում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ և 14-րդ հոդվածները կիրառվել են հակասող մեկնաբանությամբ:

 

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

Վճռաբեկ դատարանը, օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ և 14-րդ հոդվածների միատեսակ կիրառությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով, հարկ է համարում անդրադառնալ իրավաբանական անձի` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իմաստով վարչական պատասխանատվության սուբյեկտ հանդիսանալու հարցին:

 

Նախևառաջ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում բացահայտել «վարչական իրավախախտում» հասկացության բովանդակությունը, որի սահմանումն ամրագրված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածով, այն է` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, պետության անվտանգության ապահովման, (...) քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոգրյալ իրավանորմում ամրագրվել է օրենքով նախատեսված այն հատկանիշների ամբողջությունը, որոնց առկայության դեպքում արարքը կարող է որակվել որպես զանցանք: Ըստ այդմ` վարչական իրավախախտման (զանցանքի) հատկանիշներն են. օբյեկտը, օբյեկտիվ կողմը, սուբյեկտը և սուբյեկտիվ կողմը:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում, բացահայտելով վարչական զանցակազմի տարրերը, արձանագրել է, որ վարչական զանցակազմը հետևյալ չորս տարրերի համակցությունն է` վարչական զանցանքի օբյեկտ (ոտնձգության առարկա հասարակական հարաբերությունները), վարչական զանցանքի օբյեկտիվ կողմ (զանցանքի բովանդակություն), վարչական զանցանքի սուբյեկտ (ֆիզիկական անձ, պաշտոնատար անձ) և վարչական զանցանքի սուբյեկտիվ կողմ (անձի հոգեբանական վերաբերմունքը արարքի և դրա հետևանքների նկատմամբ): Նշված տարրերից որևէ մեկի բացակայությունը բացառում է վարչական զանցակազմի առկայությունը (տե՛ս, Մերի Թևոսյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/4086/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.09.2024 թվականի որոշումը):

Մեկ այլ գործով անդրադառնալով զանցանքի սուբյեկտին` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ զանցանքի սուբյեկտն այն անձն է, ով կատարել է հակաօրինական այնպիսի արարք, որը նկարագրված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կամ այլ օրենքներում: Ընդ որում` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում սահմանված է այն անձանց շրջանակը, ովքեր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նկարագրված հակաօրինական արարք կատարելու համար ենթակա են վարչական պատասխանատվության:

Այսպես. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` վարչական պատասխանատվության ենթակա են այն անձինք, որոնց տասնվեց տարին լրացել է մինչև վարչական իրավախախտում կատարելու պահը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են պետության անվտանգության ապահովման, կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հատուկ մասում ներառված հոդվածներում նկարագրված վարչական իրավախախտումներից յուրաքանչյուր արարքի համար օրենսդիրն առանձնացրել է զանցանքի կոնկրետ սուբյեկտ, որի նկատմամբ կարող է նույն հոդվածների սանկցիայի շրջանակներում կիրառվել վարչական պատասխանատվություն: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի մի շարք հոդվածներ միաժամանակ նախատեսում են մեկից ավելի սանկցիաներ` մի դեպքում ֆիզիկական, մյուս դեպքում` իրավաբանական և պաշտոնատար անձանց, իսկ երրորդ դեպքում` անհատ ձեռնարկատիրոջ համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված մի շարք զանցանքների բովանդակությունը ներառում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս օրենքով կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված այնպիսի պարտականությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը, որոնց պատշաճ կատարման ապահովման պարտականությունը դրված է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտի վրա: Ընդ որում` եթե ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտն իրավաբանական անձն է, ապա այդ պարտականությունների կատարման ապահովումը մտնում է տվյալ իրավաբանական անձի ղեկավարի պաշտոնեական պարտականությունների մեջ (տե՛ս, անհատ ձեռնարկատեր Մանուկ Միրաքյանն ընդդեմ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թիվ ՎԴ2/0071/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.06.2025 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով ՀՀ վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ հարկ է համարում արձանագրել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հատուկ մասի մի շարք հոդվածներով վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտներ են դիտարկվել ֆիզիկական, իրավաբանական և պաշտոնատար անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը:

Նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ իրավաբանական անձի` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իմաստով պատասխանատվության սուբյեկտ համարվելու հարցին` այն դիտարկելով վարչական իրավախախտման (զանցանքի) պարտադիր հատկանիշ համարվող սուբյեկտիվ կողմի գնահատման շրջանակներում: Այսպես.

Վարչական իրավախախտման (զանցանքի) պարտադիր հատկանիշներից է սուբյեկտիվ կողմը` անձի հոգեբանական վերաբերմունքը արարքի և դրա հետևանքների նկատմամբ: Վարչական իրավախախտման (զանցանքի) սուբյեկտիվ կողմի հիմնական տարրը մեղքն է: Մեղքն անձի հոգեբանական վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի և դրա վտանգավոր հետևանքների նկատմամբ, որը դրսևորվում է դիտավորության կամ անզգուշության ձևով և հանդես է գալիս որպես զանցանքի սուբյեկտիվ կողմի հիմնական հատկանիշ: Իսկ մեղքի` որպես արարքի և դրա հետևանքների նկատմամբ ունեցած հոգեբանական վերաբերմունքի տարրերն են` գիտակցությունը և կամքը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հատուկ ընդգծել, որ միայն արարքի հակաիրավականության առկայությունը դեռ բավարար չէ անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Անհրաժեշտ է որոշել անձի մեղավորությունը կատարված իրավախախտման մեջ, քանի որ մեղքը ցանկացած տեսակի պատասխանատվության հիմնական պայմանն է և անվերապահորեն պետք է հաստատվի որևէ անձի` որպես վարչական պատասխանատվության սուբյեկտ դիտարկելու պարագայում:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ իրավաբանական անձի` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված վարչական պատասխանատվության սուբյեկտ հանդիսանալ/չհանդիսանալու հարցին անդրադարձել է ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մի շարք որոշումներով:

Մասնավորապես` նախկինում կայացրած որոշումներից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ իրավաբանական անձը չի կարող համարվել վարչական իրավախախտման սուբյեկտ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իմաստով և ենթարկվել պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով (տե՛ս, Արարատ Գինոսյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան թիվ 3-1698(ՏԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-րդ և 11-րդ հոդվածների բովանդակության վերլուծությունից հետևում է, որ վարչական պատասխանատվության կարող են ենթարկվել միայն ֆիզիկական անձինք: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի` իրավաբանական անձը չի կարող համարվել վարչական իրավախախտման սուբյեկտ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իմաստով և ենթարկվել պատասխանատվության նույն օրենսգրքով սահմանված կարգով (տե՛ս, Աշխատանքի պետական տեսչությունն ընդդեմ «Թովմասյան Համլետ» ՍՊԸ-ի թիվ 3-1787(ՏԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտը ոչ թե իրավաբանական անձն է, այլ այդ իրավաբանական անձի համապատասխան պաշտոնատար անձը: ՀՀ վճռաբեկ դատարանի նշված դատողությունը հիմնված է եղել այն իրողության վրա, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործող օրենսգրքով սահմանված վարչական պատասխանատվության սուբյեկտ կարող է լինել միայն ֆիզիկական անձը, այլ ոչ երբեք իրավաբանական անձը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործող օրենսգիրքը չի նախատեսում իրավաբանական անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորություն:

ՀՀ վճռաբեկ դատարանն իրավաբանական անձին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված վարչական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգի բացակայության պատճառով զանցակազմի սուբյեկտ է համարել ոչ թե իրավաբանական անձին, այլ դրա համապատասխան պաշտոնատար անձին (տե՛ս, Ռունար Սալիմուլլինն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/3166/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2019 թվականի որոշումը):

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ընդգծել նաև այն հանգամանքը, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը նույնպես վկայում է, որ որոշ երկրներում, որտեղ որպես վարչական պատասխանատվության սուբյեկտ իրավաբանական անձը ևս սահմանված է, կարևորվում է իրավախախտման մեջ մեղավորության հաստատման անհրաժեշտությունը, և այդ բոլոր երկրներում իրավաբանական անձի մեղքը հաստատվում է նրա պաշտոնատար անձանց կամ պատասխանատու անձանց մեղքի հաստատման և վերջիններիս վարչական պատասխանատվության ենթարկելու միջոցով:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հատուկ մասում առկա մի շարք հոդվածներ որպես պատասխանատվության սուբյեկտ հստակ նշում են իրավաբանական անձին, սակայն որևէ օրենսդրական ակտում և իրավաբանական անձի մեղքի հասկացությունը տրված չէ և միանշանակ է այն հանգամանքը, որ իրավաբանական անձի մոտ մեղքը` որպես սուբյեկտիվ կողմի հիմնական հատկանիշ, բացակայում է:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկման առարկա իրավիճակում առկա է իրավական հակասություն (իրավական կոլիզիա)` պայմանավորված այն հանգամանքով, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի ընդհանուր մասում ներառված կարգավորումներն արարքը վարչական իրավախախտում (զանցանք) որակելու և անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար, ի թիվս այլնի, պարտադիր ներառում են զանցանքի հատկանիշ համարվող սուբյեկտիվ կողմը` մեղքը, իսկ նույն օրենսգրքի հատուկ մասում զետեղված մի շարք հոդվածներում, որպես վարչական պատասխանատվության սուբյեկտ, նշված է իրավաբանական անձը, որի դեպքում, սակայն, մեղքը չի կարող առկա լինել: Հետևաբար Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նշված իրավական հակասությանը (իրավական կոլիզիային) և բացահայտել նշված կարգավորումները սահմանելու օրենսդրի իրական նպատակը: Այսպես.

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է նորմատիվ իրավական ակտի հանրային քննարկման, կարգավորման ազդեցության գնահատման, (...) ինչպես նաև իրավական հակասությունների (իրավական կոլիզիաների) և օրենսդրական բացերի դեպքում իրավական ակտերի նորմերի կիրառման, մեկնաբանման, պարզաբանման հետ կապված հարաբերությունները և օրենսդրական տեխնիկայի կանոնները:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև կոլիզիաների դեպքում, ըստ հերթականության, կիրառվում են հետևյալ կանոնները, ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ կանոնը կիրառվում է, եթե կիրառելի չէ նախորդ կանոնը`

1) ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմը.

2) ընդհանուր նորմի և հատուկ նորմի միջև կոլիզիաների դեպքում գործում է հատուկ նորմը, սակայն եթե նորմատիվ իրավական ակտն ունի ընդհանուր և հատուկ մասեր, ապա այդ մասերի նորմերի միջև կոլիզիայի դեպքում գործում են ընդհանուր մասի նորմերը.

3) ավելի ուշ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմերը.

4) ֆիզիկական և իրավաբանական անձանց համար բարենպաստ նորմատիվ իրավական ակտի նորմը, եթե այդ նորմի կիրառմամբ չեն շոշափվում այլ անձանց իրավունքները կամ օրինական շահերը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ իրավական ակտերի համապատասխան նորմերը ենթակա են մեկնաբանման և(կամ) պարզաբանման միայն այն դեպքում, երբ առկա է իրավական հակասություն (իրավական կոլիզիա) և(կամ) օրենսդրական բաց: Ընդ որում, նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանելիս պարտադիր պետք է հաշվի առնել նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով այդ նորմում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի կարգավորման համատեքստից:

Իրավական կոլիզիան օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված միևնույն կամ համանման հասարակական հարաբերությունները կարգավորող իրավական նորմերի հակասություն կամ անհամապատասխանությունն է (տարբերությունը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ եթե իրավակիրառ մարմինը հանդիպում է միմյանց հակասող նորմերի, ապա հարց է առաջանում, թե նա ինչ չափանիշներով (կանոններով) պետք է որոշի` որ իրավական նորմին նախապատվություն տալ: Իրավական կոլիզիաների լուծումը գտնվում է իրավունքի մեկնաբանման տիրույթում, այսինքն` իրավունքի մեկնաբանման տեսության շրջանակում մշակվել են մեկնաբանման որոշակի չափանիշներ, որոնց օգնությամբ իրավակիրառ մարմինը որոշում է միմյանց հակասող նորմերից որը կիրառել (կոլիզիոն մեկնաբանման կանոններ): Կոլիզիոն մեկնաբանման կանոններն իրավունքի մեկնաբանման տեսության կողմից մշակված տեսական բնույթի չափանիշներ են, որոնք թեև օժտված չեն պոզիտիվ-իրավական նորմատիվությամբ, սակայն դրանք պատմականորեն կիրառվել են որպես կոլիզիաները լուծելու միջոցներ:

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ կոլիզիոն նորմը կիրառելուց առաջ անհրաժեշտ է փորձել հաշտեցնել երկու պոտենցիալ հակասող նորմերի բովանդակությունը: Դա կատարվում է կիրառելով այն աքսիոման, որ կառավարությունը չէր կարող կամ դժվար թե ցանկանար ստեղծել երկու հակասող նորմ: Երկու նորմերը հաշտեցնելու համար պետք է ընդունվի այն մեկնաբանությունը, որը վերացնում է այդ հակասությունը: Եվ միայն այն դեպքում, երբ այդ մեկնաբանությունը ողջամիտ չէ, կարող են օգտագործվել կոլիզիոն նորմերի կիրառման նախապատվության կանոնները:

Հատկանշական է նաև, որ կոլիզիոն խնդրի էությունը հասկանալու և դրան լուծում տալու համար նախ անհրաժեշտ է հասկանալ` արդյոք առկա է տվյալ իրավիճակում իրավական նորմի կոլիզիա, թե` ոչ:

Այսպես, իրավական նորմի կոլիզիան կարող է դրսևորվել իրավական նորմերի դրույթների հակասության կամ անհամապատասխանության ձևով:

Իրավական նորմերի հակասության դեպքում «բախվում են» արգելող և լիազորող նորմերը, որոնք բացառում են մեկը մյուսին և հանդիսանում են բևեռային:

Իրավական նորմերի անհամապատասխանության դեպքում նորմերը միևնույն բնույթի են, սակայն ունեն տարբեր բովանդակություն, կամ առաջացնում են տարբեր հետևանքներ:

Ուստի, իրավական կոլիզիայի առկայության համար անհրաժեշտ է վերոհիշյալ երկու դրսևորումներից առնվազն մեկի առկայությունը (տե՛ս, «ՎԱՐՈ» ՍՊԸ-ի տնօրեն Վարազդատ Ուլիխանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/11023/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.06.2022 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառելի է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կանոնն այն մասով, համաձայն որի` եթե նորմատիվ իրավական ակտն ունի ընդհանուր և հատուկ մասեր, ապա այդ մասերի նորմերի միջև կոլիզիայի դեպքում գործում են ընդհանուր մասի նորմերը, քանի որ նշված կանոնին նախորդող` ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմը («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ) կիրառելու կանոնը տվյալ դեպքում կիրառելի չէ:

Հետևաբար նկատի ունենալով, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` իրավական հակասությունների (իրավական կոլիզիաների) լուծման կանոնները կիրառվում են ըստ հերթականության, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում գործում է հետևյալ կանոնը` եթե նորմատիվ իրավական ակտն ունի ընդհանուր և հատուկ մասեր, ապա այդ մասերի նորմերի միջև կոլիզիայի դեպքում գործում են ընդհանուր մասի նորմերը, և ըստ այդմ` վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի ընդհանուր մասի կարգավորումները, որոնք վարչական իրավախախտման (զանցանքի) բոլոր չորս հատկանիշները համարում են պարտադիր և դիտարկում են մեկ միասնության մեջ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերոգրյալում նկարագրված իրավական նորմերի անհամապատասխանության ձևով դրսևորվող իրավական կոլիզիան հաղթահարելու (հաշտեցնելու) և օրենսդրի իրական նպատակն ու կամաարտահայտությունը բացահայտելու համար, անհրաժեշտ է համարում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հատուկ մասի հոդվածներում իրավաբանական անձին` որպես պատասխանատվության սուբյեկտի նախատեսման վերաբերյալ կատարել հետևյալ մեկնաբանությունը.

Իրավաբանական անձին վարչական պատասխանատվության սուբյեկտների շարքում նախատեսելու հիմքում ընկած է օրենսդրի այն գաղափարը, որ զանցանքի պարտադիր հատկանիշ համարվող սուբյեկտիվ կողմը` մեղքը, իրավաբանական անձի կողմից կատարված վարչական իրավախախտման նկատմամբ նրա պատասխանատու ֆիզիկական անձի (գործադիր մարմնի ղեկավարի, տնօրենի) հոգեբանական վերաբերմունքն է, որի համար իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության: Այլ կերպ ասած` ի շահ կամ ի օգուտ իրավաբանական անձի կատարված իրավախախտման համար վարչական պատասխանատվության է ենթարկվում տվյալ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը, ում վրա օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ իրավաբանական անձի այլ ակտով կամ աշխատանքային պայմանագրով դրված են կոնկրետ պարտականություններ, որոնց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման արդյունքում թույլ է տրվել տվյալ վարչական իրավախախտումը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ իրավաբանական անձին վերագրվող ցանկացած իրավախախտում իրականում նրա մարմինների կամ անդամների կողմից կատարված արարք է, ինչը նշանակում է, որ դրանք, ըստ էության, կատարվում են կոնկրետ ֆիզիկական անձի կողմից: Ինչի արդյունքում գործադիր մարմնի ղեկավարին վարչական պատասխանատվության ենթարկելն իրավաչափ է, քանի որ գործադիր մարմնի ղեկավարը/տնօրենը ներկայացնում է իրավաբանական անձը և վերջինիս գործունեությունն ամենից առաջ կախված է նրանից:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի ընդհանուր և հատուկ մասերում նախատեսված կարգավորումների բովանդակության նման մեկնաբանությունը թույլ է տալիս հաղթահարել առաջացած իրավական հակասությունը (իրավական կոլիզիան):

Այսպիսով, վերոշարադրյալ իրավական նորմերի, իրավական դիրքորոշումների և մեկնաբանությունների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքը վարչական իրավախախտում (զանցանք) որակելու և վարչական պատասխանատվություն կիրառելու համար բոլոր դեպքերում պետք է միաժամանակ առկա լինեն զանցանքի բոլոր չորս հատկանիշները` օբյեկտը, օբյեկտիվ կողմը, սուբյեկտը և սուբյեկտիվ կողմը: Նշվածի արդյունքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի ընդհանուր մասում նախատեսված այս կարևորագույն կանոնի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նույն օրենսգրքի հատուկ մասի հոդվածներում, որպես վարչական պատասխանատվության սուբյեկտ, իրավաբանական անձը նշված լինելու դեպքերում վարչական պատասխանատվության պետք է ենթարկվի իրավաբանական անձի համապատասխան ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը` գործադիր մարմնի ղեկավարը` զանցանքի բոլոր չորս հատկանիշների առկայության դեպքում:

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Ընկերության կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է ամբողջությամբ վերացնել Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետի Որոշումը:

Դատարանը 20.04.2023 թվականի վճռով մերժել է հայցը, պատճառաբանելով որ` «(...) վարչական վարույթի նյութերով հաստատվում է հայցվորի կողմից իրավախախտում կատարելու փաստը: Հայցվոր ընկերության տնօրեն Դավիթ Քարտաշյանը վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ժամանակ ընդունել է, որ վարման մատյանը ներկայացված չի եղել, որի արդյունքում էլ գրառումներ չեն կատարվել, իսկ վիճարկվող վարչական ակտով հայցվորը պատասխանատվության է ենթարկվել հենց ստուգման ընթացքում հայտնաբերված թերությունների և խախտումների մասին աշխատանքների ընդհանուր մատյանում նկատողությունները և դիտողությունները չնշելու համար:

Վերը նշված փաստի մասին են վկայում նաև գործի նյութերում առկա հայցվոր ընկերության կողմից 14.07.2020, 15.09.2020 և 12.04.2021 թվականներին տրված գրությունները, որոնցով պահանջվել է ներկայացնել վարման մատյանները:

Իսկ սույն վարչական գործի քննության ընթացքում հայցվորի կողմից չի ներկայացվել էական նշանակություն ունեցող որևէ հիմնավորում, որի գնահատման ուժով հնարավոր կլիներ հաստատված համարել, որ պատասխանատվության է ենթարկվել ոչ իրավաչափորեն: Այսինքն վարչական վարույթում առկա են բավարար ապացույցներ առ այն, որ հայցվորի կողմից թույլ է տրվել իրավախախտում, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157.13-րդ հոդվածով:

Ամբողջ վերոգրյալի հիման վրա` Դատարանը գտնում է, որ վիճարկվող որոշումն իրավաչափ է, և առկա չեն այն անվավեր ճանաչելու հիմքերը»:

Դատարանի վճռի դեմ Ընկերությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որում ներկայացված հիմնավորումները վերաբերել են բացառապես Ընկերության` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157.13-րդ հոդվածով վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտ չհանդիսանալուն:

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով վերաքննիչ բողոքի նշված հիմքին, 17.05.2024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 20.04.2023 թվականի վճիռը թողել է անփոփոխ` այն պատճառաբանությամբ, որ «(...) առկա ապացույցներով հաստատվում է Գյումրու ճանապարհների հիմնանորոգման և արտաքին լուսավորության արդիականացման ծրագրի շրջանակներում (Սունդուկյան փողոց 36/20) շինարարական աշխատանքները «ՎԱՀԱԳՆ ԵՎ ՍԱՄՎԵԼ» ՍՊ ընկերության կողմից, իսկ դրանց ընթացքի նկատմամբ տեխնիկական հսկողությունն Ընկերության կողմից իրականացվելու հանգամանքը (...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Ընկերությունը, որպես Գյումրու ճանապարհների հիմնանորոգման և արտաքին լուսավորության արդիականացման ծրագրի շրջանակներում շինարարության ընթացքի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող, և ըստ այդմ, Օրենսգրքի 157.13-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման սուբյեկտ, օրենքով սահմանված կարգի խախտումներով տեխնիկական հսկողություն իրականացնելու համար իրավաչափորեն է ենթարկվել վարչական պատասխանատվության` անհիմն համարելով Ընկերության` Օրենսգրքի 157.13-րդ հոդվածով վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտ չհանդիսանալու վերաբերյալ բողոքաբերի ներկայացրած հիմնավորումները»:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` կառուցապատող Գյումրու համայնքապետարանի կողմից Սունդուկյան փողոցի (Գորկու փողոցից մինչև Տերյան փողոց, երրորդ կատեգորիա) հիմնանորոգման աշխատանքների կատարման համար Գյումրի համայնքի ղեկավարը 26.06.2020 թվականին տվել թիվ 36/20 շինարարության թույլտվությունը, որի համաձայն` օբյեկտի նախագծային փաստաթղթերը մշակող է հանդիսանում Ընկերությունը: Միևնույն ժամանակ կառուցապատող Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի կողմից Գյումրի համայնքի ղեկավարին ներկայացված 29.06.2020 թվականի տեղեկանքի համաձայն` տեխնիկական հսկողությունն իրականացնողը ևս Ընկերությունն է:

Տեսչական մարմնի ղեկավարի` 25.03.2021 թվականի «Ստուգում իրականացնելու մասին» հանձնարարագրի հիման վրա ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Սունդուկյան փողոց (Գորկու փողոցից մինչև Տերյան փողոց) հասցեում փողոցի հիմնանորոգման` քաղաքաշինության բնագավառում իրավական պահանջների կատարման և պահպանման վերաբերյալ իրականացված ստուգման արդյունքում Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից 10.05.2021 թվականին կազմվել է «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտում(ներ) կատարելու վերաբերյալ» թիվ Ք/470-2021/1 արձանագրությունը, որում, որպես տեխնիկական հսկողություն իրականացնող նշվել է Ընկերությունը:

Վերոգրյալ փաստերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ կառուցապատող Գյումրու համայնքապետարանի կողմից Սունդուկյան փողոցի (Գորկու փողոցից մինչև Տերյան փողոց, երրորդ կատեգորիա) հիմնանորոգման աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնելու պարտականությունը կրող սուբյեկտն է հանդիսացել հայցվոր Ընկերությունը, և Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետն Ընկերությանը դիտարկել է որպես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157.13-րդ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման համար վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտ և նույն հոդվածի սանկցիայի կիրառմամբ 21.06.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Ք/470-2021/1 որոշմամբ նրան ենթարկել է վարչական պատասխանատվության` վարչական տույժի` տուգանք` 50.000 ՀՀ դրամ գումարի չափով:

Վերոգրյալի համատեքստում` Վճռաբեկ դատարանը սույն գործի փաստական հանգամանքներով պայմանավորված հարկ է համարում անդրադառնալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157.13-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով պատասխանատվության կիրառման առանձնահատկություններին:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157.13-րդ հոդվածը ներառված է նույն օրենսգրքի` «Վարչական իրավախախտումներ քաղաքաշինության և բնակարանային-կոմունալ տնտեսության բնագավառում» վերտառությամբ 11-րդ գլխում, որի համաձայն` օրենքով սահմանված կարգի խախտումներով տեխնիկական հսկողություն իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում տեխնիկական հսկողություն իրականացնողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հստակեցնել խնդրո առարկա զանցանքի սուբյեկտին` հաշվի առնելով, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157.13-րդ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված արարքի համար վարչական պատասխանատվության ենթակա կոնկրետ սուբյեկտը` ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ կամ պաշտոնատար անձ կամ անհատ ձեռնարկատեր, ի տարբերություն այլ հոդվածների, նշված իրավանորմով հստակեցված չէ:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157.13-րդ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված արարքի համար վարչական պատասխանատվության սուբյեկտի հարցի լուծումն օրենսդիրը պայմանավորել է նրանով, թե կոնկրետ դեպքում ով է կրում օրենքով սահմանված կարգի պահպանմամբ տեխնիկական հսկողություն իրականացնելու պարտականությունը` անկախ նրանից, թե այդ պարտականությունը կրողը ֆիզիկական անձ է, իրավաբանական անձ է, պաշտոնատար անձ է, թե անհատ ձեռնարկատեր:

Վերոգրյալ իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ դրանում ամրագրված զանցանքի հատկանիշներն (տարրերն) են.

1. զանցանքի օբյեկտը` ՀՀ տարածքում քաղաքաշինական գործունեության սահմանված կարգի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունները,

2. զանցանքի սուբյեկտը` տեխնիկական հսկողություն իրականացնողը,

3. զանցանքի օբյեկտիվ կողմը` օրենքով սահմանված կարգի խախտումներով տեխնիկական հսկողություն իրականացնելը,

4. զանցանքի սուբյեկտիվ կողմը (մեղքը), որը կարող է դրսևորվել ինչպես դիտավորությամբ, այնպես էլ անզգուշությամբ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության (...), ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ իրավանորմի ուժով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157.13-րդ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված արարքի համար վարչական պատասխանատվության սուբյեկտին պարզելու համար վարչական մարմինը պետք է պարզի, թե կոնկրետ դեպքում ո՞վ է կրում օրենքով սահմանված կարգի պահպանմամբ տեխնիկական հսկողություն իրականացնելու պարտականությունը: Ըստ այդմ` եթե նշված պարտականության կրողն իրավաբանական անձն է, ապա այդ պարտականությունը չկատարելու համար, սույն որոշմամբ նշված իրավական դիրքորոշումների հիման վրա, վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտ է հանդիսանում տվյալ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը և ոչ երբեք` տվյալ իրավաբանական անձը, քանի որ իրավաբանական անձի մոտ չի կարող առկա լինել վարչական իրավախախտման (զանցանքի) պարտադիր հատկանիշներից մեկի` սուբյեկտիվ կողմի հիմք հանդիսացող մեղքը, որի արդյունքում իրավաբանական անձը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իմաստով չի հանդիսանում վարչական պատասխանատվության սուբյեկտ:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157.13-րդ հոդվածի խախտման համար որպես պատասխանատու սուբյեկտ նշված տեխնիկական հսկողություն իրականացնողի` տվյալ գործով իրավաբանական անձ հանդիսանալու և նույն հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտումը կատարած լինելու դեպքում պատասխանատվության ենթակա էր ոչ թե իրավաբանական անձը, այլ` վերջինիս գործադիր մարմնի ղեկավարը:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև հետևյալը.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները: Դատարանն անդրադառնում է նման իրավական փաստարկներին:

Տվյալ դեպքում բողոքաբերի կողմից, որպես իրավական փաստարկ, ի թիվս այլնի, վկայակոչվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-14-րդ, 19-րդ և 32-րդ հոդվածների վերաբերյալ սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշմամբ և թիվ ՎԴ/10789/05/23, թիվ ՎԴ6/0201/05/22 և թիվ ՎԴ6/0151/05/21 վարչական գործերով ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած համապատասխանաբար 19.06.2024 թվականի, 07.11.2023 թվականի և 05.08.2022 թվականի դատական ակտերում արտահայտված միմյանց հակասող մեկնաբանություններ տալու հանգամանքը:

Անդրադառնալով բողոքաբերի ներկայացրած վերոգրյալ փաստարկին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Թիվ ՎԴ/10789/05/23 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած 19.06.2024 թվականի վճռով ՀՀ վարչական դատարանը, վկայակոչելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածներում ամրագրված իրավակարգավորումները և թիվ 3-1698(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ վարչական պատասխանատվության կարող են ենթարկվել միայն ֆիզիկական անձինք, իսկ իրավաբանական անձը չի կարող համարվել վարչական իրավախախտման սուբյեկտ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իմաստով և ենթարկվել պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով, արձանագրել է, որ վիճարկվող որոշումներով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա վարչական պատասխանատվության է ենթարկվել «ՍԵԱՐՎԻ» ՍՊ ընկերությունը, մինչդեռ իրավաբանական անձը վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտ չէ, որպիսի պայմաններում վարչական ակտով հայցվորին վերագրվող վարչական իրավախախտման հիմնավորվածությանը, ինչպես նաև իրականացված վարչարարության իրավաչափությանն անդրադառնալու իրավական անհրաժեշտությունը բացակայում է:

Թիվ ՎԴ6/0201/05/22 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած 07.11.2023 թվականի վճռով ՀՀ վարչական դատարանը, վկայակոչելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածներում ամրագրված իրավակարգավորումները և թիվ 3-1698(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ վարչական պատասխանատվության կարող են ենթարկվել միայն ֆիզիկական անձինք, իսկ իրավաբանական անձը չի կարող համարվել վարչական իրավախախտման սուբյեկտ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իմաստով և ենթարկվել պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով, արձանագրել է, որ վիճարկվող որոշմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157.8-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա վարչական պատասխանատվության է ենթարկվել «Վանռուբին» ՍՊ ընկերությունը, մինչդեռ իրավաբանական անձը վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտ չէ, որպիսի պայմաններում վարչական ակտով հայցվորին վերագրվող վարչական իրավախախտման հիմնավորվածությանը, ինչպես նաև իրականացված վարչարարության իրավաչափությանն անդրադառնալու իրավական անհրաժեշտությունը բացակայում է:

Թիվ ՎԴ6/0151/05/21 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած 05.08.2022 թվականի վճռով ՀՀ վարչական դատարանը, վկայակոչելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-րդ, 11-րդ, 12-րդ և 14-րդ հոդվածներում ամրագրված իրավակարգավորումները և թիվ 3-1698(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ վարչական պատասխանատվության կարող են ենթարկվել միայն ֆիզիկական անձինք, իսկ իրավաբանական անձը չի կարող համարվել վարչական իրավախախտման սուբյեկտ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իմաստով և ենթարկվել պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով, արձանագրել է, որ այդ գործով վիճարկվող որոշմամբ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ վարչական տույժի է ենթարկվել «Վանպոլիմէդ» ՍՊԸ-ն, իսկ նույն հոդվածի սանկցիան չի նախատեսում վարչական պատասխանատվության կիրառում անմիջապես իրավաբանական անձի նկատմամբ, ուստի այդ մասով վիճարկվող վարչական ակտը հանդիսանում է առ ոչինչ, քանզի «Վանպոլիմէդ» ՍՊԸ-ի վրա դրվել է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157.13-րդ հոդվածի դիսպոզիցիային, արձանագրել է, որ քննարկվող հոդվածով օրենսդիրը վարչական պատասխանատվություն է նախատեսել օրենքով սահմանված կարգի խախտումներով տեխնիկական հսկողություն իրականացնելու համար, իսկ զանցանքի սուբյեկտը տեխնիկական հսկողություն իրականացնողն է` անկախ վերջինիս իրավաբանական անձի կարգավիճակից:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավաբանական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու գործերով դատական պրակտիկան ընթացել է հետևյալ ուղղություններով.

1. վարչական պատասխանատվության սուբյեկտ կարող են հանդիսանալ ֆիզիկական և պաշտոնատար անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը,

2. վարչական պատասխանատվության սուբյեկտ կարող է հանդիսանալ իրավաբանական անձը` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված այն իրավախախտումների դեպքում, որոնց կատարման համար վարչական պատասխանատվությունն ուղղակի նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով,

3. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իմաստով իրավաբանական անձը չի հանդիսանում վարչական պատասխանատվության սուբյեկտ:

Վճռաբեկ դատարանը, իրացնելով օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու լիազորությունը, գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իմաստով իրավաբանական անձը չի հանդիսանում վարչական պատասխանատվության սուբյեկտ: Արարքը վարչական իրավախախտում (զանցանք) որակելու և վարչական պատասխանատվություն կիրառելու համար բոլոր դեպքերում պետք է միաժամանակ առկա լինեն զանցանքի բոլոր չորս հատկանիշները, ուստի այն բոլոր դեպքերում, երբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իմաստով որպես վարչական պատասխանատվության սուբյեկտ նշված է իրավաբանական անձը, ապա վարչական պատասխանատվության պետք է ենթարկվի իրավաբանական անձի համապատասխան ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը` գործադիր մարմնի ղեկավարը` զանցանքի բոլոր չորս հատկանիշների առկայության դեպքում:

Վճռաբեկ դատարանը, արժևորելով օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու իր սահմանադրական առաքելությունը, անհրաժեշտ է համարում նշել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ և 14-րդ հոդվածները ենթակա են կիրառման սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանի կողմից նշված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, ինչն էական նշանակություն կունենա առանձին զանցանքների դեպքերում վարչական պատասխանատվության սուբյեկտի ճիշտ որոշման և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի կանոններին համապատասխան վերջինիս պատասխանատվության ենթարկելու հարցում:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում Ընկերությանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157.13-րդ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման համար վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտ դիտարկելու և նույն հոդվածի սանկցիայի շրջանակներում նրա նկատմամբ վարչական պատասխանատվության կիրառման ենթակա լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը, ուստի, առկա են բավարար հիմքեր «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետի 21.06.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Ք/470-2021/1 որոշումն անվավեր ճանաչելու համար:

 

Արդյունքում, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության կողմից վճռաբեկ բողոքի համար նախապես վճարվել է 30.000 ՀՀ դրամ, մինչդեռ վճարման էր ենթակա 20.000 ՀՀ դրամ, ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով ավել վճարված պետական տուրքի գումարը` 10.000 ՀՀ դրամը, ենթակա է վերադարձման Ընկերությանը:

Միաժամանակ հաշվի առնելով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որի արդյունքում հայցադիմումը ևս ենթակա է բավարարման, իսկ Ընկերության կողմից հայցադիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների ներկայացման համար, որպես դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ծախս, վճարվել է համապատասխանաբար` 4.000 ՀՀ դրամ, 10.000 ՀՀ դրամ և 20.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիման վրա, ենթակա են հատուցման Տեսչական մարմնի կողմից:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.05.2024 թվականի որոշումը և այն փոփոխել. ««ՃԱՆՆԱԽԱԳԻԾ» ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՍՊ ընկերության հայցն ընդդեմ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետի 21.06.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Ք/470-2021/1 որոշումը վերացնելու պահանջի մասին, բավարարել.

Վերացնել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետի 21.06.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Ք/470-2021/1 որոշումը:

2. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հօգուտ ««ՃԱՆՆԱԽԱԳԻԾ» ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՍՊ ընկերության բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Հ. Բեդևյան

Զեկուցող  Ռ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ administrative-cases/3136

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.02.2026
N ՎԴ/8623/05/21
Որոշում