040.0248.150316
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հունվարի 2016 թվականի N 248-Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 237-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մաքսային փորձաքննության համար մասնագետների և փորձագետների ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից վարձատրության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(նախաբանը փոփ. 11.05.2023 թիվ 723-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2016 թվականի հունվարի 20-ի
N 248-Ն որոշման
ԿԱՐԳ
ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային փորձաքննության համար մասնագետների և փորձագետների ծառայությունների դիմաց վարձատրության (կատարված ծախսերի փոխհատուցման) կարգի հետ կապված հարաբերություններն այն դեպքում, երբ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 389-րդ հոդվածին համապատասխան` այդպիսի ծառայությունների դիմաց վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
(1-ին կետը փոփ. 11.05.2023 թիվ 723-Ն որոշում)
2. Մաքսային փորձաքննության համար մասնագետների և փորձագետների ծառայությունների դիմաց վարձատրությունը (կատարված ծախսերի փոխհատուցումը) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից (այսուհետ` կոմիտե):
(2-րդ կետը փոփ. 11.05.2023 թիվ 723-Ն որոշում)
3. Մաքսային փորձաքննության համար մասնագետների և փորձագետների ծառայությունների դիմաց վարձատրությունը (կատարված ծախսերի փոխհատուցումը) իրականացվում է մասնագետի կամ փորձագետի կողմից կոմիտե ներկայացված դիմումի հիման վրա, որում նշվում են հետևյալ տեղեկությունները`
1) դիմումատուի անունը, ազգանունը, հայրանունը.
2) դիմումատուի անձնագրային տվյալները.
3) դիմումատուի փաստացի բնակության վայրը.
4) դիմումատուի կողմից ծառայությունների մատուցմամբ պայմանավորված ծախսերի տեսակները և չափերը.
5) դրամական միջոցների փոխանցման համար բանկային հաշվի վավերապայմանները:
(3-րդ կետը փոփ. 11.05.2023 թիվ 723-Ն որոշում)
4. Դիմումին կցվում են մասնագետի կողմից իրականացված գործողությունների արդյունքների մասին փաստաթուղթը կամ փորձագետի եզրակացությունը, մատուցված ծառայությունների գծով ծախսերի կատարումը հավաստող փաստաթղթերը և դիմումատուի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի կրկնօրինակը:
5. Դիմումը կոմիտեի կողմից ուսումնասիրվում է այն ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
(5-րդ կետը փոփ. 11.05.2023 թիվ 723-Ն որոշում)
6. Կոմիտեն մաքսային փորձաքննության համար մասնագետների և փորձագետների ծառայությունների դիմաց վարձատրությունը (կատարված ծախսերի փոխհատուցումը) մերժում է այն դեպքում, երբ սույն կարգի 3-րդ և 4-րդ կետում նշված տեղեկությունները և փաստաթղթերն էական թերի են և (կամ) ակնհայտ կեղծ` բացառությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով ամրագրված դեպքերի` մերժման հիմքերի մասին սույն կարգի 5-րդ կետում նշված ժամկետում տեղեկացնելով դիմումատուին:
(6-րդ կետը փոփ. 11.05.2023 թիվ 723-Ն որոշում)
7. Դիմումի մեջ նշված բանկային հաշվին միջոցների փոխանցումը իրականացվում է սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ժամկետում դիմումի ուսումնասիրությունից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում:
(7-րդ կետը փոփ. 11.05.2023 թիվ 723-Ն որոշում)