ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական թիվ ԵԴ/42898/02/21
դատարանի որոշում 2025 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/42898/02/21
Նախագահող դատավոր` Դ. Սերոբյան
Դատավորներ` Գ. Խաչատրյան
Ն. Բարսեղյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող` Գ. Հակոբյան
զեկուցող` Ն. Հովսեփյան
Ս. Մեղրյան
Ա. Մկրտչյան
Է. Սեդրակյան
Վ. Քոչարյան
2025 թվականի հոկտեմբերի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Վիոլա, Սուրեն և Նարինե Օհանյանների (այսուհետ` Համահայցվորներ) հայցի ընդդեմ Կարինե Կարապետյանի ու Կառլեն Ալեքսանյանի` իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.11.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Համահայցվորների բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են պարտավորեցնել Կարինե Կարապետյանին ու Կառլեն Ալեքսանյանին վերականգնել *****(1) հասցեում գտնվող 33,3 քմ մակերեսով ավտոտնակով զբաղեցված 39 քմ մակերեսով բնակելի կառուցապատման նշանակության հողամասով անցնող Համահայցվորների ջրամատակարարումն ապահովող խողովակաշարը և ջրաչափը` ապահովելով Համահայցվորների բնակելի տուն պատշաճ ջրամատակարարման հնարավորությունը:
____________________
1) Առկա է անձնական տվյալ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 07.08.2024 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.11.2024 թվականի որոշմամբ Համահայցվորների բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Համահայցվորները (ներկայացուցիչ Կարեն Հակոբյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ ու 371-րդ հոդվածները:
Բողոք բերած անձինք նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը, անտեսելով բողոքաբերների կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, արձանագրել է, որ իրենց կողմից չի ներկայացվել վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը վերականգնելու միջնորդություն, և, այդ հիմքով բողոքը վերադարձնելով, սահմանափակել է իրենց արդար դատաքննության իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են վերացնել Վերաքննիչ դատարանի 14.11.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ ու 371-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ գործի քննության ընթացքում ներկայացվող միջնորդությունների քննարկման և լուծման հարցին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Եվրոպական դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ պետության կողմից սահմանված` բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայց և այնպես այդ կանոններն ու դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս, Magomedov and others v Russia գործով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները (տե՛ս «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ն ընդդեմ «ՍԱԳ» Արտադրական կոոպերատիվի թիվ ԵԴ/17246/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.10.2023 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռի, (...) դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն` միջնորդություններ անելու, (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին:
Վերը նշված իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ քաղաքացիական դատավարությունում գործին մասնակցող անձինք, ի թիվս այլնի, ունեն դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք, որը դատարանի կողմից վճիռ կայացվելու դեպքում կարող է իրականացվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում: Ընդ որում, դատական ակտը բողոքարկելու դատավարական ժամկետը բաց թողնելու դեպքում գործին մասնակցող անձն իրավունք ունի հարուցելու միջնորդություն` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ:
Միաժամանակ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին օրենսդիրն իրավունք է վերապահել վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերադարձնելու վերաքննիչ բողոքը, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին: Ընդ որում, միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով օրենքով սահմանված ժամկետն անցնելուց հետո դատական ակտի բողոքարկման հնարավորության հարցին, իր որոշումներից մեկում արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի արգելում անձին վերաքննիչ բողոք բերելու ժամկետը լրանալուց հետո ներկայացնել բողոք և միաժամանակ միջնորդություն` բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, իսկ դատավարական ժամկետի խախտումն ինքնին բավարար չէ վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար, քանի որ վերաքննիչ դատարանը համապատասխան միջնորդության առկայության դեպքում պարտավոր է անդրադառնալ այդ միջնորդությանը, որի քննարկման արդյունքում որոշում կայացնելուց հետո միայն որոշել վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ վարույթ ընդունելու հարցը (տե՛ս Ալբերտ Սուքիասյանն ընդդեմ «Ջեներալ Տրանսուորլդ ՄՔ» ՓԲԸ-ի թիվ ԵՇԴ/0438/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.03.2010 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով գործի քննության ընթացքում ներկայացվող միջնորդությունների քննարկման և լուծման հարցին, փաստել է, որ շահագրգիռ անձը, իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս դատավարական օրենքով նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Այսինքն` դատավարության մասնակցի միջնորդություն հարուցելու իրավունքին համապատասխանում է տվյալ հարցով որոշում կայացնելու դատարանի պարտականությունը: Դատարանի որոշմանը ներկայացվող պարտադիր պահանջ է քննարկվող հարցի վերաբերյալ համապատասխան եզրահանգումը, հետևաբար, այդպիսի եզրահանգման բացակայության պայմաններում բացակայում է նաև դատարանի որոշումը, ինչի արդյունքում խախտվում է անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե՛ս «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 07.08.2024 թվականի վճռով Համահայցվորների հայցը մերժվել է (հատոր 3-րդ, գ. թ. 45-55):
Դատարանի 07.08.2024 թվականի վճռի դեմ Համահայցվորների ներկայացուցիչ Կարեն Հակոբյանը 01.10.2024 թվականին փոստային ծառայությանն հանձնելու միջոցով ներկայացրել է վերաքննիչ բողոք` միաժամանակ միջնորդելով հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը (հատոր 3-րդ, գ. թ. 69-78):
Վերաքննիչ դատարանի 14.11.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Դատարանի 07.08.2024 թվականի վճռի դեմ Համահայցվորների վերաքննիչ բողոքը վերադարձվել է` այն պատճառաբանությամբ, որ «(...) Դատարանի 07.08.2024թ. թվագրված վճիռը դատական իշխանության դատական տեղեկատվական համակարգում հրապարակված լինելով 19.08.2024թ., դրա դեմ վերաքննիչ բողոք բերելու դատավարական ժամկետը սկսել է հոսել 20.08.2024թ., որպիսի պայմաններում բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոք կարող էր ներկայացվել մինչև 20.09.2024թ. ներառյալ, սակայն վերաքննիչ բողոքը ներկայացվել է միայն 01.10.2024թ., այսինքն` վերաքննիչ բողոքը ներկայացվել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մեկամսյա ժամկետի խախտմամբ և չի պարունակում բացթողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, որը հիմք է վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար»:
Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և սույն գործի փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները իրավաչափ չեն, քանի որ չեն բխում գործի փաստական հանգամանքներից: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը Համահայցվորների ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ վերջիններս, բաց թողնելով օրենքով նախատեսված ժամկետը, չեն միջնորդել այն հարգելի համարել և վերականգնել: Մինչդեռ, Համահայցվորների ներկայացրած վերաքննիչ բողոքի «Գործի դատավարական նախապատմությունը և միջնորդություն` վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետի բաց թողնումը հարգելի համարելու հիմքերը» ենթավերնագիրը կրող ներածական մասում պարունակվում է վերաքննիչ բողոք բերելու համար նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարելու միջնորդություն հետևյալ բովանդակությամբ. «Սույն վերաքննիչ բողոքը ներկայացնելու բացթողնված ժամկետը համարել հարգելի, վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ և բավարարել, այն է` ամբողջությամբ բեկանել ԵԴ/42898/02/21 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 07.08.2024թ. վճիռը և փոփոխել, այն է` հայցն ամբողջությամբ բավարարել»:
Ուստի, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը, փաստորեն, միջնորդության առկայության պայմաններում չի անդրադարձել դրան, ինչի արդյունքում բողոք բերած անձինք զրկվել են օրենքով նախատեսված ժամկետը լրանալուց հետո դատական ակտը բողոքարկելու իրավունքից, քանի որ, ինչպես արդեն արձանագրվեց, օրենքով նախատեսված ժամկետը լրանալուց հետո դատական ակտը բողոքարկելու իրավունքը հնարավոր է իրականացնել միայն համապատասխան միջնորդություն ներկայացնելու դեպքում, իսկ ներկայացված միջնորդությունը դատարանի կողմից չքննվելու արդյունքում խախտվում է այդ իրավունքի բուն էությունը:
Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 07.08.2024 թվականի որոշմամբ Համահայցվորները զրկվել են իրենց իրավունքների պաշտպանության նպատակով դատարան դիմելու և դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ու հրապարակային դատաքննության իրավունքից: Հետևաբար, վերջիններիս իրավունքների ապահովման նպատակով Վերաքննիչ դատարանի կողմից վերը նշված միջնորդությունը քննելու համար սույն գործը ենթակա է նոր քննության:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 14.11.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.11.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Գ. Հակոբյան
Զեկուցող` Ն. Հովսեփյան
Ս. Մեղրյան
Ա. Մկրտչյան
Է. Սեդրակյան
Վ. Քոչարյան
https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=45880421204205360