Սեղմել Esc փակելու համար:
{05.12.2015 - 01.01.2018} ՀԱՅԱՍՏԱՆԻ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{05.12.2015 - 01.01.2018} ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.12.2015  -ից մինչեւ   01.01.2018  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

05.12.2015 - 01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
30 հունիսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ` Կենտրոնական բանկ) պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է: Կենտրոնական բանկը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

2. Կենտրոնական բանկը միասնական կենտրոնացված համակարգ է, որը ներառում է բանկի գլխավոր գրասենյակը և տարածքային ստորաբաժանումները: Կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակի գտնվելու վայրը Երևան քաղաքն է:

3. Կենտրոնական բանկի տարածքային ստորաբաժանումները նրա մասնաճյուղերն ու ներկայացուցչություններն են: Կենտրոնական բանկը և նրա տարածքային ստորաբաժանումներն ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանով և իրենց անվանումով կնիք:

4. Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրագործելու նպատակով կարող է իր անունից`

- կնքել պայմանագրեր, ձեռք բերել իրավունքներ, ստանձնել պարտավորություններ, այդ թվում` վերցնել վարկեր.

- հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող.

- սույն օրենքով նախատեսված դեպքերում ձեռք բերել, տիրապետել, օգտագործել և օտարել գույք, գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ:

5. Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից:

6. Կենտրոնական բանկը և կառավարությունը միմյանց պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում, եթե այդպիսիք չեն ստանձնել:

(1-ին հոդ. փոփ. 08.12.05 ՀՕ-245-Ն օրենք)

 

i
Հոդված 2. Կենտրոնական բանկի իրավասությունը

 

1. Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրագործելու նպատակով իրականացնում է օրենքով իրեն վերապահված լիազորություններ:

2. Կենտրոնական բանկը վարում է իր ակտերի գրանցումների մատյանը:

i

3. Կենտրոնական բանկն իր իրավասության սահմաններում ընդունում է նորմատիվ, ներքին և անհատական բնույթի իրավական ակտեր:

Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է նորմատիվ և անհատական որոշումներ, իսկ Կենտրոնական բանկի նախագահը` անհատական և ներքին իրավական ակտեր` որոշումներ ու կարգադրություններ:

4. Կենտրոնական բանկի ընդունած կարգավորման ռեժիմը խստացնող, լրացուցիչ կամ ավելի խիստ պատասխանատվություն սահմանող նորմատիվ բնույթի ակտերը հետադարձ ուժ չունեն:

(2-րդ հոդ. փոփ. 03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)

 

Հոդված 3. Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերի գրանցումը և հրապարակումը

(3-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.04.2004 թվականից` 03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)

 

i
Հոդված 4. Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում գների կայունությունն ապահովելն է: Իր հիմնական խնդիրն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկի գործառույթն է հանդիսանում գների կայունության ապահովմանն ուղղված միջոցների ձեռնարկումը: Իր հիմնական խնդիրն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկը մշակում, հաստատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը:

2. Եթե Կենտրոնական բանկի մյուս խնդիրները հակասում են իր հիմնական խնդրին, Կենտրոնական բանկն առաջնություն է տալիս հիմնական խնդրին և ղեկավարվում է դրա իրագործման անհրաժեշտությամբ:

(4-րդ հոդ. փոփ. 25.12.06 ՀՕ-36-Ն օրենք)

 

i
Հոդված 5. Կենտրոնական բանկի խնդիրները

 

1. Կենտրոնական բանկի խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունության և բնականոն գործունեության ապահովումը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության, իրացվելիության, վճարունակության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը.

բ) գործուն վճարահաշվարկային համակարգ ստեղծելն ու զարգացնելը.

գ) Հայաստանի Հանրապետության արժույթի թողարկումը, դրամաշրջանառության կազմակերպումը և կարգավորումը.

դ) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կազմակերպումն ու կարգավորումը.

ե) արժեթղթերում ներդրողների պաշտպանության, շուկայում արժեթղթերի արդար գնագոյացման համակարգի ձևավորման ու պահպանման, արժեթղթերի արդար, թափանցիկ և վստահելի շուկայի կանոնակարգված և բնականոն գործունեության և զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.

զ) ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:

i

2. Իր խնդիրներն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկը սույն օրենքով սահմանված կարգով`

ա) իրականացնում է կառավարության բանկային սպասարկումը.

բ) հանդիսանում է կառավարության ֆինանսական գործակալն ու խորհրդատուն.

գ) լիցենզավորում է բանկերը, օրենքով նախատեսված դեպքերում` նաև այլ անձանց, կազմակերպություններին ճանաչում է որպես ֆինանսական խումբ կարգավորում և վերահսկում է դրանց գործունեությունը.

դ) որպես վերջին ատյանի վարկատու վարկեր է տրամադրում բանկերին.

ե) կարգավորում և վերահսկում է վճարահաշվարկային համակարգի, այդ թվում` վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների, որոնք բանկ չեն, գործունեությունը.

զ) տիրապետում, օգտագործում և տնօրինում է Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները.

է) իրականացնում է դրամավարկային և ֆինանսական համակարգի վիճակագրության հավաքագրումը, ամփոփումը և հրապարակումը.

ը) իրականացնում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումը, համակարգումն ու վերլուծությունը, տեղեկությունների փոխանակումը և տրամադրումը ներպետական իրավասու մարմիններին և միջազգային կազմակերպություններին, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում` նաև այլ պետությունների իրավասու մարմիններին:

(5-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243, 29.05.02 ՀՕ-371-Ն, 14.12.04 ՀՕ-17-Ն, 08.12.05 ՀՕ-245-Ն, 26.05.08 ՀՕ-83-Ն, 17.06.08 ՀՕ-132-Ն, 12.11.15 ՀՕ-133-Ն օրենքներ)

 

i
Հոդված 6. Դրամավարկային քաղաքականության ծրագրերը

 

1. Եռամսյակը մեկ անգամ Կենտրոնական բանկը հաջորդ 12 ամիսների համար հրապարակում է դրամավարկային քաղաքականության ծրագիր, որը կրում է ուղեցուցային բնույթ:

2. Դրամավարկային քաղաքականության ծրագրերը ներառում են`

ա) գնաճի կանխատեսումները.

բ) դրամավարկային քաղաքականության ուղղությունները.

գ) օրենքով սահմանված խնդիրների իրականացման համար Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած անհրաժեշտ այլ դրույթներ:

3. Կենտրոնական բանկը յուրաքանչյուր տարի` մինչև մայիսի 1-ը, Ազգային ժողով է ուղարկում և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետում Ազգային ժողովի նիստում ներկայացնում է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հաստատված դրամավարկային քաղաքականության ծրագիրը:

(6-րդ հոդ. փոփ. 18.03.98 ՀՕ-209, 25.12.06 ՀՕ-36-Ն, 30.04.09 ՀՕ-114-Ն օրենքներ)

 

Հոդված 7. Պետական մարմինների հետ համագործակցությունը

 

1. Իր խնդիրներն իրականացնելիս Կենտրոնական բանկը համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ:

2. Կենտրոնական բանկի նախագահը կամ նրա տեղակալները պարբերաբար պարզաբանումներ կամ բացատրություններ են տալիս Ազգային Ժողովին և նրա հանձնաժողովներին` Կենտրոնական բանկի քաղաքականության մասին:

3. Կենտրոնական բանկը մասնակցում է կառավարության տնտեսական և ֆինանսական ծրագրերի մշակմանը, ինչպես նաև աջակցում է դրանց իրականացմանը, եթե դա չի հակասում Կենտրոնական բանկի խնդիրներին: Դրամավարկային քաղաքականության ծրագրի մշակման ընթացքում Կենտրոնական բանկը խորհրդակցում է կառավարության հետ:

i

4. Կենտրոնական բանկի նախագահը կարող է խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել կառավարության բաց նիստերին և գրավոր կարծիք ներկայացնել քննարկվող հարցերի վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչը կարող է խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել Կենտրոնական բանկի խորհրդի բաց նիստերին և գրավոր կարծիք ներկայացնել քննարկվող հարցերի վերաբերյալ:

(7-րդ հոդ. փոփ. 12.11.15 ՀՕ-133-Ն օրենք)

 

Հոդված 8. Միջազգային համագործակցությունը

 

Կենտրոնական բանկն իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային ֆինանսական կազմակերպություններում, միջազգային և օտարերկրյա բանկերում, ինչպես նաև այլ երկրների կենտրոնական և այլ բանկերի հետ հարաբերություններում, օրենքով սահմանված կարգով կնքում է միջազգային պայմանագրեր:

Կենտրոնական բանկն իրավունք ունի համագործակցելու արժեթղթերի շուկայի օտարերկրյա կարգավորողների հետ: Այդ համագործակցությունը ներառում է կարգավորման առարկային վերաբերող տեղեկություններ հայթայթելն ու փոխանակելը, ինչպես նաև նման տեղեկություններ ստանալուն աջակցելը: Կենտրոնական բանկն իրավունք ունի օրինական հիմքով իր տիրապետմանն անցած տեղեկությունները փոխանցելու այդ մարմիններին` պայմանով, որ դրանց փոխանցումն օրենքին չի հակասում, փոխանցումից հետո կպահպանվի դրանց` օրենքով սահմանված գաղտնիության ռեժիմը, և այդ տեղեկությունները կօգտագործվեն բացառապես օրենքի խախտումները կանխելու կամ հետապնդելու նպատակով: Նման համագործակցության նպատակով Կենտրոնական բանկն իրավունք ունի ստեղծելու տեղեկատվության փոխանակման համակարգեր կամ իր անունից մասնակցելու դրանց, մասնավորապես, ստորագրելու հուշագրեր և այլ համաձայնագրեր, որոնք ընդամենը կսահմանեն փոխանակման ենթակա տեղեկությունների կազմը, դրանց փոխանակման կարգն ու պայմանները:

(8-րդ հոդ. փոփ. 11.10.07 ՀՕ-200-Ն օրենք)

 

i
Հոդված 9. Ավանդային և վարկային գործառնությունները

 

1. Կենտրոնական բանկը կարող է դրամով կամ արտարժույթով ցպահանջ կամ ժամկետային ավանդներ ընդունել կամ նյութական արժեքներ ի պահ ընդունել միայն Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից և բանկերից, օտարերկրյա պետությունների կենտրոնական և այլ բանկերից, միջազգային ֆինանսական և վարկային կազմակերպություններից, իսկ բացառիկ դեպքերում` Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, նաև այլ անձանցից, այնպես էլ նրանց հանձնարարությամբ կամ համաձայնությամբ տիրապետել և օգտագործել ավանդներն ու նյութական արժեքները:

2. Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրագործելու նպատակով կարող է միջազգային ֆինանսական կազմակերպություններից, այլ պետությունների կառավարություններից, կենտրոնական և առաջնակարգ այլ բանկերից ստանալ վարկեր:

(9-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243 օրենք)

 

Հոդված 10. Բաց շուկայական գործառնությունները

 

1. Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականություն իրականացնելու նպատակով սույն օրենքով սահմանված կարգով կարող է ֆինանսական շուկայում ձեռքբերել և օտարել ինչպես պետական, այնպես էլ հուսալի այլ արժեթղթեր:

2. Կենտրոնական բանկը չի կարող առաջնային տեղաբաշխման ընթացքում իր հաշվին ձեռքբերել Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր: Պետական արժեթղթերի առաջնային տեղաբաշխման ընթացքում Կենտրոնական բանկը կարող է ձեռքբերել դրանք այլ պետությունների Կենտրոնական կամ առաջնակարգ բանկերի հանձնարարությամբ և նրանց հաշվին:

3. Ելնելով իր հիմնական խնդրից` Կենտրոնական բանկը բաց շուկայական գործառնություններ իրականացնելու նպատակով կարող է թողարկել կարճաժամկետ` մինչև մեկ տարի մարման ժամկետով արժեթղթեր` կառավարության լիազորված մարմնի հետ համաձայնեցված կարգով:

(10-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243 օրենք)

 

ԳԼՈՒԽ 2
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 11. Կենտրոնական բանկի կապիտալը

 

1. Կենտրոնական բանկի կապիտալը ներառում է կանոնադրական կապիտալը, գլխավոր պահուստը, արժեթղթերի, հիմնական միջոցների և այլ ակտիվների վերագնահատման պահուստները, չբաշխված շահույթը և շահույթը:

2. Կենտրոնական բանկի կանոնադրական կապիտալը կազմում է հարյուր միլիոն հայկական դրամ:

3. Կենտրոնական բանկի կանոնադրական կապիտալը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է և չի կարող գրավ դրվել, բռնագանձվել կամ այլ կերպ օտարվել Հայաստանի Հանրապետության պարտավորությունների դիմաց:

4. Կենտրոնական բանկի հաշվեկշռում ֆինանսական տարվա արդյունքում առաջացած վնասը պահուստների հանրագումարը գերազանցելու դեպքում հաշվեկշռի հրապարակման պահից երեսուն օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը` գերազանցող գումարի չափով, օրենքով սահմանված կարգով, որպես ներդրում Կենտրոնական բանկի կապիտալում, Կենտրոնական բանկին է տրամադրում անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակներ: Այդ մուրհակների մարումը կատարվում է Կենտրոնական բանկի պահանջի դեպքում` պետական բյուջեի հաշվին կամ սույն օրենքի 12 հոդվածի համաձայն:

(11-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243, 03.03.04 ՀՕ-45-Ն, 25.12.06 ՀՕ-36-Ն օրենքներ)

 

Հոդված 11.1.   Կենտրոնական բանկի պարտքի կառավարման նպատակը

 

1. Կենտրոնական բանկի պարտքի կառավարումն իրականացվում է վճարային հաշվեկշռի կարգավորման, դրամավարկային քաղաքականության իրականացման և ֆինանսական կայունության ապահովման նպատակով:

(11.1-ին հոդ. լրաց. 07.10.09 ՀՕ-183-Ն օրենք)

 

Հոդված 12. Կենտրոնական բանկի շահույթի հաշվարկումն ու բաշխումը

 

1. Կենտրոնական բանկի շահույթը հաշվարկվում է յուրաքանչյուր տարվա համար, հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշներին համապատասխան` որպես տվյալ ֆինանսական տարվա ընթացքում ստացված բոլոր եկամուտների և կատարված բոլոր ծախսերի (ներառյալ կորուստների) տարբերություն:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բաշխման ենթակա շահույթի հաշվարկի մեջ չեն ընդգրկվում սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված ոսկու, հատուկ փոխառության իրավունքների, արտարժույթների և դրանցով արտահայտված արժեքների վերագնահատումից և ձեռքբերումից առաջացած եկամուտների և ծախսերի դրական տարբերությունը` ճշգրտված նախորդ ժամանակաշրջանների բացասական արդյունքների հատուցմանն ուղղված գումարների չափով:

2. Կենտրոնական բանկի շահույթից կատարվում են հետևյալ մասհանումները`

ա) շահույթի 20 տոկոսն ուղղվում է գլխավոր պահուստի համալրմանը` մինչև դրա ընդհանուր չափը կազմի առկա դրամական զանգվածի 25 տոկոսը.

բ) ուղղվում է սույն օրենքի 11 հոդվածով նախատեսված մուրհակների մարմանը, դրա համար անհրաժեշտ գումարի չափով:

3. Նշված մասհանումները կատարելուց հետո ֆինանսական տարվա արդյունքում ստացված շահույթի մնացորդը փոխանցվում է պետական բյուջե:

(12-րդ հոդ. փոփ. 03.03.04 ՀՕ-45-Ն, 14.12.04 ՀՕ-17-Ն, 25.12.06 ՀՕ-36-Ն օրենքներ)

 

Հոդված 13. Կենտրոնական բանկի եկամուտները, ծախսերը և կապիտալ ներդրումները

 

1. Կենտրոնական բանկի եկամուտներն են սույն օրենքով սահմանված գործունեության արդյունքում ստացված եկամուտները, այդ թվում`

ա) տրամադրված վարկերի, տեղաբաշխված դեպոզիտների, արժեթղթերի, թղթակցային հաշիվների մնացորդների դիմաց հաշվարկված տոկոսները.

բ) բանկային գործառնությունների իրականացման ընթացքում ստացված բոլոր տեսակի կոմիսիոն վճարները.

i

գ) Կենտրոնական բանկի գրանցած բանկերից, այլ հաճախորդներից և պայմանագրային պարտավորություններից գանձած տույժերը (այդ թվում` բանկերի կողմից պարտադիր պահուստավորումը սահմանված կարգով չկատարելու համար) ու տուգանքները.

դ) արտարժույթի, թանկարժեք մետաղների և դրամագիտական արժեքների հաշվեկշռային արժեքից բարձր գնով վաճառքից ստացված եկամուտները.

ե) հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքից բարձր գնով իրացումից և պաշարների իրացումից ստացված եկամուտները.

զ) բանկային ծառայությունների իրականացման դիմաց ստացված վճարները.

է) նախկինում դուրս գրված վարկերի, դրանց տոկոսների և անհուսալի դեբիտորական պարտքերի մարման դիմաց ստացված գումարները.

ը) ստացված նվիրատվությունները.

ը.1) ոսկու, հատուկ փոխառության իրավունքների, արտարժույթների և դրանցով արտահայտված արժեքների վերագնահատումից առաջացած գումարները.

ը.2) թանկարժեք մետաղների, հատուկ փոխառության իրավունքների, արտարժույթների և դրանցով արտահայտված արժեքների ձեռքբերումից առաջացած գումարները.

թ) սույն օրենքով նախատեսված գործունեության ընթացքում ստացված այլ մուտքերը:

2. Կենտրոնական բանկն իր եկամուտները պլանավորում է ինքնուրույն: Կենտրոնական բանկի եկամուտները ենթակա չեն հաստատման Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից:

3. Կենտրոնական բանկի ծախսերն են`

ա) գործառնական ծախսերը, դրանք են`

- ներգրավված դեպոզիտների, ստացված վարկերի, թողարկված արժեթղթերի, հաճախորդների հաշիվների մնացորդների դիմաց հաշվարկված տոկոսները,

- թղթադրամի, մետաղադրամի (այդ թվում` հուշադրամի) և դրամագիտական արժեքների թողարկման, փոխադրման, պահպանման և ոչնչացման հետ կապված ծախսերը,

- բանկային գործառնությունների իրականացման ընթացքում վճարված բոլոր տեսակի կոմիսիոն և այլ վճարները,

- արտարժույթի, արժեթղթերի, թանկարժեք մետաղների և այլ ակտիվների վերագնահատումից առաջացած կորուստները,

- արտարժույթի, արժեթղթերի, թանկարժեք մետաղների և դրամագիտական արժեքների հաշվեկշռային արժեքից ու առքի գնից ցածր գնով իրացումից առաջացած կորուստները,

- հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և պաշարների վերագնահատման, հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքից ցածր գնով իրացումից, ինչպես նաև պաշարների իրացումից առաջացած ծախսերը,

- ոսկու, հատուկ փոխառության իրավունքների, արտարժույթների և դրանցով արտահայտված արժեքների ձեռքբերումից առաջացած կորուստները,

- անհուսալի վարկերի, դեբիտորական պարտքերի, դրամագիտական արժեքների և այլ ակտիվների ապահովման պահուստների ձևավորման և հաշվեկշռից դուրսգրման հետ կապված ծախսերը,

- հիմնական միջոցների մաշվածքի հետ կապված ծախսերը,

- բանկի գործունեության հետ կապված բոլոր տեսակի ծառայությունների դիմաց վճարները,

- միջազգային պահուստների կառավարման հետ կապված ծախսերը,

- վճարային համակարգերի սպասարկման հետ կապված ծախսերը,

- պետական արտաքին պարտքի սպասարկման գծով ծախսերը,

- Կենտրոնական բանկի այլ ակտիվների` շենքերի, շինությունների, հիմնական միջոցների և պաշարների պահպանման, սպասարկման, շահագործման և ապահովագրման հետ կապված ծախսերը,

- աուդիտի և խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարները,

- Կենտրոնական բանկի առջև դրված խնդիրների իրականացման հետ կապված այլ ծախսեր.

բ) վարչական ծախսերը, դրանք են`

- ապարատի պահպանման ծախսերը (աշխատակիցների աշխատավարձ, պարգևատրում, պարտադիր սոցիալական ապահովության վճարների մուծումներ պետական բյուջե, անձնակազմի ուսուցում և վերապատրաստում, գործուղման և ներկայացուցչական ծախսեր, ծառայողական փոխադրամիջոցների շահագործման ծախսեր, սոցիալական ապահովության այլ ծախսեր),

- լրատվական տեղեկատվության և մասնագիտական գրականության ձեռքբերման ծախսերը,

- տնտեսական նյութերի և արագամաշ առարկաների դուրսգրման հետ կապված ծախսերը,

- ծառայողական նպատակներով օգտագործվող կապի միջոցների հետ կապված ծախսերը,

- չնախատեսված ծախսերը (ծախսերի պահուստ):

4. Կենտրոնական բանկի կապիտալ ներդրումները ներառում են`

ա) բանկի հիմնական գործունեության ապահովման նպատակով իրականացվող կապիտալ ներդրումները, այն է`

- աշխատանքային շենքեր, շինությունների կառուցում, ձեռքբերում և կապիտալ վերանորոգում.

- համակարգչային տեխնիկայի, գրասենյակային գույքի, կապի միջոցների և բանկի հիմնական գործունեությանն առնչվող այլ հիմնական միջոցների ձեռքբերում և կապիտալ վերանորոգում.

- Կենտրոնական բանկի խնդիրների հետ ուղղակիորեն առնչվող իրավաբանական անձանց կապիտալում ներդրումներ,

բ) վարչական նպատակներով իրականացվող կապիտալ ներդրումները`

- Կենտրոնական բանկի աշխատակիցների հանգստի, բուժսպասարկման և կենցաղային պայմանների բարելավման և ապահովման հետ կապված կապիտալ ներդրումներ (նշված նպատակներով շենքերի, շինությունների, սարքերի և սարքավորումների ձեռքբերում և կապիտալ վերանորոգում).

- ծառայողական փոխադրամիջոցների ձեռքբերման և կապիտալ վերանորոգման գծով կապիտալ ներդրումներ.

- ոչ գործառնական նպատակների համար ծառայող հեռահաղորդակցային սարքավորումների և կապի միջոցների ձեռքբերում և կապիտալ վերանորոգում:

(13-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243, 03.03.04 ՀՕ-45-Ն, 14.12.04 ՀՕ-17-Ն, 25.12.06 ՀՕ-44-Ն, 24.10.07 ՀՕ-226-Ն օրենքներ)

 

Հոդված 14. Կենտրոնական բանկի տարեկան ծախսերի և կապիտալ ներդրումների հաստատումը

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաջորդ տարվա կապիտալ ներդրումների ծրագիրը և ծախսերի նախահաշիվը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը հաստատում է մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 15-ը: Կենտրոնական բանկի վարչական ծախսերը և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը` պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ:

2. Կենտրոնական բանկի գործառնական ծախսերի կանխատեսումը, վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը պետք է ապահովեն Կենտրոնական բանկի խնդիրներն իրականացնելու հնարավորությունը, այդ թվում`

ա) դրամավարկային քաղաքականության միջոցով գների կայունությունը ապահովելու և սղաճը կանխելու (զսպելու).

բ) Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները պատշաճ կառավարելու և հայկական դրամի փոխարժեքը կարգավորելու.

գ) միջազգային չափանիշներին համապատասխանող, ամբողջական և գործուն բանկային վերահսկողությունը և կարգավորումը ապահովելու.

դ) հայկական դրամը պատրաստելու, պահպանելու, թղթադրամի և մետաղադրամի (այդ թվում` հուշադրամի) օգտագործման անվտանգությունն ապահովելու.

ե) միջազգային չափանիշներին համապատասխանող, գործուն վերահաշվարկային համակարգ ստեղծելու, զարգացնելու և պահպանելու.

զ) միջազգային կազմակերպություններում պատշաճ ներկայացուցչություն ապահովելու, ինչպես նաև վերոհիշյալ խնդիրներն իրականացնելու համար անհրաժեշտ որակավորում ունեցող աշխատակիցներին Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում վարձատրության միջին չափին համապատասխան աշխատավարձ վճարելու:

(14-րդ հոդ. փոփ. 03.03.04 ՀՕ-45-Ն, 25.12.06 ՀՕ-44-Ն, 24.10.07 ՀՕ-226-Ն օրենքներ)

 

Հոդված 15. Հաշվապահական հաշվառումն ու ֆինանսական հաշվետվությունը

 

1. Կենտրոնական բանկում հաշվապահական հաշվառումը վարվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված կարգով` Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի ընդունած հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին համապատասխան:

2. Կենտրոնական բանկը յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար կազմում է ֆինանսական հաշվետվություն հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշներին համապատասխան: Ֆինանսական հաշվետվությունները ներառում են` տարեկան հաշվեկշիռը, եկամուտների և ծախսերի, շահույթի բաշխման վերաբերյալ հաշվետվությունները, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված այլ դրույթներ:

3. Ազգային ժողով ներկայացվող Կենտրոնական բանկի հաշվետվությունը բաղկացած է Կենտրոնական բանկի վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների վերաբերյալ հաշվետվություններից:

(15-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243, 25.12.06 ՀՕ-36-Ն, 30.04.09 ՀՕ-114-Ն օրենքներ)

 

i
Հոդված 16. Արտաքին աուդիտը

 

Կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունը յուրաքանչյուր տարի վերստուգվում է միջազգային ճանաչում ունեցող անկախ աուդիտորական կազմակերպությունների կողմից: Արտաքին աուդիտորական կազմակերպությունը կամ կազմակերպությունները մինչև երեք տարի ժամկետով ընտրվում են Կենտրոնական բանկի խորհրդի կողմից:

Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատն իրականացնում է վերահսկողություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և պետական պարտքի սպասարկման մասով Կենտրոնական բանկի գործունեության նկատմամբ:

(16-րդ հոդ. փոփ. 03.03.04 ՀՕ-45-Ն, 25.12.06 ՀՕ-7-Ն, 30.04.09 ՀՕ-114-Ն օրենքներ)

 

i
Հոդված 17. Տարեկան և եռամսյակային հաշվետվությունները

 

1. Կենտրոնական բանկը մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը հրապարակում է նախորդ ֆինանսական տարվա տարեկան հաշվետվությունը, որը ներառում է`

ա) աուդիտորական կազմակերպության հաստատած ֆինանսական հաշվետվությունը.

բ) Կենտրոնական բանկի կառավարման վերաբերյալ դրույթները:

Կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատը տալիս է եզրակացություն:

1.1. Կենտրոնական բանկը մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը կազմում և Ազգային ժողով է ուղարկում սույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հաշվետվությունը:

2. Կենտրոնական բանկը պարբերաբար, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ հրապարակում է, ինչպես նաև Ազգային ժողովին, կառավարությանը և շահագրգիռ պետական այլ մարմիններին է ուղարկում Հայաստանի Հանրապետության ֆինանսական կայունության վերաբերյալ հաշվետվություն, որի մեջ ներառվում է բանկային, վարկային, ապահովագրական և արժեթղթերի շուկաների վերլուծությունը, ինչպես նաև տեղեկատվություն այդ շուկաների կարգավորման և վերահսկողության ուղղությամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ:

Կենտրոնական բանկը պարբերաբար, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ հրապարակում է Կենտրոնական բանկի նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվեկշիռը:

3. Կենտրոնական բանկը, յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո, նախորդող տասներկուամսյա ժամանակաշրջանի համար դրան հաջորդող երկու ամսվա ընթացքում հրապարակում է Կենտրոնական բանկի խորհրդի հաստատած դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը:

4. Կենտրոնական բանկը յուրաքանչյուր տարի` մինչև մայիսի 1-ը, Ազգային ժողով է ուղարկում և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետում Ազգային ժողովի նիստում ներկայացնում է նախորդ տարվա դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը:

5. Սույն հոդվածով սահմանված հաշվետվություններում կարող են ներառվել նաև Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած այլ դրույթներ կամ տեղեկատվություն:

(17-րդ հոդ. փոփ. 18.03.98 ՀՕ-209, 25.12.06 ՀՕ-36-Ն, 11.10.07 ՀՕ-200-Ն, 30.04.09 ՀՕ-114-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 3
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

i
Հոդված 18. Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալները

 

1. Կենտրոնական բանկի նախագահը Կենտրոնական բանկի բարձրագույն պաշտոնատար անձն է: Կենտրոնական բանկի նախագահը պատասխանատու է սույն օրենքով սահմանված Կենտրոնական բանկի խնդիրների իրագործման համար: Կենտրոնական բանկի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալներից մեկը, իսկ տեղակալների բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում` Կենտրոնական բանկի խորհրդի տարիքով ավագ անդամը:

2. Կենտրոնական բանկի նախագահը նշանակվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ` Ազգային ժողովի կողմից` վեց տարի ժամկետով:

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալները նշանակվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից` վեց տարի ժամկետով:

3. Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալները չեն կարող լինել որևէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ, զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

4. Կենտրոնական բանկի նախագահը`

ա) կոորդինացնում և ապահովում է Կենտրոնական բանկի, նրա խորհրդի և խորհրդի անդամների բնականոն աշխատանքը.

բ) նախագահում է Կենտրոնական բանկի խորհրդի նիստերը, ստորագրում է Կենտրոնական բանկի խորհրդի ակտերը և խորհրդի նիստերի արձանագրությունները.

գ) կազմակերպում է Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ ակտերի կատարումը.

դ) ներկայացնում է Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.

ե) տալիս է լիազորագրեր.

զ) հաստատում է Կենտրոնական բանկի կառուցվածքը, աշխատակիցների հաստիքացուցակը.

է) բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի նշանակում և ազատում է աշխատանքից Կենտրոնական բանկի ստորաբաժանումների ղեկավարներին և մյուս աշխատակիցներին.

է.1) ընդունում է անհատական և ներքին որոշումներ ու կարգադրություններ, այդ թվում` վերստուգվող անձանց ստուգումներ նշանակելու մասին որոշումներ.

ը) իրականացնում է օրենքով Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությանը չվերապահված այլ լիազորություններ:

(18-րդ հոդ. փոփ. 03.03.04 ՀՕ-45-Ն, 08.12.05 ՀՕ-245-Ն, 25.12.06 ՀՕ-36-Ն, 12.11.15 ՀՕ-133-Ն օրենքներ)

 

Հոդված 19. Կենտրոնական բանկի խորհուրդը

 

1. Կենտրոնական բանկի խորհուրդը Կենտրոնական բանկի կառավարման բարձրագույն մարմինն է: Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է. Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից և հինգ անդամներից:

i

2. Կենտրոնական բանկի խորհրդի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` հինգ տարի ժամկետով: Խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետները հետևյալն են`

մեկ անդամը` մեկ տարի,

մեկ անդամը` երկու տարի,

մեկ անդամը` երեք տարի,

մեկ անդամը` չորս տարի,

մեկ և հետագայում նշանակված բոլոր անդամները` հինգ տարի:

Կենտրոնական բանկի խորհրդում թափուր տեղ առաջանալու դեպքում խորհրդի նոր անդամը նշանակվում է ազատված պաշտոնավարման չլրացած ժամկետով:

3. Կենտրոնական բանկի խորհրդի անդամը պատասխանատվություն է կրում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից գործունեության կոնկրետ ոլորտներում իրեն վերապահված պարտականությունների կատարման համար:

4. Կենտրոնական բանկի խորհրդի անդամ կարող են լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք իրենց մասնագիտական կարողություններով ի վիճակի են ապահովել սույն օրենքի 20 հոդվածով սահմանված իրավասությունների կատարումը: Կենտրոնական բանկի խորհրդի անդամ չեն կարող լինել այն անձինք, ովքեր`

ա) դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ են ճանաչվել կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել են դիտավորությամբ կատարված հանցագործության համար.

բ) օրենքով սահմանված կարգով որակազրկվել են կամ զրկվել են որոշակի պաշտոն վարելու իրավունքից:

5. Կենտրոնական բանկի խորհրդի անդամները չեն կարող լինել որևէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ, զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Կենտրոնական բանկի խորհրդի անդամները չեն կարող Կենտրոնական բանկում այլ պաշտոններ զբաղեցնել:

(19-րդ հոդ. փոփ. 12.11.15 ՀՕ-133-Ն օրենք)

 

i
Հոդված 20. Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությունը

 

Կենտրոնական բանկի խորհուրդը`

ա) հաստատում է Կենտրոնական բանկի կանոնադրությունը.

բ) հաստատում է Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության ծրագիրը.

i

գ) հաստատում է Կենտրոնական բանկի կողմից իրականացվող բաց շուկայական գործառնությունների, տրամադրվող վարկերի և ներգրավվող ավանդների սահմանաքանակները և տոկոսադրույքները.

դ) հաստատում է բանկերի կողմից Կենտրոնական բանկում պարտադիր պահուստավորում իրականացնելու կարգն ու պայմանները.

i

ե) ընդունում է Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերը.

զ) Կենտրոնական բանկի նախագահի առաջարկությամբ որոշում և հաստատում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամների միջև պարտականությունների բաշխումը.

i

է) սահմանում է Հայաստանի Հանրապետության արժույթի (թղթադրամի ու մետաղադրամի (այդ թվում` հուշադրամի)) անվանական արժեքն ու ձևը, թողարկման և շրջանառությունից հանելու կարգն ու պայմանները, որոշում է կայացնում թղթադրամ ու մետաղադրամ (այդ թվում` հուշադրամ) թողարկելու և շրջանառությունից հետ կանչելու և հանելու մասին սահմանելով շրջանառությունից հետ կանչելու և հանելու ժամկետները.

ը) որոշում է միջազգային կազմակերպություններում Կենտրոնական բանկի անդամակցության հարցը.

i

թ) հաստատում է Կենտրոնական բանկի կողմից ներկայացվող հաշվետվություններն ու եզրակացությունները.

i

ժ) («ժ» կետն ուժը կորցրել է 25.01.2007 թվականից` 25.12.06 ՀՕ-36-Ն օրենք)

ժա) հաստատում է Կենտրոնական բանկի կողմից բանկերի, իսկ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում` նաև Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների Բյուրոյի (այսուհետ` Բյուրո) վարկավորման կարգը.

ժբ) հիմնադրում և լուծարում է Կենտրոնական բանկի տարածքային ստորաբաժանումները.

i

ժգ) հաստատում է Կենտրոնական բանկի տարեկան ծախսերի նախահաշիվը, տարեկան և այլ հաշվետվությունները.

ժդ) սահմանում է այն արժեթղթերի ցանկը, որոնք Կենտրոնական բանկը կարող է ձեռքբերել, պահել և օտարել, ինչպես նաև դրանք ձեռքբերելու, պահելու և օտարելու կարգը.

ժե) սահմանում է Կենտրոնական բանկի կողմից թողարկվող կարճաժամկետ պետական արժեթղթերի տեսակները, ինչպես նաև հաստատում է այդ արժեթղթերի թողարկման, մարման, դրանցով կատարվող գործառնությունների իրականացման կարգերը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հետ.

i

ժզ) օրենքով սահմանված կարգով տալիս է բանկային գործունեության և այլ լիցենզիաներ, ուժը կորցրած կամ անվավեր է ճանաչում դրանք, սահմանում է բանկերի և այլ անձանց լիցենզավորման կարգը.

i

ժէ) «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկին, ներդրումային ընկերությանը, ներդրումային ֆոնդի կառավարչին, վարկային կազմակերպությանը կամ ապահովագրական ընկերությանը ճանաչում է անվճարունակ, հարուցում է դրանց սնանկության վարույթ, իրականացնում է այդ օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ընդունում է բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների կամ ապահովագրական ընկերությունների վերակազմակերպման հետ կապված` օրենքով իր իրավասությանը վերապահված որոշումներ.

ժը) հաստատում է Կենտրոնական բանկի խորհրդի աշխատանքի կանոնակարգը.

ժթ) հաստատում է բանկերի ֆինանսական խմբերի գործունեությունը կարգավորող նորմատիվները և դրանց հաշվարկման կարգը:

ի) նախնական համաձայնություն է տալիս կամ մերժում է բանկերի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցության ձեռքբերմանը.

իա) հաստատում է բանկերի և Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող և վերահսկվող այլ անձանց, ֆինանսական խմբերի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը.

իբ) սահմանում է բանկերում, ֆինանսական խմբերում (տեսակներում, ենթախմբերում) ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները.

իգ) («իգ» կետն ուժը կորցրել է 08.07.2006 թվականից` 23.05.06 ՀՕ-76-Ն օրենք)

իգ.1) հաստատում է պետական արժեթղթերով կատարվող գործառնությունների (այդ թվում` դրանց պահառության գործունեության, հաշվառման և հաշվարկների իրականացման համակարգի գործունեության, տեղաբաշխման, թերտեղաբաշխված արժեթղթերի տեղաբաշխման, երկրորդային շուկայում արժեթղթերի շրջանառության, արժեթղթերի հետգնման և մարման, ինչպես նաև արժեթղթերի գրավի հետ կապված գործառնությունների) իրականացման կարգերը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հետ.

իդ) ընդունում է Հայաստանի Հանրապետության վճարահաշվարկային հարաբերությունները և դրամաշրջանառությունը կանոնակարգող իրավական ակտերը.

իե) («իե» կետն ուժը կորցրել է 09.01.2011 թվականից` 22.12.10 ՀՕ-281-Ն օրենք)

իզ) հաստատում է Կենտրոնական բանկի պաշտոնական և այլ պարբերականների թողարկման և հրապարակման կարգը և պայմանները.

իէ) տալիս է Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերի պարզաբանումները.

իը) սահմանում է բանկերի համար պարտադիր կատարման ենթակա վարկային ռիսկի գնահատման կանոնակարգը, այն անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը և պայմանները, որոնց հաշվեկշիռներն օրենքով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված կարգով բանկը միավորում է իր հաշվեկշռում (համախմբված հաշվեկշիռ).

իթ) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ.

լ) («լ» կետն ուժը կորցրել է 09.01.2011 թվականից` 22.12.10 ՀՕ-281-Ն օրենք)

լ) («լ» կետն ուժը կորցրել է 09.01.2011 թվականից` 22.12.10 ՀՕ-281-Ն օրենք)

լա) («լա» կետն ուժը կորցրել է 09.01.2011 թվականից` 22.12.10 ՀՕ-281-Ն օրենք)

լբ) («լբ» կետն ուժը կորցրել է 09.01.2011 թվականից` 22.12.10 ՀՕ-281-Ն օրենք)

(20-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243, 06.11.01 ՀՕ-256, 29.05.02 ՀՕ-371-Ն, 23.10.02 ՀՕ-427-Ն, 03.03.04 ՀՕ-45-Ն, 24.11.04 ՀՕ-147-Ն, 14.12.04 ՀՕ-17-Ն, 08.12.05 ՀՕ-245-Ն, 23.05.06 ՀՕ-76-Ն, 25.12.06 ՀՕ-36-Ն, 25.12.06 ՀՕ-44-Ն, 09.04.07 ՀՕ-183-Ն, 11.10.07 ՀՕ-200-Ն, 26.05.08 ՀՕ-83-Ն, 22.10.08 ՀՕ-189-Ն, 18.05.10 ՀՕ-66-Ն, 22.12.10 ՀՕ-281-Ն, 12.11.15 ՀՕ-133-Ն օրենքներ)

 

Հոդված 21. Կենտրոնական բանկի խորհրդի նիստերը

 

1. Կենտրոնական բանկի խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության նախագահի, նրա տեղակալներից առնվազն մեկի կամ խորհրդի առնվազն երեք անդամի պահանջով, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Կենտրոնական բանկի խորհրդի նիստերն արձանագրվում են:

2. Կենտրոնական բանկի խորհրդի փակ նիստեր կարող են գումարվել, եթե քննարկվում են առանձին բանկերի հետ կապված հարցեր, որոնք բանկային գաղտնիք են պարունակում, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գաղտնի համարվող տեղեկությունների հետ կապված հարցեր կամ ապահովագրական գործունեություն իրականացնող առանձին անձանց հետ կապված հարցեր, որոնք ապահովագրական գաղտնիք են պարունակում կամ քննարկվում են խորհրդի անդամներին վերաբերող հարցեր: Կենտրոնական բանկի փակ նիստերին կարող են մասնակցել միայն Կենտրոնական բանկի խորհրդի անդամները և խորհրդի հրավերն ունեցող անձինք:

3. Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունել, եթե նիստին ներկա են խորհրդի անդամներից առնվազն հինգը, այդ թվում` Կենտրոնական բանկի նախագահը կամ նրա տեղակալներից առնվազն մեկը, ընդ որում` խորհրդին մասնակցող Նախագահի և տեղակալների թիվը չպետք է գերազանցի խորհրդին մասնակցող խորհրդի մյուս անդամների թիվը: Որոշումը համարվում է ընդունված, եթե կողմ են քվեարկել նիստին ներկա գտնվող անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում Կենտրոնական բանկի նախագահի, իսկ վերջինիս բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության խորհրդի նիստը նախագահող նրա տեղակալի ձայնը որոշիչ է:

4. Կառավարության լիազոր ներկայացուցիչը, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի ընդունած որոշմանը դեմ քվեարկած անդամը կարող են պահանջել նիստի արձանագրության մեջ իրենց կարծիքի մանրամասն արտացոլումը:

5. Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդն իր սահմանած աշխատանքի կանոնակարգի համաձայն կարող է որոշումներ ընդունել հարցման կարգով: Հարցման կարգով որոշումն ընդունվում է սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված քվեարկության կարգով:

(21-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243, 09.04.07 ՀՕ-183-Ն, 11.10.07 ՀՕ-200-Ն, 12.11.15 ՀՕ-133-Ն օրենքներ)

 

i
Հոդված 22. Կենտրոնական բանկի խորհրդի անդամներին պաշտոնից ազատելու հիմքերը

 

1. Կենտրոնական բանկի նախագահը կարող է պաշտոնից ազատվել կամովին` ազատվելու օրվանից երեսուն օր առաջ գրավոր տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին և Ազգային ժողովին: Տեղեկացնելու օրվան հաջորդող երեսուներորդ օրվանից Կենտրոնական բանկի նախագահը համարվում է պաշտոնից ազատված:

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալները, Կենտրոնական բանկի խորհրդի մյուս անդամները կարող են պաշտոնից ազատվել կամովին` ազատվելու օրվանից մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին:

2. Ազգային Ժողովը` Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ պաշտոնից ազատում է Կենտրոնական բանկի նախագահին, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահը` Կենտրոնական բանկի նախագահի տեղակալներին, խորհրդի մյուս անդամներին, եթե նրանք`

ա) դադարել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինել.

բ) դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ են ճանաչվել կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել են դիտավորությամբ կատարված հանցագործության համար.

գ) թերացել են պաշտոնեական պարտականությունները կատարելիս.

դ) օրենքով սահմանված կարգով որակազրկվել են կամ զրկվել են որոշակի պաշտոն վարելու իրավունքից.

ե) հիվանդության կամ այլ պատճառով վեց ամսից ավելի չեն կատարել իրենց պաշտոնեական պարտականությունները.

զ) մեկ տարվա ընթացքում ավելի քան հինգ անգամ անհարգելի բացակայել են խորհրդի նիստերից:

(22-րդ հոդ. փոփ. 25.12.06 ՀՕ-36-Ն, 12.11.15 ՀՕ-133-Ն օրենքներ)

 

Հոդված 23. Կենտրոնական բանկի խորհրդի անդամների եկամուտների և շահերի մասին հայտարարությունը

 

1. Կենտրոնական բանկի նախագահը, նախագահի տեղակալները և խորհրդի մյուս անդամները առաջադրվելիս և նշանակվելիս, իսկ նշանակումից հետո յուրաքանչյուր տարին մեկ պարտավոր են հրապարակել տեղեկատվություն իրենց եկամտի աղբյուրների, ինչպես նաև իրենց և իրենց հետ ընդհանուր տնտեսություն վարող անձանց բոլոր էական ֆինանսական շահերի մասին:

2. Կենտրոնական բանկի խորհրդում սույն հոդվածով նախատեսված շահերի հետ առնչվող որևէ հարցի քննարկման դեպքում խորհրդի շահագրգռված անդամը քննարկումն սկսելուց առաջ պարտավոր է հայտարարել իր շահագրգռվածության մասին և չմասնակցել քննարկմանն ու տվյալ հարցի վերաբերյալ քվեարկությանը:

(23-րդ հոդ. փոփ. 12.11.15 ՀՕ-133-Ն օրենք)

 

i
Հոդված 24. Կենտրոնական բանկի աշխատակիցները

 

1. Կենտրոնական բանկի աշխատակիցները Կենտրոնական բանկի ծառայողներն են և սպասարկող անձնակազմը:

Կենտրոնական բանկի ծառայողներ են համարվում Կենտրոնական բանկի խնդիրների իրագործման բնագավառում ուղղակիորեն ընդգրկված և Կենտրոնական բանկի կանոնադրությամբ և հաստիքացուցակով հաստատված պաշտոն զբաղեցնող անձինք:

2. Կենտրոնական բանկում ծառայության ընթացքում Կենտրոնական բանկի ծառայողներն առանց Կենտրոնական բանկի նախագահի համաձայնության չեն կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Կենտրոնական բանկի ծառայողները չեն կարող աշխատել բանկերում կամ լինել դրանց կառավարման մարմինների անդամներ:

3. Կենտրոնական բանկի նախագահին, նրա տեղակալներին, խորհրդի անդամներին, Կենտրոնական բանկի ծառայողներին արգելվում է անձամբ կամ իրենց հետ փոխկապակցված անձանց միջոցով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով բանկերից ստանալ առևտրային վարկեր: Նշված անձինք պարտավոր են Կենտրոնական բանկին հայտնել իրենց կողմից ստացված սույն մասով չնախատեսված բոլոր այն վարկերի մասին, որոնք Կենտրոնական բանկի կողմից չեն տրամադրված: Այդպիսի վարկերը հաշվառվում են Կենտրոնական բանկում:

4. Կենտրոնական բանկի սպասարկող անձնակազմը ներառում է Կենտրոնական բանկի այն աշխատակիցներին, որոնց պարտականություններն ուղղակիորեն չեն առնչվում Կենտրոնական բանկի խնդիրների կատարման հետ, այդ թվում` օժանդակ տնտեսության սպասարկման բնագավառում ընդգրկված աշխատակիցները: Կենտրոնական բանկի սպասարկող անձնակազմի հաստիքացուցակը, պարտականությունները, վարձատրության չափը և աշխատանքային պայմանները սահմանում է Կենտրոնական բանկի նախագահը:

(24-րդ հոդ. փոփ. 12.11.15 ՀՕ-133-Ն օրենք)

 

Հոդված 25. Վերստուգիչ խումբը և գլխավոր վերստուգիչը

 

1. Կենտրոնական բանկի վերստուգիչ խումբը Կենտրոնական բանկի հատուկ կառուցվածքային ստորաբաժանումն է: Վերստուգիչ խմբի աշխատանքը ղեկավարում է գլխավոր վերստուգիչը: Գլխավոր վերստուգիչին և վերստուգիչ խմբի անդամներին Կենտրոնական բանկի նախագահի առաջարկով նշանակում և ազատում է աշխատանքից Կենտրոնական բանկի խորհուրդը:

2. Կենտրոնական բանկի վերստուգիչ խումբը`

ա) վերահսկողություն է իրականացնում Կենտրոնական բանկի ստորաբաժանումների գործունեության նկատմամբ.

բ) վերստուգում է Կենտրոնական բանկի ծախսերի նախահաշվի կատարումը, հաշվապահական հաշվառումը ու հաշիվները.

գ) վերստուգում է Կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունը, այլ նման փաստաթղթերը և վավերացնում է դրանք:

3. Կենտրոնական բանկի վերստուգիչ խումբը հաշվետու է Կենտրոնական բանկի խորհրդին: Կենտրոնական բանկի վերստուգիչ խումբը պարտավոր է բացահայտված խախտման կամ թերացման յուրաքանչյուր փաստի մասին տեղեկացնել Կենտրոնական բանկի նախագահին և խորհրդին:

(25-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243 օրենք)

 

Հոդված 26. Կենտրոնական բանկի խորհրդի անդամների և ծառայողների վարձատրության չափը

 

1. Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալների և խորհրդի մյուս անդամների վարձատրության չափը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

2. Կենտրոնական բանկի ծառայողների վարձատրության չափը սահմանում է Կենտրոնական բանկի նախագահը` ելնելով սույն օրենքի 14 հոդվածի երկրորդ մասի դրույթներից: Վարձատրության չափի հաշվարկում ընդգրկվում է ինչպես աշխատավարձը, այնպես էլ Կենտրոնական բանկի կողմից տրվող լրացուցիչ վարձատրությունը:

(26-րդ հոդ. փոփ. 12.11.15 ՀՕ-133-Ն օրենք)

 

i
Հոդված 27. Շահերի բախումը

 

1. Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները, խորհրդի մյուս անդամները և ծառայողներն իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս առաջնորդվում են օրենքով և Կենտրոնական բանկի խնդիրների իրագործման անհրաժեշտությունից բխող շահերով:

2. Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները, խորհրդի մյուս անդամները և Կենտրոնական բանկի ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձինք չեն կարող պաշտոնավարման կամ ծառայության ընթացքում բանկերում բաժնեմաս ձեռքբերել կամ խորհուրդ տալ բանկերում բաժնեմաս ձեռքբերել:

3. Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները և խորհրդի մյուս անդամներն իրավունք չունեն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցելու հաշվետու թողարկողի արժեթղթերով կատարվող կամ մասնագիտացված գործունեություն իրականացնող որևէ անձի գործարքներին այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգով:

4. Կենտրոնական բանկի նախագահին, նրա տեղակալներին կամ խորհրդի մյուս անդամներին, ինչպես նաև Կենտրոնական բանկի ծառայողին (նրանց ամուսիններին) պատկանող` հաշվետու թողարկողների կողմից թողարկված արժեթղթերը պետք է օտարվեն կամ տրվեն հավատարմագրային կառավարման` նրանց պաշտոնեական պարտականությունների ստանձնման կամ ծառայության անցնելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում:

(27-րդ հոդ. փոփ. 11.10.07 ՀՕ-200-Ն, 12.11.15 ՀՕ-133-Ն օրենքներ)

 

Հոդված 28. Ծառայողական գաղտնիքը

 

1. Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները, խորհրդի մյուս անդամները և աշխատակիցները չեն կարող հրապարակել կամ այլ կերպ տարածել ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև օգտագործել նման տեղեկությունները շահադիտական նպատակներով:

2. Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները, խորհրդի մյուս անդամները և աշխատակիցները կարող են, իսկ օրենքով նախատեսված դեպքերում պարտավոր են հայտնել ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ`

ա) Կենտրոնական բանկի նախագահը կամ խորհրդի գրավոր թույլտվությամբ, կամ այն անձի, կամ կազմակերպության համաձայնությամբ, որին այդ տեղեկությունը վերաբերում է, եթե տվյալ գաղտնիքը հանդիսանում է բացառապես տվյալ անձի կամ կազմակերպության իրավունքը կամ արտոնությունը.

բ) օրենքով սահմանված իր պարտավորությունը կամ պարտքը, ներառյալ` դատարանի որոշումը կատարելիս, ինչպես նաև լիազորված այլ մարմինների` իրենց իրավասության սահմաններում ընդունած որոշման հիման վրա:

գ) Կենտրոնական բանկի վերստուգիչ խմբին և արտաքին աուդիտ իրականացնող կազմակերպությանը` բացառությամբ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված տեղեկությունների.

դ) Կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալների, խորհրդի մյուս անդամի կամ աշխատակցի շահերը դատավարության կամ այլ վարույթի ընթացքում պաշտպանելու նպատակով:

3. Սույն օրենքի իմաստով ծառայողական գաղտնիք են կազմում Կենտրոնական բանկի աշխատակիցներին իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելու կապակցությամբ հայտնի դարձած տեղեկությունները, այդ թվում` Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության իրականացման համար նախատեսված կոնկրետ գործիքների կիրառման հնարավորության, ժամկետների և ծրագրերի, ինչպես նաև բանկային վերահսկողության տվյալների վերաբերյալ, բացառությամբ`

ա) հրապարակված կամ այլ կերպ տարածված տեղեկությունների.

բ) բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների, որոնց բովանդակությունը, բացահայտման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների ցանկը և գաղտնիության տարբեր աստիճանները, ինչպես նաև դրանց օգտագործման և հրապարակման կարգը:

(28-րդ հոդ. փոփ. 12.11.15 ՀՕ-133-Ն օրենք)

 

i
Հոդված 29. Կենտրոնական բանկի կանոնադրությունը

 

Կենտրոնական բանկի կանոնադրությունը սահմանում է Կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանումների, դրանց ղեկավարների և ծառայողների իրավասության շրջանակը, տարածքային ստորաբաժանումներ հիմնելու, լուծարելու և դրանց գործունեության կարգը, ինչպես նաև Կենտրոնական բանկի կառավարմանը վերաբերող այլ հարցեր:

(29-րդ հոդ. փոփ. 03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 4
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ

 

i
Հոդված 30. Կառավարության բանկային սպասարկումը

 

Կենտրոնական բանկի օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով անվճար իրականացնում է կառավարության բանկային սպասարկումը:

 

i
Հոդված 31. Խորհրդատվությունը

 

Պետական բյուջեի նախագիծը կազմելիս կառավարությունը կամ նրա լիազորված պետական կառավարման մարմինը խորհրդակցում է Կենտրոնական բանկի հետ` պետական բյուջեի նախագծին առնչվող հարցերի շուրջ, այդ թվում` նախատեսվող ներքին և արտաքին պետական փոխառությունների, դրանց աղբյուրների, ծավալների, ժամկետների և պայմանների, ինչպես նաև փոխառու միջոցների օգտագործման ուղղությունների և նպատակների վերաբերյալ: Կենտրոնական բանկը պետական բյուջեի նախագծի վերաբերյալ կառավարությանը պաշտոնական եզրակացություն է ներկայացնում: Կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը պետական բյուջեի նախագծին կից ներկայացվում է Ազգային Ժողովի քննարկմանը` օրենքներով սահմանված կարգով: Կենտրոնական բանկը կառավարությանը պաշտոնական եզրակացություն է ներկայացնում նաև պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ: Կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությանը կից կառավարությունը ներկայացնում է Ազգային ժողովի քննարկմանը` օրենքով սահմանված կարգով:

(31-րդ հոդ. փոփ. 30.04.09 ՀՕ-114-Ն օրենք)

 

Հոդված 32. Ֆինանսական գործակալը

 

Կենտրոնական բանկը կառավարության ֆինանսական գործակալն է`

ա) կառավարության լիազորած մարմնի կողմից թողարկված պարտատոմսերի և այլ արժեթղթերի բաշխման, գրանցման և փոխանցման, ինչպես նաև արժեթղթերի հիմնական գումարի, տոկոսների կամ սահմանված այլ վճարումների իրականացման գծով հանդիսանում է կառավարության լիազորած մարմնի թողարկած պարտատոմսերի կենտրոնական պահառու.

բ) պետական բյուջեի և ներքին ու արտաքին պետական պարտքի սպասարկման հետ կապված գործառնությունների, ինչպես նաև վճարային այլ գործառնությունների իրականացման գծով.

գ) Կենտրոնական բանկի խնդիրներին չհակասող այլ գործառնությունների գծով:

(32-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243 օրենք)

 

Հոդված 33. Տեղեկատվությունը

 

1. Կենտրոնական բանկը կառավարության լիազորած մարմնի հետ համաձայնեցված կարգով տրամադրում է կառավարությանը դրամավարկային և սույն օրենքով իր իրավասությանը վերապահված այլ հարցերին առնչվող տեղեկություններ:

2. Բանկային գաղտնիքը կազմող տեղեկությունները տրամադրվում են օրենքով սահմանված կարգով:

3. Կառավարության լիազորած մարմինները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը Կենտրոնական բանկի հետ համաձայնեցված կարգով Կենտրոնական բանկին է տրամադրում տեղեկություններ`

ա) պետական բյուջեի կատարման, դրա ընթացիկ ծավալների և եկամուտների վերաբերյալ.

բ) պետական փոխառությունների մասին, այդ թվում` դրանց աղբյուրների, ծավալի, տոկոսադրույքի, մարման ժամկետների, այլ պայմանների, փոխառու միջոցների օգտագործման ուղղությունների և նպատակների վերաբերյալ.

գ) վճարային հաշվեկշռի, ֆինանսական և տնտեսական այլ հարցերի վերաբերյալ:

4. Պետական գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրվում են օրենքով սահմանված կարգով:

(33-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243 օրենք)

 

Հոդված 34. Կառավարության վարկավորումը

 

Կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ այլ պետական մարմիններին ուղղակիորեն կամ անուղղակիորեն վարկավորելը կամ այլ կերպ ֆինանսավորելն արգելվում է` բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. (2-րդ կետը հանվել է 26.11.2001 թվականից` 23.10.01 ՀՕ-243 օրենք)

3. (3-րդ կետը հանվել է 26.11.2001 թվականից` 23.10.01 ՀՕ-243 օրենք)

4. (4-րդ կետը հանվել է 26.11.2001 թվականից` 23.10.01 ՀՕ-243 օրենք)

5. (5-րդ կետը հանվել է 26.11.2001 թվականից` 23.10.01 ՀՕ-243 օրենք)

(34-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243 օրենք)

 

ԳԼՈՒԽ 5
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ

 

i
Հոդված 35. Բանկերի և Կենտրոնական բանկից լիցենզիա ստացած այլ անձանց հետ փոխհարաբերությունները

 

1. Կենտրոնական բանկը նպաստում է բանկերի և Կենտրոնական բանկից լիցենզիա ստացած այլ անձանց գործունեությանը, կայուն զարգացմանը և դրանց համար ազատ մրցակցության հավասար պայմանների ստեղծմանը ձեռնարկելով օրենքով նախատեսված միջոցները:

2. Կենտրոնական բանկը չի կարող միջամտել բանկերի և իրենից լիցենզիա ստացած այլ անձանց ընթացիկ գործունեությանը` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

3. Կենտրոնական բանկի սահմանած կարգով և պայմաններով Կենտրոնական բանկում ստեղծվում է բանկերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ` վարկային ռեգիստր, որին պարտադիր մասնակցում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերը: Կենտրոնական բանկը հրապարակում է բանկերի և (կամ) առանձին բանկի հանդեպ խոշոր պարտավորություն(ներ) ունեցող անպարտաճանաչ պարտապանների անվանումներն ու անունները` «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածով սահմանված կարգով:

(35-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243, 03.03.04 ՀՕ-45-Ն օրենքներ)

 

i
Հոդված 36. Բանկային գործունեության կարգավորումը և լիցենզավորումը: Այլ անձանց լիցենզավորումը

 

1. Կենտրոնական բանկը, օրենքին համապատասխան, սահմանում է բանկերի ֆինանսական խմբերի գործունեության հիմնական և այլ տնտեսական նորմատիվները, դրանց հաշվարկման կարգը և կապիտալի հաշվարկման կանոնները:

2. Կենտրոնական բանկն օրենքով սահմանված կարգով լիցենզավորում է բանկային գործունեությունը, վերահսկում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ֆինանսական խմբերի գործունեությունը, սահմանում է դրանց կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների և տեղեկանքների ձևերը և դրանք ներկայացնելու կարգը: Բանկերի գործունեության վերահսկողությունը Կենտրոնական բանկի բացառիկ իրավասությունն է: Կենտրոնական բանկն օրենքով նախատեսված դեպքերում կարող է բանկերի ֆինանսական խմբերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել:

3. Կենտրոնական բանկն այլ անձանց լիցենզիա է տրամադրում օրենքով սահմանված կարգով:

4. Բանկերից, վարկային կազմակերպություններից և Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող ու վերահսկվող այլ անձանցից հաշվետվություններ պահանջելու և ստանալու բացառիկ իրավասությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, պատկանում է Կենտրոնական բանկին:

(36-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243, 03.03.04 ՀՕ-45-Ն, 12.11.15 ՀՕ-133-Ն օրենքներ)

 

Հոդված 37. Բանկերի պարտադիր պահուստները

 

1. Կենտրոնական բանկը սահմանում է բանկերի կողմից ներգրավված ցպահանջ, ժամկետային և խնայողական ավանդների և այլ պարտավորությունների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների չափը, պահուստավորման և պահուստավորված միջոցների օգտագործման կարգը:

2. Նույնանման գործունեություն իրականացնող բոլոր բանկերի, ինչպես նաև բանկերի կողմից ստանձնած նույնանման բոլոր պարտավորությունների համար սահմանվում է պարտադիր պահուստավորման նույն կարգը:

3. Կենտրոնական բանկը կարող է օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի համար սահմանել պարտադիր պահուստավորման հատուկ կարգ, որը պետք է տարածվի օտարերկրյա բանկերի բոլոր մասնաճյուղերի վրա:

4. Պարտադիր պահուստավորման ենթակա միջոցների, ինչպես նաև պարտադիր պահուստավորման ենթակա միջոցների չափը գերազանցող մասի դիմաց վճարվող տոկոսադրույքների չափը սահմանում է Կենտրոնական բանկի նախագահը:

Սույն մասով սահմանված տոկոսադրույքների չափը պետք է նույնը լինի նույնանման գործունեություն իրականացնող բոլոր բանկերի, ինչպես նաև բանկերի կողմից ստանձնած նույնանման բոլոր պարտավորությունների համար:

5. Պարտադիր պահուստավորումը սահմանված կարգով չկատարելու դեպքում Կենտրոնական բանկը բանկից տույժ է գանձում` Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափով, բայց ոչ ավելի, քան միջին հաշվով պակաս պահուստավորված յուրաքանչյուր օրվա համար պակաս պահուստավորված գումարի մեկ տոկոսը:

6. Կենտրոնական բանկի խորհուրդը բանկի, Կենտրոնական բանկի նախագահի, վերստուգող ստորաբաժանման առաջարկության հիման վրա կամ իր նախաձեռնությամբ կամ բանկի հետ սույն օրենքի 39.10 հոդվածով նախատեսված պայմանագրի կնքմամբ բանկի նկատմամբ նշանակված տույժի գանձումը հետաձգելու, տույժի չափը նվազեցնելու կամ տույժի գանձման ժամանակացույց սահմանելու որոշում է ընդունում, եթե տույժի գանձումը կարող է հանգեցնել բանկի` Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված չափանիշներով հիմնավորված ծանր ֆինանսական կացությանը:

(37-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243, 03.03.04 ՀՕ-45-Ն, 23.05.16 ՀՕ-70-Ն օրենքներ)

 

Հոդված 38. Բանկերի վարկավորումը

 

1. Կենտրոնական բանկը, որպես վերջին ատյանի վարկատու, կարող է իր կողմից սահմանված կարգով վեց ամիս մարման ժամկետը չգերազանցող վարկեր տրամադրել բանկերին:

Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի` ամբողջությամբ վերցրած միասնականությունը և սահունությունը պահպանելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է տրամադրել վեց ամսից ավելի ժամկետ ունեցող վարկեր, որոնց մարման ժամկետը չի կարող գերազանցել հինգ տարին:

1.1. Սույն հոդվածով սահմանված Կենտրոնական բանկի կողմից բանկերին վարկավորելու վերաբերյալ որոշումներն ընդունում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

2. Կենտրոնական բանկի կողմից բանկերին տրամադրվող վարկերը պետք է ապահովված լինեն`

ա) պետական արժեթղթերով.

բ) ոչ ավելի, քան ինը ամիս մարման ժամկետ ունեցող հուսալի չեկերով և մուրհակներով.

գ) Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` այլ արժեթղթերով.

դ) ոսկուց և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամներով (այդ թվում` հուշադրամներով) և ստանդարտացված ձուլակտորներով.

ե) Կենտրոնական բանկում, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ այլ բանկերում` հայկական դրամով, կայուն արտարժույթով կամ սույն մասի «ա», «բ», «գ» և «դ» կետերում թվարկված արժեթղթերով և թանկարժեք մետաղներով ներդրված ավանդներով:

3. Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի` ամբողջությամբ վերցրած կայունությունն ու զարգացումն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկն իր խորհրդի կողմից սահմանված կարգով կարող է բանկերին տրամադրել այլ միջոցներով ապահովված կամ առանց ապահովման (բանկային) վարկեր:

4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է առանձին տեսակի վարկերի համար վարկավորման տարբերակված տոկոսադրույքներ և վարկավորման հատուկ կարգ և պայմաններ սահմանել:

5. Առանձին դեպքերում Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է երաշխավորել բանկերի պարտավորությունները` դրանց զարգացման և հատուկ այլ ծրագրերի իրագործման նպատակով բանկերից և այլ ներդրողներից փոխառություններ ձեռքբերելու համար, եթե`

ա) տվյալ փոխառության համար բանկի կողմից վճարվող տոկոսադրույքը էականորեն ցածր է Հայաստանի Հանրապետությունում նման փոխառության միջին շուկայական տոկոսադրույքից.

բ) տվյալ փոխառությունը երկարաժամկետ է.

գ) տվյալ փոխառության օգտագործման ծրագիրն արժանացել է Կենտրոնական բանկի խորհրդի հավանությանը: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է երաշխիքների տրամադրման լրացուցիչ պայմաններ սահմանել:

(38-րդ հոդ. փոփ. 25.12.06 ՀՕ-44-Ն, 30.04.09 ՀՕ-114-Ն օրենքներ)

 

Հոդված 38.1.   Բյուրոյի վարկավորումը

 

Կենտրոնական բանկը «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարող է վարկեր տրամադրել Բյուրոյին:

(38.1-ին հոդ. լրաց. 18.05.10 ՀՕ-66-Ն օրենք)

 

Հոդված 38.2.  Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին վարկերի տրամադրումը

 

Եթե հատուցման դեպք առաջանալու պահին կարող է վտանգվել Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունությունը (իրացվելիությունը և/կամ վճարունակությունը), ապա Կենտրոնական բանկը կարող է իր խորհրդի սահմանած կարգով, պայմաններով և ժամկետներով Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին տրամադրել բյուջետային երաշխիքով ապահովված վարկեր` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.1 հոդվածով նախատեսված բյուջետային երաշխիքի տրամադրման դեպքում:

(38.2-րդ հոդ. լրաց. 24.06.10 ՀՕ-110-Ն օրենք)

 

Հոդված 39. Համագործակցությունը բանկային միությունների և ասոցիացիաների հետ

 

1. Կենտրոնական բանկը համագործակցում է բանկային միությունների և ասոցիացիաների հետ բանկային գործունեությանը վերաբերող հարցերի շուրջ, այդ թվում` մինչև բանկային համակարգի և բանկերի գործունեության վրա էապես ազդող ակտերի ընդունումը խորհրդակցում է նրանց հետ և տալիս է անհրաժեշտ բացատրություններ:

2. Բանկային միությունների և ասոցիացիաների հետ համագործակցության և բանկային գործունեության հետ կապված խնդիրների ուսումնասիրության և կարգավորման նպատակով Կենտրոնական բանկը կարող է մասնակցել բանկային միությունների և ասոցիացիաների աշխատանքային խմբերի և այլ կառույցների աշխատանքին:

 

i

ԳԼՈՒԽ 5.1.
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ, ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

(5.1-ին գլուխը լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)

 

Հոդված 39.1 Կենտրոնական բանկի կողմից իրականացվող վերահսկողությունը և ստուգումների անցկացումը

 

1. Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, վարկային կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, արժեթղթերի շուկայի մասնակիցների, կենսաթոշակային գործունեություն իրականացնող ոչ պետական կազմակերպությունների, ապահովագրական գործունեություն իրականացնողների, գրավատների, արժեթղթավորման հիմնադրամների, կորպորատիվ ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ներդրումային ֆոնդի օտարերկրյա կառավարիչների, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Երաշխիքային ֆոնդը կառավարող անձի (Երաշխիքային ֆոնդի կառավարման մասով) և իրենից լիցենզիա ստացած այլ անձանց, Բյուրոյի և ֆինանսական խմբերի (այսուհետ` վերստուգվող անձինք) ստուգումները (այսուհետ` վերստուգվող անձանց մոտ ստուգումներ) իրականացնում է սույն գլխով նախատեսված հիմքերով, դեպքերում և կարգով, իսկ սույն մասով սահմանված անձանց օտարերկրյա պետություններում գործող մասնաճյուղերում, դուստր կազմակերպություններում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում և կարգով: Կենտրոնական բանկը կարող է վերստուգվող անձանց վերաբերյալ իրեն հայտնի դարձած այնպիսի տեղեկություններ հայտնել օտարերկրյա պետությունում սույն մասով սահմանված անձանց նկատմամբ բացառիկ վերահսկողության իրավունք ունեցող համապատասխան մարմնին, որոնք անհրաժեշտ են այդ մարմնին` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վերստուգվող անձի` տվյալ օտարերկրյա պետությունում ստեղծված մասնաճյուղերի, դուստր ընկերությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ մասնաճյուղ, դուստր ընկերություն ստեղծելուն համաձայնություն տալու համար` Կենտրոնական բանկի և սույն մասով սահմանված անձի նկատմամբ բացառիկ վերահսկողության իրավունք ունեցող համապատասխան մարմնի միջև կնքված միջազգային պայմանագրով սահմանված կարգով: Կենտրոնական բանկը կարող է սույն մասով սահմանված տեղեկությունները տրամադրել անգամ, եթե դրանք բանկային կամ այլ գաղտնիք կազմեն:

2. Կենտրոնական բանկն իրականացնում է նաև վերստուգվող անձանց գործունեության ամենօրյա հեռակա վերահսկողություն` վերստուգվող անձանց կողմից օրենքով, Կենտրոնական բանկի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերով և դրանց հիման վրա Կենտրոնական բանկի խորհրդի, նախագահի կամ վերստուգող ստորաբաժանման կողմից պահանջվող` Կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվությունների, տեղեկանքների, ինչպես նաև սույն գլխով նախատեսված այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ստուգման միջոցով (այսուհետ` վերստուգվող անձանց մոտ ստուգումները և հեռակա վերահսկողությունը` ստուգում):

Սույն օրենքով ստուգումների մասին սահմանված կանոնները վերաբերում են վերստուգվող անձանց մոտ ստուգումներին և հեռակա վերահսկողությանը, եթե տվյալ դրույթի բովանդակությունից չի բխում, որ խոսքը վերաբերում է միայն վերստուգվող անձանց մոտ ստուգումներին կամ միայն հեռակա վերահսկողությանը:

3. Ստուգումներն իրականացնում է Կենտրոնական բանկի` ստուգումների համար լիազորված ստորաբաժանումը (այսուհետ` վերստուգող ստորաբաժանում):

4. Վերստուգվող անձանց մոտ ստուգումներն անցկացվում են Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի որոշմամբ` դրանց հիման վրա վերստուգող ստորաբաժանման ղեկավարի տված լիազորագրով սահմանված պաշտոնատար անձանց կողմից: Վերստուգվող անձանց մոտ ստուգմանը կարող են մասնակցել նաև վերստուգող ստորաբաժանման աշխատակից չհանդիսացող Կենտրոնական բանկի այլ աշխատակիցներ: Սույն կետում նշված որոշման մեջ նշվում են վերստուգվող անձի անվանումը կամ անունը, ստուգման նպատակը, իսկ լիազորագրում` վերստուգող խմբի կազմը, այդ թվում` ղեկավարը, վերստուգվող անձի մոտ ստուգում անցկացնելու սկիզբը և ավարտը: Լիազորագիրը տրվում է վերստուգող ստորաբաժանման ձևաթերթի վրա, վերստուգող ստորաբաժանման ղեկավարի կամ սահմանված կարգով նրան փոխարինող անձի ստորագրությամբ` առանց Կենտրոնական բանկի կնիքի դրոշմման: Վերստուգող ստորաբաժանման ղեկավարի կողմից վերստուգվող անձանց մոտ ստուգումներ իրականացնելիս լիազորագիր չի պահանջվում: Կենտրոնական բանկը կարող է իր կողմից ընդունվող նորմատիվ իրավական ակտերով սահմանել վերստուգող խմբի անդամների նվազագույն քանակը:

5. Բանկերում ստուգումների իրականացման արդյունքում կազմված հաշվետվություններում և ակտերում (տեղեկանքներում) պարունակվող տեղեկությունները համարվում են բանկային գաղտնիք, ներդրումային ընկերություններում, ներդրումային ֆոնդի կառավարիչներում, կարգավորվող շուկայի օպերատորների, կորպորատիվ ներդրումային ֆոնդերի, ինչպես նաև Կենտրոնական դեպոզիտարիայի մոտ` ծառայողական և ներքին տեղեկություններ, իսկ ապահովագրական և վերաապահովագրական ընկերություններում, ինչպես նաև Բյուրոյում` ապահովագրական գաղտնիք, որոնք կարող են երրորդ անձանց տրամադրվել բացառապես օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:

6. Բանկերում, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերություններում, Բյուրոյում, ներդրումային ընկերություններում, ներդրումային ֆոնդի կառավարիչներում, կորպորատիվ ներդրումային ֆոնդերում ստուգումների ընթացքում հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշներ պարունակող խախտումների բացահայտման դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին հայտնում է համապատասխան իրավապահ մարմիններին` համապատասխանաբար «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7. Բանկ, կորպորատիվ ներդրումային ֆոնդ, ներդրումային ընկերություն, ներդրումային ֆոնդի կառավարիչ կամ ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերություն և Բյուրո չհանդիսացող վերստուգվող անձանց ստուգումների ընթացքում հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշներ պարունակող խախտումների բացահայտման դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին հայտնում է համապատասխան իրավապահ մարմիններին` օրենքով սահմանված կարգով:

8. Կենտրոնական բանկը կարող է նաև իրականացնել վերստուգվող անձանց գործունեության ուսումնասիրություններ` վերստուգվող անձի կամ Կենտրոնական բանկի տարածքում, Կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվությունների, այլ փաստաթղթերի պարզաբանման և մեկնաբանման, ինչպես նաև առանձին վերլուծություններ իրականացնելու նպատակով: Ընդ որում, ուսումնասիրությունների արդյունքում սույն գլխով նախատեսված պատասխանատվության միջոցներ չեն կարող կիրառվել:

(39.1-ին հոդ. լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն, 08.12.05 ՀՕ-245-Ն, 09.04.07 ՀՕ-183-Ն, 11.10.07 ՀՕ-200-Ն, 26.05.08 ՀՕ-99-Ն, 18.05.10 ՀՕ-66-Ն, 22.12.10 ՀՕ-281-Ն, 12.11.15 ՀՕ-133-Ն օրենքներ)

 

Հոդված 39.2 Ստուգման պայմանները

 

1. Ստուգումներն անցկացվում են վերստուգվող անձի հիմնադիր փաստաթղթերի, դրանցում կատարված փոփոխությունների, կառավարման բոլոր մարմինների ներքին ակտերի, կատարված գործառնությունների արդյունքում կազմված հաշվապահական հաշվառման փաստաթղթերի, ֆինանսական հաշվետվությունների, ներքին և արտաքին գրագրությունների, պայմանագրերի (ակտերի, արձանագրությունների և այլն), ինչպես նաև համակարգիչներում, էլեկտրոնային կամ փաստաթղթային կրիչների վրա պահպանվող տեղեկատվության ուսումնասիրության և վերլուծության միջոցով:

2. Վերստուգվող անձանց մոտ ստուգման ընթացքում, առանց վերստուգող խմբի անդամների թույլտվության, կողմնակի անձանց մուտքը վերստուգող խմբին հատկացված տարածք արգելվում է:

3. Վերստուգող խմբին հատկացված տարածքն աշխատանքային օրվա ավարտին կարող է կնքվել և հանձնվել վերստուգվող անձի պահպանությանը:

4. Անհրաժեշտության դեպքում վերստուգող խմբի ղեկավարն իրավասու է կնքել վերստուգվող անձի առանձին ծառայողական տարածքները, եթե տվյալ պահին այլ կերպ հնարավոր չէ ապահովել դրանցում պահվող փաստաթղթերի, կանխիկ դրամի և այլ արժեքների ստուգումը, հաշվառումը կամ գույքագրումը: Այս դեպքում կազմվում է համապատասխան ակտ, որն ստորագրում են վերստուգող խմբի ղեկավարը և վերստուգվող անձի իրավասու աշխատակիցները: Սույն կետում նշված ակտի ձևը հաստատվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

5. Սույն գլխով նախատեսված պարտականությունները վերստուգվող անձի, նրա ղեկավարների կամ այլ աշխատակիցների կողմից չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, այդ թվում` ուշացնելը, ինչպես նաև կեղծ կամ անարժանահավատ տվյալներ ներկայացնելը համարվում է ստուգման խոչընդոտում: Յուրաքանչյուր նման դեպք նույն օրը վերստուգող խմբի ղեկավարի, իսկ ստուգման դեպքում Կենտրոնական բանկի իրավասու պաշտոնատար անձի կողմից ձևակերպվում է արձանագրությամբ (ակտով) և ներկայացվում Կենտրոնական բանկի նախագահին և վերստուգվող անձին: Սույն կետում նշված արձանագրության (ակտի) ձևը հաստատվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

(39.2-րդ հոդ. լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)

 

Հոդված 39.3 Վերստուգվող անձի պարտականությունները: Կենտրոնական բանկի պատասխանատվությունը

 

1. Վերստուգվող անձը պարտավոր է վերստուգող խմբի համար`

ա) ապահովել ստուգման ընթացքում անարգել մուտք և ելք վերստուգվող անձի շենք կամ նրա առանձին ծառայողական տարածքներ, այդ թվում` սերվերային և համակարգչային, ծրագրային ապահովման այլ սենյակներ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին` ըստ փոխադարձ պայմանավորվածության.

բ) ստուգման առաջին օրը կազմակերպել վերստուգող խմբի անդամների հանդիպում վերստուգվող անձի գործադիր մարմնի ղեկավարի (ղեկավարների) և ստուգմանն աջակցող իրավասու անձանց հետ.

գ) հատկացնել աշխատանքային տարածք, որն ապահովված է աշխատելու համար բավարար պայմաններով, ինչպես նաև տեխնիկական, կապի և այլ անհրաժեշտ միջոցներով.

դ) վերստուգող խմբին տրամադրել վերստուգվող անձի հաճախորդներից և մասնակիցներից ստացված բողոքները և առաջարկությունները.

ե) վերստուգող խմբի պահանջով կազմակերպել վերստուգող խմբի հանդիպում վերստուգվող անձի հաճախորդների և (կամ) մասնակիցների հետ:

Վերստուգվող անձը պարտավոր է կատարել վերստուգող խմբի ղեկավարի և անդամների օրինական պահանջները, ինչպես նաև վերստուգող խմբի ղեկավարին և անդամներին ներկայացնել գրավոր և բանավոր բացատրություններ, տեղեկություններ և պարզաբանումներ ստուգման ենթակա փաստաթղթերի և տեղեկատվության վերաբերյալ:

2. Արգելվում է ստուգումների ընթացքում խոչընդոտել կամ միջամտել վերստուգող խմբի անդամների օրինական գործողություններին:

3. Կենտրոնական բանկի խորհուրդը, նախագահը, ինչպես նաև վերստուգող ստորաբաժանումն ստուգումների իրականացման նպատակով կարող են հանձնարարել վերստուգվող անձին` վերստուգվող անձի հաճախորդից, կոնտրագենտից, պարտատերից, մասնակցից կամ մասնակցություն ձեռք բերող անձից պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր կամ տեղեկատվություն: Վերստուգվող անձը պարտավոր է հաճախորդից, կոնտրագենտից, պարտատերից, մասնակցից կամ մասնակցություն ձեռք բերվող անձից ստացված տեղեկատվությունը ներկայացնել Կենտրոնական բանկ:

4. Կենտրոնական բանկը պատասխանատվություն է կրում վերստուգվող անձի կողմից վերստուգող խմբի անդամներին կամ Կենտրոնական բանկի այլ պաշտոնատար անձանց ժամանակավորապես տրամադրված փաստաթղթերի ապահովության և վերադարձելիության համար:

(39.3-րդ հոդ. լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)

 

Հոդված 39.4 Վերստուգող խմբի իրավունքները և պարտականությունները

 

1. Վերստուգող խումբն ստուգումներ իրականացնելու նպատակով իրավասու է`

ա) անարգել մուտք գործել վերստուգվող անձի բոլոր տարածքները` բացառությամբ դրամապահոցի, որտեղ մուտքը կատարվում է միայն վերստուգվող անձի համապատասխան աշխատակիցների ուղեկցությամբ.

բ) օգտվել ստուգման համար անհրաժեշտ, վերստուգվող անձի մոտ առկա տեխնիկական միջոցներից, ինչպես նաև վերստուգվող անձի տարածք բերել համակարգիչ, մագնիսական կրիչներ, հաշվիչներ և այլ սարքեր.

գ) վերստուգվող անձից, նրա ղեկավարներից և իրավասու աշխատակիցներից պահանջել ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթեր, թեկուզ և դրանք պարունակեն բանկային, առևտրային կամ այլ գաղտնիք կազմող տեղեկություններ, այդ թվում`

- վերստուգվող անձի հիմնադիր փաստաթղթեր, դրանցում կատարված փոփոխություններ, վերստուգվող անձի կառավարման մարմինների ներքին ակտեր, ներքին վերահսկողության ակտեր, այլ ներքին ակտեր,

- պայմանագրեր, ներքին և արտաքին գրագրություններ, դրամարկղահաշվարկային փաստաթղթեր, ֆինանսական հաշվետվություններ, սկզբնական և այլ հաշվապահական փաստաթղթեր, ներքին հաշվետվություններ, տեղեկանքներ, զեկուցագրեր, արձանագրություններ,

- տեղեկություններ կատարված գործառնությունների վերաբերյալ, մերժված վարկային հայտեր, հաճախորդների բողոք-դիմումներ,

- վերստուգվող անձի գործունեությունն ապահովող համակարգչային համակարգին առնչվող փաստաթղթեր,

- անկախ աուդիտային կազմակերպության հետ ունեցած հարաբերություններին առնչվող բոլոր փաստաթղթերը,

- վերստուգվող անձի վերստուգիչ հանձնաժողովի, ներքին աուդիտի ստորաբաժանման հաշվետվությունները,

- ստուգման արդյունքներով հայտնաբերված խախտումների ու թերությունների վերացման ուղղությամբ վերստուգվող անձի ձեռնարկած միջոցառումների մասին տեղեկատվություն և այլ անհրաժեշտ փաստաթղթեր,

- Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ վերստուգվող անձի ձեռնարկած միջոցառումների մասին տեղեկատվություն և այլ անհրաժեշտ փաստաթղթեր,

- վերստուգվող անձի գործունեության ծրագրի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն և այլ անհրաժեշտ փաստաթղթեր,

- վերստուգվող անձի մոտ առկա վերստուգվող անձի հաճախորդների, մասնակիցների և կոնտրագենտների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն.

դ) անհրաժեշտության դեպքում ինքնուրույնաբար կամ վերստուգվող անձի օգնությամբ պատճենահանել անհրաժեշտ փաստաթղթեր, ֆայլեր, հաշվողական ցանցում կամ առանձին համակարգչային համակարգում պահվող գրառումներ.

ե) վերստուգվող անձի ղեկավարությանը և իրավասու աշխատակիցներին իրենց իրավասության սահմաններում ներկայացնել հիմնավոր այլ պահանջներ, եթե դրանք բխում են ստուգման անհրաժեշտությունից և նպատակից:

2. Վերստուգող խումբը պարտավոր է ստուգումներն իրականացնել սույն օրենքով և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերով սահմանված կարգով: Վերստուգող խումբը պարտավոր է վերստուգվող անձանց մոտ ստուգումների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնել Կենտրոնական բանկի խորհրդին և նախագահին` Կենտրոնական բանկի նախագահի սահմանած ժամկետներում և կարգով:

(39.4-րդ հոդ. լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)

 

Հոդված 39.5 Ստուգումների ուղղությունները (ոլորտները) և ամփոփումը

 

1. Ստուգումները կարող են իրականացվել հետևյալ ուղղություններով (ոլորտներով)`

ա) հիմնադիր փաստաթղթերի և դրանցում կատարված փոփոխությունների օրինականության ստուգում.

բ) ընդհանուր կապիտալի մեծության, տնտեսական նորմատիվների վերլուծություն և գնահատում.

գ) իրացվելիության վերլուծություն և գնահատում.

դ) վերլուծություն, դասակարգում և գնահատում, պարտավորությունների վերլուծություն, գնահատում.

ե) կառավարման որակի գնահատում.

զ) ֆինանսական արդյունքների (եկամուտներ և ծախսեր) վերլուծություն և գնահատում.

է) ռիսկերի և (կամ) դրանց առանձին տեսակների վերլուծություն և գնահատում.

ը) դրամական միջոցների հոսքերի վերլուծություն և գնահատում.

թ) Կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվություններում և տեղեկատվություններում արտացոլված տվյալների արժանահավատության ստուգում.

ժ) Կենտրոնական բանկի կողմից տրված հանձնարարականների ու առաջարկությունների, սույն օրենքի 39.10 հոդվածով նախատեսված պայմանագրի կատարման ընթացքի և արդյունքների ստուգում.

ժա) վերստուգվող անձի ֆինանսական գործառնությունների առանձին տեսակների օրինականության ստուգում.

ժբ) տարածքի և տեխնիկական հագեցվածության ստուգում.

ժգ) տարածքային ստորաբաժանումների կամ դրանց մի մասի գործունեության ստուգում.

ժդ) վերստուգվող անձի գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին վերստուգվող անձի գործունեության համապատասխանության ստուգում.

ժե) վերստուգվող անձի (բացառությամբ բանկերի, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունների և վարկային կազմակերպությունների) լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին վերստուգվող անձի գործունեության համապատասխանության ստուգում:

2. Ստուգումների ընթացքում կարող են կատարվել վերլուծություն և գնահատում` սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված բոլոր ուղղություններով (ոլորտներով) կամ դրանց մի մասով:

3. Ստուգումների ընթացքում ստուգման ենթակա ուղղությունները (ոլորտները) որոշվում են Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի անհատական իրավական ակտերով:

4. Տվյալ վերստուգվող անձի ստուգման արդյունքների ամփոփման և ներկայացման ժամկետը որոշվում է Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի անհատական իրավական ակտով:

5. Մինչև ստուգումն իրականացնելը Կենտրոնական բանկի խորհրդի, նախագահի կամ վերստուգող ստորաբաժանման պահանջով վերստուգվող անձը պարտավոր է նախապատրաստել կամ Կենտրոնական բանկ ներկայացնել պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները:

6. Ստուգման ավարտից հետո` երկշաբաթյա ժամկետում, բանկի, ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի կառավարչի, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, Բյուրոյի կամ վարկային կազմակերպության ղեկավարների, վերստուգող խմբի անդամների և Կենտրոնական բանկի կողմից ներկայացված ցուցակում ներառված բանկի, ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի կառավարչի, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, Բյուրոյի կամ վարկային կազմակերպության մասնակիցների մասնակցությամբ անցկացվում է ստուգման արդյունքների նախնական քննարկում:

Նախնական քննարկմանը մասնակցող բանկի, ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի կառավարչի, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, Բյուրոյի կամ վարկային կազմակերպության մասնակիցների կամ նրանց ներկայացուցիչների անվանումը կամ անունը վերստուգող ստորաբաժանման կողմից ներկայացվում է Կենտրոնական բանկի նախագահի համաձայնեցմանը:

Կենտրոնական բանկի հանձնարարականով բանկը, ներդրումային ընկերությունը, ներդրումային ֆոնդի կառավարիչը, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունը, Բյուրոն կամ վարկային կազմակերպությունը պարտավոր է ապահովել ստուգման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը բանկի, ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի կառավարչի, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, Բյուրոյի կամ վարկային կազմակերպության մասնակիցներին, ինչպես նաև վերջիններիս կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությունն ստուգման արդյունքների նախնական քննարկմանը: Բանկի, ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի կառավարչի, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, Բյուրոյի կամ վարկային կազմակերպության մասնակիցների կամ նրանց ներկայացուցիչների բացակայությունը չի կարող պատճառ հանդիսանալ ստուգման արդյունքների նախնական քննարկման չկայացման համար: Նախնական քննարկմանը, անհրաժեշտության դեպքում, վերստուգող խմբի կողմից կարող են հրավիրվել նաև տվյալ բանկում, ներդրումային ընկերությունում, ներդրումային ֆոնդի կառավարչում, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունում, Բյուրոյում կամ վարկային կազմակերպությունում աուդիտային ստուգում անցկացրած անկախ աուդիտորական կազմակերպության ներկայացուցիչները:

Նախնական քննարկման արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն:

7. Ստուգումն ավարտվելուց հետո, Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ սահմանված ժամկետում և կարգով, ստուգման արդյունքների հիման վրա վերստուգող խմբի կողմից կազմվում է հաշվետվություն:

8. Ստուգման հաշվետվությունը կազմվում է երկու օրինակից, որոնք վերստուգող խմբի կողմից ստորագրվում և հանձնվում են վերստուգվող անձի ղեկավարությանը:

9. Վերստուգվող անձը, նրա գործադիր մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը մեկ շաբաթվա ընթացքում ծանոթանում է հաշվետվությանը և ստորագրում է այն «Հաշվետվության հետ ծանոթացել եմ» մակագրությամբ` մեկ օրինակը վերադարձնելով վերստուգող խմբին:

10. Վերստուգվող անձը, նրա գործադիր մարմինը կամ նրա ղեկավարը, ինչպես նաև նշանակալից մասնակցություն ունեցող մասնակիցն իրավունք ունեն հաշվետվությանը կից սույն հոդվածի 9-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացնել իրենց գրավոր առարկություններն ու բացատրությունները, ինչպես նաև մասնակցել Կենտրոնական բանկում հաշվետվության քննարկումներին: Կենտրոնական բանկում հաշվետվության և վերստուգվող անձի առարկությունների և բացատրությունների քննարկումները կազմակերպվում են Կենտրոնական բանկի նախագահի սահմանած ժամկետներում և կարգով:

(39.5-րդ հոդ. լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն, 09.04.07 ՀՕ-183-Ն, 11.10.07 ՀՕ-200-Ն, 18.05.10 ՀՕ-66-Ն, 22.12.10 ՀՕ-281-Ն օրենքներ)

 

Հոդված 39.6 Վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանումների ստուգումը

 

1. Վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանումներում ստուգումներն իրականացվում են սույն գլխով սահմանված կարգով:

2. Վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանման ստուգման ավարտից հետո ստուգման նախնական արդյունքները քննարկվում են տարածքային ստորաբաժանման ղեկավարի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև իրավասու այլ աշխատակիցների հետ:

3. Ստուգման ավարտից հետո ստուգման արդյունքների և սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված քննարկման արդյունքների հիման վրա վերստուգող խումբը կազմում է հաշվետվություն, որն ստորագրվում է վերստուգող խմբի և վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից երկօրյա ժամկետում` «Հաշվետվության հետ ծանոթացել եմ» մակագրությամբ: Հաշվետվությունը կազմվում է երեք օրինակից (մեկական օրինակ` վերստուգվող անձին, վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանմանը և վերստուգող խմբին): Վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանման ղեկավարը կարող է սույն կետով սահմանված երկօրյա ժամկետում հաշվետվությանը կից ներկայացնել իր գրավոր առարկություններն ու բացատրությունները:

4. Վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանման ստուգման արդյունքների ամփոփումն իրականացվում է սույն օրենքի 39.5 հոդվածով սահմանված կարգով:

(39.6-րդ հոդ. լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)

 

Հոդված 39.7 Պատասխանատվության միջոցի կիրառման հիմքերը և պատասխանատվության միջոցները

 

Կենտրոնական բանկը վերստուգվող անձանց և դրանց ղեկավարների նկատմամբ կարող է կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ, եթե խախտվել են նրանց գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի պահանջները (այսուհետ` խախտում):

(39.7-րդ հոդ. լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)

 

Հոդված 39.8 Խախտման արձանագրումը

 

1. Ստուգումների արդյունքում վերստուգվող անձի կամ դրա ղեկավարի թույլ տված խախտումն արձանագրում է վերստուգող ստորաբաժանումը արձանագրություն (այսուհետ` արձանագրություն) կազմելու միջոցով, և այդ պահից խախտումը համարվում է արձանագրված: Խախտումն արձանագրելու պահից սկսվում է վերստուգվող անձի կամ դրա ղեկավարի նկատմամբ պատասխանատվության միջոցի կիրառման վարույթը (այսուհետ` վարույթ):

2. Արձանագրության մեջ մանրամասնորեն նկարագրվում է խախտումը, և նշվում է օրենքի կամ իրավական այլ ակտի` վերստուգվող անձի կամ դրա ղեկավարի կողմից խախտված դրույթը:

3. Արձանագրությունը կազմելու պահից յոթ աշխատանքային օրվա ընթացքում այն վերստուգող ստորաբաժանման ղեկավարի գրությամբ ուղարկվում է խախտումը թույլ տված վերստուգվող անձի գործադիր մարմնի ղեկավարին, իսկ խորհրդի առկայության դեպքում` նաև խորհրդի նախագահին:

4. Արձանագրությունն ստանալու պահից յոթ օրացուցային օրվա ընթացքում վերստուգվող անձը կարող է Կենտրոնական բանկ ներկայացնել արձանագրության վերաբերյալ գրավոր բացատրություններ, առարկություններ կամ պարզաբանումներ:

(39.8-րդ հոդ. լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)

 

Հոդված 39.9 Տուգանքների գանձումը, պատասխանատվության այլ միջոցների կիրառումը

 

1. Վերստուգվող անձի կամ դրա ղեկավարի նկատմամբ տուգանքի նշանակման կամ պատասխանատվության այլ միջոցների կիրառման դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով գրավոր ծանուցում է վերստուգվող անձին կամ դրա ղեկավարին:

2. Վերստուգվող անձը կամ դրա ղեկավարը կարող է սույն հոդվածի 1-ին կետում նշված տուգանքի նշանակման ծանուցումն ստանալուց հետո ծանուցման մեջ նշված ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել տուգանքի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը, իսկ Կենտրոնական բանկում բանկային կամ թղթակցային հաշվի առկայության դեպքում` հանձնարարել Կենտրոնական բանկին իր բանկային (թղթակցային) հաշվից գանձել տուգանքի գումարը:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված փաստաթղթի պատճենը կամ հանձնարարականը չստանալու դեպքում Կենտրոնական բանկն օրենքով սահմանված կարգով դիմում է դատարան:

4. Սույն հոդվածով նախատեսված տուգանքի գումարները գանձվում են հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների:

(39.9-րդ հոդ. լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)

 

Հոդված 39.10 Բանկի, ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի կառավարչի, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, բյուրոյի, վարկային կազմակերպության կամ ֆինանսական խմբի և Կենտրոնական բանկի միջև կնքվող պայմանագիրը

 

1. Կենտրոնական բանկի և խախտումներ թույլ տված բանկի, ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի կառավարչի, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, բյուրոյի, վարկային կազմակերպության կամ ֆինանսական խմբի միջև բանկի, ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի կառավարչի, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, բյուրոյի, վարկային կազմակերպության կամ ֆինանսական խմբի ֆինանսական վիճակի բարելավման և բնականոն գործունեության ապահովման նպատակով կարող է կնքվել պայմանագիր, եթե առկա չեն «Բանկերի, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անվճարունակության հիմքերը կամ դրանցից մեկը: Սույն հոդվածով սահմանված պայմանագիր կնքելու մասին որոշում ընդունում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմանագրի կնքման պահից պայմանագիրը կնքած բանկի, ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի կառավարչի, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, բյուրոյի, վարկային կազմակերպության կամ ֆինանսական խմբի նկատմամբ սկսված վարույթները կարող են կասեցվել կամ կարճվել, բանկի, ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի կառավարչի, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, Բյուրոյի նկատմամբ նշանակված տուգանքի, տույժի գանձումը կարող է հետաձգվել կամ տուգանք կամ պատասխանատվության այլ միջոց չկիրառվել, տուգանքի, տույժի չափը կարող է նվազեցվել կամ տուգանքի, տույժի գանձման ժամանակացույց սահմանվել:

3. Պայմանագրով կարող են նախատեսվել հետևյալ պայմանները (կիրառելիության դեպքում)`

ա) որոշակի ժամանակաշրջանում վերակազմակերպման կամ զարգացման ծրագրի իրագործում.

բ) խախտման վերացմանն ուղղված միջոցառումների ձեռնարկում.

գ) շահաբաժինների վճարման կասեցում.

դ) ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվների սահմանում.

ե) ղեկավարների աշխատավարձի նվազեցում և պարգևավճարների դադարեցում.

զ) ակտիվային և (կամ) պասսիվային առանձին գործառնությունների դադարեցում կամ ծավալային սահմանափակում.

է) գովազդի իրականացման սահմանափակում.

ը) այլ սահմանափակումներ, որոնք անհրաժեշտ են բանկի, ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի կառավարչի, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, բյուրոյի, վարկային կազմակերպության կամ ֆինանսական խմբի ֆինանսական վիճակի բարելավման և բնականոն գործունեության ապահովման համար:

(39.10-րդ հոդ. լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն, 09.04.07 ՀՕ-183-Ն, 11.10.07 ՀՕ-200-Ն, 18.05.10 ՀՕ-66-Ն , 22.12.10 ՀՕ-281-Ն, 12.11.15 ՀՕ-133-Ն օրենքներ)

 

Հոդված 39.11 Վաղեմության ժամկետները

 

Կենտրոնական բանկը հայտնաբերված խախտման համար կարող է վերստուգվող անձի կամ դրա ղեկավարի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառել խախտման արձանագրման պահից մեկ տարվա ընթացքում:

(39.11-րդ հոդ. լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)

 

Հոդված 39.12 Վարույթը կարճելը

 

1. Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ կարճում է վարույթը, եթե`

ա) բաց են թողնված սույն օրենքի 39.11 հոդվածով սահմանված վաղեմության ժամկետները.

բ) խախտման համար օրենքով պատասխանատվություն նախատեսված չէ.

գ) վարույթն սկսելու պահին արձանագրված խախտումը հետագայում` օրենսդրության փոփոխության պարագայում, այլևս խախտում չի համարվում, կամ նման խախտման համար պատասխանատվության միջոց սահմանված չէ.

դ) արձանագրված փաստը խախտում չէ.

ե) սույն օրենքի 39.10 հոդվածով նախատեսված պայմանագրի դադարումից հետո բանկը, ներդրումային ընկերությունը, ներդրումային ֆոնդի կառավարիչը, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունը կամ վարկային կազմակերպությունն ամբողջովին կատարել է պայմանագրով նախատեսված պայմանները:

2. Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ կարող է կարճել վարույթը, եթե մինչև պատասխանատվության միջոց կիրառելու մասին Կենտրոնական բանկի նախագահի որոշման ստորագրումը վերստուգվող անձը կամ դրա ղեկավարը կամովին վերացրել է խախտումը:

3. Կենտրոնական բանկի խորհուրդը կարճում է վարույթը, եթե բանկը, ներդրումային ընկերությունը, ներդրումային ֆոնդի կառավարիչը, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունը, Բյուրոն կամ վարկային կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ, և կարող է կարճել վարույթը, եթե բանկի, ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի կառավարչի, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, բյուրոյի, վարկային կազմակերպության կամ ֆինանսական խմբի հետ կնքվել է սույն օրենքի 39.10 հոդվածով նախատեսված պայմանագիրը:

4. Եթե խախտման վերաբերյալ վարույթը կարճվել է սույն հոդվածի 2-րդ կետի հիմքով, ապա տվյալ խախտումը համարվում է կատարված և հաշվարկվում է բանկի, ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի կառավարչի, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, բյուրոյի, վարկային կազմակերպության կամ ֆինանսական խմբի կողմից թույլ տրված և արձանագրված խախտումների ընդհանուր քանակում:

(39.12-րդ հոդ. լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն, 09.04.07 ՀՕ-183-Ն, 11.10.07 ՀՕ-200-Ն, 18.05.10 ՀՕ-66-Ն, 22.12.10 ՀՕ-281-Ն, 12.11.15 ՀՕ-133-Ն օրենքներ)

ԻՐՏԵԿ 39.12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում 12.11.15 ՀՕ-133-Ն օրենքի 8-րդ հոդվածի գ) կետով սահմանված փոփոխությունը չի կատարվել 39.12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում անհրաժեշտ բառերի բացակայության պատճառով

 

Հոդված 39.13 Վարույթի կասեցումը

 

Կենտրոնական բանկի խորհուրդը կամ նախագահը կարող են կասեցնել վարույթը, եթե պատասխանատվության միջոցի կիրառումը պահանջում է արձանագրված խախտման վերաբերյալ լրացուցիչ պարզաբանում, կամ երևան են եկել նոր հանգամանքներ, կամ բանկի, ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի կառավարչի, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, բյուրոյի, վարկային կազմակերպության կամ ֆինանսական խմբի հետ կնքվել է սույն օրենքի 39.10 հոդվածով նախատեսված պայմանագիրը: Կասեցման որոշման մեջ նշվում է վարույթի կասեցման ժամկետը և պատճառը: Կասեցման ժամկետը խորհուրդը կամ նախագահը կարող են երկարաձգել, եթե նախորդ կասեցման ժամանակահատվածում հնարավոր չի եղել իրականացնել լրացուցիչ պարզաբանումների կամ երևան եկած նոր հանգամանքների ամբողջական ուսումնասիրություն և վերլուծություն:

(39.13-րդ հոդ. լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն, 09.04.07 ՀՕ-183-Ն, 11.10.07 ՀՕ-200-Ն, 18.05.10 ՀՕ-66-Ն, 22.12.10 ՀՕ-281-Ն, 12.11.15 ՀՕ-133-Ն օրենքներ)

 

Հոդված 39.14 Տուգանքի գանձումը հետաձգելու, տուգանքը կամ այլ պատասխանատվության միջոց չկիրառելու կամ տուգանքը մեղմացնելու մասին որոշումը

 

Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է բանկի, ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի կառավարչի, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, բյուրոյի, վարկային կազմակերպության կամ ֆինանսական խմբի, Կենտրոնական բանկի նախագահի, վերստուգող ստորաբաժանման առաջարկության հիման վրա կամ իր նախաձեռնությամբ կամ բանկի, ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի կառավարչի, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, բյուրոյի, վարկային կազմակերպության կամ ֆինանսական խմբի հետ սույն օրենքի 39.10 հոդվածով նախատեսված պայմանագրի կնքմամբ բանկի, ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի կառավարչի, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, բյուրոյի, վարկային կազմակերպության կամ ֆինանսական խմբի կամ դրա ղեկավարի նկատմամբ տուգանքի գանձումը հետաձգելու, տուգանք կամ այլ պատասխանատվության միջոց չկիրառելու կամ տուգանքի չափը նվազեցնելու մասին կամ տուգանքի գանձման ժամանակացույց սահմանելու որոշում ընդունել, եթե տուգանքի գանձումը կարող է հանգեցնել բանկի, ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի կառավարչի, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, բյուրոյի, վարկային կազմակերպության կամ ֆինանսական խմբի` Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված ծանր ֆինանսական կացությանը:

(39.14-րդ հոդ. լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն, 09.04.07 ՀՕ-183-Ն, 11.10.07 ՀՕ-200-Ն, 18.05.10 ՀՕ-66-Ն, 22.12.10 ՀՕ-281-Ն, 12.11.15 ՀՕ-133-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 5.2.
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

(5.2-րդ գլուխը լրաց. 12.11.15 ՀՕ-133-Ն օրենք)

 

Հոդված 39.15. Ֆինանսական խումբը

 

1. Սույն օրենքի և ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով ֆինանսական խումբ են համարվում փոխկապակցված` երկու կամ ավելի ֆինանսական կազմակերպությունների խումբը և վերջիններիս մայր կազմակերպություն(ներ) հանդիսացող կազմակերպություն(ներ)ը (առկայության դեպքում):

2. Սույն հոդվածի 1-ին մասի կիրառման նպատակով`

1) մայր կազմակերպություն է համարվում կազմակերպության նկատմամբ վերահսկողություն ունեցող կազմակերպությունը: Վերահսկողությունը որոշվում է համաձայն Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտ 10-ի.

2) ֆինանսական կազմակերպություն են համարվում բանկը, վարկային կազմակերպությունը, ներդրումային ընկերությունը, ներդրումային ֆոնդի կառավարիչը, ապահովագրական (վերաապահովագրական) ընկերությունը.

3) կազմակերպություն են համարվում ֆինանսական խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունը և մայր կազմակերպությունը միասին, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխով.

4) կազմակերպությունները համարվում են փոխկապակցված` համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

5) պատասխանատու անձ է համարվում ֆինանսական խմբի անդամ կազմակերպությունների ընտրած և Կենտրոնական բանկի նշանակած կամ սույն օրենքով սահմանված դեպքերում Կենտրոնական բանկի նշանակած ֆինանսական խմբի անդամ հանդիսացող ֆինանսական կազմակերպությունը, որը պարտավոր է սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ժամկետներում և պարբերականությամբ իրականացնել սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով իրեն վերապահված գործառույթները, որոնց չկատարման համար ենթարկվում է պատասխանատվության ֆինանսական հատվածի այն օրենքի համաձայն, որով կարգավորվում է պատասխանատու անձի` որպես ֆինանսական կազմակերպության գործունեությունը:

(39.15-րդ հոդ. լրաց. 12.11.15 ՀՕ-133-Ն օրենք)

 

Հոդված 39.16. Կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելը

 

1. Սույն օրենքի 39.15-րդ հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի առկայության դեպքում կազմակերպությունները որպես ֆինանսական խումբ են որակվում (ճանաչվում) Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Սույն մասում նշված որոշման ընդունման համար հիմք կարող է համարվել Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքը կամ կազմակերպությունների խմբի լիազոր ներկայացուցչի (այսուհետ` սույն գլխում` Լիազոր ներկայացուցիչ)` որպես ֆինանսական խումբ որակելու մասին դիմումը: Լիազոր ներկայացուցչի ներկայացրած դիմումը պետք է պարունակի կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելու համապատասխան հիմնավորումներ, ինչպես նաև առաջարկություն պատասխանատու անձի թեկնածության վերաբերյալ կամ առաջարկ Կենտրոնական բանկին` իր նախաձեռնությամբ նշանակել պատասխանատու անձին:

2. Կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելու կարգը, ժամկետները, լիազոր ներկայացուցչի դիմումի և հիմնավորումների ներկայացման կարգը և ձևը սահմանում է Կենտրոնական բանկը նորմատիվ իրավական ակտերով:

3. Կենտրոնական բանկը, արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով ֆինանսական խմբի չափերից, կառուցվածքի բարդությունից և ռիսկայնությունից ելնելով, կարող է ֆինանսական խումբը դասակարգել տեսակների, ենթախմբ(եր)ի:

4. Կենտրոնական բանկը իր նորմատիվ իրավական ակտերով սահմանում է ֆինանսական խմբերին տեսակների, ենթախմբերի դասակարգման սկզբունքները` ըստ ռեզիդենտության և այլ չափանիշների:

5. Կազմակերպություններին ֆինանսական խումբ ճանաչելու մասին սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումը կայացնելուց հետո այդ որոշման կայացման համար սույն օրենքի 39.15-րդ հոդվածով նախատեսված հիմքերի վերացման դեպքում պատասխանատու անձը դիմում է Կենտրոնական բանկ` առաջարկելով դադարեցնել կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելը` ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ: Սույն մասում նշված դիմումն ստանալու պահից 30-օրյա ժամկետում Կենտրոնական բանկի խորհուրդը, հաշվի առնելով 39.15-րդ հոդվածով նախատեսված հիմքերի հետագա առաջացման հավանականությունը, որոշում է կայացնում տվյալ կազմակերպություններին որպես խումբ որակելը դադարեցնելու վերաբերյալ կամ որոշում է կայացնում 1 տարին չգերազանցող փորձաշրջան տրամադրելու վերաբերյալ: Փորձաշրջանի ընթացքում կազմակերպությունները շարունակում են համարվել ֆինանսական խումբ: Սույն մասով սահմանված փորձաշրջանի ժամկետի ավարտից հետո Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում տվյալ կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելը դադարեցնելու վերաբերյալ կամ որոշում է կայացնում շարունակելու տվյալ կազմակերպություններին դիտարկել որպես ֆինանսական խումբ: Կազմակերպություններին ֆինանսական խումբ ճանաչելու մասին սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումը կայացնելուց հետո այդ որոշման կայացման համար սույն օրենքի 39.15-րդ հոդվածով նախատեսված հիմքերի վերացման դեպքում, եթե պատասխանատու անձը չի դիմում Կենտրոնական բանկ` առաջարկելով դադարեցնել կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ դիտարկելը, ապա Կենտրոնական բանկը կարող է դադարեցնել կազմակերպություններին որպես խումբ որակելը: Այն դեպքում, երբ սույն օրենքի 39.15-րդ հոդվածով նախատեսված հիմքերը առկա են, սակայն Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով ֆինանսական խմբի կառուցվածքով և ֆինանսական խմբի անդամների փոխհարաբերությունների առանձնահատկություններով պայմանավորված խմբային ռիսկեր չեն առաջանում, Կենտրոնական բանկը կարող է դադարեցնել կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելը:

6. Եթե կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելուց հետո ֆինանսական խմբի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ, ապա Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում ֆինանսական խմբի կազմի փոփոխության վերաբերյալ: Սույն կետում նշված որոշման ընդունման համար հիմք կարող է հանդիսանալ Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքը կամ պատասխանատու անձի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված հիմնավորումները:

7. Կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելու, ֆինանսական խմբի կազմի փոփոխության վերաբերյալ որոշումները Կենտրոնական բանկի խորհուրդը կայացնում է այդ որոշումների կայացման համար հիմք հանդիսացող հանգամանքների առաջացման (լիազոր ներկայացուցչի դիմում, Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքի համար անհրաժեշտ տեղեկությունների բացահայտում) պահից 30-օրյա ժամկետում:

(39.16-րդ հոդ. լրաց. 12.11.15 ՀՕ-133-Ն օրենք)

 

Հոդված 39.17. Ֆինանսական խմբերի ռեեստրը

 

1. Ֆինանսական խմբերի ռեեստրը (սույն գլխում այսուհետ` Ռեեստր)` տվյալների համակարգ է, որտեղ գրանցվում են տեղեկություններ ֆինանսական խմբերի վերաբերյալ:

2. Ռեեստրը վարում է Կենտրոնական բանկը:

3. Ռեեստրի վարման կարգը և Ռեեստրում ներառման ենթակա տեղեկատվությունների ցանկը սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:

(39.17-րդ հոդ. լրաց. 12.11.15 ՀՕ-133-Ն օրենք)

 

Հոդված 39.18. Ֆինանսական խմբի պատասխանատու անձը

 

1. Եթե կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելու որոշումը կայացվել է սույն օրենքի 39.16-րդ հոդվածի 1-ին մասում նշված դիմումի հիման վրա, ապա կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելու մասին որոշման մեջ նշվում է սույն օրենքի 39.16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ներկայացված դիմումում նշված անձը, եթե նա համապատասխանում է պատասխանատու անձին ներկայացվող չափանիշներին:

2. Եթե օրենքի 39.16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ներկայացված դիմումում նշված անձը չի համապատասխանում պատասխանատու անձին ներկայացվող չափանիշներին, կամ եթե այդ դիմումով պատասխանատու անձ նշանակելու իրավասությունը վերապահվել է Կենտրոնական բանկին, ապա պատասխանատու անձին նշանակում է Կենտրոնական բանկը:

3. Եթե կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելու որոշումը կայացվել է Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքի հիման վրա, ապա կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելու մասին որոշումը կայացնելուց և Ռեեստրում գրանցելուց հետո Կենտրոնական բանկն առաջարկում է ֆինանսական խմբին 15 աշխատանքային օրվա ընթացքում ընտրել պատասխանատու անձ և այդ մասին տեղեկացնել Կենտրոնական բանկին: Կենտրոնական բանկի խորհուրդը սույն մասում նշված տեղեկացումն ստանալուց հետո որոշում է կայացնում ֆինանսական խմբի պատասխանատու անձ նշանակելու մասին: Կենտրոնական բանկի` սույն մասում նշված առաջարկն ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսական խմբի կողմից պատասխանատու անձին ներկայացվող չափանիշներին համապատասխանող պատասխանատու անձ չընտրելու դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը նշանակում է պատասխանատու անձին:

4. Պատասխանատու անձին ներկայացվող չափանիշները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

5. Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կարող է չեղյալ համարվել պատասխանատու անձի նշանակումը (անկախ այն հանգամանքից, թե պատասխանատու անձը նշանակվել էր դիմումի հիման վրա, թե Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ), եթե իր հիմնավոր կարծիքով տվյալ պատասխանատու անձը չի կարողանում կամ չի կարողանալու իրականացնել սույն օրենքով պատասխանատու անձի վրա դրված պարտականությունները:

6. Պատասխանատու անձի նշանակումը չեղյալ համարելու մասին որոշումը կայացնելու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսական խումբը պետք է Կենտրոնական բանկ ներկայացնի նոր պատասխանատու անձի թեկնածությունը: Սույն մասով սահմանված ժամկետում նոր պատասխանատու անձի թեկնածությունը չներկայացնելու կամ ներկայացված թեկնածության` պատասխանատու անձին ներկայացվող չափանիշներին չհամապատասխանելու դեպքում նոր պատասխանատու անձին նշանակում է Կենտրոնական բանկի խորհուրդը` 15 աշխատանքային օրվա ընթացքում:

7. Ֆինանսական խումբը կարող է դիմել Կենտրոնական բանկ` պատասխանատու անձին փոփոխելու նպատակով` ներկայացնելով հիմնավորումներ փոփոխություն կատարելու և նշանակվող պատասխանատու անձի կողմից իր պարտականությունները արդյունավետ իրականացնելու հնարավորության վերաբերյալ: Սույն կետում նշված դիմումը Կենտրոնական բանկը քննարկում է և դրա վերաբերյալ որոշում է կայացնում դիմումը ներկայացնելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում:

(39.18-րդ հոդ. լրաց. 12.11.15 ՀՕ-133-Ն օրենք)

 

Հոդված 39.19. Ֆինանսական խմբի կողմից տեղեկությունների հրապարակումը և տրամադրումը Կենտրոնական բանկին

 

1. Ֆինանսական խմբի պատասխանատու անձը պարտավոր է իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել ֆինանսական խմբի (ֆինանսական խմբի առանձին տեսակի, ենթախմբի) վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած հաշվետվությունները և տեղեկատվությունը:

2. Կենտրոնական բանկը կարող է իր սահմանած հաճախականությամբ պահանջել ֆինանսական խմբի (ֆինանսական խմբի առանձին տեսակի, ենթախմբի) և (կամ) ֆինանսական խմբում ներառված կազմակերպության վերաբերյալ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված հաշվետվություններ և այլ տեղեկություններ:

(39.19-րդ հոդ. լրաց. 12.11.15 ՀՕ-133-Ն օրենք)

 

Հոդված 39.20. Ֆինանսական խմբի գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները

 

1. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է ֆինանսական խմբի ռիսկերը զսպելու նպատակով ֆինանսական խմբի և (կամ) ֆինանսական խմբի առանձին տեսակի և (կամ) ենթախմբի համար սահմանել հետևյալ հիմնական տնտեսական նորմատիվները.

1) ֆինանսական խմբի (ֆինանսական խմբի առանձին տեսակի, ենթախմբի) ընդհանուր կապիտալի, ընդհանուր և հիմնական կապիտալի համարժեքության նվազագույն չափերը.

2) ֆինանսական խմբի (ֆինանսական խմբի առանձին տեսակի, ենթախմբի) մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը).

3) ֆինանսական խմբի (ֆինանսական խմբի առանձին տեսակի, ենթախմբի) ներխմբային գործարքների գծով ռիսկերի առավելագույն չափը (չափերը): Ներխմբային գործարք է համարվում ֆինանսական խմբում ընդգրկված կազմակերպությունների միջև կամ այդ կազմակերպությունների (դրանցից մեկի) և այդ կազմակերպությունների (կամ դրանցից մեկի) հետ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով կապված անձանց հետ գործարքները.

4) ֆինանսական խմբի (ֆինանսական խմբի առանձին տեսակի, ենթախմբի) բոլոր` խմբի անդամ չհանդիսացող խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը): Փոխառուների` խոշոր համարվելու չափանիշները սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ.

5) իրացվելիության նորմատիվ(ներ).

6) արտարժույթի տնօրինման նորմատիվ(ներ).

7) ապահովագրական մեկ ռիսկի առավելագույն չափի նորմատիվ.

8) տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների նորմատիվ:

2. Կենտրոնական բանկը կարող է առանձին ֆինանսական խմբի և (կամ) ֆինանսական խմբի տեսակի և (կամ) ենթախմբի համար սահմանել ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվներ, քան սահմանված են այլ ֆինանսական խմբերի և (կամ) ֆինանսական խմբի տեսակների և (կամ) ենթախմբերի համար, եթե տվյալ ֆինանսական խմբի և (կամ) ֆինանսական խմբի տեսակի և (կամ) ենթախմբի ֆինանսական ցուցանիշները Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով վատթարացել են, կարող են վատթարանալ, կամ ֆինանսական խումբը և (կամ) ֆինանսական խմբի տեսակը և (կամ) ենթախումբը գործունեություն է ծավալում բարձր ռիսկայնություն ունեցող ոլորտներում:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկին մասնակցող տարրերի կազմը և պարբերականությունը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

4. Սույն հոդվածով սահմանված հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկը Կենտրոնական բանկ է ներկայացնում պատասխանատու անձը:

(39.20-րդ հոդ. լրաց. 12.11.15 ՀՕ-133-Ն օրենք)

 

Հոդված 39.21. Ֆինանսական խմբերի գործունեության իրավական կարգավորումը

 

1. Կենտրոնական բանկը կարող է առաջարկել ֆինանսական խմբի անդամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալի մասնակցություն ունեցող անձին Կենտրոնական բանկի և այդ անձի փոխադարձ համաձայնությամբ որոշված ողջամիտ ժամկետում օտարել (դադարեցնել) այդ անձի մասնակցությունը ֆինանսական կազմակերպությունում, ինչպես նաև ֆինանսական խմբի անդամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությանը օտարել (դադարեցնել) այլ կազմակերպության կանոնադրական կապիտալում իր մասնակցությունը, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով այդ մասնակցությունը կարող է ռիսկեր առաջացնել ֆինանսական խմբի կամ ֆինանսական խմբի անդամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության համար կամ վտանգել ֆինանսական խմբի անդամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության հաճախորդների կամ սպառողների շահերը կամ խոչընդոտել ֆինանսական խմբի կամ ֆինանսական խմբի անդամ կազմակերպության նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացմանը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ֆինանսական խմբի անդամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալի մասնակցություն ձեռք բերած անձի կողմից կամ ֆինանսական խմբի անդամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության կողմից այլ կազմակերպությունում այդ մասնակցությունը չօտարելու (չդադարեցնելու) դեպքում Կենտրոնական բանկն իրավասու է այդ մասնակցին զրկելու որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքից և այդ իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի նշանակած ժամանակավոր կառավարման մարմնին, որի նշանակման չափանիշները և կարգը սահմանում է Կենտրոնական բանկը:

(39.21-րդ հոդ. լրաց. 12.11.15 ՀՕ-133-Ն օրենք)

 

Հոդված 39.22. Պատասխանատվությունը

 

1. Սույն օրենքով և ֆինանսական խմբերի գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված պահանջների չկատարման դեպքում ֆինանսական խումբը պատասխանատվության է ենթարկվում պատասխանատու անձի միջոցով: Ֆինանսական խմբի նկատմամբ կիրառվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվության միջոցները:

(39.22-րդ հոդ. լրաց. 12.11.15 ՀՕ-133-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 6
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺՈՒՅԹԸ

 

i
Հոդված 40. Հայաստանի Հանրապետության արժույթը

 

 1. Հայաստանի Հանրապետության արժույթը հայկական դրամն է: Մեկ դրամը հավասար է հարյուր լումայի: Հայկական դրամը թողարկվում է (շրջանառության մեջ է դրվում) թղթադրամի և մետաղադրամի (այդ թվում` հուշադրամի), իսկ լուման` մետաղադրամի (այդ թվում` հուշադրամի) ձևով:

2. Սույն օրենքի համաձայն թողարկված և շրջանառությունից չհանված թղթադրամն ու մետաղադրամը (այդ թվում` հուշադրամը) հանդիսանում են Կենտրոնական բանկի անվերապահ պարտավորությունը և ապահովված են նրա բոլոր միջոցներով:

(40-րդ հոդ. փոփ. 25.12.06 ՀՕ-44-Ն օրենք)

 

i
Հոդված 41. Օրինական վճարամիջոցը

 

Կենտրոնական բանկի կողմից թողարկված և շրջանառությունից չհանված թղթադրամն ու մետաղադրամը (այդ թվում` հուշադրամը) գույքի, գույքային իրավունքների, ծառայությունների և աշխատանքների դիմաց օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության տարածքում` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց:

(41-րդ հոդ. փոփ. 25.12.06 ՀՕ-44-Ն օրենք)

 

Հոդված 42. Թղթադրամ և մետաղադրամ (այդ թվում` հուշադրամ) թողարկելու և շրջանառությունից հանելու իրավասությունը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց հանդիսացող թղթադրամ և մետաղադրամ (այդ թվում` հուշադրամ) թողարկելը և շրջանառությունից հետ կանչելն ու հանելը Կենտրոնական բանկի իրավասությունն է:

2. Կենտրոնական բանկը կազմակերպում և ապահովում է թղթադրամի տպագրումը և մետաղադրամի (այդ թվում` հուշադրամի) հատումը, Կենտրոնական բանկում առկա թղթադրամի և մետաղադրամի (այդ թվում` հուշադրամի) անվտանգ պահպանումը, ինչպես նաև օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքում դրանց ոչնչացումը:

(42-րդ հոդ. փոփ. 25.12.06 ՀՕ-44-Ն օրենք)

 

Հոդված 43. Հայաստանի Հանրապետության արժույթի պահուստներն ու թողարկման ծրագիրը

 

Կենտրոնական բանկն արտացոլում է իր հաշվեկշռում և կառավարում է Հայաստանի Հանրապետության արժույթի պահուստները, կազմում է Հայաստանի Հանրապետության արժույթի թողարկման ծրագիր և ապահովում թղթադրամի և մետաղադրամի (այդ թվում` հուշադրամի) կանոնավոր մատակարարումը` ելնելով դրամավարկային քաղաքականության տարեկան ծրագրից և տնտեսության պահանջից:

(43-րդ հոդ. փոփ. 25.12.06 ՀՕ-44-Ն օրենք)

 

Հոդված 44. Թողարկված թղթադրամի և մետաղադրամի (այդ թվում` հուշադրամի) հաշվապահական հաշվառումը

 

Թողարկված թղթադրամի և մետաղադրամի (այդ թվում` հուշադրամի) ամբողջական հանրագումարը հաշվառվում է Կենտրոնական բանկի հաշվեկշռում` որպես Կենտրոնական բանկի պարտավորություն: Պահուստում գտնվող թղթադրամը և մետաղադրամը (այդ թվում` հուշադրամը) Կենտրոնական բանկի պարտավորություն չեն հանդիսանում և հաշվառվում է արտահաշվեկշռային հաշիվներում:

(44-րդ հոդ. փոփ. 25.12.06 ՀՕ-44-Ն օրենք)

 

Հոդված 45. Հայկական դրամի հատկանիշները

 

Կենտրոնական բանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության օրինական վճարամիջոց հանդիսացող թղթադրամի և մետաղադրամի (այդ թվում` հուշադրամի) անվանական արժեքը, չափը, կշիռը, պատկերներով ու մակագրություններով էսքիզը, պաշտպանական և վճարունակության հատկանիշները: Հայաստանի Հանրապետության օրինական վճարամիջոց հանդիսացող թղթադրամների վրա պետք է լինեն Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահի և կառավարության լիազորած մարմնի ղեկավարի ստորագրությունները:

Գովազդի կամ այլ նպատակներով Հայաստանի Հանրապետության թղթադրամի պատկերը թղթի վրա արտապատկերված ձևով օգտագործելու դեպքում օգտագործվող պատկերի գծային չափերը (լայնությունը և երկարությունը) պետք է փոքր կամ մեծ լինեն դրա` Կենտրոնական բանկի սահմանած իրական չափերից առնվազն 25 տոկոսով, բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից այդ պատկերն օգտագործվելու դեպքերի:

Սույն հոդվածի երկրորդ մասում նշված նպատակներով և չափերով Հայաստանի Հանրապետության թղթադրամի դիմերեսի և դարձերեսի պատկերները թույլատրվում է միաժամանակ օգտագործել միայն թղթի մեկ կողմում, բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից այդ պատկերների օգտագործման դեպքերի:

Կինոնկարահանումների, թատերական, կրկեսային և այլ ներկայացումների, օպերատիվ հետախուզական միջոցառումների ժամանակ և այլ բացառիկ դեպքերում Կենտրոնական բանկի թույլտվությամբ սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերով սահմանված կանոններից կարող են նախատեսվել բացառություններ: Այդ դեպքերում Հայաստանի Հանրապետության թղթադրամի պատկերների օգտագործումից անմիջապես հետո դրանք և դրանց պատրաստման համար օգտագործված նյութերը (ֆայլերը, մատրիցաները, տպագրաձևերը և այլն) պետք է ոչնչացվեն Կենտրոնական բանկի սահմանած կարգով և հսկողությամբ:

Սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերի իրականացման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում և դրանց խախտման համար վարչական պատասխանատվության միջոցներ է կիրառում պետական կառավարման լիազորված մարմինը` «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(45-րդ հոդ. փոփ. 11.05.04 ՀՕ-73-Ն, 25.12.06 ՀՕ-44-Ն օրենքներ)

 

Հոդված 46. Թղթադրամի և մետաղադրամի (այդ թվում` հուշադրամի) փոխանակումը

 

1. Կենտրոնական բանկն իր սահմանած կարգով անվճար փոխանակում է հնամաշ և վնասված, սակայն վճարունակության հատկանիշներին համապատասխանող թղթադրամներն ու մետաղադրամները (այդ թվում` հուշադրամները)` առանց գումարային սահմանափակումների:

2. Կենտրոնական բանկի սահմանած թղթադրամի և մետաղադրամի (այդ թվում` հուշադրամի) պաշտպանական և վճարունակության հատկանիշներին չհամապատասխանող արժույթը չի հատուցվում Կենտրոնական բանկի կողմից և հանվում է շրջանառությունից:

3. Կենտրոնական բանկը չի հատուցում կորցրած թղթադրամը կամ մետաղադրամը (այդ թվում` հուշադրամը):

(46-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243, 25.12.06 ՀՕ-44-Ն օրենքներ)

 

Հոդված 47. Թղթադրամը և մետաղադրամը (այդ թվում` հուշադրամը) շրջանառությունից հետ կանչելը և հանելը

 

1. Կենտրոնական բանկը կարող է թողարկված ցանկացած թղթադրամը կամ մետաղադրամը (այդ թվում` հուշադրամը) շրջանառությունից հետ կանչել և հանել` թողարկելով նոր պաշտպանական հատկանիշներով նույն անվանական արժեքով թղթադրամ կամ մետաղադրամ (այդ թվում` հուշադրամ) կամ նոր անվանական արժեքով այլ թղթադրամ կամ մետաղադրամ (այդ թվում` հուշադրամ):

Թղթադրամը կամ մետաղադրամը (այդ թվում` հուշադրամը) շրջանառությունից հետ կանչելը և հանելը սույն մասով չնախատեսված դեպքերում իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

Կենտրոնական բանկը սահմանում է շրջանառությունից հետ կանչված թղթադրամը կամ մետաղադրամը (այդ թվում` հուշադրամը) փոխանակելու համար ներկայացնելու ժամկետը, որը չի կարող մեկ տարուց պակաս լինել: Փոխանակման համար ներկայացվող թղթադրամի կամ մետաղադրամի (այդ թվում` հուշադրամի) քանակը և գումարը չեն կարող սահմանափակվել:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված ժամկետի ավարտից հետո շրջանառությունից հետ կանչված թղթադրամը կամ մետաղադրամը (այդ թվում` հուշադրամը) դադարում է օրինական վճարամիջոց լինելուց, սակայն ենթակա է փոխանակման առանց սահմանափակումների:

(47-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243, 25.12.06 ՀՕ-44-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 7
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ

 

i
Հոդված 48. Կենտրոնական բանկը որպես արժութային գործակալ

 

1. Կենտրոնական բանկը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության արժութային գործակալը և լիազորված է իրականացնելու արժութային քաղաքականություն:

2. Համաձայն սույն օրենքի դրույթների` Կենտրոնական բանկը կարող է հանդես գալ հայտարարություններով և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն` իր կողմից իրականացվող արժութային քաղաքականության վերաբերյալ:

 

i
Հոդված 49. Արժութային կարգավորում

 

1. Կենտրոնական բանկը սահմանում է արտարժութային գործառնությունների իրականացման, արտարժույթի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի որոշման, արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորման կարգը:

2. Կենտրոնական բանկն իրավունք ունի`

ա) սահմանել արժութային գործառնությունների իրականացման կարգն ու պայմանները, ընդունել արժութային գործառնությունները կարգավորող որոշումներ և կանոններ.

բ) հսկել և կարգավորել արժութային գործառնություններ իրականացնող դիլերների-բրոքերների, ներառյալ բանկերի, գործունեությունը.

գ) սահմանել արժութային դիլերների-բրոքերների, ներառյալ բանկերի, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրողների, արտարժույթի տնօրինման նորմատիվը.

դ) սահմանել հայկական դրամի փոխարժեքի որոշման մեթոդները.

ե) իրականացնել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:

(49-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243, 25.12.06 ՀՕ-44-Ն, 09.04.07 ՀՕ-183-Ն, 11.10.07 ՀՕ-200-Ն, 22.12.10 ՀՕ-281-Ն օրենքներ)

 

Հոդված 50. Արժութային գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունը

 

1. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր կողմից լիցենզավորված և վերահսկվող անձանցից պահանջելու պարբերական հաշվետվություններ` վերջիններիս կողմից իրականացվող արժութային գործառնությունների վերաբերյալ:

2. Կենտրոնական բանկը սահմանում է արտարժութային գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունների ձևերը և դրանց ներկայացման կարգը:

(50-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243, 08.12.05 ՀՕ-245-Ն օրենքներ)

 

Հոդված 51. Կենտրոնական բանկի արժութային գործառնությունները

 

1. Կենտրոնական բանկը կարող է տիրապետել, օգտագործել և տնօրինել`

ա) ոսկուց և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամներ (այդ թվում` հուշադրամներ) և ստանդարտացված ձուլակտորներ.

բ) արտարժույթ.

գ) այլ պետությունների, կենտրոնական և այլ առաջնակարգ բանկերի, միջազգային ֆինանսական կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա առաջնակարգ բանկերի թողարկած կամ երաշխավորած արժեթղթեր:

2. Կենտրոնական բանկը կարող է սահմանել այն փոխարժեքը, որով գնում կամ վաճառում է արտարժույթը, կամ այլ գործարքներ է իրականացնում արտարժույթով:

(51-րդ հոդ. փոփ. 25.12.06 ՀՕ-44-Ն օրենք)

 

Հոդված 52. Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները

 

1. Կենտրոնական բանկը իր հաշվեկշռում արտացոլում է Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները, որոնք կարող են ներառել հետևյալ միջոցները.

ա) ոսկուց և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամներ (այդ թվում` հուշադրամներ) և ստանդարտացված ձուլակտորներ.

բ) արտարժույթով արտահայտված թղթադրամ և մետաղադրամ (այդ թվում` հուշադրամ), ինչպես նաև օտարերկրյա կենտրոնական բանկերում և օտարերկրյա առաջնակարգ առևտրային բանկերում ցպահանջ և ժամկետային ավանդներ, ավանդային հավաստագրեր, հետադարձ գնման համաձայնագրեր.

գ) այլ պահուստային միջոցներ, ներառյալ` Արժույթի Միջազգային Հիմնադրամի փոխառության հատուկ իրավունքները.

դ) ֆորվարդ, ֆյուչերս, սվոփ և այլ ածանցյալ գործիքներ.

ե) այլ պետությունների, կենտրոնական բանկերի, պետությունների կողմից ուղղակի կամ անուղղակի երաշխավորված գործակալությունների կամ միջազգային ֆինանսական կազմակերպությունների թողարկած ֆիքսված կամ լողացող տոկոսադրույքով պարտատոմսեր, ակտիվներ, հիփոթեքով ապահովված արժեթղթեր:

2. Պահուստային միջոցների տեղաբաշխման առաջնային չափանիշը` տեղաբաշխվող միջոցների անվտանգությունն ու իրացվելիությունն է: Կենտրոնական բանկը միջազգային պահուստները պահպանում է այն մակարդակի վրա, որը համապատասխանում է դրամավարկային քաղաքականության իրականացմանն ու ապահովում է Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների անխոչընդոտ կատարումը:

3. Կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակը մեկ կառավարությանն է ներկայացնում միջազգային պահուստների վիճակի և կազմի մասին տեղեկատվություն և հրապարակում է այն: Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների մակարդակը նվազում է, կամ ըստ Կենտրոնական բանկի, առկա է դրա նվազման այնպիսի միտում, որի հետևանքով կարող է վտանգվել դրամավարկային քաղաքականության իրականացումը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների անխոչընդոտ կատարումը, ապա Կենտրոնական բանկն արտահերթ տեղեկատվություն է ներկայացնում կառավարությանը միջազգային պահուստների վիճակի, դրանց մակարդակի նվազման կամ հնարավոր նվազման պատճառների, ինչպես նաև ստեղծված իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ և այդ մասին տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության Նախագահին և Ազգային Ժողովին:

(52-րդ հոդ. փոփ. 25.12.06 ՀՕ-36-Ն, 25.12.06 ՀՕ-44-Ն օրենքներ)

 

Հոդված 53. Արտարժութային հասույթները և կորուստները

(53-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.04.04 թվականից`  03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)

i

 

ԳԼՈՒԽ 7.1. 
ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄԸ

(7.1-ին գլուխն ուժը կորցրել է 07.01.2005 թվականից` 24.11.04 ՀՕ-147-Ն օրենք

(7.1-ին գլուխը լրաց. 23.10.01 ՀՕ-243 օրենք)

 

ԳԼՈՒԽ 8
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 54. Կենտրոնական բանկի առաջնահերթության իրավունքը

 

Կենտրոնական բանկն առաջնահերթության իրավունք ունի իր պարտապանի` Կենտրոնական բանկում պահվող դրամական և այլ միջոցների հաշվին բավարարել տվյալ պարտապանի հանդեպ իր պահանջները, բացառությամբ այն դեպքերի, երբ`

ա) այդ միջոցներն ընդունելու պահին Կենտրոնական բանկը տեղյակ է եղել կամ պարտավոր է տեղյակ լինել տվյալ միջոցները գրավադրված լինելու կամ դրանց նկատմամբ երրորդ անձանց այլ իրավունքների մասին.

բ) Կենտրոնական բանկի հետ կնքված պայմանագրով այլ բան է նախատեսված:

 

Հոդված 55.Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն ազատվում է հարկերից և տուրքերից: Սույն հոդվածով սահմանված արտոնությունը չի տարածվում ապրանքների ներմուծման համար մաքսային սահմանին վճարման ենթակա հարկերի, մաքսատուրքերի և մաքսավճարների վրա:

(55-րդ հոդ. փոփ. 26.12.03 ՀՕ-49-Ն օրենք)

 

Հոդված 56. Կենտրոնական բանկի այլ գործարքներ

 

Կենտրոնական բանկը կարող է կատարել հետևյալ գործարքները`

ա) ներդրումներ կատարել այն իրավաբանական անձանց կապիտալում, որոնց գործունեությունն ուղղակիորեն առնչվում է Կենտրոնական բանկի խնդիրների հետ.

բ) կապիտալի խնդիրներն իրականացնելու համար ձեռքբերել կամ վարձակալել անհրաժեշտ անշարժ գույք.

գ) իր հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց ձեռքբերել, տիրապետել, օգտագործել և օտարել գույք և գույքային իրավունքներ: Կենտրոնական բանկը օտարում է հիշյալ գույքը և գույքային իրավունքները հնարավոր կարճ ժամկետներում.

դ) իր կողմից սահմանված կարգով վարկեր տրամադրել Կենտրոնական բանկի նախագահին, նախագահի տեղակալներին, խորհրդի մյուս անդամներին և ծառայողներին:

(56-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243, 11.10.07 ՀՕ-200-Ն, 12.11.15 ՀՕ-133-Ն օրենքներ)

 

Հոդված 57. Կենտրոնական բանկի գործողությունների և որոշումների գանգատարկումը

 

Կենտրոնական բանկի նորմատիվ, ներքին և անհատական իրավական ակտերը կարող են բողոքարկվել դատարան: Կենտրոնական բանկի նորմատիվ, ներքին և անհատական իրավական ակտերի գործողությունը գործի ամբողջ դատական քննության ընթացքում չի կարող կասեցվել:

(57-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243, 03.03.04 ՀՕ-45-Ն, 11.10.07 ՀՕ-200-Ն օրենք)

 

Հոդված 58. Կենտրոնական բանկի վերակազմավորումը

 

Կենտրոնական բանկի վերակազմավորումը կատարվում է օրենքով: Կենտրոնական բանկի նկատմամբ սնանկացման վարույթ հարուցվել չի կարող:

 

ԳԼՈՒԽ 9
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 59. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 60 օր հետո:

2. Կենտրոնական բանկի նախագահը իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունները` մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը:

3. Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալը իրականացնում է սույն օրենքով Կենտրոնական բանկի նախագահի տեղակալին վերապահված լիազորությունները` մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Կենտրոնական բանկի վարչության անդամների լիազորությունները դադարում են:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահը նշանակում է Կենտրոնական բանկի խորհրդի հինգ անդամներին:

6. 1996 թվականի ֆինանսական տարվա արդյունքում առաջացած շահույթից, սույն օրենքի 12 հոդվածով նախատեսված կարգով, Կենտրոնական բանկի գլխավոր պահուստը համալրելուց հետո մասհանումներ են կատարվում սույն օրենքի 11 հոդվածում սահմանված չափով կանոնադրական կապիտալը համալրելու նպատակով:

Կենտրոնական բանկի գլխավոր պահուստի համալրումից հետո, եթե շահույթի ազատ մնացորդը չի բավարարում սույն օրենքի 11 հոդվածով սահմանված չափով կանոնադրական կապիտալը համալրելու համար, ապա ֆինանսական տարվա ավարտից հետո 30 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը` չբավարարող գումարի չափով, օրենքով սահմանված կարգով, որպես Կենտրոնական բանկի կապիտալում ներդրում, Կենտրոնական բանկին է տրամադրում շուկայական տոկոսադրույքով անժամկետ պետական պարտատոմսեր: Այդ պարտատոմսերի մարումը կատարվում է պետական բյուջեի հաշվին կամ սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով: Մինչև այդ պարտավորությունների լրիվ մարումը յուրաքանչյուր ֆինանսական տարվա ընթացքում` մինչև դեկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է վերոհիշյալ պարտատոմսերի գծով հաշվարկված տոկոսների վճարումը Կենտրոնական բանկին` ելնելով տվյալ տարվա շուկայական տոկոսադրույքից:

7. 1997 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում Կենտրոնական բանկի կողմից կառավարությանը տրված վարկերի դիմաց հաշվարկված տոկոսների հաշվանցման ճանապարհով մարում նախատեսելու դեպքում սույն օրենքի 12 հոդվածով նախատեսված բաշխումն իրականացվում է Կենտրոնական բանկի շահույթի և պետական բյուջե հաշվանցված գումարի տարբերության չափով:

8. Կենտրոնական բանկը, սույն օրենքի ընդունման պահից երկու ամսվա ընթացքում, ընդունում է իր իրավասությանը վերապահված, սույն օրենքը կիրառելու համար անհրաժեշտ նորմատիվ ակտեր:

9. Մինչև 1999 թվականը պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքներով կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության կառավարության վարկավորման այլ կարգ, քան սահմանված է սույն օրենքի 34 հոդվածով:

10. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1993 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

11. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1995 թվականի փետրվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշումը:

12. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից «Բանկերի սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում «Կենտրոնական բանկի վարչության» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի խորհուրդ» բառերով:

 

Հոդված 60. Սույն օրենքի 55-րդ հոդվածի դրույթներին վերաբերող հրահանգները, ինչպես նաև դրանց վերաբերյալ պարզաբանումները հաստատում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ:

(60-րդ հոդ. լրաց. 25.12.03 ՀՕ-49-Ն օրենք)

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
30 հունիսի 1996 թ.
ՀՕ-69

 

 

pin
ՀՀ 30.06.1996
N ՀՕ-69 օրենք