ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ԵԴ/1924/01/22
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր` Ս. Գզոգյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր` Մ. Մելքոնյան
դատավորներ` Ա. Բեկթաշյան
Ա. Մաթևոսյան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Հ. Ասատրյանի
մասնակցությամբ
դատավորներ` Ս. Ավետիսյանի
Հ. Գրիգորյանի
Ա. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
Ա. Պողոսյանի
7 նոյեմբերի 2025 թվական ք. Երևան
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի մարտի 13-ի որոշման դեմ մեղադրյալ Սուրեն Արամի Հայրապետյանի պաշտպան Ա.Պողոսյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2022 թվականի սեպտեմբերի 28-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է թիվ 11840622 քրեական վարույթը:
2022 թվականի դեկտեմբերի 9-ին Սուրեն Արամի Հայրապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Նույն օրը Ս.Հայրապետյանին մեղադրանք է ներկայացվել, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
2. 2022 թվականի դեկտեմբերի 22-ին քրեական վարույթի նյութերը` հաստատված մեղադրական եզրակացությամբ, ստացվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:
3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2023 թվականի մայիսի 2-ին Ս.Հայրապետյանի նկատմամբ կայացրել է մեղադրական վերդիկտ:
Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի հունիսի 5-ի դատավճռով մեղադրյալ Ս.Հայրապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքների կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Մեղադրյալ Ս.Հայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` բացակայելու արգելքը, թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Նույն դատավճռով որոշվել է արտավարութային փաստաթուղթ ճանաչված և քրեական գործին կցված փաստաթղթերը թողնել կցված քրեական գործին` դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
4. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ մեղադրյալ Ս.Հայրապետյանի պաշտպան Ա.Պողոսյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի մարտի 13-ի որոշմամբ մերժել է, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանել և մեղադրյալ Ս.Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական պատասխանատվությունից ազատել` վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Ս.Հայրապետյանի պաշտպան Ա.Պողոսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
i
6. Բողոքաբերի պնդմամբ` ստորադաս դատարանների կողմից թույլ են տրվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ, մասնավորապես` խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ, 17-րդ, 22-րդ, 97-րդ, 103-105-րդ հոդվածներով սահմանված պահանջները, չեն կիրառվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերը, ինչպես նաև թույլ է տրվել նյութական օրենքի` ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի ոչ ճիշտ կիրառում:
Միևնույն ժամանակ, բողոքաբերը նշել է, որ վճռաբեկ բողոքում բարձրացված հարցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ իրավունքի զարգացման համար:
6.1. Բողոքի հեղինակը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի տեսանկյունից կարևոր է անձի` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու փաստի ապացուցումը:
Ըստ բողոքաբերի` սույն գործի շրջանակներում մեղադրյալի` 2022 թվականի մարտի 4-ի դրությամբ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու փաստը որևէ թույլատրելի և ուղղակի ապացույցով ապացուցված չէ, և այդ հանգամանքն արդեն իսկ բավարար է Ս.Հայրապետյանի արարքում հանցակազմի բացակայությունն արձանագրելու և արդարացման դատավճիռ կայացնելու համար:
6.2. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելու պահին առկա էր Առաջին ատյանի դատարանի դատավճիռը ոչ իրավաչափ դարձնող փաստական և իրավական հանգամանք, այն է` ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը` մեղադրյալի` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու փաստն ուղղակիորեն հաստատող միակ հնարավոր ապացույցը` 2021 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 8180062210 որոշումն անվավեր ճանաչելու մասին, ինչի արդյունքում մեղադրյալի` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու փաստը դադարել է գոյություն ունենալ:
Այս առումով` բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը որևէ իրավական նշանակություն չի տվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի` 2023 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմանը և դրա առկայության պայմաններում` մեղադրյալի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու փաստի հիման վրա Ս.Հայրապետյանին մեղավոր է ճանաչել` արդյունքում խախտելով իրավական որոշակիության և կանխատեսելիության սկզբունքները:
Նման պայմաններում բողոքաբերը հիմնավոր չի համարել Վերաքննիչ դատարանի` մեղադրյալ Ս.Հայրապետյանին վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ հետևությունը:
7. Ելնելով վերոգրյալից` բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի մարտի 13-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` ճանաչել և հռչակել Ս.Հայրապետյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանցակազմի հատկանիշներ պարունակող հանցանքի կատարման մեջ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Սուրեն Հայրապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ «(...) Նա, թիվ 8180062210 որոշմամբ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից 1 տարի ժամկետով` 2022 թվականի հունվարի 21-ից մինչև 2023 թվականի հունվարի 23-ը զրկված վիճակում, այդ մասին պատշաճ ծանուցված լինելով, ոչ սթափ վիճակում` 1 լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը` 0.217 մգ/լ, 2022 թվականի մարտի 04-ին` ժամը 02:30-ին, Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 1-ին փողոցի 2-րդ փակուղում վարել է «Mercedes» մակնիշի, ******* հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոց, որը հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկի կողմից և կազմվել է վարչական իրավախախտման թիվ 8180116236 արձանագրությունը»(1):
_________________________
1) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 51:
9. Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի հունիսի 5-ի դատավճռով արձանագրել է հետևյալը. «(...) Հիմնական դատալսումների ընթացքում հետազոտված վերոգրյալ ապացույցները` դրանք գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, մեղադրյալի մեղավորության վերաբերյալ չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, հաստատված է համարում, որ Սուրեն Արամի Հայրապետյանը, թիվ 8180062210 որոշմամբ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից 1 տարի ժամկետով` 2022 թվականի հունվարի 21-ից մինչև 2023 թվականի հունվարի 3-ը զրկված վիճակում, այդ մասին պատշաճ ծանուցված լինելով, ոչ սթափ վիճակում` 1 լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը` 0.217 մգ/լ, 2022 թվականի մարտի 04-ին` ժամը 02:30-ին, Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 1-ին փողոցի 2-րդ փակուղում վարել է «Mercedes» մակնիշի, ******* հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոց, որը հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկի կողմից կազմվել է վարչական իրավախախտման թիվ 8180116236 արձանագրությունը:
Այսպիսով, Դատարանը գտնում է, որ սույն գործով ձեռք բերված հավաստի ապացույցների համակցությունը բավարար է հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու մեղադրյալ Ս.Հայրապետյանի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելու պայմաններում, այդ արարքն ապացուցված է, ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներին (...):
Դատարանը գտնում է, որ կատարած արարքի համար մեղադրյալ Ս.Հայրապետյանը ենթակա է պատժի տուգանքի ձևով` 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով (...)»(2):
_______________________
2) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 86-91:
10. ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի` 2023 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ ՎԴ/2085/05/22 որոշմամբ` Սուրեն Հայրապետյանին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 (մեկ) տարի ժամկետով զրկելու վերաբերյալ 2021 թվականի դեկտեմբերի 17-ի որոշումը ճանաչվել է անվավեր(3):
______________________
3) Տե՛ս www.Datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ՎԴ/2085/05/22 որոշումը:
11. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի մարտի 13-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Առաջին ատյանի դատարանը բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման է ենթարկել դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատել վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ինչի արդյունքում դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, վերաբերելի իրավանորմերի վերլուծության լույսի ներքո գործի փաստական հանգամանքների պատշաճ գնահատմամբ եկել է իրավաչափ եզրահանգման այն մասին, որ մեղադրյալ Սուրեն Արամի Հայրապետյանի արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը, որպիսի հանգամանքը հիմնավորելու տեսանկյունից Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցները կազմում են բավարար ամբողջություն, քանի որ սույն գործով հանգամանքները Առաջին ատյանի դատարանում ենթարկվել են լիարժեք քննության:
Վերաքննիչ դատարանը, սույն որոշմամբ վկայակոչված չափանիշների համատեքստում գնահատելով Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցները, փաստում է, որ մեղսագրված հանցանքը կատարելու մեջ մեղադրյալ Սուրեն Արամի Հայրապետյանի մեղավորությունն Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել դատաքննությամբ հետազոտված թույլատրելի, հավաստի և քրեական գործին վերաբերող փոխկապակցված ապացույցների այնպիսի համակցությամբ, որը բավարար է հաղթահարելու մեղադրյալ Սուրեն Արամի Հայրապետյանի անմեղության կանխավարկածը և բացառելու վերջինիս կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը չկատարելու ողջամիտ հավանականությունը, հետևաբար, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հակառակի մասին բողոքաբերի պնդումներն անհիմն են:
Ինչ վերաբերում է թիվ ՎԴ/2085/05/22 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.10.2023 թվականին կայացված որոշմամբ 17.12.2021 թվականի թիվ 8180062210 որոշումն անվավեր ճանաչելու փաստարկին, ապա Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում փաստել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի հանցակազմի վերլուծությունից հետևում է, որ այն օբյեկտիվ կողմից դրսևորվում է ակտիվ գործողությամբ, այն է` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից հարբած/ոչ սթափ/ վիճակում տրանսպորտային միջոց վարելով, և հանցագործությունն ավարտված է համարվում ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված գործողությունը կատարելու պահից (...):
Վերաքննիչ դատարանը փաստում է նաև, որ Սուրեն Արամի Հայրապետյանին մեղսագրված արարքն ավարտվել է 04.03.2022 թվականին, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի /18.04.2003 թվականի/ 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրացել է 04.03.2024 թվականին: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործի նյութերում առկա չեն վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվելու կամ կասեցվելու վերաբերյալ տվյալներ, այսինքն սույն գործով անցել է Սուրեն Արամի Հայրապետյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, հետևաբար Վերաքննիչ դատարանը, վերը նշված հետևությունների հաշվառմամբ գտնում է, որ պետք է մեղադրյալ Սուրեն Արամի Հայրապետյանին ազատել քրեական պատասխանատվությունից` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Ամփոփելով վերոշարադրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում պաշտպանի վերաքննիչ բողոքը բավարարելու իրավաչափ հիմքեր չկան, Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, հետևաբար պաշտպան Ա.Պողոսյանի վերաքննիչ բողոքը պետք է մերժել, միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ լրացել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի 05.06.2023 թվականի դատավճիռը պետք է բեկանել և փոփոխել, այն է` մեղադրյալ Սուրեն Արամի Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական պատասխանատվությունից ազատել` վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով»(4):
_______________________
4) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 78-85:
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ Սուրեն Հայրապետյանի արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը:
13. ՀՀ քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցանք է համարվում սույն օրենսգրքով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված, հանցագործության սուբյեկտի կողմից մեղավորությամբ կատարված արարքը (...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի համաձայն` «2. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը`
(...)
3. Սույն օրենսգրքի իմաստով` անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված, եթե նա օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, և զրկման ժամկետը չի լրացել (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե
1) անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը.
(...)
12) անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից.
(...)
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հանգամանքները ռեաբիլիտացնող են (...)»:
13.1. Վճռաբեկ դատարանը Տիգրան Հայրապետյանի գործով նախադեպային դիրքորոշում է ձևավորել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու հանցակազմի մեկնաբանման վերաբերյալ:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի գործողության նախապայմանը և այդ հոդվածով անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքը` նրա վարչական պատասխանատվության ենթարկված լինելն է` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվելը կամ վարելու իրավունքը կասեցվելը: Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ վարելու իրավունքից զրկելը կամ այդ իրավունքը կասեցնելը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, այն է` իրավաչափ վարչական ակտի հիման վրա: Հակառակ պարագայում, եթե վարչական ակտը կայացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ և վարչական կամ դատական կարգով անվավեր է ճանաչվել, ապա քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմը բացակայում է, քանզի վերանում է քրեական պատասխանատվության ենթարկվելու պարտադիր նախապայմանը` օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկված լինելը:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմի առկայությունն արձանագրելու համար անհրաժեշտ է հիմնավորել, որ անձը տրանսպորտային միջոցը վարել է` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված լինելու պայմաններում, որպիսի հանգամանքը հաստատվել է իրավաչափ վարչական ակտով(5):
________________________
5) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Տիգրան Հայրապետյանի գործով 2025 թվականի օգոստոսի 12-ի թիվ ԵԴ1/0372/01/24 որոշումը, կետեր 13.1-14:
13.2. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Տիգրան Հայրապետյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը կիրառելի է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի պարագայում:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Սուրեն Հայրապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ վերջինս տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու և այդ մասին նախապես տեղյակ լինելու պայմաններում, ոչ սթափ վիճակում վարել է ավտոմեքենա, ինչը հայտնաբերվել է տվյալ տարածքում ծառայություն իրականացնող պարեկի կողմից, որի կապակցությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն(6):
____________________
6) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ գործով ձեռք բերված հավաստի ապացույցների համակցությունը բավարար է հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու Ս.Հայրապետյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի առկայությունը և վերջինիս մեղավորությունը կատարված արարքում(7):
____________________
7) Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
- ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի` 2023 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ ՎԴ/2085/05/22 որոշմամբ, Սուրեն Հայրապետյանին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 (մեկ) տարի ժամկետով զրկելու վերաբերյալ վարչական իրավախախտման գործով 2021 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 8180062210 որոշումը ճանաչվել է անվավեր(8):
____________________
8) Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի` Ս.Հայրապետյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի առկայության մասին եզրահանգումն իրավաչափ է, և գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար է հաղթահարելու Ս.Հայրապետյանի անմեղության կանխավարկածը և բացառելու վերջինիս կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը չկատարելու ողջամիտ հավանականությունը:
Անդրադառնալով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի` 2023 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ ՎԴ/2085/05/22 որոշմանը, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ քննարկվող հանցակազմն օբյեկտիվ կողմից դրսևորվում է ակտիվ գործողությամբ, այն է` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելով, և հանցագործությունն ավարտված է համարվում ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված գործողությունը կատարելու պահից:
Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չի տրվել վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ և կիրառելով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, Ս.Հայրապետյանին ազատել է քրեական պատասխանատվությունից` քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով(9):
_____________________
9) Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
15. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները դիտարկելով սույն որոշման 13-13.1-րդ կետերում մեջբերված իրավանորմերի և շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի` 2023 թվականի հոկտեմբերի 6-ի որոշման առկայության պայմաններում, Վերաքննիչ դատարանը Ս.Հայրապետյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմի առկայության վերաբերյալ հանգել է սխալ հետևության:
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ քննարկվող հանցակազմի առկայության տեսանկյունից տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելը կամ այդ իրավունքը կասեցնելը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, այն է` իրավաչափ վարչական ակտի հիման վրա, հակառակ պարագայում քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմը բացակայում է:
Վերոնշյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ տվյալ դեպքում հնարավոր չէ հիմնավոր հետևության հանգել նաև հանցագործության սուբյեկտի առկայության հարցում, քանի որ օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելու կամ այդ իրավունքը կասեցված լինելու ուժով է անձը ձեռք բերում տվյալ հանցագործության սուբյեկտին ներհատուկ հատկանիշները:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Հայրապետյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը` օբյեկտիվ կողմի և սուբյեկտի բացակայության պատճառով:
Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոքաբերի այն փաստարկին, որ Վերաքննիչ վարչական դատարանի կողմից Ս.Հայրապետյանին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու մասին որոշումն անվավեր ճանաչելու արդյունքում` քննարկվող հանցակազմի առկայությունը հաստատելու համար պարտադիր հատկանիշ համարվող` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելու փաստը դադարել է գոյության ունենալ, որպիսի պայմաններում Ս.Հայրապետյանի դատապարտումն իրավաչափ համարվել չի կարող:
16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ Սուրեն Հայրապետյանի արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը, հիմնավոր չէ:
17. Նշված եզրահանգումների հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի` սույն որոշման 6.1-րդ կետում նշված փաստարկներին անդրադառնալն առարկայազուրկ է:
18. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և Սուրեն Հայրապետյանին արդարացնելու համար` նրա արարքի քրեական հակաիրավականությունն ապացուցված չլինելու հիմքով:
19. Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ս.Հայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` բացակայելու արգելքը պետք է վերացնել:
Արտավարութային փաստաթուղթ ճանաչված և քրեական գործին կցված փաստաթղթերը պետք է թողնել կցված քրեական գործին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 386-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Սուրեն Արամի Հայրապետյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2023 թվականի հունիսի 5-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի մարտի 13-ի որոշումը բեկանել:
2. Ճանաչել Սուրեն Արամի Հայրապետյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում և արդարացնել` մեղսագրված արարքը չկատարելու հիմքով:
3. Սուրեն Արամի Հայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` բացակայելու արգելքը վերացնել:
4. Արտավարութային փաստաթուղթ ճանաչված և քրեական գործին կցված փաստաթղթերը թողնել կցված քրեական գործին:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Հ. Ասատրյան
Դատավորներ` Ս. Ավետիսյան
Հ. Գրիգորյան
Ա. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ criminal-case/3036