ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ՍնԴ/0080/02/24
քաղաքացիական գործ թիվ ՍնԴ/0080/02/24 2025 թ.
Նախագահող դատավոր` Ս. Սահակյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող` Գ. Հակոբյան
զեկուցող` Վ. Քոչարյան
Ա. Աթաբեկյան
Ն. Հովսեփյան
Ս. Մեղրյան
Ա. Մկրտչյան
Է. Սեդրակյան
2025 թվականի հոկտեմբերի 2-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ԱՐԹՈՒՆ» ԲԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ «Մեծ Մայրիկ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն), սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի, երրորդ անձ Կադաստրի կոմիտեի` առուվաճառքի պայմանագիրը չկնքված ճանաչելու ու անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.08.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է չկնքված ճանաչել Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի և Կազմակերպության միջև 21.11.2023 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն ու որպես հետևանք` անվավեր ճանաչել Կազմակերպությանը տրված թիվ **********(1) վկայականով հաստատվող սեփականության իրավունքի պետական գրանցումները, անվավեր ճանաչել Կազմակերպության և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միջև 23.01.2024 թվականին կնքված թիվ 824 գրավի պայմանագիրն ու «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին տրված թիվ **********(2) վկայականով հաստատվող գրավի իրավունքի պետական գրանցումները, Կազմակերպությանը պարտավորեցնել իրեն վերադարձնել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա Կազմակերպությանը փոխանցված բոլոր անշարժ գույքերը, ինչպես նաև` սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանին պարտավորեցնել Կազմակերպությանը վերադարձնել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով ստացած գումարը:
_________________
1) Առկա է անձնական տվյալ:
2) Առկա է անձնական տվյալ:
Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 10.06.2024 թվականի որոշմամբ Ընկերության միջնորդությունը` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, բավարարվել է:
Դատարանի 12.07.2024 թվականի որոշմամբ Կազմակերպության միջնորդությունը` հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, մերժվել է:
Դատարանի 12.07.2024 թվականի որոշմամբ Կազմակերպության միջնորդությունը` հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ, բավարարվել է:
Դատարանի 30.07.2024 թվականի որոշմամբ Կազմակերպության միջնորդությունը` հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.08.2024 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Գագիկ Գրիգորյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ ու 372-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը գտել է, որ հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման միայն այն դեպքում, երբ վերացման հիմք է հանդիսացել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, իսկ երբ հայցի ապահովման միջոցը վերացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով, ապա այդ դեպքում հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումը ենթակա չէ բողոքարկման:
i
Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը կիրառել է թիվ ՍնԴ/0064/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշմամբ նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:
Վերը նշվածի արդյունքում սահմանափակվել է Ընկերության բողոքարկման իրավունքի իրացման հնարավորությունը, այն է` խախտվել են դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 26.08.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով` նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի մեկնաբանությունը հակասում է թիվ ՍնԴ/0064/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ և 372-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 6-րդ մասով ամրագրված` հակընդդեմ ապահովման որոշմամբ սահմանված պարտականության չկատարման հիմքով հայցի ապահովումը վերացնելու մասին որոշման վերաքննության կարգով բողոքարկելիության հարցին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
i
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս Ashingdane v. The United Kingdom գործով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57): Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս Dumitru Gheorghe v. Romania գործով Եւրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
Սահմանադրական դատարանն իր որոշումներում հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատական քննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին` դրանք դիտարկելով դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր` հավասարապես ընդգծելով դրանց կարևորությունը դատաընթացակարգային բնագավառներում (քրեական, քաղաքացիական և վարչական):
Մասնավորապես` անդրադառնալով դատարանի մատչելիության սահմանափակումների հարցին` Սահմանադրական դատարանն ամրագրել է հետևյալը.
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
i
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս Սահմանադրական դատարանի 24.09.2019 թվականի թիվ ՍԴՈ-1477 որոշումը):
i
Սահմանադրական դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է նաև, որ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ օրենսդրորեն նախատեսված, հստակ և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.04.2007 թվականի թիվ ՍԴՈ-690 որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչության ու ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):
i
Բացի այդ ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներով անդրադառնալով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին (մասնավորապես` Bellet v. France գործով Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Mamikonyan v. Armenia գործով Եվրոպական դատարանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25), փաստել է, որ, որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունն ընդդեմ Մհեր Մուրադյանի թիվ ԿԴ1/2503/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.05.2019 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է հայցի ապահովման վերացման մասին որոշման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված բողոքարկման հնարավորության հարցին` դիրքորոշում հայտնելով այն մասին, որ կողմերն անմիջական կարգով իրավունք ունեն բողոքարկելու միայն այն դատական ակտերը, որոնց բողոքարկման հնարավորությունն ուղղակիորեն նախատեսված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման վերաքննության կարգով: (...) բողոքարկման ենթակա դատական ակտերի հստակ նախատեսումն ինքնանպատակ չէ. այն մի կողմից ապահովում է իրավական որոշակիության սկզբունքն այնքանով, որքանով դատավարության մասնակիցներին որոշակի է դառնում, թե որ դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով, իսկ մյուս կողմից նման սահմանափակումն ապահովում է դատավարության բնականոն ընթացքը, քանի որ հակառակ պարագայում յուրաքանչյուր դատական ակտի բողոքարկման դեպքում դատավարության բնականոն ընթացքը կարող է խաթարվել:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, հաշվի առնելով հայցի ապահովման դատավարական ինստիտուտի առանձնահատկությունները, հստակ սահմանել է, որ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու, հայցի ապահովումը վերացնելու, ինչպես նաև հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ հայցի ապահովման միջոցը ձևափոխելու լիազորությամբ օժտված է բացառապես դատարանը, որն իր այդ լիազորությունն իրականացնում է համապատասխան որոշում ընդունելով: Օրենսդիրը միաժամանակ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա որոշումների շարքում, ի թիվս այլնի, նախատեսել է նաև հայցի ապահովումը վերացնելու մասին որոշման բողոքարկման հնարավորությունը: Հետևաբար հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման, քանի որ ընդգրկված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ցանկում և դրա համար նախատեսված է ուղղակի բողոքարկման հնարավորություն:
i
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա որոշումների շարքում հստակ նախատեսել է հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու իրավական հնարավորությունը: Հետևաբար Դատարանի 20.01.2021 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին» որոշումը ենթակա է բողոքարկման, քանի որ ընդգրկված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերի ցանկում և դրա համար նախատեսված է ուղղակի բողոքարկման հնարավորություն: Ընդ որում, հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին որոշման անմիջական բողոքարկումն օրենսդիրը չի պայմանավորել հակընդդեմ ապահովման միջնորդության հետ կապված լինելու կամ չլինելու որևէ նախապայմանով: (տե՛ս Նոնա Սարգսյանի ընդդեմ «Կոմս Արտի» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի, Միքայել Խչեյանի, երրորդ անձինք ՀՀ կադաստրի կոմիտեի, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի թիվ ՍնԴ/0064/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը):
Բողոքարկման իրավունքի և այդ համատեքստում նաև դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով կիրառման ենթակա իրավակարգավորումներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա առաջին ատյանի դատարանի հետևյալ որոշումները` (...), հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումները:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը սահմանել է վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի սպառիչ շրջանակ, հետևաբար այլ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասում չնշված հիմքերով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել չի կարող:
Ի թիվս այլի, որպես վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմք, նախատեսվել է այն դեպքը, երբ բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ):
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքը կիրառելի է բացառապես այն դեպքերում, երբ բողոքարկվել է առաջին ատյանի դատարանի այնպիսի որոշում, որի անմիջական բողոքարկման հնարավորությունն օրենքով ուղղակիորեն նախատեսված չէ (տե՛ս «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը և մյուսներն ընդդեմ Նանե Իսրայելյանի թիվ ԵԴ2/15602/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.12.2024 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցի ապահովման միջոցը կարող է լրիվ կամ մասնակի վերացվել, եթե`
1) բացակայում են կամ վերացել են նույն օրենսգրքի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը.
2) առկա է հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու վերաբերյալ գործին մասնակցող այն անձի գրավոր համաձայնությունը, որի միջնորդությամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց.
3) նույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կիրառվել է հայցի ապահովման միջոց, կարող է միջնորդություն ներկայացնել իր հնարավոր վնասների հատուցման համար հայցի ապահովման միջնորդություն ներկայացրած գործին մասնակցող անձից ապահովում (հակընդդեմ ապահովում) պահանջելու վերաբերյալ:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` հակընդդեմ ապահովման միջնորդությունը բավարարվելու դեպքում հայցի ապահովման միջնորդություն ներկայացրած գործին մասնակցող անձը պարտավոր է հակընդդեմ ապահովման գումարը փոխանցել դատարանի դեպոզիտ այդ մասին որոշումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում և դատարան ներկայացնել փոխանցման փաստը հավաստող ապացույց:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված պարտականությունը չկատարվելու դեպքում դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ, առանց դատական նիստ հրավիրելու, եռօրյա ժամկետում որոշում է կայացնում հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին: (...):
Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված` հայցի ապահովումը վերացնելու առանձնահատկություններին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանի կողմից կիրառված հայցի ապահովման միջոցը կարող է վերացվել նաև հակընդդեմ ապահովում պահանջած անձի միջնորդությամբ այն դեպքում, երբ դատարանի` հակընդդեմ ապահովում պահանջելու միջնորդությունը բավարարելու որոշմամբ սահմանված հակընդդեմ ապահովման գումարը` հայցի ապահովման միջնորդություն ներկայացրած գործին մասնակցող անձի կողմից այդ որոշումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում չի փոխանցվում դատարանի դեպոզիտ և փոխանցման փաստը հավաստող ապացույց չի ներկայացվում դատարան:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ կողմերն անմիջական կարգով իրավունք ունեն բողոքարկելու միայն այն դատական ակտերը, որոնց բողոքարկման հնարավորությունն ուղղակիորեն նախատեսված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման վերաքննության կարգով: (...) բողոքարկման ենթակա դատական ակտերի հստակ նախատեսումն ինքնանպատակ չէ. այն մի կողմից ապահովում է իրավական որոշակիության սկզբունքն այնքանով, որքանով դատավարության մասնակիցներին որոշակի է դառնում, թե որ դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով, իսկ մյուս կողմից նման սահմանափակումն ապահովում է դատավարության բնականոն ընթացքը, քանի որ հակառակ պարագայում յուրաքանչյուր դատական ակտի բողոքարկման դեպքում դատավարության բնականոն ընթացքը կարող է խաթարվել: Օրենսդիրը, հաշվի առնելով հայցի ապահովման դատավարական ինստիտուտի առանձնահատկությունները, հստակ սահմանել է, որ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու, հայցի ապահովումը վերացնելու, ինչպես նաև հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ հայցի ապահովման միջոցը ձևափոխելու լիազորությամբ օժտված է բացառապես դատարանը, որն իր այդ լիազորությունն իրականացնում է համապատասխան որոշում ընդունելով: Օրենսդիրը միաժամանակ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա որոշումների շարքում, ի թիվս այլնի, նախատեսել է նաև հայցի ապահովումը վերացնելու մասին որոշման բողոքարկման հնարավորությունը: Հետևաբար հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման, քանի որ ընդգրկված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ցանկում և դրա համար նախատեսված է ուղղակի բողոքարկման հնարավորություն (տե՛ս Նոնա Սարգսյանն ընդդեմ «Կոմս Արտի» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի և Միքայել Խչեյանի թիվ ՍնԴ/0064/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումն ընդգրկված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածով սահմանված` անմիջական բողոքարկման ենթակա որոշումների ցանկում: Ավելին` ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ» վերտառությամբ 13-րդ գլխով, այնպես էլ նույն օրենսգրքի 361-րդ հոդվածով հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու մասով առանձնահատուկ իրավակարգավորում նախատեսված չէ: Այսինքն` օրենսդիրը հայցի ապահովումը վերացնելու մասին որոշման անմիջական բողոքարկման հնարավորությունը չի պայմանավորել որևէ հանգամանքով, այդ թվում` հայցի ապահովումը վերացնելու իրավական հիմքով:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն` Կազմակերպությունը 14.06.2024 թվականին «Հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ» միջնորդություն է ներկայացրել Դատարան` պահանջելով հակընդդեմ ապահովման միջնորդությունը 322.763.420 ՀՀ դրամի չափով բավարարել և Ընկերությանը պարտավորեցնել այդ որոշումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում Դատարանի դեպոզիտ փոխանցել 322.763.420 ՀՀ դրամ` որպես հակընդդեմ ապահովման գումար ու Դատարան ներկայացնել փոխանցման փաստը հավաստող ապացույց (հատոր 1-ին, գ.թ. 79-84):
Դատարանի 12.07.2024 թվականի որոշմամբ Կազմակերպության միջնորդությունը բավարարվել է (հատոր 1-ին, գ.թ. 157-172):
Կազմակերպությունը 25.07.2024 թվականին «Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին» միջնորդություն է ներկայացրել Դատարան, որը Դատարանի 30.07.2024 թվականի որոշմամբ բավարարվել է, և որոշվել է` վերացնել թիվ ՍնԴ/0080/02/24 քաղաքացիական գործով Դատարանի 10.06.2024 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը (հատոր 1-ին, գ.թ. 193, 194, 200-204):
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ`
- «հայցվորը վերաքննիչ բողոք է ներկայացրել «հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին» Դատարանի 30.07.2024 թվականի որոշման դեմ: Այնինչ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին Դատարանի որոշման հիմքը հանդիսացել է ոչ թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, այլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 6-րդ մասը», գտել է, որ` «հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին Դատարանի որոշումը տվյալ դեպքում ենթակա չէ բողոքարկման, քանի որ հայցի ապահովման միջոցի վերացման պատճառը հանդիսանում է ոչ թե նման միջոց կիրառելու հիմքերի բացակայությունը կամ հիմքերի վերանալը, այլ հայցվորի կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելը: Օրենսդիրը չի նախատեսել հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին որոշման բողոքարկման կարգի այն պայմաններում, երբ դատարանի որոշման հիմքում դրվել է հայցվորի կողմից հակընդդեմ ապահովման գումարը փոխանցելու պարտականությունը չկատարելու փաստը»:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերից բխում է, որ Կազմակերպությունը 25.07.2024 թվականին «Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին» միջնորդություն է ներկայացրել Դատարան` պատճառաբանելով, որ Ընկերությունը Դատարանի 12.07.2024 թվականի «Հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշմամբ իր վրա դրված պարտականությունը սահմանված ժամկետում չի կատարել և հակընդդեմ ապահովման գումարը չի փոխանցել Դատարանի դեպոզիտ:
Դատարանի 30.07.2024 թվականի որոշմամբ Կազմակերպության միջնորդությունը բավարարվել է, և Դատարանի 10.06.2024 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացվել է:
Վերաքննիչ դատարանն Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումը բողոքարկման ենթակա չլինելու հիմքով, մասնավորապես` այն պատճառաբանությամբ, որ տվյալ դեպքում հայցի ապահովումը վերացնելու մասին որոշման իրավական հիմքը հանդիսացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 6-րդ մասը, այլ ոչ թե` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, փաստում է, որ հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումն ընդգրկված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածով սահմանված` անմիջական բողոքարկման ենթակա որոշումների ցանկում: Ընդ որում, հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումը բողոքարկելու իրավական հնարավորությունն օրենսդիրը չի պայմանավորել այդ որոշման կայացման իրավական հիմքով:
Տվյալ դեպքում Դատարանի 30.07.2024 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին» որոշումը բողոքարկելով Ընկերությունն իրացրել է իր` դատավարական օրենսդրությամբ երաշխավորված վերաքննության կարգով դատական ակտը բողոքարկելու իրավունքը:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, ոչ իրավաչափորեն է մերժել Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը` վերջինիս զրկելով Դատարանի 30.07.2024 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին» որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից` այդ կերպ սահմանափակելով Ընկերության` Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը: Արդյունքում` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Անդրադառնալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված պայմանի առկայությանը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.
Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող դատական ակտում անդրադառնալով հայցի ապահովումը վերացնելու մասին որոշման բողոքարկելիությանը, մերժել է վերաքննիչ բողոքի ընդունումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի մեկնաբանության արդյունքում, որ «Օրենսդիրը չի նախատեսել հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին որոշման բողոքարկման կարգ այն պայմաններում, երբ դատարանի որոշման հիմքում դրվել է հայցվորի կողմից հակընդդեմ ապահովման գումարը փոխանցելու պարտականությունը չկատարելու փաստը»:
Մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանը, նույնանման փաստական հանգամանքներով թիվ ՍնԴ/0064/02/20 քաղաքացիական գործով 08.04.2022 թվականի որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի մեկնաբանությանը, հանգել է այն եզրակացության, որ հայցի ապահովման միջոցի վերացման մասին որոշումն ընդգրկված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերի ցանկում և դրա համար նախատեսված է ուղղակի բողոքարկման հնարավորություն: Ընդ որում, հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին որոշման անմիջական բողոքարկումն օրենսդիրը չի պայմանավորել հակընդդեմ ապահովման միջնորդության հետ կապված լինելու կամ չլինելու որևէ նախապայմանով:
Վճռաբեկ դատարանը, համեմատական վերլուծության ենթարկելով Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշմամբ և թիվ ՍնԴ/0064/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշմամբ արտահայտված վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները, փաստում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու նշված հիմքը հիմնավոր է, քանի որ Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասը կիրառել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 26.08.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 26.08.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.08.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Գ. Հակոբյան
Զեկուցող Վ. Քոչարյան
Ա. Աթաբեկյան
Ն. Հովսեփյան
Ս. Մեղրյան
Ա. Մկրտչյան
Է. Սեդրակյան
https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ civil-cases-intermediate/3010