102.0522.271015
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«27» 10 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10215430
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
19 հոկտեմբերի 2015 թվականի N 522-Ն
i
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել`
1) քրեակատարողական ծառայողների պարտադիր պետական ապահովագրական գումարների վճարման վերաբերյալ շահառուների դիմումների ընդունման և քննարկման կարգը` համաձայն N 1 հավելվածի,
2) ծառայության ժամանակ զոհված (մահացած) քրեակատարողական ծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերի փոխհատուցման դիմումների ընդունման և քննարկման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված N 1
ՀՀ արդարադատության նախարարի
2015 թ. հոկտեմբերի 19-ի
N 522-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ
i
1. Սույն կարգով կանոնակարգվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով սահմանված` զինծառայողներին հավասարեցված ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ծառայողների զոհվելու (մահանալու), ինչպես նաև հաշմանդամության դեպքերում պարտադիր պետական ապահովագրական գումարի վճարման հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ֆինանսական ստորաբաժանումն (այսուհետ` Ֆինանսական ստորաբաժանում) ուսումնասիրում և ստուգում է պարտադիր պետական ապահովագրական գումարի վճարման համար ներկայացված դիմումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 778 որոշմամբ սահմանված կարգով անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջականությունը:
3. Այն դեպքում, երբ ներկայացված փաստաթղթերը ստուգելուց հետո պարզվում է, որ դրանք թերի են, ապա փաստաթղթերի ամբողջականությունն ապահովելու և ներկայացված դիմումի կապակցությամբ լրացուցիչ ուսումնասիրություններ ու հարցումներ կատարելու համար Ֆինանսական ստորաբաժանումը երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է համապատասխան գործողություններ:
4. Դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև լրացուցիչ ուսումնասիրությունների և հարցումների պատասխանները ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ուղարկում զոհված (մահացած) կամ հաշմանդամություն ունեցող քրեակատարողական ծառայողների ցուցակ:
i
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ցուցակը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարները վճարելու` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 778 որոշմամբ սահմանված ցուցակն ուղարկում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
Հավելված N 2
ՀՀ արդարադատության նախարարի
2015 թվականի հոկտեմբերի 19-ի
N 522-Ն հրամանի
ԿԱՐԳ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ
i
1. Սույն կարգով կանոնակարգվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածով սահմանված` ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողներին հավասարեցված քրեակատարողական ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերի հետ կապված հարաբերությունները:
2. Զոհված (մահացած) քրեակատարողական ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերի հետ կապված փոխհատուցման համար ներկայացված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու դեպքում Ֆինանսական ստորաբաժանումն ուսումնասիրում և ստուգում է դրանց ամբողջականությունը:
3. Այն դեպքում, երբ ներկայացված փաստաթղթերը ստուգելուց հետո պարզվում է, որ դրանք թերի են և առկա է փաստաթղթերի ամբողջականությունն ապահովելու և ներկայացված դիմումի կապակցությամբ լրացուցիչ ուսումնասիրություններ ու հարցումներ կատարելու անհրաժեշտություն, ապա Ֆինանսական ստորաբաժանումը երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է համապատասխան գործողություններ:
4. Դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև լրացուցիչ ուսումնասիրությունների և հարցումների պատասխանները ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ուղարկում զոհված (մահացած) քրեակատարողական ծառայողների ցուցակ:
i
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ցուցակը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում զոհված (մահացած) քրեակատարողական ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի թիվ 341 որոշմամբ սահմանված ցուցակն ուղարկում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն: