Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

110.0096.150500

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

4 մայիսի 2000 թվականի N 96-Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2000Թ. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2000թ. ընդունելության կանոնները:

2. Ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման համար:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է`

 

Հայաստանի Հանրապետության

կրթության և գիտության նախարարի

2000թ. մայիսի 4-ի թիվ 96-Մ հրամանով

 

Է. Ղազարյան

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. Սույն Կանոնները հաստատված են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետև` Նախարարություն) կողմից, «Կրթության մասին» 37-րդ հոդվածի 9-րդ կետի, 6-րդ հոդվածի 5-րդ կետի, 15-րդ հոդվածի, 49-րդ հոդվածի, 9-րդ կետի և ՀՀ վարչապետի` 1996թ. փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 36 որոշմամբ հաստատված նախարարության կանոնադրության 5-րդ կետի «լ» ենթակետի համաձայն:

2. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները (այսուհետև` բուհեր) 2000 թվականին ընդունելություն են կատարում առկա (ստացիոնար) և հեռակա ուսուցմամբ, ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված մասնագիտությունների ցանկի:

3. Պետական բուհեր կարող են ընդունվել միջնակարգ, միջին մասնագիտական և մասնագիտական տեխնիկական (ութերորդ դասարանի հիմքով) կրթություն ունեցող քաղաքացիները` առանց տարիքի սահմանափակման:

4. Ընդունելությունը բուհերում կատարվում է`

- անվճար (պետական պատվեր) և վճարովի ուսուցմամբ, ըստ ՀՀ կառավարության կողմից մասնագիտությունների համար հատկացված տեղերի, «Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ընդունելության քննությունների ցանկի» (ՀՀ կրթության և գիտության նախարարի թիվ 53-Մ, 09.03.2000թ. հրաման, այսուհետև` հրաման թիվ 53-Մ, 09.03.2000թ.) և սույն Կանոնների համաձայն:

5. Քննությունների կազմակերպման և վերահսկման նպատակով նախարարի հրամանով ստեղծվում է Հանրապետական ընդունող հանձնաժողով:

6. Հանրակրթական առարկաներից քննություններն անցկացնում են Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված առարկայական հանձնաժողովները` Նախարարի կողմից հաստատված և ՀՀ արդարադատության նախարարությունում պետական գրանցում ստացած առարկայական ծրագրերով և գիտելիքների գնահատման չափանիշներով:

«Մաթեմատիկա» , «ֆիզիկա» , «քիմիա» , «հայոց լեզու» և «անգլերեն լեզու» , «ֆրանսերեն լեզու» , «գերմաներեն լեզու» առարկաների գրավոր քննություններն անց են կացվում տարբերակված (1-ին և 2-րդ տարբերակով)` ելնելով բուհերի և մասնագիտությունների առանձնահատկություններից:

Երևանի պետական համալսարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի և Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի (առանց մասնաճյուղերի) մասնագիտությունները հայտագրած դիմորդները «մաթեմատիկա» , «ֆիզիկա» և «քիմիա» առարկաների քննությունները հանձնում են 1-ին տարբերակով:

Դիմորդները «0230-Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության «հայոց լեզու» , «0217, 0233- Բանասիրություն (ռուսաց լեզու և գրականություն) և օտար լեզու» , «0233-Օտար լեզուներ» և «0533- Թարգմանչական գործ» մասնագիտությունների «անգլերեն լեզու» , «ֆրանսերեն լեզու» , «գերմաներեն լեզու» առարկաներից գրավոր քննությունները հանձնում են 1-ին տարբերակով:

Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննություններն ու մրցույթն անց են կացվում համապատասխան բուհերում` նրանց մշակած, նախարարի հաստատած և ՀՀ արդարադատության նախարարությունում պետական գրանցում ստացած ծրագրերով և գնահատման չափանիշներով:

7. Դիմորդներն իրենց ընտրությամբ կարող են հայտագրել և մասնակցել միայն տվյալ քաղաքի մեկ կամ մի քանի բուհերի մինչև չորս վճարովի ուսուցման մասնագիտությունների մրցույթին` հանձնելով այդ մասնագիտությունների համար սահմանված բոլոր քննությունները:

8. Դիմորդները ընտրած մասնագիտությունների կրկնվող առարկաների քննությունները հանձնում են միայն մեկ անգամ:

9. Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանում և Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտում մրցույթն անցկացվում է ըստ ֆակուլտետների (դեպարտամենտների):

10. Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում ութ և բարձր միավորները: Մրցույթին մասնակցում են այն դիմորդները, որոնք տվյալ մասնագիտության համար նախատեսված բոլոր քննություններից ստացել են դրական միավորներ:

10.1. Անվճար (պետպտվեր) ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդը առնվազն երկու մրցութային քննություն հանձնում է կենտրոնացված կարգով:

10.2. Վճարովի ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդը կարող է երկու աստղանիշով նշված մրցութային քննության համար փոխանցել միջնակարգ կրթության ատեստատի համապատասխան առարկայի պետական ավարտական քննական կամ տարեկան գնահատականը: Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի այն մասնագիտությունների գծով, որոնց անվճար ուսուցման մրցույթին մասնակցելու համար նախատեսված է երկու մրցութային քննություն, վճարովի ուսուցման մրցույթի ժամանակ դիմորդին իրավունք է վերապահվում իր ընտրությամբ պահպանել նշված մասնագիտության մրցութային քննություններից մեկը` մյուսը փոխանցելով միջնակարգ կրթության ատեստատի համապատասխան առարկայի պետական ավարտական քննական կամ տարեկան գնահատականը (հրաման թիվ 53-Մ, 09.03.2000թ.):

11. Ըստ մասնագիտությունների ընդունելության մրցույթը անց է կացվում երկու առանձին փուլով` անվճար (պետպտվեր) և վճարովի ուսուցման մրցութային քննությունների միավորների գումարի հիման վրա` դիմորդի դիմում-հայտում նշված հայտերի հերթականության գերակայությամբ:

Եթե դիմորդը մրցույթով անցնում է դիմում-հայտում նշված առաջին հայտով, ապա մյուս հայտերով մրցույթին չի մասնակցում: Եթե նա չի անցնում առաջին հայտով, թափուր տեղերի առկայության դեպքում մրցույթին մասնակցում է դիմումում նշած հայտերի հերթականության գերակայությամբ:

Բացառություն են կազմում`

«0207-Պատմություն» , «0214-Լրագրություն» , «0230- Հայոց լեզու և գրականություն» , «0233-Օտար լեզուներ» (այդ թվում` անգլերեն լեզու, ֆրանսերեն լեզու, գերմաներեն լեզու, իսպաներեն լեզու) և «0533-Թարգմանչական գործ» (բացի «Ռուսերեն, անգլերեն լեզուներ և հայերեն լեզու» մասնագիտության) մասնագիտությունները, որոնց գծով դիմորդները հանձնում են տվյալ մասնագիտությունների համար բնորոշ քննություններ: Նշված մասնագիտություններից յուրաքանչյուրի գծով մրցույթն անց է կացվում առանձին` մրցութային քննությունների միավորների գումարի հիման վրա, դիմորդի նշած բուհերի հերթականությամբ:

12. Անվճար (պետպատվերի) ուսուցման մրցույթն անց է կացվում կենտրոնացված կարգով, որի արդյունքները հրապարակվում են ս/թ օգոստոսի 21-ին:

Անվճար ուսուցմամբ չընդունված դիմորդները կարող են մասնակցել տվյալ քաղաքի պետական բուհերի վճարովի ուսուցման մրցույթին, որը կենտրոնացված կարգով անց է կացվում ս/թ օգոստոսի 27-ից մինչև օգոստոսի 29-ը: Վճարովի ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են փաստաթղթերը հանձնած բուհ` ս/թ օգոստոսի 22-ից (ժամը 9.00-ից) մինչև 26-ը (ժամը 9.00-ից) մինչև 26-ը (ժամը 24.00), բայց առաջին հայտով կարող են դիմել նաև այլ բուհեր: Այն դիմորդները, որոնք «մաթեմատիկա» , «ֆիզիկա» և «քիմիա» առարկաների քննությունները հանձնել են 2-րդ տարբերակով, չեն կարող մասնակցել Երևանի պետական համալսարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի և Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի համապատասխան մասնագիտությունների մրցույթին (հրաման թիվ 53-Մ, 09.03.2000թ.):

13. Վճարովի ուսուցմամբ ընդունված դիմորդների ցուցակները հրապարակվում են ս/թ օգոստոսի 30-ին:

14. 1999-2000 թթ. ուսումնական տարվա`

Նախարարության «Հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգի»

(հրաման թիվ 55-Մ, 13.03.2000թ.) համաձայն` ոսկե (արծաթե) մեդալ ստացած դիմորդներն անվճար ուսուցմամբ ընդունվում են բուհ` հանձնելով մեկ` բուհի սահմանած առաջին մրցութային քննությունը 19-20 միավորով:

Բացառություն են կազմում.

«0217 - Բանասիրություն (ռուսաց լեզու և գրականություն)» , «0230 - Հայոց լեզու և գրականություն» «0233 - Անգլերեն լեզու, գերմաներեն լեզու, ֆրանսերեն լեզու, իսպաներեն լեզու» , «0533 - Թարգմանչական գործ. այդ թվում` անգլերեն լեզու և հայերեն լեզու, գերմաներեն լեզու և հայերեն լեզու, ֆրանսերեն լեզու և հայերեն լեզու, ռուսաց լեզու և հայերեն լեզու» (ԵՊՀ) մասնագիտությունները, որոնց գծով մեդալակիր դիմորդները հանձնում են բուհի սահմանած մրցութային գրավոր քննությունը (19-20 միավորով):

Ավելի ցածր միավոր ստանալու դեպքում սույն կետում նշված մեդալակիրները հանձնում են տվյալ մասնագիտության համար նախատեսված մյուս քննությունները` անվճար և վճարովի ուսուցման մրցույթներին մասնակցելով ընդհանուր հիմունքով:

15. Սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդները ՀՀ բուհեր են ընդունվում համաձայն սույն Կանոնների կամ «ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների ուսուցման մասին կարգի» (ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցում ստացած ՀՀ կրթության և գիտության նախարարի թիվ 40-Մ, 17.03.1997թ. հրաման, կոդ թիվ 110-0040-170497):

16. Ֆիզիկամաթեմատիկական ու բնագիտական (քիմիա, կենսաբանություն) հոսքային ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների և բուհերի հենակետային վարժարանների շրջանավարտներն ընդունվում են բուհ նախարարության հաստատած հանձնաժողովների կողմից քննական առարկաների շրջանակներում տվյալ բուհում կազմակերպված հարցազրույցի արդյունքներով` մրցույթի հիման վրա: Հաստատությունների ցանկը, ընդունելության մասնագիտությունները և չափաքանակները սահմանվում են նախարարի հրամանով:

17. Քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում, մրցույթից դուրս, անվճար (պետպատվերի) ուսուցմամբ, ըստ մասնագիտությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված չափաքանակներով, ընդունվում են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները («Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենք):

18. Քննությունները դրական միավորներով հանձնած դիմորդներից, մրցույթից դուրս ընդունվում են`

ա) 1-ին ու 2-րդ խմբերի և մինչև 16 տարեկան մանկուց հաշմանդամները, որոնց համար, բժշկական աշխատանքային փորձաքննական հանձնախմբի եզրակացության համաձայն, տվյալ մասնագիտությամբ սովորելը հակացուցված չէ («Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենք):

բ) ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները («Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենք)` համաձայն ՀՀ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունների տված վկայականների:

i

19. Հանրապետական ընդունող հանձնաժողովը կարող է որոշում ընդունել միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով աշխարհի առաջնության և ոչ հեռակա միջազգային մրցումների (օլիմպիադաներ, փառատոններ) հաղթողներին և դափնեկիրներին համապատասխան մասնագիտությունների գծով ընդունել բուհ:

(19-րդ կետը խմբ. 26.06.00 թիվ 179-Մ հրաման)

20. Սույն կանոնների 17-րդ կետով և 18-րդ կետի «ա» , «բ» ենթակետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները, ովքեր հայտագրել են միայն վճարովի ուսուցման մասնագիտություններ, բուհ են ընդունվում մրցույթից դուրս` ուսումնառության վարձը պարտադիր վճարելու պայմանով, և ազատվում են ընդունելության քննությունների վճարից:

21. Մրցութային հավասար միավորների դեպքում ըստ հերթականության առավելություն է տրվում`

ա) նախորդ տարիների մեդալակիրներին և 1999-2000 ուսումնական տարվա մեդալակիր այն դիմորդներին, որոնք բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից ստացել են 19-ից ցածր միավոր,

բ) հանրապետական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,

գ) դպրոցի ավարտական վեց քննություններից առավելագույն ցուցանիշ ունեցող դիմորդներին,

դ) բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին:

22. Անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքները հաստատում է Հանրապետական ընդունող հանձնաժողովը: Մրցույթով անցած դիմորդների պաշտոնական ցուցակները հանձնվում են բուհերին` հրամանագրման:

23. Դիմորդները բոլոր մասնագիտությունների համար (դպրոցում կամ կենտրոնացված կարգով) քննություն են հանձնում հայոց լեզվից (գրավոր): Միջնակարգ կրթության ատեստատում հայոց լեզվից և գրականությունից գնահատական չունեցող դիմորդները հայոց լեզվի (գրավոր) փոխարեն կարող են քննություն հանձնել ռուսաց լեզվից (գրավոր), իսկ նաև ռուսաց լեզվից և գրականությունից գնահատական չունեցողները` որևէ օտար լեզվից` գրավոր (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն):

Բացառություն են կազմում.

ա) «0212 - Միջազգային հարաբերություններ» , «0214 - Լրագրություն (ժուռնալիստիկա)» , «0230 - Հայոց լեզու և գրականություն» , «0309 - Նախադպրոցական մանկավարժություն և հոգեբանություն» , «0310 - հոգեբանություն և մանկավարժություն» , «0312 - Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա (ռուսական դպրոցների համար)» , «0312 - Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա (հայկական դպրոցների համար)» , «0316,0318 - Սուրդոմանկավարժություն, լոգոպեդիա» , «0317,0318 - Օլիգորենոմանկավարժություն, լոգոպեդիա» , «0533 - Թարգմանչական գործ» մասնագիտությունները, որոնց դեպքում հայոց լեզվի գրավոր քննությունը պարտադիր է.

բ) «0217 - Բանասիրություն (ռուսաց լեզու և գրականություն)» մասնագիտությունը (ԵՊՀ, ԳՄԻ, ՎՄԻ, ԳՊՀ), որի համար սահմանված հայոց լեզվի (գրավոր) փոխարեն դիմորդները կարող են քննություն հանձնել օտար լեզվից (գրավոր),

գ) «0217,0233 - Բանասիրություն (ռուսաց լեզու և երկրորդ օտար լեզու)» մասնագիտությունը (ԵրՕԼԻ), որի համար սահմանված հայոց լեզվի (գրավոր) փոխարեն դիմորդները կարող են քննություն հանձնել օտար լեզվից (բանավոր),

դ) «0233,0217 - Անգլերեն լեզու և ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտությունը (ԳՄԻ), որի համար սահմանված հայոց լեզվի (գրավոր) փոխարեն դիմորդները կարող են քննություն հանձնել անգլերեն լեզվից (բանավոր):

24. Միջնակարգ կրթության ատեստատում անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներից գնահատական չունեցող դիմորդներն այդ լեզուների գրավոր քննության փոխարեն կարող են քննություն հանձնել ռուսաց լեզվից (գրավոր):

Բացառություն են կազմում.

«0212 - Միջազգային հարաբերություններ» , «0233 - Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն)» , «0234 - Արևելագիտություն (արաբագիտություն, պարսկագիտություն, թուրքագիտություն)» (ԵՊՀ), «0533 - Թարգմանչական գործ» (ԵՊՀ, ԵրՕԼԻ), «0601 - Մաթեմատիկական մեթոդներ և գործառնությունների հետազոտություն տնտեսագիտության մեջ» (ԵՊՀ, ԵրՊՏԻ), «0610 - Պետական և մունիցիպալ կառավարում» (ՀՊՃՀ, ԵրՊՏԻ), «0604 - Ֆինանսներ և վարկ» , «0607 - Ազգային տնտեսագիտություն» , «0614 - Առևտուր (կոմերցիա)» , «0624 - Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում» , «0719 - Տեղեկատվական համակարգեր» (ԵրՊՏԻ) մասնագիտությունները, որոնց դեպքում օտար լեզվի գրավոր քննությունը պարտադիր է:

25. Պետական բուհերի այն մասնագիտությունների գծով, որոնց քննությունների անվանացանկում առարկաները նշված են մեկ և երկու աստղանիշով (հրաման` թիվ 53-Մ, 09.03.2000թ.), վճարովի ուսուցման մրցույթին մասնակցելու համար.

ա) 1999-2000թթ. ուստարվա շրջանավարտ-դիմորդների համար մրցութային քննությունների գնահատականներ են համարվում միջնակարգ կրթության ատեստատում պետական ավարտական քննական գնահատականները, 1998-1999թթ. ուստարվա շրջանավարտների համար` միջնակարգ կրթության ատեստատում ավարտական պետական քննական գնահատականները, քիմիայից և կենսաբանությունից` տարեկան գնահատականները (նաև նախորդ տարիների շրջանավարտների համար), իսկ հայոց լեզվից և մաթեմատիկայից` 1996 թվականին և դրանից հետո հանձնված քննությունների գնահատականները, ընդ որում` հայոց լեզվի գրավոր ոչ մրցութային քննությունը կարող է փոխանցվել և անվճար, և վճարովի ուսուցման մրցույթներին մասնակցելու համար.

բ) նախորդ տարիների շրջանավարտ-դիմորդների միջնակարգ կրթության ատեստատի քիմիայի, կենսաբանության և ֆիզիկայի տարեկան գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետևյալ միավորներին`

«3»-ը համարժեք է 13 միավորի,

«4»-ը համարժեք է 17 միավորի,

«5»-ը համարժեք է 20 միավորի,

գ) դիմորդին իրավունք է վերապահվում, հաշվի չառնելով միջնակարգ կրթության ատեստատի տարեկան կամ քննական գնահատականը, տվյալ առարկայից քննություն հանձնել կենտրոնացված կարգով: Այն դեպքում, երբ դիմորդը ստանում է ավելի բարձր գնահատական, հաշվի է առնվում կենտրոնացված կարգով հանձնած քննության արդյունքը: Անբավարար գնահատականի դեպքում դիմորդը չի կարող մասնակցել տվյալ մասնագիտության մրցույթին.

դ) 1999-2000 ուստարվա շրջանավարտները, որոնք դպրոցում բնագիտական առարկաներից չեն ընտրել հայտագրած մասնագիտությանը համապատասխանող առարկան (ֆիզիկա, կենսաբանություն և քիմիա), այն հանձնում են կենտրոնացված կարգով,

ե) 1998-1999 թթ. ուստարվա այն շրջանավարտները, որոնք դպրոցում չեն ընտրել ֆիզիկայի ավարտական քննությունը, համապատասխան մասնագիտությունների գծով այն հանձնում են կենտրոնացված կարգով,

զ) եթե դիմորդը համապատասխան մասնագիտությունների վճարովի ուսուցման մրցույթի համար հայտագրում է միջնակարգ կրթության ատեստատի քիմիայի տարեկան գնահատականը, ապա որպես մրցութային առարկա քննություն է հանձնում կենսաբանությունից և հակառակը.

է) միջին մասնագիտական և մասնագիտական տեխնիկական (8-րդ դասարանի հիմքով) ուսումնական հաստատություններ ավարտած դիմորդները հայոց լեզվի քննությունը հանձնում են կենտրոնացված կարգով:

26. Քննությունների վերահանձնում չի թույլատրվում:

27. Ռուսական կրթությամբ շրջանավարտները քննությունները կարող են հանձնել ռուսերեն լեզվով (բացառությամբ հայերեն և օտար լեզուների քննությունների):

28. Անվճար ուսուցման մրցույթից դուրս մնացած դիմորդները վճարովի ուսուցման մրցույթին մասնակցելու համար ներկայացրած նոր դիմում-հայտում կարող են հայտագրել հայոց լեզվի, քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության և մաթեմատիկայի դպրոցական ավարտական պետական քննությունների գնահատականները:

29. Քննատախտակով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննության չներկայացած դիմորդներին չի թույլատրվում մասնակցել տվյալ առարկայի քննությանը: Հարգելի պատճառով (փաստաթղթով հաստատված) քննության չներկայացած դիմորդներին հնարավորություն է տրվում 5-օրյա ժամկետում այն հանձնել, եթե քննատախտակով տվյալ առարկայի քննությունը չի ավարտվել:

30. Բանավոր քննության գնահատականը դիմորդն իրավունք ունի բողոքարկելու առարկայական քննական հանձնաժողովի նախագահին` առանց քննասենյակից դուրս գալու, իսկ գրավոր քննության գնահատականը` այն հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում: Գրավոր քննության գնահատականը բուհերը հայտնում են հաջորդ օրը, ոչ ուշ, քան ժամը 16.00-ին:

31. Քննությունների կազմակերպման և անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ: Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից` վճարած գումարը չի վերադարձվում: Հանրապետական ընդունող հանձնաժողովն առանձին քաղաքացիների կարող է ազատել քննությունների վճարից:

32. Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2000թ. հունիսի 15-ից մինչև հուլիսի 14-ը: Քննություններն անցկացվում են 2000թ. հուլիսի 18-ից մինչև օգոստոսի 15-ը: Դիմորդի քննությունների ժամանակացույցը կախված չէ փաստաթղթերը հանձնելու օրից:

Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտությունների գծով մասնագիտական քննություններն անցկացվում են համապատասխան բուհերում 2000թ. հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 14-ը:

Դիմորդները քննություններին և ըստ մասնագիտությունների մրցույթին մասնակցելու դիմում-հայտերը և փաստաթղթերը հանձնում են դիմում-հայտում նշված առաջին հայտի բուհում: Քննությունների համար սահմանված վճարը դիմորդները մուծում են առաջին հայտի բուհում:

Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտությունների համար դիմորդները փաստաթղթերը հանձնում են համապատասխան բուհ:

Դիմումի հետ ներկայացվում են`

ա) միջնակարգ կրթության ատեստատը, միջին մասնագիտական և մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը (բնօրինակը).

բ) 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի).

գ) փաստաթուղթ զինվորական ծառայության հետ առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող դիմորդներից փաստաթղթերն ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշման առկայության դեպքում, իսկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում ստացածներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում).

դ) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, ծննդյան վկայական, զինվորական գրքույկ, ՆԳ նախարարության մարմինների կողմից ժամանակավոր տրվող անձը հաստատող փաստաթուղթ, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական).

ե) զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին.

զ) սույն Կանոնների 17-րդ կետով և 18-րդ կետի «ա» , «բ» ենթակետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 16 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զինծառայող ծնողի զոհվելու մասին).

է) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոններ) դիպլոմները:

Փաստաթղթերի ընդունման ժամկետը լրանալուց հետո դիմորդների կողմից լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելն արգելվում է:

33. Քննություններին ու մրցույթին մասնակցելու դիմում-հայտը փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չէ:

34. Հանրապետական ընդունող հանձնաժողովի, բուհերի ընդունող հանձնաժողովների, առարկայական քննական հանձնաժողովների և ընդունելությանն առնչվող մյուս ծառայությունների փոխհարաբերությունները կարգավորվում են նախարարի կողմից հաստատված` ՀՀ պետական բուհերի 2000թ. ընդունելության կանոնակարգով:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                   «15»         05           2000 Թ.

                    ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11000036

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
04.05.2000
N 96-Մ
Հրաման