Սեղմել Esc փակելու համար:
ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

09.01.2004 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.07.2002  -ից մինչեւ   09.01.2004  -ը:
 

(ուժը կորցրել է 03.12.03 ՀՕ-43-Ն օրենք)

i

010.0133.291200

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2000 թվականի դեկտեմբերի 5-ին

 

ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքը կարգավորում է գրավատնային գործունեության հետ կապված հարաբերությունները, սահմանում է գրավատների կողմից վարկավորման պայմաններն ու գրավատնային գործունեության նկատմամբ պետական վերահսկողության կարգը:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

գրավատնային գործունեություն` ֆիզիկական անձանց անձնական օգտագործման շարժական գույքի գրավով ապահովված կարճաժամկետ վարկերի տրամադրման և պահատվության ձեռնարկատիրական գործունեություն.

գրավատուն` գրավատնային գործունեության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստացած կազմակերպություն.

գրավատան տարածք` գրավատնային գործունեության համար անհրաժեշտ հիմնական շինության տարածք, որտեղ պահպանվում են կանխիկ դրամը, գրավի առարկաները (ի պահ հանձնված գույքը) և վարկավորմանը վերաբերող փաստաթղթերը, կատարվում է հաճախորդների ընդունելություն և վարկերի տրամադրում, ինչպես նաև գրավատնային գործունեության հետ կապված այլ գործառույթներ.

լիազոր մարմին` գրավատնային գործունեությունը լիցենզավորող և վերահսկող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին.

պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգ` տեխնիկական սարքավորում կամ սարքավորումների համախումբ, որը վերահսկում է օրվա ցանկացած ժամի կամ որոշակի ժամերի ընթացքում անձանց մուտքը գրավատան տարածք, դրանում կրակի առկայությունը կամ հրդեհի իրական վտանգը.

վարկավորմանը վերաբերող փաստաթղթեր` վարկային պայմանագիր, գրավատոմս (գրավի պայմանագիր), անվանական պահպանական անդորրագիր և վարկառուի (պահատուի) վճարների հաշվառման անձնական քարտ, ինչպես նաև լիազոր մարմնի սահմանած այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են սույն օրենքի պահանջների պահպանման հավաստիությունը որոշելու համար.

վարկի գումար` վարկային պայմանագրին համապատասխան գրավատան կողմից վարկառուի հաշվին փոխանցված կամ վարկառուին փաստացի վճարված դրամական միջոցներ.

վարկի ժամկետի սկիզբ` վարկի ամբողջ գումարը վարկառուի հաշվին փոխանցելու կամ վարկառուին փաստացի վճարելու օրվան հաջորդող օրը.

վարկի մարման ժամկետ` այն օրը, երբ վարկային պայմանագրին համապատասխան գրավատանն ամբողջությամբ պետք է վերադարձվի վարկի գումարը և վճարվեն բոլոր տոկոսավճարները.

վարկի ժամկետ` դրա սկզբի և ամբողջությամբ մարման միջև ընկած ժամանակահատվածը, ներառյալ` առաջին և վերջին օրերը: Ընդ որում, բացառությամբ սույն օրենքի 8 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքի, վերոհիշյալ ժամանակահատվածում հաշվի են առնվում բոլոր օրերը` անկախ դրանց աշխատանքային լինելու հանգամանքից.

տոկոսավճար` վարկային պայմանագրին համապատասխան որպես վարկի փոխհատուցում գրավատանը վճարվող գումար, որը հավասար է վարկի գումարի, օրերով արտահայտված վարկի ժամկետի (դրա մի մասի) և վարկի օրական տոկոսի արտադրյալի հարյուրերորդ մասին:

 

ՀՈԴՎԱԾ 3. ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն)` լիազոր մարմնի կողմից տրված լիցենզիայի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 4. «ԳՐԱՎԱՏՈՒՆ» ԲԱՌԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

1. «Գրավատուն» բառը կամ դրա ածանցյալներն իր անվանման մեջ կարող է օգտագործել միայն լիցենզիա ստացած կազմակերպությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ դրա օգտագործման իմաստից բխում է, որ խոսքը գրավատնային գործունեությանը չի վերաբերում:

2. Գրավատունը չի կարող իր անվանման մեջ օգտագործել ապակողմնորոշող այնպիսի բառեր, որոնք կարող են տեղիք տալ գրավատան ֆինանսական վիճակի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ թյուր ենթադրությունների:

 

ԳԼՈՒԽ 2.
ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 5. ԳՐԱՎԱՏԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Գրավատան և վարկառուի միջև հարաբերությունները կարգավորվում են պայմանագրային հիմունքներով:

i

2. Վարկային պայմանագրերը կնքվում են գրավատան կողմից հաստատված վարկավորման ընդհանուր պայմաններին համապատասխան: Գրավատան վարկավորման ընդհանուր պայմանների, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունների ու լրացումների մասին գրավատունը տեղեկացնում է լիազոր մարմնին` վերջինիս կողմից սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 6. ԳՐԱՎԱՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Գրավատան վարկային միջոցների աղբյուր են համարվում սեփական միջոցները, բանկերից և այլ կազմակերպություններից ստացված վարկերը և փոխառությունները:

2. Գրավատունը`

ա) գրավատնային գործունեություն է իրականացնում միայն լիցենզիայում նշված գրավատան որոշակի տարածքում (հասցեում), ընդ որում, գրավատան կողմից այլ տարածքներում գրավատնային գործունեություն իրականացնելը համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում.

բ) թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված ոսկերչական, այլ կենցաղային իրեր (ինչպես նաև բարձր արժողությամբ փոքրածավալ այլ իրեր) հանդիսացող գրավադրված (ի պահ հանձնված) գույքը պահպանում է գրավատան տարածքում գտնվող երկաթբետոնյա պատերով (ծածկով) առանձնացված սենյակում` չհրկիզվող պահարաններում կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկում` վերջինիս հետ կնքված պայմանագրի համաձայն.

գ) օրենքով սահմանված կարգով իրականացնում է գրավ ընդունած շարժական գույքի, ինչպես նաև ի պահ հանձնված գույքի ապահովագրությունը.

դ) նյութական արժեքների անվտանգ պահպանության նպատակով ապահովում է գրավատան տարածքի պաշտպանությունը պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգերով.

ե) իր տարածքը պաշտպանելու նպատակով իրականացնում է պահպանության ծառայություն, որի աշխատակիցները նկատելիորեն տարբերվում են իրենց միասնական համազգեստով: Օրենքով սահմանված կարգով նրանց կարող է տրվել զենք կրելու իրավունք.

զ) լիցենզիա ստանալուց հետո յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան տուրքի գումարը` նախքան այդ ժամկետի սկիզբը:

 

ՀՈԴՎԱԾ 7. ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Գրավատունն իրավունք ունի`

i

ա) տրամադրել անձնական օգտագործման շարժական գույքի գրավով ապահովված վարկեր.

բ) վարկեր և փոխառություններ ներգրավել բանկերից և այլ կազմակերպություններից.

գ) սահմանափակ շրջանառության իրավունքով արժեթղթեր (բացառությամբ բաժնետոմսերի) թողարկել և տեղաբաշխել բանկերի կամ այլ կազմակերպությունների միջև: Այդ արժեթղթերի երկրորդային տեղաբաշխումը կարող է կատարվել միայն նշված կազմակերպությունների միջև.

դ) բաժնետիրական ընկերություն հանդիսացող գրավատան դեպքում` օրենքով սահմանված կարգով թողարկել և տեղաբաշխել բաժնետոմսեր.

ե) օրենքով սահմանված կարգով պարտավորությունների դիմաց իրացնել իրեն հանձնված գույքը.

i

զ) օրենսդրությամբ սահմանված կարգով գույք ընդունել միայն գրավատուից կամ պահատուից: Գրավատան համար գրավատու (պահատու) լինելու փաստի հավաստիության հիմք կարող է ծառայել գույքը հանձնող անձի գրավատոմսում կամ պահպանական անվանական անդորրագրում կատարված գրավոր հայտարարությունը: Գրավատան կողմից գրավատոմսերի և պահպանական անվանական անդորրագրերի ձևակերպման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

2. Գրավատունը չի կարող`

ա) վարկային միջոցների ձեռքբերման համար տեղաբաշխել պարտատոմսեր կամ այլ արժեթղթեր, ներգրավել փոխառության կամ այլ ձևով միջոցներ այլ կերպ, քան նախատեսված է սույն հոդվածի 1-ին կետով.

բ) տրամադրել ապրանքային վարկեր.

գ) վարկը տրամադրել մասնաբաժիններով` առանց յուրաքանչյուր մասնաբաժնի համար նոր պայմանագիր կնքելու.

դ) որևէ պահանջ ներկայացնել վարկառուի կողմից վարկով ստացած գումարի տնօրինման վերաբերյալ.

ե) վարկը ամբողջությամբ մարելու` վարկային պայմանագրով նախատեսված ժամկետի կետանցից հետո իրականացնել վարկային պայմանագրում նշված ժամկետի որևէ փոփոխություն: Կողմերի համաձայնությամբ վարկային նոր պայմանագրով նախկինում չմարված (բայց մարման ենթակա) վարկը կամ դրա մի մասը կարող է համարվել վարկի նոր գումարի բաղկացուցիչ մասը, իսկ մինչև այդ կնքված պայմանագիրը ճանաչվել ուժը կորցրած.

զ) գրավատնային գործունեությունից բացի իրականացնել այլ գործունեություն (գործառնություններ), եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով և իրավական այլ ակտերով:

 

ՀՈԴՎԱԾ 8. ԳՐԱՎԱՏԱՆ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

i

1. Գրավատան կողմից վարկերը տրվում են որոշակի ժամկետով, հայկական դրամով` կանխիկ կամ անկանխիկ վճարումով:

2. Եթե վարկն ամբողջությամբ մարելու օրը վարկառուի կողմից վարկը մարելու հնարավորությունը բացակայում է գրավատան հայտարարած աշխատանքային օրերին (ժամերին) փակ լինելու պատճառով, ապա վարկն ամբողջությամբ մարելու օր է համարվում հաջորդ աշխատանքային օրը: Ընդ որում, սույն կետում նշված պայմանի կիրառման դեպքում վարկի մարման օրվա փոփոխությունը չի կարող հանգեցնել հաշվարկվող տոկոսավճարների աճին:

3. Կողմերի համաձայնությամբ, միևնույն վարկային պայմանագրով, վարկի ժամկետի առանձին հատվածների համար կարող են սահմանվել վարկի տարբեր տոկոսներ:

(8-րդ հոդվածը փոփ. 29.05.02 ՀՕ-363-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9. ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻ (ՊԱՀԱՏՈՒՆԵՐԻ) ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

i

1. Գրավատունը յուրաքանչյուր վարկը տրամադրելիս (գույքն ի պահ ընդունելիս) ձևակերպում է վարկառուի (պահատուի) վճարների հաշվառման անձնական քարտ (այսուհետ` քարտ), որը փակվում է միայն վարկային (պահատվության) պայմանագրի դադարելուց հետո: Քարտի ձևակերպման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

2. Գրավատունը վարկավորմանը վերաբերող փաստաթղթերը պահպանում է համապատասխան պայմանագիրը դադարելուց հետո` առնվազն երեք տարվա ընթացքում:

3. Վարկավորմանը վերաբերող փաստաթղթերը պահպանվում են գրավատան տարածքում առանձին սենյակում, որտեղ կողմնակի անձանց մուտքը սահմանափակ է, կամ մետաղյա պահարանում: Գրավատունը կարող է վարկավորմանը վերաբերող փաստաթղթերի պահպանումը գրավոր պայմանագրի հիման վրա հանձնարարել այլ անձի:

4. Գրավատունը երաշխավորում է վարկավորմանը վերաբերող փաստաթղթերի գաղտնիությունը, և տվյալ անձի վարկավորմանը վերաբերող փաստաթղթերը կամ դրանցում ներառված տեղեկությունները տրամադրում է միայն`

ա) լիազոր մարմնին` ելնելով վերջինիս վերահսկողության լիազորությունների իրականացման անհրաժեշտությունից.

բ) դատարանին, ինչպես նաև հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով.

գ) վարկառուի կողմից լիազորված անձանց.

դ) նոտարական գրասենյակին` ժառանգության վերաբերյալ հարցերով:

Սույն կետում նշված մարմիններն ու անձինք օրենքով սահմանված կարգով պահպանում են իրենց տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը:

 

ԳԼՈՒԽ 3.
ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 10. ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

i

1. Գրավատնային գործունեության լիցենզավորումն իրականացնում է լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության` սույն օրենքին համապատասխան սահմանած կարգով:

2. Լիցենզիա ստանալու դիմումը մերժվում է, եթե`

ա) դիմումն ու դրան կից փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին, կամ դրանցում ներկայացված են կեղծ տեղեկություններ.

բ) սույն օրենքի 18 հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքում:

3. Լիցենզիա ստանալու դիմումը մերժելու մասին լիազոր մարմնի որոշումը դրա կայացման հիմքերի հետ միասին եռօրյա ժամկետում տրամադրվում կամ փոստով ուղարկվում է դիմողին:

4. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված հիմքերի բացակայության դեպքում լիազոր մարմինը որոշում է ընդունում բավարարել լիցենզիա ստանալու դիմումն ու այդ որոշումը եռօրյա ժամկետում տրամադրում կամ փոստով ուղարկում է դիմողին:

5. Լիցենզիա ստանալու դիմումում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների` վրիպումների, ոչ իրավաբանական բնույթի անճշտությունների, նման այլ բացթողումների առկայության դեպքում լիազոր մարմինը որոշում է ընդունում բավարարել լիցենզիա ստանալու դիմումը վերապահումով, որ դիմողը մեկամսյա ժամկետում կվերացնի նկատված թերությունները: Լիազոր մարմինը լիցենզիա ստանալու դիմումը վերապահումով բավարարելու մասին որոշումը եռօրյա ժամկետում տրամադրում կամ փոստով ուղարկում է դիմողին:

6. Լիցենզիա ստանալու դիմումը բավարարելու որոշում ընդունելու դեպքում լիցենզիան դիմողին է տրամադրվում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի առաջին տարեկան վճարումը կատարելուց և վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:

7. Եթե սույն հոդվածի 5-րդ կետում նշված թերությունները վերացնելու մասին տեղեկությունները կամ լիցենզիա ստանալու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի առաջին տարեկան վճարման անդորրագիրը լիազոր մարմին են ներկայացվում սահմանված ժամկետից ուշ, ապա լիազոր մարմինը, որպես լիցենզիան հանձնելու պայման, դիմողից հայտարարագիր է պահանջում այն մասին, որ անցած ժամանակահատվածում լիցենզիա ստանալու դիմումին կից փաստաթղթերը չեն կորցրել իրենց իրավական ուժը` սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին համապատասխանության իմաստով:

8. Եթե սույն հոդվածի 7-րդ կետում նշված հայտարարագիրը չի ներկայացվում կամ դիմողը հայտնում է, որ դիմումին կից փաստաթղթերից որևէ մեկը կորցրել է իրավական ուժը` սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին համապատասխանության իմաստով, ապա լիցենզիայի տրման մասին լիազոր մարմնի որոշումը համարվում է չեղյալ, եթե միաժամանակ դիմողը չի ներկայացնում այնպիսի փաստաթղթեր, որոնք կապահովեն սույն հոդվածի 4-րդ կետի պայմանը:

9. Լիցենզիայի ձևը սահմանում է լիազոր մարմինը:

i

10. Լիցենզիան տրվում է անժամկետ:

11. Լիցենզիան չի կարող գրավադրվել կամ օտարվել: Իրավաբանական անձի առանձնացման դեպքում լիցենզիան պահպանում է լիցենզիա ստացած անձը, իսկ անձի բաժանման դեպքում ստեղծված անձինք կարող են օրենքով սահմանված կարգով դիմել նոր լիցենզիա ստանալու համար:

12. Լիազոր մարմինը վարում է տրամադրված լիցենզիաների գրանցամատյան:

 

i
ՀՈԴՎԱԾ 11. ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Գրավատնային գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը` տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով: Լիազոր մարմինը ստուգման արդյունքներով սույն օրենքի 12 հոդվածով սահմանված խախտումների բացահայտման դեպքում կիրառում է սույն օրենքի 13 հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները:

2. Գրավատնային գործունեության ստուգումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

i

3. Փաստաթղթային վերահսկողությունն իրականացվում է լիազոր մարմնի սահմանած կարգով գրավատների կողմից իրենց գործունեության վերաբերյալ լիազոր մարմին ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) վերլուծության միջոցով:

 

ԳԼՈՒԽ 4.
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 12. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

 

Լիազոր մարմինը գրավատան նկատմամբ պատասխանատվության միջոցներ է կիրառում, եթե`

ա) գրավատունը գրավատնային գործունեություն և սույն օրենքով նախատեսված այլ գործառնություններ է իրականացրել սույն օրենքի 5 և 8 հոդվածներում նշված պայմանների կամ 6 և 9 հոդվածներում նշված պահանջների խախտումներով.

բ) գրավատունն իրականացրել է սույն օրենքի 7 հոդվածի 2-րդ կետում նշված գործառնություններ.

գ) գրավատունն ունի հարկերի և պարտադիր այլ վճարների գծով ժամկետանց պարտավորություններ.

դ) խախտվել են սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հաշվետվությունների ներկայացման ու հրապարակման կարգը և պայմանները կամ դրանցում ներկայացվել են կեղծ տվյալներ.

ե) լիցենզիա ստանալու համար դիմումը ներկայացնելիս կամ դրանից հետո մինչև լիցենզիայի տրման պահը դիմողը խեղաթյուրել է պահանջվող տեղեկությունները կամ դրանք ներկայացրել է ոչ լիարժեք, եթե դրանց ճիշտ կամ լիարժեք ներկայացումը կհանգեցներ լիցենզիա ստանալու դիմումի մերժման:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Սույն օրենքի 12 հոդվածով նախատեսված դեպքերում լիազոր մարմինը գրավատների նկատմամբ կիրառում է հետևյալ պատասխանատվության միջոցները`

ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարական.

բ) տուգանք.

գ) լիցենզիայի գործողության կասեցում.

դ) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

 

ՀՈԴՎԱԾ 14. ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ ԵՎ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ

 

1. Տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով լիազոր մարմինն արձանագրում է թույլ տրված խախտումն ու նախազգուշացնում է գրավատանը:

2. Նախազգուշացումը նախատեսում է նաև թույլ տրված խախտումը լիազոր մարմնի սահմանած ժամկետում վերացնելու կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական, որի կատարումը պարտադիր է:

3. Նախազգուշացումը որպես պատասխանատվության միջոց կիրառվում է սույն օրենքի 12 հոդվածի «դ» ենթակետով նախատեսված տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման ու հրապարակման կարգի խախտման դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 15. ՏՈՒԳԱՆՔԸ

 

1. Տուգանքը գանձվում է լիազոր մարմնի որոշմամբ, իսկ եթե գրավատունը համաձայն չէ տուգանքի նշանակման վերաբերյալ որոշման հետ, ապա լիազոր մարմինը տուգանքը գանձելու հայցով դիմում է դատարան:

2. Տուգանքը` հարյուր հազար դրամ չափով, գանձվում է, եթե գրավատունը`

ա) սույն օրենքի 5 հոդվածի 2-րդ կետի խախտմամբ կնքել է գրավատան կողմից հաստատված վարկավորման ընդհանուր պայմաններին չհամապատասխանող վարկային պայմանագիր.

բ) խախտել է սույն օրենքի 6 հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետը, 8 հոդվածի 2-րդ կամ 9 հոդվածի 1-ին, 2-րդ կամ 4-րդ կետերը.

գ) սույն օրենքի 14 հոդվածին համապատասխան նախազգուշացում կիրառելուց հետո երկու տարվա ընթացքում կրկնել է նույն խախտումը:

3. Սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն տուգանքի կիրառումից հետո երկու տարվա ընթացքում տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը շարունակելու կամ այդպիսի նոր խախտում թույլ տալու դեպքում տուգանքի չափն ավելացվում է հինգ հարյուր հազար դրամով:

4. Տեղեկությունները (հաշվետվությունները) ուշ ներկայացնելու կամ դրանցում անարժանահավատ տվյալներ արտացոլելու համար լիազոր մարմինը կարող է գրավատան ղեկավարների նկատմամբ տուգանք նշանակելու հայցով դիմել դատարան` հարյուր հազար դրամը չգերազանցող չափով:

 

ՀՈԴՎԱԾ 16. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

 

1. Լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիայի գործողությունը, եթե գրավատունը`

ա) սույն օրենքի 5 հոդվածի 2-րդ կետի խախտմամբ գրավատան վարկավորման ընդհանուր պայմանների կամ դրանցում կատարվող փոփոխությունների ու լրացումների մասին չի տեղեկացրել լիազոր մարմնին.

բ) խախտել է սույն օրենքի 6 հոդվածի 2-րդ կետի «ա», «բ», «գ», «դ» կամ «զ» ենթակետերը, 7 հոդվածի 2-րդ, 8 հոդվածի 1-ին կամ 9 հոդվածի 3-րդ կետերը.

գ) ունի հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ:

2. Լիցենզիայի գործողության կասեցման լիազոր մարմնի սահմանած ժամկետը չի կարող գերազանցել 45 օրը:

3. Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում գրավատան կողմից գրավատնային գործունեություն իրականացնելը (նոր վարկեր տրամադրելը) համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում:

4. Լիցենզիայի գործողության կասեցմանը լիազոր մարմինն անդրադառնում է կասեցման համար հիմք հանդիսացած խախտումների վերացման վերաբերյալ գրավատան կողմից լիազոր մարմնին տեղեկացնելուց հետո` տասնհինգ օրվա ընթացքում, իսկ կասեցման ժամկետի ընթացքում նման տեղեկություններ չներկայացնելու դեպքում` կասեցման ժամկետից հետո` տասնհինգ օրվա ընթացքում:

5. Եթե սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան լիազոր մարմինը լիցենզիայի գործողության կասեցմանն անդրադառնում է սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն սահմանված ժամկետի ավարտից հետո, ապա, անկախ այդ ժամկետից, լիցենզիայի գործողությունը կասեցված է մնում` մինչև լիազոր մարմնի կողմից դրան անդրադառնալը, բայց ոչ ուշ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված ժամկետից: Սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված ժամկետում լիցենզիայի գործողության կասեցմանը լիազոր մարմնի կողմից չանդրադառնալու դեպքում կասեցումը համարվում է դադարեցված, իսկ լիցենզիայի գործողությունը` վերականգնված:

 

ՀՈԴՎԱԾ 17. ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ

 

1. Լիազոր մարմինը լիցենզիան ուժը կորցրած է ճանաչում, եթե գրավատունը`

ա) սույն օրենքի 12 հոդվածի «դ» ենթակետում նշված փաստաթղթերում ներկայացրել է կեղծ տվյալներ.

բ) թույլ է տվել սույն օրենքի 12 հոդվածի «ե» ենթակետում նշված խախտումը.

գ) սույն օրենքի 15 հոդվածին համապատասխան տուգանք կիրառելուց հետո` երկու տարվա ընթացքում, երրորդ անգամ թույլ է տվել տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտում.

դ) սույն օրենքի 16 հոդվածին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո` երկու տարվա ընթացքում, թույլ է տվել խախտում, որը հիմք է լիցենզիայի գործողությունը կրկին կասեցնելու համար:

2. Լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում գրավատան պատշաճ ծանուցմամբ իրականացվող քննարկման արդյունքներով, եթե առկա է սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերից որևէ մեկը:

3. Լիազոր մարմինը լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մտադրության մասին գրավատանը տեղեկացնում է քննարկումից առնվազն 15 օր առաջ` գրության մեջ նշելով`

ա) լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու իրավական հիմքերը և հետևանքները.

բ) այն փաստերն ու փաստաթղթերը, որոնք հիմք են ծառայում լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար (կցելով դրանց պատճենները).

գ) քննարկման վայրը, ամսաթիվը և ժամը.

դ) լիազոր մարմնի այն պաշտոնատար անձի անունն ու պաշտոնը, որին կարող են դիմումներ և միջնորդություններ ներկայացվել:

4. Սույն հոդվածի 3-րդ կետում նախատեսված գրության մեջ նշված օրը, ժամին և վայրում լիազոր մարմինը քննում է լիցենզիան ուժը կորցնելու մասին հարցը` անկախ գրավատան ներկայացուցչի ներկայությունից:

 

ՀՈԴՎԱԾ 18. ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

 

1. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը լիազոր մարմինը հնգօրյա ժամկետում հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով և դրա կայացման հիմքերի հետ միասին եռօրյա ժամկետում տրամադրում կամ փոստով ուղարկում է համապատասխան կազմակերպությանը:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե դրանով այլ ժամկետ սահմանված չէ:

3. Լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել նաև գրավատան միջնորդության հիման վրա:

4. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից`

ա) գրավատունը դադարեցնում է գրավատնային գործունեությունը (նոր վարկերի տրամադրումը) և հնգօրյա ժամկետում լիազոր մարմնին է վերադարձնում լիցենզիայի բնօրինակը.

բ) լիազոր մարմնի սահմանած ժամկետում ապահովում է բոլոր վարկային պայմանագրերի լուծումը:

5. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի, լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո` մեկ տարվա ընթացքում, լիցենզիա ստանալու համար իրավունք չունեն դիմելու`

ա) կազմակերպությունը, որի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել.

բ) լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար հիմք հանդիսացող խախտումների արձանագրման պահին այդ կազմակերպության կանոնադրական կապիտալում մեկ երրորդից ավելի մասնակցություն ունեցող կազմակերպությունը.

գ) կազմակերպությունը, որի կանոնադրական կապիտալում մեկ երրորդից ավելի մասնակցությամբ որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հիմքերի արձանագրման պահին այդ կազմակերպության կանոնադրական կապիտալում ունեցել է մեկ երրորդից ավելի մասնակցություն:

 

ԳԼՈՒԽ 5.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 19. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված կարգով տրված լիցենզիաները սույն օրենքի պահանջների պահպանմամբ ուժի մեջ են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, բայց ոչ ավելի, քան սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարի:

2. Մինչև հրապարակային սակարկությունների մասին օրենքի գործողությունը գրավատները կարող են սույն օրենքի 7 հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետին համապատասխան իրենց հանձնված գույքը պարտավորությունների դիմաց իրացնել հրապարակային սակարկությունների միջոցով` իր կողմից հաստատված և լիազոր մարմնի հետ համաձայնեցված կարգով:

 

29 դեկտեմբերի 2000թ.

ՀՕ-133

 

 

pin
ՀՀ 05.12.2000
N ՀՕ-133 օրենք