Սեղմել Esc փակելու համար:
«ԳՅՈՒՏԻ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՅՈՒՏԻ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ...

13.08.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.02.2001  -ից մինչեւ   13.08.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 01.04.05 թիվ 71-Ն հրաման)

i

301.0066.090101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

29 նոյեմբերի 2000 թվական թիվ 66

 

i

«ԳՅՈՒՏԻ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Արտոնագրերի մասին» ՀՀ նոր օրենքը ուժի մեջ մտնելու կապակցությամբ

 

հաստատել

 

«Գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման» կարգը:

 

Հաստատված է

Հայարտոնագրի պետի

2000թ. նոյեմբերի 29-ի

N 66 հրամանով

 

ԳՅՈՒՏԻ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

(մաս 1)

 

Սույն կարգը սահմանված է «Արտոնագրերի մասին» ՀՀ Օրենքի 27 հոդվածի 10-րդ կետի, ինչպես նաև ՀՀ վարչապետի 1998թ. մարտի 12-ի դ148 որոշմամբ հաստատված Հայարտոնագրի կանոնադրության 3-րդ կետի համաձայն` գյուտի ըստ էության փորձաքննության հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով:

Սույն Կարգում օգտագործված են հետևյալ հիմնական հասկացությունները.

ՀՀ - Հայաստանի Հանրապետություն

Օրենք - «Արտոնագրերի մասին» ՀՀ Օրենքը, որն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1999թ. հոկտեմբերի 26-ին և ուժի մեջ մտել 1999թ. դեկտեմբերի 16-ից

Հայարտոնագիր - ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչություն

Հայտ - գյուտի արտոնագիր ստանալու հայտ

Կոնվենցիայով հայտ - հայտ, որը ներկայացված է արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի համաձայն

Միջազգային հայտ - հայտ, որը ներկայացված է 19.07.1970թ. Արտոնագրային համագործակցության մասին (PCT) պայմանագրի համաձայն

ՄՍՀԿ - Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն

ՄԱԴ - Միջազգային արտոնագրային դասակարգում

Հայտատու - այն անձը, ում անունով խնդրարկվում է արտոնագիրը

թվական - օր, ամիս, տարի

Կանոններ - Գյուտի արտոնագիր ստանալու հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման կանոններ

Կարգը - Գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման կարգը

Փորձաքննություն - Գյուտի ըստ էության փորձաքննություն

Խնդրագիր - Գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման խնդրագիր

Բովանդակություն

I. Ըստ էության փորձաքննության բովանդակությունը

II. Ըստ էության փորձաքննության անցկացման պայմանները

III. Գյուտի առաջնության թվականի սահմանումը

Կոնվենցիայով առաջնության սահմանումը

Լրացուցիչ նյութերի ստացման թվականով առաջնության սահմանումը

Նույն հայտատուի` ավելի վաղ ներկայացված հայտի ներկայացման թվականով առաջնության սահմանումը

Զատված հայտով ներկայացված գյուտի առաջնության սահմանումը

Մի քանի առաջնություն սահմանելու պայմանները

Գյուտի առաջնության թվականի սահմանման լրացուցիչ պայմանների ստուգումը

IV. Գյուտի հավակնության սահմանման ստուգումը

Գյուտի միասնության պահանջի պահպանման ստուգումը

Միջանկյալ և վերջնական արգասիքները

Այլընտրանքները գյուտի հավակնության սահմանման մեկ կետում (Մարկուշի բանաձև)

V. Լրացուցիչ նյութերի ստուգումը

VI. Գյուտի արտոնագրաունակության ստուգումը

Արդյունաբերորեն կիրառելիության ստուգումը

Տեղեկատվության որոնման անցկացումը

Տեխնիկայի մակարդակը

Տեղեկատվության որոնման բնագավառը և ծավալը

Նորության ստուգումը

Գյուտարարական մակարդակի ստուգումը

VII. Բազմօղակ հավակնության սահմանմամբ բնութագրված գյուտի արտոնագրաունակության ստուգման առանձնահատկությունները

VIII. Լրացուցիչ նյութերի վերաբերյալ հարցում

IX. Եզրակացություն գյուտի արտոնագրաունակության վերաբերյալ

X. Արտոնագիր տալու մասին որոշումը

XI. Արտոնագիր տալը մերժելու մասին որոշումը

 

I. Ըստ էության փորձաքննության բովանդակությունը

1.Ըստ էության փորձաքննության անցկացման ընթացքում Հայարտոնագիրը`

1.1. Օրենքի 22 հոդվածի համաձայն սահմանում է գյուտի առաջնության թվականը, եթե դա չի սահմանվել հայտի նախնական փորձաքննության փուլում.

1.2. Կանոնների 382-405 կետերի համաձայն ստուգում է հայտատուի կողմից ներկայացված գյուտի հավակնության սահմանումը.

1.3. Կանոնների 406-420 կետերի համաձայն ստուգում է լրացուցիչ նյութերը.

1.4. Ստուգում է հայտի սկզբնական նյութերում հայտատուի կողմից առաջարկված հավակնության սահմանումով կամ հայտի քննարկման ընթացքում հաշվի առնված լրացուցիչ նյութերով բնութագրված հայտարկվող գյուտի համապատասխանությունը արտոնագրաունակության պայմաններին.

1.5. Կատարում է տեղեկատվության որոնում` տեխնիկայի նախորդող մակարդակի բացահայտման նպատակով:

II. Ըստ էության փորձաքննության անցկացման պայմանները

2. Օրենքի 27 հոդվածի համաձայն` ըստ էության փորձաքննությունն անցկացվում է հայտատուի կամ երրորդ անձի խնդրագրի հիման վրա:

Խնդրագիրը ընդունվում է քննարկման, եթե գյուտի հայտը, որին վերաբերում է խնդրագիրը, գտնվում է քննարկման փուլում, կամ հայտով տրված նախնական արտոնագիրը գտնվում է գործողության մեջ:

3. Խնդրագրի հետ մեկտեղ հայտատուն կամ երրորդ անձը Հայարտոնագիր է ներկայացնում գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու համար սահմանված չափով տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը: Ընդ որում, ներկայացվում է փաստաթղթի բնօրինակը (բանկային փոխանցման հանձնարարագրի բանկի դրոշմակնիքով օրինակը, կանխիկ վճարման անդորրագիրը և այլն): Տուրքի չափը որոշվում է` ելնելով հավակնության սահմանման բոլոր անկախ կետերի քանակից կամ խնդրագրում նշված անկախ կետերի քանակից:

4. Եթե հայտատուի կողմից ներկայացվել է սահմանվածից փոքր չափով տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ, ապա հայտատուն ծանուցվում է տուրքի վճարած գումարի և անկախ կետերի քանակի համապատասխանեցման անհրաժեշտության մասին: Ծանուցագիրը ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն պետք է նշի գյուտի այն անկախ կետերը, որոնցով անցկացվելու է փորձաքննություն կամ ներկայացնի տուրքի լրավճարման մասին փաստաթուղթ:

5. Սահմանված ժամկետում հայտատուի կողմից նշված նյութերը Հայարտոնագիր չներկայացնելու դեպքում փորձաքննությունը կատարվում է այն անկախ կետերի նկատմամբ, որոնց համար վճարված տուրքի չափը բավարար է և որոնք հավակնության սահմանման մեջ բերված են առաջինը, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

6. Ըստ էության փորձաքննություն անցկացնելու խնդրագիրը հայտատուն կամ երրորդ անձը կարող են Հայարտոնագիր ներկայացնել մինչև հայտի ներկայացման օրվանից 7 տարին լրանալը: Խնդրագիրը կարող է ներկայացվել նաև նշված ժամկետի ավարտից հետո` 12 ամսվա ընթացքում, լրացուցիչ տուրքի վճարման պայմանով:

7. Երրորդ անձից ստացված խնդրագրի մասին Հայարտոնագիրը ծանուցում է հայտատուին:

8. Միևնույն հայտով մի քանի խնդրագրեր ստանալու դեպքում Հայարտոնագիրը դրանցից բավարարում է այն, որը ներկայացվել է առաջինը, եթե դրանք վերաբերում են հավակնության սահմանման նույն ծավալին:

Եթե ավելի վաղ ստացված խնդրագիրը վերաբերում է հավակնության սահմանման մի մասին, ապա ավելի ուշ ստացված խնդրագրով փորձաքննությունն անցկացվում է հավակնության սահմանման այն անկախ կետերի ծավալով, որոնք նշված չէին ավելի վաղ ստացված խնդրագրի մեջ:

Հայտով ընդունված որոշման մասին ծանուցվում են խնդրագիր ներկայացրած անձինք և հայտատուն:

9. Հետ կանչված հայտով ըստ էության փորձաքննություն չի անցկացվում: Հետ կանչված համարված հայտով ըստ էության փորձաքննությունն սկսվում է միայն հայտով գործավարությունը վերսկսելուց հետո:

10. Գյուտի ըստ էության փորձաքննությունը Հայարտոնագիրն սկսում է հայտով նախնական փորձաքննության ավարտից անմիջապես հետո, իսկ եթե խնդրագրի ներկայացման պահին նախնական փորձաքննությունն ավարտված է` խնդրագրի ներկայացման օրվանից:

11. Եթե խնդրագիրը հայտատուի կողմից ներկայացվել է մինչև նախնական արտոնագիր տալու մասին Հայարտոնագրի որոշման ընդունումը, ապա Հայարտոնագիրը դադարեցնում է նախնական արտոնագիր տալու գործընթացը և Օրենքի 27 հոդվածի համաձայն անցկացնում է ըստ էության փորձաքննություն:

Եթե նախնական արտոնագիր տալու մասին որոշումն ստանալու օրվանից 3-ամսյա ժամկետում հայտատուն չի վճարում արտոնագիր տալու համար սահմանված չափով պետական տուրքը, սակայն ներկայացնում է ըստ էության փորձաքննություն անցկացնելու խնդրագիր` դրան կցելով համապատասխան տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, ապա Հայարտոնագիրը դադարեցնում է նախնական արտոնագիր տալու գործընթացը և Օրենքի 27 հոդվածի համաձայն անցկացնում է ըստ էության փորձաքննություն:

12. Եթե համընդհանուր ծանոթացման ընթացքում երրորդ անձի կողմից ներկայացվել է խնդրագիր, ապա նախնական արտոնագիր տալու գործընթացը կարող է դադարեցվել հայտատուի համապատասխան դիմումի հիման վրա:

13. Երրորդ անձի կողմից ներկայացված խնդրագրի հիման վրա անցկացվող ըստ էության փորձաքննության ընթացքում առաջացած հարցերը նրա հետ չեն քննարկվում: Նման հարցերը քննարկվում և պարզվում են միայն հայտատուի հետ, իսկ երրորդ անձին ուղարկվում է փորձաքննության արդյունքներով ձևակերպված եզրակացության պատճենը:

14. Եթե հայտը, որով ըստ էության փորձաքննությունը դեռևս չի ավարտվել և նախնական արտոնագիր չի տրվել, հետ է կանչվում հայտատուի կողմից, ապա հայտով գործավարությունը դադարեցվում է, ինչի մասին ծանուցվում է խնդրագիր ներկայացնող անձը:

15. Այն դեպքում, երբ նշված ժամկետում գյուտի հայտը փոխակերպվել է օգտակար մոդելի հայտի, ապա դադարեցվում է դրա քննարկումը որպես գյուտի հայտ, ինչի մասին ծանուցվում է խնդրագիր ներկայացնող անձը:

16. Եթե խնդրագիրը հետ է կանչվում ըստ էության փորձաքննությունն սկսվելուց հետո, ապա փորձաքննությունը դադարեցվում է, իսկ վճարված տուրքի գումարը հետ չի վերադարձվում:

III. Գյուտի առաջնության թվականի սահմանումը

17. Գյուտի առաջնությունը որոշվում է հայտը Հայարտոնագիր ներկայացնելու թվականով:

18. Գյուտի առաջնությունը կարող է որոշվել ավելի վաղ թվականով, եթե բավարարված են Օրենքի 22 հոդվածի 2-7-րդ կետերի պահանջները:

Կոնվենցիայով առաջնության սահմանումը

19. Օրենքի 22 հոդվածի 2-րդ կետի համաձայն` գյուտի առաջնությունը կարող է որոշվել առաջին հայտն արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիային մասնակից որևէ պետություն ներկայացնելու թվականով, եթե գյուտի հայտը Հայարտոնագիր է ներկայացվել նշված թվականից 12 ամսվա ընթացքում: Կոնվենցիայով առաջնության իրավունքից օգտվելու ցանկության մասին հայտատուն պարտավոր է նշել հայտը ներկայացնելիս կամ Հայարտոնագրի կողմից այն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում` կցելով առաջին հայտի պատճենը, կամ ներկայացնել այն` հայտը Հայարտոնագիր ներկայացնելու օրվանից 3 ամսվա ընթացքում:

20.Կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու դեպքում ստուգվում է`

20.1.Փարիզյան կոնվենցիային մասնակից որևէ պետություն ներկայացված առաջին հայտի վավերացված պատճենի առկայությունը: Եթե նշված պատճենը ներկայացված է հայտը Հայարտոնագիր ներկայացնելու թվականից հետո, ստուգվում է հայտատուի կողմից նշված թվականից 3- ամսյա ժամկետի պահպանումը.

20.2. եթե առաջին հայտերը մի քանիսն են, ապա ստուգումը կատարվում է դրանցից յուրաքանչյուրի նկատմամբ առանձին.

20.3. հայտատուի կողմից առաջին հայտի ներկայացման թվականից 12- ամսյա ժամկետի պահպանումը.

20.4. կոնվենցիայով առաջնություն սահմանելու մասին դիմումը հայտը Հայարտոնագիր ներկայացնելու թվականից 2-ամսյա ժամկետում ներկայացնելու պահանջի պահպանումը.

20.5. հայտարկված գյուտի էության բացահայտումն առաջին հայտում:

Լրացուցիչ նյութերի ստացման թվականով առաջնության սահմանումը

21. Օրենքի 22 հոդվածի 3-րդ կետի համաձայն ` առաջնությունը կարող է որոշվել լրացուցիչ նյութերի ստացման թվականով, եթե դրանցով ձևակերպված նոր հայտը ներկայացվել է 3 ամսվա ընթացքում` սկսած այն ծանուցագրի ներկայացման օրվանից, որով հայտատուն տեղեկացվել է, որ սկզբնական հայտի նյութերում նկարագրված լուծման էությունը փոփոխելու պատճառով լրացուցիչ նյութերը հաշվի չեն առնվելու:

22. Լրացուցիչ նյութերի ստացման թվականով առաջնություն խնդրարկելու դեպքում ստուգվում է`

22.1 սույն Կարգի 21-րդ կետում նշված նոր հայտ ներկայացնելու ժամկետի պահպանումը.

22.2. հայտարկված գյուտի էության բացահայտումը լրացուցիչ նյութերում, որոնց ներկայացման թվականով խնդրարկվում է առաջնությունը (հաշվի առնելով նաև այն սկզբնական հայտի բովանդակությունը, որով ներկայացվել են լրացուցիչ նյութերը):

Նույն հայտատուի` ավելի վաղ ներկայացված հայտի ներկայացման թվականով առաջնության սահմանումը

23. Օրենքի 22 հոդվածի 4-րդ կետի համաձայն` առաջնությունը կարող է որոշվել նույն հայտատուի ավելի վաղ ներկայացրած նույն գյուտի էությունը բացահայտող հայտի ներկայացման թվականով, եթե հայտը, որով պահանջվում է այդպիսի առաջնություն, Հայարտոնագիրն ստացել է ավելի վաղ ներկայացված հայտի գրանցման օրվանից 12 ամսվա ընթացքում:

24. Նույն հայտատուի` ավելի վաղ ներկայացրած նույն գյուտի էությունը բացահայտող հայտի ներկայացման թվականով առաջնություն խնդրարկելու դեպքում ստուգվում է`

24.1. սույն Կարգի 23-րդ կետում նշված 12-ամսյա ժամկետի պահպանումը.

24.2. հայտը նույն հայտատուի կողմից ներկայացված լինելը.

24.3. հայտարկվող գյուտի էության բացահայտված լինելը ավելի վաղ ներկայացված գյուտի հայտում:

25. Օրենքի 22 հոդվածի 5-րդ կետի համաձայն գյուտի առաջնությունը կարող է որոշվել ավելի վաղ ներկայացված մի քանի հայտի հիման վրա, որոնցից յուրաքանչյուրի նկատմամբ պետք է պահպանվեն վերը նշված բոլոր պահանջները:

26. Օրենքի 22 հոդվածի 6-րդ կետի համաձայն գյուտի առաջնությունը չի կարող որոշվել այն հայտի ներկայացման թվականով, որով արդեն պահանջվել է ավելի վաղ առաջնություն:

27. Ավելի վաղ ներկայացված հայտի ներկայացման թվականով առաջնություն խնդրարկելու դեպքում ավելի վաղ ներկայացված հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

Զատված հայտով ներկայացված գյուտի առաջնության սահմանումը

28. Օրենքի 22 հոդվածի 7-րդ կետի համաձայն` զատված (սկզբնական հայտից առանձնացված) հայտով ներկայացված գյուտի առաջնությունը որոշվում է սկզբնական հայտի ստացման թվականով, եթե`

28.1. զատված հայտը ներկայացվել է մինչև սկզբնական հայտով արտոնագիր չտալու մասին որոշման ընդունումը, որի վիճարկման հնարավորություններն ամբողջովին սպառված են, իսկ արտոնագիր տալու մասին որոշման դեպքում` ոչ ուշ, քան գյուտի պետական գրանցումը.

28.2. զատված հայտով հայտարկված գյուտում էությունը բացահայտված է սկզբնական հայտում կամ առաջին հայտում, եթե այն զատված է կոնվենցիայով հայտից և առաջնությունը խնդրարկվում է այդ հայտի առաջնության թվականով:

28.3. Այն դեպքում, երբ հայտը զատված է այլ առաջնություն խնդրարկմամբ հայտից, քան հայտի ներկայացման թվականն է, ապա գյուտի առաջնությունը որոշվում է այլ առաջնության թվականով:

Մի քանի առաջնություն սահմանելու պայմանները

29. Եթե հայտատուն Հայարտոնագիր ներկայացված հայտով խնդրարկում է մի քանի առաջնություն, ապա այդպիսի առաջնություններից յուրաքանչյուրի համար ստուգվում է սույն Կարգի 19-28-րդ կետերում նշված համապատասխան պահանջների պահպանումը:

30. Մեկից ավելի առաջնություն սահմանվում է այն դեպքում, երբ հայտարկված է գյուտերի խումբ, որի մեջ մտնող գյուտերը նկարագրված են ներկայացված հայտին նախորդող մի քանի հայտերում:

31. Բազմակի առաջնություն սահմանվում է նաև այն դեպքում, երբ գյուտը բնութագրված է այլընտրանքի տեսքի հատկանիշով (ներով) (օրինակ, Մարկուշի բանաձևը), ինչպես նաև որևէ մեծության արժեքների միջակայքի տեսքով:

32. Գյուտերի խմբի յուրաքանչյուր գյուտի առաջնությունը կամ այն գյուտի առաջնությունը, որը բնութագրված է ներկայացված այլընտրանքներից որևէ մեկով կամ ներկայացված միջակայքի որևէ արժեքով (կամ արժեքների տիրույթով) կարող է սահմանվել դրան նախորդող հայտի ներկայացման թվականով, որտեղ դա նկարագրված է:

33. Մասնակի առաջնություն կարող է սահմանվել այն դեպքում, երբ գյուտերից մի քանիսը նկարագրված են նախորդող հայտում (երում), իսկ մնացածը` առաջին անգամ նոր ներկայացված հայտում: Այս դեպքում ավելի վաղ առաջնություն սահմանվում է միայն այն գյուտերի համար, որոնք նկարագրված են նախորդող հայտում (երում):

34. Եթե հավակնության սահմանման անկախ կետում կամ անկախ և կախյալ կետերում բնութագրված գյուտերի համար ներկայացման տարբեր թվականներ ունեցող երկու (կամ ավելի) առաջին հայտերի հիման վրա կոնվենցիայով խնդրարկվում են տարբեր առաջնություններ, ապա սույն Կարգի 20-րդ կետով սահմանված պահանջների համապատասխանության նպատակով, ստուգվում են երկու (կամ ավելի) առաջին հայտերի վավերացված պատճենների առկայությունը և այդ հայտերի ներկայացման թվականի նկատմամբ 12 ամսվա ժամկետի պահպանումը:

35. Անկախ և կախյալ կետերում բնութագրված յուրաքանչյուր գյուտի էության բացահայտումը ստուգվում է այն առաջին հայտի նկատմամբ, որի ներկայացման թվականով խնդրարկվում է տվյալ գյուտի առաջնությունը:

Գյուտի առաջնության թվականի սահմանման լրացուցիչ պայմանների ստուգումը

36. Սույն Կարգի 21-28-րդ կետերի համաձայն առաջնության սահմանման պայմանների պահպանումը ստուգելիս պետք է համոզվել, որ Հայարտոնագիր ներկայացված հայտը, որի հիման վրա խնդրարկվում է առաջնություն, կամ որի համար ներկայացված են այդպիսի խնդրագրի հիմք հանդիսացող լրացուցիչ նյութեր, հետ կանչված չի ճանաչված կամ չի համարվում այդպիսին:

37. Խնդրարկվող առաջնության սահմանման պայման հանդիսացող ժամկետները հաշվարկվում են հետևյալ կերպ.

37.1. Եթե ժամկետը արտահայտված է «...ժամանակամիջոցում», «ոչ ուշ», «մինչև լրանալը», «...թվականից...» բառերով, ապա դրա հաշվարկն սկսվում է նշված թվականին հաջորդող օրվանից:

37.2. Եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային է, ապա ժամկետի ավարտը համարվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

37.3. Եթե ժամկետն ավարտվում է այնպիսի ամսում, որը չունի համապատասխան ամսաթիվը, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:

38. Խնդրարկվող առաջնության հիմք հանդիսացող ավելի վաղ ներկայացված նյութերում (հայտում, լրացուցիչ նյութերում) հայտարկված գյուտի բացահայտման պահանջի պահպանումը պարզելու համար ստուգվում է`

38.1. արդյո՞ք այդ նյութերում նշված են հայտարկված գյուտի հավակնության սահմանման բոլոր հատկանիշները, և արդյո՞ք դրանք միայն գովազդային բնույթ չեն կրում.

38.2. արդյո՞ք գյուտը այդ նյութերում բացահայտված է իրագործման համար բավարար լրիվությամբ: Կոնվենցիայով առաջնության խնդրարկման դեպքում տվյալ պայմանը ստուգելիս հայտատուին կարող է առաջարկվել ներկայացնել առաջին հայտի թարգմանությունը:

39. Եթե առաջնության ստուգման ընթացքում ի հայտ եկած հարցերը չեն խոչընդոտում հայտի փորձաքննության անցկացմանը, ապա դրանք պարզվում են հայտի քննարկման հետ կապված այլ հարցերի հետ միասին:

40. Եթե հայտատուն պահպանել է սույն Կարգի 19-35-րդ կետերում նշված բոլոր պահանջները, ապա հայտարկված գյուտի համար սահմանվում է խնդրարկված առաջնությունը:

40.1. Եթե հայտատուի կողմից չի պահպանված սույն Կարգի 19-35-րդ կետերում նշված պահանջներից առնվազն մեկը, ապա գյուտի առաջնությունը սահմանվում է հայտը Հայարտոնագիր ներկայացնելու թվականով, ինչի մասին հայտատուն նախապես ծանուցվում է:

40.2. Եթե նշված պահանջները չեն պահպանված որևէ գյուտի նկատմամբ, որը, օրինակ, բնութագրված է բազմօղակ հավակնության սահմանման կետերից որևէ մեկում, ապա միայն այս գյուտի համար է առաջնությունը սահմանվում հայտը Հայարտոնագիր ներկայացնելու թվականով:

41. Այն դեպքում, երբ առաջնության թվականը սահմանելուց հետո հայտատուն ներկայացնում է փոփոխված հավակնության սահմանում, կատարվում է խնդրարկված առաջնության սահմանման հիմքերի կրկնակի ստուգում:

IV. Գյուտի հավակնության սահմանման ստուգումը

42. Ստուգումն անցկացվում է գյուտի սկզբնական կամ առաջին հայտի հավակնության սահմանման նկատմամբ, իսկ եթե Օրենքի 23 հոդվածի 7-րդ կետի համաձայն այն փոփոխվել է հայտատուի կողմից, ապա` նաև հավակնության սահմանման փոփոխված մասի նկատմամբ` միասնության պահանջի պահպանման պայմանով:

43. Եթե հայտի նախնական փորձաքննության ընթացքում պարզվում է, որ այն ներկայացված է միասնության պահանջի խախտմամբ, և մինչև ըստ էության փորձաքննության անցկացման սկիզբը հայտատուն երկամսյա ժամկետում հայտնում է, թե ո՛ր գյուտը (գյուտերը) ներկայացված հայտի շրջանակներում ենթակա է (են) քննարկման, ապա ստուգումն անցկացվում է այդ գյուտի (գյուտերի) հավակնության սահմանման նկատմամբ:

44. Միասնության պահանջի խախտման մասին Հայարտոնագրի ծանուցումը նշված ժամկետում հայտատուի կողմից անպատասխան թողնելու դեպքում քննարկվում է այն գյուտը, որը հավակնության սահմանման մեջ բերված է առաջինը:

45. Ստուգման ընթացքում պարզվում է հայտարկվող գյուտի հավակնության սահմանման մեջ էական հատկանիշների առկայությունը, որոնց համախմբությունը բավարար է հայտատուի նշած տեխնիկական արդյունքն ստանալու համար: Ընդ որում, տեխնիկական արդյունքի նկատմամբ հասարակական պահանջի գոյություն ունենալը չի ստուգվում:

46. Եթե որոշվում է, որ հավակնության սահմանման անկախ կետը չի պարունակում գյուտի նկարագրությունում կամ կախյալ կետում բացահայտված էական հատկանիշը (ները), որի բացակայության դեպքում հասանելի չէ տեխնիկական արդյունքը, ապա հայտատուին առաջարկվում է դա (դրանք) մտցնել հավակնության սահմանման անկախ կետի մեջ: Ընդ որում, բերվում են փաստարկներ, որոնք ապացուցում են տեխնիկական արդյունքի ստացման համար դրա անհրաժեշտությունը:

47. Եթե հավակնության սահմանումը բացի էական հատկանիշներից պարունակում է ոչ էական հատկանիշներ կամ հատկանիշներ, որոնք բնութագրում են հայտարկված գյուտի օգտագործման կամ իրագործման մասնավոր ձևերը, ապա կարելի է պահանջել հայտատուի կարծիքը հավակնության սահմանման այդպիսի խմբագրության պահպանման նպատակահարմարության վերաբերյալ:

48. Գյուտի հավակնության սահմանման ստուգումը ներառում է հավակնության սահմանման հատկանիշների նույնականացման հնարավորության որոշումը` Կանոնների 137-144-րդ կետերին համապատասխան:

49. Եթե պարզվում է, որ հատկանիշի նույնականացման համար անհրաժեշտ է գյուտի նկարագրության հիման վրա ճշգրտել դրա բնութագրումը, ապա հայտատուին առաջարկվում է ճշգրտել այն:

50. Եթե հատկանիշի նույնականացման հնարավորության պայմանը պահպանված է, բայց դրա բնութագրման համար օգտագործված են տերմինններ, որոնք հնացած են կամ տեխնիկայի կոնկրետ բնագավառում ընդունված չեն, հայտատուին կարելի է առաջարկել համապատասխան ճշգրտում մտցնել գյուտի հավակնության սահմանման մեջ:

51. Եթե պարզվում է, որ հատկանիշը բնութագրված է այնպիսի հասկացություններով, որոնք չեն ապահովում դրա նույնականացման հնարավորությունը և հայտատուն հրաժարվում է ճշգրտել գյուտի հավակնության սահմանումը, ապա հայտի հետագա քննարկման ընթացքում այդպիսի հասկացությունները հաշվի չեն առնվում:

52. Գյուտի հավակնության սահմանման ստուգման ընթացքում պարզվում է` արդյո՞ք գյուտի նկարագրությունը պարունակում է բոլոր այն հասկացությունները, որոնք բնութագրում են գյուտը:

53. Եթե բացահայտվում են այնպիսի հասկացություններ, որոնք հայտատուն օգտագործում է հավակնության սահմանման հատկանիշների բնութագրման համար, բայց դրանք բացակայում են գյուտի նկարագրության մեջ, ապա հայտատուն ծանուցվում է, որ ներկայացված հավակնության սահմանումը հիմնված չէ նկարագրության վրա, և առաջարկվում է այդ հասկացությունները ներգրավել նկարագրության մեջ (եթե հայտատուն կարևորում է դրանց պահպանումը հավակնության սահմանման մեջ), կամ հանել այդ հասկացությունները գյուտի նկարագրությունից:

54. Եթե հայտում բերված է միօղակ կամ մեկ անկախ կետով բազմօղակ հավակնության սահմանում, ապա ստուգվում է` արդյո՞ք այդպիսի հավակնության սահմանման մեջ բնութագրված է մեկ գյուտ:

55. Եթե պարզվում է, որ խախտված են նշված պահանջները, ապա հայտատուին ուղարկվում է հարցում` այդ խախտումները վերացնելու և հավակնության սահմանումը ճշգրտելու առաջարկությամբ: Ընդ որում, հայտատուն ծանուցվում է նաև ճշգրտված հավակնության սահմանման մեջ միասնության պահանջը չխախտելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև ճշգրտելուց հրաժարվելու դեպքում` քննարկման ենթակա գյուտը նշելու անհրաժեշտության մասին:

56. Եթե հատկանիշը բնութագրելու համար հայտատուն չի պահպանում այլընտրանքային հասկացությունների կիրառման պայմանները, ապա նա ծանուցվում է կատարված խախտման բնույթի մասին, նշելով կոնկրետ այլընտրանքային բնութագրերը (բոլորը, կամ հայտատուի կողմից բերվածներից մի քանիսը), որոնց նկատմամբ բացահայտված է այդ խախտումը:

57. Եթե քիմիական միացություններին վերաբերող գյուտերում օգտագործված է Մարկուշի բանաձևը, ապա պետք է հաշվի առնել` արդյո՞ք գյուտի հավակնության սահմանման մեջ թվարկված միացություններն ունեն ընդհանուր հատկություններ, կամ արդյո՞ք այդ միացություններն ունեն ընդհանուր էական կառուցվածքային տարր, որը կազմում է տեխնիկայի նախորդ մակարդակի նկատմամբ դրանց տարբերիչ բնութագիրը:

58. Եթե հայտատուի կողմից առաջարկված է մի քանի անկախ կետ ունեցող բազմօղակ հավակնության սահմանում, ապա փորձաքննությունը վերլուծում է յուրաքանչյուր անկախ կետ (իր կախյալ կետերով հանդերձ`) և որոշում` արդյո՞ք հավակնության սահմանման մեջ ընդգրկված գյուտերը ներկայացնում են միասնական գյուտարարական մտահղացում կազմող գյուտերի խումբ, անկախ առանձին կետերում, կամ այլընտրանքի ձևով մեկ կետում այդ գյուտերի ներկայացված լինելու հանգամանքից:

59. Գյուտի միասնությունը առկա է միայն այն դեպքում, երբ հայտարկված գյուտերի միջև կա տեխնիկական փոխադարձ կապ, որը ներառում է մեկ կամ մի քանի միանման կամ համապատասխան «հատուկ տեխնիկական հատկանիշներ», այսինքն` այնպիսի հատկանիշներ, որոնք որոշում են տեխնիկայի մակարդակի մեջ գյուտերից յուրաքանչյուրի ներդրումը:

60. Եթե ստուգվում է անկախ կետերում բնութագրված գյուտերի խումբը տարբերակներին վերագրելու ճշտությունը, անհրաժեշտ է համոզվել, որ տարբերակների նշված նշանակությունները և տեխնիկական արդյունքները համընկնում են:

61. Տեխնիկական արդյունքների համընկնելու պայմանը խախտված չի համարվում, եթե խմբի գյուտերից յուրաքանչյուրի համար նշված է մի քանի տեխնիկական արդյունք, որոնցից համընկնող է միայն մի մասը:

62. Տեխնիկական արդյունքների համընկնելու պայմանը խախտված չի համարվում նաև այն դեպքում, երբ բոլոր գյուտերի տեխնիկական ընդհանուր արդյունքի բնութագրումից բացի, որևէ մեկի ձևակերպումը լրացուցիչ ներառում է ինչ-որ յուրատեսակ առանձնահատկություն: Օրինակ` «շփման նվազեցում», «շփման նվազեցում բարձր խոնավության պայմաններում»:

63. Եթե հայտատուի կողմից ներկայացված հավակնության սահմանման խախտումները արգելք չեն հանդիսանում հայտարկվող գյուտի արտոնագրաունակության ստուգմանը, ապա դրանք պարզվում են հայտի քննարկման հետ կապված այլ հարցերի հետ միաժամանակ:

64. Եթե հայտատուն իր նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա փոփոխում է գյուտի հավակնության սահմանումը, ապա գյուտի արտոնագրաունակությունը ստուգելու համար հաշվի է առնվում հավակնության սահմանումը` հայտատուի կողմից ներկայացված փոփոխություններով:

65. Գյուտի հավակնության սահմանման ստուգման ընթացքում պետք է ուշադրություն դարձնել հետևյալ հանգամանքներին`

65.1. արդյո՞ք գյուտի անվանումը համապատասխանում է գյուտը բնութագրող հատկանիշներին: Օրինակ` եթե հայտարկված է «Եղանակ», ապա ստուգվում է եղանակը բնութագրող հատկանիշների համախմբության առկայությունը հավակնության սահմանման մեջ.

65.2. արդյո՞ք լրացուցիչ կետերի բովանդակությունը համապատասխանում է դրանց ներկայացվող պահանջներին, այսինքն` արդյո՞ք այդ կետերում ներկայացված տեղեկատվությունը հանդիսանում է անկախ կետում բերված հատկանիշների համախմբության ճշգրտում կամ զարգացում, թե այդ հատկանիշները բնութագրում են գյուտի այլ առարկա.

65.3. արդյո՞ք գյուտի հավակնության սահմանման անկախ կետը չի պարունակում տարբեր տեսակի գյուտերի նկարագրություն, հաշվի առնելով, որ դրանք պետք է շարադրվեն տարբեր անկախ կետերում.

65.4. արդյո՞ք այս կամ այն հատկանիշի իրագործման տարբեր ձևերի ներառումը գյուտի հավակնության սահմանման միևնույն կետում հիմնավորված է.

65.5. արդյո՞ք ֆունկցիոնալ կախում ունեցող հատկանիշների տարբեր խմբերը հանդիսանում են այլընտրանքներ, այսինքն` խմբեր, որոնք նկարագրում են օբյեկտի կոնկրետ բնութագիրը և իրականացնում միանման ֆունկցիա. օրինակ` եթե նկարագրվում է եղանակ, որը նախատեսում է միանման ֆունկցիայի իրականացումը A և B փոխկապակցված պարամետրերի զույգերով, որոնք կարող են ընդունել A1, B1, A2, B2 և այլ նշանակություններ: Այդ զույգերը կարող են հանդիսանալ այլընտրանքներ: Հակառակ դեպքում հայտատուն կարող է ծանուցվել այն մասին, որ տվյալ առաջարկությունը կարող է ներկայացվել հավակնության սահմանման մի քանի անկախ կետերում բնութագրված գյուտերի խմբով, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է այդ պարամետրերի համակցություններից մեկը:

66. Նամակագրության ընթացքում հայտատուի կողմից ներկայացված հավակնության սահմանման ստուգմամբ պարզվում է` արդյո՞ք այդ հավակնության սահմանումը չի պարունակում նոր անկախ կետ, որը չի վերաբերում հայտարկված գյուտին: Օրինակ` եթե հայտի սկզբնական նյութերում գյուտի առարկա է «Սարքը», լրացուցիչ նյութերը չպետք է պարունակեն «Եղանակ» անկախ կետով գյուտի հավակնության սահմանում, եթե անգամ չի խախտվել միասնության պահանջը:

67. Հայտատուի կողմից ներկայացված հավակնության սահմանման տարբեր կառուցվածքների դեպքում փորձաքննությունն անցկացվում է հետևյալ կերպ`

67.1. եթե ներկայացված հայտում գյուտի հավակնության սահմանումը կազմված է առանց անկախ կետի սահմանափակիչ և տարբերիչ մասերի սահմանազատման, և տեղեկատվության որոնման արդյունքում չեն հայտնաբերվել նմանակներ (ապրիօրի սահմանվում է, որ գյուտը համապատասխանում է արդյունաբերական կիրառելիության չափանիշին), ապա որոշում է ընդունվում հայտատուի կողմից առաջարկված հավակնության սահմանումով արտոնագիր տալու մասին.

67.2. եթե ներկայացված հայտում գյուտի հավակնության սահմանումը կազմված է առանց անկախ կետի սահմանափակիչ և տարբերիչ մասերի սահմանազատման և տեղեկատվության որոնման արդյունքում հայտնաբերվել են նորությունը և/կամ գյուտարարական մակարդակը չխախտող նմանակներ, որոնք հաշվի առնելու դեպքում հավակնության սահմանումը կարող է կազմվել անկախ կետի սահմանափակիչ և տարբերիչ մասերի սահմանազատմամբ, ապա պետք է որոշում ընդունվի հայտատուի կողմից առաջարկված հավակնության սահմանումով արտոնագիր տալու մասին, իսկ հայտնաբերված նմանակները նշվեն որոնման հաշվետվությունում.

67.3. եթե ներկայացված հայտում գյուտի հավակնության սահմանումը կազմված է առանց անկախ կետի սահմանափակիչ և տարբերիչ մասերի սահմանազատման և տեղեկատվության որոնման արդյունքում հայտնաբերվել են նորությունը և/կամ գյուտարարական մակարդակը չխախտող նմանակներ, բայց հարցում ուղարկելու համար առկա են այլ բավարար հիմքեր, անհրաժեշտ է այդ փաստարկների հետ մեկտեղ հայտատուին ծանուցել հավակնության սահմանման ճշգրտման հնարավորության (բայց ոչ պահանջի) մասին (եթե նկարագրության «Տեխնիկայի մակարդակը» բաժնում բացակայում են նմանակների մասին տեղեկություններ, բայց դրանց մասին տեղեկատվությունը առկա է հայտնաբերված աղբյուրներում): Եթե հայտատուն, ըստ էության պատասխանելով հարցմանը և չցանկանալով փոփոխել գյուտի հավակնության սահմանումը, կազմում է այն` անկախ կետը սահմանազատելով սահմանափակիչ և տարբերիչ մասերի, ապա որոշում է ընդունվում հայտատուի կողմից առաջարկված հավակնության սահմանումով արտոնագիր տալու մասին.

67.4. եթե ներկայացված հայտում գյուտի հավակնության սահմանումը կազմված է առանց անկախ կետի սահմանափակիչ և տարբերիչ մասերի սահմանազատման և տեղեկատվության որոնման արդյունքում հայտնաբերվել են նորությունը և/կամ գյուտարարական մակարդակը չխախտող և ավելի մոտ նմանակների մասին տեղեկություններ (հայտատուի կողմից ընտրված նմանակների համեմատությամբ) պարունակող տեղեկատվության աղբյուրներ, իսկ փորձաքննությունը հարցում ուղարկելու համար ունի այլ բավարար հիմքեր, ապա անհրաժեշտ է այդ փաստարկների հետ մեկտեղ հայտատուին ծանուցել որոնման արդյունքում հայտնաբերված ամենամոտ նմանակների և հավակնության սահմանման ճշգրտման նպատակահարմարության (բայց ոչ պահանջի) մասին: Եթե հայտատուն, ըստ էության պատասխանելով, չցանկանա փոփոխել հավակնության սահմանումը, ապա որոշում է ընդունվում հայտատուի կողմից առաջարկված հավակնության սահմանումով արտոնագիր տալու մասին (եթե չկան այլ խախտումներ):

68. Արտոնագրով ընձեռված գյուտի իրավական պահպանության ծավալը որոշվում է դրա հավակնության սահմանումով, անկախ նրանից` սահմանազատվա՞ծ է անկախ կետը սահմանափակիչ և տարբերիչ մասերի, թե ոչ: Հավակնության սահմանման հատկանիշները կարող են նշվել ավելի տրամաբանական հաջորդականությամբ: Վերանում են դժվարությունները, որոնք առկա են հայտարկված գյուտի և ամենամոտ նմանակի քանակական հատկանիշների միջակայքերի մասնակի համընկնելու դեպքում, այլընտրանքի տեսքով հատկանիշների օգտագործման դեպքում` այլընտրանքի և ամենամոտ նմանակի քանակական հատկանիշների միջակայքերի մասնակի համընկնելու և այլ դեպքում: Սակայն այն դեպքերում (գյուտերի մեծամասնության համար), երբ անհրաժեշտ է զատել նորությունն ընդգծող հատկանիշները, հավակնության սահմանման մեջ սահմանափակիչ և տարբերիչ մասերի սահմանազատումն ավելի գերադասելի է:

Գյուտի միասնության պահանջի պահպանման ստուգումը

69. Գյուտի հայտը պետք է վերաբերի մեկ գյուտի կամ գյուտերի խմբի, որոնք կապված են միասնական գյուտարարական մտահղացմամբ:

70. Գյուտի միասնության պահանջի պահպանման ստուգումը ներառում է հայտարկված գյուտերի միջև տեխնիկական փոխկապվածության պարզումը, որն արտահայտվում է ընդհանուր տեխնիկական հատկանիշներով (հատկանիշների համախմբությամբ), որոնք որոշում են գյուտերից յուրաքանչյուրի ավանդը տեխնիկայի մակարդակի մեջ:

71. Վերը նշված տեխնիկական փոխկապվածությունը ոչ միշտ է ակնհայտորեն բխում հավակնության սահմանումից: Սովորաբար դա ի հայտ է գալիս հավակնության սահմանման մեջ չհիշատակված տեխնիկական արդյունքի կամ հատկության քննարկման ժամանակ:

72. Գյուտի տեխնիկական խնդրի որոշումը գյուտի միասնության պահանջի պահպանման ստուգման պարտադիր պայմանն է, այսինքն, անհրաժեշտ է որոշել` արդյո՞ք տեխնիկական խնդրի հայտարկված լուծումը ներկայացնում է միասնական գյուտարարական մտահղացում, թե ոչ:

73. Համապատասխան վերլուծությունն անցկացվում է հավակնության սահմանման հիման վրա, հաշվի առնելով նկարագրությունը և գծագրերը, եթե այդպիսիք կան:

74. Գյուտի միասնության պահանջի պահպանման ստուգումը ներառում է հետևյալ փուլերը.

74.1. առաջին (առաջինը հիշատակված հավակնության սահմանման մեջ) գյուտի առարկայի համեմատումը գյուտի առարկային վերաբերող հայտնի տեղեկատվության աղբյուրի հետ` այն տեխնիկական հատկանիշները որոշելու նպատակով, որոնք սահմանում են այդ գյուտի ավանդը քննարկվող տեխնիկայի մակարդակում ամբողջությամբ.

74.2. առաջին գյուտի տեխնիկական հատկանիշների (որոնք սահմանված են առաջին փուլում) համեմատումը երկրորդ գյուտի առարկայի հետ և մեկ կամ մի քանի նույնանման կամ համապատասխան երկու գյուտերի միջև տեխնիկական փոխկապվածություն ապահովող տեխնիկական հատկանիշների առկայության կամ բացակայության որոշումը;

74.3. եթե առկա է տեխնիկական փոխկապվածությունը, արձանագրվում է միասնական գյուտարարական մտահղացման առկայությունը, հակառակ դեպքում, միասնական մտահղացումը բացակայում է:

75. Պարզ դեպքերում «համապատասխան տեխնիկական հատկանիշներ» տերմինը վերաբերում է նաև այլընտրանքային հատկանիշներին, որոնք կարող են փոխարինել մեկը մյուսին: Օրինակ` համապատասխանությունն առկա է, եթե հավակնության սահմանման մեկ կետում առաձգականություն ապահովող տեխնիկական հատկանիշը կարող է լինել մետաղե զսպանակ, իսկ մեկ այլ կետում` կաուչուկից կամ այլ նյութից պատրաստված տարր:

Որոշ դեպքերում, սակայն, «համապատասխան» տերմինը կարող է օգտագործվել «լրացուցիչ», «օժանդակող», «հատուկ հարմարեցված» և այլ իմաստներով:

76. Տարբերակների դեպքում տեխնիկական արդյունքին պետք է հասնել միևնույն ձևով գյուտերի խմբի յուրաքանչյուր գյուտով:

77. Միասնության պահանջին գյուտի համապատասխանության գնահատումը կախված չէ նրանից, թե խումբ կազմող գյուտերը ներկայացված են տարբեր կետերում, կամ մեկ կետում` որպես այլընտրանք:

78. Գյուտի կետերի շարադրման հաջորդականությունը չի կարող ազդել միասնության պահանջի խախտման փաստի որոշման վրա:

79. Գյուտի հայտը մեկ դասի վերաբերելու փաստը միասնության պահանջին համապատասխանության մասին չի վկայում:

Միջանկյալ և վերջնական արգասիքները

80. «Միջանկյալ» տերմինը նշանակում է միջանկյալ կամ սկզբնական արգասիք: Դրանք են` արգասիքներ, որոնց հատկությունները հնարավորություն են տալիս օգտագործել դրանք վերջնական արգասիքների արտադրությունում` ֆիզիկական և (կամ) քիմիական կերպափոխությունների միջոցով:

81. Գյուտի միասնությունը համարվում է չխախտված, եթե`

81.1. միջանկյալ և վերջնական արգասիքներն ունեն միևնույն կառուցվածքային տարրը, որի մեջ միջանկյալ և վերջնական արգասիքի հիմնական քիմիական կառուցվածքները նույնն են, կամ այդ արգասիքների քիմիական կառուցվածքները տեխնիկապես սերտ փոխկապված են, ընդ որում, միջանկյալ արգասիքի կառուցվածքը ներառված է վերջնական արգասիքի կառուցվածքի մեջ էական կառուցվածքային տարրի ձևով, և

81.2. միջանկյալ և վերջնական արգասիքները տեխնիկապես փոխկապված են այնքանով, որքանով վերջնական արգասիքն ստացվում է անմիջականորեն միջանկյալ արգասիքից, կամ վերջինից անջատվում է այլ միջանկյալ արգասիքների միջոցով, որոնք ունեն նույնական էական կառուցվածքային տարր:

82. Գյուտի միասնությունը խախտված չէ նաև, եթե ներկայացված են միջանկյալ և չպարզված կառուցվածքով վերջնական արգասիքներ, օրինակ` չպարզված կառուցվածքով միջանկյալ արգասիք և չպարզված կառուցվածքով վերջնական արգասիք:

83. Այդպիսի դեպքերում անհրաժեշտ է ցույց տալ, որ միջանկյալ և վերջնական արգասիքները տեխնիկապես նույնն են, օրինակ` միջանկյալ արգասիքը, ինչպես և վերջնականը, ունի նույն էական տարրը, կամ այն ներմուծված է վերջնականի մեջ:

84. Տարբեր միջանկյալ արգասիքները, որոնք վերջնական արգասիքի ստացման համար օգտագործվում են տարբեր տեխնոլոգիական պրոցեսներում, կարող են նշվել մեկ հավակնության սահմանման մեջ, եթե դրանք ունեն ընդհանուր էական կառուցվածքային տարր:

Այլընտրանքները գյուտի հավակնության սահմանման մեկ կետում (Մարկուշի բանաձև)

85. Այս դեպքում հավակնության սահմանման մեկ անկախ կետը համարժեք է անկախ կետերի շարքին, որը յուրաքանչյուր այլընտրանքը նկարագրում է առանձին:

86. Միասնության պահանջին գյուտի համապատասխանության գնահատման եղանակը կախված չէ խումբ կազմող գյուտերը տարբեր կետերում կամ այլընտրանքի տեսքով մեկ կետում ներկայացված լինելուց:

87. Եթե Մարկուշի բանաձևը օգտագործվում է այլընտրանքների համար` քիմիական միացությունների ձևով, ապա դրանք համարվում են նույն բնույթն ունեցող, պայմանով, որ`

87.1 բոլոր այլընտրանքներն ունեն ընդհանուր հատկություն, կամ ակտիվություն, կամ`

87.2. էական կառուցվածքային տարրն առկա է բոլոր այլընտրանքներում, կամ` եթե ընդհանուր կառուցվածքը չի կարող լինել միավորող չափանիշ, ապա բոլոր այլընտրանքները պատկանում են քիմիական միացությունների մեկ դասի, որը համարվում է այդպիսին տեխնիկայի այն բնագավառում, որին պատկանում է գյուտը:

88. Ընդհանուր կառուցվածքային տարրն առկա է բոլոր այլընտրանքներում, եթե այդ միացություններն ունեն ընդհանուր կառուցվածքային մաս, որը կազմում է դրանց համապատասխան կառուցվածքների մեծ մասը, կամ եթե միացություններում ընդհանուրը դրանց համապատասխան կառուցվածքների միայն փոքր մասն է, և տեխնիկայի նախորդող մակարդակի նկատմամբ այդ ընդհանուր մասը կազմում է դրանց տարբերիչ հատկանիշը:

Այդպիսի կառուցվածքային մասը կարող է ներկայացված լինել միակ բաղադրիչով կամ փոխկապված բաղադրիչների համակցությամբ:

89. «Քիմիական միացությունների այդպիսին ճանաչված դաս» բառակապակցությունը նշանակում է, որ տեխնիկայի մակարդակի իմացությունը հնարավորություն է տալիս ենթադրել, որ այդ դասի անդամներն ունեն նման բնութագրեր` հայտարկված գյուտի համատեքստով: Այդ անդամները կարող են փոխարինվել մեկը մյուսով` ակնկալելով նույն տեխնիկական արդյունքը:

90. Այն փաստը, որ այլընտրանքները Մարկուշի բանաձևում կարող են դասակարգվել տարբեր ձևով, չի նշանակում, որ խախտված է գյուտի միասնության պահանջը:

91. Եթե այլընտրանքների առկայության պայմաններում նշվում է, որ առնվազն դրանցից մեկը, որը մտնում է Մարկուշի բանաձևի մեջ, նոր չէ տեխնիկայի նախորդող մակարդակի նկատմամբ, փորձաքննությունը պետք է վերանայի գյուտի միասնության հարցը: Սակայն պարտադիր չէ, որ այդ վերանայումը հանգեցնի գյուտի միասնության պահանջի խախտման մասին եզրակացության:

V. Լրացուցիչ նյութերի ստուգումը

92. Հայտի փաստաթղթերի մեջ ուղղումներ կան ճշգրտումներ մտցնող լրացուցիչ նյութեր (հայտատուի նախաձեռնությամբ կամ Հայարտոնագրի հարցման հիման վրա) ստանալու դեպքում ստուգվում է դրանց ներկայացման համար սահմանված ժամկետների պահպանումը հայտատուի կողմից:

Հայտատուն պետք է նշված նյութերը ներկայացնի համապատասխան հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

93. Հայտատուի նախաձեռնությամբ կամ Հայարտոնագրի հարցման հիման վրա լրացուցիչ նյութեր ստանալու դեպքում ստուգվում է` արդյո՞ք դրանք չեն փոփոխում հայտարկված գյուտի էությունը: Լրացուցիչ նյութերը ճանաչվում են հայտարկված գյուտի էությունը փոփոխող, եթե դրանք պարունակում են հավակնության սահմանման մեջ մտցվելու ենթակա հատկանիշներ, որոնք բացակայում էին հայտի սկզբնական նյութերում:

94. Եթե հայտի սկզբնական նյութերում գյուտի հատկանիշն արտահայտված է ընդհանուր հասկացությամբ, առանց դրա իրագործման մասնավոր ձևերի բացահայտման, ապա լրացուցիչ նյութերում իրագործման այդպիսի ձևի ներկայացումը վերագրվում է հավակնության սահմանման մեջ մտցվելու ենթակա հատկանիշի և հիմք է հանդիսանում համարելու, որ այդ լրացուցիչ նյութերը փոփոխում են հայտարկված գյուտի էությունը:

95. Այն հատկանիշները, որոնք բնութագրում են միայն նախորդող տեխնիկայի մակարդակի լուծումները (այդ թվում և ամենամոտ նմանակը) չեն վերաբերում հայտի սկզբնական նյութերում հայտարկված գյուտի հատկանիշներին:

96. Եթե հայտարկված գյուտը վերաբերում է հայտնի սարքի, եղանակի, նյութի կամ շտամի նոր նշանակությամբ կիրառմանը, ապա գյուտի էությունը փոփոխող հատկանիշներ են ճանաչվում այն լրացուցիչ նյութերը, որոնցում նշված են հայտի սկզբնական նյութերում բացակայող այլ նոր նշանակությամբ կամ հայտնի օբյեկտը բնութագրող այլ հատկանիշներ:

97. Լրացուցիչ նյութերը, որոնք պարունակում են հայտի սկզբնական նյութերում բացակայող հատկանիշների հետ մեկտեղ հավակնության սահմանման մեջ մտցվելու ենթակա հատկանիշներ, համարվում են էությունը փոփոխող միայն նշված հատկանիշներ ունեցող մասով:

98. Եթե փորձաքննությունը գտնում է, որ լրացուցիչ նյութերը փոփոխում են հայտարկված գյուտի էությունը, ապա հայտատուն ծանուցվում է այն մասին, թե ներկայացված լրացուցիչ նյութերից որոնք են փոփոխել գյուտի էությունը:

99. Հայտատուի կողմից ճշգրտված և լրացուցիչ նյութերում ներկայացված հավակնության սահմանման ստուգման ընթացքում որոշվում է կատարված փոփոխությունները հայտարկված գյուտին վերաբերելու հարցը:

100. Եթե գյուտի նշանակությունն արտացոլող առաջնային սեռային հասկացությունը փոխարինվում է մեկ այլ հասկացությամբ, ապա համարվում է, որ հավակնության սահմանումը վերաբերում է հայտարկված գյուտին, պայմանով, որ նշված հասկացությունները համարժեք են կամ կախյալ:

101. Գյուտի հավակնության սահմանման փոփոխությունը համարվում է հայտարկված գյուտին վերաբերող նաև հետևյալ դեպքերում`

101.1. գյուտի առարկայի տեսակի (սարք, եղանակ, նյութ, շտամ) նշանակության փոփոխության դեպքում, երբ նոր նշված տեսակը ավելի մեծ չափով է համապատասխանում գյուտի հավակնության առաջնային սահմանման հատկանիշների բնութագրին, քան սկզբնականը.

101.2. «կիրառում նոր նշանակությամբ» գյուտի սկզբնական հայտով հայտարկված առարկայի փոխարինումը նշված նոր նշանակությամբ առարկայով, եթե պարզվել է, որ հայտարկված առարկայի կիրառման մասին տեղեկությունները մինչև տվյալ գյուտի առաջնության թվականը հանրամատչելի չեն դարձել.

101.3. գյուտի սկզբնական առարկայի փոխարինումը «կիրառում նոր նշանակությամբ» գյուտի առարկայով, եթե մինչև առաջնության թվականը հանրամատչելի դարձած տեղեկություններից կարելի է հետևություն անել միայն նշանակությամբ տարբերվող հայտարկված միջոցի հայտնի լինելու մասին:

101.4. Գյուտի հավակնության սահմանման փոփոխությունը, որը չի վերաբերում հայտարկված գյուտին, հաշվի չի առնվում, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

VI. Գյուտի արտոնագրաունակության ստուգումը

102. Հայտարկվող գյուտի արտոնագրաունակության ստուգման ընթացքում որոշվում է գյուտի համապատասխանությունը արդյունաբերորեն կիրառելիության, նորության և գյուտարարական մակարդակի պայմաններին:

103. Այն դեպքում, երբ հայտատուի կողմից առաջարկված հավակնության սահմանման մեջ առկա է այլընտրանքային հասկացություններով արտահայտված հատկանիշ, արտոնագրաունակության ստուգումը կատարվում է հատկանիշների յուրաքանչյուր այն համախմբության նկատմամբ, որը ներառում այդպիսի հասկացություններից մեկը:

104. Արտոնագրաունակության ստուգման առանձնահատկությունները այն դեպքում, երբ հավակնության սահմանումը բազմօղակ է, բերված են սույն Կարգի 151-157-րդ կետերում:

105. Կոնկրետ աղբյուրում տեղեկատվության բացահայտման թվականի որոշումը կատարվում է սույն Կարգի 120-122-րդ կետերի համաձայն:

106. Հայտարկվող գյուտի արտոնագրաունակությունն ստուգելիս տեխնիկայի մակարդակի մեջ չեն ներառվում տեղեկատվության այն աղբյուրները, որոնք պարունակում են Օրենքի 5 հոդվածի 5-րդ կետում նշված տեղեկատվությունը:

107. Արտոնագրաունակության ստուգման արդյունքների հիման վրա Հայարտոնագիրը տալիս է գյուտի արտոնագրաունակության վերաբերյալ եզրակացություն:

Արդյունաբերորեն կիրառելիության ստուգումը

108. Օրենքի 5 հոդվածի 6-րդ կետի համաձայն` գյուտը արդյունաբերորեն կիրառելի է, եթե հնարավոր է այն պատրաստել կամ օգտագործել արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում:

109. Գյուտը օգտագործելու հնարավորությունը որոշելիս ստուգվում է հայտարկվող գյուտի առարկայի նշանակության առկայությունը հայտի նյութերում:

110. Ստուգվում է` արդյո՞ք հայտի սկզբնական նյութերում նկարագրված են այն միջոցները և եղանակները, որոնց օգնությամբ հնարավոր է գյուտի իրագործումն այն տեսքով, որով այն բնութագրված է հավակնության սահմանման յուրաքանչյուր կետում: Հայտի նյութերում այդպիսի տեղեկությունների բացակայության դեպքում բավարար է նշված միջոցների և եղանակների նկարագրված լինելը մինչև գյուտի առաջնության թվականը հանրամատչելի դարձած տեղեկատվության աղբյուրում:

111. Անհրաժեշտ է համոզվել, որ գյուտը հավակնության սահմանման յուրաքանչյուր կետով իրականացնելիս իսկապես հնարավոր է իրագործել գյուտի` հայտատուի կողմից նշված նշանակությունը:

112. Անհրաժեշտ է վերլուծել նաև հավակնության սահմանման կախյալ կետերը, որոնք ներառում են տեղեկատվություն գյուտի իրագործման մասնավոր ձևերի մասին: Եթե այդ տեղեկատվության հիման վրա գյուտի իրագործումն անկարելի է, փորձաքննությունը պետք է հայտատուին առաջարկի ուղղումներ մտցնել այդ կետում (կետերում), կամ հանել այդ կետը (կետերը) հավակնության սահմանումից: Եթե հայտատուն հրաժարվում է այդպիսի փոփոխություններ մտցնելուց, եզրակացություն է արվում գյուտը արդյունաբերորեն կիրառելիության պայմանին չհամապատասխանելու մասին:

113. Գյուտը արդյունաբերորեն կիրառելիության պայմանին չհամապատասխանելու մասին եզրակացություն է արվում նաև այն դեպքում, երբ հայտատուն հրաժարվում է հավակնության սահմանման մեջ մտցնել գյուտի բացակայող էական հատկանիշը:

114. Եթե պարզվում է, որ բոլոր նշված պայմանները գյուտի առաջնության թվականի դրությամբ պահպանվել են, գյուտը համարվում է արդյունաբերորեն կիրառելիության պայմանին համապատասխանող:

115. Եթե չի պահպանվել նշված պայմաններից նույնիսկ մեկը, եզրակացություն է արվում գյուտը արդյունաբերորեն կիրառելիության պայմանին չհամապատասխանելու մասին: Այս դեպքում կարելի է, շարադրելով համապատասխան փաստարկները, հարցում հղել հայտատուին, առաջարկելով կարծիք արտահայտել այդ փաստարկների վերաբերյալ ու խմբագրել հավակնության սահմանումը (եթե փորձաքննության կարծիքով հայտի նյութերը թույլ են տալիս այնպիսի խմբագրում, որի արդյունքում նշված եզրակացությունը կարող է փոփոխվել): Ընդ որում, հարցման մեջ կարող են կոնկրետ առաջարկություններ արվել հավակնության սահմանման վերաբերյալ:

116. Եթե պարզվել է, որ գյուտը չի համապատասխանում արդյունաբերորեն կիրառելիության պայմանին, ապա նորության և գյուտարարական մակարդակի պայմաններին դրա համապատասխանելիության ստուգում չի կատարվում:

Տեղեկատվության որոնման անցկացումը

117. Տեղեկատվության որոնման նպատակն է` տեխնիկայի նախորդող մակարդակի բացահայտումը: Տեղեկատվության որոնումը կատարվում է հավակնության սահմանման հիման վրա, հաշվի առնելով նկարագրությունն ու գծագրերը և հավակնության սահմանման հնարավոր թույլատրելի փոփոխությունները սույն Կարգի 42-68-րդ կետերի համաձայն:

117.1. Որոնման արդյունքները գրանցվում են փորձաքննության նյութերում, և տեղեկատվության ի հայտ բերված յուրաքանչյուր աղբյուր գնահատվում է ըստ գյուտին առնչվելու աստիճանի:

118. Տեղեկատվության որոնում կատարելիս հայտատուի կողմից հայտի փաստաթղթերի ուղղումները, ճշգրտումները և փոփոխությունները նկատի են առնվում, եթե ներկայացված են Կարգի 92-101-րդ կետերի համաձայն:

119. Եթե խնդրագիր ներկայացնելու թվականի դրությամբ հայտատուն սահմանված ժամկետում չի պատասխանել միասնության պահանջի խախտման մասին ծանուցմանը, տեղեկատվության որոնումը կատարվում է այն գյուտի (ընդհանուր գյուտարարական մտահղացում կազմող գյուտի խմբի) վերաբերյալ, որը (որոնք) առաջինն է (են) նշված հավակնության սահմանման մեջ:

Տեխնիկայի մակարդակը

120. Տեխնիկայի մակարդակը ներառում է մինչև տվյալ գյուտի առաջնության թվականը աշխարհում հանրամատչելի դարձած տեխնիկայի բնագավառի լուծումների (առանձին մասերի) վերաբերյալ ցանկացած տեղեկություն:

121. Հանրամատչելի են համարվում տեղեկատվության աղբյուրի մեջ բերված տեղեկությունները, որոնց ցանկացած անձ կարող է ծանոթանալ անմիջականորեն, կամ դրանց բովանդակության մասին ծանուցվել օրինական ճանապարհով:

122. Տեխնիկայի մակարդակում տեղեկատվության աղբյուրի ընդգրկվելը որոշող թվական է համարվում`

122.1. արտոնագրված օտարերկրյա գյուտերի կամ հրապարակված հայտերի նկարագրությունների համար` դրանցում նշված հրապարակման թվականը.

122.2. ՀՀ-ում արտոնագրված գյուտերի նկարագրությունների համար` դրանցում նշված հրապարակման թվականը.

122.3. ՀՀ-ում հրապարակված հայտերի համար` դրանցում նշված հրապարակման թվականը.

122.4. ՄՍՀԿ-ի կողմից հրապարակված PCT-ի հայտերի համար ` դրանցում նշված հրապարակման թվականը.

122.5. տպագրական հրատարակությունների համար` դրանց լույս ընծայման թվականը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` ամսվա վերջին օրը կամ հրատարակության մեջ նշված տարվա դեկտեմբերի 31-ը, եթե լույս տեսնելու թվականը համապատասխանաբար որոշվում է միայն ամսով կամ տարեթվով.

122.6. ավանդադրված ձեռագրերի, հոդվածների, տեսությունների, մենագրությունների և այլ նյութերի համար` դրանց ավանդադրման թվականը.

122.7. ձեռագրի իրավունքով հրատարակված ատենախոսությունների նյութերի և դրանց սեղմագրերի համար` գրադարան առաքելու թվականը.

122.8. մրցույթի ընդունված աշխատանքների համար` մրցույթի անցկացմանը վերաբերող փաստաթղթերով հաստատված ծանոթացման ներկայացնելու թվականը.

122.9. տեսողությամբ ընկալվող տեղեկատվության աղբյուրների (պլակատներ, մոդելներ, արտադրատեսակներ և այլն) համար` փաստաթղթերով հիմնավորված թվականը, որից սկսած հնարավոր է դրանց դիտումը.

122.10. ցուցահանդես ներկայացված ցուցանմուշների համար` փաստաթղթերով հիմնավորված թվականը, որից սկսվել է ցուցադրումը.

122.11. բանավոր զեկուցումների, դասախոսությունների, ելույթների համար` զեկուցման, դասախոսության, ելույթի թվականը, եթե դրանք արձանագրված են ձայնագրող սարքերով կամ սղագրված են նշված թվականին գործող` համապատասխան միջոցառումների անցկացման կանոններով սահմանված կարգով.

122.12. ռադիոյով, հեռուստատեսությամբ, կինոյով հաղորդագրությունների համար` դրանց հեռարձակման թվականը, եթե այն արձանագրված է համապատասխան տեղեկատվության կրիչի վրա նշված թվականին գործող սահմանված կարգով.

122.13. օգտագործման արդյունքում հայտնի դարձած տեխնիկական միջոցի մասին տեղեկությունների համար` փաստաթղթերով հիմնավորված թվականը, որից սկսած այդ տեղեկությունները դարձել են հանրամատչելի:

122.14. Տեխնիկայի մակարդակը ներառում է նաև Հայարտոնագիր ներկայացված հայտերով բացահայտված ավելի վաղ առաջնությամբ գյուտերի և օգտակար մոդելների էությունը, պայմանով, որ տվյալ հայտերը կամ դրանց հիման վրա տրված արտոնագրերը Հայարտոնագիրը կհրապարակի հետագայում:

122.15. Եթե նախորդող հայտը մինչև դրա հրապարակումը հետ է կանչվել կամ համարվել է այդպիսին, բայց հրապարակվել է` քանի որ պատրաստ էր հրապարակման, այդ հրապարակումը համարվում է անվավեր, ինչի մասին Հայարտոնագիրը կատարում է համապատասխան հրապարակում:

Տեղեկատվության որոնման բնագավառը և ծավալը

123. Որոնումն անցկացվում է Հայարտոնագրի տրամադրության տակ գտնվող, ինչպես նաև հանրապետության համապատասխան գրադարաններում եղած տեղեկատվական նյութերով: Անհրաժեշտության դեպքում որոնման աշխատանքները կարող են պատվիրվել միջազգային որոնման որևէ մարմնի:

124. Որոնման խորությունը որոշվում է` ելնելով տեխնիկայի համապատասխան բնագավառի զարգացման ժամանակաշրջանից, բայց ոչ պակաս, քան 5 տարի:

Նորության ստուգումը

125. Օրենքի 5 հոդվածի 2-րդ կետի համաձայն գյուտը համարվում է նոր, եթե այն տեխնիկայի մակարդակի առանձին մաս չէ:

126. Գյուտի նորության ստուգումը կատարվում է հավակնության սահմանման անկախ կետի` գյուտը բնութագրող հատկանիշների ամբողջ համախմբության նկատմամբ:

127. Գյուտը համարվում է նորության պայմանին համապատասխանող, եթե նախորդող տեխնիկայի մակարդակում հայտնաբերված է միջոց, որի հատկանիշները նույնական են հայտատուի կողմից առաջարկված հավակնության սահմանման բոլոր հատկանիշներին, ներառյալ գյուտի նշանակությունը բնութագրող հատկանիշները:

128. Եթե հայտարկված գյուտը վերաբերում է հայտնի սարքի, եղանակի, նյութի, շտամի նոր նշանակությամբ կիրառմանը, ապա այն չի համարվում նորության պայմանին համապատասխանող, եթե հայտնաբերված է տեղեկատվության աղբյուր, որից հայտնի է հայտում նշված գյուտի նշանակությամբ սարքի, եղանակի, նյութի, շտամի կիրառումը:

129. Այն դեպքում, երբ հայտարկված գյուտի հայտնիությունը բացահայտող տեխնիկայի մակարդակից հայտնաբերված տեղեկատվության աղբյուր է հանդիսանում ավելի վաղ առաջնության թվական ունեցող հայտը, պետք է համոզվել, որ վերջինս հետ կանչված չէ, կամ չի համարվել այդպիսին:

130. Եթե բացահայտված հայտը հետ կանչված չէ և լրացել է Օրենքի 33 հոդվածով սահմանված հետկանչման ժամկետը, հայտարկված գյուտի փորձաքննությունը շարունակվում է:

131. Այն դեպքում, երբ բացահայտված հայտը հետ կանչված չէ, բայց չի լրացել նրա հետկանչման ժամկետը, քննարկվող գյուտի հայտատուին հայտնվում է այդպիսի հայտի առկայության մասին (առանց հայտատուին նշելու և հայտի բովանդակությունը բացելու) և իր հայտի քննարկումը հետաձգելու անհրաժեշտության մասին մինչև ավելի վաղ առաջնության թվական ունեցող հայտով որոշակիության հասնելը:

132. Արտոնագիր տալը մերժելու մասին որոշման մեջ ավելի վաղ առաջնության թվական ունեցող հայտի հակադրումը թույլատրվում է միայն դրա բովանդակությանը հայտատուի ծանոթանալուց հետո, մասնավորապես այն հրապարակելու արդյունքում:

133. Եթե հայտատուն համաձայն չէ հայտի քննարկման հետաձգմանը, ապա սահմանվում է, որ հայտարկված գյուտը չի համապատասխանում նորության պայմանին:

134. Եթե պարզվել է, որ հավակնության սահմանման կախյալ կետեր ունեցող անկախ կետում բնութագրված գյուտը համապատասխանում է նորության պայմանին, կախյալ կետերի նկատմամբ տեխնիկայի մակարդակի վերլուծություն չի կատարվում:

135. Այն դեպքում, երբ հավակնության սահմանման կախյալ կետեր ունեցող անկախ կետում բնութագրված գյուտը չի ճանաչվում նոր, գյուտի հետագա քննարկումը կատարվում է սույն Կարգի 151-157-րդ կետերի համաձայն:

136. Եթե պարզվել է, որ կախյալ կետեր չունեցող հավակնության սահմանումով բնութագրված գյուտը չի համապատասխանում նորության պայմանին, հայտատուին կարող է ուղարկվել փորձաքննության փաստարկների շարադրանքով և դրանց վերաբերյալ իր կարծիքը ներկայացնելու առաջարկությամբ հարցում: Անհրաժեշտության դեպքում հայտատուին կարող է առաջարկվել նաև ներկայացնել հայտի սկզբնական նյութերի վրա հիմնված գյուտի ճշգրտված հավակնության սահմանումը:

137. Եթե պարզվել է, որ գյուտը չի համապատասխանում նորության պայմանին, ապա գյուտարարական մակարդակին դրա համապատասխանելիության ստուգում չի կատարվում:

138. Գյուտի նորությունն «արատավորող» տեղեկատվության ներկայացման ձևը նշանակություն չունի: Այդ տեղեկատվությունը կարող է լինել տարբեր աղբյուրներում (օրինակ, միևնույն հաստոցի մանրամասերը կարող են նկարագրված լինել տարբեր գրքերում, ատլասներում և այլն): Կարևոր է միայն, որ այդ աղբյուրները պարունակեն միևնույն առարկայի (սարքի, եղանակի և այլն) մասին մինչև գյուտի առաջնության թվականը հրապարակված տեղեկատվություն:

Գյուտարարական մակարդակի ստուգումը

139. Օրենքի 5 հոդվածի 3-րդ կետի համաձայն, գյուտն ունի գյուտարարական մակարդակ, եթե մասնագետի համար դա ակնհայտորեն չի բխում տեխնիկայի մակարդակից:

140. Մասնագետի համար գյուտը ակնհայտորեն չի բխում տեխնիկայի նախորդող մակարդակից, մասնավորապես, այն դեպքում, երբ չեն հայտնաբերվել տեխնիկական լուծումներ, որոնց հատկանիշները համընկնում են գյուտի տարբերիչ հատկանիշների հետ, կամ թեև այդպիսի լուծումներ հայտնաբերվել են, սակայն ապացուցված չէ դրանց հատկանիշների ազդեցության հայտնիությունը հայտատուի կողմից նշված տեխնիկական արդյունքի վրա:

141. Նշված պայմանների պահպանման ստուգումը ներառում է`

141.1. ամենամոտ նմանակի որոշումը Կանոնների 81-րդ կետի համաձայն.

141.2. հավակնության սահմանման անկախ կետի այն հատկանիշների հայտնաբերումը, որոնցով բնութագրվում է հայտարկվող գյուտը և որոնցով այն տարբերվում է ամենամոտ նմանակից.

141.3. տեխնիկայի մակարդակում այնպիսի որոշումների հայտնաբերումը, որոնց էական հատկանիշները համընկնում են հայտարկվող գյուտի տարբերիչ հատկանիշների հետ:

142. Գյուտարարական մակարդակի պայմանին չեն համապատասխանում այն գյուտերը, որոնք, մասնավորապես, հիմնված են`

142.1. որևէ հայտնի մասով (մասերով) հայտնի միջոցի լրացման վրա, որը (որոնք) միացվում է (են) դրան հայտնի եղանակով, ապահովելով այն տեխնիկական արդյունքի ստացումը, որի նկատմամբ հաստատվում է հատկապես այդ լրացումների ազդեցությունը.

142.2. հայտնի միջոցի որևէ մասը (մասերը) մեկ այլ հայտնի մասով փոխարինելու վրա, ապահովելով այն տեխնիկական արդյունքի ստացումը, որի նկատմամբ հաստատվում է հատկապես այդ փոխարինման ազդեցությունը.

142.3. միջոցի (տարր, գործողություն) որևէ մասի բացառման վրա, ինչը հանգեցնում է այդ բացառված մասով պայմանավորված ֆունկցիայի վերացմանը և այդ բացառմամբ ակնկալվող տեխնիկական արդյունքի (պարզեցում, զանգվածի, եզրաչափքի և նյութատարության նվազեցում, հուսալիության բարձրացում, գործընթացի տևողության կրճատում և այլն) ստացմանը.

142.4. տեխնիկական արդյունքի ուժեղացման նպատակով նույնատիպ տարրերի կամ գործողությունների քանակի ավելացման վրա, ընդ որում այդ արդյունքը պայմանավորված է այդպիսի տարրերի, գործողությունների առկայությամբ.

142.5. հայտնի նյութից հայտնի միջոցի կամ դրա մասի (մասերի) պատրաստման վրա` հասնելով այդ նյութի հայտնի հատկություններով պայմանավորված տեխնիկական արդյունքի.

142.6. այնպիսի միջոցի ստացման վրա, որը կազմված է հայտնի մասերից, որոնց ընտրությունը և որոնց միջև կապը իրագործվում են հայտնի կանոնների, առաջարկությունների համաձայն, և ստացվող տեխնիկական արդյունքը պայմանավորված է միայն այդ միջոցի մասերի հայտնի հատկություններով և դրանց միջև կապով.

142.7. հայտնի սարքի, եղանակի, նյութի, շտամի նոր նշանակությամբ կիրառման վրա, եթե այդ նոր նշանակությունը պայմանավորված է դրա հայտնի հատկություններով, կառուցվածքով, կատարմամբ, և հայտնի է, որ հատկապես այդպիսի հատկությունները, կառուցվածքը, կատարումը անհրաժեշտ են այդ նշանակության իրագործման համար:

143. Գյուտարարական մակարդակի պահանջին համապատասխանող չեն ճանաչվում այն գյուտերը, որոնք հիմնված են քանակական հատկանիշի (հատկանիշների) փոփոխման վրա, կամ ` փոխադարձ կապի միջոցով այդպիսի հատկանիշների ներկայացման վրա, կամ այդ կապի տեսքի փոփոխման վրա, եթե հայտնի է տեխնիկական արդյունքի ստացման վրա հատկանիշներից յուրաքանչյուրի ազդեցությունը, և այդպիսի հատկանիշների նոր նշանակությունները կամ դրանց փոխադարձ կապը կարող են ստացվել` ելնելով հայտնի կախվածություններից, օրինաչափություններից:

144. Գյուտարարական մակարդակի պահանջին, մասնավորապես, համապատասխանում են`

144.1 պարզված կառուցվածքով նոր անհատական միացությունների (դաս, խումբ) ստացման եղանակները.

144.2. պարզված կառուցվածքով նոր անհատական միացությունների (դաս, խումբ) ստացման եղանակները, եթե դրանք հիմնված են տվյալ միացությունների դասի կամ խմբի համար նոր ռեակցիայի վրա, կամ` տվյալ միացությունների դասի կամ խմբի համար հայտնի ռեակցիայի վրա, որի անցկացման պայմանները հայտնի չեն.

144.3. առնվազն երկու հայտնի բաղադրիչներ ներառող բաղադրանյութը, ընդ որում դրանք ապահովում են սիներգիկ ազդեցություն, որին հասնելու հնարավորությունը (այսինքն` երկու բաղադրիչների հատկությունները արտահայտող, սակայն այդպիսի հատկություններից առնվազն մեկի քանակական ցուցանիշները ավելի բարձր են, քան թե առանձին բաղադրիչի հատկությունների ցուցանիշները) չի բխում տեխնիկայի նախորդող մակարդակից.

144.4. ընդհանուր կառուցվածքային բանաձևով հայտնի միացությունների խմբին պատկանող անհատական միացությունը, սակայն այն նկարագրված չէ որպես հատուկ ստացված և ուսումնասիրված, և այդ խմբի համար նոր անհայտ քանակական ու որակական հատկություններ արտահայտող (սելեկտիվ գյուտ):

145. Գյուտը չի ճանաչվում գյուտարարական մակարդակի պահանջին չհամապատասխանող դրա թվացող պարզության պատճառով և հայտի նյութերում տեխնիկական արդյունքի հասնելու մեխանիզմի բացահայտման պատճառով, եթե այդպիսի բացահայտումը հայտնի է դարձել ոչ թե տեխնիկայի մակարդակից, այլ հայտի նյութերից:

146. Հայտարկված գյուտի տարբերիչ հատկանիշների` տեխնիկական արդյունքի վրա ազդելու հայտնիությունը կարող է հաստատվել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի տեղեկատվության աղբյուրներով: Թույլատրվում է գրավել փաստարկներ, որոնք հիմնված են տեխնիկայի կոնկրետ բնագավառից հայտնի գիտելիքների վրա, առանց նշելու տեղեկատվության որևէ աղբյուր: Սակայն, եթե հայտատուն պնդում է նշել այդ աղբյուրը, փորձաքննությունը պետք է դա անի:

147. Տեխնիկական արդյունքի վրա տարբերիչ հատկանիշների ազդեցության հայտնիության հաստատումը չի պահանջվում, եթե այդ հատկանիշների նկատմամբ այդպիսի արդյունք չի նշվել հայտատուի կողմից կամ այն դեպքում, երբ սահմանվում է, որ իր կողմից նշված տեխնիկական արդյունքը չի ստացվել:

148. Եթե կախյալ կետեր ունեցող բազմօղակ հավակնության սահմանումով բնութագրված հայտարկված գյուտը անկախ կետի մասով ճանաչվել է գյուտարարական մակարդակի պահանջին համապատասխանող, ապա կախյալ կետերով հետագա ստուգում չի կատարվում:

149. Եթե պարզվել է, որ կախյալ կետեր ունեցող հավակնության սահմանման անկախ կետում բնութագրված գյուտը չի համապատասխանում գյուտարարական մակարդակի պահանջին, հայտի հետագա քննարկումը կատարվում է սույն Կարգի 151-157-րդ կետերի համաձայն:

150. Եթե պարզվել է, որ կախյալ կետեր չունեցող հավակնության սահմանմամբ բնութագրված գյուտը չի համապատասխանում գյուտարարական մակարդակի պահանջին, ապա հայտատուին կարող է ուղարկվել փորձաքննության համապատասխան փաստարկներով հարցում` առաջարկելով ներկայացնել իր (հայտատուի) նկատառումները այդ փաստարկների վերաբերյալ և, անհրաժեշտության դեպքում, հայտի սկզբնական նյութերի շրջանակներում ճշգրտված հավակնության սահմանումը:

VII. Բազմօղակ հավակնության սահմանմամբ բնութագրված գյուտի

արտոնագրաունակության ստուգման առանձնահատկությունները

151. Եթե գյուտը բնութագրված է կախյալ կետեր ունեցող բազմօղակ հավակնության սահմանումով և անկախ կետի վերաբերյալ արվել է արտոնագրաունակության (նորության կամ գյուտարարական մակարդակի պահանջներին համապատասխանություն) բացակայության եզրակացություն, ապա հայտատուն ծանուցվում է այդ մասին, և նրան առաջարկվում է արտահայտել իր կարծիքը հայտի հետագա քննարկման նպատակահարմարության վերաբերյալ, պայմանով, որ նպատակահարմարության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ճշգրտված հավակնության սահմանումը: Այն դեպքում, երբ փորձագետին հայտնի են տեղեկատվության աղբյուրներ, որոնք կախյալ կետերի պարունակությունը անկախ կետի մեջ ներառելու դեպքում կարող են հաշվի առնվել, հայտատուն ծանուցվում է նաև այդ մասին:

152. Այն դեպքում, երբ պարզվել է գյուտի արտոնագրաունակությունը կախյալ կետեր ունեցող բազմօղակ հավակնության սահմանման անկախ կետի նկատմամբ, անհրաժեշտ է համոզվել, որ այդպիսի հավակնության սահմանման կախյալ կետերի հատկանիշների բնութագրումը չի հակասում հասարակության շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին:

153. Բոլոր վերը նշված պայմանների նկատմամբ ստուգման դրական արդյունքի դեպքում, կախյալ կետեր ունեցող բազմօղակ հավակնության սահմանումով բնութագրվող գյուտը ճանաչվում է արտոնագրաունակ և որոշում է ընդունվում հիմնական արտոնագիր տալու հնարավորության մասին:

154. Բոլոր վերը նշված պայմանների նկատմամբ ստուգման բացասական արդյունքի դեպքում, հայտատուին ուղարկվում է հարցում փորձաքննության փաստարկների մերժման նկատառումները ներկայացնելու կամ հավակնության սահմանումից այդպիսի կախյալ կետերը հանելու առաջարկությամբ:

155. Եթե հայտնաբերվել է գյուտերի խումբ, ապա արտոնագրաունակության ստուգումը կատարվում է այդ խմբի մեջ ներառվող յուրաքանչյուր գյուտի նկատմամբ: Խմբի արտոնագրաունակությունը կարող է հաստատվել միայն այն դեպքում, երբ խմբի բոլոր գյուտերը արտոնագրաունակ են: Եթե սահմանվում է, որ խմբի ոչ բոլոր գյուտերն են արտոնագրաունակ, ապա հայտատուին հաղորդվում է դրա մասին, առաջարկվում է ներկայացնել իր կարծիքը բերված փաստարկների վերաբերյալ և, անհրաժեշտության դեպքում, հավակնության սահմանումից հանել այն անկախ կետերը, որոնք արտոնագրաունակ չեն, կամ ներկայացնել այդ կետերը ճշգրտված տեսքով:

156. Եթե վերը բերված դեպքերում հայտատուն ներկայացնում է փոփոխված հավակնության սահմանումը, հայտի հետագա քննարկումը կատարվում է սույն Կարգի 42-91-րդ և 102-150-րդ կետերի համաձայն այդ հավակնության սահմանումով բնութագրված գյուտի (գյուտերի) նկատմամբ:

157. Այն դեպքում, երբ հայտատուն, չբերելով փորձաքննության փաստարկները հերքող իր նկատառումները, պնդում է արտոնագիր տալու մասին որոշումը ընդունել իր կողմից ավելի վաղ ներկայացված հավակնության սահմանումով, հայտի հետագա քննարկումը չի կատարվում և որոշում է ընդունվում արտոնագիր տալը մերժելու մասին սույն Կարգի 174-179-րդ կետերի համաձայն:

VIII. Լրացուցիչ նյութերի վերաբերյալ հարցում

158. Օրենքի 23 հոդվածի 7-րդ կետի համաձայն, լրացուցիչ նյութեր, այդ թվում գյուտի ճշգրտված հավակնության սահմանում ներկայացնելու պահանջով հարցումն ուղարկվում է հայտատուին այն դեպքում, երբ այդ նյութերի բացակայության պայմաններում հնարավոր չէ անցկացնել ըստ էության փորձաքննություն և ընդունել որոշում:

159. Հարցման հիմք կարող են հանդիսանալ, մասնավորապես, հետևյալ հանգամանքները`

159.1. տուրքերի վճարման հետ կապված հարցերի պարզման անհրաժեշտությունը.

159.2. գյուտի հավակնության սահմանման ճշգրտման անհրաժեշտությունը, հաշվի առնելով դրա ստուգման արդյունքները սույն Կարգի 42-91-րդ կետերի համաձայն.

159.3. հայտարկվող գյուտի արտոնագրաունակության ստուգմանն առնչվող խնդիրների լուծման անհրաժեշտությունը սույն Կարգի 102-150-րդ կետերի համաձայն.

159.4. հայտարկվող գյուտի արտոնագրաունակության ստուգման արդյունքում գյուտի հավակնության սահմանման ճշգրտման անհրաժեշտությունը.

159.5. միևնույն առաջնության թվական ունեցող արդյունաբերական սեփականության նույնական օբյեկտների քննարկման հետ կապված հարցերի լուծման անհրաժեշտությունը:

160. Կարգի 102-150-րդ կետերի համաձայն քննարկված գյուտի (գյուտերի) արտոնագրաունակությունը պարզելու դեպքում, դրա մասին հարցում է ուղարկվում հայտատուին, որին առաջարկվում է ճշգրտել հավակնության սահմանումը` հանելով հավակնության սահմանումից այն գյուտը (գյուտերը), որի (որոնց) նկատմամբ չի կատարվել արտոնագրաունակության ստուգում:

161. Այն դեպքում, երբ հայտատուն պնդում է գյուտի հավակնության սահմանման մեջ, որի նկատմամբ ստացվել է արտոնագրաունակության մասին եզրակացություն, ներառել ոչ նույնական կամ հայտի սկզբնական նյութերում բացակայող հատկանիշ, հայտատուին ուղարկվում է հարցում առանց այդ հատկանիշի հավակնության սահմանում ներկայացնելու առաջարկությամբ:

162. Ցանկացած հարցով փորձաքննության կողմից արտահայտված կարծիքը պետք է ամրագրվի տեխնիկական կամ իրավական բնույթի փաստարկներով: Անհրաժեշտության դեպքում հղումներ են կատարվում տեխնիկական գրականությանը, Օրենքի դրույթներին, Կանոններին, սույն Կարգին և այլ նորմատիվ փաստաթղթերի:

163. Այն դեպքում, երբ հարցման մեջ հղում է կատարվում տեղեկատվության աղբյուրին, պետք է նշել դրա բոլոր մատենագիտական տվյալները, որոնք անհրաժեշտ են այդ աղբյուրը հայտնաբերելու համար, ինչպես նաև այլ տվյալներ (էջ, պարբերություն, նկարի համար և այլն):

164. Հարցումը կարող է ուղարկվել հայտատուին այնքան անգամ, որքան անհրաժեշտ է հայտի քննարկման համար:

IX. Եզրակացություն գյուտի արտոնագրաունակության վերաբերյալ

165. Ըստ էության փորձաքննության արդյունքում Հայարտոնագիրը Օրենքի 27 հոդվածի 1-ին և 4-րդ կետերի համաձայն տալիս է եզրակացություն` հայտատուի կողմից առաջարկված հավակնության սահմանումով հայտարկված գյուտի` Օրենքի 5 հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով սահմանված արտոնագրաունակության պայմաններին համապատասխանության վերաբերյալ, և 10-օրյա ժամկետում ծանուցում հայտատուին և երրորդ անձին, եթե ըստ էության փորձաքննությունն անցկացվել է վերջինիս խնդրագրի հիման վրա:

166. Օրենքի 27 հոդվածի 5-րդ կետի համաձայն եզրակացությանը չհամաձայնելու դեպքում հայտատուն և երրորդ անձը, այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, կարող են դիմել կրկնական փորձաքննության խնդրանքով: Կրկնական փորձաքննությունն անցկացվում է դիմումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

167. Օրենքի 27 հոդվածի 6-րդ կետի համաձայն, կրկնական փորձաքննության արդյունքում Հայարտոնագիրը տալիս է երկրորդ եզրակացությունը, ինչի մասին 10-օրյա ժամկետում ծանուցվում է հայտատուն և երրորդ անձը, եթե ըստ էության փորձաքննությունն անցկացվել է վերջինիս խնդրագրի հիման վրա:

168. Օրենքի 27 հոդվածի 7-րդ կետի համաձայն, հայտատուի դիմումի հիման վրա, որը կարող է տրվել եզրակացությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում, Հայարտոնագիրը, հաշվի առնելով իր տված եզրակացությունը, համապատասխան որոշում է կայացնում արտոնագիր տալու մասին և 10-օրյա ժամկետում ծանուցում է հայտատուին:

169. Օրենքի 27 հոդվածի 8-րդ կետի համաձայն Հայարտոնագրի որոշմանը չհամաձայնելու դեպքում, այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնել բողոքարկման խորհուրդ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

170. Օրենքի 27 հոդվածի 9-րդ կետի համաձայն, Հայարտոնագրի կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:

X. Արտոնագիր տալու մասին որոշումը

171. Օրենքի 27 հոդվածի 6-րդ կետի համաձայն, հայտատուի դիմումի հիման վրա, որը կարող է տրվել եզրակացությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում, Հայարտոնագիրը, հաշվի առնելով իր տված եզրակացությունը, որոշում է ընդունում հիմնական արտոնագիր տալու մասին` կցելով հավակնության սահմանումը, եթե հայտը գտնվում է քննարկման փուլում կամ տվյալ հայտի հիման վրա տրված նախնական արտոնագիրը գտնվում է գործողության մեջ:

Եթե դիմումի ներկայացման պահին հայտը հետ կանչված է կամ համարվել է հետ կանչված, կամ տվյալ հայտի հիման վրա տրված նախնական արտոնագրի գործողությունը դադարեցված է, ապա որոշում է ընդունվում հիմնական արտոնագիր տալը մերժելու մասին:

Հայարտոնագրի ընդունած որոշումների մասին հայտատուն ծանուցվում է 10-օրյա ժամկետում:

172. Այդ դեպքում նախնական արտոնագրի գործողությունը դադարեցվում է հիմնական արտոնագիր տալու մասին պաշտոնական տեղեկությունների հրապարակման օրվանից:

173. Օրենքի 4 հոդվածի 3-րդ կետի համաձայն, հիմնական արտոնագիրը գործում է մինչև հայտը ներկայացնելու օրվանից 20 տարին լրանալը:

XI. Արտոնագիր տալը մերժելու մասին որոշումը

174. Եթե պարզվում է, որ հայտատուի կողմից առաջարկված հավակնության սահմանումով հայտարկված գյուտը չի համապատասխանում արտոնագրաունակության պայմաններից որևէ մեկին, որոշում է կայացվում արտոնագիր տալը մերժելու մասին` բերելով համապատասխան փաստարկներ:

175. Եթե պարզվում է, որ մեկ անկախ կետ և կախյալ կետեր ունեցող բազմօղակ հավակնության սահմանումով բնութագրված հայտարկված գյուտը անկախ կետի մասով չի համապատասխանում արտոնագրաունակության պայմաններից որևէ մեկին, իսկ հայտատուն հրաժարվում է ճշգրտել այդ կետը, ապա որոշում է ընդունվում արտոնագիր տալը մերժելու մասին:

176. Եթե պարզվում է, որ մեկ անկախ կետ և կախյալ կետեր ունեցող բազմօղակ հավակնության սահմանումով բնութագրված հայտարկված գյուտի անկախ կետը համապատասխանում է արտոնագրաունակության պայմաններին, իսկ կախյալ կետերում պարունակվող գյուտի բնութագրումը խոչընդոտում է հայտատուի կողմից նշված գյուտի նշանակության իրականացմանը, կամ էլ հակասում է հասարակական շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին, իսկ հայտատուն հրաժարվում է ճշգրտել կամ հավակնության սահմանումից հանել այդ կախյալ կետերը, ապա որոշում է ընդունվում արտոնագիր տալը մերժելու մասին:

177. Այն դեպքում, երբ հայտատուի կողմից առաջարկված հավակնության սահմանումն ունի մեկ անկախ կետ և այն չի ներառում նկարագրության մեջ առկա գյուտի էական հատկանիշը, ինչի արդյունքում գյուտը չի համապատասխանում արտոնագրաունակության որևէ պայմանին, և հայտատուն հրաժարվում է մտցնել այդ հատկանիշը հավակնության սահմանման մեջ, որոշում է ընդունվում արտոնագիր տալը մերժելու մասին:

178. Եթե պարզվում է, որ հավակնության սահմանման մեջ բնութագրված հայտարկված գյուտերի խմբից որևէ մեկը արտոնագրաունակ չէ, և հայտատուն հրաժարվում է ճշգրտել կամ հավակնության սահմանումից հանել այդ գյուտի բնութագրումը, կայացվում է արտոնագիր տալը մերժելու մասին որոշում: Ընդ որում, որոշման մեջ հաստատվում է խմբի մյուս գյուտի (գյուտերի) արտոնագրաունակությունը:

179. Հայտատուն լրացուցիչ ծանուցվում է այն մասին, որ բերված փաստարկներին չհամաձայնելու դեպքում, արտոնագիր տալը մերժելու մասին որոշումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, նա իրավունք ունի դիմում ներկայացնել կրկնական փորձաքննություն անցկացնելու մասին:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                   «09»         01           2001 Թ.

                    ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 30101012

 

pin
Արտոնագրային վարչություն
29.11.2000
N 66
Հրաման