Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆ ...

13.07.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.03.2018  -ից մինչեւ   13.07.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 12.07.18 ԲԴԽ-25-Ո-58 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 օգոստոսի 2006 թվականի N 01-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով` որոշում եմ.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել`

ա) «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունը` համաձայն հավելված 1-ի.

բ) «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի կառուցվածքը` համաձայն հավելված 2-ի:

 

Հավելված 1

i

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի

2006թ. օգոստոսի 30-ի

թիվ 01-Ն որոշման

 

i

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը (այսուհետ` Դեպարտամենտ) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և իրավական այլ ակտերով Հայաստանի Հանրապետության դատարաններին, Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովին (այսուհետ` Դատավորների ընդհանուր ժողով), Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդին (այսուհետ` Դատարանների նախագահների խորհուրդ), Արդարադատության խորհրդին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցությունը:

2. Դեպարտամենտը դատարանին և արդարադատության խորհրդին վերապահված լիազորությունների լիարժեք, արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցությունն ապահովում է առանձնացված ստորաբաժանումների միջոցով:

3. Դեպարտամենտի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի (այսուհետ` Վճռաբեկ դատարանի նախագահ):

4. Դեպարտամենտն իրավունք ունի իրականացնել միայն այնպիսի գործունեություն, որը նպատակաուղղված է դատական համակարգի լիազորությունները լիարժեք և արդյունավետ իրականացնելուն, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովելուն:

5. Դեպարտամենտի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, Դատարանների նախագահների խորհրդի որոշումներով, Վճռաբեկ դատարանի նախագահի որոշումներով (հրամաններով) և իրավական այլ ակտերով:

6. Դեպարտամենտն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, ամրացված գույք և իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

7. Դեպարտամենտը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Դեպարտամենտի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

8. Դեպարտամենտի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունը:

9. Դեպարտամենտն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք: Դեպարտամենտն ունի Դատարանների նախագահների խորհրդի կողմից հաստատված միասնական նմուշի ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

10. Դեպարտամենտի լրիվ անվանումն է` «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկ:

11. Դեպարտամենտի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, 0010, քաղաք Երևան, Վազգեն Սարգսյան 5:

 

II. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

i

12. Դեպարտամենտն իր խնդիրների իրականացման համար կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, առանձնացված ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց միջոցով իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) իրականացնում է կադրային քաղաքականությունը, ֆինանսական, նյութատեխնիկական և այլ բնույթի միջոցառումներ` ուղղված դատական իշխանության արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծմանը.

բ) կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատարանների, Դատավորների ընդհանուր ժողովի, Դատարանների նախագահների խորհրդի, դրա հանձնաժողովների, Արդարադատության խորհրդի աշխատակազմի գործառույթները.

գ) նախապատրաստում է Դատավորների ընդհանուր ժողովի, Դատարանների նախագահների խորհրդի և դրա հանձնաժողովների նիստերը.

դ) վերլուծում և ամփոփում է դատական պրակտիկան և դատական վիճակագրությունը.

ե) վարում է դատավորների անձնական գործերը.

զ) ապահովում է դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից.

է) ապահովում է դատարաններում հասարակական կարգի պահպանումը և անվտանգությունը.

ը) ապահովում է տեղում անմիջական կատարման ենթակա դատարանի կարգադրությունների կատարումը.

թ) պահպանում է դատարանների գույքը, ինչպես նաև վարչական շենքերը և դրանց սպասարկման տարածքները.

ժ) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության դատարանների պաշտոնական ինտերնետ կայքի աշխատանքը.

ժա) համակարգում է արտաքին ոլորտին վերաբերող, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված աշխատանքները.

ժբ) ապահովում է օտարերկրյա դատական մարմինների և պաշտոնատար անձանց, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության դատական իշխանության համագործակցությունը.

ժգ) պատրաստում է անհրաժեշտ տեղեկատվություն դատական իշխանության ներկայացուցիչների, դատական ծառայողների արտասահմանյան այցերի, ինչպես նաև օտարերկրյա պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների մասին.

ժդ) ապահովում է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության ներկայացուցչությունն արտաքին հարաբերություններում և կազմակերպում է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության ներկայացուցիչների արտասահմանյան այցերի հետ կապված աշխատանքները, արարողակարգային միջոցառումները.

ժե) իրականացնում է օրենքով և իրավական այլ ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ:

(12-րդ կետը փոփ. 23.02.09 թիվ 01-Ն որոշում)

 

III. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

13. Դեպարտամենտի կառուցվածքը ներառում է`

ա) կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումները.

բ) առանձնացված ստորաբաժանումները:

14. Դեպարտամենտի կառուցվածքը հաստատում է հիմնադիրը` հիմք ընդունելով օրենքով և Դատարանների նախագահների խորհրդի որոշումներով սահմանված առանձնացված ստորաբաժանումները:

15. Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներն են վարչությունները, բաժինները, ծառայությունները և այլ ստորաբաժանումները:

i

16. Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումներն են դատարանների աշխատակազմերը, արդարադատության խորհրդի աշխատակազմը և դատական կարգադրիչների ծառայությունը:

(16-րդ կետը փոփ. 25.05.09 թիվ 03-Ն որոշում)

17. Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումներն իրականացնում են Դեպարտամենտի առանձին գործառույթներ և հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության անունից:

18. Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

19. Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է հիմնադիրը:

20. Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և Դեպարտամենտի ու իր հայերեն անվանումներով կլոր կնիք, Դատարանների նախագահների խորհրդի կողմից հաստատված ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:

 

IV. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

21. Դեպարտամենտը կառավարում են Դատարանների նախագահների խորհուրդը և Վճռաբեկ դատարանի նախագահը: Դեպարտամենտը ենթակա և հաշվետու է Դատարանների նախագահների խորհրդին և Վճռաբեկ դատարանի նախագահին` հիմնադրին:

22. Դատարանների նախագահների խորհուրդը`

i

ա) Վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ նշանակում և հետ է կանչում Դեպարտամենտի ղեկավարին.

բ) հաստատում է դատական ծառայության պաշտոնների անձնագրերը.

գ) հաստատում և փոփոխում է դատական կարգադրիչների ծառայության կառուցվածքը, առանձնացված ստորաբաժանումների ցանկը, դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների և դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը.

դ) սահմանում է դատական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգը և աշխատակարգը.

ե) սահմանում է դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող փակ մրցույթի կարգը.

զ) սահմանում է դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող բաց մրցույթի թեստերի կազմման և թեստավորման կարգը.

է) սահմանում է բաց մրցույթի հարցազրույցի անցկացման և թեկնածուների հատկանիշների գնահատման կարգը.

ը) սահմանում է դատական ծառայողի գործունեության գնահատման կարգը, չափանիշները և բնութագրի ձևը.

թ) սահմանում է դատական ծառայողի բնութագիրը Վճռաբեկ դատարանի նախագահին կամ Դեպարտամենտի ղեկավարին ներկայացնելու ժամկետը.

ժ) սահմանում է դատական ծառայողների վերապատրաստման եղանակը, կարգն ու պարբերականությունը.

ժա) սահմանում է դատական ծառայողների անձնական գործերի վարման կարգը.

ժբ) դատական ծառայողի` դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում Դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ մինչև 5 տարի ժամկետով կարող է երկարաձգել դատական ծառայողի պաշտոնավարման ժամկետը:

(22-րդ կետը փոփ. 25.05.09 թիվ 03-Ն որոշում)

23. Վճռաբեկ դատարանի նախագահը`

ա) Դեպարտամենտի խնդիրներին համապատասխան սահմանում է Դեպարտամենտի գործունեության հիմնական ուղղությունները և գործառույթները.

բ) հաստատում և փոփոխում է Դեպարտամենտի, նրա առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունը, կառուցվածքը.

գ) նշանակում և ազատում է Դեպարտամենտի ղեկավարի տեղակալներին, Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր կողմից նշանակվող դատական ծառայողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

ե) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Դեպարտամենտի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները և կարգադրությունները.

զ) որոշում է Դեպարտամենտի կենտրոնական մարմնին, առանձնացված ստորաբաժանումներին հանձնվող գույքի կազմը և չափը.

է) վերահսկողություն է իրականացնում Դեպարտամենտին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ը) լսում է Դեպարտամենտի գործունեության հաշվետվությունները, քննարկում է դրանց գործունեության ստուգման արդյունքները.

թ) վերակազմակերպում և դադարեցնում է Դեպարտամենտի գործունեությունը.

ժ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

24. Դեպարտամենտի անմիջական ղեկավարումն իրականացնում է Դեպարտամենտի ղեկավարը օրենքով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Դեպարտամենտի ղեկավարի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով, «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնադրությամբ, Դատարանների նախագահների խորհրդի որոշումներով և իրավական այլ ակտերով:

25. Դեպարտամենտի ղեկավարը ենթակա և հաշվետու է Դատարանների նախագահների խորհրդին և Վճռաբեկ դատարանի նախագահին:

26. Դեպարտամենտի ղեկավարը դատական ծառայող է, որն ապահովում է դատական ծառայության իրականացումը:

27. Դեպարտամենտի ղեկավարը`

i

ա) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում է նրա շահերը, կնքում գործարքներ.

բ) օրենքով, իրավական այլ ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված Դեպարտամենտի գործունեության բնագավառին, նպատակներին, խնդիրներին համապատասխան` Դեպարտամենտի գործունեության հիմնական ուղղությունների մասին առաջարկություն է ներկայացնում Դատարանների նախագահների խորհրդին և Վճռաբեկ դատարանի նախագահին.

ե) ապահովում է Դեպարտամենտի բնականոն գործունեությունը.

զ) (27-րդ կետի զ ենթակետն ուժը կորցրել է 25.05.09 թիվ 03-Ն որոշում)

է) օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ, վերահսկում և ստուգում դրանց կատարումը.

ը) օրենքով սահմանված կարգով նշանակում և ազատում է դատական ծառայողներին, Դեպարտամենտի կենտրոնական մարմնի աշխատողներին, կիրառում նրանց նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժեր.

թ) շնորհում է դատական ծառայության դասային աստիճաններ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության դատական ծառայության բարձրագույն խորհրդականի 1-ին և 2-րդ դասի դասային աստիճանների.

ժ) տրամադրում է արձակուրդ Դեպարտամենտի կենտրոնական մարմնի աշխատողներին, առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին և դատական կարգադրիչների ծառայության` իր կողմից պաշտոնում նշանակված ծառայողներին.

ժա) Դատարանների նախագահների խորհրդի հաստատմանն է ներկայացնում դատական ծառայության պաշտոնների և դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը, ինչպես նաև դատական ծառայության պաշտոնների անձնագրերի նկարագրերը.

ժբ) դատական ծառայողների անվանացանկը հաստատվելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատում (փոփոխում) է Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների հաստիքացուցակները.

ժգ) որոշում է կայացնում դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին, հայտարարում է փակ մրցույթները.

ժդ) օրենքով սահմանված կարգով դատական ծառայողների բնութագրերը ստանալուց հետո, բնութագրի և մասնավոր կարծիքի հիման վրա, կայացնում է համապատասխան որոշում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դատական ծառայողների աշխատանքի գնահատման, մասնավորապես` նրանց նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ.

ժե) Վճռաբեկ դատարանի նախագահին ներկայացնում է հաղորդումներ նրա կողմից նշանակված դատական ծառայողների կողմից թույլ տված կարգապահական, վարքագծի կանոնների խախտումների մասին.

ժզ) իրականացնում է Դեպարտամենտի ընթացիկ գործունեության վերահսկողությունը.

ժէ) ներկայացնում է Դեպարտամենտի գործունեության հաշվետվությունները.

ժը) քննարկում է Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների գործունեության ստուգման արդյունքները.

ժթ) պարբերաբար վերլուծում է Դեպարտամենտի գործունեությունը, բացահայտում հրատապ հարցերը, գնահատում կարիքները և դրանց հիման վրա մշակում համապատասխան առաջարկություններ.

ի) պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից պահանջում և ստանում է իր իրավասությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.

իա) կազմավորում է աշխատանքային խմբեր.

իբ) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.

իգ) իրականացնում է Դեպարտամենտի գործունեությանն առնչվող` ՀՀ օրենքներով, հիմնադրի և Դատարանների նախագահների խորհրդի որոշումներով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ.

իդ) համակարգում և ընդհանուր վերահսկողություն է իրականացնում դատական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության` ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների իրականացման նկատմամբ, կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում դատական կարգադրիչների ծառայության պետի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.

իե) ընդունում է դատական կարգադրիչների ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ և տալիս է կարգադրություններ.

իզ) նշանակում, ազատում և դատական կարգադրիչների կոչումներ է շնորհում դատական կարգադրիչների ծառայության` իր կողմից պաշտոնում նշանակված ծառայողներին.

իէ) դատական կարգադրիչների վերաբերյալ նշանակում կամ դադարեցնում է ծառայողական քննություններ, փոփոխում է ծառայողական քննություն կատարողին.

իը) խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում դատական կարգադրիչների ծառայության` իր կողմից պաշտոնում նշանակված ծառայողներին.

իթ) սահմանում է դատական կարգադրիչների վերապատրաստման և հատուկ ուսուցման կարգը.

լ) կազմավորում է դատական կարգադրիչների ատեստավորման հանձնաժողովը, սահմանում է ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները:

(27-րդ կետը փոփ. 25.05.09 թիվ 03-Ն, 14.07.15 թիվ 01-Ն որոշումներ)

28. Դեպարտամենտի ղեկավարն ունի տեղակալներ, որոնք գործում են նրա անմիջական ղեկավարությամբ և իրականացնում են իրենց հանձնարարված ոլորտներում աշխատանքների ղեկավարումը, կազմակերպումը և համակարգումը, կատարում Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությունները:

i

29. Դեպարտամենտի ղեկավարի տեղակալները` բացառությամբ դատական կարգադրիչների ծառայության պետի, դատական ծառայողներ են, որոնք պաշտոնի նշանակվում և ազատվում են «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն անցկացվող մրցույթների արդյունքով Դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի կողմից:

(29-րդ կետը փոփ. 25.05.09 թիվ 03-Ն որոշում)

i

30. Դեպարտամենտի ղեկավարի տեղակալների լիազորությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով: Դատական կարգադրիչների ծառայության պետի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 7-րդ բաժնի դրույթներով և դատական կարգադրիչների ծառայության կանոնադրությամբ:

(30-րդ կետը փոփ. 25.05.09 թիվ 03-Ն որոշում)

31. Դեպարտամենտի ղեկավարի բացակայության դեպքում վճռաբեկ դատարանի նախագահի որոշմամբ Դեպարտամենտի ղեկավարին փոխարինում է Դեպարտամենտի ղեկավարի տեղակալներից մեկը կամ այլ դատական ծառայող:

 

V. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ

 

32. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմինը`

i

ա) իրականացնում է Դեպարտամենտին վերապահված գործառնությունները` բացառությամբ առանձնացված ստորաբաժանումներին վերապահվածների.

բ) իրականացնում է կադրային քաղաքականությունը, ֆինանսական, նյութատեխնիկական և այլ բնույթի միջոցառումներ` ուղղված դատական իշխանության արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծմանը.

գ) նախապատրաստում է Դատավորների ընդհանուր ժողովի, Դատարանների նախագահների խորհրդի և դրանց հանձնաժողովների նիստերը.

դ) նախապատրաստում է Դատավորների ընդհանուր ժողովի, Դատարանների նախագահների խորհրդի որոշումների, իրավական այլ ակտերի նախագծերը.

ե) վերլուծում և ամփոփում է դատական պրակտիկան և դատական վիճակագրությունը.

զ) վարում է դատավորների անձնական գործերը.

է) համակարգում և վերահսկում է Դեպարտամենտի կենտրոնական մարմնում և առանձնացված ստորաբաժանումներում դատական ծառայողների և Դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնում և առանձնացված ստորաբաժանումներում դատական կարգադրիչների` ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների իրականացումը, նշանակում է ծառայողական քննություններ.

ը) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության դատարանների պաշտոնական ինտերնետ կայքի աշխատանքը.

թ) իրականացնում է դատական իշխանության բյուջետային գործընթացն առանձնացված ստորաբաժանումների ներկայացրած բյուջետային հայտերի հիման վրա.

ժ) իրականացնում է Դեպարտամենտի ներքին աուդիտը.

ժա) կազմակերպում է արխիվային գործի վարումը.

ժբ) ապահովում է Դեպարտամենտի մասնակցությունը միջազգային հարաբերություններում.

ժգ) ապահովում է գործավարության միասնականությունը դատարաններում և Դեպարտամենտում.

ժդ) տնօրինում է Դեպարտամենտի գործունեության արդյունքում ձևավորված տեղեկատվությունը.

ժե) օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված կարգով ապահովում է տեղեկատվության տրամադրումը հասարակությանը.

ժզ) համակարգում է Դեպարտամենտի կարիքների համար պետական գնումների իրականացումը.

ժէ) իրականացնում է օրենքով, Դատարանների նախագահների խորհրդի որոշումներով իրեն վերապահված այլ գործառույթներ:

(32-րդ կետը փոփ. 14.07.15 թիվ 01-Ն որոշումր)

33. Դեպարտամենտի ղեկավարի տեղակալները իրականացնում են հետևյալ գործառույթները`

ա) Դեպարտամենտի կառուցվածքին համապատասխան ղեկավարում, կազմակերպում և համակարգում են իրենց ենթակայության ներքո գործող կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը.

բ) տալիս են հանձնարարականներ իրենց ենթակայությամբ գործող ստորաբաժանումների ղեկավարներին.

գ) Դեպարտամենտի կառուցվածքին համապատասխան` ներկայացնում են իրենց ենթակայությամբ գործող կառուցվածքային ստորաբաժանումները այլ մարմինների հետ հարաբերություններում.

դ) իրենց կողմից համակարգման ենթակա ոլորտին համապատասխան` կատարում են Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարականները.

ե) հսկողություն են իրականացնում իրենց ենթակայությամբ գործող ստորաբաժանումների ղեկավարների կողմից աշխատանքային կարգապահության և վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ.

զ) իրականացնում են իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ և կրում պարտականություններ:

34. Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները`

ա) իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում են ստորաբաժանման անմիջական ղեկավարումը, կատարում են դատական ծառայողների միջև աշխատանքի բաշխումը, ապահովում են աշխատանքային կարգապահությունը և պատասխանատվություն են կրում ստորաբաժանման գործառույթների իրականացման և աշխատանքների կատարման համար.

բ) կատարում են Դեպարտամենտի ղեկավարի և համապատասխան տեղակալի հանձնարարությունները, մասնակցում են նրանց մոտ անցկացվող խորհրդակցություններին, հանդիպումներին, այցերին, բանակցություններին.

գ) ստորաբաժանման գործառույթներն ապահովելու, ինչպես նաև իրենց առջև դրված խնդիրների իրականացման նպատակով կատարում են ուսումնասիրություններ, հրավիրում խորհրդակցություններ.

դ) զեկուցումներ են ներկայացնում իրենց կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանումներին առնչվող համապատասխան աշխատակիցների կողմից կատարվող աշխատանքների ընթացքի մասին.

ե) հսկողություն են իրականացնում իրենց ղեկավարած ստորաբաժանումների դատական ծառայողների կողմից աշխատանքային կարգապահության և վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ.

զ) իրականացնում են սույն կանոնադրությամբ, իրավական այլ ակտերով իրենց կողմից ղեկավարվող ստորաբաժանմանը վերապահված գործառույթներից բխող այլ լիազորություններ:

35. Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներն իրենց գործառույթներն իրականացնում են օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների պահպանմամբ և միմյանց հետ համագործակցելով:

i

36. Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչությունը բաղկացած է Դատական պրակտիկայի ամփոփման ու Դատական վիճակագրության վարման և ամփոփման բաժիններից:

(36-րդ կետը փոփ. 23.02.09 թիվ 01-Ն, 14.07.15 թիվ 01-Ն որոշումներ)

i

36.1. Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության Դատական պրակտիկայի ամփոփման բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) նախնական հետազոտությունների արդյունքում ներկայացնում է դատական պրակտիկայի ամփոփման արդիական թեմաներ.

բ) աշխատանքային գործունեության ծրագրի համաձայն կամ դատական ակտերի հիման վրա հետազոտում և ամփոփում է Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից նյութական և դատավարական օրենսդրության նորմերի կիրառման պրակտիկան.

գ) քննարկում է քաղաքացիների և այլ անձանց դիմումները` կապված դատական պրակտիկայում առկա հակասությունների հետ, և անհրաժեշտության դեպքում նախապատրաստում է դրանց վերացմանն ուղղված առաջարկություններ.

դ) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

(36.1-ին կետը լրաց. 14.07.15 թիվ 01-Ն որոշում)

36.2. Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության Դատական վիճակագրության վարման և ամփոփման բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատական վիճակագրության հավաքագրումը, վարումը և ամփոփումը.

բ) կազմում է Հայաստանի Հանրապետության դատարաններում գործերի քննության վիճակագրական վերլուծական տեսություն.

գ) քննարկում է անձանց դիմումները` կապված դատական վիճակագրության տվյալների հետ.

դ) իրականացնում է դատավորների գործունեության գնահատման քանակական չափանիշների վերաբերյալ տվյալների հավաքագրումը.

ե) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

(36.2-րդ կետը լրաց. 14.07.15 թիվ 01-Ն որոշում)

37. (37-րդ կետն ուժը կորցրել է 23.02.09 թիվ 01-Ն որոշում)

i

38. Իրավական վերլուծության վարչությունը բաղկացած է Իրավական վերլուծության և դատական հանձնարարությունների ու ՀՀ դատական իշխանության ինքնակառավարման մարմինների բաժիններից:

(38-րդ կետը փոփ. 11.02.10 թիվ 02-Ն, 14.07.15 թիվ 01-Ն որոշումներ)

i

38.1. Իրավական վերլուծության վարչության Իրավական վերլուծության և դատական հանձնարարությունների բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) կազմում է իրավական ակտերի նախագծեր.

բ) ուսումնասիրում է իրավական ակտերի նախագծերը և դրանց վերաբերյալ եզրակացություններ է ներկայացնում.

գ) ուսումնասիրում է ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված դիմումները և դիրքորոշումներ է ներկայացնում դրանց վերաբերյալ.

դ) նախապատրաստում է տեղեկանքներ և եզրակացություններ`

. ՀՀ սահմանադրական և վճռաբեկ դատարանների կողմից արտահայտած իրավական դիրքորոշումների վերաբերյալ.

. ներպետական և միջազգային իրավունքի նորմերի մեկնաբանության վերաբերյալ.

ե) իրականացնում է Դեպարտամենտի անունից կնքվող պայմանագրերի նախագծերի իրավական փորձաքննությունը.

զ) ներկայացնում է Դեպարտամենտը դատարանում, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման այլ մարմինների հետ հարաբերություններում.

է) իրականացնում է դատական հանձնարարությունների փոխանցման հետ կապված աշխատանքները.

ը) կազմում է քաղաքացիների դիմումների պատասխան-գրությունների նախագծերը.

թ) վարում է Հայաստանի Հանրապետության օրենքների, ենթաօրենսդրական և գերատեսչական ակտերի շտեմարանը, Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի ժամանակագրական օրինակները, ինչպես նաև` գրադարանում առկա գրականության հաշվառումը.

ժ) կազմակերպում է ուսումնական և արտադրական պրակտիկայի անցկացումը Դեպարտամենտում.

ժա) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

(38.1-ին կետը լրաց. 14.07.15 թիվ 01-Ն որոշում)

38.2. Իրավական վերլուծության վարչության ՀՀ դատական իշխանության ինքնակառավարման մարմինների բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) նախապատրաստում է Դատարանների նախագահների խորհրդի, ինչպես նաև Դատավորների ընդհանուր ժողովի, դրա հանձնաժողովների նիստերը, կազմում է նիստերի արձանագրությունները.

բ) կազմում է Դատարանների նախագահների խորհրդի, ինչպես նաև Դատավորների ընդհանուր ժողովի, դրա հանձնաժողովների որոշումների նախագծերը.

գ) կազմում է տեղեկանքներ, եզրակացություններ և վերլուծություններ` Դատարանների նախագահների խորհրդի, ինչպես նաև Դատավորների ընդհանուր ժողովի և դրա հանձնաժողովների գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ.

դ) կազմում է Դատարանների նախագահների խորհրդին, ինչպես նաև Դատավորների ընդհանուր ժողովին և դրա հանձնաժողովներին ուղղված գրությունների պատասխանների նախագծերը.

ե) համակարգում է Դատարանների նախագահների խորհրդի, ինչպես նաև Դատավորների ընդհանուր ժողովի և դրա հանձնաժողովների կողմից ընդունված ակտերը, վարում է դրանց շտեմարանը.

զ) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

(38.2-րդ կետը լրաց. 14.07.15 թիվ 01-Ն որոշում)

i

39. Անձնակազմի կառավարման վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) վարում է դատավորների անձնական գործերը.

բ) վարում է դատական ծառայողների և դեպարտամենտի ղեկավարի կողմից նշանակված դատական կարգադրիչների անձնական գործերը.

գ) (39-րդ կետի գ ենթակետն ուժը կորցրել է 15.07.08 թիվ 01-Ն որոշում)

i

դ) նախապատրաստում և հաշվառում է Վճռաբեկ դատարանի նախագահի, Դեպարտամենտի ղեկավարի կողմից ընդունվող հրամաններն ու այլ իրավական ակտերը.

ե) տալիս է տեղեկանքներ դատական ծառայության թափուր պաշտոնների մասին, դատական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց` իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանելու մասին.

զ) ապահովում է դատական ծառայության թափուր պաշտոնի համար մրցույթների անցկացումը.

է) ընդունում է դատական ծառայության պաշտոնների համար հայտարարված մրցույթների հայտերը, եզրակացություն է տալիս մրցույթի մասնակցի` իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանելու մասին.

ը) վարում է դատավորների և դատական ծառայողների զենքի հաշվառումը.

թ) (39-րդ կետի թ ենթակետն ուժը կորցրել է 25.05.09 թիվ 03-Ն որոշում)

ժ) ամփոփում է դատական ծառայողների գործունեության գնահատման արդյունքները, դրանց հիման վրա կազմում առաջարկություններ անձնակազմի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ.

ժա) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ.

ժբ) Վարչությունն ունի իր անվամբ կլոր կնիք, դրոշմակնիքներ, ձևաթուղթ և իր գործառույթների շրջանակում իրականացնում է պաշտոնական գրագրություն:

(39-րդ կետը փոփ. 25.05.09 թիվ 03-Ն որոշում)

39.1 Առաջին բաժինը իրականացնում է հետևյալ գործառույթները.

i

ա) ապահովում է գաղտնիության ռեժիմը Դեպարտամենտում.

բ) հսկում է ՀՀ գաղտնիության ռեժիմն ապահովելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը, կազմակերպում և վարում է գաղտնի գործավարությունը.

գ) ապահովում է Դեպարտամենտի ներքին վերահսկողությունը:

(39.1-րդ կետը լրաց. 15.07.08 թիվ 01-Ն որոշում)

39.2 Բաժինն ունի իր անվամբ կլոր կնիք և դրոշմակնիքներ, վարում է ինքնուրույն գործավարություն:

(39.2-րդ կետը լրաց. 15.07.08 թիվ 01-Ն որոշում)

40. (40-րդ կետն ուժը կորցրել է 23.02.09 թիվ 01-Ն որոշում)

i

41. Ֆինանսաբյուջետային վարչությունը իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) ապահովում է Դեպարտամենտի կապը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հետ.

բ) գանձապետական հաշիվների միջոցով փոխանցում է առանձնացված ստորաբաժանումներին հատկացված դրամական միջոցները.

գ) միջոցներ է ձեռնարկում Դեպարտամենտին հատկացված դրամական միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությամբ.

դ) մշակում է Հայաստանի Հանրապետության դատական համակարգի միջնաժամկետ ծախսային ծրագիրը և առաջիկա տարվա բյուջետային հայտը.

ե) իրականացնում է բյուջեի կատարողականի վերլուծություն.

զ) ֆինանսական հաշվետվությունների վերլուծությունների հիման վրա պատրաստում է ֆինանսավորման հայտերը.

է) անհրաժեշտության դեպքում առաջարկ է ներկայացնում Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների պահպանման ծախսերի նախահաշվում փոփոխություններ կատարելու մասին.

ը) կազմում է Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումներին հատկացված բյուջետային միջոցների համամասնական բաշխման նախագիծը.

թ) ապահովում է ֆինանսադրամարկղային և բյուջետային կարգապահությունը.

ժ) տալիս եզրակացություն դատական համակարգի պահուստային ֆոնդի միջոցները տնօրինելու վերաբերյալ.

ի) ապահովում և իրականացնում է օրենքով և իրավական այլ ակտերով բյուջետային գործընթացն ու ֆինանսավորումը կանոնակարգող այլ գործառույթներ:

i

42. Հաշվապահական հաշվառման և ֆինանսական վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) վարում է Դեպարտամենտի կենտրոնական մարմնի հաշվապահական հաշվառումը.

բ) իրականացնում է առանձնացված ստորաբաժանումների կողմից ներկայացված հաշվապահական հաշվառում և վերլուծություն, դրա հիման վրա ձևակերպում է ֆինանսական պարտավորությունները.

գ) կազմում է Դեպարտամենտի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները.

դ) սահմանված կարգով հաշվառում է դրամական միջոցները, նյութական արժեքները, գույքագրում դրանց հետագա շարժի հետ կապված գործառնությունները.

ե) ընդունում է Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների ներկայացրած պահպանման ծախսերի նախահաշիվները, կատարում համապատասխան վերլուծություններ.

զ) կազմում է Դեպարտամենտի պահպանման ծախսերի ամփոփ նախահաշիվները.

է) իրականացնում է հաշվապահական հաշվառումից բխող այլ գործառույթներ:

(42-րդ կետը փոփ. 11.02.10 թիվ 02-Ն, 13.02.12 թիվ 01-Ն որոշումներ)

i

43. Հաշվապահական հաշվառման և ֆինանսական վարչությունը ղեկավարում է վարչության պետը, որը միաժամանակ Դեպարտամենտի գլխավոր հաշվապահն է:

(43-րդ կետը փոփ. 13.02.12 թիվ 01-Ն, 14.07.15 թիվ 01-Ն որոշումներ)

 

-----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - 13.02.12 թիվ 01-Ն որոշման 3-րդ կետի համաձայն 43-րդ կետում «բաժինը» բառը փոխարինվել է «վարչությունը», սակայն այս պարագայում ստացվում է, որ վարչությունը ղեկավարում է բաժնի պետը, մինչդեռ նախագծով 43-րդ կետում ևս «բաժնի» բառը պետք է փոխարինվեր «վարչության» բառով:

-------------------------------------------------------------------

 

i

44. Դեպարտամենտի կենտրոնական մարմնի ֆինանսական փաստաթղթերը գլխավոր հաշվապահին օրենքով և իրավական այլ ակտերով վերապահված մասով ստորագրում է հաշվապահական հաշվառման և ֆինանսական վարչության պետը:

(44-րդ կետը փոփ. 11.02.10 թիվ 02-Ն, 13.02.12 թիվ 01-Ն որոշումներ)

45. Ներքին աուդիտի վարչությունը իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) իրականացնում է դատական դեպարտամենտի ներքին աուդիտը.

բ) իրականացնում է հսկողություն Դեպարտամենտի գույքի տնօրինման, նպատակային օգտագործման նկատմամբ.

գ) հսկողություն է իրականացնում Դեպարտամենտի հաշվապահական հաշվառման նկատմամբ.

դ) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

46. Ներքին աուդիտի վարչության պետը Դեպարտամենտի գլխավոր աուդիտորն է:

47. Նյութատեխնիկական ապահովման վարչությունը իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) ապահովում է Դեպարտամենտի վարչական շենքերի և դրանց հարող տարածքների շահագործումը, բարեկարգումը, ընթացիկ շինարարությունը.

բ) ապահովում է դատարանների աշխատանքային անհրաժեշտ պայմանները, համակարգչային, հեռախոսակապի, կապի այլ տեսակների անխափան աշխատանքը.

գ) ապահովում է ընթացիկ տարվա ֆինանսական հատկացումների խնայողական օգտագործումը և ապրանքանյութական արժեքների պահպանվածությունը.

դ) համապատասխան մարմինների, Դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ ապահովում է Դեպարտամենտի ղեկավարի, Դեպարտամենտի այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների տեխնիկական օժանդակությունը.

ե) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

48. Նյութատեխնիկական ապահովման վարչությունը գնումների համակարգման բաժնի միջոցով իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) ապահովում է Դեպարտամենտի գնումների գործի կազմակերպումը.

բ) համակարգում է գնումների պետական լիազոր մարմնի և Դատական դեպարտամենտի միջև գնումներին վերաբերող հարաբերությունները.

գ) պատասխանատվություն է կրում Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և նրա առանձնացված ստորաբաժանումների գնումների գործի կազմակերպման համար.

դ) եզրակացություն է տալիս գնումների կատարման շրջանակներում Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և նրա առանձնացված ստորաբաժանումների կողմից հաստատվող, այդ թվում` լիազոր մարմին ներկայացվող փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ.

ե) իրականացնում է օրենքով և իրավական ակտերով գնումների գործընթացի համակարգմանը վերապահված այլ լիազորություններ:

Գնումների համակարգման բաժինը հանդիսանում է Դատական դեպարտամենտի գնումների գործի համակարգման պատասխանատուն:

i

48.1. Միջազգային համագործակցության վարչությունը բաղկացած է Միջազգային կապերի ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտերի բաժիններից:

(48.1-ին կետը փոփ. 14.07.15 թիվ 01-Ն, 31.03.17 թիվ 01-Ն որոշումներ)

48.2. Միջազգային համագործակցության վարչության Միջազգային կապերի բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) ապահովում է միջազգային կառույցների հետ համագործակցությունը, այդ թվում` միջազգային կառույցներում ներկայացնում է ՀՀ դատական համակարգը և Դեպարտամենտը.

բ) մասնակցում է ՀՀ դատական համակարգի և Դեպարտամենտի գործունեության բարելավմանն ուղղված` միջազգային կառույցների կողմից իրականացվող ծրագրերի կազմմանը, առաջարկություններ է ներկայացնում այդ ծրագրերի իրականացման ուղղությունների վերաբերյալ.

գ) ապահովում է ՀՀ դատական համակարգի և Դեպարտամենտի գործունեության բարելավմանն ուղղված` միջազգային կառույցների կողմից իրականացվող միջազգային ծրագրերի շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը.

դ) ապահովում է ՀՀ դատական համակարգի և Դեպարտամենտի գործունեության բարելավմանն ուղղված` միջազգային կառույցների կողմից իրականացվող միջազգային ծրագրերին դատավորների և դատական ծառայողների մասնակցությունը.

ե) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

(48.2-րդ կետը լրաց. 14.07.15 թիվ 01-Ն որոշում)

48.3. Միջազգային համագործակցության վարչության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտերի բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) նախապատրաստում է դիրքորոշումներ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատների կապակցությամբ ՀՀ կառավարությանն առաջադրված այն հարցերի վերաբերյալ, որոնք առնչվում են ՀՀ դատարաններին.

բ) HUDOC տեղեկատվական համակարգի միջոցով հետևում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռներին և կազմում է դրանց հայերեն համառոտ սեղմագրերը.

գ) ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի կամ ՀՀ վճռաբեկ դատարանի պալատների նախագահների դիմումի հիման վրա կազմում է տեղեկանքներ, եզրակացություններ և վերլուծություններ կոնկրետ հարցի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ.

դ) իրավական հարցերի կապակցությամբ ապահովում է Դեպարտամենտի համագործակցությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ.

ե) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

(48.3-րդ կետը լրաց. 14.07.15 թիվ 01-Ն որոշում)

48.4. (48.4-րդ կետն ուժը կորցրել է 31.03.17 թիվ 01-Ն որոշում)

i

(48.4-րդ կետը լրաց. 14.07.15 թիվ 01-Ն որոշում)

48.5. Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) ապահովում է Հայաստանի Հանրապետության գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների, օտարերկրյա պետությունների, կազմակերպությունների, պատվիրակությունների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների և հասարակայնության հետ համագործակցությունը.

բ) կազմակերպում է դատական իշխանության պաշտոնատար անձանց գլխավորած պատվիրակությունների` օտարերկրյա պետություններ այցերի և նրանց մասնակցությամբ անցկացվող միջազգային բնույթի միջոցառումների նախապատրաստման աշխատանքները.

գ) ապահովում է դատական իշխանության պաշտոնատար անձանց մասնակցությամբ պատվիրակությունների օտարերկրյա պետություններ այցերի շրջանակներում անցկացվող միջազգային և այլ բնույթի միջոցառումների արարողակարգի նախապատրաստումն ու իրականացումը.

դ) ապահովում է օտարերկրյա պետություններում և Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվող աշխատանքային հանդիպումների և այլ բնույթի միջոցառումների արարողակարգի իրականացումը.

ե) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

(48.5-րդ կետը լրաց. 14.07.15 թիվ 01-Ն որոշում)

i

48.5.1. Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության Զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) ապահովում է լրատվամիջոցների հետ ՀՀ դատական համակարգի և Դեպարտամենտի կապը.

բ) ուսումնասիրում է մամուլի հրապարակումները, այդ թվում հետևում է օրվա լրահոսին, քաղվածքներ է անում դրանից.

գ) ապահովում է ՀՀ դատական համակարգի և Դեպարտամենտի գործունեության լուսաբանումը, այդ թվում պատրաստում է մամլո հաղորդագրություններ, տեղեկություններ է հրապարակում ՀՀ դատական համակարգի և Դեպարտամենտի գործունեության հետ կապված հարցերի վերաբերյալ.

դ) ապահովում է ՀՀ դատական համակարգի պաշտոնական ինտերնետային էջում տեղեկատվության տեղադրումը, ինչպես նաև ՀՀ դատական համակարգի պաշտոնական սոցիալական էջերի վարումը.

ե) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

(48.5.1-ին կետը լրաց. 31.03.17 թիվ 01-Ն որոշում)

48.6. Վերահսկողության բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) վերահսկողություն է իրականացնում Դատական օրենսգրքի, «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի, Դատարանների նախագահների խորհրդի որոշումների, Վճռաբեկ դատարանի նախագահի, Դեպարտամենտի ղեկավարի` դատական ծառայողներին և դատական կարգադրիչների ծառայությանը վերաբերող իրավական ակտերի կատարման նկատմամբ.

բ) Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ վերահսկողական այցեր է կատարում Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումներ և Դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմին և առանձնացված ստորաբաժանումներ, կազմում է վերահսկողական նպատակով այցերի տարեկան ծրագիրը և այն ներկայացնում Դեպարտամենտի ղեկավարին.

գ) վերահսկում է Դեպարտամենտի կենտրոնական մարմնում և առանձնացված ստորաբաժանումներում դատական ծառայությունը և Դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնում և առանձնացված ստորաբաժանումներում ծառայությունը.

դ) վերահսկողություն է իրականացնում դատական ծառայողներին և դատական կարգադրիչներին հանձնված գույքի նպատակային օգտագործման նկատմամբ.

ե) վերահսկողություն է իրականացնում դատական ծառայողների և դատական կարգադրիչների կողմից ներքին աշխատանքային կարգապահական և վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ.

զ) վերահսկողություն է իրականացնում Դատական կարգադրիչների ծառայության անձնակազմի կողմից համազգեստ, հատուկ միջոցներ, զենք կրելու կանոնների պահպանման նկատմամբ.

է) վերահսկողական այցելությունների, ինչպես նաև տարեկան գործունեության արդյունքում կազմում է հաշվետվություններ և ներկայացնում Դեպարտամենտի ղեկավարին.

ը) դատական ծառայողների և դատական կարգադրիչների կողմից կատարված խախտումներ հայտնաբերելու դեպքում դրանց վերաբերյալ կազմում է արձանագրություն և ներկայացնում Դեպարտամենտի ղեկավարին.

թ) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

(48.6-րդ կետը լրաց. 14.07.15 թիվ 01-Ն որոշում)

48.7. Ընդհանուր բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`

i

ա) իրականացնում է Դեպարտամենտին հասցեագրված փաստաթղթերի արդյունավետ փաստաթղթաշրջանառությունը և ապահովում գործավարության կազմակերպումը.

բ) ստանում է Դեպարտամենտ ներկայացվող փաստաթղթերը և դատական գործերը.

գ) ապահովում է փաստաթղթերի և գործերի գրանցումները և հանձնում հասցեատերերին.

դ) ստանում է Դեպարտամենտի կողմից առաքվող բոլոր փաստաթղթերը, գրանցում ու առաքում դրանք.

ե) պահպանում է փաստաթղթերը, ընդհանուր բաժնում վարվող մատյանները և կատարում է արխիվացման աշխատանքներ.

զ) վարում է Դեպարտամենտի կողմից իրականացվող գործունեության հետ կապված վիճակագրական հաշվետվություններ և պետական տուրքի հաշվառում.

է) կրում է պատասխանատվություն գործավարության իրականացման արդյունքում ստացված տեղեկատվության ամբողջականության, հավաստիության և ճշգրտության համար:

(48.7-րդ կետը լրաց. 16.03.18 թիվ 1-Ն որոշում)

i

49. Դատական կարգադրիչների ծառայությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով, օրենքներով, իրենց կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված գործառույթներ:

(49-րդ կետը փոփ. 25.05.09 թիվ 03-Ն որոշում)

50. (50-րդ կետն ուժը կորցրել է 25.05.09 թիվ 03-Ն որոշում)

i

51. Համակարգչային ծառայությունը իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) ապահովում և համակարգում է Դեպարտամենտում կառավարման ժամանակակից տեխնիկական միջոցների, համակարգչային ծրագրերի, հաղորդակցության էլեկտրոնային միջոցների, տեղային ցանցի, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, տեղեկատվական միջազգային համակարգերի, հասանելիության միջոցների նախագծումը, դրանց շահագործումը.

բ) Դեպարտամենտում կազմակերպում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, արխիվացնում և պահպանում է էլեկտրոնային գործավարության և նրա գործունեության ընթացքում առաջացած էլեկտրոնային փաստաթղթերը.

գ) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

51.1 (51.1-ին կետն ուժը կորցրել է 14.07.15 թիվ 01-Ն որոշում)

i

(51.1-ին կետը լրաց. 13.02.12 թիվ 01-Ն որոշում)

52. Հայաստանի Հանրապետության դատարանների արխիվը իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) իրականացնում է արխիվ հանձնված գործերի, կայացված վճիռների, դատավճիռների, որոշումների և այլ փաստաթղթերի հաշվառում.

բ) օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է արխիվ մուտքագրվող փաստաթղթերի պլանավորված համալրում և օգտագործում.

գ) ապահովում է դատարանների արխիվներում պահպանվող փաստաթղթերի պահպանությունը.

դ) սահմանված կարգով մշակում է արխիվային նյութերը.

ե) ընդունում է արխիվային գործերը և պատասխանատվություն կրում դրանց պահպանման համար.

զ) տրամադրում է արխիվում առկա տեղեկատվությունը տեղեկատվություն հայցող անձանց.

է) հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության դատարանների արխիվներում «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված փաստաթղթերի ժամանակավոր պահպանման ժամկետների նկատմամբ.

ը) վարում է պետական տուրքի հաշվառում.

թ) իր խնդիրներն ու գործառույթներն իրականացնելու նպատակով համագործակցում է Հայաստանի Հանրապետության դատարանների և այլ արխիվների հետ.

ժ) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

 

VI. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

53. Դեպարտամենտի գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

54. Դեպարտամենտն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան օգտագործել, տիրապետել և տնօրինել իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները):

55. Դեպարտամենտի պահպանման ծախսերն ամբողջությամբ ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից: Դեպարտամենտը կարող է նաև ֆինանսավորվել օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներից:

56. Դեպարտամենտն իր ֆինանսական գործառնություններն ու իր կարիքների համար գնումները կատարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

57. Դեպարտամենտի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների կողմից:

 

VII. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

58. Դեպարտամենտի վերակազմակերպումը և գործունեության դադարումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

(կանոնադրությունը փոփ. 22.12.06 թիվ 25-Ն, խմբ. 04.12.07 թիվ 05-Ն որոշումներ)

 

Հավելված 2

i

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի

2006թ. օգոստոսի 30-ի

թիվ 01-Ն որոշման

 

i

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ

 

I. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Վարչություններ

ա) Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչություն

բ) Իրավական վերլուծության վարչություն

գ) Անձնակազմի կառավարման վարչություն

դ) (դ կետն ուժը կորցրել է 23.02.09 թիվ 01-Ն որոշում)

ե) Ֆինանսաբյուջետային վարչություն

զ) Ներքին աուդիտի վարչություն

է) Նյութատեխնիկական ապահովման վարչություն

ը) Առաջին բաժին

թ) Հաշվապահական հաշվառման և ֆինանսական վարչություն

ժ) Միջազգային համագործակցության վարչություն

ժա) Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

2. Ծառայություններ

ա) ( ա ենթակետն ուժը կորցրել է 25.05.09 թիվ 03-Ն որոշում)

բ) Համակարգչային ծառայություն

գ) (գ ենթակետն ուժը կորցրել է 14.07.15 թիվ 01-Ն որոշում)

 

3. Հայաստանի Հանրապետության դատարանների արխիվ

 

3.1 Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի աշխատակազմ

 

4. Բաժիններ

ա) (ա կետն ուժը կորցրել է 23.02.09 թիվ 01-Ն որոշում)

բ) (բ կետն ուժը կորցրել է 13.02.12 թիվ 01-Ն որոշում)

գ) Գնումների համակարգման բաժին

դ) Դատական պրակտիկայի ամփոփման բաժին

ե) Դատական վիճակագրության վարման և ամփոփման բաժին

զ) Իրավական վերլուծության և դատական հանձնարարությունների բաժին

է) ՀՀ դատական իշխանության ինքնակառավարման մարմինների բաժին

ը) Միջազգային կապերի բաժին

թ) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտերի բաժին

ժ) Զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության բաժին

ժա) Վերահսկողության բաժին

ժբ) Ընդհանուր բաժին

 

II. ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմ

2. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմ

3. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմ

4-9. (4-9 ենթակետերն ուժը կորցրել են 25.05.09 թիվ 03-Ն որոշում)

10. Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի աշխատակազմ

10.1 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ

11-17 (11-17-րդ կետերն ուժը կորցրել են 16.03.18 թիվ 1-Ն որոշում)

18. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ

19. Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ

20. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ

21. Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ

22. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ

23. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ

24. Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ

25. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ

26. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ

27. Արդարադատության խորհրդի աշխատակազմ

28. Դատական կարգադրիչների ծառայություն

 

(2-րդ հավելվածը փոփ. 22.12.06 թիվ 25-Ն, 10.07.07 թիվ 02-Ն, 04.12.07 թիվ 05-Ն, 15.07.08 թիվ 01-Ն, 25.05.09 թիվ 03-Ն, 13.11.09 թիվ 31-Ն, 11.02.10 թիվ 02-Ն, 11.11.10 թիվ 03-Ն, 13.02.12 թիվ 01-Ն, 14.07.15 թիվ 01-Ն, 16.03.18 թիվ 1-Ն որոշումներ)

 

 

pin
Վճռաբեկ դատարանի նախագահ
30.08.2006
N 01-Ն
Որոշում