050.0205.091017
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«09» 10 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05017391
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
15 սեպտեմբերի 2017 թվականի թիվ 205-Ն
«ԱԾԱՆՑՅԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/18-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ածանցյալ ֆինանսական գործիքների էության պարզաբանման միջոցով ապահովել ածանցյալ ֆինանսական գործիքների շուկայի բնականոն զարգացումը,
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3.1-ին հոդվածի 2-րդ մասը և
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ածանցյալ ֆինանսական գործիքների կարգավորումները» կանոնակարգ 4/18-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2017 թվականի սեպտեմբերի 15-ի
թիվ 205-Ն որոշմամբ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/18 ԱԾԱՆՑՅԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1. |
ԱԾԱՆՑՅԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ |
1. Համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` համարվում է, որ ածանցյալ ֆինանսական գործիքներով պարտավորությունների վերջնահաշվարկն իրականացվում է դրամական միջոցներով, եթե ածանցյալ ֆինանսական գործիքի վերջնահաշվարկի օրը այս գործիքներով գործարքի կողմերը պարտավոր են և (կամ) իրավունք ունեն իրենց պարտավորությունները կատարել հաշվանցով և (կամ) զուտացմամբ` կողմերի միջև փոխանցելով մի գումար առանց մատակարարելու գործարքի հիմքում ընկած ակտիվները:
2. Համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համարվում է, որ ածանցյալ ֆինանսական գործիքներով պարտավորությունների վերջնահաշվարկն իրականացվում է բնեղենով, եթե ածանցյալ ֆինանսական գործիքի վերջնահաշվարկի օրը այս գործիքներով գործարքի կողմերը պարտավոր են իրենց պարտավորությունները կատարել գործիքի հիմքում ընկած ակտիվների փոխանցմամբ (առաքմամբ):
3. Սույն կանոնակարգում օգտագործվող «լեվերիջով գործարք» և «ֆորեքս գործարք» հասկացություններն ունեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 113-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ով կիրառվող նշանակությունը:
(3-րդ կետը լրաց. 10.12.2018 թիվ 213-Ն որոշում, որն ունի անցումային դրույթ)
4. Սույն կանոնակարգում օգտագործվող «ոչ ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործիք» հասկացությունը նշանակում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետով սահմանված ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործիք չհանդիսացող ցանկացած ածանցյալ ֆինանսական գործիք:
(4-րդ կետը լրաց. 10.12.2018 թիվ 213-Ն որոշում, որն ունի անցումային դրույթ)
ԳԼՈՒԽ 2. |
ՈՉ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ԱԾԱՆՑՅԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ |
(2-րդ գլուխը լրաց. 10.12.2018 թիվ 213-Ն որոշում, որն ունի անցումային դրույթ)
5. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ բաժինը (ներառյալ` գրանցման և լիցենզավորման վերաբերյալ դրույթները), ինչպես նաև տվյալ բաժնի դրույթները կիրարկող «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի այլ կարգավորումները տարածվում են ոչ ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործիքների (ներառյալ` լեվերիջով գործարքների, այդ թվում` ֆորեքս գործարքների) և դրանց շուկայի վրա: