Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 51-ՐԴ, 127-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                     Վարչական գործ

    դատարանի որոշում                          թիվ ՎԴ/4167/05/10

    Վարչական գործ թիվ ՎԴ/4167/05/10           2019թ.

Նախագահող դատավոր` Կ. Մաթևոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի հունվարի 15-ին

քննելով ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ընդդեմ «ԾՈՓՔ ԱՐԱԾԱՆԻ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` 1.335.522 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 30.03.2018 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ընկերության վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Ընկերությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 1.335.522 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Ավետիսյան) 03.06.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (դատավորներ` Ա. Աբովյան, Գ. Ղարիբյան, Ա. Առաքելյան) 15.11.2011 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ վարչական դատարանի 03.06.2011 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.01.2012 թվականի որոշմամբ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 15.11.2011 թվականի որոշման դեմ Ընկերության ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 06.06.2013 թվականի որոշմամբ Կոմիտեի Նոր Նորքի հարկային տեսչության դիմումը բավարարվել է` կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառները համարվել են հարգելի և վերականգնվել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.03.2018 թվականի որոշմամբ Ընկերության միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու մասին, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածը, 127-րդ հոդվածի 11-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանի 06.06.2013 թվականի «Կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու մասին» որոշումն Ընկերությունը չի ստացել: Ընկերությունը նշված որոշման գոյության մասին տեղեկացել է միայն այն բանից հետո, երբ Ընկերության ներկայացուցիչը 06.03.2018 թվականին դիմում է ներկայացրել գործի նյութերին ծանոթանալու մասին: Ընկերությունը տվյալ որոշումը փաստացի ստացել է 15.03.2018 թվականին, հետևաբար այդ պահից պետք է հոսեն վերաքննիչ բողոք բերելու ժամկետները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 30.03.2018 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

i

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը` դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակից իրավաբանական անձին պատշաճ կարգով հանձնելու առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միաժամանակ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի, 127-րդ հոդվածի 11-րդ մասի խախտման արդյունքում առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակից իրավաբանական անձին պատշաճ կարգով հանձնելու առանձնահատկություններին:

Վճռաբեկ դատարանը նախ անհրաժեշտ է համարում անդրադառնալ սույն բողոքի քննության կապակցությամբ կիրառելի օրենսդրության հարցին: Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատարանի «Կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու մասին» որոշումը կայացվել է 06.06.2013 թվականին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրա` դատավարության մասնակիցներին պատշաճ կարգով հանձնելու առանձնահատկությունները պետք է դիտարկվեն իրավահարաբերության ծագման պահին գործող` 28.11.2007 թվականին ընդունված, 01.01.2008 թվականին ուժի մեջ մտած և 07.01.2014 թվականին ուժը կորցրած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների լույսի ներքո:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Համանման դրույթներ է պարունակում նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությունը, որի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, իսկ 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական դատարանի միջանկյալ ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն օրենքով նախատեսված դեպքերում` միջանկյալ դատական ակտը ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն հոդվածի (...) 2-րդ մասով (...) նախատեսված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և այն բավարարել է դատարանը:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պահանջատերը բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը ներկայացնում է կատարողական թերթ տված դատարան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում, իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:

i

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, նաև «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում է դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդուհանդերձ, կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, օրինակ, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետեր 35, 36, Papon v. France գործով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90):

Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom գործով ՄԻԵԴ-ի 22.10.1996 թվականի վճիռը, կետեր 51, 55):

Միաժամանակ Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ եթե ներպետական օրենսդրությամբ հստակ սահմանված է դատական որոշումը ծանուցելու` իրավասու մարմինների պարտականությունը, ապա դիմողի գանգատարկման իրավունքը չի կարող մերժվել, եթե ուշացումների պատճառն իշխանությունների պարտականությունների կատարումն է եղել, նույնիսկ եթե տեսականորեն դիմողն ունեցել է դատարանի որոշման մասին այլ աղբյուրներից տեղեկանալու հնարավորություն (տե՛ս, Davran v. Turkey գործով Եվրոպական դատարանի 03.11.2009 թվականի վճիռը, կետեր 31-47):

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.2-րդ հոդվածի 2-րդ մասի իրավանորմի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը հստակ նախատեսել էր այն դատավարական ժամկետը, որի ընթացքում միջանկյալ դատական ակտը կարող էր բողոքարկվել վերաքննության կարգով: Ըստ այդմ, միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող էր բերվել միջանկյալ դատական ակտը ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, իսկ այդ ժամկետը բաց թողնելու պարագայում կարող էր ներկայացվել ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերոգրյալ իրավական կարգավորումները, արձանագրում է, որ օրենսդիրը միջանկյալ դատական ակտերը 15-օրյա ժամկետում բողոքարկելու ժամկետի սկիզբը պայմանավորել էր բողոքարկվող դատական ակտն ստանալու փաստով: Հետևաբար բողոքարկման ժամկետների պահպանվածության կամ այդ ժամկետները բաց թողնելու մասին հետևություններ կարելի էր անել միայն այն դեպքում, երբ դատարանը պատշաճ կարգով դատական ակտը հանձնել է դատավարության մասնակիցներին, իսկ վերջիններս ստացել են այն: Այսինքն` վերադաս ատյանը պետք է նախ գնահատական տա այն փաստին, թե արդյոք ստորադաս դատարանը պատշաճ է հանձնել դատական ակտը դատավարության մասնակցին, և երբ է դատավարության մասնակիցն այն ստացել (հստակ օրը):

Ընդ որում, այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշմամբ արձանագրել է, որ նախ` պետք է երաշխավորվի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին: Միայն այս պայմաններում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձի համար երաշխավորված կլինեն ողջամիտ ժամկետներում հիմնավոր բողոք բերելու, դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները:

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի «Կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու մասին» որոշումը կայացվել է 06.06.2013 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 168-169): Հետադարձ ծանուցման փոստային անդորրագրի համաձայն` Ընկերությունը Դատարանի որոշումն ստացել է 13.06.2013 թվականին: Անդորրագիրը պարունակում է միայն այն ստացողի ստորագրությունը և փաստաթղթերն ստանալու ամսաթիվը. ստացողի անձի վերաբերյալ այլ տվյալներ առկա չեն (հատոր 1-ին, գ.թ. 173): Ընկերության ներկայացուցիչը 06.03.2018 թվականին դիմում է ներկայացրել Դատարան` գործի նյութերին ծանոթանալու մասին: Ընկերության ներկայացուցիչը գործի նյութերին ծանոթացել և կատարել է լուսապատճեններ 15.03.2018 թվականին, որի համար ստորագրել է (հատոր 1-ին, գ.թ. 175):

Վերաքննիչ դատարանը, մերժելով Ընկերության միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու մասին, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ընդունումը, նշել է, որ Ընկերությունը բողոքարկվող դատական ակտն ստացել է 13.06.2013 թվականին, սակայն «չի ձեռնարկել բավարար և ողջամիտ քայլեր` վերաքննիչ բողոք ներկայացնելու համար», իսկ «վերջինիս ներկայացրած փաստարկն առ այն, որ բողոքարկվող դատական ակտի մասին տեղեկացել է 15.03.2018 թվականին, չի համապատասխանում իրականությանը»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծանուցագրի հանձնումն իրականացվում է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Դատավարության մասնակիցները կարող են համաձայնվել ծանուցման այլ եղանակի մասին, մասնավորապես ֆաքսով, էլեկտրոնային փոստով, հեռախոսով, հեռագրով:

«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը կարգավորում է փաստաթղթերի հատուկ առաքման իրականացման տեսակները, փաստաթղթերի ընդունման, ձևակերպման, հանձնման ընդհանուր կարգը:

«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փաստաթղթերի հատուկ առաքումը (այսուհետ` հատուկ առաքում) հասցեատիրոջը փաստաթղթերի առաքման հատուկ տեսակ է, որն ապահովում է առաքվող փաստաթղթերի նույնականությունը և ամբողջականությունը: Հատուկ առաքման կարգով փաստաթղթերի առաքումն իրականացվում է իրավական ակտերով սահմանված դեպքերում, ինչպես նաև ուղարկողի ցանկությամբ:

«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` իրավաբանական անձին հասցեագրված առաքման փաթեթը հանձնվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու անձին:

«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ նախքան փաթեթի հանձնումը փոստատարը հավաստիանում է, որ փաթեթն հանձնվում է նույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված անձին և այդ մասին նշում է կատարում ծանուցագրի վրա` նշելով իրեն ներկայացված` անձը հաստատող փաստաթղթի տվյալները: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` առաքման փաթեթն ստացող անձը ծանուցագրի վրա անձամբ նշում է իր անունը, ազգանունը և հայրանունը, ստացման ամսաթիվը, ստացված էջերի քանակը, որից հետո ստորագրում է ծանուցագիրը և այն վերադարձնում փոստատարին:

Վերոգրյալ նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ դատական ծանուցագրի և դատավարական փաստաթղթերի հանձնումն իրականացվում էր «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, եթե դատական ծանուցագրի պարագայում այդ կարգն ուղղակիորեն ամրագրված էր դատավարական օրենսգրքով, ապա դատավարական փաստաթղթերի պարագայում Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի իրավակարգավորումից, որը սահմանում է, որ նշված օրենքն ընդհանրական կարգով սահմանում է փաստաթղթերի ընդունման, ձևակերպման, հանձնման ընդհանուր կարգը: Հետևաբար դատավարական փաստաթղթերի պատշաճ հանձնման մասին կարելի է եզրահանգում կատարել, եթե այն կատարվել է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի դրույթների պահպանմամբ: Համապատասխանաբար` դատավարական փաստաթղթերը հանձնելու ապացույցը` հետադարձ ծանուցման վերաբերյալ փոստային անդորրագիրը, պետք է պարունակի «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված վավերապայմանները, մասնավորապես` իրավաբանական անձանց դեպքում` վկայակոչված հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված վավերապայմանները:

Վերոգրյալից հետևում է, որ իրավաբանական անձին դատավարական փաստաթղթերը հանձնելու պարագայում այն պետք է հանձնվի իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու անձին, իսկ այդ փաստն ապացուցող հետադարձ ծանուցման վերաբերյալ փոստային անդորրագիրը պետք է պարունակի իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ գրագրության ընդունման համար պատասխանատու անձի` անձը հաստատող փաստաթղթի տվյալները, անունը, ազգանունը և հայրանունը, ստացման ամսաթիվը, ստացված էջերի քանակը, ինչպես նաև նշված անձի ստորագրությունը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված վավերապայմանների միաժամանակյա առկայության պարագայում միայն կարելի է հետևություն անել դատավարական փաստաթղթերի` պատշաճ կարգով հանձնված լինելու հանգամանքի վերաբերյալ:

Սույն գործի փաստերից հետևում է, որ Ընկերության` Դատարանի որոշումը ստանալու փաստը ենթադրաբար հիմնավորող հետադարձ ծանուցման փոստային անդորրագիրը պարունակում է միայն այն ստացողի ստորագրությունը և ստանալու ամսաթիվը: Դրանում ստացողի անձի վերաբերյալ այլ տվյալներ առկա չեն:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված փոստային անդորրագիրը չի պարունակում «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված վավերապայմաններից` իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ գրագրության ընդունման համար պատասխանատու անձի` անձը հաստատող փաստաթղթի տվյալները, անունը, ազգանունը և հայրանունը, ինչպես նաև ստացված էջերի քանակը: Հետևաբար հետադարձ ծանուցման փոստային անդորրագիրը չի կարող համարվել պատշաճ ապացույց` դատավարական փաստաթուղթը` Դատարանի որոշումը, պատշաճ կարգով դատավարության մասնակցին հանձնված լինելու փաստի վերաբերյալ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ երբ դատավարության մասնակցին հասցեագրված ծանուցագրում կատարված նշագրումները չեն բավարարում կամ համապատասխանում «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի դրույթների պահանջին, իսկ դատավարության մասնակիցը վիճարկում է պատշաճ կարգով ծանուցված լինելու փաստի առկայությունը, ապա նման ծանուցագիրը չի կարող գնահատվել թույլատրելի ապացույց և դրվել պատշաճ կարգով ծանուցված լինելու փաստի հաստատման հիմքում, քանի որ ինչպես վիճելի իրավահարաբերության գործողության մեջ եղած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի, նույնպես և գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Քննարկվող պարագայում բողոք բերած անձն ինչպես վերաքննիչ, այնպես էլ վճռաբեկ բողոքներում նշել է, որ Դատարանի 06.06.2013 թվականի «Կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու մասին» որոշումն Ընկերությունը չի ստացել, իսկ բողոքարկվող դատական ակտի մասին տեղեկացել է 15.03.2018 թվականին:

Նման պայմաններում 13.06.2013 թվականին պատշաճ կարգով բողոք բերած անձի ծանուցված լինելու փաստի առկայությունը մնում է վիճելի, իսկ այդ փաստի հաստատման համար ներկայացված ծանուցագիրը ոչ թույլատրելի ապացույց է:

Սույն գործի փաստերից հետևում է նաև, որ Դատարանի որոշման` Ընկերության կողմից ստանալու օր պետք է համարել Ընկերության ներկայացուցչի կողմից գործի նյութերին ծանոթանալու և լուսապատճեններ անելու օրը` 15.03.2018 թվականը: Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավարության մասնակիցը բողոքարկվող դատական ակտին ծանոթացել է 15.03.2018 թվականին, իսկ նշված ժամանակում գործել է 05.12.2013 թվականին ընդունված և 07.01.2014 թվականին ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, արձանագրում է, որ վերաքննիչ բողոք բերելու ժամկետների պահպանվածության հարցի լուծման կապակցությամբ կիրառելի են 05.12.2013 թվականին ընդունված և 07.01.2014 թվականին ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերը, որպիսի իրավակարգավորումների տիրույթում էլ դատավարության մասնակիցը փորձել է իրացնել իր` օրենսդրությամբ երաշխավորված դատական ակտի բողոքարկման իրավունքը:

Մասնավորապես` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` վարչական դատարանի` (...) միջանկյալ դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում դրանք ստանալուց 5 օր հետո:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով (այդ թվում` օրացուցային): Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օրերը:

Վերոգրյալ նորմերից հետևում է, որ օրենսդիրը հստակ սահմանել է այն դատավարական ժամկետը, որի ընթացքում կարող են բողոքարկվել վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերը, այն է` դրանք ստանալուց 5 օրվա ընթացքում:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը Դատարանի որոշումն ստացել է 15.03.2018 թվականին, հետևաբար դրա բողոքարկման ժամկետը պետք է ավարտվեր 22.03.2018 թվականին (2018 թվականի մարտի 17-ը և 18-ը ոչ աշխատանքային օրեր են եղել): Ընկերությունը Վերաքննիչ բողոքը բերել է 19.03.2018 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 180-184), այսինքն` դատավարական ժամկետների պահպանմամբ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության կողմից վերաքննիչ բողոք բերելու ժամկետների խախտում թույլ չի տրվել, ուստի դրանք վերականգնելու մասին միջնորդություն ներկայացնելու դատավարական անհրաժեշտություն առկա չի եղել, ինչը նույնպես անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 30.03.2018 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.01.2019
N ՎԴ/4167/05/10
Որոշում