Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԵՏԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍԱՀՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                   ԵՇԴ/0019/15/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵՇԴ/0019/15/17

Նախագահող դատավոր` Ա. Մնացականյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

 

    2018 թվականի նոյեմբերի 15-ին               ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 24-ի որոշման դեմ դատապարտյալ Մհեր Սամվելի Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի սեպտեմբերի 13-ին դատապարտյալ Մհեր Սամվելի Հովհաննիսյանի պաշտպան Վ.Քոսյանը դիմում է ներկայացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խնդրելով թույլատրել դատապարտյալ Մ.Հովհաննիսյանին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի մարտի 22-ի որոշմամբ սահմանված 3 տարի ժամկետով փորձաշրջանի ընթացքում 1 տարի ժամկետով բացակայել Հայաստանի Հանրապետությունից:

Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ պաշտպանի միջնորդությունը բավարարվել է, և դատապարտյալ Մ.Հովհաննիսյանին թույլատրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի մարտի 22-ի որոշմամբ սահմանված 3 տարի ժամկետով փորձաշրջանի ընթացքում 1 տարի ժամկետով բացակայել Հայաստանի Հանրապետությունից:

2. Դատախազ Վ.Սիմոնյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումը` բեկանել: Դատապարտյալ Մ.Հովհաննիսյանի պաշտպանի միջնորդությունը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի մարտի 22-ի որոշմամբ սահմանված 3 տարի ժամկետով փորձաշրջանի ընթացքում 1 տարի ժամկետով Հայաստանի Հանրապետությունից բացակայելու թույլտվություն տալու մասին, մերժվել է:

3. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 24-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատապարտյալ Մ.Հովհաննիսյանի պաշտպան Վ.Քոսյանը:

Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ դատապարտյալ Մ.Հովհաննիսյանի պաշտպան Վ.Քոսյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

4. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «(...) Յուրաքանչյուր անձ իրավունք ունի դուրս գալու Հայաստանի Հանրապետությունից, եթե նրա ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակված չէ օրենքով` որոշակի նպատակներով: Կոնկրետ դեպքում Մ.Հովհաննիսյանի ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակելու օրենքով նախատեսված նպատակները բացակայում են, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պարտավորությունը` չփոխել մշտական բնակության վայրը, ևս առկա չէ: Ինչ վերաբերում է դատախազի այն փաստարկին, որ Մ.Հովհաննիսյանը ՀՀ կառավարության թիվ 1561 որոշման ուժով ամիսը առնվազն մեկ անգամ պետք է ներկայանա համապատասխան բաժին, ապա Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ կոնկրետ դեպքում առկա է հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման խնդիր: Թեև ենթաօրենսդրական ակտը նախատեսում է նման պարտականություն, սակայն առկա է դատարանի դատավճիռ, որով անձի վրա դրված է պարտականության կատարում` հատուցել կերակրողին կորցնելու հետևանքով անչափահաս երեխաների կարիքները: (...) Այսպիսով, Առաջին ատյանի դատարանն արձանագրում է, որ առկա չէ որևէ խոչընդոտ, որ դատապարտյալ Մ.Հովհաննիսյանը կարող է փորձաշրջանի ընթացքում ևս մեկ տարի ժամկետով գտնվել Հայաստանի Հանրապետությունից դուրս1:

_____________________

1) Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 38-40:

 

5. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ փաստել է. «(...) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ, բացի ընդհանուր հիմունքներով անձին քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելու, ինչպես նաև դատապարտյալի վրա նրա ուղղմանը նպաստող պարտականություններ դնելու կամ դրանք փոխարինելու դեպքերի, դատարանը որևէ այլ լիազորություն չունի դադարեցնելու կամ սահմանափակելու պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում դատապարտյալի նկատմամբ իրականացվող վերահսկողությունը, այդ թվում` լիազորված չէ փորձաշրջանի ընթացքում դատապարտյալին թույլատրելու մեկնել արտերկիր:

(...)

Վերաքննիչ դատարանն ընդունելի չի համարում նաև Առաջին ատյանի դատարանի եզրահանգումն առ այն, որ առկա չէ որևէ խոչընդոտ, որպեսզի դատապարտյալ Մհեր Հովհաննիսյանը փորձաշրջանի ընթացքում մեկ տարի ժամկետով գտնվի Հայաստանի Հանրապետությունից դուրս: Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է ինչպես Առաջին ատյանի դատարանի համապատասխան լիազորության բացակայությամբ, այնպես էլ այն հանգամանքով, որ դատապարտյալի կողմից արտերկիր մեկնելու հանգամանքը չի դիտարկվել նրա նկատմամբ իրականացվող վերահսկողության մեջ ներառվող գործողությունների կատարման հնարավորության համատեքստում»2:

_____________________

2) Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 95-104:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Պաշտպան Վ.Քոսյանը նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

Վերոգրյալի համատեքստում բողոքի հեղինակը մատնանշել է փորձաշրջանի ընթացքում դատապարտյալին Հայաստանի Հանրապետությունից բացակայելու թույլտվություն տալու մասին որոշումը և գտել, որ դրա իրավաչափության, ինչպես նաև դատապարտյալի նկատմամբ հսկողություն սահմանելու համար պրոբացիայի ծառայություն ներկայանալու պարտադիրության (այն դեպքում, երբ այդ անձի վրա ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված լրացուցիչ պարտականություն չի դրվել) կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Վերոգրյալ հարցադրումների շրջանակներում բողոք բերած անձը փաստել է, որ Մ.Հովհաննիսյանը մեկ տարի աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում, ըստ այդ երկրի ոստիկանության կողմից տրված տեղեկանքի` ոչ մի իրավախախտում չի արել և բնութագրվում է դրական: Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ դատապարտյալը նախորդող մեկ տարվա ընթացքում բարեխղճորեն կատարել է իր վրա դրված դրամական պարտավորությունները: Բողոքի հեղինակն ընդգծել է նաև, որ Մ.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված որևէ պարտականություն նրա վրա չի դրել և չի սահմանափակել վերջինիս ազատ տեղաշարժվելու իրավունքը:

7. Վերոշարադրյալի հիման վրա պաշտպան Վ.Քոսյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 24-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

i

8. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու հետևանքով սահմանված փորձաշրջանի ընթացքում դատապարտյալի նկատմամբ իրականացվող վերահսկողության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու հետևանքով սահմանված փորձաշրջանի մեջ գտնվող դատապարտյալ Մ.Հովհաննիսյանին ՀՀ-ից բացակայելու թույլտվություն տալու լիազորությամբ Առաջին ատյանի դատարանն օժտված չէ:

10. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը սահմանում է. «(...) 5. Պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս դատարանը դատապարտյալի վրա կարող է դնել որոշակի պարտականություններ` չփոխել մշտական բնակության վայրը, բուժման կուրս անցնել ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից, վեներական հիվանդությունից կամ թունամոլությունից, նյութական օգնություն ցույց տալ ընտանիքին: Դատարանը, դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ կամ առանց դրա, դատապարտյալի վրա կարող է դնել նաև նրա ուղղմանը նպաստող այլ պարտականություններ կամ փոխարինել դրանք:

6. Եթե դատապարտյալը փորձաշրջանի ընթացքում չարամտորեն խուսափում է պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունները կատարելուց` դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի միջնորդությամբ, ինչպես նաև անզգույշ կամ ոչ մեծ ծանրության դիտավորյալ հանցանք կատարելու դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելու վերացման հարցը լուծում է դատարանը:

7. Փորձաշրջանի ընթացքում անձի կողմից միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր դիտավորյալ հանցանք կատարելու դեպքում դատարանը վերացնում է պատիժը պայմանականորեն չկիրառելը և պատիժ նշանակում սույն օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված կանոններով: Նույն կանոններով պատիժ է նշանակվում նաև նոր անզգույշ կամ ոչ մեծ ծանրության դիտավորյալ հանցանք կատարելու դեպքում, եթե դատարանը վերացնում է պատիժը պայմանականորեն չկիրառելը»:

10.1. Մեջբերված նորմերը համադրված վերլուծության ենթարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածում և 49-րդ գլխում, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 22-րդ գլխում, «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածում, ինչպես նաև ՀՀ կառավարության` 2018 թվականի ապրիլի 5-ի թիվ 395-Ն որոշման (այսուհետ` նաև Կառավարության որոշում) հավելվածի 6-րդ գլխում (այդ թվում` ներկա պահին չգործող ՀՀ կառավարության` 2006 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 1561-Ն որոշման հավելվածի 5-րդ գլխում) ամրագրված իրավական դրույթների հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու հետևանքով սահմանված փորձաշրջանի ընթացքում ծագող իրավահարաբերությունների շրջանակներում դատարանի լիազորությունների մասն են կազմում`

- դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ կամ առանց դրա դատապարտյալի վրա նրա ուղղմանը նպաստող այլ պարտականություններ դնելու կամ դրանք փոխարինելու հարցի լուծումը (ընդ որում, դատարանի այդպիսի լիազորությունը բխում է նաև «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 18-րդ մասից, ըստ որի` անհրաժեշտության դեպքում պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացնում դատարան պրոբացիայի շահառուի վրա լրացուցիչ պարտականություններ դնելու կամ սահմանափակումներ կիրառելու մասին),

- պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հարցի լուծումը:

Այսպիսով, եթե դատարանի լիազորությունների մասն են կազմում դատապարտյալի վրա նրա ուղղմանը նպաստող այլ պարտականություններ դնելու կամ դրանք փոխարինելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հարցերի լուծումը, ապա պատիժը պայմանականորեն չկիրառելու հետևանքով սահմանված փորձաշրջանի մեջ գտնվող դատապարտյալին ՀՀ-ից բացակայելու թույլտվություն տալու լիազորությամբ օրենսդիրը դատարանին չի օժտել, հետևաբար վերջինս այդպիսի դատական ակտ կայացնելու իրավասություն չունի:

11. Միևնույն ժամանակ, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի, «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի, Կառավարության որոշման նախորդ կետում մատնանշված դրույթների վերլուծությունը վկայում է, որ`

- պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձի նկատմամբ իրականացվում է վերահսկողություն ՀՀ քրեակատարողական օրենսգրքով, «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով (ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 128-րդ հոդված),

- վերահսկողությունն իրականացնում է պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 129-րդ հոդված, «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մաս),

- վերահսկողության շրջանակներում տարածքային մարմինը, ի թիվս այլ գործողությունների, կազմում է պրոբացիայի շահառուի վերաբերյալ անձնական գործ, վերահսկողության պլան, լրացնում հաշվառման քարտ, պրոբացիայի շահառուի հաճախումների ժամանակացույց («Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մաս, Կառավարության որոշման հավելվածի 33-րդ կետ),

- դատական ակտի հիման վրա և դրա շրջանակում, ինչպես նաև պրոբացիայի շահառուի վերաբերյալ ռիսկերի և պահանջմունքների գնահատման հիման վրա վերահսկողության պլանում պրոբացիայի ծառայողը սահմանում է պրոբացիայի շահառուի վերահսկողության ենթակա գործողությունները և դրանց կատարման ժամկետները, իրավունքներն ու պարտականությունները, դրանք խախտելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունը, ինչպես նաև պրոբացիայի շահառուի վերասոցիալականացմանն ուղղված անհատական ծրագիրը («Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մաս),

- պրոբացիայի շահառուին պարզաբանվում է հաշվառման ներկայանալու օրվանից հետո յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ անգամ կամ նրա վրա դրված պարտականությունների չկատարման յուրաքանչյուր փաստով տարածքային մարմին ներկայանալու պարտականության մասին (Կառավարության որոշման հավելվածի 33-րդ կետ),

- տարածքային մարմինը, պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելուց հետո գնահատելով պրոբացիայի շահառուի ռիսկերը և պահանջմունքները, դրա հիման վրա ընդունում է որոշում մեկ ամսվա ընթացքում պրոբացիայի շահառուի կողմից տարածքային մարմին ներկայանալու հաճախականությունը սահմանելու մասին, որը ներառվում է վերահսկողության պլանի մեջ: Փորձաշրջանի ընթացքում պրոբացիայի շահառուի վարքագծի և ռիսկերի ու պահանջմունքների գնահատման արդյունքների հիման վրա տարածքային մարմինն ընդունում է որոշում պրոբացիայի շահառուի հաճախումների թիվը վերանայելու մասին (Կառավարության որոշման հավելվածի 39-40-րդ կետեր),

- վերահսկողության պլանի հիման վրա պրոբացիայի ծառայողն այցելում է պրոբացիայի շահառուի բնակության կամ աշխատանքի վայրը կամ համապատասխան բժշկական հաստատություն` պրոբացիայի շահառուի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով (Կառավարության որոշման հավելվածի 35-րդ կետ),

- փորձաշրջանի ընթացքում յուրաքանչյուր անգամ, երբ պրոբացիայի շահառուն ներկայանում է տարածքային մարմին, նրա հետ անցկացվում է զրույց իր վարքի, ընտանիքի հետ հարաբերությունների, զբաղվածության և գործունեության վերաբերյալ (Կառավարության որոշման հավելվածի 38-րդ կետ):

11.1. Այսպիսով, մատնանշված իրավադրույթներից նախ հետևում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու հետևանքով սահմանված փորձաշրջանի մեջ գտնվող պրոբացիայի շահառուին պարզաբանվում է հաշվառման ներկայանալու օրվանից հետո յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ անգամ կամ նրա վրա դրված պարտականությունների չկատարման յուրաքանչյուր փաստով տարածքային մարմին ներկայանալու պարտականության մասին: Միաժամանակ դատական ակտի հիման վրա և դրա շրջանակներում, ինչպես նաև պրոբացիայի շահառուի վերաբերյալ ռիսկերի և պահանջմունքների գնահատման հիման վրա կազմվում է վերահսկողության պլան, որում, ի թիվս այլոց, ներառվում է պրոբացիայի շահառուի կողմից մեկ ամսվա ընթացքում պրոբացիայի ծառայություն ներկայանալու հաճախականությունը սահմանելու մասին որոշումը:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում դատապարտյալի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասու մարմինը պրոբացիայի ծառայությունն է, և այդ մարմինն է, ով դատապարտյալի նկատմամբ վերահսկողության շրջանակներում իրականացնում է նրա վերասոցիալականացմանն ու օրինապահ վարքագծի խթանմանն ուղղված մի շարք գործողություններ (մասնավորապես` սահմանվում է պրոբացիայի շահառուի վերասոցիալականացմանն ուղղված անհատական ծրագիր, իրականացվում է պրոբացիայի շահառուի վերաբերյալ ռիսկերի և պահանջմունքների գնահատում, պրոբացիայի շահառուի վրա դրված պարտականությունների կատարումը ստուգելու նպատակով այցելություններ են իրականացվում համապատասխան վայրեր, պրոբացիայի շահառուի հետ անցկացվում է զրույց իր վարքի, ընտանիքի հետ հարաբերությունների, զբաղվածության և գործունեության վերաբերյալ, պրոբացիայի շահառուի վարքագծի և ռիսկերի ու պահանջմունքների գնահատման արդյունքների հիման վրա կարող է վերանայվել պրոբացիայի շահառուի հաճախումների թիվը և այլն)` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մշտական բնակության վայրը չփոխելու պարտականություն դատարանի կողմից սահմանված չլինելու պայմաններում պրոբացիայի ծառայության ղեկավարը կարող է դատապարտյալի` ՀՀ-ից բացակայելը և պրոբացիայի ծառայության տարածքային մարմին որոշակի ժամկետով չներկայանալը, որը պայմանավորված է բացառիկ հանգամանքներով, համարել թույլատրելի (այն դեպքում, երբ դատարանի կողմից դատապարտյալի վրա դրված է մշտական բնակության վայրը չփոխելու պարտականություն, ապա պրոբացիայի ծառայության ղեկավարի կողմից համապատասխան թույլտվություն տալը հնարավոր է, եթե դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա փոփոխի սահմանված այդ պարտականությունը): Նման դեպքերում չներկայանալու հարցը գնահատելիս պետք է հաշվի առնել, թե ինչպիսի շահ է ընկած դրա հիմքում: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ այդպիսի թույլտվություն տալը հնարավոր է բացառապես այն դեպքում, երբ դրա հիմքում ընկած շահը գերակա է վերահսկողական համապատասխան գործողությունների նկատմամբ (որպես այդպիսի օրինակ է դատապարտյալի ծանր հիվանդությունը և ՀՀ-ում համապատասխան բուժում ստանալու անհնարինությունը):

11.2. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մշտական բնակության վայրը չփոխելու պարտականություն դատարանի կողմից սահմանված չլինելու պայմաններում պրոբացիայի ծառայության ղեկավարը կարող է իր որոշմամբ դատապարտյալի` ՀՀ-ից բացակայելը և պրոբացիայի ծառայության տարածքային մարմին որոշակի ժամկետով չներկայանալը, որը պայմանավորված է բացառիկ հանգամանքներով, համարել թույլատրելի, եթե բավարար չափով և պատշաճ կերպով պատճառաբանում է, որ այդպիսի թույլտվություն տալու հիմքում ընկած շահը գերակա է վերահսկողական համապատասխան գործողությունների նկատմամբ: Սույն դիրքորոշումը Վճռաբեկ դատարանը պայմանավորում է անձի հիմնարար իրավունքների պաշտպանության ապահովումը երաշխավորելու անհրաժեշտությամբ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ պրոբացիայի ծառայության ղեկավարի այդպիսի գործողությունների օրինականության ապահովման երաշխիք են դրանց նկատմամբ դատախազական հսկողությունը («Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդված), ինչպես նաև պրոբացիայի շահառուի կողմից դրանք վերադասության կարգով կամ դատարան բողոքարկելու հնարավորությունը («Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ): Ընդ որում, համաձայն «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի` պրոբացիայի շահառուն իրավունք ունի նաև դիմումներով, բողոքներով, միջնորդություններով ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմելու պրոբացիայի ծառայության մարմին, դրա վերադաս մարմիններ, դատարան, դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին կամ կազմակերպություններին:

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դատապարտյալ Մ.Հովհաննիսյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով թույլատրել դատապարտյալ Մ.Հովհաննիսյանին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի մարտի 22-ի որոշմամբ սահմանված` 3 տարի ժամկետով փորձաշրջանի ընթացքում 1 տարի ժամկետով բացակայել Հայաստանի Հանրապետությունից3:

_______________________

3) Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:

 

Առաջին ատյանի դատարանը միջնորդությունը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ դատապարտյալ Մ.Հովհաննիսյանի ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակելու օրենքով նախատեսված նպատակները բացակայում են, մշտական բնակության վայրը չփոխելու պարտականություն ևս առկա չէ: Միևնույն ժամանակ դատարանը փաստել է, որ թեև ենթաօրենսդրական ակտը նախատեսում է ամիսն առնվազն մեկ անգամ համապատասխան բաժին ներկայանալու պարտականություն (Առաջին ատյանի դատարանի մատնանշած իրավական ակտը ներկա պահին չի գործում, այն ուժը կորցրած է ճանաչվել, համապատասխան հարցերը կարգավորվում են ՀՀ կառավարության` 2018 թվականի ապրիլի 5-ի թիվ 395-Ն որոշմամբ), սակայն առկա է հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման խնդիր. դատական ակտով սահմանվել է կերակրողին կորցնելու հետևանքով անչափահաս երեխաների կարիքները հատուցելու պարտավորություն4:

_________________________

4) Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

 

Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը և մերժելով ներկայացված միջնորդությունը, արձանագրել է, որ բացի ընդհանուր հիմունքներով անձին քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելու, ինչպես նաև դատապարտյալի վրա նրա ուղղմանը նպաստող պարտականություններ դնելու կամ դրանք փոխարինելու դեպքերի, դատարանը որևէ այլ լիազորություն չունի դադարեցնելու կամ սահմանափակելու պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում դատապարտյալի նկատմամբ իրականացվող վերահսկողությունը, այդ թվում` լիազորված չէ փորձաշրջանի ընթացքում դատապարտյալին թույլատրելու մեկնել արտերկիր: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը դատապարտյալի կողմից արտերկիր մեկնելու հանգամանքը չի դիտարկել նրա նկատմամբ իրականացվող վերահսկողության մեջ ներառվող գործողությունների կատարման հնարավորության համատեքստում5:

_________________________

5) Տե՛ս սույն որոշման 2-րդ և 5-րդ կետերը

 

13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-11.2-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու հետևանքով սահմանված փորձաշրջանի մեջ գտնվող դատապարտյալ Մ.Հովհաննիսյանին ՀՀ-ից բացակայելու թույլտվություն տալու լիազորությամբ Առաջին ատյանի դատարանն օժտված չէ, հիմնավոր են: Այլ կերպ` իրավաչափ են դատողություններն առ այն, որ փորձաշրջանի մեջ գտնվող դատապարտյալին աշխատանքի, բուժման կամ այլ նպատակներով ՀՀ-ից բացակայելու և արտերկիր մեկնելու թույլտվություն տալու լիազորություն դատարանին վերապահված չէ:

13.1. Հիմք ընդունելով սույն որոշման 11-11.2-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում համապատասխան հարցի լուծման հասցեատերը ոչ թե դատարանն է, այլ ՀՀ պրոբացիայի ծառայությունը` ի դեմս պրոբացիայի ծառայության ղեկավարի, ով կարող է այն լուծել` առաջնորդվելով սույն որոշման 11.1.-11.2-րդ կետերում սահմանված չափանիշներով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում գնահատման ենթարկելու այն հարցերը, թե դատապարտյալ Մ.Հովհաննիսյանի կողմից ՀՀ-ից բացակայելու և պրոբացիայի ծառայության տարածքային մարմին որոշակի ժամկետով չներկայանալու հիմքում ընկած հանգամանքը` արտերկրում աշխատելը, արդյո՞ք բացառիկ է, ինչո՞ւմ է դրսևորվում դրա բացառիկությունը, արդյո՞ք այդպիսի շահը գերակա է վերահսկողական համապատասխան գործողությունների նկատմամբ:

14. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տրվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի այն պետք է թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Դատապարտյալ Մհեր Սամվելի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 24-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.11.2018
N ԵՇԴ/0019/15/17
Որոշում