Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 25...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 25-ՐԴ, 126-ՐԴ, ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                   ԵՄԴ/0012/01/16

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵՄԴ/0012/01/16

Նախագահող դատավոր` Կ. Մարդանյան

    Դատավորներ`        Ն. հովակիմյան

                       Ա. Մնացականյան   

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`  Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ`  Հ. Ասատրյանի

                    դատավորներ        Ս. Ավետիսյանի

                                      Ե. Դանիելյանի

                                      Ա. Պողոսյանի

                                      Ս. Օհանյանի

                    

                    քարտուղարությամբ` Մ. Ավագյանի

                    մասնակցությամբ`   Դ. Մելքոնյանի

                    ՀՀ գլխավոր

                    դատախազի տեղակալ

 

    2018 թվականի դեկտեմբերի 24-ին ք.Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալներ Սեդրակ Սամվելի Նասոյանի և Արտյոմ Սոսի Ասրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 24-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2015 թվականի օգոստոսի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 16138715 քրեական գործը:

2015 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 16140415 քրեական գործը: Նույն օրը թիվ 16140415 քրեական գործը միացվել է թիվ 16138715 քրեական գործին, և նախաքննությունը շարունակվել է 16138715 համարով:

Նախաքննության մարմնի` 2015 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ Արտյոմ Սոսի Ասրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության մարմնի` 2015 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ Սեդրակ Սամվելի Նասոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 138-րդ հոդվածի 1-ին մասով:

2016 թվականի փետրվարի 10-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: 2016 թվականի փետրվարի 18-ին քրեական գործն ըստ ընդդատության ուղարկվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի ապրիլի 19-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է Ս.Նասոյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 138-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում, և նա արդարացվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Նույն դատավճռով ճանաչվել և հռչակվել է նաև Ա.Ասրյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում, և նա արդարացվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի ապրիլի 19-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մայիսի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ա.Ասրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(...) 2015 թվականի օգոստոսի 22-ի` լույս 23-ի գիշերը, Լուսինե Սամվելի Սարդարյանին առևանգելու շուրջ նախնական համաձայնության գալով ընկերոջ` Ս.Նասոյանի հետ, 2015 թվականի օգոստոսի 23-ին` ժամը 02:30-ի սահմաններում, Ս.Նասոյանի հետ գնացել է Լ.Սարդարյանի բնակության վայր` Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 21 շենք: Այնուհետև, Ս.Նասոյանը զանգահարել է Լ.Սարդարյանին և նրան դուրս կանչել: Լ.Սարդարյանի դուրս գալուց հետո Ս.Նասոյանը սկսել է վիճաբանել վերջինիս հետ, ապա պարզաբանումներ կատարելու պատրվակով պահանջել գնալ իր հետ, սակայն մերժում ստանալով, բռունցքով երկու անգամ հարվածել է Լ.Սարդարյանի գլխին ու սպառնացել իր առաջարկը չընդունելու դեպքում` վնասել նրա ընտանիքի անդամներին:

Դրանից հետո, Ա.Ասրյանը, բռնելով Լուսինե Սարդարյանի ձեռքերից, Ս.Նասոյանի հետ միասին Լ.Սարդարյանի կամքին հակառակ նրան իջեցրել է շենքի բակ, ապա շուրջ 200 մետր քայլելով հասել են Անդրանիկի փողոց, որտեղ նստեցրել են քննությամբ չպարզված տաքսի ավտոմեքենա, և Լ.Սարդարյանի կամքին հակառակ, նրան տեղափոխել Երևան քաղաքի Չեխովի փողոցի թիվ 30 հասցեում գործող «Գոռ և էդիկ» ՍՊԸ-ին պատկանող հյուրանոցային համալիր: (...)»1:

_______________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 124-125:

 

5.1. Ս.Նասոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 138-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(...) 2015 թվականի օգոստոսի 22-ի` լույս 23-ի գիշերը, Լուսինե Սամվելի Սարդարյանին առևանգելու շուրջ նախնական համաձայնության գալով ընկերոջ` Ա.Ասրյանի հետ, 2015 թվականի օգոստոսի 23-ին, ժամը 02:30-ի սահմաններում, Ա.Ասրյանի հետ գնացել է Լ.Սարդարյանի բնակության վայր` Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 21 շենք: Այնուհետև, Ս.Նասոյանը զանգահարել է Լ.Սարդարյանին և նրան դուրս կանչել: Լ.Սարդարյանի դուրս գալուց հետո Ս.Նասոյանն սկսել է վիճաբանել վերջինիս հետ, ապա պարզաբանումներ կատարելու պատրվակով պահանջել գնալ իր հետ, սակայն մերժում ստանալով, բռունցքով երկու անգամ հարվածել է Լ.Սարդարյանի գլխին ու սպառնացել իր առաջարկը չընդունելու դեպքում` վնասել նրա ընտանիքի անդամներին:

Դրանից հետո, Ս.Նասոյանը, Ա.Ասրյանի հետ միասին բռնելով Լ.Սարդարյանի ձեռքերից, վերջինիս կամքին հակառակ նրան իջեցրել է շենքի բակ, ապա շուրջ 200 մետր քայլելով հասել են Անդրանիկի փողոց, որտեղ նստեցրել են քննությամբ չպարզված տաքսի ավտոմեքենա և Լուսինե Սարդարյանի կամքին հակառակ նրան տեղափոխել Երևան քաղաքի Չեխովի փողոցի թիվ 30 հասցեում գործող «Գոռ և Էդիկ» ՍՊԸ-ին պատկանող հյուրանոցային համալիր, որտեղ բռնություն գործադրելով Լուսինե Սարդարյանի նկատմամբ, վերջինիս կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: (...)»2:

_______________________

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 157-158:

 

6. Առաջին ատյանի դատարանը դատավճռում արձանագրել է. «(...) Դատարանը, յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտնում է, որ ամբաստանյալներ Ս.Նասոյանին և Ա.Ասրյանին առաջադրված մեղադրանքներն ապացուցված չեն, առկա չէ նրանց կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցություն:

Այսպես, տուժող Լ.Սարդարյանի կողմից նախաքննության և դատաքննության ժամանակ տված ցուցմունքների բովանդակային վերլուծությունը, այդպիսիք գործով ձեռք բերված այլ փաստական տվյալների հետ համադրելը վկայում է այն մասին, որ վերջինիս կողմից ամբաստանյալների ուղեկցությամբ հյուրանոցային համալիր գնալը պայմանավորված չի եղել իր նկատմամբ գործադրված բռնությամբ, այն էլ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, իր կամքին հակառակ չի եղել, իսկ Ս.Նասոյանի հետ սեռական հարաբերություն ունենալու հանգամանքն ընդհանրապես ապացուցված չէ:

(...)

Դատաքննության ընթացքում տված ցուցմունքներում տուժողը մասնավորապես նշել է, որ հյուրանոցային համալիր գնացել է իր կամքով, տաքսու վարորդից ճանապարհին օգնություն չի խնդրել, որևէ օգնություն չի փորձել ստանալ նաև հյուրանոցային համարում գտնվելու ժամանակահատվածում:

Ուշագրավ է, որ թեև տուժողի տրամադրության տակ գտնվել է բջջային հեռախոսը, սակայն որևէ տեղ օգնության դիմելու նպատակով, նա չի զանգահարել: Ըստ տուժողի, միայն զանգել է իր ծանոթ ոմն Դավիթին, այն էլ իբր չի հաջողվել կապ հաստատել: Տուժողի կողմից շահագործված հեռախոսահամարների վերծանումների զննությամբ ոմն Դավիթին պատկանող հեռախոսահամարին որևէ ելքային զանգ չի կատարվել:

Դատարանը հարկ է համարում փաստել, որ տուժողի դատաքննական ցուցմունքի համաձայն` Լ.Սարդարյանն օգնության չի դիմել նաև հյուրանոցի աշխատակիցներ Է.Խաչատրյանին և Հ Դեմուրչյանին, երբ վերջիններս ներս են մտել համար:

Ինչ վերաբերում է առևանգման ենթադրյալ դրվագին` այն էլ «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ», ապա տուժող Լ.Սարդարյանը դատարանում ցուցմունք է տվել, որ չի հիշում անգամ, թե Արտյոմ Ասրյանը շքամուտքից իջեցնելիս իր ձեռքից բռնել է, թե ոչ:

(...)

Դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ առևանգվող անձը, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, չփորձի բղավել, աղմկել և օգնություն կանչել` այն էլ շքամուտքում և ուշ գիշերով, երբ ցանկացած բարձր ձայն լսելի կլիներ հարևանների, ինչպես նաև տուժողի մոր համար, ով գտնվել է տանը:

Դեռ ավելին, իրեն «առևանգողների» հետ տուժողը քայլել է փողոցով, տաքսի կանգնեցրել, իսկ մինչև հյուրանոց հասնելը, բազմաթիվ հնարավորություններ ունենալով դիմել թեԲ վարորդին, թեԲ մյուսներին «գրավատան և բենզալցակայանի աշխատակիցներին» որևէ գործողություն այդ ուղղությամբ չի ձեռնարկել:

Նույնանման վարքագիծ տուժողը դրսևորել է նաև հյուրանոցում, մինչդեռ, շատ հանգիստ օգնություն կարող էր խնդրել տեղի աշխատակիցներից և, ի վերջո, իր մոտ եղած բջջային հեռախոսով զանգել 1-02 ծառայություն կամ որևէ հարազատի կամ բարեկամի, այլ ոչ թե ոմն Դավիթի, ում ինքնությունը այդպես էլ հնարավոր չեղավ պարզել:

Թվարկված փաստարկների համատեքստում, տուժողի այն պատճառաբանությունները, թե իբր առևանգվելիս չի բղավել, օգնության չի դիմել, իսկ ապա Ս. Նասոյանի պահանջով կենակցել է հետը` վախենալով վերջինիս կողմից իր ընտանիքի անդամների հասցեին տված սպառնալիքներից, որևէ քննադատության չի դիմանում, առավել ևս այն պարագայում, որ հնչեցված ենթադրյալ սպառնալիքները կոնկրետ հանգամանքներում իրական դիտվել չէին կարող, այդպիսիք ռեալ վտանգ չեն ներկայացրել տուժողի և նրա ընտանիքի անդամների կյանքի և առողջության համար:

Դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել նաև, որ տուժող Լուսինե Սարդարյանն իր նկատմամբ կատարված ոտնձգությունից հետո ոստիկանություն չի դիմել, տևական ժամանակ անց` ժամը 16:40-ին, դիմել է «Էրեբունի» ԲԿ (շտապօգնության միջոցով), որտեղից ստացված ահազանգի հիման վրա հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչ Յու. Գասպարյանը և Լուսինե Սարդարյանից ընդունել հաղորդում:

Հարկ է նշել, որ հիվանդանոցում տուժողը հայտարարել է, որ շենքի բակից անհայտ անձը մեքենայով իրեն տեղափոխել է անծանոթ տարածք և ծեծի ենթարկել:

Առնվազն անհասկանալի և անտրամաբանական է, թե բռնաբարված լինելու դեպքում տուժողը ինչու պետք է այդ մասին ի սկզբանե չհայտներ, այլ ընդամենը նշեր իրեն ծեծելու հանգամանքի մասին: Այդ կապակցությամբ, որևէ հիմնավոր պատճառաբանություն տուժող Լ.Սարդարյանը չներկայացրեց նաև դատարանում:

Թեև տուժողի անձը, նախասիրությունները, հարաբերությունները մոր հետ որևէ նշանակություն չեն կարող ունենալ ենթադրյալ բռնաբարության դրվագով Լուսինե Սարդարյանի` որպես տուժող հանդես գալու հետ, այնուամենայնիվ, դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գործով ձեռք բերված տուժողի անձը բնութագրող հետևյալ փաստական տվյալներին.

Որպես վկա հարցաքննված տուժողի հետ նույն շենքում բնակվող, վերջինիս ընկերուհի Սիրանույշ Մելիքյանը մասնավորապես հայտնել է, որ Սեդրակ Նասոյանն ու Լուսինե Սարդարյանը եղել են սիրեկաններ, վերջինիցս տեղեկացել է, որ նախկինում սեռական հարաբերություն են ունեցել միմյանց հետ` հույս է ունեցել, որ Սեդրակը կհոգա իր և իր երեխայի կարիքները: Վկան հայտնել է նաև, որ Լուսինեն լարված հարաբերությունների մեջ է գտնվել մոր հետ, հաճախ վիճել են միմյանց հետ, հայհոյել, Լուսինեի դեմքը հաճախակի ուռած է եղել: Լուսինեն մշտապես տարբեր երիտասարդների հետ հաճախել է տարբեր «օբյեկտներ», իրեն պատմել, որ այդ շփումները գումար վաստակելու նպատակ են հետապնդում, անգամ նկարագրել է դեպք, երբ տուժողն իր տուն է բերել մի անծանոթ երիտասարդի, որի հետ մերկացել են իր ննջասենյակում:

Չի հավատում, որ Լուսինեին քաշած-տարած լինեն, իսկ Սեդրակը նրան բռնաբարի: Լուսինեն իրեն ասել է, որ Սեդրակից պահանջել է 5000 ԱՄՆ դոլար, Սեդրակը հրաժարվել է տալուց, ինչի համար դիմելու է ոստիկանություն:

Գործով վկա, տուժողի հարևանությամբ բնակվող Դավիթ Շահբազյանն իր տված ցուցմունքներում տուժող Լուսինե Սարդարյանին բնութագրել է որպես զրպարտող անձնավորության, նշել, որ նա մոր հետ գտնվել է լարված փոխհարաբերություններում, անգամ, միմյանց վրա ոստիկանությունում հաղորդումներ են տվել:

Վկան միաժամանակ նշեց, որ ամբաստանյալ Սեդրակ Նասոյանին «շառով են տվել», թե իբր բռնաբարել է: Հայտնեց նաև, որ տուժողը կամ մայրը ոստիկանությունից բողոքը ետ վերցնելու համար ամբաստանյալից պահանջել են 5000 ԱՄՆ դոլար:

Տուժող Լուսինե Սարդարյանի տված ցուցմունքների ոչ արժանահավատ լինելու մասին են վկայում նաև հյուրանոցային համալիրի աշխատակիցներ Հասմիկ Դեմուրչյանի և Էդգար Խաչատրյանի նույնաբովանդակ ցուցմունքներն այն մասին, որ դեպքի օրը հյուրանոցային համալիրում գտնվելու ժամանակ ամբաստանյալների և տուժողի կողմից զբաղեցրած համարից որևէ աղմուկ, օգնության կանչ, կանացի բղավոց չի եղել` հակառակ դեպքում կլսեին, ընդհանրապես որևէ արտասովոր բան չի արձանագրվել, տուժողը եղել է բազկաթոռին հանգիստ նստած, վերջինս օգնության չի դիմել: Բացի այդ, նշված համարի դուռը գտնվել է կիսաբաց վիճակում:

(...)

Անդրադառնալով գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների թիվ 2533 և թիվ 3416 եզրակացություններին` դատարանն արձանագրում է, որ հետևությունների մեջ նշված մարմնական վնասվածքներն ամբաստանյալ Սեդրակ Նասոյանի կողմից տուժողին պատճառած լինելու հանգամանքները բավարար չափով հիմնավորված չեն, առավել ևս հիմնավորված չէ, որ այդպիսիք պատճառվել են` տուժողին առևանգելուց կամ բռնաբարելուց` նրա դիմադրությունը հաղթահարելու համար:

(...)

Դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև գործով նշանակված դատակենսաբանական փորձաքննություններին:

Մեղադրանքի կողմը որպես Ս.Նասոյանին մեղսագրվող արարքը հիմնավորող ապացույց, նշել է նաև դատակենսաբանական փորձաքննության թիվ 366 եզրակացությունը, որի հետևության համաձայն` «Փորձաքննության ներկայացված ծեփի կտորներում և նրանցից վերցված քսվածքում հաստատվել է արյան առկայություն, որը պատկանում է մարդու», սակայն նշված արյան խմբային պատկանելիությունը հնարավոր չի եղել որոշել:

(...)

Ինչ վերաբերում է դատակենսաբանական փորձաքննությունների թիվ 353 և 412 եզրակացություններին, ապա դրանց հետևությունները որևէ կերպ չեն վիճարկվել նաև պաշտպանության կողմից, պարզապես հայտնաբերված հետքերի կապակցությամբ` ամբաստանյալ Ս.Նասոյանը ներկայացրել է իր պատճառաբանությունները:

(...)

Դատարանը միաժամանակ արձանագրում է, որ (...) տուժողի հեռախոսի զննությամբ հայտնաբերված հաղորդագրությունների բովանդակային վերլուծությունը բնավ էլ չի վկայում այն մասին, որ այդպիսիք նպատակ են հետապնդել ներում հայցել տուժողից` այն էլ` ենթադրյալ առևանգման կամ բռնաբարության համար: (...)»3:

_______________________

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 181-186:

 

6.1. Տուժող Լ.Սարդարյանն իր ցուցմունքներում նշել է, որ Ս.Նասոյանը ու Ա.Ասրյանը պարզաբանումներ կատարելու նպատակով պահանջել են գնալ իրենց հետ, իսկ երբ ինքը հրաժարվել է, Ս.Նասոյանը երկու անգամ բռունցքով հարվածել է գլխին, որից հետո Ա.Ասրյանի հետ միասին բռնել են իր ձեռքերից ու քաշելով իջեցրել ներքև: Լ.Սարդարյանը պնդել է նաև, որ հյուրանոցում Ս.Նասոյանը բռունցքով հարվածել է իր քթին, և այն արնահոսել է4:

_______________________

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 177, 179:

 

6.2. Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի գրության համաձայն` «Օգոստոսի 23-ին ժ. 17:55-ին «Էրեբունի» բ/կ-ից հաղորդում է ստացվել, որ շտապ օգնության 73-րդ խումբը քթի և ճակատի շրջանի կապտուկներով իրենց մոտ է տեղափոխել Լուսինե Սամվելի Սարդարյանին (...), ով հայտնել է, որ անհայտ անձն իր ա/մ-ով տեղափոխել է իրեն անծանոթ վայր, որտեղ էլ ծեծի է ենթարկել: (...)»5:

_______________________

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 3-6:

 

6.3. Ամբաստանյալ Ս.Նասոյանն իր ցուցմունքներում նշել է, որ շքամուտքում Լ.Սարդարյանի հետ զրույցի ընթացքում ասել է, որ անընդհատ չզանգահարի, քանի որ դրանից իր ընտանիքում վեճեր են ծագում, սակայն Լուսինեն հակադարձել է` ասելով` «լավ եմ անում» և դարձյալ հայհոյել է, ինչից զայրացած` ինքն ապտակել է նրան: Այնուհետև երեքով գնացել են հյուրանոց, ընթրելուց հետո Ա.Ասրյանը հեռացել է, իսկ ինքն ու Լուսինեն մնացել են հյուրանոցում, ունեցել են ոչ ավանդական սեռական հարաբերություն, որի նախաձեռնողը Լ.Սարդարյանն է եղել6:

_______________________

6 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 177, 179:

 

6.4. Ամբաստանյալ Ս.Նասոյանի կինը` որպես վկա հարցաքննված Ռ.Համբարձումյանը, նշել է, որ Լ.Սարդարյանից տեղեկացել է, որ իր ամուսինը հարբած վիճակում ծեծի է ենթարկել ու քարշ տվել նրան7:

_______________________

7 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 177-179:

 

6.5. Որպես վկա հարցաքննված Ս.Մելիքյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 24-ին Ս.Նասոյանը եկել է իր տուն ու պատմել, որ վիճաբանել է Լ.Սարդարյանի հետ, նրան երկու անգամ ապտակել է8:

_______________________

8 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 178-179:

 

6.6. Դատարանում որպես վկա հարցաքննված Հասմիկ Խանզադյանը ցուցմունք է տվել այն մասին, որ հանդիսանում է տուժող Լ.Սարդարյանի մայրը: Դեպքի օրը երեխայի հետ քնած է եղել և չի նկատել, թե ինչպես է Լուսինեն տանից դուրս եկել: Նա տուն է վերադարձել առավոտյան, երբ ինքը դարձյալ քնած է եղել: Հետո Լուսինեն իրեն վատ է զգացել, գանգատվել է գլխացավից, սրտխառնոցից, ինչի պատճառով շտապօգնություն են կանչել և նրան տեղափոխել են հիվանդանոց: Ինքը մնացել է երեխայի մոտ: Այնուհետև, ժամը 19-20:00-ի սահմաններում զանգահարել է Լուսինեի հեռախոսին, պարզվել է, որ ոստիկանությունում է9:

_______________________

9 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 180:

 

6.7. Լ.Սարդարյանի բջջային հեռախոսի զննության արձանագրության ուսումնասիրությունից երևում է, որ վերջինիս հեռախոսահամարին հաղորդագրություններ են ուղարկվել Ս.Նասոյանի և նրա կնոջ հեռախոսահամարներից, որոնցով վերջիններս ներողություն են խնդրել Լ.Սարդարյանից: Մասնավորապես, Ս.Նասոյանը ներողություն է խնդրել, նշել է` գիտի, որ նեղացած է, չի մեղադրում, խնդրել է վերցնել հեռախոսը: Ս.Նասոյանի կինը գրել է, որ ներողություն է խնդրում ամուսնու փոխարեն, խնդրել է հեռախոսազանգերին պատասխանել: Բացի այդ, ուղարկված հաղորդագրությամբ Լ.Սարդարյանից խնդրել են այդ հարցը լուծել` խոստանալով, որ այլևս երբեք չի կրկնվի10:

_______________________

10 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 51-52:

 

7. Դատաբժշկական փորձաքննության թիվ 2533 եզրակացության համաձայն` Լ.Սարդարյանի մարմնական վնասվածքները` ճակատային ձախ թմբկության շրջանի, ձախ աչքի ստորին կոպի, աջ բազկի մ/3-ի հետին մակերեսի, ձախ այտային շրջանի, աջ նախաբազկի վ/3-ի հետին մակերեսի, ձախ բազկի մ/3-ի առաջային մակերեսի, ձախ նախաբազկի մ/3-ի առաջային մակերեսի, ձախ բազկի վ/3-ի հետին մակերեսի, ձախ ազդրի վ/3- ի առաջակողմնային մակերեսի արյունազեղումների, աջ թիակային շրջանի, ձախ խնկահոդի քերծվածքների ձևերով, հասցվել են բութ, կոշտ առարկաներով, հնարավոր է նշված ժամկետում, չի բացառվում որոշման մեջ նկարագրված գործի հանգամանքներում, որոնք առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում11:

_______________________

11 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 98:

 

7.1. Դատաբժշկական փորձաքննության թիվ 3416 եզրակացության համաձայն` Լ.Սարդարյանի մոտ հայտնաբերվել է քթոսկրերի փակ բեկորային կոտրվածքներ, որոնք պատճառվել են բութ, կոշտ առարկաներով, հնարավոր է որոշման մեջ նշված ժամկետում, որը պատճառել է Լ.Սարդարյանի առողջությանը թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով12:

_______________________

12 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 209:

 

7.2. Դատակենսաբանական փորձաքննության թիվ 366 եզրակացության համաձայն` փորձաքննության ներկայացված պատի կտորի վրա հայտնաբերվել են մարդկային ծագման արյան հետքեր, որի խմբային պատկանելությունը պարզել չի հաջողվել13:

_______________________

13 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 149:

 

7.3. Դատակենսաբանական փորձաքննության թիվ 353 եզրակացության համաձայն` փորձաքննության ներկայացված պաստառի կտորի վրա հայտնաբերվել են մարդկային ծագման սերմնահեղուկի հետքեր14:

_______________________

14 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 146:

 

7.4. Դատակենսաբանական փորձաքննության թիվ 412 եզրակացության համաձայն` փորձաքննության ներկայացված պաստառի կտորի վրա հայտնաբերված մարդկային ծագման սերմնահեղուկի հետքերը` ըստ դրանցում հայտնաբերված արյան հակածինների, կարող էին թողնված լինել Ս.Նասոյանից15:

_______________________

15 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 184:

 

8. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալներ Սեդրակ Նասոյանին և Արտյոմ Ասրյանին առաջադրված մեղադրանքներում անմեղ ճանաչելու և արդարացնելու մասին Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և դրանում բերված հետևությունները հիմնավորված և պատճառաբանված են:

(...)

Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ Առաջին ատյանի դատարանը վկաներ Սիրանույշ Մելիքյանի և Դավիթ Շահբազյանի ենթադրությունների հիման վրա տրված ցուցմունքներով փորձել է բացասական բնութագրել տուժողին և վերջինիս նկատմամբ կիրառված բռնությունը վերագրել նրա մորը, ապա անհրաժեշտ է նշել, որ նշված փաստարկը չի բխում վիճարկվող դատական ակտից: Առաջին ատյանի դատարանը ընդամենը շարադրել է նշված վկաների ցուցմունքները: Իսկ տուժողի և նրա մոր միջև լարված հարաբերությունների մասին նշված վկաների հաղորդած տեղեկությունները հաստատվում են նաև տուժողի 2015 թվականի օգոստոսի 28-ի ցուցմունքով:

(...)

Ինչ վերաբերում է դատաբժշկական փորձաքննությունների թիվ 2533 և 3416 եզրակացությունների, ինչպես նաև դատակենսաբանական թիվ 366 եզրակացության վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին, ապա անհրաժեշտ է նշել հետևյալը.

- դատաբժշկական թիվ 2533 և 3416 փորձաքննությունների մասով Առաջին ատյանի դատարանը վիճարկվող դատական ակտով ըստ էության փաստել է ոչ թե տուժողի մոտ մարմնական վնասվածքների բացակայությունը, այլ բավարար չափով հիմնավորված չի համարել այդ վնասվածքները Սեդրակ Նասոյանի կողմից տուժողին պատճառելու հանգամանքը:

- Դատակենսաբանական թիվ 366 եզրակացության մասով Առաջին ատյանի դատարանը հանգել է հետևության, որ նշված փորձաքննության հետևությունը որևէ կերպ չի հիմնավորում Սեդրակ Նասոյանին մեղսագրվող արարքը: Վերաքննիչ դատարանն իր հերթին ևս արձանագրում է, որ նշված փորձաքննության եզրակացությամբ չի հիմնավորվում Սեդրակ Նասոյանին առաջադրված մեղադրանքը: Ավելին, Վերաքննիչ դատարանի ուշադրությունից չի վրիպում այն հանգամանքը, որ մինչ դեպքի վայրի զննությունը, տուժող Լուսինե Սարդարյանը, տալով երկու բացատրություն, ընդհանրապես չի նշել իր արյան հետքը պատին թողնված լինելու հանգամանքի մասին: Այլ դրա մասին նշել է իր մասնակցությամբ իրականացված դեպքի վայրի զննության ընթացքում: Իսկ դեպքի վայրի զննության արձանագրությունից երևում է, որ հյուրանոցային համարի սենյակի վերանորոգումը նոր չէ և պատի վրա առկա են տարբեր հետքեր: Նշված հանգամանքը չի բացառում, որ տուժողը, դեպքի վայրի զննության ընթացքում նկատելով արնանման հետք, մատնանշած լինի այն որպես իրենը: Հատկանշական է, որ 2015 թվականի օգոստոսի 25-ի դեպքի վայրի զննության ընթացքում տուժողը, պատի վրա մատնացույց անելով արնանման հետք, նշել է, որ այն թողնվել է իր կողմից, իսկ արդեն 2015 թվականի օգոստոսի 26-ի դեպքի վայրի զննության ընթացքում պատի վրա մատնացույց անելով երկու տեղ, նշել է, որ հնարավոր է իր արյունոտ մատը դիպած լինի: Սակայն առավել ուշագրավ է 2015 թվականի օգոստոսի 28-ին տված ցուցմունքը, որով տուժողը բառացի հայտնել է հետևյալը. «Նշեմ նաև, որ քթիցս արյուն էր գալիս, ես արյունոտ ձեռքով հենվեցի պատին ու արյան մի փոքր հետք մնացել էր պատին, բայց երբ զննության ժամանակ գնացինք, այդ հետքը չկար»:

Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի կողմից տուժողի բջջային հեռախոսի զննության արձանագրության գնահատման վերաբերյալ բողոքաբերի փաստարկին, ապա Վերաքննիչ դատարանի համար ընդունելի է Առաջին ատյանի դատարանի հետևությունները` նշված ապացույցի մասով:

(...)

Արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալներ Սեդրակ Նասոյանի և Արտյոմ Ասրյանի կողմից նրանց մեղսագրվող հանցանքները կատարված լինելու հանգամանքը հիմնավորված չէ գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված թույլատրելի ու վերաբերելի ապացույցների բավարար ամբողջությամբ, և այդ մեղադրանքներով նրանց նկատմամբ արդարացման դատական ակտ կայացնելով Առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ հետևության (...)»16:

_______________________

16 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 147-149:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքաբերի կարծիքով` ստորադաս դատարանները թույլ են տվել քրեադատավարական նորմերի էական խախտումներ, և կայացված որոշումները հակասում են Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումներին, ուստի, ենթակա են բեկանման:

Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ սույն գործով դատարանները պատշաճ չեն գնահատել գործում առկա ապացույցների ամբողջությունը և սխալ եզրահանգման են եկել ամբաստանյալներ Ս.Նասոյանի և Ա.Ասրյանի անմեղության հարցում: Մասնավորապես` Առաջին ատյանի դատարանը, տուժողի ցուցմունքներն անարժանահավատ գնահատելով, չի պարզաբանել, թե ցուցմունքներում առկա կոնկրետ որ փաստական հանգամանքների միջև հակասություններն են վկայում դրանց անարժանահավատության մասին: Անդրադառնալով ստորադաս դատարանների այն հետևությանը, որ առնվազն անհասկանալի և անտրամաբանական է տուժողի` իր բռնաբարության փաստի մասին անմիջապես իրավապահ մարմիններին չհայտնելը, բողոքաբերն ընդգծել է, որ այդ հանգամանքը գնահատելիս անհրաժեշտ էր հաշվի առնել ոչ միայն հանցավոր ներգործության արդյունքում տուժողի ֆիզիկական վիճակի, այլ նաև հոգեբանական վիճակի փոփոխությունը` պայմանավորված վերջինիս նկատմամբ կիրառված բռնության, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի հանգամանքներով, բացի այդ, դատարանները գործով ձեռք բերված ապացույցները գնահատելու փոխարեն, հիմնվել են տուժողի կողմից որոշակի գործողություն կատարելու կամ չկատարելու հանգամանքի վրա, ինչը սույն գործով գնահատման ենթակա չէ և չի մտնում ապացուցման առարկայի մեջ:

9.1. Պատշաճ ուշադրություն չի դարձվել նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, որով ևս հավաստվում է տուժողի կողմից ստացված մարմնական վնասվածքների առկայության փաստը: Այսպես` դատաբժշկական փորձաքննությամբ փաստված մարմնական վնասվածքների կապակցությամբ եզրահանգումները ամբողջությամբ հիմնավորվում են տուժողի դետալային ցուցմունքներով (պատճառման հանգամանքների, տեղակայման, վաղեմության վերաբերյալ): Դատարանները ուշադրություն չեն դարձրել այն հանգամանքին, որ մինչ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստանալը, տուժողն արդեն իսկ ցուցմունք էր տվել իր մարմնի վրա առկա վնասվածքների տեղակայման, դրանց պատճառման մեխանիզմի վերաբերյալ, ինչը հետագայում հաստատվել է փորձագետի եզրակացությամբ:

Բողոքի հեղինակը փաստել է նաև, որ ստորադաս դատարաններն անտեսել են Ս.Նասոյանի և նրա կնոջ կարճ հաղորդագրությունները` Լ.Սարդարյանից ներում ստանալու վերաբերյալ` այդպես էլ չհստակեցնելով` արդյոք տրամաբանական է երկու ապտակից հետո արված հյուրասիրությունից հետո ամբողջ ընտանիքով ներում հայցելը:

9.2. Այսպիսով, Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները, չհետևելով ապացույցների գնահատման և դրանց բավարարության վերաբերյալ ձևավորված իրավական դիրքորոշումներին, սխալ և յուրովի գնահատելով գործով ձեռք բերված ապացույցներն իրենց համակցության մեջ, ինչպես նաև ապացույց չհանդիսացող փաստական տվյալներին տալով ապացուցողական նշանակություն, եկել են սխալ եզրահանգման ամբաստանյալներին վերագրված արարքները հիմնավորված չլինելու վերաբերյալ, որի արդյունքում կայացրել են չհիմնավորված` դատական ակտեր:

10. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի ապրիլի 19-ի դատավճիռը, Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 24-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ստորադաս դատարանները, ամբաստանյալներ Ս.Նասոյանին և Ա.Ասրյանին առաջադրված մեղադրանքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ արդարացնելով, իրականացրե՞լ են արդյոք գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն:

i

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն` «Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ: (...)»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն` «Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:

i

Մեջբերված նորմերը վերլուծության ենթարկելիս, Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, ինչը` որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն մի կողմից պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Ընդ որում, թեև ապացույցները գնահատվում են ներքին համոզմունքի հիման վրա, այնուամենայնիվ, այն չի կարող կամայական լինել և պետք է բխի գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունից: Այլ կերպ` յուրաքանչյուր գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելիս (հանցագործության դեպքը և հանգամանքները, կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին, անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ և այլն) դատարանը կրում է առկա ապացույցները բարեխիղճ գնահատման ենթարկելու պարտականություն, ինչն էլ իր հերթին` պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների տեսքով17:

_______________________

17 Տե՛ս, mutatis mutandis, Մ.Հովհաննիսյանի և Ա.Մարտիրոսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08, Հ.Դավթյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0126/01/12 որոշումները:

 

i

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածը սահմանում է. «1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:

(...)

4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:

i

Դատական ակտի պատճառաբանված լինելու հատկանիշի առնչությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ դատական ակտերի պատճառաբանման պահանջը ոչ միայն արդարացիության կարևոր բաղադրատարր է, այլև անձի արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման կարևոր երաշխիք, ինչը դատավարության մասնակիցներին պաշտպանում է կամայականություններից:

Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս, և միևնույն ժամանակ, հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար: Քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է18:

_______________________

18 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ֆ.Գալստյանի վերաբերյալ գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09, Գ.Խնուսյանի վերաբերյալ գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12, Արսեն Մակարյանի վերաբերյալ գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15, Արամայիս Հակոբյանի վերաբերյալ գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0224/01/14 որոշումները:

 

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Ասրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել 2015 թվականի օգոստոսի 23-ին իր ընկերոջ` Ս.Նասոյանի հետ նախնական համաձայնությամբ Լ.Սարդարյանին առևանգելու և վերջինիս կամքին հակառակ, նրան Երևան քաղաքի Չեխով փողոցի թիվ 30 հասցեում գործող «Գոռ և էդիկ» ՍՊԸ-ին պատկանող հյուրանոցային համալիր տեղափոխելու համար19:

_______________________

19 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Ս.Նասոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 138-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել 2015 թվականի օգոստոսի 23-ին իր ընկերոջ` Ա.Ասրյանի հետ նախնական համաձայնությամբ Լ.Սարդարյանին առևանգելու և Երևան քաղաքի Չեխով փողոցի թիվ 30 հասցեում գործող «Գոռ և էդիկ» ՍՊԸ-ին պատկանող հյուրանոցային համալիր տեղափոխելու, ինչպես նաև Լ.Սարդարյանի նկատմամբ բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ, վերջինիս հետ սեռական հարաբերություն ունենալու համար20:

_______________________

20 Տե՛ս սույն որոշման 5.1.-րդ կետը:

 

Առաջին ատյանի դատարանը գործում առկա ապացույցների գնահատման արդյունքում գտել է, որ ամբաստանյալներ Ս.Նասոյանին և Ա.Ասրյանին առաջադրված մեղադրանքներն ապացուցված չեն, առկա չէ նրանց կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցություն:

Անդրադառնալով գործում առկա դատաբժշկական փորձաքննությունների` թիվ 2533 և թիվ 3416 եզրակացություններին` Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ հետևությունների մեջ նշված մարմնական վնասվածքներն ամբաստանյալ Ս.Նասոյանի կողմից տուժողին պատճառված լինելու հանգամանքը բավարար չափով հիմնավորված չէ21:

_______________________

21 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

Վերաքննիչ դատարանը համաձայնվել է Առաջին ատյանի դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումներին, և դատական ակտը թողել է անփոփոխ22:

_______________________

22 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

15. Սույն գործի փաստական տվյալների համակարգված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ Ա.Ասրյանի և Ս.Նասոյանի արարքներում բացակայում են համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 138-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմերի հատկանիշները, հիմնավորված և պատճառաբանված են, իսկ դրանց կապակցությամբ` վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները չեն բխում սույն գործի հանգամանքներից:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ստորադաս դատարանները պատշաճ վերլուծության չեն ենթարկել ամբաստանյալ Ս.Նասոյանի կողմից Լ.Սարդարյանի գլխին երկու անգամ բռունցքով հարվածելու, Ա.Ասրյանի հետ միասին նրան քաշելով շենքի բակ իջեցնելու, այնուհետև Ս.Նասոյանի կողմից հյուրանոցում բռունցքով Լ.Սարդարյանի քթին հարվածելու վերաբերյալ վերջինիս ցուցմունքները և գործում առկա ապացույցների համակցությունը:

Այսպես` տուժող Լ.Սարդարյանն իր ցուցմունքներում մշտապես նշել է, որ Ս.Նասոյանը երկու անգամ բռունցքով հարվածել է իր գլխին, որից հետո Ա.Ասրյանի հետ միասին բռնել է իր ձեռքերից ու քաշելով իջեցրել ներքև: Լ.Սարդարյանը պնդել է նաև, որ հյուրանոցում Ս.Նասոյանը բռունցքով հարվածել է իր քթին, և այն արնահոսել է:

Գործում առկա փորձագետի` թիվ 2533 եզրակացության համաձայն` Լ.Սարդարյանին մարմնական վնասվածքներ են հասցվել ճակատային ձախ թմբկության շրջանի, ձախ աչքի ստորին կոպի, աջ բազկի հետին մակերեսի, ձախ այտային շրջանի, աջ նախաբազկի հետին մակերեսի, ձախ բազկի առաջային մակերեսի, ձախ նախաբազկի առաջային մակերեսի, ձախ բազկի հետին մակերեսի, ձախ ազդրի առաջակողմնային մակերեսի արյունազեղումների, աջ թիակային շրջանի, ձախ խնկահոդի քերծվածքների ձևերով: Վնասվածքները հասցվել են բութ, կոշտ առարկաներով, որոնք առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում: Դատաբժշկական փորձաքննության թիվ 3416 եզրակացության համաձայն` Լ.Սարդարյանի մոտ հայտնաբերվել է քթոսկրի փակ բեկորային կոտրվածք, որը Լ.Սարդարյանի առողջությանը պատճառել է թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով` հնարավոր է որոշման մեջ նշված ժամկետում23:

_______________________

23 Տե՛ս սույն որոշման 6.1-րդ, 7-7.1-րդ կետերը:

 

Մինչդեռ, ստորադաս դատարանների դատական ակտերի ուսումնասիրությունից երևում է, որ դատաբժշկական փորձաքննությունների վերոնշյալ եզրակացությունները գնահատման չեն ենթարկվել տուժողի ցուցմունքների համատեքստում, հաշվի չի առնվել այն, որ տուժողը մանրամասն ցուցմունք է տվել մարմնական վնասվածքների տեղակայման, դրանց պատճառման մեխանիզմի վերաբերյալ, ինչը հետագայում հաստատվել է նաև փորձագետի եզրակացությամբ:

15.1. Ինչ վերաբերում է տուժողի մարմնական վնասվածքները Ս.Նասոյանի կողմից պատճառելու հանգամանքը բավարար չափով հիմնավորված չլինելու վերաբերյալ ստորադաս դատարանների դիրքորոշմանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները, նման հետևության գալով, գործում առկա ապացույցները չեն գնահատել իրենց համակցության մեջ: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` նման հետևությունը որոշ փաստական տվյալների` ապացույցների ամբողջ զանգվածից կտրված վերլուծելու, առկա ապացույցներն ամբողջության մեջ չդիտարկելու արդյունք է:

Մասնավորապես, Լ.Սարդարյանի և ամբաստանյալների ցուցմունքներով հաստատվել է, որ 2015 թվականի օգոստոսի 23-ին` ժամը 02:30-ի սահմաններում, Ս.Նասոյանը և Ա.Ասրյանը գնացել են Լ.Սարդարյանի բնակության վայր, նրա հետ վիճաբանություն են ունեցել, այնուհետև գնացել են հյուրանոց24:

_______________________

24 Տե՛ս սույն որոշման 6.1-րդ և 6.3-րդ կետերը:

 

Տուժողի մայրը` Հ.Խանզադյանը, իր ցուցմունքում նշել է, որ դեպքի օրը երեխայի հետ քնած է եղել և չի նկատել, թե ինչպես է Լուսինեն տանից դուրս եկել: Վերջինս վերադարձել է առավոտյան, երբ ինքը դարձյալ քնած է եղել, հետո իրեն վատ է զգացել, գանգատվել է գլխացավից, սրտխառնոցից, ինչի պատճառով շտապօգնություն են կանչել և նրան տեղափոխել են հիվանդանոց25:

_______________________

25 Տե՛ս սույն որոշման 6.6-րդ կետը:

 

«Էրեբունի» բ/կ-ից օգոստոսի 23-ին` ժամը 17:55-ին, ստացված հաղորդման համաձայն` շտապօգնության 73-րդ խումբը քթի և ճակատի շրջանում կապտուկներով հիվանդանոց է տեղափոխել Լ.Սարդարյանին26:

_______________________

26) Տե՛ս սույն որոշման 6.2-րդ կետը:

 

Այլ կերպ` մեջբերված փաստական տվյալներով հաստատվում է, որ տուժողի մարմնական վնասվածքները պատճառվել են 2015 թվականի օգոստոսի 22-ի լույս 23-ի գիշերը: Առավոտյան Լ.Սարդարյանը վերադարձել է տուն, օրվա մեջ իրեն վատ է զգացել, գանգատվել է գլխացավից, սրտխառնոցից, ինչի պատճառով շտապօգնություն են կանչել: Շտապօգնության խումբը նրան քթի և ճակատի շրջանում կապտուկներով տեղափոխել է հիվանդանոց:

Ավելին` Ս.Նասոյանն իր ցուցմունքներում ընդունել է, որ դեպքի օրը մեկ անգամ ապտակել է Լ.Սարդարյանին: Համաձայն վկա Ս.Մելիքյանի ցուցմունքների` 2015 թվականի օգոստոսի 24-ին Ս.Նասոյանը եկել է իր տուն ու պատմել, որ վիճաբանել է Լ.Սարդարյանի հետ, նրան երկու անգամ ապտակել է: Ամբաստանյալ Ս.Նասոյանի կինը` վկա Ռ.Համբարձումյանն էլ նշել է, որ Լ.Սարդարյանից տեղեկացել է, որ իր ամուսինը հարբած վիճակում ծեծի է ենթարկել ու քարշ տվել նրան27:

_______________________

27 Տե՛ս սույն որոշման 6.4-րդ և 6.5-րդ կետերը:

 

Բացի այդ, Լ.Սարդարյանի բջջային հեռախոսի զննության արձանագրությունից երևում է, որ նրա հեռախոսահամարին հաղորդագրություններ են ուղարկվել Ս.Նասոյանի և նրա կնոջ հեռախոսահամարներից, որոնցով վերջիններս ներողություն են խնդրել Լ.Սարդարյանից28:

_______________________

28 Տե՛ս սույն որոշման 6.7-րդ կետը:

 

Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի այն փաստարկին, որ տուժողի հեռախոսի զննությամբ հայտնաբերված հաղորդագրությունների բովանդակային վերլուծությունը բնավ էլ չի վկայում, որ այդպիսիք նպատակ են հետապնդել ներում հայցել տուժողից, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի կողմից այդ փաստարկի հետ համաձայնվելուն, ապա Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ նման դիրքորոշումը չի բխում տվյալ ապացույցի բովանդակությունից, այն բավարար չափով հիմնավորված և պատճառաբանված չէ:

16. Ընդհանրացնելով սույն որոշման 14-15.1-րդ կետերում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն ամբաստանյալներ Ա.Ասրյանի և Ս.Նասոյանի կողմից տուժողի նկատմամբ ենթադրաբար բռնություն գործադրելու և նրան մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքը պարզելու ուղղությամբ չեն իրականացրել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, ապացույցները չեն գնահատել իրենց համակցության մեջ, ինչի արդյունքում հանգել են միայն Ս.Նասոյանի կողմից տուժողին մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքը հիմնավորված չլինելու մասին չպատճառաբանված և ոչ համոզիչ հետևության:

Մասնավորապես, առկա չէ որևէ ողջամիտ բացատրություն Լ.Սարդարյանի ստացած մարմնական վնասվածքների կապակցությամբ, դրանք չեն գնահատվել տուժողի ցուցմունքների, փորձաքննությունների եզրակացությունների, ինչպես նաև ամբաստանյալների, վկաներ Հ.Խանզադյանի, Ս.Մելիքյանի և Ռ.Համբարձումյանի ցուցմունքների, տուժողի բջջային հեռախոսի զննության արձանագրության համատեքստում:

17. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, ամբաստանյալներ Ս.Նասոյանին և Ա.Ասրյանին առաջադրված մեղադրանքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ արդարացնելով, գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն չեն իրականացրել:

18. Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ստորադաս դատարանների դատական ակտերում տեղ գտած որոշ ձևակերպումների:

Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը նշել է, որ թեև տուժողի անձը, նախասիրությունները, հարաբերությունները մոր հետ որևէ նշանակություն չեն կարող ունենալ ենթադրյալ բռնաբարության դրվագով Լ.Սարդարյանի` որպես տուժող հանդես գալու հետ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է համարում անդրադառնալ գործով ձեռք բերված տուժողի անձը բնութագրող փաստական տվյալներին: Արդյունքում` Առաջին ատյանի դատարանը մեջ է բերել վկաների ցուցմունքների այն հատվածը, որը վերաբերում է Լ.Սարդարյանի անձնական կյանքին, նրա ունեցած հարաբերություններին, բարոյական նկարագրին, ենթադրյալ հանցագործության զոհ դառնալու վերաբերյալ նրանց պատկերացումներին29:

_______________________

29 Տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը:

 

Վերաքննիչ դատարանը վերոնշյալի կապակցությամբ նշել է, որ Առաջին ատյանի դատարանն ընդամենը շարադրել է նշված վկաների ցուցմունքները:

i

«Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 2-րդ հոդվածի (զ) կետի համաձայն` «Մասնակից պետությունները դատապարտում են կանանց նկատմամբ խտրականությունն իր բոլոր ձևերով, համաձայնում են բոլոր համապատասխան միջոցներով և առանց հապաղելու վարել կանանց նկատմամբ խտրականության վերացման քաղաքականություն և այդ նպատակով պարտավորվում են.

(...)

ձեռնարկել բոլոր համապատասխան, ներառյալ` օրենսդրական միջոցները փոխելու կամ վերացնելու համար այն գործող օրենքները, ենթաօրենսդրական ակտերը, սովորույթներն ու պրակտիկան, որոնք ներկայացնում են խտրականություն կանանց նկատմամբ (...)»:

i

Նույն կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր համապատասխան միջոցառումները.

(ա) փոխելու տղամարդկանց ու կանանց վարքագծի սոցիալական և մշակութային մոդելները` նախապաշարմունքների ու սովորույթների և բոլոր այլ պրակտիկաների վերացմանը հասնելու նպատակով, որոնք հիմնված են այս կամ այն սեռի ստորադասության կամ առավելության, կամ տղամարդկանց ու կանանց ստերեոտիպային դերի գաղափարի վրա (...)»:

Մեջբերված վերոնշյալ կոնվենցիոն նորմերի բովանդակությունից բխում է, որ իրավական ընթացակարգերը պետք է լինեն անկողմնակալ ու արդար, և չպետք է պայմանավորված լինեն որևէ կարծրատիպով կամ նախապաշարմունքով: Խոսքը հատկապես վերաբերում է սեռական հանցագործություններին, որոնց վերաբերյալ գործեր քննելիս դատարանները չպետք է հիմնվեն կարծրատիպերի և ենթադրությունների, տուժողի անձնական հատկանիշների, ունեցած կապերի ու հարաբերությունների վրա, որպիսի հանգամանքները կոնկրետ գործի շրջանակներում չեն կարող որևէ նշանակություն ունենալ անձի` ենթադրյալ հանցագործությունից տուժած լինելու հանգամանքը հաստատված համարելիս30:

_______________________

30 Տե՛ս, mutatis mutandis, Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի 2010 թվականի հուլիսի 16-ի N 18/2008 որոշումը:

 

Մինչդեռ, Առաջին ատյանի դատարանը, թեև նշել է, որ վերոթվարկյալ հանգամանքները որևէ նշանակություն չեն կարող ունենալ ենթադրյալ բռնաբարության դրվագով Լ.Սարդարյանի` որպես տուժող հանդես գալու հանգամանքը հաստատելիս, այնուամենայնիվ, դատական ակտում դրանք մեջբերելով` ըստ էության, փորձել է անձի անձնական ու բարոյական հատկանիշներով ևս ամրապնդել իր դիրքորոշման հիմնավորվածությունը, ինչը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, անթույլատրելի է:

19. Ամփոփելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 126-րդ, 127-րդ հոդվածների խախտումներ, կայացրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտեր, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` քրեադատավարական օրենքի էական խախտում է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը, վերացնելով արձանագրված խախտումները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, պետք է հանգի համապատասխան հետևության:

20. Անդրադառնալով ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սեդրակ Սամվելի Նասոյանի և Արտյոմ Սոսի Ասրյանի նկատմամբ որպես խափանման միջոց պետք է ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալներ Սեդրակ Սամվելի Նասոյանի և Արտյոմ Սոսի Ասրյանի վերաբերյալ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի ապրիլի 19-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 24-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Ամբաստանյալներ Սեդրակ Սամվելի Նասոյանի և Արտյոմ Սոսի Ասրյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել` ստորագրություն չհեռանալու մասին:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.12.2018
N ԵՄԴ/0012/01/16
Որոշում