Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՇՏՊԱՆԻ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՇՏՊԱՆԻ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՏՃ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ԵԴ/0126/06/18  

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0126/06/18

Նախագահող դատավոր` Ա. Դանիելյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`  Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ`  Հ. Ասատրյանի

                    դատավորներ        Ս. Ավետիսյանի

                                      Ե. Դանիելյանի

                                      Ա. Պողոսյանի

                                      Ս. Օհանյանի

                    

                    քարտուղարությամբ` Մ. Ավագյանի

 

2018 թվականի դեկտեմբերի 24-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սահակ Յուրիկի Վարդանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի ապրիլի 18-ի որոշման դեմ մեղադրյալ Ս.Վարդանյանի պաշտպան Կ.Ղազարյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի մարտի 28-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 11167118 քրեական գործը:

Նույն օրը Սահակ Վարդանյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի մարտի 30-ի որոշմամբ Ս.Վարդանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:

2. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի մարտի 30-ի որոշմամբ Ս.Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով: Նույն որոշմամբ մերժվել է կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը:

3. Պաշտպան Կ.Ղազարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ բողոքը թողել է առանց քննության:

4. Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրյալ Ս.Վարդանյանի պաշտպան Կ.Ղազարյանը:

Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Մեղադրյալ Ս.Վարդանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և այն գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպանության կողմը ստացել է 2018 թվականի մարտի 30-ին1:

________________________

1) Տե՛ս նյութեր, թերթեր 51, 53:

 

6. Մեղադրյալ Ս.Վարդանյանի պաշտպան Կ.Ղազարյանը 2018 թվականի ապրիլի 4-ին ներկայացրել է չստորագրված վերաքննիչ բողոք2:

________________________

2) Տե՛ս նյութեր, թերթեր 60-72:

 

7. Պաշտպան Կ.Ղազարյանը 2018 թվականի ապրիլի 7-ին դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան` հայտնելով, որ. «(...) ժամանակի սուղ լինելու և շտապողականության պատճառով տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ` բողոքը ներկայացվել է անստորագիր: (...) Սույն դիմումով ներկայացնում եմ բողոքի համապատասխան էջն իմ ստորագրությամբ»3:

________________________

3) Տե՛ս նյութեր, թերթեր 76-77:

 

8. Վերաքննիչ դատարանը, իր որոշմամբ հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին և 2-րդ մասին, առանց քննության է թողել պաշտպանի վերաքննիչ բողոքը` նշելով, որ. «(...) մեղադրյալ Ս.Վարդանյանի շահերի պաշտպանի կողմից չի պահպանվել վերաքննիչ բողոքին առաջադրվող պահանջը` կոնկրետ դեպքում (վերաքննիչ բողոքարկման համար նախատեսված ժամկետում) ներկայացված վերաքննիչ բողոքը ստորագրված չէ, այսինքն` վերաքննիչ բողոքում առկա չէ բողոք ներկայացնող անձի ստորագրությունը, ինչը հիմք է այն առանց քննության թողնելու:

Ինչ վերաբերում է մեղադրյալ Ս.Վարդանյանի շահերի պաշտպանի կողմից, այնուհետև` արդեն իսկ 2018 թվականի ապրիլի 7-ի թվագրմամբ (վերաքննիչ բողոքարկման համար նախատեսված ժամկետը լրանալուց հետո) ներկայացված դիմումին և դրան կից ներկայացված առանձին (բողոքի համապատասխան էջն իր ստորագրությամբ) ստորագրությանը, ինչպես նաև դրանում տեղ գտած պատճառաբանություններին` տեխնիկական վրիպակի և այլնի վերաբերյալ, ապա նշված հանգամանքն ինքնին այն (...) վերաքննիչ բողոքին առաջադրվող պահանջներին համապատասխան ներկայացված դիտարկելու առնչությամբ որևէ իրավական հետևանք առաջացնել չեն կարող»4:

________________________

4) Տե՛ս նյութեր, թերթեր 81-82:

 

i

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

9. Պաշտպան Կ.Ղազարյանի համոզմամբ` Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ հոդվածների պահանջները` կայացնելով ոչ իրավաչափ դատական ակտ:

Ի հիմնավորումը վերոշարադրյալ փաստարկի` բողոքի հեղինակը, վերլուծելով ՀՀ սահմանադրական դատարանի` թիվ ՍԴՈ-1290, Վճռաբեկ դատարանի` թիվ ԵԿԴ/0016/11/15 և թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշումները, նշել է, որ Վերաքննիչ դատարանը չի ապահովել Ս.Վարդանյանի խախտված իրավունքների վերականգնման արդյունավետ դատական պաշտպանությունը: Բողոքաբերի կարծիքով` վերաքննիչ բողոքում իր ստորագրության բացակայությունը տեխնիկական վրիպակ է, և թույլ տրված ձևական սխալը վերացրած լինելու պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից բողոքն առանց քննության թողնելն անհամաչափ և ձևական մոտեցում է: Վերաքննիչ դատարանի գործողությունները, ըստ բողոք բերած անձի, խաթարում են բողոքարկման և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքները:

9.1 Բողոքաբերը գտել է նաև, որ իրավաչափ չեն բողոքարկման ժամկետների վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները, քանի որ կալանավորման միջնորդությունը բավարարելու հետ մեկտեղ գրավի միջնորդությունը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչ դատարան կարող է բողոքարկվել տասնօրյա ժամկետում:

10. Վերոնշյալի հիման վրա պաշտպան Կ.Ղազարյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. պաշտպան Կ.Ղազարյանի վերաքննիչ բողոքը ստորագրված չլինելու պատճառաբանությամբ առանց քննության թողնելն արդյո՞ք հանգեցրել է մեղադրյալ Ս.Վարդանյանի դատական մատչելիության իրավունքի խախտման:

i

12. ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` «Վերաքննիչ բողոքը պետք է բովանդակի` բողոք ներկայացնող անձի ստորագրությունը»:

13. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող դատական մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- դատական մատչելիության իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով5,

________________________

5) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:

 

- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը6,

________________________

6) Տե՛ս նույն տեղում:

 

- դատական մատչելիության իրավունքի սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն7,

________________________

7) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Khalfaoui v. France գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:

 

- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա8:

________________________

8) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:

 

Դատական մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի9:

________________________

9) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Efstathiou and others v. Greece գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:

 

i

14. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով դատական մատչելիության իրավունքը` Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ դատական մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները10:

________________________

10) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ:

 

i

15. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ նաև` Սահմանադրական դատարան) 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ փաստել է. «(...) Վերաքննիչ բողոքում հայտնաբերված թերությունների կամ սխալների նկատմամբ պետք է դրսևորվի տարբերակված մոտեցում, ինչի հետևանքով անհրաժեշտ կլինի նաև սահմանազատել դրանցից հետևող հնարավոր իրավական հետևանքները: Եթե ձևական պահանջների խախտման դեպքում չափազանց խիստ հետևանքներ նախատեսելը կսահմանափակի անձի հիմնական իրավունքի իրացման հնարավորությունը, ապա բովանդակային պահանջների խախտման հանդեպ անհամաչափ մեղմ գնահատականը կարող է այդ իրավունքի չարաշահման նախադրյալներ ստեղծել:

(...)

Այսպիսով, եթե վերաքննիչ բողոք ներկայացրել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է (բացակայում է այն վերականգնելու հիմնավոր որևէ պատճառ), կամ այն բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման և նման այլ այնպիսի հիմքերի առկայությամբ, երբ անձը վերաքննիչ դատարանի գնահատմամբ փաստի ուժով, իրավական տեսանկյունից օբյեկտիվորեն անկարող է իրացնել դատական բողոքարկման իր իրավունքը, ապա վերջինիս իրացման արգելքը, ինչը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասում, իրավական պատշաճ գործընթացի արդյունքում կարող է գնահատվել իրավաչափ: Մինչդեռ, վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող բնույթով ձևական որևէ նախապայմանի խախտման հիմքով, երբ առկա է այն շտկելու իրավական ողջամիտ հնարավորություն, անձին Սահմանադրությամբ երաշխավորված դատական բողոքարկման իր իրավունքի իրացումից զրկելը, սահմանափակելը, Սահմանադրական դատարանի գնահատմամբ, չի կարող բխել մարդու իրավունքների ու ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման և իրացման սահմանադրորեն ամրագրված սկզբունքներից, ինչպես նաև այդ բնագավառում հանրային իշխանությանն առաջադրված սահմանադրաիրավական նպատակներից: Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ վեճի առարկա իրավակարգավորմամբ նախատեսված ձևական պահանջների չպահպանման հիմքով, սահմանափակելով անձի հիմնական իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, այդ թվում` արդարադատության մատչելիության իրավունքը, խախտվել է Սահմանադրության 78-րդ հոդվածում ամրագրված համաչափության սկզբունքը: Սահմանադրության 75-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության տեսանկյունից այդ իրավակարգավորումը չի համապատասխանում իրավունքների ու ազատությունների արդյունավետ իրականացման ընթացակարգի չափանիշներին:

(...)

Սահմանադրական դատարանը նաև գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթը` վերաքննիչ բողոքի ներկայացման շրջանակներում չի կարող ընկալվել և կիրառվել որպես բողոքը դատարանի կողմից վերադարձնելու իրավական հիմք, եթե առկա է հիշյալ նորմում մատնանշված սխալները շտկելու և բողոքը կրկին ներկայացնելու ողջամիտ հնարավորություն (...)»11:

________________________

11) Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշումը, 4.3-4.5-րդ կետերը:

 

15.1. Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի` «Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, (...), վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության» դրույթն այնքանով, որքանով բացառում է վերաքննիչ բողոքին ներկայացվող ձևական և իրավունքի իրացման համար էական խոչընդոտ չհանդիսացող պահանջներին անհամապատասխանության դեպքում բողոք ներկայացրած անձի կողմից այն շտկելու և կրկին վերաքննիչ դատարան ներկայացնելու իրավական հնարավորությունը, հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 69-րդ, 75-րդ և 78-րդ հոդվածներին12:

________________________

12) Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետը:

 

15.2. Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև փաստել, որ թեև Սահմանադրական դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի վիճարկվող դրույթը ճանաչելով ՀՀ Սահմանադրությանը հակասող, դրա ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2018 թվականի դեկտեմբերի 1-ը, միևնույն ժամանակ ընդգծել է, որ պետք է հաշվի առնվի իր կողմից կայացված որոշման հրապարակման դրությամբ և մինչև համապատասխան օրենսդրական կարգավորումն ընկած ժամանակահատվածում անձանց` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկման իրենց իրավունքի իրացման երաշխավորման անհրաժեշտությունը13:

________________________

13) Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետը:

 

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

ա) մեղադրյալ Ս.Վարդանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և այն գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մարտի 30-ի որոշումը նույն օրը հանձնվել է պաշտպանության կողմին14,

________________________

14) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

բ) մեղադրյալ Ս.Վարդանյանի պաշտպան Կ.Ղազարյանը 2018 թվականի ապրիլի 4-ին ներկայացրել է չստորագրված վերաքննիչ բողոք15,

________________________

15) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

գ) պաշտպան Կ.Ղազարյանը 2018 թվականի ապրիլի 7-ին դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան` հայտնելով, որ տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ` բողոքը բերվել է չստորագրված` միաժամանակ ներկայացնելով բողոքի համապատասխան էջն իր ստորագրությամբ16,

________________________

16) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

դ) Վերաքննիչ դատարանը 2018 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ առանց քննության է թողել պաշտպանի վերաքննիչ բողոքը` ստորագրված չլինելու պատճառաբանությամբ: Անդրադառնալով պաշտպանի կողմից ներկայացված դիմումին` Վերաքննիչ դատարանը նշել է, որ դիմումը ներկայացվել է վերաքննիչ բողոքարկման ժամկետը լրանալուց հետո և որևէ իրավական հետևանք առաջացնել չի կարող17:

________________________

17) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

i

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-15.2-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից պաշտպան Կ.Ղազարյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելն անհամաչափորեն սահմանափակել է մեղադրյալի դատական մատչելիության իրավունքը:

Մասնավորապես, վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող` բողոքի ստորագրման իր բնույթով ձևական պահանջը չպահպանելու հիմքով վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը մեղադրյալին զրկել է դատական բողոքարկման իր իրավունքից` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ պաշտպանի կողմից թույլ տրված ձևական սխալն ուղղվել է, և բողոքի համապատասխան էջն իր ստորագրությամբ ներկայացվել է Վերաքննիչ դատարան: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, թե ներկայացված դիմումը որևէ իրավական հետևանք առաջացնել չի կարող հիմնավոր չէ` հաշվի առնելով նաև, որ Վերաքննիչ դատարանը ներկայացված դիմումը ժամկետանց համարելիս ուշադրության չի արժանացրել այն, որ դիմումը ներկայացվել է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու և գրավի կիրառումը մերժելու վերաբերյալ մեկ միասնական դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված տասնօրյա ժամկետում18:

________________________

18) Տե՛ս Դավիթ Հակոբյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ՏԴ/0004/06/16 որոշումը:

 

Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պաշտպան Կ.Ղազարյանի վերաքննիչ բողոքը ստորագրված չլինելու պատճառաբանությամբ առանց քննության թողնելը հանգեցրել է մեղադրյալ Ս.Վարդանյանի դատական մատչելիության իրավունքի խախտման:

18. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործի ելքի վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի ապրիլի 18-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է ըստ էության քննության առնի վերաքննիչ բողոքը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Սահակ Յուրիկի Վարդանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի ապրիլի 18-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.12.2018
N ԵԴ/0126/06/18
Որոշում