ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 հոկտեմբերի 2019 թվականի N 1472-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1026-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերի պահանջները`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 1-ի «Թվայնացման խորհուրդ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1026-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
i
2) որոշման 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-րդ կետով.
i
«2. Հաստատել Թվայնացման խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:».
4) «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.
i
5) հավելվածը «Ա. Անափիոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ» բառերից հետո լրացնել «Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ» բառերով.
6) որոշումը լրացնել նոր` N 2 հավելվածով` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը թվայնացման ոլորտում համակարգող Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին (այսուհետ` փոխվարչապետ)` թվայնացման ոլորտում բարեփոխումների իրականացման նպատակով ձևավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմն ու աշխատակարգը մինչև 2019 թվականի հոկտեմբերի 25-ը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի 15
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. հոկտեմբերի 15-ի
N 1472-Ա որոշման
«Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2019 թ. օգոստոսի 1-ի
N 1026-Ա որոշման
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգը կարգավորում է Թվայնացման խորհրդի (այսուհետ` խորհուրդ) և աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Գործունեության ընթացքում խորհուրդը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:
3. Խորհրդի գործառույթները սահմանվում են սույն աշխատակարգով:
4. Խորհրդի կազմը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, իսկ աշխատանքային խմբի անհատական կազմը` փոխվարչապետի որոշմամբ:
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Խորհրդի գործունեության նպատակն է պետական կառավարման համակարգի և տնտեսության թվայնացման ապահովումը, թվային հմտությունների զարգացման խթանումը, ինչպես նաև թվայնացման ոլորտում պետական գերատեսչությունների աշխատանքների ներդաշնակեցումը` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հաստատված կառավարության ծրագիրը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելուց առաջ` թվայնացմանը վերաբերող բոլոր ռազմավարական և ծրագրային փաստաթղթերը ներկայացվում են խորհրդի կարծիքին:
7. Խորհրդի խնդիրներն են`
1) թվայնացման ոլորտի բարեփոխումներին վերաբերող ռազմավարական գերակայությունների և ուղղությունների, ծրագրի նախագծերի, փաստաթղթերի նախագծերի քննարկումը, ներդաշնակեցումը և կարծիքի ներկայացումը Հայաստանի Հանրապետության վարչապետին.
2) թվայնացման ոլորտին վերաբերող քաղաքականությունների ներդաշնակեցումը.
3) թվայնացման ոլորտում ներգրավված միջազգային երկկողմ և բազմակողմ կազմակերպությունների հետ համագործակցության ներդաշնակեցումը:
III. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Խորհրդի գործառույթներն են`
1) խորհրդի գործունեության հետ կապված առանձին հարցերի քննարկումը և որոշումների ընդունումը.
2) խորհրդի քննարկմանը ներկայացված հարցերի վերաբերյալ տեղեկանքների ներկայացումը Հայաստանի Հանրապետության վարչապետին.
3) աշխատանքային խմբի գործունեության համակարգումը.
4) աշխատանքային խմբի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների քննարկումը և հաստատումը:
IV. ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
9. Խորհրդի քարտուղարության գործառույթը վերապահվում է փոխվարչապետի գրասենյակին` որպես գլխավոր տեղեկատվական համակարգողի գրասենյակի:
10. Քարտուղարության գործառույթներն են`
1) գլխավոր տեղեկատվական համակարգողի համակարգման և ներդաշնակեցման գործառույթների իրականացմանն աջակցությունը.
2) խորհրդի աշխատանքների կազմակերպումը և սպասարկումը.
3) զարգացման գործընկերների հետ համագործակցության կազմակերպումը.
4) աշխատանքային խմբի աշխատանքների վերաբերյալ խորհրդին պարբերական հաշվետվողականության ապահովումը.
5) խորհրդի որոշումների կատարման ընթացքի մշտադիտարկումը:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
11. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի և շրջաբերական գրությունների միջոցով: Խորհրդի հերթական նիստերը գումարվում են տարին առնվազն երկու անգամ:
12. Խորհրդի տարեկան նիստերից մեկը նվիրված է լինում միջազգային երկկողմ և բազմակողմ կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերի քննարկմանը:
13. Խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ կարող են գումարվել արտահերթ նիստեր:
14. Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` խորհրդի անդամներից որևէ մեկը` խորհրդի նախագահի ցուցումով:
15. Խորհրդի նախագահի կամ քարտուղարության կողմից աշխատանքային գործընթացը խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում կազմակերպվում է գրավոր հաղորդակցության միջոցով:
16. Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ընթացքում խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
17. Խորհրդի աշխատանքներին մասնակցելու նպատակով խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են հրավիրվել Հայաստանի Հանրապետության կառավարության` խորհրդի կազմում չընդգրկված անդամները:
18. Խորհրդի նիստերին կարող են հրավիրվել խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի մասով պետական մարմինների համապատասխան ներկայացուցիչներ, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ, պետական գերատեսչությունների, միջազգային ֆինանսական կառույցների և զարգացման գործընկերների ներկայացուցիչներ:
19. Անհրաժեշտության դեպքում աշխատանքային խմբերին մասնագիտական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակով կարող են ներգրավվել փորձագետներ:
20. Խորհրդի նիստի օրակարգում նշվում են`
1) խորհրդի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.
2) քննարկման ենթակա հարցերը.
3) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը:
21. Խորհրդի նիստի օրակարգը և օրակարգի հարցերի շուրջ առկա նյութերը խորհրդի անդամներին տրամադրվում են էլեկտրոնային եղանակով խորհրդի նիստի անցկացումից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:
22. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման մասին համապատասխան ներկայացուցչի զեկուցմամբ:
23. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհրդի նիստերի արձանագրումն ապահովում է քարտուղարությունը:
24. Խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրվում է խորհրդի նիստի անցկացման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում և տրամադրվում խորհրդի անդամներին և աշխատանքային խմբի ղեկավարին:
25. Խորհրդի նիստերի արձանագրությունները պահվում են փոխվարչապետի գրասենյակում:
VI. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
26. Խորհրդի նախագահը`
1) հրավիրում և նախագահում է խորհրդի նիստերը.
2) ստորագրում է խորհրդի նիստերի արձանագրությունները.
3) որոշում է կայացնում խորհրդի նիստերին մասնակցելու համար հրավիրվող անձանց վերաբերյալ.
4) խորհրդի նիստերի ընթացքում կարող է տալ ցուցումներ ու հանձնարարականներ.
5) իրականացնում է սույն աշխատակարգի դրույթներից բխող այլ գործառույթներ:
27. Խորհրդի անդամը`
1) անձամբ մասնակցում է խորհրդի նիստերին և աշխատանքներին, իսկ մասնակցության անհնարինության դեպքում` խորհրդի նախագահի համաձայնությամբ նիստին մասնակցում է խորհրդի անդամի կողմից մատնանշված այլ անձ.
2) կարող է խորհրդի քննարկմանը ներկայացնել հարցեր` համապատասխան հիմնավորմամբ.
3) խորհրդի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնում է բանավոր կամ գրավոր կարծիք.
4) քվեարկում է խորհրդի օրակարգում ներառված հարցերի շուրջ կայացվող որոշումների համար.
5) խորհրդի կողմից ընդունված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում ներկայացնում է գրավոր (հատուկ) կարծիք.
6) խորհրդի նախագահի հանձնարարությամբ` հանդես է գալիս որպես հարցը նախապատրաստող և զեկուցող.
7) խորհրդում քննարկված հարցերի վերաբերյալ իրազեկում է իր կողմից ներկայացվող գերատեսչությանը, ինչպես նաև զեկուցում է գերատեսչության կողմից կատարված աշխատանքների մասին:»: