Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 231-ՐԴ, 237...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 231-ՐԴ, 237-ՐԴ, 238-ՐԴ, ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ

    դատարանի որոշում                       թիվ ՎԴ/6171/05/15

    Վարչական գործ թիվ ՎԴ/6171/05/15        2019թ.

Նախագահող դատավոր` Ք. Մկոյան

    Դատավորներ`        Ա. Առաքելյան

                       Գ. Ղարիբյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի օգոստոսի 01-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մարտին Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.12.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մարտին Մկրտչյանի ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության (այսուհետ` Նախարարություն)` Նախարարության աշխատակազմի ղեկավարի 03.03.2014 թվականի թիվ 376-Ա հրամանն անվավեր ճանաչելու և իրավունքը վերականգնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Մարտին Մկրտչյանը պահանջել է անվավեր ճանաչել Նախարարության աշխատակազմի ղեկավարի 03.03.2014 թվականի թիվ 376-Ա հրամանը և որպես ածանցյալ պահանջ` «վերականգնել իր իրավունքը»:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 24.05.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է և Նախարարության աշխատակազմի ղեկավարի 03.03.2014 թվականի թիվ 376-Ա հրամանը ճանաչվել է անվավեր:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.12.2016 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 24.05.2016 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարտին Մկրտչյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 231-րդ, 237-րդ, 238-րդ, 239-րդ հոդվածները, խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ, 56-րդ, 57-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Մարտին Մկրտչյանի և Նախարարության միջև չի կնքվել լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Նախարարության աշխատակազմի ղեկավարի 03.03.2014 թվականի թիվ 376-Ա հրամանի հիմքում ընկած են իրար հակասող երկու ապացույցներ, այն է` փորձագետի եզրակացությունը և անհատ ձեռնարկատեր Հայկ Գևորգյանի տեղեկանքը, որոնք բովանդակում են իրարամերժ տվյալներ Նախարարությանը պատճառված վնասի չափի վերաբերյալ: Հետևաբար սույն գործով վիճարկվող վարչական ակտը որոշակի չէ, քանի որ չի պարունակում նշում այն մասին, թե Մարտին Մկրտչյանը վերջապես ինչ չափով է ենթարկվում նյութական պատասխանատվության: Փաստորեն, Նախարարության աշխատակազմի ղեկավարի 03.03.2014 թվականի թիվ 376-Ա հրամանից հստակ չի երևում, թե Մարտին Մկրտչյանի վրա ինչ պարտականություն է դրվում: Ավելին, վիճարկվող վարչական ակտում նշված չէ, թե Նախարարությունը ինչ փաստական տվյալների վրա է հիմնվել նման ակտ կայացնելիս:

Այսպիսով, Նախարարության աշխատակազմի ղեկավարի 03.03.2014 թվականի թիվ 376-Ա հրամանը չի համապատասխանում վարչական ակտին ներկայացվող որոշակիության և հիմնավորվածության պահանջներին և ենթակա է անվավեր ճանաչման:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.12.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 15.07.2013 թվականին Նախարարության աշխատակազմի ՊՀՀՏ Այրում-Ջիլիզայի սանիտարական կարանտինային կետի պետ Մարտին Մկրտչյանի և Նախարարության միջև կնքվել է «Նյութական պատասխանատվության մասին» պայմանագիր, որով Մարտին Մկրտչյանին է կցագրվել 2007 թվականի արտադրության «Շևրոլե-Նիվա 2130» մակնիշի, գույնը` արծաթափայլ, «578 OU 64» հաշվառման համարանիշի ավտոմեքենան: Պայմանագրի համաձայն` Նախարարության աշխատակազմը հանձնարարել է, իսկ Մարտին Մկրտչյանը ստանձնել է պատասխանատվություն` Նախարարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված և իրեն կցագրված տրանսպորտային միջոցին կամ վերջինով պատճառված վնասի, ինչպես նաև Մարտին Մկրտչյանի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում նյութական պատասխանատվության կիրառման գործընթացի վերաբերյալ:

Նույն պայմանագրի 4.3-րդ կետի համաձայն` Մարտին Մկրտչյանը պարտավոր է հատուցել գործատուին պատճառված վնասը լրիվ ծավալով, բայց ոչ ավելի նրա երեք ամսվա միջին աշխատավարձի չափից, բացառությամբ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Պայմանագրի 4.4-րդ կետի համաձայն` հատուցվող պատճառված վնասի չափը որոշվում է ապահովագրական ընկերության կողմից վնասի գնահատման չափով կամ Նախարարության հետ «Տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման» պայմանագիր կնքած ընկերության կողմից կատարված ծախսերի չափով: Պայմանագրի 5.4.8-րդ կետի համաձայն` Մարտին Մկրտչյանը պարտավոր է լրիվ հատուցել իր մեղքով տրանսպորտային միջոցին կամ վերջինով պատճառված վնասը (հատոր 1-ին, գ.թ. 104-110):

2) Նոյեմբերյանի քննչական բաժանմունքի քննիչի կողմից 23.10.2013 թվականին կայացված «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» թիվ Մ/Ն-40 որոշման համաձայն` Մարտին Մկրտչյանը 26.09.2013 թվականին` ժամը 23:00-ի սահմաններում, վարելով Նախարարության աշխատակազմի կողմից տրամադրված «Շևրոլե-Նիվա» մակնիշի «578 OU 64» հաշվառման համարանիշի ավտոմեքենան, թույլ է տվել Ճանապարհային երթևեկության կանոնների 65-րդ և 66-րդ կետերի ու «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջներին հակասող գործողություններ, որոնց արդյունքում բախվել է ճանապարհի ձախ կողմում գտնվող գազատար խողովակին, ապա ժայռաբեկորին և ենթարկվել վթարի (հատոր 1-ին, գ.թ. 72-74):

3) Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության փորձաքրեագիտական խմբի փորձագետի կողմից 10.10.2013 թվականին կազմվել է համապատասխան եզրակացություն, որով վթարված «Շևրոլե-Նիվա» մակնիշի «578 OU 64» հաշվառման համարանիշի ավտոմեքենային պատճառված նյութական վնասի չափը գնահատվել է 1.046.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 24-26):

4) Նախարարության հետ «Տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման» պայմանագիր կնքած անհատ ձեռնարկատեր Հայկ Գևորգյանի կողմից 28.11.2013 թվականին կազմված տեղեկանքի համաձայն` «Շևրոլե-Նիվա» մակնիշի «578 OU 64» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վերանորոգման շուկայական արժեքը կազմում է 2.284.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 70):

5) Նախարարության աշխատակազմի ղեկավարի 03.03.2014 թվականի թիվ 376-Ա հրամանի համաձայն` Նախարարության աշխատակազմի պետական առողջապահական տեսչության հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետ Մարտին Մկրտչյանը ենթարկվել է նյութական պատասխանատվության. հրամայվել է 2014 թվականի մարտ ամսից սկսած Մարտին Մկրտչյանի աշխատավարձից կատարել պահումներ` յուրաքանչյուր ամիս նրա աշխատավարձի 50 տոկոսի չափով: Նշված հրամանի ընդունման համար Նախարարության աշխատակազմի ղեկավարը հիմք է ընդունել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 22-րդ գլխի պահանջները, ՀՀ կառավարության 15.08.2002 թվականի թիվ 1300-Ն որոշման հավելված 1-ով հաստատված` Նախարարության կանոնադրության 43-րդ կետի «զ» ենթակետը, Նախարարության աշխատակազմի ղեկավարի 24.10.2013 թվականի թիվ 248-Ա հրամանը, Նախարարության աշխատակազմի ղեկավարի և Մարտին Մկրտչյանի միջև 15.07.2013 թվականի «Նյութական պատասխանատվության մասին» պայմանագիրը, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժանմունքի պետից ստացված «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշումը` կից 10.10.2013 թվականի թիվ 75-ԱՊ փորձագետի եզրակացությամբ, անհատ ձեռնարկատեր Հայկ Գևորգյանի կողմից 28.11.2013 թվականին կազմված տեղեկանքը, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի հրամանատարի 18.02.2014 թվականի թիվ 87/ՃՈ-410 գրությամբ ստացված տեղեկատվությունը, Նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի 27.02.2014 թվականի զեկուցագիրը (հատոր 1-ին, գ.թ. 23):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` վարչական ակտին ներկայացվող որոշակիության և հիմնավորվածության պահանջների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք Մարտին Մկրտչյանին նյութական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Նախարարության աշխատակազմի ղեկավարի 03.03.2014 թվականի թիվ 376-Ա հրամանը համապատասխանում է վարչական ակտին ներկայացվող որոշակիության և հիմնավորվածության պահանջներին:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` գրավոր վարչական ակտին ներկայացվում են հետևյալ պահանջները. վարչական ակտն իր բովանդակությամբ պետք է համապատասխանի դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջներին, նշում պարունակի այն բոլոր էական փաստական և իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտը պետք է ձևակերպվի հստակ և հասկանալի:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական ակտի բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որպեսզի դրա հասցեատիրոջ համար ակնառու լինի, թե իրեն ինչ իրավունք է տրամադրվում, իր որ իրավունքն է սահմանափակվում, իրեն ինչ իրավունքից են զրկում, կամ իր վրա ինչ պարտականություն է դրվում:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը (...):

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` (...) անհատական կամ ներքին իրավական ակտի նախաբանում կամ բովանդակության մեջ պետք է նշվի, թե որ նորմատիվ իրավական ակտի, դրա մասի համաձայն կամ ի կատարումն է ընդունվում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտը` որպես անհատական իրավական ակտի տարատեսակ, պետք է համապատասխանի իրավական որոշակիության սկզբունքին, այսինքն` պետք է լինի որոշակի, ավարտուն, ձևակերպված լինի հստակ, որը կբացառի երկիմաստությունը և տարակարծությունը:

i

ՀՀ սահմանադրական դատարանը 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավական որոշակիության, իրավական անվտանգության և օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերը: Առավել ևս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները: Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում` իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներում անդրադարձել է վարչական ակտերին ներկայացվող որոշակիության պահանջին` արտահայտելով այն իրավական դիրքորոշումը, որ իրավական որոշակիության սկզբունքը տարածվում է բոլոր իրավական ակտերի վրա: Օրենսդիրը վարչական ակտերի համար իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքը կոնկրետացրել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածում: Օրենսդիրը սահմանել է, որ վարչական ակտը պետք է ձևակերպվի հստակ և հասկանալի, միաժամանակ, վարչական ակտի բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որպեսզի դրա հասցեատիրոջ համար ակնառու լինի, թե իրեն ինչ իրավունք է տրամադրվում, իր որ իրավունքն է սահմանափակվում, իրեն ինչ իրավունքից են զրկում, կամ իր վրա ինչ պարտականություն է դրվում:

Այսպիսով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածում ամրագրված վարչական ակտի որոշակիության պահանջն իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի մասնավոր դրսևորում է: Հաշվի առնելով վարչական ակտի որոշակիության սկզբունքի կարևորությունը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ որևէ վարչական ակտ չի կարող համարվել իրավաչափ, եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին (տե՛ս ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ընդդեմ «Կրիստալ» ՍՊԸ-ի ՎԴ/65320/03/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.06.2014 թվականի որոշումը):

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ և 57-րդ հոդվածների վկայակոչված իրավական նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտերը պետք է հիմնավորված լինեն. օրենսդիրը սահմանել է, որ վարչական ակտի հիմնավորումներում պետք է անպայման նշվեն համապատասխան վարչական ակտն ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը, այսինքն` վարչական մարմինը վարչական ակտն ընդունելիս պարտավոր է վարչական ակտում նշել այն բոլոր փաստական հանգամանքները և իրավական հիմքերը, որոնք հիմք են հանդիսացել տվյալ վարչական ակտն ընդունելու համար:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներում անդրադարձել է վարչական ակտի հիմնավորվածության հարցին` արձանագրելով, որ վարչական ակտը հիմնավորելու` վարչական մարմնի պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել վարչական վարույթի մասնակիցների սուբյեկտիվ իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը (տե՛ս Գիթա Հեյդարիմարանջեհն ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության թիվ ՎԴ/6781/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդրի կողմից վարչական ակտի հիմնավորում պարունակելու պահանջն ինքնանպատակ չէ, այն հնարավորություն է տալիս շահագրգիռ անձանց, ովքեր համաձայն չեն ընդունված վարչական ակտի հետ, վարչական բողոք կամ դատարան հայց ներկայացնելով, գործնականում իրացնել իրենց արդյունավետ իրավական պաշտպանության և դատարան դիմելու հիմնարար իրավունքները: Միաժամանակ վարչական մարմնի կողմից ընդունված հիմնավորված վարչական ակտը գործնականում իրական հնարավորություն է տալիս վարչական բողոքը քննարկող վարչական մարմնին կամ դատարանին պարզելու այն փաստական և իրավական հիմքերը, որոնք վարչական ակտն ընդունած վարչական մարմինը դրել է իր որոշման հիմքում (տե՛ս «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2127/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Մարտին Մկրտչյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Նախարարության աշխատակազմի ղեկավարի 03.03.2014 թվականի թիվ 376-Ա հրամանը: Նշված վարչական ակտով Նախարարության աշխատակազմի ծառայող Մարտին Մկրտչյանը ենթարկվել է նյութական պատասխանատվության. հրամայվել է 2014 թվականի մարտ ամսից սկսած Մարտին Մկրտչյանի աշխատավարձից կատարել պահումներ` յուրաքանչյուր ամիս նրա աշխատավարձի 50 տոկոսի չափով: Այդ հրամանի ընդունման համար Նախարարության աշխատակազմի ղեկավարը հիմք է ընդունել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 22-րդ գլխի պահանջները, ՀՀ կառավարության 15.08.2002 թվականի թիվ 1300-Ն որոշման հավելված 1-ով հաստատված` Նախարարության կանոնադրության 43-րդ կետի «զ» ենթակետը, Նախարարության աշխատակազմի ղեկավարի 24.10.2013 թվականի թիվ 248-Ա հրամանը, Նախարարության աշխատակազմի ղեկավարի և Մարտին Մկրտչյանի միջև 15.07.2013 թվականի «Նյութական պատասխանատվության մասին» պայմանագիրը, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժանմունքի պետից ստացված «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշումը` կից 10.10.2013 թվականի թիվ 75-ԱՊ փորձագետի եզրակացությամբ, անհատ ձեռնարկատեր Հայկ Գևորգյանի կողմից 28.11.2013 թվականին կազմված տեղեկանքը, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի հրամանատարի 18.02.2014 թվականի թիվ 87/ՃՈ-410 գրությամբ ստացված տեղեկատվությունը, Նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի 27.02.2014 թվականի զեկուցագիրը:

Դատարանը բավարարել է Մարտին Մկրտչյանի հայցը` անվավեր ճանաչելով Նախարարության աշխատակազմի ղեկավարի 03.03.2014 թվականի թիվ 376-Ա հրամանը: Դատարանը վճռի հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Մարտին Մկրտչյանի և Նախարարության միջև 15.07.2013 թվականին կնքված պայմանագիրը չի հանդիսանում լիակատար նյութական պատասխանատվությամբ պայմանագիր: Հետևաբար, Մարտին Մկրտչյանը պարտավոր էր հատուցել Նախարարությանը պատճառված վնասը միայն իր երեք ամսվա միջին աշխատավարձի սահմաններում: Բացի այդ, Դատարանը գտել է, որ վիճարկվող հրամանն ընդունվել է իրավահարաբերության ծագման պահին գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի խախտմամբ: Ավելին` հրամանից պարզ չէ, թե կոնկրետ որքան գումար է կազմել հատուցման ենթակա վնասը, և յուրաքանչյուր ամիս կոնկրետ որքան գումար պետք է պահվի Մարտին Մկրտչյանի աշխատավարձից:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Նախարարության վերաքննիչ բողոքը, բեկանել և փոփոխել է Դատարանի վճիռը` մերժելով հայցը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Մարտին Մկրտչյանի և Նախարարության միջև 15.07.2013 թվականին կնքված պայմանագրով Մարտին Մկրտչյանը ստանձնել է Նախարարությանը պատճառվելիք վնասների հատուցման լրիվ պատասխանատվություն: Նախարարությանը հասցված վնասի չափը որոշվում է Նախարարության և «Տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման» պայմանագիր կնքած ընկերության կողմից կատարված ծախսերի չափով: Տվյալ դեպքում վնասի չափը հիմնված է անհատ ձեռնարկատեր Հայկ Գևորգյանի կողմից տրված տեղեկանքի վրա և կազմում է 2.284.000 ՀՀ դրամ: Հետևաբար, ըստ Վերաքննիչ դատարանի` վիճարկվող հրամանը հիմնավորված ու որոշակիություն պարունակող վարչական ակտ է և ենթակա չէ անվավեր ճանաչման:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Նախ` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտը հիմնված է 15.07.2013 թվականին Նախարարության ծառայող Մարտին Մկրտչյանի և Նախարարության միջև կնքված «Նյութական պատասխանատվության մասին» պայմանագրի վրա: Այդ պայմանագրով Մարտին Մկրտչյանին է կցագրվել 2007 թվականի արտադրության «Շևրոլե-Նիվա 2130» մակնիշի, գույնը` արծաթափայլ, «578 OU 64» հաշվառման համարանիշի ավտոմեքենան: Պայմանագրի համաձայն` Նախարարության աշխատակազմը հանձնարարել է, իսկ Մարտին Մկրտչյանը ստանձնել է պատասխանատվություն` Նախարարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված և իրեն կցագրված տրանսպորտային միջոցին կամ վերջինով պատճառված վնասի, ինչպես նաև Մարտին Մկրտչյանի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում նյութական պատասխանատվության կիրառման գործընթացի վերաբերյալ: Նույն պայմանագրի 4.3-րդ կետի համաձայն` Մարտին Մկրտչյանը պարտավոր է հատուցել գործատուին պատճառված վնասը լրիվ ծավալով, բայց ոչ ավելի նրա երեք ամսվա միջին աշխատավարձի չափից, բացառությամբ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Պայմանագրի 4.4-րդ կետի համաձայն` հատուցվող պատճառված վնասի չափը որոշվում է ապահովագրական ընկերության կողմից վնասի գնահատման չափով կամ Նախարարության հետ «Տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման» պայմանագիր կնքած ընկերության կողմից կատարված ծախսերի չափով: Պայմանագրի 5.4.8-րդ կետի համաձայն` Մարտին Մկրտչյանը պարտավոր է լրիվ հատուցել իր մեղքով տրանսպորտային միջոցին կամ վերջինով պատճառված վնասը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 04.12.2001 թվականին, ուժը կորցրել է 01.07.2018 թվականին) 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացիական ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական ծառայողի` որպես աշխատողի կողմից աշխատանքային գործունեության արդյունքում պատճառված վնասների հատուցման վերաբերյալ քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ առանձնահատկություններ սահմանված չեն: Հետևաբար, այս իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի են ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթները:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 238-րդ հոդվածի համաձայն` աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած վնասը լրիվ ծավալով, բայց ոչ ավելի նրա երեք ամսվա միջին աշխատավարձի չափից, բացառությամբ նույն օրենսգրքի 239-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 239-րդ հոդվածի համաձայն` աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած վնասը լրիվ ծավալով, եթե`

1) վնասը պատճառվել է դիտավորությամբ.

2) վնասը պատճառվել է աշխատողի հանցավոր գործունեության հետևանքով.

3) աշխատողի հետ կնքվել էր լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր.

4) վնասը պատճառվել է աշխատանքի համար նրան տրված անհրաժեշտ գործիքների, սարքավորումների, հատուկ հագուստի և անհատական ու կոլեկտիվ պաշտպանության այլ միջոցների, ինչպես նաև նյութերի, կիսաֆաբրիկատների կամ արտադրանքի կորստի հետևանքով.

5) վնասը պատճառվել է այնպիսի եղանակով կամ այնպիսի գույքի, որի դեպքում օրենքով սահմանված է լիակատար գույքային պատասխանատվություն.

6) վնասը պատճառվել է ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշումներում անդրադառնալով աշխատանքային հարաբերություններում վնասի ինստիտուտի առանձնահատկություններին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ աշխատանքային հարաբերություններում վնասի ինստիտուտի առանձնահատկությունները հանգում են հետևյալին` պատճառված վնասի համար պատասխանատվության ընդհանուր պայմաններին ավելանում են ևս երկու պայման, այն է` վնաս պատճառողն ու տուժողն իրավունքների խախտման պահին եղել են աշխատանքային հարաբերությունների մեջ, և վնասի առաջացումը կապված է աշխատանքային գործունեության հետ: Ընդ որում, պատճառված վնասի համար պատասխանատվության մյուս տարրերն աշխատողի նյութական պատասխանատվության դեպքում հարկ է դիտարկել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 237-րդ հոդվածի համատեքստում, որը թվարկում է աշխատողի նյութական պատասխանատվության դեպքերը` սպառիչ սահմանելով վնաս պատճառելուն ուղղված հակաիրավական վարքագծի դրսևորումները:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ աշխատանքային հարաբերություններում սահմանված է աշխատողի ոչ լրիվ ծավալով` սահմանափակ նյութական պատասխանատվություն, բացառությամբ օրենքով հստակ սահմանված դեպքերի: Ընդ որում, այդ դեպքերի վերլուծությունից հետևում է, որ լիակատար պատասխանատվություն սահմանվում է կա՛մ աշխատողի այնպիսի վարքագծի արդյունքում, որն առավել վտանգավոր է (վնասը պատճառվել է դիտավորությամբ, հանցավոր գործունեության արդյունքում կամ ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ), կա՛մ այնպիսի դեպքերում, որոնք սահմանված են պայմանագրով կամ օրենքով (աշխատողի հետ կնքվել է լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր, կամ վնասը պատճառվել է այնպիսի եղանակով կամ այնպիսի գույքի, որի դեպքում օրենքով սահմանված է լիակատար գույքային պատասխանատվություն), կա՛մ եթե վնասը պատճառվել է կոնկրետ գույքի (վնասը պատճառվել է աշխատանքի համար նրան տրված անհրաժեշտ գործիքների, սարքավորումների, հատուկ հագուստի և անհատական ու կոլեկտիվ պաշտպանության այլ միջոցների, ինչպես նաև նյութերի, կիսաֆաբրիկատների կամ արտադրանքի կորստի հետևանքով): Մնացած բոլոր դեպքերում աշխատողը կրում է ոչ լրիվ ծավալով նյութական պատասխանատվություն (տե՛ս «ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ» ՍՊԸ-ն ընդդեմ Գագիկ Հովհաննիսյանի թիվ ԵԱԴԴ/3614/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ 15.07.2013 թվականին Նախարարության աշխատակից Մարտին Մկրտչյանի և Նախարարության միջև կնքված «Նյութական պատասխանատվության մասին» պայմանագրի վերլուծությունից հետևում է, որ Մարտին Մկրտչյանի և Նախարարության միջև կնքվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 238-րդ հոդվածի պահանջներին համապատասխան նյութական պատասխանատվության մասին պայմանագիր, ինչից հետևում է, որ տվյալ աշխատանքային հարաբերություններում սահմանված է աշխատողի ոչ լրիվ ծավալով` սահմանափակ նյութական պատասխանատվություն, բացառությամբ օրենքով հստակ սահմանված դեպքերի: Հետևաբար, եթե Մարտին Մկրտչյանի մեղքով Նախարարությանը պատճառված վնասի չափը գերազանցում է վերջինիս երեք ամսվա միջին աշխատավարձի չափը, ապա Նախարարությունը կարող է Մարտին Մկրտչյանին ենթարկել նյութական պատասխանատվության միայն վերջինիս երեք ամսվա միջին աշխատավարձի չափով:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նախարարության աշխատակազմի ղեկավարի 03.03.2014 թվականի թիվ 376-Ա վիճարկվող հրամանից պարզ չէ թե՛ պատճառված նյութական վնասի կոնկրետ չափը, թե՛ նյութական պատասխանատվության կոնկրետ չափը: Վիճարկվող հրամանում չկա որևէ նշում այն մասին, որ Մարտին Մկրտչյանի նկատմամբ կիրառված նյութական պատասխանատվության չափը չի կարող գերազանցել վերջինիս երեք ամսվա միջին աշխատավարձի չափը: Ավելին` հրամանի հիմքում դրվել են վնասի չափի վերաբերյալ հակասական տեղեկատվություն տրամադրող երկու տարբեր փաստաթղթեր` ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության 10.10.2013 թվականի թիվ 75-ԱՊ փորձագիտական եզրակացությունը, որով վթարված ավտոմեքենային պատճառված նյութական վնասի չափը գնահատվել է 1.046.000 ՀՀ դրամ, և անհատ ձեռնարկատեր Հայկ Գևորգյանի կողմից կազմված տեղեկանքը, որով ավտոմեքենային պատճառված վնասի չափը որոշվել է 2.284.000 ՀՀ դրամ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Նախարարության աշխատակազմի ղեկավարի 03.03.2014 թվականի թիվ 376-Ա հրամանի ուսումնասիրությունից հետևում է, որ դրանում հստակ չի նշվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի այն կոնկրետ իրավանորմը, որով վերջինս կարող էր ենթարկվել նյութական պատասխանատվության:

Բացի այդ, հրամանում նշված է, որ Մարտին Մկրտչյանի աշխատավարձից պետք է կատարել պահումներ դրա 50 տոկոսի չափով, մինչդեռ հստակ ձևակերպված չէ, թե որքան ժամանակ պետք է կատարվեն այդ պահումները: Այսինքն` վիճարկվող հրամանը չի բովանդակում նաև այն ժամկետի ավարտը, որի ընթացքում վարչական մարմինն իրավասու է կատարել Մարտին Մկրտչյանի աշխատավարձից պահումներ:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Նախարարության աշխատակազմի ղեկավարի 03.03.2014 թվականի թիվ 376-Ա վիճարկվող հրամանը` որպես անհատական իրավական ակտ, լիակատար և բավարար հստակությամբ ձևակերպված չէ, չի կարգավորում Նախարարության և Մարտին Մկրտչյանի միջև նյութական պատասխանատվություն ծագելու և կրելու առանձնահատկությունները, քանի որ հնարավորություն չի տալիս նյութական պատասխանատվության ենթարկված անձին ողջամտորեն կանխատեսել իր վարքագծի իրավական հետևանքները:

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտը` Նախարարության աշխատակազմի ղեկավարի 03.03.2014 թվականի թիվ 376-Ա վիճարկվող հրամանը, չի համապատասխանում վարչական ակտերին ներկայացվող` որոշակիության և հիմնավորվածության պահանջներին. այդ վարչական ակտն իր բովանդակությամբ չի համապատասխանում դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջներին, չի պարունակում հիմնավորում, այսինքն` հրամանում նշված չեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավաբանական հանգամանքները: Բացի այդ, Նախարարության աշխատակազմի ղեկավարի 03.03.2014 թվականի թիվ 376-Ա վիճարկվող հրամանը ձևակերպված չէ հստակ և հասկանալի, և դրա բովանդակությունը շարադրված չէ այնպես, որպեսզի դրա հասցեատիրոջ համար ակնառու լինի, թե իր վրա կոնկրետ ինչ պարտականություն է դրվում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող հրամանն ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի, 56-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 57-րդ հոդվածի 1-ին մասի, իրավահարաբերության ծագման պահին գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի խախտմամբ և ենթակա է անվավեր ճանաչման: Հետևաբար, Դատարանը, անվավեր ճանաչելով Նախարարության աշխատակազմի ղեկավարի 03.03.2014 թվականի թիվ 376-Ա վիճարկվող հրամանը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարտին Մկրտչյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մարտին Մկրտչյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Նախարարության կողմից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.12.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 24.05.2016 թվականի վճռին:

2. ՀՀ առողջապահության նախարարությունից հօգուտ Մարտին Մկրտչյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ռ. Հակոբյան

Զեկուցող  Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.08.2019
N ՎԴ/6171/05/15
Որոշում