Սեղմել Esc փակելու համար:
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՍՈՉԻՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՍՈՉԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ « ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՍՈՉԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ, ՀՐԱԶԵՆԻ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍԵՐԻ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ, ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 25 փետրվարի 2020 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Վ. Մովսիսյանի,

i

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2017 թվականի հոկտեմբերի 11-ին Սոչիում ստորագրված «Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2019 թվականի դեկտեմբերի 16-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է 2017 թվականի հոկտեմբերի 11-ին Սոչիում` թմրանյութերի և զենքի անօրինական շրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտման և քննության գործում համագործակցությունը խորացնելու, ինչպես նաև քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրանյութերի և զենքի փոխանցման կարգ սահմանելու նպատակով:

2. Արձանագրության անբաժան մասն են կազմում 4 հավելվածները` Հավելված 1` «Իրեղեն ապացույցների փոխանցման կարգ», Հավելված 2` «Իրեղեն ապացույցների ընդունման-հանձնման արձանագրության ձև», Հավելված 3` «Իրեղեն ապացույցի հաշվառման քարտի ձև», Հավելված 4` «Իրեղեն ապացույցի պիտակի ձև»:

Ադրբեջանի Հանրապետությունն Արձանագրությունն ստորագրել է վերապահումով: Այդ կապակցությամբ Արձանագրությունը վերապահումով է ստորագրել նաև Հայաստանի Հանրապետությունը:

3. Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, Արձանագրությամբ ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

. մյուս Կողմի հարցումով վերջինիս փոխանցել իրեղեն ապացույցներ` հարցում ուղարկող Կողմի քրեական դատավարության ընթացքում օգտագործելու համար,

. ապահովել հարցումն իրականացնելու ընթացքում փոխանցվող տեղեկույթի գաղտնիությունը և իրեղեն ապացույցների անվտանգությունը,

. ապահովել, որ Արձանագրության հիման վրա ստացված տեղեկությունները և իրեղեն ապացույցներն առանց դրանք տրամադրած Կողմի գրավոր համաձայնության չօգտագործվեն այլ նպատակներով` բացի այն նպատակներից, որոնց համար դրանք հարցվել և տրամադրվել են,

. ապահովել, որ Արձանագրության հիման վրա փոխանցված տեղեկություններն ու իրեղեն ապացույցներն առանց դրանք տրամադրած Կողմի նախնական գրավոր համաձայնության չփոխանցվեն երրորդ կողմի,

. ապահովել, որ ստացած տեղեկության և իրեղեն ապացույցների անվտանգության պաշտպանության վերաբերյալ ՀՀ ստանձնած պարտավորություններն ուժի մեջ մնան նաև Արձանագրության գործողության դադարեցումից կամ դրանից դուրս գալուց հետո,

. Արձանագրության կատարման ընթացքում ծախսերը կատարել ինքնուրույն, եթե ամեն կոնկրետ դեպքի համար այլ կարգ չի համաձայնեցվում,

. ապահովել, որ Արձանագրության կիրառման և մեկնաբանման ժամանակ ծագող վիճելի հարցերը լուծվեն խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված` արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2017 թվականի հոկտեմբերի 11-ին Սոչիում ստորագրված «Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

25 փետրվարի 2020 թվականի

ՍԴՈ-1510

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 27 փետրվարի 2020 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
25.02.2020
N ՍԴՈ-1510
Որոշում