Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀՀ ԴԱՏ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 81-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 82-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 39-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 18 ԵՎ 19-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 144 ԵՎ 145-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2 ԵՎ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

(2-րդ մաս)

 

i

4.2. Հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով սահմանադիրը նրան վերապահել է համարժեք լիազորություններ (Սահմանադրության 123-րդ հոդվածի 4-րդ մաս), որոնք նրա վրա ազդելու հնարավորությունները բացառելու համար սպառիչ ամրագրել է Սահմանադրությամբ` օրենսդրին թողնելով Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում դրանց իրականացումը կանոնակարգելը:

Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթի շրջանակներում Հանրապետության նախագահը հետևում է քաղաքական դերակատարների կողմից սահմանադրական նորմերի պահպանմանը, այդ թվում` օրենսդրական գործընթացի և դրա արդյունքի համապատասխանությանը սահմանադրական պահանջներին, ինչպես նաև սահմանադրական մարմինների կազմավորման սահմանադրականությանը: Նա օժտված է հավասարակշռող լիազորություններով թե՛ օրենսդիր մարմնի, թե՛ նաև գործադիր իշխանության մարմինների և անգամ Բարձրագույն դատական խորհրդի նկատմամբ: Հանրապետության նախագահն այդ առումով օժտված է, հատկապես, այնպիսի գործիքակազմով, ինչպիսիք են Ազգային ժողովին ուղերձ հղելը, Սահմանադրական դատարան դիմելը և պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակելը:

Հարկ է նշել, որ Հանրապետության նախագահի լիազորությունները, կախված սահմանադրորեն կանխորոշված նպատակներից, իրենց բնույթով ինչպես պարտադիր են, այնպես էլ հայեցողական: Հանրապետության նախագահի պարտադիր և հայեցողական լիազորությունները ինքնուրույն կամ ոչ ինքնուրույն (կաշկանդված) են: Ոչ ինքնուրույն լիազորություններն իրականացվում են կա՛մ Սահմանադրությամբ սահմանված նախադրյալների առկայությամբ, կա՛մ սահմանադրական այլ մարմնի (իրավասու սուբյեկտի) լիազորությունների իրականացման հիմքով: Այսպես`

Սահմանադրությամբ սահմանված հիմքերով (կարգով) Հանրապետության նախագահն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.

i

ա) Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակելը (Սահմանադրության 93-րդ հոդված),

i

բ) Կառավարության հրաժարականն ընդունելը (Սահմանադրության 130-րդ հոդված),

i

գ) պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակումը (Սահմանադրության 138-րդ հոդված),

i

դ) Հանրապետության նախագահի աշխատակազմի պաշտոններում նշանակումներ կատարելը (Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասություն),

i

ե) վարչապետ նշանակելը (Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մաս) Սահմանադրական դատարանի երեք դատավորների թափուր տեղերի համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջադրելը (Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասություն),

i

է) հանրաքվե նշանակելը (Սահմանադրության 206-րդ հոդվածի առաջին նախադասություն):

Սահմանադրությամբ սահմանված հիմքերով (կարգով) Հանրապետության նախագահն իրականացնում է հետևյալ հայեցողական լիազորությունները.

i

ա) իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ Ազգային ժողովին ուղերձ հղելը (Սահմանադրության 128-րդ հոդված),

i

բ) Ազգային ժողովի ընդունած օրենքը ստորագրելը և հրապարակելը կամ Ազգային ժողովի ընդունած օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը որոշելու հարցով Սահմանադրական դատարան դիմելը կամ որևէ գործողություն չկատարելը (Սահմանադրության 129-րդ հոդված),

i

գ) Կառավարության կազմում փոփոխություններ կատարելը (Սահմանադրության 131-րդ հոդված) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,

i

դ) արտաքին քաղաքականության բնագավառում` միջազգային պայմանագրեր կնքելը, օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին նշանակելը և հետ կանչելը, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերն ընդունելը, վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը հաստատելը, կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը, բարձրագույն դիվանագիտական աստիճաններ շնորհելը (Սահմանադրության 132-րդ հոդված) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,

i

ե) զինված ուժերի բնագավառում` զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նշանակելը և ազատելը, բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելը (Սահմանադրության 133-րդ հոդված) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,

i

զ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը լուծելը (Սահմանադրության 134-րդ հոդված) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,

i

է) դատապարտյալներին ներում շնորհելը (Սահմանադրության 135-րդ հոդված) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,

i

ը) Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելը և պատվավոր կոչումներ շնորհելը (Սահմանադրության 136-րդ հոդված) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,

i

թ) բարձրագույն դասային աստիճաններ շնորհելը (Սահմանադրության 137-րդ հոդված) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,

i

ժ) զինված ուժերի գլխավոր շտաբի պետին նշանակելը (Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասություն) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,

i

ժա) Վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորներին, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահներին նշանակելը (Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասություն, 4-րդ մասի առաջին նախադասություն, 6-րդ մաս և 7-րդ մասի առաջին նախադասություն) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,

i

ժբ) փոխվարչապետներին և նախարարներին նշանակելը (Սահմանադրության 150-րդ հոդվածի երրորդ նախադասություն) կամ Սահմանադրության 150-րդ հոդվածի հինգերորդ նախադասությամբ սահմանված այլընտրանքային լիազորությունը:

i

Հանրապետության նախագահի հայեցողական լիազորությունների մեծամասնությունը իրականացվում է կա՛մ Սահմանադրությամբ սահմանված նախադրյալների առկայությամբ, կա՛մ սահմանադրական այլ մարմնի (իրավասու սուբյեկտի) լիազորությունների իրականացման հիմքով: Այս կանոնից բացառություն են կազմում իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ Ազգային ժողովին ուղերձ հղելու (Սահմանադրության 128-րդ հոդված), Ազգային ժողովի ընդունած օրենքները չստորագրելու (Սահմանադրության 129-րդ հոդվածի 1-ին մաս) և նշանակումների հարցերով առարկություններ ներկայացնելու կամ` որպես այլընտրանք` Սահմանադրական դատարան դիմելու կամ որևէ գործողություն չկատարելու (Սահմանադրության 131-137-րդ հոդվածներ, 155-րդ հոդվածի 3-րդ մաս և 166-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասեր` փոխկապակցված 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի հետ, ինչպես նաև 150-րդ հոդվածի երրորդ և հինգերորդ նախադասություններ), ինչպես նաև Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունները:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում նաև նշել, որ Հանրապետության նախագահի լիազորությունների տարանջատումը միմյանցից և դրանց բովանդակության տարասեռությունը նպատակ են հետապնդում երաշխավորել Հանրապետության նախագահի գործառույթների պատշաճ իրականացումը:

Միևնույն ժամանակ Հանրապետության նախագահի լիազորությունների տարանջատումը նշանակում է, որ Հանրապետության նախագահը չի կարող հայեցողաբար փոփոխել իր լիազորությունների էությունը կամ որ նույնն է` պարտադիր լիազորությունները փաստացի փոխակերպել հայեցողական լիազորությունների, ինչպես նաև չի կարող հրաժարվել իրականացնել իր պարտադիր լիազորությունները հայեցողական լիազորությունների գործադրմամբ կամ որևէ այլ պատճառաբանությամբ: Նշվածը վերաբերելի է նաև սահմանադրական ցանկացած այլ մարմնի, իրավասու սուբյեկտի կամ պաշտոնատար անձի:

i

Սահմանադրական դատարանը փաստում է, որ իշխանական բնույթի լիազորություններից բացի` Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի շրջանակներում Հանրապետության նախագահն իրավասու է իրականացնել նաև ոչ իշխանական բնույթի պաշտոնական գործողություններ, որոնք ունեն իր լիազորություններին ուղեկցող բնույթ, մասնավորապես, ելույթներ, հանդիպումներ ունենալ, հարցազրույցներ տալ:

 

i

4.3. Սահմանադրության «Պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակումը» վերտառությամբ 138-րդ հոդվածի համաձայն` «Եթե Ազգային ժողովը եռամսյա ժամկետում Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ մասով, 177-րդ հոդվածի 1-ին մասով, 192-րդ հոդվածի 1-ին մասով, 195-րդ հոդվածի 2-րդ մասով, 197-րդ հոդվածի 2-րդ մասով, 199-րդ հոդվածի 2-րդ մասով և 201-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով չի ընտրում համապատասխան պաշտոնատար անձանց, ապա մինչև Ազգային ժողովի կողմից նրանց ընտրությունը Հանրապետության նախագահն օրենքով սահմանված հիմքերով և կարգով նշանակում է ժամանակավոր պաշտոնակատարներ»:

i

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Հանրապետության նախագահի` Սահմանադրության 138-րդ հոդվածով ամրագրված լիազորություններն ուղղակիորեն ածանցվում են Հանրապետության նախագահի` պետության գլխի, անաչառ արբիտրի, և, ըստ այդմ` Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթներից: Հանրապետության նախագահի կողմից հիշյալ լիազորությունների իրականացումն անհրաժեշտ է պետության կենսագործունեության համար կարևոր նշանակություն ունեցող սահմանադրական մի շարք մարմինների թեև ժամանակավոր, սակայն կա՛մ ամբողջական կազմավորման, կա՛մ համալրման նպատակով:

Սահմանադիրն արարողակարգային առումով որպես պետության բարձրագույն պաշտոնատար անձ, որը միաժամանակ միանձնյա սահմանադրական մարմին է, հենց Հանրապետության նախագահին է վերապահել պետության միակ առաջնային մանդատով օժտված սահմանադրական մարմնի` Ազգային ժողովի փոխարեն այդ մարմինների ժամանակավոր կազմավորումը կամ դրանց կազմի ժամանակավոր համալրումը (համապատասխան պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակումը):

Բացի դրանից, հաշվի առնելով Հանրապետության նախագահի անաչառությունը` նա որպես վերկուսակցական արբիտր պետք է հակակշռի Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին` հաղթահարելով նրանց քաղաքական կամ անձնային անհամաձայնության հետևանքները և, իր պաշտոնի և անձի հեղինակության շնորհիվ ժամանակավորապես ապահովելով սահմանադրական մի շարք մարմինների գործունակությունը` նշանակի Բարձրագույն դատական խորհրդի` Ազգային ժողովի կողմից ընտրվող անդամների (ոչ դատավոր անդամներ), Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների, Հաշվեքննիչ պալատի նախագահի և մյուս անդամների, ինչպես նաև Կենտրոնական բանկի նախագահի և խորհրդի մյուս անդամների ժամանակավոր պաշտոնակատարներ:

Ի տարբերություն Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների` դատավորների ժամանակավոր պաշտոնակատարների նշանակում Սահմանադրությունը չի նախատեսում:

i

Սահմանադրության 138-րդ հոդվածում նշված մնացյալ սահմանադրական մարմինները կամ պաշտոնատար անձինք ինստիտուցիոնալ անկախությամբ կամ ինքնուրույնությամբ օժտված մարմիններ են (պաշտոնատար անձինք), որոնք գործառութային առումով դասվում են գործադիր իշխանությանը: Հետևապես, մի դեպքում` դատարանների և դատավորների անկախության պատշաճ երաշխավորման, մյուս դեպքերում` գործադիր իշխանության տիրույթում գործող սահմանադրական մարմինների կամ պաշտոնատար անձանց հավասարակշռող գործառույթների ապահովման նպատակով սահմանադիրը հատուկ շեշտադրել է այդ մարմինների կազմավորման կամ համալրման անհրաժեշտությունը` փոխարինող լիազորություններ ամրագրելով Հանրապետության նախագահի համար: Ընդսմին, եթե Կենտրոնական բանկի նախագահի և խորհրդի մյուս անդամների ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման դեպքում, չնայած կայուն խորհրդարանական մեծամասնության կանոնի ամրագրմանը` սահմանադիրը, սահմանելով Կենտրոնական բանկի նախագահից բացի Կենտրոնական բանկի խորհրդի մյուս անդամների ընտրության համար ոչ թե Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի, այլ ընդհանուր թվի ձայների մեծամասնության պահանջ (Սահմանադրության 201-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասություն), ապահովագրել է Կենտրոնական բանկի գործառույթների երաշխավորված իրականացումը, ապա սահմանադրական մնացյալ մարմինների և պաշտոնատար անձանց դեպքում, որոնք ընտրվում են Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով (Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ մաս, 177-րդ հոդվածի 1-ին մաս, 192-րդ հոդվածի 1-ին մաս, 195-րդ հոդվածի 2-րդ մաս, 197-րդ հոդվածի 2-րդ մաս և 199-րդ հոդվածի 2-րդ մաս), սահմանադիրը երաշխավորել է ոչ միայն այդ բարձր արգելապատնեշի հաղթահարմամբ կազմավորվող սահմանադրական մարմինների գործունակությունը, այլև հատկապես հենց Հանրապետության նախագահի ինտեգրող և հավասարակշռող մասնակցությունն այն դեպքերում, երբ Ազգային ժողովի մեծամասնության և փոքրամասնության քաղաքական կամ այլ դիրքորոշումների պատճառով հնարավոր չի եղել ապահովել այդ մարմինների կազմավորումը կամ համալրումը:

Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սահմանադիրը, սահմանելով Հանրապետության նախագահի փոխարինող մասնակցությունը սահմանադրական մի շարք մարմինների կազմավորմանը կամ համալրմանը, որպես Հանրապետության նախագահի պարտադիր լիազորություն (պարտականություն)` Հանրապետության նախագահին դիտարկել է որպես առանցքային դերակատար` մի կողմից, Ազգային ժողովին հակակշռելու, մյուս կողմից` սահմանադրական որոշակի մարմինների բնականոն գործունեությունը երաշխավորելու նպատակներով:

i

Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտել, որ Հանրապետության նախագահի կողմից վերոհիշյալ պարտականությունը չկատարելը կարող է հանգեցնել այդ հակակշռող գործառույթի իմաստազրկման` ստեղծելով Հանրապետության նախագահի ինստիտուտի հեղինակազրկման նախադրյալներ, ինչպես նաև ստեղծելով անմիջական վտանգ սահմանադրական մի շարք մարմինների բնականոն գործունեության համար` պայմանավորված դրանց չկազմավորմամբ կամ չհամալրմամբ, ուստիև` հակասահմանադրական իրավիճակներ, որոնցում մի շարք առանցքային գործառույթներով օժտված սահմանադրական մարմիններ կարող են չդառնալ գործունակ կամ գրկվել իրենց գործունակությունից: Նշվածն առավել ակնառու է Բարձրագույն դատական խորհրդի դեպքում, քանի որ այս սահմանադրական մարմինը, բացի սահմանադրական կարգի պահպանման տեսանկյունից իր հիմնարար նշանակություն ունեցող գործառույթից, այն է` դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելը (Սահմանադրության 173-րդ հոդված), հենց այդ գործառույթի արդյունավետ իրականացման նպատակով կազմավորվում է պարիտետային (հավասարակշռության) հիմունքներով, այսինքն` Բարձրագույն դատական խորհրդի կազմում ընտրվում են հավասար թվով դատավոր և ոչ դատավոր անդամներ, և այս երկու խմբերի քանակական գերակայությունը միմյանց հանդեպ Սահմանադրության ուժով պետք է բացառվի թե' օրենսդրական մակարդակում, թե' նաև գործնականում: Հակառակ դեպքում Բարձրագույն դատական խորհրդի լեգիտիմությունը կարող է դրվել հարցականի տակ, ինչը կխաթարի նրա բնականոն գործունեությունը:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև շեշտել, որ Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման կամ համալրման առումով անգործություն դրսևորելու և սահմանադրական պարտականությունները չկատարելու միջոցով թափուր տեղերի չհամալրումը կարող է վերջին հաշվով վտանգել նաև դատարանների անկախությունը, եթե նրանց անկախության երաշխավորը` Բարձրագույն դատական խորհուրդը, իրավազոր չլինի պատշաճ կերպով իրականացնել իր լիազորությունները:

Դատարանների և դատավորների անկախության երաշխավորի հնարավոր անգործունակությունը կունենա նաև այլ` անկանխատեսելի հետևանքներ սահմանադրականության և սահմանադրական կարգի պահպանության համար, քանի որ Բարձրագույն դատական խորհուրդը, ի թիվս այլնի` օժտված է նաև դատարանների կազմավորման որոշիչ, ինչպես նաև դատավորների լիազորությունների դադարեցման լիազորություններով, առանձին դեպքերում ինքն է հանդես գալիս որպես դատարան:

i

Բացի դրանից, Սահմանադրական դատարանը փաստում է, որ եթե դատավորների ընդհանուր ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ չընտրելը հակակշռված չէ այլ սահմանադրական մարմինների համարժեք լիազորություններով, ապա Ազգային ժողովի խմբակցությունների կողմից Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի չառաջադրումը և (կամ) նրա` Ազգային ժողովի կողմից չընտրվելը հակակշռված են Հանրապետության նախագահի կողմից Բարձրագույն դատական խորհրդի ընդհուպ բոլոր հինգ ոչ դատավոր անդամներին ժամանակավոր նշանակելու լիազորությամբ: Հետևապես, Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրության 138-րդ հոդվածով սահմանված իր պարտականության չկատարումն անմիջականորեն վտանգում է Բարձրագույն դատական խորհրդի գործունակությունը և դրա արդյունքում նաև` դատարանների և դատավորների անկախությունը:

 

i

4.4. Սահմանադրության 138-րդ հոդվածի վերլուծությունը վկայում է, որ Հանրապետության նախագահի կողմից ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման նախադրյալներն են`

ա) Ազգային ժողովի կողմից եռամսյա ժամկետում համապատասխան պաշտոնատար անձանց չընտրելը.

բ) օրենքով սահմանված հիմքերով ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելը.

գ) օրենքով սահմանված կարգով ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելը:

Սահմանադրության 138-րդ հոդվածով սահմանվում է նաև Հանրապետության նախագահի կողմից նշանակված ժամանակավոր պաշտոնակատարների պաշտոնավարման ժամանակահատվածը, այն է` մինչև Ազգային ժողովի կողմից համապատասխան պաշտոնատար անձանց ընտրությունը: Վերջինս, ինչպես նաև Ազգային ժողովի կողմից եռամսյա ժամկետում համապատասխան պաշտոնատար անձանց չընտրելու սահմանադրական նախադրյալը հստակ սահմանված են Սահմանադրության 138-րդ հոդվածով և օրենսդրական հետագա մանրամասնեցման ենթակա չեն:

Ինչ վերաբերում է օրենքով սահմանված հիմքերով և կարգով ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու սահմանադրական նախադրյալներին, ապա նշված հիմքերը և կարգը, թեև սահմանման ենթակա են վերաբերելի օրենքներում, սակայն չեն ենթադրում, որ պետք է հենց ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման առումով պարտադիր և ուղղակիորեն սահմանված լինեն:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու` օրենքով սահմանված հիմքերը ներառում են նրանց ներկայացվող պահանջները, որոնք պետք է նույնական լինեն համապատասխան պաշտոնում Ազգային ժողովի կողմից ընտրվող պաշտոնատար անձանց ներկայացվող պահանջներին:

i

Սահմանադրության 138-րդ հոդվածում նշված` համապատասխան պաշտոնատար անձանց տվյալ պաշտոններում ընտրելու համար ներկայացվող պահանջները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում վերաբերելի օրենքներով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ: Հիշյալ պահանջները որպես օրենքով սահմանված հիմքեր պարտադիր են նաև Հանրապետության նախագահի կողմից նշանակվող ժամանակավոր պաշտոնակատարների համար: Իսկ այն դեպքերում, երբ Սահմանադրության 138-րդ հոդվածում նշված համապատասխան պաշտոնատար անձանց տվյալ պաշտոններում ընտրելու համար ներկայացվող պահանջները սահմանվում են բացառապես Սահմանադրությամբ, ապա օրենքով սահմանված հիմքերով նշանակելու սահմանադրական նախադրյալն օրենսդրին չի պարտավորեցնում սահմանել հավելյալ հիմքեր (պահանջներ): Միևնույն ժամանակ, Սահմանադրության 138-րդ հոդվածով նախատեսված օրենքով սահմանված հիմքերով նշանակելու սահմանադրական նախադրյալը օրենսդիրն իր հայեցողությամբ իրավասու է մեկնաբանել ավելի լայն և իրացնել` ապահովելով ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման երաշխիքներ, մասնավորապես, կախված սահմանադրական մարմնում պաշտոնատար անձի անկախության ծավալից` իրավասու է այդ մարմնում ժամանակավորապես պաշտոնավարող անձի համար սահմանել մշտական աշխատատեղի (զբաղեցրած հանրային կամ հանրային ծառայության պաշտոնի) պահպանման պահանջ` հիմնական աշխատավայրում նրա աշխատանքային պայմանագրի կամ լիազորությունների կասեցմամբ, ինչպես նաև սահմանադրական մարմինների ժամանակավոր համալրումն արդյունավետորեն ապահովելու նպատակով` հավելյալ սոցիալական և աշխատանքային երաշխիքներ:

i

Ինչ վերաբերում է ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու` օրենքով սահմանված կարգին, ապա դրա բովանդակությունը որոշում է օրենսդիրը: Այդ կարգը, իհարկե, չպետք է խոչընդոտի ժամանակավոր պաշտոնակատարների նշանակմանը: Օրենսդիրն իրավասու է սահմանել կոնկրետ ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման կարգ, և, մասնավորապես, սահմանել նշանակման կարգին վերաբերող առարկայական կամ ընթացակարգային բնույթի ցանկացած կանոն կամ սահմանափակվել բացառապես ժամկետ նախատեսելով: Բացի դրանից, օրենսդիրն իրավասու է նաև կարգին վերաբերող հարցին անդրադառնալ վերաբերելի օրենքների ընդհանուր կանոնակարգումների տրամաբանության շրջանակներում, մասնավորապես, օրենսդրական այն կարգավորման շրջանակներում, ինչպիսին է բնականոն գործունեության ապահովումը: Դա, իր հերթին, ենթադրում է Սահմանադրության 138-րդ հոդվածում նշված համապատասխան պաշտոնատար անձանց պաշտոնների թափուր լինելու մասին այդ պաշտոններում ընտրող Ազգային ժողովի և ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակող Հանրապետության նախագահի պատշաճ իրազեկում: Այս համատեքստում հարկ է նշել, որ առանձին դեպքերում` Ազգային ժողովին իրազեկելու մասով, օրենսդիրն ուղղակիորեն սահմանել է համապատասխան պաշտոններում թափուր տեղ առաջանալու դեպքում կոնկրետ ժամկետում այդ մասին տեղեկացնելու վերաբերյալ դրույթներ (մասնավորապես` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 3-րդ մաս, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մաս, «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մաս):

Սահմանադրական դատարանը փաստում է, որ բնականոն գործունեությունն ապահովելու ընդհանուր կարգավորումից անմիջականորեն ածանցվող ընտրելու և ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու հարցերով իրավասու մարմիններին իրազեկելու կոնկրետ պարտականություն բոլոր վերաբերելի օրենքներում հետևողականորեն և ուղղակիորեն (բառացիորեն) չի ամրագրվել, ինչը, սակայն, Սահմանադրական դատարանի գնահատմամբ չի կարող խոչընդոտ դառնալ այդ պարտականությունը կատարելու համար:

i

Անդրադառնալով դիմողի այն պնդմանը, որ ժամանակավոր պաշտոնակատարների անկախության երաշխիքների թվում պետք է օրենսդրորեն սահմանել ժամանակավոր պաշտոնակատարների պաշտոնավարման նվազագույն ժամկետ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն հակասության մեջ է մտնում Սահմանադրության 138-րդ հոդվածի ինչպես նպատակի, այն է` մի շարք սահմանադրական մարմինների ժամանակավոր կազմավորման կամ համալրման (պաշտոնատար անձի ժամանակավոր նշանակման), այնպես էլ ուղղակի (տառացի) կարգավորման հետ: Հիշյալ հոդվածում սահմանվում է ժամանակավոր նշանակման ժամանակահատվածը, այն է` մինչև Ազգային ժողովի կողմից ընտրելը, ուստի ակնհայտ է, որ ժամանակավոր պաշտոնակատարների պաշտոնավարման որևէ նվազագույն ժամկետի սահմանումն ուղղակիորեն կհակասի Սահմանադրությանը, ավելին` կարգելափակի Ազգային ժողովի համապատասխան լիազորությունների իրականացումը:

i

Բացի դրանից, մի կողմից` ժամանակավոր պաշտոնակատարներին վերաբերող երաշխիքների ծավալը և բովանդակությունը չպետք է խոչընդոտեն նրանց կողմից իրենց լիազորությունների պատշաճ իրականացումը կամ կախվածություն ստեղծեն այդ երաշխիքները տրամադրող մարմիններից կամ որևէ այլ կախվածության մեջ դնեն ժամանակավոր պաշտոնակատարներին, մյուս կողմից` այդ երաշխիքները չեն կարող իրենց ծավալով գերազանցել համապատասխան սահմանադրական մարմնում մշտական հիմունքներով ընտրվող պաշտոնատար անձանց տրամադրվող երաշխիքների ծավալը: Հակառակը կնշանակեր, որ պետությունն օրենքի առջև ընդհանուր հավասարության տեսանկյունից (Սահմանադրության 28-րդ հոդված)` սահմանադրորեն չարդարացված նպատակով համապատասխան պաշտոնները մշտական հիմունքներով զբաղեցնող պաշտոնատար անձանց համեմատ անհիմն երաշխիքներ է տրամադրում ժամանակավոր պաշտոնակատարներին:

i

Այսպիսով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրության 138-րդ հոդվածի համաձայն Հանրապետության նախագահի կողմից նշանակվող ժամանակավոր պաշտոնակատարները, ինչպես և համապատասխան պաշտոնները մշտական հիմունքներով զբաղեցնող պաշտոնատար անձինք պետք է ունենան անկախության միևնույն երաշխիքները, այդ թվում` սոցիալական: Ուստի, եթե համապատասխան պաշտոնները մշտական հիմունքներով զբաղեցնող պաշտոնատար անձանց համար սոցիալական երաշխիքներ են սահմանվում օրենսդրական որոշակի պայմանների առկայության դեպքում, օրինակ` որոշակի ժամանակահատված պաշտոնավարելուց հետո, ապա ակնհայտ է, որ դա պետք է վերաբերի նաև ժամանակավոր պաշտոնակատարներին:

 

4.5. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում առանձին անդրադառնալ Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների ժամանակավոր պաշտոնակատարների նշանակումը տասնհինգօրյա ժամկետում կատարելու օրենսդրական կարգավորման` Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց լինելու վերաբերյալ դիմողի հարցին:

Սահմանադրական դատարանը, նախ` անհրաժեշտ է համարում ընդգծել, որ բոլոր իրավասու սուբյեկտներին` Ազգային ժողովին և դատավորների ընդհանուր ժողովին վերաբերող Սահմանադրության կարգավորումները, որոնք առնչվում են Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամներ առաջադրելուն և ընտրելուն, ինչպես նաև դատավոր անդամներ ընտրելուն, պարտադիր պահանջների ուժ ունեն և համապատասխան սուբյեկտների պարտադիր գործառույթներ և լիազորություններ են, ուստի չեն կարող չիրականացվել: Նույնը վերաբերում է նաև այդ մարմինների այլ պարտադիր լիազորություններին, ինչպես նաև սահմանադրական մյուս մարմինների պարտադիր լիազորություններին, իսկ սահմանադրորեն կառուցակարգված հակակշիռների համակարգում` հատկապես պետության գլխին:

i

Ինչ վերաբերում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 5-րդ մասով Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու համար սահմանված տասնհինգօրյա ժամկետի ողջամիտ չլինելու վերաբերյալ դիմողի պնդումներին, ապա Սահմանադրական դատարանը գտնում է, որ հիշյալ ժամկետը չի կարող a priori գնահատվել որպես ողջամիտ կամ ոչ ողջամիտ, քանի որ այդպիսի գնահատումը, որպես կանոն, կախված է այդ ժամկետում իրականացվող լիազորության բնույթից, ինչպես նաև գործնականում այդ լիազորության երբևէ իրականացված լինելու հանգամանքից: Հանրապետության նախագահը դեռևս երբևէ չի իրականացրել հիշյալ լիազորությունը, հետևապես, առկա չէ գործնականում դրա կիրառելիության անհնարինության մասին որևէ փաստ, իսկ ժամկետի սահմանումն օրենսդրի հայեցողությունն է, ուստի Սահմանադրական դատարանը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետը սահմանադրականության տեսանկյունից ինքնին խնդրահարույց չի համարում:

i

Այսպիսով` Սահմանադրական դատարանը շեշտում է, որ Սահմանադրության 138-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահի կողմից ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման արդյունավետությունն ապահովող օրենսդրական լուծումների ընտրությունը վերապահված է օրենսդրին: Դա նշանակում է, որ ո՛չ Հանրապետության նախագահը, ո՛չ էլ գործադիր իշխանության որևէ այլ մարմին իրավասու չեն, ձեռնպահ մնալով իրենց պարտադիր լիազորությունների իրականացումից, գնահատել օրենսդրական հիմքերի սահմանադրականությունը և դրանց` Սահմանադրությանը հակասելու մասին սեփական ենթադրությունների հիման վրա չկատարել Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանված իրենց պարտականությունները:

i

Սահմանադրական դատարանը, կարևորելով օրինականության սահմանադրական սկզբունքի պահպանումը (Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մաս), արձանագրում է, որ Հանրապետության նախագահը, հղում անելով օրենքների ենթադրյալ հակասահմանադրականությանը և նշելով, որ «Հանրապետության նախագահի սահմանադրական լիազորությունների արդյունավետ իրացման համար անհրաժեշտ են Սահմանադրությունից բխող օրենսդրական պատշաճ կարգավորումներ ու դրանց իրացման հստակ կառուցակարգեր», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված ժամկետում չի նշանակել Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի ժամանակավոր պաշտոնակատար: Ըստ սույն գործում առկա նյութերի` Հանրապետության նախագահի աշխատակազմը Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ չընտրելու վերաբերյալ Ազգային ժողովի նախագահից 2019 թվականի նոյեմբերի 4-ին ստացել է համապատասխան գրություն: Նույն թվականի նոյեմբերի 8-ին Հանրապետության նախագահը վերացական սահմանադրական վերահսկողության կարգով «համապատասխան օրենսդրական բացերը Սահմանադրությանը հակասող ճանաչելու խնդրանքով» դիմել է Սահմանադրական դատարան:

i

Սահմանադրական դատարանը փաստում է, որ Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրության պահպանմանը հետևելը չի կարող սահմանափակվել բացառապես Սահմանադրական դատարան դիմելու հայեցողական լիազորությամբ: Հանրապետության նախագահը Սահմանադրության պահպանմանը հետևելու իր գործառույթը պետք է կատարի առաջին հերթին իր պարտադիր սահմանադրական լիազորությունների իրականացման, տվյալ դեպքում` Սահմանադրության 138-րդ հոդվածի համաձայն` ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու միջոցով: Այլ կերպ` Հանրապետության նախագահը` որպես վերացական սահմանադրական վերահսկողության սուբյեկտ, բնականաբար, միշտ իրավասու է Սահմանադրական դատարանում վիճարկել Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում նշված իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը, բայց ոչ երբեք ի հաշիվ իր պարտադիր լիազորությունների իրականացման: Նշվածը վերաբերում է նաև իրավասու այլ սահմանադրական մարմիններին:

 

4.6. Սույն գործով վիճարկելով մի շարք օրենքների դրույթներ` դիմողը բարձրացնում է առավելապես դրանցում օրենսդրական բացի հարցեր:

i

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է օրենսդրական բացի հիմնահարցին: Այսպես` 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշմամբ Սահմանադրական դատարանը, մասնավորապես, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

1) օրենսդրական բացը Սահմանադրական դատարանի քննության առարկա կարող է դառնալ այն ժամանակ, երբ այն իրավակարգավորման թերությունն է, այլ ոչ թե իրավաստեղծ մարմնի, տվյալ դեպքում` օրենսդրի կամքը` ձեռնպահ մնալու որպես օրենսդրական բաց ընկալվող իրավական կարգավորումից,

2) ցանկացած թերի օրենսդրական կարգավորում չէ, որը որպես օրենսդրական բաց կարող է Սահմանադրական դատարանի քննության առարկա դառնալ, այլ միայն այնպիսի օրենսդրական բացը, որը հնարավոր չէ հաղթահարել այլ վերաբերելի իրավակարգավորումները մեկնաբանելու և կիրառելու միջոցով,

3) օրենսդրական բացը պետք է հանգեցրած լինի հակասական իրավակիրառ պրակտիկայի, որը հնարավոր չէ հաղթահարել կամ որը փաստացի չի հաղթահարվել սովորական դատարանների կողմից,

4) օրենսդրական բաց առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը,

5) այն դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք:

Սույն գործի շրջանակներում վերաբերելի օրենքների վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է.

i

ա) Սահմանադրության 138-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահի կողմից Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու հետ կապված հարցերը կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 5-րդ մասով,

i

բ) Սահմանադրության 138-րդ հոդվածի համաձայն Հանրապետության նախագահի կողմից ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու հիմքեր և կարգ ուղղակիորեն սահմանված չեն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 82-րդ հոդվածով, ինչպես նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Դատախազության մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Հաշվեքննիչ պալատի մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների որևէ վերաբերելի իրավադրույթներով,

i

գ) Սահմանադրության 138-րդ հոդվածի համաձայն Հանրապետության նախագահի կողմից ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու հետ կապված հարցեր ուղղակիորեն կարգավորված չեն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի որևէ վերաբերելի իրավադրույթներով,

i

դ) Սահմանադրության 138-րդ հոդվածի համաձայն Հանրապետության նախագահի կողմից նշանակված ժամանակավոր պաշտոնակատարների հետ կապված հարցեր ուղղակիորեն կարգավորված չեն «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որևէ վերաբերելի իրավադրույթներով:

Ելնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներից` Սահմանադրական դատարանը գտնում է.

i

ա) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում բավարար հստակությամբ ամրագրված են այն հիմքերը (պահանջները), որոնք անհրաժեշտ են Հանրապետության նախագահի կողմից Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման համար, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանվում է, մասնավորապես, այն ժամկետը, որը և կարգ է, որի ընթացքում Հանրապետության նախագահը պարտավոր է նշանակել ժամանակավոր պաշտոնակատար, իսկ կարգի ընտրությունն օրենսդրի հայեցողության շրջանակներում է, ուստիև Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց չէ,

i

բ) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 82-րդ հոդվածում` դիմումի առարկայի շրջանակներում, առկա չէ Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա օրենսդրական բաց,

i

գ) «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Դատախազության մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Հաշվեքննիչ պալատի մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների վերաբերելի իրավադրույթներում Հանրապետության նախագահի կողմից ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու հիմքեր և կարգ ուղղակիորեն սահմանված չլինելը չի հանգեցնում այնպիսի օրենսդրական բացի, որով խախտվում են Սահմանադրության 138-րդ հոդվածով սահմանված պահանջները, և դրանով խոչընդոտ է հարուցվում Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրության հիշյալ հոդվածով սահմանված իր պարտադիր լիազորությունների իրականացման համար, քանի որ բոլոր վերաբերելի օրենքներում առնվազն առկա է իրավասու պաշտոնատար անձանց կողմից այդ մարմինների բնականոն գործունեությունն ապահովելու պահանջ, որը և պարտավորեցնում է իրազեկել իրավասու մարմնին` տվյալ դեպքում Հանրապետության նախագահին, Ազգային ժողովի կողմից եռամսյա ժամկետում համապատասխան պաշտոնատար անձանց չընտրելու մասին: Նշվածը Սահմանադրության 138-րդ հոդվածի իմաստով նույնպես օրենքով սահմանված կարգ է: Բացի դրանից, ինչպես վերը նշվեց` օրենսդրի հայեցողությանն է վերապահված կարգի ինչպես այդ, այնպես էլ այլ բաղադրիչների սահմանումը, մասնավորապես, ժամկետի, իսկ վերջինիս բացակայությունը չի խոչընդոտում Հանրապետության նախագահի` Սահմանադրության 138-րդ հոդվածով սահմանված պարտադիր լիազորությունների իրականացումը: Օրենքով ժամկետ սահմանված չլինելու դեպքում Հանրապետության նախագահի այդ լիազորությունները պետք է իրականացվեն հնարավոր սեղմ ժամկետներում` հաշվի առնելով համապատասխան մարմնի կազմավորման կամ համալրման հրամայական անհրաժեշտությունը, որը և սահմանադրի կողմից դրվել է Սահմանադրության 138-րդ հոդվածի հիմքում: Անկախ օրենքով սահմանվող կարգի բաղադրիչների ծավալից` Սահմանադրության 138-րդ հոդվածով սահմանված պարտադիր լիազորությունների պատշաճ իրականացման համար Հանրապետության նախագահը, իր հերթին, պետք է իր իրավասության շրջանակներում նախապես ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, ի մասնավորի, իր աշխատակազմի միջոցով` ժամանակավոր պաշտոնակատարների թեկնածուների ընտրության ուղղությամբ: Հետևապես, թեև հիշյալ օրենքներում ուղղակիորեն սահմանված չէ կարգ, այդուհանդերձ, նման կարգին վերաբերող նվազագույն պահանջները պահպանված են, ուստիև առկա չէ Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա օրենսդրական բաց,

i

դ) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով Հանրապետության նախագահի կողմից ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու հետ կապված հարցերը կարգավորված չլինելը իրավաչափ է, քանի որ Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` փոխկապակցված 103-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասության հետ, հիշյալ սահմանադրական օրենքի իրավակարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից, հետևապես` Սահմանադրության 138-րդ հոդվածի համաձայն Հանրապետության նախագահի կողմից ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու հիմքեր և կարգ հիշյալ սահմանադրական օրենքով չեն կարող սահմանվել,

i

ե) Հանրապետության նախագահի կողմից նշանակված ժամանակավոր պաշտոնակատարների սոցիալական երաշխիքների մասով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առկա չէ Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա օրենսդրական բաց, քանի որ Սահմանադրության 138-րդ հոդվածի համաձայն Հանրապետության նախագահի կողմից նշանակվող ժամանակավոր պաշտոնակատարներին վերաբերելի են հիշյալ օրենքով նախատեսված նույն երաշխիքները (այդ օրենքով սահմանված որոշակի պայմանների առկայությամբ), որոնք սահմանված են Ազգային ժողովի կողմից այդ պաշտոններում ընտրված պաշտոնատար անձանց համար:

Վերոգրյալի արդյունքում Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով բարձրացված օրենսդրական բացի հետ կապված հարցերը հնարավոր է հաղթահարել այլ վերաբերելի իրավակարգավորումները մեկնաբանելու և կիրառելու միջոցով, դրանք չեն հանգեցրել հակասական իրավակիրառ պրակտիկայի, ավելին` դեռ գործնականում երբևէ չեն կիրառվել, ուստի դրանց լուծումը գտնվում է Ազգային ժողովի իրավասության շրջանակներում, և այդ մասով սույն գործի վարույթը ենթակա է կարճման:

i

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին, 5-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 63, 64 և 68-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:

i

2. «Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 5-րդ մասի և 82-րդ հոդվածի, «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի, «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 և 19-րդ հոդվածների, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144 և 145-րդ հոդվածների, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 և 3-րդ հոդվածների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 82-րդ հոդվածի, «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի, «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 և 19-րդ հոդվածների, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144 և 145-րդ հոդվածների, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 և 3-րդ հոդվածների մասերով, կարճել:

i

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

31 մարտի 2020 թվականի

ՍԴՈ-1518

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 1 ապրիլի 2020 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
31.03.2020
N ՍԴՈ-1518
Որոշում