Սեղմել Esc փակելու համար:
{01.05.2020 - 08.05.2020} ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.05.2020 - 08.05.2020} ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ՏՈՒԺԱԾ Ո ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.05.2020  -ից մինչեւ   08.05.2020  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 ապրիլի 2020 թվականի N 507-Լ

 

i

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ՏՈՒԺԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ (ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ) ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի N 412-Լ որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կորոնավիրուսի հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին) և անհատ ձեռնարկատերերին միանվագ աջակցություն տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը տրամադրել սույն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը:

(վերնագիրն ու տեքստը փոփ. 30.04.2020 թիվ 646-Լ որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. ապրիլի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի ապրիլի 9-ի

N 507-Լ որոշման

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ՏՈՒԺԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ (ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ) ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

i

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի N 412-Լ որոշմամբ նախատեսված միանվագ աջակցություն նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 30.04.2020 թիվ 646-Լ որոշում)

2. Միանվագ աջակցությունը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը (այսուհետ` Ծառայություն)` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշմամբ հարկային մարմնից ստացված տվյալները 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ:

i

3. Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի N 412-Լ որոշմամբ հաստատված միջոցառման (այսուհետ` Միջոցառում) 2-րդ և 3-րդ կետերը, էլեկտրոնային եղանակով Ծառայությանն է տրամադրում`

1) բացառապես Տուժած ոլորտների գործատուների ՀՎՀՀ-ները.

2) մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են Տուժած ոլորտներում, իսկ մնացածը` ոչ, և Տուժած ոլորտներում գործունեության տեսակարար կշիռը կազմում է գործատուի ընդհանուր գործունեության առնվազն 40 տոկոսը) գործունեություն ծավալող գործատուների ՀՎՀՀ-ները.

3) բացառապես Տուժած ոլորտների անհատ ձեռնարկատերերի ՀՎՀՀ-ները և հանրային ծառայությունների համարանիշները, 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառությունը.

4) մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են Տուժած ոլորտներում, իսկ մնացածը` ոչ, և Տուժած ոլորտներում գործունեության տեսակարար կշիռը կազմում է անհատ ձեռնարկատիրոջ ընդհանուր գործունեության առնվազն 40 տոկոսը) գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերերի ՀՎՀՀ-ները, հանրային ծառայությունների համարանիշները և Տուժած ոլորտների 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառությունը:

Սույն կետում նշված` Տուժած ոլորտների գործատուների և անհատ ձեռնարկատերերի ՀՎՀՀ-ների վերաբերյալ տեղեկատվությունը Պետական եկամուտների կոմիտեն Ծառայությանը տրամադրում է` հիմք ընդունելով մինչև 2020 թվականի մարտի 31-ը ընկած վերջին հաշվետու ժամանակաշրջանի համար մայիսի 5-ի դրությամբ հարկ վճարողների կողմից ներկայացված վերջին հարկային հաշվարկներում արտացոլված Հայաստանի Հանրապետությունում կիրառվող` տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդը և գործունեության տեսակների տեսակարար կշիռը:

Սույն կետում նշված` անհատ ձեռնարկատերերի 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության վերաբերյալ տեղեկատվությունը Պետական եկամուտների կոմիտեն Ծառայությանը տրամադրում է` հիմք ընդունելով 2020 թվականի մայիսի 2-ի դրությամբ ներկայացված համապատասխան հարկային հաշվարկներում արտացոլված տվյալները` սույն կարգի 3.1-ին կետին համապատասխան:

(3-րդ կետը փոփ. 30.04.2020 թիվ 646-Լ, 07.05.2020 թիվ 703-Լ որոշումներ)

3.1. Ավելացված արժեքի հարկ վճարող կամ շրջանառության հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառությունը հաշվարկվում է` հիմք ընդունելով վերջիններիս կողմից ներկայացված համապատասխանաբար 2019 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ավելացված արժեքի հարկի և 2019 թվականի 4-րդ եռամսյակի շրջանառության հարկի հաշվարկները:

Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառությունը հաշվարկվում է վերջիններիս կողմից ներկայացված իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության մեջ արտացոլված ընդամենը իրացման շրջանառության 1/4-ի չափով:

Մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են Տուժած ոլորտներում, իսկ մնացածը` ոչ, և Տուժած ոլորտներում գործունեության տեսակարար կշիռը կազմում է անհատ ձեռնարկատիրոջ ընդհանուր գործունեության առնվազն 40 տոկոսը) գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերերի Տուժած ոլորտների 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառությունը հաշվարկվում է` հիմք ընդունելով Տուժած ոլորտներում գործունեության տեսակների տեսակարար կշիռը:

4. Ծառայությունը, հիմք ընդունելով Միջոցառման 6-րդ և 7-րդ կետերի դրույթները, ինչպես նաև Տուժած ոլորտների գործատուների վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվությունը, ձևավորում է շահառուների ցանկ:

i

5. 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար միջին ամսական աշխատավարձի չափը հաշվարկվում է 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար շահառուին վճարված (վճարման ենթակա) աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացվող եկամուտների (այսուհետ` եկամուտ) հանրագումարը երկուսի բաժանելու միջոցով: Սույն կետում նշված` եկամտի չափում չեն ներառվում աշխատավարձից, քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացվող եկամուտներից վճարվող հարկերը և այլ պարտադիր վճարները:

(5-րդ կետը փոփ. 30.04.2020 թիվ 646-Լ որոշում)

6. Շահառուների ցանկում ներառվում են նաև Տուժած ոլորտների գործատուների` մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողները (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները):

7. Եթե շահառուների ցանկում ներառված վարձու աշխատողների (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողների) համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին եկամուտ չի հաշվարկվել կամ անհատ ձեռնարկատերը 2019 թվականի 4-րդ եռամսյակում իրացման շրջանառություն չի ունեցել, ապա աջակցության գումար չի վճարվում:

8. Համատեղությամբ աշխատող շահառուի միջին ամսական աշխատավարձի չափը հաշվարկելու համար հիմք են ընդունվում միայն Տուժած ոլորտի գործատուի կողմից (իսկ եթե շահառուն աշխատում է Տուժած ոլորտի մեկից ավելի գործատուների մոտ` բոլոր այդ գործատուների կողմից) վարձու աշխատողի (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի) համար հաշվարկված եկամուտը:

9. Մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են Տուժած ոլորտներում, իսկ մնացածը` ոչ) գործունեություն ծավալող` շահառու հանդիսացող անհատ ձեռնարկատերերի աջակցության չափի որոշման համար հիմք է հանդիսանում Տուժած ոլորտներում իրացման շրջանառությունը:

10. Եթե գործատուն գործունեություն է իրականացնում մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են Տուժած ոլորտներում, իսկ մնացածը` ոչ), ապա գործատուի վարձու աշխատողների (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողների) աջակցություն տրամադրվում է, եթե Տուժած ոլորտներում գործունեության տեսակարար կշիռը տվյալ տնտեսավարող սուբյեկտի ընդհանուր գործունեությունում կազմում է առնվազն 40 տոկոս: Ընդ որում, այս դեպքում շահառու են հանդիսանում գործատուի բոլոր վարձու աշխատողները (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները):

11. Եթե անհատ ձեռնարկատերը գործունեություն է իրականացնում մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են Տուժած ոլորտներում, իսկ մնացածը` ոչ), ապա նրան աջակցություն տրամադրվում է 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության մեջ Տուժած ոլորտներում գործունեության (իրացման շրջանառության) տեսակարար կշիռը կազմում է առնվազն 40 տոկոս:

12. Շահառուների ցանկում ներառվում են`

1) շահառուի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը, գործատուի ՀՎՀՀ-ն.

2) 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին վարձու աշխատողին (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողին) վճարված (վճարման ենթակա) եկամուտը, միջին ամսական աշխատավարձի չափը.

3) անհատ ձեռնարկատեր շահառուի 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառությունը.

4) հաշվարկված աջակցության չափը:

13. Միաժամանակ վարձու աշխատող (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող) և անհատ ձեռնարկատեր հանդիսացող Շահառուի դեպքում աջակցությունդ տրամադրվում է առանձին, որպես վարձու աշխատող (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող), և առանձին, որպես անհատ ձեռնարկատեր, հաշվարկված աջակցության չափերից առավելագույնի հաշվարկով` հիմք ընդունելով սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերի դրույթները:

i

14. Դիմումդ ներկայացնելու համար անձը online.ssa.am կայքէջից մուտք է գործում համապատասխան ծրագրային միջավայր և Ծառայություն է ներկայացնում`

1) շահառուի անունը, ազգանունը, հայրանունը, հանրային ծառայությունների համարանիշը.

2) շահառուի հետ հետադարձ կապի բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

3) շահառուի քարտային հաշվին կցված վճարային քարտի 16-նիշանոց համարը (եթե շահառուն ցանկանում է գումարն ստանալ քարտային հաշվին փոխանցելու միջոցով), կամ բանկի անվանումը, որի միջոցով շահառուն ցանկանում է ստանալ աջակցության գումարը (եթե շահառուն չի ներկայացնում քարտային հաշվին կցված վճարային քարտի 16-նիշանոց համարը):

(14-րդ կետը փոփ. 14.04.2020 թիվ 555-Լ որոշում)

15. Ծառայությունը, առցանց ռեժիմում ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը (համապատասխանությունը բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին) և շահառուի տվյալների առկայությունը Շահառուների ցանկում:

16. Շահառուի տվյալները բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին համապատասխանելու դեպքում Ծառայությունը հաշվառում կամ մերժում է էլեկտրոնային դիմումը` շահառուին տեղեկացնելով`

1) հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին և էլեկտրոնային փոստի հասցեին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով` դիմումը հաշվառելու և շահառուին վճարման ցուցակներում ներառելու մասին, եթե շահառուն ընդգրկված է շահառուների ցանկում, կամ.

2) էլեկտրոնային փոստի հասցեին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով` դիմումը մերժելու մասին, եթե շահառուն ընդգրկված չէ շահառուների

17. Ծառայությունը օրական պարբերականությամբ, սույն կարգի 16-րդ կետի 1-ին ենթակետում նշված դիմումների վերաբերյալ տեղեկատվությունը համադրում է շահառուների ցանկի հետ և ձևավորում է վճարման ցուցակ:

18. Վճարման ցուցակում ներառված շահառուների տվյալները հանվում են շահառուների ցանկից:

19. Վճարման ցուցակում ներառվում են բանկի անվանումը, ինչպես նաև շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը և վճարման ենթակա գումարը:

20. Աջակցության գումարը վճարվում է անկանխիկ եղանակով`

i

1) շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով, եթե շահառուն ներկայացրել է իր վճարային քարտի 16-նիշանոց համարը, կամ

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 1.1-ին ենթակետով երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարելու համար սահմանված կարգով` այդ հավելվածի 18-րդ կետում նշված համաձայնագիր կնքած բանկերի միջոցով` եթե շահառուն չի ներկայացրել իր վճարային քարտի 16-նիշանոց համարը կամ ներկայացված 16-նիշանոց համարը սխալ է կամ որևէ այլ պատճառով հնարավոր չէ գումարը փոխանցել շահառուի քարտային հաշվին: Ընդ որում, սույն ենթակետում նշված դեպքում, բանկը միանվագ աջակցության գումարը վճարում է բանկին գումարն ստանալու պահանջ ներկայացրած` դիմող ծնողին կամ նրա տված` նոտարական կարգով վավերացված լիազորագիրը ներկայացրած անձին, անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, իսկ եթե միանվագ աջակցության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում բանկին չի ներկայացվում գումարն ստանալու պահանջ, ապա գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(20-րդ կետը փոփ. 14.04.2020 թիվ 555-Լ որոշում)

21. Վճարման ցուցակը բանկին փոխանցելու օրվան հաջորդող օրը Ծառայությունն այդ մասին հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին և էլեկտրոնային փոստի հասցեին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով տեղեկացնում է շահառուներին:

22. Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

23. Աջակցության գումարը ընտանիքի անապահովությունը գնահատելիս ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չի մտնում:

24. Ծառայության պաշտոնական կայքէջում հրապարակվում է սույն կարգով սահմանված աջակցություն ստացած աշխատողների վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը`

1) աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը.

2) գործատուի ՀՎՀՀ-ն, անվանումը.

3) ամփոփ տեղեկատվություն Տուժած ոլորտների գործատուների թվաքանակի, աջակցություն ստացած աշխատողների և նրանց վճարված գումարների և վերաբերյալ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.04.2020
N 507-Լ
Որոշում