Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1225-ՐԴ, 12...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1225-ՐԴ, 1226-ՐԴ, 1227-Ր ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                 Վարչական գործ                   

    դատարանի որոշում                      թիվ ՎԴ2/0007/05/15

    Վարչական գործ թիվ ՎԴ2/0007/05/15      2020 թ.

Նախագահող դատավոր` Ք. Մկոյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի մարտի 12-ին

քննելով Թերեզա Բաբայանի ներկայացուցիչ Արևիկ Եղիազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 05.03.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Թերեզա Բաբայանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Տավուշի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Ստորաբաժանում)` թիվ 11-28-0032-0001 ծածկագրով անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման 30.10.2003 թվականին տրամադրված վկայականի համաձայն` ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում Ռազմիկ Չիբուխչյանի անվամբ 2.600 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի` 1.300 քմ մակերեսի մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Թերեզա Բաբայանը պահանջել է մասնակի` 1.300 քմ մակերեսի մասով, անվավեր ճանաչել թիվ 11-28-0032-0001 ծածկագրով անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման 30.10.2003 թվականին տրամադրված վկայականի համաձայն ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում Ռազմիկ Չիբուխչյանի անվամբ 2.600 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 13.02.2015 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Նույն օրվա որոշմամբ դատավարությունում երրորդ անձինք են ներգրավվել Ռազմիկ, Սվետլանա, Միքայել և Զինա Չիբուխչյանները:

Դատարանի 23.01.2017 թվականի որոշմամբ գործի վարույթը կասեցվել է մինչև Սվետլանա Չիբուխչյանի իրավահաջորդության հարցի պարզումը:

Թերեզա Բաբայանի անունից Արևիկ Եղիազարյանը 16.05.2017 թվականին ներկայացրել է միջնորդություն` վարչական գործի վարույթը վերսկսելու մասին:

Դատարանի 22.06.2017 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը վերսկսելու մասին Թերեզա Բաբայանի ներկայացուցիչ Արևիկ Եղիազարյանի միջնորդությունը մերժվել է:

Թերեզա Բաբայանը 18.10.2017 թվականին Դատարան է ներկայացրել միջնորդություն` խնդրելով Սվետլանա Չիբուխչյանին փոխարինել նրա իրավահաջորդներ Ռազմիկ Չիբուխչյանով, Միքայել Չիբուխչյանով, Զինա Չիբուխչյանով և վարչական գործի վարույթը վերսկսել:

Դատարանը 28.11.2017 թվականի որոշմամբ մերժել է դատավարության մասնակցին իրավահաջորդով փոխարինելու և վարչական գործի վարույթը վերսկսելու մասին Թերեզա Բաբայանի միջնորդությունը:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.03.2018 թվականի որոշմամբ Թերեզա Բաբայանի ներկայացուցիչ Արևիկ Եղիազարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.11.2017 թվականի «Դատավարության մասնակցին իրավահաջորդով փոխարինելու և վարչական գործի վարույթը վերսկսելու մասին միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Թերեզա Բաբայանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանն իր որոշմամբ չի անդրադարձել և իրավական գնահատական չի տվել Տավուշի մարզի Ենոքավան համայնքի ղեկավարի 05.05.2017 թվականի թիվ Ե9-51-17 գրությանը և հիմք է ընդունել միայն նոտարների կողմից տրված գրությունները, երբ ժառանգության ընդունման եղանակ է համարվում նաև վեցամսյա ժամկետում ժառանգական գույքի փաստացի տիրապետումը, կառավարումը և օգտագործումը:

i

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը չի հիմնավորել, թե ինչու չպետք է կիրառվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 5-րդ կետերը, 1226-րդ հոդվածի 3-րդ կետը, 1227-րդ հոդվածը, այլ պետք է կիրառվի միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1245-րդ հոդվածը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գույքի տիրապետման կամ կառավարման ապացույց կարող է հանդիսանալ նաև բնակարանային-շինարարական կոոպերատիվների, տեղական ինքնակառավարման մարմինների, համատիրությունների և օրենսդրությամբ համապատասխան փաստաթուղթ տալու իրավունք ունեցող այլ մարմինների կողմից տրված տեղեկանքը, կամ այլ ապացույցները, որոնք ուղղակիորեն հաստատում են այն, որ ժառանգը փաստացի տիրապետմամբ ընդունել է ժառանգությունը: Նշված տեղեկանքը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով հանդիսանում է ապացույց, որով հաստատվում է, որ Սվետլանա Չիբուխչյանի մահից հետո ժառանգական գույքը փաստացի տիրապետում են ամուսինը` Ռազմիկ Չիբուխչյանը, տղան` Միքայել Չիբուխչյանը, և աղջիկը` Զինա Չիբուխչյանը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ եթե Դատարանին չէր բավարարում համայնքի ղեկավարի կողմից տրված գրությունը` փաստացի տիրապետման փաստի վերաբերյալ, ապա Դատարանն օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում ժառանգության ձևակերպման մասին տեղեկություններ ստանալու համար պետք է դիմեր ոչ միայն նոտարներին, այլև համայնքի ղեկավարին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 05.03.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ և 95-րդ հոդվածների խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե երբ է դատարանը պարտավոր վերսկսել վարչական դատավարության մասնակից ֆիզիկական անձի մահվան հիմքով կասեցված գործի վարույթը և պարզել դատավարության մահացած մասնակցի իրավահաջորդության հարցը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու դեպքում (իրավաբանական անձի կամ վարչական մարմնի վերակազմակերպում, ֆիզիկական անձի մահ կամ պարտավորություններում անձանց փոփոխման այլ դեպքեր) դատարանը կատարում է այդ կողմի փոխարինում նրա իրավահաջորդով, որի վերաբերյալ կայացնում է որոշում` առանձին դատական ակտի տեսքով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո:

Վերոգրյալ իրավանորմերից հետևում է, որ վարչական գործի վարույթը կասեցնելու պարտադիր հիմքերից է դատավարության մասնակից ֆիզիկական անձի մահը, որի դեպքում դատավարության մասնակիցներից մեկը դուրս է մնում հետագա դատավարությունից: Այսինքն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը բոլոր այն դեպքերում, երբ դատավարության մասնակից ֆիզիկական անձի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն: Ընդ որում, գործի վարույթը կասեցվում է մինչև կասեցումն առաջացրած հանգամանքի վերացումը, այն է` իրավահաջորդության հարցի լուծումը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով գործին մասնակցող քաղաքացու մահվան հիմքով գործի վարույթը կասեցնելու հարցին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործին մասնակցող քաղաքացու մահվան դեպքում նրան իրավահաջորդով փոխարինելը հետապնդում է դատավարությունում կողմի ներկայությունն ապահովելու և դրա միջոցով նրա` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության ապահովման նպատակ (տե՛ս, Սամվել, Սահակ և Սուլթան Մարկոսյաններն ընդդեմ Լուսիկ Գևորգյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0808/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.11.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նախ` արձանագրել, որ այն հավասարապես կիրառելի է նաև վարչական գործերով` հաշվի առնելով քաղաքացու մահվան հիմքով գործի վարույթը կասեցնելու հարցի վերաբերյալ քաղաքացիական և վարչական դատավարության օրենսդրությամբ համանման կարգավորումները, ապա հավելել, որ դատավարության մասնակից ֆիզիկական անձի մահվան հիմքով իրավահաջորդությանը վերաբերող իրավանորմերը պետք է կիրառվեն այնպես, որ ապահովվի ողջամիտ հավասարակշռություն դատավարության տարբեր մասնակիցների (նրանց իրավահաջորդների) իրավունքների միջև: Այսինքն` գործի վարույթը կասեցնելու միջոցով դատավարության մահացած մասնակցի իրավահաջորդների իրավունքների պաշտպանությունն ապահովելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև դատավարության մնացած մասնակիցների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների ապահովման անհրաժեշտությունը: Մասնավորապես, գործի վարույթը կասեցնելու միջոցով դատավարության մահացած մասնակցի իրավահաջորդների իրավունքների պաշտպանության ապահովումը չպետք է անհաղթահարելի խոչընդոտներ առաջացնի դատավարության մնացած մասնակիցների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրացման համար:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում պարզաբանել, թե վարչական գործի վարույթը դատավարության մասնակից ֆիզիկական անձի մահվան հիմքով կասեցվելու դեպքում երբ է իրավահաջորդության հարցը համարվում լուծված, իսկ կասեցումն առաջացրած հանգամանքը` վերացած:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ֆիզիկական անձի մահից հետո իրավահաջորդության հարցերի կարգավորմանն է նվիրված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «Ժառանգական իրավունք» վերտառությամբ տասնմեկերորդ բաժինը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը բացվում է քաղաքացու մահից հետո:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է (...):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի համաձայն` ժառանգություն ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի (...):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:

i

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`

1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.

2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.

3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արձանագրել է, որ օրենսդիրը նախատեսել է ժառանգության ընդունման երկու եղանակ` ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելը և ժառանգի կողմից ժառանգությունը փաստացի տիրապետելը կամ կառավարելը: Ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել այդ գույքը, ինչը հանդիսանում է ժառանգական գույքի նկատմամբ ժառանգի սեփականության իրավունքի ծագման նախապայման (տե՛ս, Արմինե Հակոբյանը և Սամվել Հակոբյանն ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի, Անահիտ, Մարգարիտ, Քնարիկ Հակոբյանների թիվ 3-1621(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2007 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը, սահմանելով ժառանգելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, ժառանգությունն ընդունելու եղանակները, միաժամանակ նախատեսել է նաև այն ժամկետը, որի ընթացքում կարող է ընդունվել ժառանգությունը:

i

Այսպես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի համաձայն`

1. Ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

2. Եթե ժառանգության իրավունքն այլ անձանց համար ծագում է ժառանգությունից ժառանգի հրաժարվելու դեպքում, ապա նրանք կարող են ժառանգությունն ընդունել նույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետի մնացած մասի, իսկ եթե այն երեք ամսից պակաս է, ապա երեք ամսվա ընթացքում:

3. Այն անձինք, որոնց համար ժառանգության իրավունքն առաջանում է միայն այլ ժառանգի կողմից ժառանգությունը չընդունելու դեպքում, կարող են ժառանգությունն ընդունել նույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետն ավարտվելու օրվանից երեք ամսվա ընթացքում:

Վերը նշված իրավանորմերից հետևում է, որ ժառանգության ընդունման համար որպես ընդհանուր կանոն սահմանված է վեցամսյա ժամկետ, որը սկսում է հաշվարկվել ժառանգության բացման օրվանից: Միևնույն ժամանակ օրենսդիրը ժառանգությունն ընդունելու այլ ժամկետներ է սահմանել այն անձանց համար, որոնք ժառանգության իրավունք են ստացել ժառանգությունից այլ ժառանգի հրաժարվելու կամ վերջինիս կողմից ժառանգությունը չընդունելու դեպքում: Մասնավորապես, ժառանգությունից ժառանգի հրաժարվելու դեպքում ժառանգության իրավունք ստացած անձինք ժառանգությունը կարող են ընդունել ժառանգության բացման օրվանից հաշվարկվող վեցամսյա ժամկետի մնացած մասի ընթացքում, սակայն եթե այդ ժամկետը պակաս է երեք ամսից, ապա ժառանգությունը կարող է ընդունվել երեք ամսվա ընթացքում: Իսկ այն անձինք, որոնք ժառանգության իրավունք են ստացել այլ ժառանգի կողմից ժառանգությունը չընդունելու դեպքում, ապա կարող են ժառանգությունն ընդունել ժառանգության բացման օրվանից հաշվարկվող վեցամսյա ժամկետի ավարտից հետո` եռամսյա ժամկետում: Սահմանված ժամկետների ավարտից հետո ժառանգության ընդունումը հնարավոր է միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածով սահմանված կարգով: Ընդ որում, նշված կարգավորումները կիրառելի են նաև ժառանգությունն ընդունելու իրավունքը փոխանցելու (ժառանգության տրանսմիսիա) դեպքում ժառանգության իրավունքի իրացման նկատմամբ (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1229-րդ հոդված):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված առավելագույն հնարավոր ժամկետը ժառանգության բացման օրվանից վեցամսյա ժամկետի ավարտից հետո եռամսյա ժամկետն է` սահմանված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 3-րդ կետով: Բացառություն է միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածով սահմանված կարգը, երբ հնարավոր է ժառանգությունն ընդունել սահմանված ժամկետի ավարտից հետո:

Հաշվի առնելով վերոգրյալ իրակարգավորումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձի մահվան հիմքով վարչական գործի վարույթը կասեցնելու ժամանակահատվածն այն ժամանակահատվածն է, որն օրենքով սահմանված է որպես ժառանգությունն ընդունելու առավելագույն հնարավոր ժամկետ, քանի որ առավելագույնն այդ ժամկետում է լուծվում դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձի իրավահաջորդության հարցը: Փաստորեն, դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձի մահվան հիմքով վարչական գործի վարույթը կասեցնելու առավելագույն ժամանակահատվածը ժառանգության բացման օրվանից վեցամսյա ժամկետի ավարտից հետո եռամսյա ժամկետն է: Իսկ այդ ժամկետի ավարտը վկայում է գործի վարույթը կասեցնելու համար հիմք հանդիսացած հանգամանքի վերացման մասին: Վերջինս էլ իր հերթին նշանակում է, որ այդ ժամկետի ավարտից հետո դատարանը պարտավոր է վերսկսել գործի վարույթը և համարժեք միջոցներ ձեռնարկել դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձի իրավահաջորդության հարցը պարզելու նպատակով: Այսինքն` այդ դեպքում դատարանը, վերսկսելով գործի վարույթը, պետք է համարժեք միջոցներ ձեռնարկի պարզելու համար, թե ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ինչպես է լուծվել իրավահաջորդության հարցը: Ընդ որում, դրա իրավական հնարավորությունը ևս սահմանված է օրենսդրությամբ, մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով, որի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»): Դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:

Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է նաև այն իրողությամբ, որ վարչական դատավարությանը պատասխանողի կամ երրորդ անձի կարգավիճակով մասնակցող ֆիզիկական անձի իրավահաջորդները տարբեր պատճառներով, այդ թվում` իրենց իրավանախորդի մասնակցությամբ վարչական գործի առկայության մասին անտեղյակության կամ դիտավորությամբ, հնարավոր է համապատասխան դիմում չներկայացնեն դատարան, և գործի վարույթը կասեցված մնալու արդյունքում կարող է վրա հասնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված իրավական հետևանքը, համաձայն որի` դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե գործի վարույթը կասեցնելու մասին որոշում ընդունելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կասեցման հիմք հանդիսացած հանգամանքները չեն վերացել (բացառությամբ նույն օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի), և գործի վարույթն այդ պայմաններում վերսկսելն անհնարին է: Մինչդեռ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այդ դեպքում կխախտվի դատավարության մասնակիցների իրավունքների միջև ողջամիտ հավասարակշռությունը, իսկ դատավարության մնացած մասնակիցների իրավունքների դատական պաշտպանությունը կդառնա անհնարին:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե վարչական գործի վարույթը կասեցվում է դատավարության մասնակից ֆիզիկական անձի մահվան հիմքով (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ), ապա կասեցումն առաջացած հանգամանքը համարվում է վերացած` ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված առավելագույն հնարավոր ժամկետն ավարտվելու պահից, և գործի վարույթը ենթակա է վերսկսման: Հետևաբար, ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված առավելագույն հնարավոր ժամկետի ավարտից հետո դատարանը պարտավոր է սեփական նախաձեռնությամբ վերսկսել կասեցված գործի վարույթը և գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքի պահպանմամբ ձեռնամուխ լինել դատավարության մահացած մասնակցի իրավահաջորդության հարցը պարզելուն:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների կիրառելիության սահմաններին:

Նախ, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելի են բացառապես այն դեպքում, երբ վարչական գործի վարույթը կասեցվում է վարչական դատավարությունում պատասխանող կամ երրորդ անձ հանդիսացող ֆիզիկական անձի մահվան հիմքով (եթե վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն): Գործի վարույթը սեփական նախաձեռնությամբ վերսկսելու դատարանի լիազորությունը կիրառելի չէ վարչական գործի վարույթը հայցվոր ֆիզիկական անձի մահվան հիմքով կասեցվելու դեպքում, քանի որ օրենսդիրը հայցվորի փոխարինման համար անհրաժեշտ է համարել նաև հայցվորի իրավահաջորդի միջնորդության առկայությունը (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մաս): Այսինքն` հայցվոր ֆիզիկական անձի մահվան դեպքում վարչական գործի վարույթը վերսկսելու համար միայն ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված առավելագույն հնարավոր ժամկետի ավարտը բավարար չէ, այլ անհրաժեշտ է նաև հայցվորի փոխարինման վերաբերյալ հայցվորի իրավահաջորդի միջնորդությունը:

Երկրորդ, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները չեն բացառում գործի վարույթի վերսկսումը մինչև ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված առավելագույն հնարավոր ժամկետի (ժառանգության բացման օրվանից վեցամսյա ժամկետի ավարտից հետո եռամսյա ժամկետ) ավարտը: Մասնավորապես, գործի վարույթը ենթակա է վերսկսման նաև այն դեպքում, երբ մինչև վերը նշված ժամկետի ավարտը դատարանին հայտնի են դառնում դատավարության մահացած մասնակցի իրավահաջորդության հարցը լուծված լինելու վերաբերյալ տեղեկություններ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Թերեզա Բաբայանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է մասնակի` 1.300 քմ մակերեսի մասով, անվավեր ճանաչել թիվ 11-28-0032-0001 ծածկագրով անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման 30.10.2003 թվականին տրամադրված վկայականի համաձայն ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում Ռազմիկ Չիբուխչյանի անվամբ 2.600 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Դատարանի 13.02.2015 թվականի որոշմամբ դատավարությունում երրորդ անձինք են ներգրավվել Ռազմիկ, Սվետլանա, Միքայել և Զինա Չիբուխչյանները:

Սվետլանա Չիբուխչյանը մահացել է 13.08.2016 թվականին (հատոր 7-րդ, գ.թ. 50):

Դատարանի 23.01.2017 թվականի որոշմամբ գործի վարույթը կասեցվել է մինչև Սվետլանա Չիբուխչյանի իրավահաջորդության հարցի պարզումը:

Թերեզա Բաբայանի անունից Արևիկ Եղիազարյանը 16.05.2017 թվականին ներկայացրել է միջնորդություն` վարչական գործի վարույթը վերսկսելու մասին:

Դատարանի 22.06.2017 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը վերսկսելու մասին Թերեզա Բաբայանի ներկայացուցիչ Արևիկ Եղիազարյանի միջնորդությունը մերժվել է:

Թերեզա Բաբայանը 18.10.2017 թվականին Դատարան է ներկայացրել միջնորդություն` խնդրելով Սվետլանա Չիբուխչյանին փոխարինել նրա իրավահաջորդներ Ռազմիկ Չիբուխչյանով, Միքայել Չիբուխչյանով, Զինա Չիբուխչյանով և սույն վարչական գործի վարույթը վերսկսել:

Դատարանը մերժել է դատավարության մասնակցին իրավահաջորդով փոխարինելու և վարչական գործի վարույթը վերսկսելու մասին Թերեզա Բաբայանի միջնորդությունը` պատճառաբանելով, որ Իջևան նոտարական տարածքի նոտարներ Գ. Անանյանի 09.11.2017 թվականի թիվ 01/14 և Անուշ Ամիրխանյանի 10.11.2017 թվականի թիվ Ն-123/17 գրությունների համաձայն` 13.08.2016 թվականին մահացած Սվետլանա Չիբուխչյանի ժառանգությունն ընդունած ժառանգներ չկան, և ժառանգությունը չի ձևակերպվել: Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ վարչական գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ Թերեզա Բաբայանի ներկայացուցիչ Արևիկ Եղիազարյանի 16.05.2017 թվականի միջնորդությունը մերժելու մասին Դատարանի 22.06.2017 թվականի որոշման կայացումից հետո նոր հանգամանք առկա չէ, իսկ ներկայացված փաստաթղթերին արդեն իսկ գնահատական տրվել է 22.06.2017 թվականի որոշմամբ:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Թերեզա Բաբայանի ներկայացուցիչ Արևիկ Եղիազարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «Սվետլանա Չիբուխչյանի իրավահաջորդության հարցը դեռևս լուծված չէ, իսկ պարզապես փաստացի տիրապետման հանգամանքի հիմքով Դատարանը իրավասու չէ կատարելու դատավարության մասնակցի փոխարինում իրավահաջորդության կարգով»:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների վերոգրյալ պատճառաբանություններն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործի վարույթը կասեցվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով, այն է` մահացել է երրորդ անձ Սվետլանա Չիբուխչյանը, իսկ վիճելի իրավահարաբերությունը թույլատրում է իրավահաջորդություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Սվետլանա Չիբուխչյանը մահացել է 13.08.2016 թվականին, հետևաբար նշված օրը բացվել է նրա ժառանգությունը: Սվետլանա Չիբուխչյանի ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված վեցամսյա ժամկետն ավարտվել է 14.02.2017 թվականին, որից հետո եռամսյա ժամկետը` 15.05.2017 թվականին: Մինչև նշված ժամկետի ավարտը Դատարանում չեն ստացվել Սվետլանա Չիբուխչյանի իրավահաջորդության հարցը նախքան սահմանված առավելագույն հնարավոր ժամկետի ավարտը լուծված լինելու վերաբերյալ տեղեկություններ: Հետևաբար, Սվետլանա Չիբուխչյանի ժառանգության ընդունման ժամկետի հարցը համարվում է լուծված, իսկ սույն գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքը` վերացած, Սվետլանա Չիբուխչյանի ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված առավելագույն հնարավոր ժամկետի ավարտից` 15.05.2017 թվականից, հետո: Նման պայմաններում Դատարանը պարտավոր էր վերը նշված ժամկետի ավարտից հետո վերսկսել գործի վարույթը և ձեռնամուխ լինել Սվետլանա Չիբուխչյանի իրավահաջորդության հարցի պարզմանը, որից հետո միայն կարող էր քննարկել նաև Սվետլանա Չիբուխչյանին նրա իրավահաջորդներով փոխարինելու հարցը: Մինչդեռ Դատարանը մերժել է Սվետլանա Չիբուխչյանին իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ Թերեզա Բաբայանի միջնորդությունը` առանց գործի վարույթը վերսկսելու և Սվետլանա Չիբուխչյանի իրավահաջորդության հարցը պարզելու ուղղությամբ համարժեք միջոցներ ձեռնարկելու` դրանով իսկ խախտելով վարչական դատավարության մահացած մասնակցին իրավահաջորդով փոխարինելու համար օրենսդրությամբ սահմանված կարգը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առանց գործի վարույթը վերսկսելու և Սվետլանա Չիբուխչյանի իրավահաջորդության հարցը պարզելու ուղղությամբ համարժեք միջոցներ ձեռնարկելու մերժելով Սվետլանա Չիբուխչյանին իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ Թերեզա Բաբայանի կողմից 18.10.2017 թվականին ներկայացված միջնորդությունը` Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ և 95-րդ հոդվածների պահանջները: Նշված խախտումները հանգեցրել են Թերեզա Բաբայանի արդար դատաքննության իրավունքի խախտման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների հիմքով վճռաբեկ բողոքը բավարարելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 05.03.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` դատավարության մասնակցին իրավահաջորդով փոխարինելու մասին միջնորդությունը մերժելու մասով վերացնել ՀՀ վարչական դատարանի 28.11.2017 թվականի «Դատավարության մասնակցին իրավահաջորդով փոխարինելու և վարչական գործի վարույթը վերսկսելու մասին միջնորդությունը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.03.2020
N ՎԴ2/0007/05/15
Որոշում