Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 54-ՐԴ, 72-ՐԴ Ե ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                Վարչական գործ թիվ ՎԴ2/0239/05/17

    դատարանի որոշում                     2020 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ2/0239/05/17

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հուլիսի 01-ին

քննարկելով ըստ հայցի Մուշեղ Սայադյանի ընդդեմ Սևանի քաղաքապետի և «Լավանդա Սիթի-Շին» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` Սևանի քաղաքապետի 25.06.2007 թվականի թիվ 14 շինարարության թույլտվությունը մասնակի` Սևան քաղաքի հարավային հատվածի թիվ 8/10 քոթեջ-տնակի (այսուհետ` Տնակ) մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 09.02.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ Սևանի քաղաքապետի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Մուշեղ Սայադյանը պահանջել է մասնակի` Տնակի մասով, անվավեր ճանաչել Սևանի քաղաքապետի 25.06.2007 թվականի թիվ 14 շինարարության թույլտվությունը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 29.11.2017 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժվել են:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.02.2018 թվականի որոշմամբ Մուշեղ Սայադյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 29.11.2017 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը մերժելու և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացվել է` Մուշեղ Սայադյանի միջնորդությունը` բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքները վերականգնելու մասին, բավարարվել է, ու վերականգնվել է հայց ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սևանի քաղաքապետը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մուշեղ Սայադյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ, 72-րդ և 80-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Մուշեղ Սայադյանը վիճարկվող վարչական ակտի` 25.06.2007 թվականի շինարարության թույլտվության հասցեատեր դարձել է 21.08.2017 թվականին, երբ թիվ ՔՊ 1/275 գրությամբ նրան տրամադրվել է այդ շինարարության թույլտվությունը: Այն նշում չի պարունակում առ այն, թե դրանով նախատեսված քոթեջ-տնակները «Սևան» ազգային պարկի տարածքի բացարձակ նիշից ցածր չեն կարող կառուցվել: Հետևաբար արդեն 26.08.2017 թվականին հայցվորը տեղյակ էր, թե 25.06.2007 թվականին Ընկերությանը տրամադրված շինարարության թույլտվության մեջ նշված օբյեկտներից որ մեկն է համապատասխանում Տնակին: Բացի այդ, հայցվորը 26.08.2017 թվականի դրությամբ արդեն ուներ այն հարցի պատասխանը, թե Տնակը Սևանա լճի մակարդակից ինչ բարձրության նիշի վրա պետք է կառուցվեր, և այն ինչ նիշի (բարձրության) վրա է կառուցված:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.02.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և «օրինական ուժ տալ Դատարանի 29.11.2017 թվականի որոշմանը»:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանի որոշմամբ արված եզրահանգումն առ այն, որ վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետի հաշվարկը պետք է սկսել 13.10.2017 թվականից, այլ ոչ թե 2007 թվականին Տնակը հայցվորի կողմից գնելու պահից, հիմնավոր է և իրավաչափ: Բացի այդ, վիճարկվող շինարարության թույլտվությունում առկա չէ որևէ նշում այն մասին, որ Ընկերությանն արգելվում է քոթեջներ կառուցել 1908 մ սահմանային նիշից ցած ընկած առափնյա տարածքում: Վերոգրյալի հաշվառմամբ ներկայացված վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը` վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող երրորդ անձի կողմից այդ վարչական ակտի վիճարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենա նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող երրորդ անձի կողմից վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

i

Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ): Մինչդեռ Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե՛ս, Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):

Անդրադառնալով դատարանի մատչելիության ժամկետային սահմանափակումներին` Եվրոպական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված այդպիսի սահմանափակումները հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից: Ըստ Եվրոպական դատարանի` նմանատիպ հայցերի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել հեռավոր անցյալում տեղի ունեցած իրադարձություններ այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Եվրոպական դատարանը գտել է, որ ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom (22083/93, 22095/93) գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, 51-րդ և 55-րդ կետեր):

i

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանվեն և կիրառվեն նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետների վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:

Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:

Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից` երկարատև հիվանդության պատճառով:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում, և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրելու օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ ՀՀ վարչական դատարանն իրավասու չէ գործադրելու օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տե՛ս, Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9439/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2013 թվականի որոշումը, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի որոշումը, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և մյուսների թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի որոշումը, «2ԷԴ» ՓԲԸ-ի տնօրեն Էդգար Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5086/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի որոշումը, Եղեգնուտի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանման թիվ ՎԴ/0196/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2016 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Սևանի քաղաքապետի կողմից 25.06.2007 թվականին Ընկերությանը տրվել է թիվ 14 շինարարության թույլտվությունը (թվով 420 օբյեկտների կառուցման վերաբերյալ), որի հիման վրա վերջինիս կողմից իրականացվել են շինարարական աշխատանքներ, այդ թվում` կառուցվել է Տնակը (գ.թ. 37-38): Այնուհետև` 30.08.2007 թվականին Ընկերության և Մուշեղ Սայադյանի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով վերջինս ձեռք է բերել 47 քմ ընդհանուր մակերեսով Տնակը (գ.թ. 16-17): Նշված պայմանագրի հիման վրա Տնակի նկատմամբ 12.09.2007 թվականին գրանցվել է Մուշեղ Սայադյանի սեփականության իրավունքը, և տրվել է անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 2431130 վկայականը (գ.թ. 18-19): «ՍՅՈՒՌՎԵԿՍ ԿՈՆՍԱԼՏԻՆԳ» ՍՊԸ-ի «Գույքային վնասների վերաբերյալ» 26.08.2017 թվականի թիվ V-365-06/06/17 փորձագիտական եզրակացության համաձայն` վնասի առաջացման պատճառ է հանդիսացել Տնակի կառուցումը «Սևան» ազգային պարկի 1908,0 բացարձակ նիշից ցածր, փաստացի` 1903,8 մետր նիշն ընդգրկող տարածքում: Նույն եզրակացության 7-րդ աղյուսակի բովանդակությունից պարզ է դառնում, որ 2010 թվականի ամռան ամիսներին Տնակին հարակից տարածքը կարճատև (1-2 շաբաթ) ջրածածկված է եղել 2-3 սմ ջրի շերտով, իսկ 2016 թվականից` 15-110 սմ ջրի շերտով (գ.թ. 20-34):

Հայցվորը 14.11.2017 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` խնդրելով անվավեր ճանաչել 25.06.2007 թվականի թիվ 14 շինարարության թույլտվությունը: Միաժամանակ հայցվորը ներկայացրել է բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու միջնորդություն` պնդելով, որ դատավարական ժամկետի սկիզբը պետք է հաշվարկվի 13.10.2017 թվականից, քանի որ Սևանի քաղաքապետի կողմից 12.10.2017 թվականին տրված պատասխանից է միայն իր մոտ համոզմունք ձևավորվել, որ Տնակի մասով շինարարության թույլտվությունը խախտում է իր իրավունքները:

Դատարանը 29.11.2017 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը մերժելու և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ արձանագրել է, որ հայցվորի իրավունքը Տնակի նկատմամբ ծագել է դեռևս 12.09.2007 թվականին, ինչը նշանակում է, որ այդ ժամկետից հայցվորը ողջամտորեն կարող էր և ենթադրվում է, որ տեղյակ է եղել շինարարության թույլտվության մասին, ինչպես նաև վերջինիս հայտնի է եղել Տնակի տեղադրությունը: Ընդ որում, միջնորդությունը որևէ հիմնավորում չի պարունակել առ այն, որ մինչև 26.07.2017 թվականը Սևան համայնքի ղեկավարին հարցում ուղարկելը և դրա վերաբերյալ 21.08.2017 թվականին պատասխան ստանալը հայցվորը տեղյակ չի եղել շինարարության թույլտվության մասին: Այսինքն` դեռևս 2016 թվականի ամռան ամիսներից` առնվազն օգոստոս ամսից, առաջացել է այն իրադրությունը, որով հայցվորը պայմանավորել է իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստը: Սակայն հայցվորը որևէ տվյալ չի ներկայացրել, որ այդ ժամկետից սկսած ողջամիտ ու բավարար միջոցներ է ձեռնարկել իրավունքների պաշտպանության համար, և այդ միջոցների արդյունքում դատարան դիմելը հնարավոր չի եղել: Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտել է, որ միջնորդության այն փաստարկը, որ ժամկետի հոսքը պետք է հաշվարկվի 13.10.2017 թվականից, հիմնավոր չէ, քանի որ օրենսդիրը ժամկետի սկիզբը սահմանել է վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահը, իսկ ներկայացված միջնորդությամբ չի հիմնավորվում, որ վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը հայցվորը բաց է թողել իր կամքից անկախ առաջացած պատճառներով:

Վերաքննիչ դատարանը 09.02.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշմամբ բավարարել է վերաքննիչ բողոքը և վերացրել է Դատարանի 29.11.2017 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը մերժելու և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը` պատճառաբանելով, որ 30.08.2007 թվականին Ընկերության և Մուշեղ Սայադյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի առարկա Տնակի նկարագիրը և պայմանագիրն իրենց մեջ չեն պարունակում որևէ հիշատակում վիճարկվող շինարարության թույլտվության մասին կամ Տնակի` ՀՀ կառավարության կողմից սահմանված 1908 մետր բացարձակ նիշից ցածր կամ բարձր կառուցված լինելու վերաբերյալ: Ուստի, հաշվի առնելով, որ Տնակը 12.09.2007 թվականին հայցվորի անվամբ գրանցվել է որպես անշարժ գույք, վերջինս ողջամտորեն կարող էր ենթադրել, որ խոսքը գնում է ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգին համապատասխան 1908 մետր նիշից բարձր կատարված կառուցապատման մասին: Հետևաբար Դատարանի եզրահանգումն առ այն, որ հայցվորը 2007 թվականին պետք է տեղյակ լիներ Տնակի տեղադրման մասին, անհիմն է: Ավելին` հայցվորը, չհանդիսանալով վիճարկվող շինարարության թույլտվության հասցեատեր, պարտավոր չէր որևէ կերպ դեռևս 2007 թվականին տեղյակ լինել շինարարության թույլտվության մասին: Բացի այդ, հայցվորն իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին տեղեկացել է միայն 2017 թվականի օգոստոսին, մասնավորապես` 26.08.2017 թվականի փորձագիտական եզրակացությամբ արված եզրահանգումից առ այն, որ Տնակը կառուցվել է «Սևան» ազգային պարկի 1908,0 մետր բացարձակ նիշից ցածր` փաստացի 1903,9 մետր նիշն ընդգրկող տարածքում: Այնուհետև հայցվորը դիմել է Սևան համայնքի ղեկավարին և դրանից հետո միայն 12.10.2017 թվականի գրությամբ չստանալով անհրաժեշտ տեղեկատվությունը` 14.11.2017 թվականին նոր դիմել է դատարան:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախ, տվյալ դեպքում հայցվորի իրավունքը Տնակի նկատմամբ ծագել է դեռևս 12.09.2007 թվականին: Դա նշանակում է, որ հայցվորն իր սեփականության իրավունքի ծագման պահից ողջամտորեն պետք է տեղյակ լիներ թե՛ սույն գործով վիճարկվող շինարարության թույլտվության առկայության, թե՛ արդեն իրեն սեփականության իրավունքով պատկանող Տնակի տեղադրության վերաբերյալ:

Բացի այդ, այն իրադրությունը, որով հայցվորը պայմանավորել է իր իրավունքների ենթադրյալ խախտումը («Սևան» ազգային պարկի 1908,0 նիշից ցածր տարածքում կառուցված լինելու հետևանքով Տնակի ջրածածկումը), համաձայն հայցադիմումի և դրան կից ներկայացված «ՍՅՈՒՌՎԵԿՍ ԿՈՆՍԱԼՏԻՆԳ» ՍՊԸ-ի «Գույքային վնասների վերաբերյալ» 26.08.2017 թվականի թիվ V-365-06/06/2017 փորձագիտական եզրակացության, առաջացել է դեռևս 2016 թվականի ամռան ամիսներից (առնվազն օգոստոս ամսից):

Դեռ ավելին, հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Սևան համայնքի ղեկավարի 21.08.2017 թվականի թիվ Քպ 1/275 գրությանը կից փաստաբան Վ. Խեչյանին (ըստ հայցադիմումի` վերջինս գործել է Մուշեղ Սայադյանի ցուցումով) տրամադրվել է նաև սույն գործով վիճարկվող շինարարության թույլտվության պատճենը: Միաժամանակ «ՍՅՈՒՌՎԵԿՍ ԿՈՆՍԱԼՏԻՆԳ» ՍՊԸ-ի «Գույքային վնասների վերաբերյալ» 26.08.2017 թվականի թիվ V-365-06/06/2017 փորձագիտական եզրակացության համաձայն` փորձաքննությունը կատարվել է Մուշեղ Սայադյանի պատվերով, իսկ նշված եզրակացության «Հավաքագրված իրեղեն ապացույցներ, նյութեր և փաստաթղթեր» բաժնում նշվել է նաև սույն գործով վիճարկվող շինարարության թույլտվությունը: Նույն եզրակացությամբ արձանագրվել է, որ Տնակը կառուցվել է «Սևան» ազգային պարկի 1908,0 նիշից ցածր, փաստացի` 1903,8 մետր տարածքում: Վերոգրյալից հետևում է, որ 26.08.2017 թվականի դրությամբ հայցվորին հաստատապես հայտնի է եղել Տնակը 1903,8 նիշն ընդգրկող տարածքում կառուցված լինելու հանգամանքը, և նա անվիճելիորեն իր տիրապետության տակ ունեցել է սույն գործով վիճարկվող շինարարության թույլտվությունը:

Փաստորեն, միայն սույն գործով դատարան ներկայացված հայցադիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում կարելի է նշել հայցվորի մատնանշած 12.10.2017 թվականի գրությանը նախորդած առնվազն երեք ժամանակաշրջան, երբ հայցվորն իմացել է կամ ողջամտորեն պետք է իմանար իր իրավունքները ենթադրաբար խախտող շինարարության թույլտվության մասին, ուստի հայցվորն առնվազն այդ ժամանակից սկսած պետք է ողջամիտ և բավարար միջոցներ ձեռնարկեր իր ենթադրյալ իրավունքների պաշտպանության համար: Մինչդեռ նման պայմաններում վիճարկման հայցադիմումը դատարան ներկայացնելով միայն 14.11.2017 թվականին` հայցվորը չի ներկայացրել դատարան դիմելու ժամկետը բաց թողնելու ո՛չ օբյեկտիվ, ո՛չ սուբյեկտիվ որևէ հիմքի առկայության մասին վկայող բավարար հիմնավորումներ:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված այն հանգամանքին, որ 2017 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Սևան համայնքի ղեկավարից վիճարկվող շինարարության թույլտվության պատճենը ստանալուց հետո հայցվորը դիմել է համայնքի ղեկավարին` ճշտելու, թե շինարարության թույլտվության օբյեկտներից (տնակներից) որն է Տնակը, և միայն 12.10.2017 թվականի գրությամբ հայցվորը տեղեկացվել է, որ տեղեկատվություն տրամադրել չեն կարող, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սևան համայնքի ղեկավարին հասցեագրված 19.09.2017 թվականի գրությամբ փաստաբան Վ. Խեչյանը, նշելով, որ փաստաբանական հարցմամբ հայցված ոչ բոլոր փաստաթղթերն են Սևանի քաղաքապետարանի կողմից իրեն տրամադրվել, խնդրել է հայտնել.

1) 25.06.2007 թվականի թիվ 14 շինարարության թույլտվության մեջ նշված օբյեկտներից (տնակներից) ո՞ր մեկն է համապատասխանում Տնակին,

2) ըստ վերոնշյալ շինարարության թույլտվության Տնակը Սևանա լճի մակարդակից ի՞նչ բարձրության նիշի վրա պետք է կառուցվեր և փաստացի ի՞նչ նիշի (բարձրության) վրա է կառուցված (գ.թ. 39):

Ի պատասխան վերը նշված գրության` Սևանի քաղաքապետի 12.10.2017 թվականի թիվ Քպ 1/360 գրությամբ հայտնվել է նաև, որ քննարկվող շինարարության թույլտվությունը տրամադրվել է 420 տնակի կառուցման համար, ուստի Տնակի վերաբերյալ տեղեկատվություն չեն կարող տրամադրել (գ.թ. 40):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 19.09.2017 թվականի գրությամբ հայցվող տեղեկատվության տրամադրումը կամ չտրամադրումը չէր կաշկանդում հայցվորին իր ենթադրյալ իրավունքների պաշտպանությունն իրականացնելու հարցում: Մասնավորապես` սույն գործով ներկայացված հայցադիմումի հիմքում ընկած տեղեկատվությանը հայցվորն արդեն իսկ տիրապետում էր (հիմք` 25.06.2007 թվականի թիվ 14 շինարարության թույլտվություն և «ՍՅՈՒՌՎԵԿՍ ԿՈՆՍԱԼՏԻՆԳ» ՍՊԸ-ի «Գույքային վնասների վերաբերյալ» 26.08.2017 թվականի թիվ V-365-06/06/2017 փորձագիտական եզրակացություն): Ավելին, Սևանի քաղաքապետի 12.10.2017 թվականի թիվ Քպ 1/360 գրության` հայցվորի ենթադրյալ իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ չլինելու մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ այդ գրությամբ սույն գործի համար նշանակություն ունեցող որևէ նոր տեղեկատվություն հայցվորին ըստ էության չի տրամադրվել: Փաստորեն, տվյալ դեպքում հայցվորը 19.09.2017 թվականի գրությամբ հայցվող տեղեկատվության տրամադրման հանգամանքով կաշկանդված չէր և առանց Սևանի քաղաքապետի 12.10.2017 թվականի թիվ Քպ 1/360 գրությունը ստանալու նույնպես կարող էր ձեռնամուխ լինել իր ենթադրյալ իրավունքների պաշտպանության համար ողջամիտ և համարժեք միջոցներ ձեռնարկելուն: Հետևաբար հայցվորի կողմից իր ենթադրյալ իրավունքների պաշտպանության նպատակով դատարան դիմելու ժամանակահատվածի ողջամտությունը գնահատելիս Սևանի քաղաքապետի 12.10.2017 թվականի թիվ Քպ 1/360 գրությունը ստանալու պահը չի կարող դիտարկվել որպես ելակետ:

Վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ սույն գործով առկա չեն Սևանի քաղաքապետի 25.06.2007 թվականի թիվ 14 շինարարության թույլտվությունը մասնակի` Տնակի մասով, անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու համար օրենքով նախատեսված ժամկետը Մուշեղ Սայադյանի կողմից բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու ո՛չ օբյեկտիվ, ո՛չ սուբյեկտիվ հիմքեր, ուստի ներկայացված միջնորդությունը ենթակա էր մերժման: Նման իրավաչափ հետևության հանգել է նաև Դատարանը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 09.02.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. ՀՀ վարչական դատարանի 29.11.2017 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը մերժելու և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.07.2020
N ՎԴ2/0239/05/17
Որոշում