Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 22-Ր...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                  Վարչական գործ

    դատարանի որոշում                       թիվ ՎԴ2/0385/05/11

    Վարչական գործ թիվ ՎԴ2/0385/05/11       2020 թ.

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

    Դատավորներ`        Ք. Մկոյան

                       Ա. Սարգսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի օգոստոսի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Աստղիկ Անտոնյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Իջևանի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ Շամիր Անտոնյանի` գույքագրման բյուրոյի սեփականության իրավունքի հաշվառմանն ուղղված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, Իջևան քաղաքի Երևանյան 4-րդ նրբանցքի թիվ 38 տան նկատմամբ Շամիր Անտոնյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.04.2018 թվականի «Դիմումը վերադարձնելու մասին» որոշման դեմ Աստղիկ Անտոնյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Աստղիկ Անտոնյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել գույքագրման բյուրոյի սեփականության իրավունքի հաշվառմանն ուղղված գործողությունները ու անվավեր ճանաչել Իջևան քաղաքի Երևանյան 4-րդ նրբանցքի թիվ 38 տան նկատմամբ Շամիր Անտոնյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի վկայագիրը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ծատուրյան) (այսուհետ` Դատարան) 11.03.2013 թվականի վճռով հայցը` գույքագրման բյուրոյի սեփականության իրավունքի հաշվառմանն ուղղված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, Իջևան քաղաքի Երևանյան 4-րդ նրբանցքի թիվ 38 տան նկատմամբ Շամիր Անտոնյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասով, մերժվել է, իսկ գործի վարույթը` Շամիր Անտոնյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցման հիման վրա տրված սեփականության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասով` կարճվել:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.04.2018 թվականի որոշմամբ Աստղիկ Անտոնյանի կողմից ներկայացված` նոր երևան եկած հանգամանքով Դատարանի 11.03.2013 թվականի վճիռը վերանայելու պահանջով դիմումը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աստղիկ Անտոնյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Վերաքննիչ դատարանը խախտել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 2-րդ պարբերությունը, նույն հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը դիմումի վերադարձման հիմքում դրել է այն հանգամանքը, որ դիմումին կցված չէ պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ, առկա չէ նաև համապատասխան միջնորդություն` պետական տուրքի վճարումը հետաձգելու, տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու մասին, ինչը հիմք է դիմումը վերադարձնելու համար:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նոր երևան եկած հանգամանքների հիմքով ներկայացված բողոքներով սահմանված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, այն է` շահագրգիռ անձինք ազատված են պետական տուրք վճարելու պարտականությունից:

i

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը նշել է, որ դիմումին կցվում են նոր երևան եկած հանգամանքը հաստատող ապացույցները, իսկ նման ապացույց կարող է հանդիսանալ միայն օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, իսկ քննիչի որոշումը չի կարող նույնացվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի հետ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ քննիչի որոշումը նույնպես նոր երևան եկած հանգամանքի առկայությունը հիմնավորող ապացույց է, ինչն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայելու հիմք է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 17.04.2018 թվականի «Դիմումը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու հիմքերի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 2-րդ պարբերության, նույն հոդվածի 2-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է` դատարան տրվող հայցադիմումների, դիմումների (...), դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար (...):

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 2-րդ պարբերության համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատարանի վճիռը կամ որոշումը վերանայելու վերաբերյալ բողոքներով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարան դիմելու կամ արդարադատության մատչելիության իրավունքը մարդու` սահմանադրաիրավական և միջազգային իրավական նորմերով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարևորագույն բաղադրիչն է:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում նշել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից (տե՛ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մի կողմից դատարաններում պետական տուրք գանձելու հանրային շահի և մյուս կողմից` դատարանների միջոցով իր իրավունքները պաշտպանելու` դիմողի իրավաչափ շահի միջև պատշաճ հավասարակշռություն երաշխավորելու նպատակով օրենսդիրը որոշակի կատեգորիայի գործերով որոշակի կատեգորիայի անձանց համար նախատեսել է պետական տուրքի գծով արտոնություն` պետական տուրքի վճարումից ազատելու ձևով: Այդ արտոնությունը նախատեսված է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով, որն ամրագրում է դատարաններում պետական տուրքի վճարումից ազատելու հիմքերը` սահմանելով դատարան դիմելու համար գանձվող պետական տուրքի վճարումից ազատելու դեպքերի շրջանակը: Նշված դեպքերից մեկն այն է, որ բողոք բերած անձը նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատարանի վճիռը կամ որոշումը վերանայելու վերաբերյալ բողոքներով ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից:

Սույն գործի փաստերի համաձայն` Աստղիկ Անտոնյանը դիմում է ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` պահանջելով նոր երևան եկած հանգամանքով վերանայել Դատարանի 11.03.2013 թվականի վճիռը (հատոր 3-րդ, գ.թ. 3-8):

Վերաքննիչ դատարանը դիմումը վերադարձրել է նաև այն պատճառաբանությամբ, որ դիմումին կցված չէ պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև առկա չէ համապատասխան միջնորդություն` պետական տուրքի վճարումը հետաձգելու, տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու մասին (հատոր 3-րդ, գ.թ. 41-43):

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր երևան եկած հանգամանքով բողոք բերելու դեպքերի համար օրենսդրի կողմից սահմանվել է արտոնություն պետական տուրքի վճարման մասով` այն վճարելու պարտականությունից ազատելու ձևով: Հետևաբար, Աստղիկ Անտոնյանը նոր երևան եկած հանգամանքով Դատարանի 11.03.2013 թվականի վճիռը վերանայելու բողոք ներկայացնելու դեպքում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 2-րդ պարբերության ուժով ազատված է եղել պետական տուրք վճարելու պարտականությունից` օրենքի ուժով: ՈՒստի պետական տուրքի վճարման մասով որևէ արտոնություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունը նույնպես բացակայել է, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Վերաքննիչ բողոք ներկայացնելու պահին` մինչև 21.06.2018 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`

1) այդ դատական ակտը կայացվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` վկայի սուտ ցուցմունքների, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացության, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանության, կեղծ փաստաթղթերի կամ իրեղեն ապացույցների հիման վրա.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ դատավարության մասնակիցը կամ նրա ներկայացուցիչը կամ դատավորը գործի քննության առնչությամբ կատարել է հանցագործություն:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) իր մի շարք որոշումներով վերահաստատել է, որ այն հանգամանքները, որոնք արդեն իսկ առկա են դատաքննության ժամանակ, սակայն որևէ պատճառով չեն ներկայացվել դատարան և հայտնի են դարձել միայն դատավարությունից հետո, համարվում են «նոր երևան եկած»: Դատարանի ակտն ուժը կորցրած ճանաչելու պահանջով դիմած անձը պետք է ցույց տա, որ ապացույցն անհնար է եղել ներկայացնել վերջնական նիստի ժամանակ, և այդ ապացույցն ունի որոշիչ նշանակություն (տե՛ս, Kumkin and others v. Russia (73294/01) գործով եվրոպական դատարանի 30.01.2008 թվականի վճիռը, կետ 31, Yerogova v. Russia (77478/01) գործով Եվրոպական դատարանի 19.09.2008 թվականի վճիռը, կետ 33, Maltseva v. Russia (76676/01) գործով Եվրոպական դատարանի 19.09.2008 թվականի վճիռը, կետ 33):

Մեկ այլ գործով, անդրադառնալով նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման գործընթացի իրավական կարևորության խնդրին` Եվրոպական դատարանն արձանագրել է. «... գործի նորոգումը նոր երևան եկած հանգամանքների հիման վրա ինքնին չի հակասում իրավական որոշակիության սկզբունքին այնքանով, որքանով այն օգտագործվում է արդարադատության սխալներն ուղղելու համար: Դատարանի խնդիրն է պարզել` արդյո՞ք ընթացակարգը կիրառվել է այնպես, որ համահունչ է 6-րդ հոդվածի 1-ին պարագրաֆին (տե՛ս Kuznetsova v. Russia (67579/01) գործով Եվրոպական դատարանի 12.11.2007 թվականի վճիռը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածը ՀՀ սահմանադրական դատարանի 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222 որոշմամբ ճանաչվել է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածներին, 6-րդ հոդվածի երկրորդ մասին, 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր այն առումով, որով արգելափակվում է ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականության վիճարկումը «նոր երևան եկած» իրավաչափ այլ հանգամանքների հիմքերով` հանգեցնելով անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների սահմանափակման:

i

ՀՀ սահմանադրական դատարանը 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222 որոշմամբ վերահաստատել է նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները: ՀՀ սահմանադրական դատարանը, (իր մի շարք որոշումներում նույնպես` ՍԴՈ-701, ՍԴՈ-709, ՍԴՈ-751, ՍԴՈ-758, ՍԴՈ-765, ՍԴՈ-767, ՍԴՈ-833, ՍԴՈ-872, ՍԴՈ-935, ՍԴՈ-1049, ՍԴՈ-1114 և այլն) անդրադառնալով «նոր երևան եկած հանգամանքով» դատական ակտերի վերանայման հարցին, եկել է հետևյալ եզրահանգումներին.

- նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի օրինականության և հիմնավորվածության ստուգումն իրավական լուրջ երաշխիք է անձի խախտված իրավունքները վերականգնելու, դատական սխալներն ուղղելու և գործով ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ,

- այդ հանգամանքներն իրենց բնույթով այնպիսին են, որ չնայած օբյեկտիվորեն գոյություն են ունեցել գործով վերջնական դատական ակտի կայացման պահին, սակայն հայտնի չէին և (կամ) չէին կարող հայտնի լինել թե՛ գործին մասնակցող անձանց և թե՛ դատարանին, կամ հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, կամ որոշ դեպքերում նորահայտ են,

- իրավասու անձի կողմից որպես նոր երևան եկած հանգամանքներ դատարան ներկայացված հիմնավորումները (տեղեկությունները, փաստարկները) առիթ են ուժի մեջ մտած դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը պատշաճ իրավական ընթացակարգով ուսումնասիրելու և իրավական անհրաժեշտ հիմնավորումների (ապացույցների) առկայության (այդ հանգամանքները որպես գործի լուծման համար էական նշանակություն ունեցող գնահատվելու) դեպքում հիմք են դատական ակտը վերանայելու (բեկանելու և գործն իրավասու դատարանի նոր քննությանն ուղարկելու) համար, այսինքն` այդպիսի քննության շրջանակներում իրավասու դատարանը նաև պետք է որոշի, թե որքանով են ներկայացված հանգամանքներն ազդել քննության առարկա գործի ելքի վրա և ինչպես պետք է վերականգնվեն անձի հնարավոր խախտված իրավունքները,

- դատավարական (քրեական, քաղաքացիական) օրենսդրությամբ օբյեկտիվորեն սահմանված չէ որպես «նոր երևան եկած» գնահատելի հանգամանք հանդիսացող փաստարկների, տեղեկությունների, ապացույցների սպառիչ անվանական ցանկը, ինչը յուրաքանչյուր գործով շահագրգիռ անձի կողմից այդպիսիք ներկայացվելու դեպքում դատարանի գնահատման (որոշման) խնդիրն է, միաժամանակ, օրենսդրության խնդիրն է չբացառել որպես «նոր երևան եկած» իրավաբանորեն գնահատելի որևէ հանգամանքի` իրավասու դատարանում քննության հնարավորությունը, եթե դրա` դատական ակտի հիմքում օբյեկտիվորեն հաշվի չառնելը հանգեցրել է անիրավաչափ, անհիմն որոշման կայացմանը, հետևաբար` նաև անձի իրավունքների խախտմանը,

- ուժի մեջ մտած դատական ակտը` վկայակոչված այս կամ այն (նախապես հայտնի կամ անհայտ) հանգամանքի հիմքով վերանայելու անհրաժեշտության իրավական հիմնավորման (ապացուցման) պարտականությունը կրում է այդպիսի վերանայում նախաձեռնած անձը,

- ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը` նոր երևան եկած հանգամանքներով, կատարվում է դատավարական համապատասխան ընթացակարգով, որի շրջանակներում իրավասու դատարանը կոչված է լուծելու արտադատական հետևյալ հիմնական խնդիրները. գործով կայացված որոշման հիմքում չարտացոլված և նոր երևան եկած փաստական հանգամանքների (ապացույցների) ուսումնասիրում, իրավագնահատում և իրավական վեճի լուծման համար օրենսդրության համապատասխան նորմերի ընտրություն, դրանց մեկնաբանում ու կիրառում, որոնց հաջորդում են պարտադիր իրավական հետևանքներ, այդ թվում` անձի իրավունքների պաշտպանության հետ կապված:

ՀՀ սահմանադրական դատարանը 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222 որոշմամբ արձանագրել է, որ վիճարկվող նորմերում դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանցավոր գործողությունները որպես նոր երևան եկած հանգամանք նախատեսելը քննության առարկա իրավակարգավորման շրջանակներում ինքնին սահմանադրականության խնդիր չի հարուցում: ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ այդպիսի հանգամանքի գոյությունն օբյեկտիվորեն կարող է որոշիչ նշանակություն ունենալ վարչական դատարանի ուժի մեջ մտած ակտերի վերանայման և արդար որոշումներ կայացնելու համար: Սակայն այդպիսի հանգամանքներում հատկապես օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին իրավական բացառիկ նշանակություն հաղորդելն էականորեն սահմանափակում է հանցավորության փաստը հաստատող այլ փաստական հանգամանքներ որպես նոր երևան եկած հանգամանք դիտարկելու և վարչական դատարանի ուժի մեջ մտած ակտը վերանայելու իրավական հնարավորությունը (օրինակ` համաներման և ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված այլ հիմքերով ու կարգով քրեական վարույթի կարճման, քրեական պատասխանատվությունից ազատելու դեպքերում), երբ օրենքով սահմանված կարգով հաստատված են հանցագործության փաստն ու այն կատարած անձը: Հետևաբար, սահմանադրական դատարանն արձանագրել է, որ նման իրավակարգավորումն ինքնին էապես սահմանափակում է վարչական դատավարության շրջանակներում վերոհիշյալ հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի կիրառման հնարավոր շրջանակները, հետևաբար` անձի իրավունքների լիարժեք պաշտպանության արդյունավետ միջոց չի կարող հանդիսանալ:

ՀՀ սահմանադրական դատարանը հավելել է նաև, որ նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման այնպիսի իրավակարգավորումը, համաձայն որի` էականորեն սահմանափակվում են ապացուցողական նշանակություն ունեցող փաստական այլ հանգամանքների իրավագնահատման պատշաճ դատավարական գործընթացներն այն դեպքերում, երբ այդպիսի հանգամանքների օբյեկտիվ գոյությունն անխուսափելիորեն հանգեցնում է (կհանգեցնի) դատական այլ որոշման, քան մինչ այդ հանգամանքների երևան գալը կայացվել է, կամ որ նույնն է` արդար, հիմնավոր, օրինական դատական ակտի կայացմանը, հետևաբար` նաև անձի խախտված իրավունքների վերականգնմանը, սահմանափակում է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածներով երաշխավորված` անձի արդյունավետ և մատչելի դատաքննության իրավունքը, հակասում է արդարադատության բուն նպատակներին ու 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածներում և 6-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված սահմանադրական կարգի հիմունքներին և գտել է, որ դատավարական ընթացակարգի որևէ առանձնահատկություն չի կարող սահմանափակել տվյալ գործով ըստ էության կայացված դատական ակտի օրինականությունը, հիմնավորվածությունը կասկածահարույց դարձնող որևէ, այդ թվում` նոր երևան եկած, հանգամանքի արդար, արդյունավետ և մատչելի դատաքննությամբ հետազոտումն ու օրենքով անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում կայացված դատական ակտի վերանայումը:

ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշմամբ նշել է նաև, որ եթե որպես «նոր երևան եկած» հանգամանք գնահատելի այլ փաստարկների (ապացույցների) հիմքերով դատական ակտի օրինականությունը կասկածահարույց է, ապա օրենսդիրը պարտավոր է սույն գործով վիճարկվող իրավակարգավորման շրջանակներում ոչ թե սահմանափակել նման ակտի վիճարկման իրավական հնարավորությունը, որն ուղղակի սահմանափակում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` անձի իրավունքներն ու դրանց դատական պաշտպանության հնարավորությունը, այլ ընդլայնել որպես «նոր երևան եկած» գնահատելի այլ հանգամանքները դատավարական համապատասխան գործընթացների շրջանակներում քննելու և դրանց իրավագնահատման արդյունքում գործին արդար լուծում տալու միջոցները` ապահովելով անձի իրավունքների պաշտպանությունը 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածների և 6-րդ հոդվածի 2-րդ մասի, 18-րդ և 19-րդ հոդվածների սահմանադրաիրավական բովանդակությանը համապատասխան:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ օրենսդիրը 21.06.2018 թվականին ընդունած թիվ ՀՕ-364-Ն ՀՀ օրենքով (ուժի մեջ է 05.07.2018 թվականից) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածը շարադրել է հետևյալ խմբագրությամբ.

Նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`

1) բողոք բերած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած դատավարության մասնակցին ու դատարանին, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` վկայի սուտ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ բողոք բերած անձ չհանդիսացող դատավարության մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները կատարել են գործի քննության հետ կապված հանցավոր արարք, որը հանգեցրել է ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն, կամ գործի քննության հետ կապված հանցավոր արարքը կատարել է դատավորը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերադարձրել է Աստղիկ Անտոնյանի 28.03.2018 թվականին փոստային առաքման եղանակով ներկայացրած` նոր երևան եկած հանգամանքով Դատարանի 11.03.2013 թվականի վճիռը վերանայելու պահանջով դիմումը նաև այն պատճառաբանությամբ, որ Աստղիկ Անտոնյանը, որպես նոր երևան եկած հանգամանք, ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ս. Գասպարյանի 28.12.2017 թվականի «Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշումը, որը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի իմաստով նոր երևան եկած հանգամանք չէ:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վերաքննիչ դատարանն Աստղիկ Անտոնյանի` նոր երևան եկած հանգամանքով դատական ակտի վերանայման դիմումը վերադարձրել է` կիրառելով իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածը` անտեսելով, որ նշված հոդվածը ՀՀ սահմանադրական դատարանի 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222 որոշմամբ ճանաչվել էր 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածներին, 6-րդ հոդվածի երկրորդ մասին, 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր այն առումով, որ արգելափակել է ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականության վիճարկումը «նոր երևան եկած» իրավաչափ այլ հանգամանքների հիմքերով` հանգեցնելով անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների սահմանափակման:

Բացի այդ, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222 որոշումը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր գործով դատարանն է որոշում շահագրգիռ անձի կողմից ներկայացված փաստարկների, տեղեկությունների, ապացույցների որպես «նոր երևան եկած» գնահատելու հանգամանքը, որի ժամանակ դատարանի խնդիրն է չբացառել որպես «նոր երևան եկած» իրավաբանորեն գնահատելի որևէ հանգամանքի` դատարանում քննության հնարավորությունը, եթե դրա` դատական ակտի հիմքում օբյեկտիվորեն հաշվի չառնելը հանգեցրել է անիրավաչափ, անհիմն որոշման կայացմանը, հետևաբար` նաև անձի իրավունքների խախտմանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, առանց վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու, դեռևս վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու փուլում միանշանակ գնահատական տալով Աստղիկ Անտոնյանի կողմից ներկայացված` առերևույթ նոր երևան եկած հանդիսացող հանգամանքին, և Աստղիկ Անտոնյանի` նոր երևան եկած հանգամանքով Դատարանի 11.03.2013 թվականի վճիռը վերանայելու պահանջի մասին դիմումը վերադարձնելով, սահմանափակել է բողոք բերած անձի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը, ինչը հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.04.2018 թվականի «Դիմումը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակման օրը` 13 հոկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.08.2020
N ՎԴ2/0385/05/11
Որոշում