Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵԱՔԴ/2005/02/17

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2005/02/17  2020 թ.

Նախագահող դատավոր` Մ. Հարթենյան

    Դատավորներ`        Կ. Չիլինգարյան

                       Ա. Խառատյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի օգոստոսի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով Մարիաննա և Պետրոս Սարգսյանների ներկայացուցիչ Գրիգոր Քալաշյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.06.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Հասմիկ Զատիկյանի ընդդեմ Պետրոս Սարգսյանի, Մարիաննա Սարգսյանի` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Մարիաննա Սարգսյանի, Պետրոս Սարգսյանի ընդդեմ Հասմիկ Զատիկյանի, երրորդ անձ Սամվել Զատիկյանի` ժառանգությունն ընդունած ժառանգներ ճանաչելու և ընդհանուր գույքից բաժնեմասն առանձնացնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան Հասմիկ Զատիկյանը պահանջել է ճանաչել իրեն իր մոր` Մարիամ Զատիկյանի ժառանգությունն ընդունած ժառանգ` քաղաք Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Աղասու փողոց, 34 բնակելի տան 1/3 մասի և նույն հասցեի 175 քմ ընդհանուր հողամասի 1/3 մասի նկատմամբ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Պետրոս և Մարիաննա Սարգսյանները պահանջել են ճանաչել իրենց մոր` Ալվարդ Զատիկյանի ժառանգությունն ընդունած ժառանգներ` քաղաք Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Աղասու փողոց, 34 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/3 մասի նկատմամբ, ինչպես նաև նույն հասցեում գտնվող անշարժ գույքի` իրենց տատի` Մարիամ Զատիկյանի 1/9 մասի նկատմամբ, ընդհանուրը` ամբողջ անշարժ գույքի 4/9 մասի նկատմամբ, և առանձնացնել նոր առաջացած անշարժ գույքն ընդհանուր գույքից և թույլատրել դրա նկատմամբ կատարել պետական գրանցում:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Զ. Նախշքարյան) (այսուհետ` Դատարան) 23.04.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2018 թվականի որոշմամբ Մարիաննա և Պետրոս Սարգսյանների ներկայացուցչի վերաքննիչ բողոքը վերադարձվել է` տրամադրելով ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.06.2018 թվականի որոշմամբ Մարիաննա և Պետրոս Սարգսյանների ներկայացուցչի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարիաննա և Պետրոս Սարգսյանների ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանի վճիռը վերաքննիչ բողոք բերած անձանց կողմից բողոքարկվել է մասնակի, որին համապատասխան վճարվել է պետական տուրքը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերաքննիչ բողոքի բովանդակությունից հետևում է, որ բողոքարկվել է Դատարանի 23.04.2018 թվականի վճիռը: Մասնավորապես, ներկայացված վերաքննիչ բողոքով, ըստ էության, բողոքաբերները Վերաքննիչ դատարանից խնդրել էին բեկանել Դատարանի 23.04.2018 թվականի վճիռը, իսկ վերաքննիչ բողոքում նշված` «05.02.2018 թվականի թիվ ԵԱՔԴ/2005/02/17» դատական ակտի նշումը զուտ տեխնիկական վրիպակ է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել և վերացնել Վերաքննիչ դատարանի 29.06.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «բ» ենթակետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատական ակտը վերաքննության կարգով մասնակիորեն` միայն հակընդդեմ հայցի մասով բողոքարկելիս դրա համար պետական տուրքի չափը որոշելու առանձնահատկություններին:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլնի Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է` դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, (...):

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է`

ա) դրամական պահանջի գործերով` վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի երեք տոկոսի չափով,

բ) ոչ դրամական պահանջի գործերով` բազային տուրքի տասնապատիկի չափով,

գ) հատուկ վարույթների գործերով` բազային տուրքի ութապատիկի չափով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարման պարտականությանը, արձանագրել է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է դատարան դիմելու իրավունքի ֆինանսական սահմանափակման` օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ պետական տուրքն ընդգրկված է դատական ծախսերի կազմում, որի հասկացությունը, տեսակները, դրույքաչափերը, պետական տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի վերլուծությունից հետևում է, որ պետական տուրքը պետական բյուջե մուծվող պարտադիր վճար է, որը գանձվում է պետական մարմինների մատուցած ծառայությունների կամ կատարած գործողությունների համար: Հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի վճարումն անձի դատական պաշտպանության իրավունքի իրականացման նախապայմաններից մեկն է, քանի որ օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարելու հանգամանքով է պայմանավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց` արդարադատությունից օգտվելու հնարավորությունը: Այլ կերպ ասած` որպեսզի անձը խախտված իրավունքների պաշտպանության համար կարողանա իրացնել դատարան դիմելու հնարավորությունը, նա պետք է նախ և առաջ վճարի օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք (տե՛ս, Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանել է պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը: Մասնավորապես` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սպառիչ ամրագրվել են ինչպես դատարան դիմելու համար պետական տուրքի գանձման օբյեկտները, այնպես էլ` գանձվող պետական տուրքի դրույքաչափերը: Ընդ որում, օրենսդիրը վերը նշվածը սահմանելիս որոշակի տարբերակված մոտեցում է ցուցաբերել դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ինչպիսիք են` ներկայացված հայցապահանջի տեսակը, քննվող գործով վարույթի տեսակը, բողոքարկման ենթակա ակտը և դրա բողոքարկման ծավալը: Այլ կերպ ասած` պայմանավորված այն հանգամանքով, թե ինչ վարույթի կարգով է քննվում տվյալ գործը` տարբերակվել են հայցային և հատուկ վարույթի կարգով քննվող գործերի համար սահմանված պետական տուրքի գանձման դրույքաչափերը: Տարբերակված մոտեցում է ցուցաբերվել նաև հայցային վարույթի կարգով քննվող գործերի դեպքում դրամական և ոչ դրամական պահանջների համար (տե՛ս, ըստ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի դիմումի թիվ ԱՎԴ2/1116/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.07.2019 թվականի որոշումը):

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը, 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշման շրջանակներում արձանագրելով, որ պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, ընդգծել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ:

Վերահաստատելով վերոգրյալ դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավունքների դատական պաշտպանությունը, ինչպես վերը նշվեց, պահանջում է նաև որոշակի ծախսերի կատարում, որոնց մի մասն օրենսդիրը ներառել է դատական ծախսերի կազմում: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերը քաղաքացիական գործի ընթացքում անհրաժեշտ միջոցառումների համար ծախսված և գանձման ենթակա գումարներն են, որոնք անհրաժեշտ են ներկայացված հայցադիմումների ու դիմումների հիման վրա քաղաքացիական գործը հարուցելու և այն հետագայում քննելու համար: Ըստ այդմ էլ օրենսդիրը սահմանել է, որ պահանջների քննության համար պետք է ներկայացվեն սահմանված չափով պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցներ (կամ պետական տուրքի գծով որևէ արտոնություն կիրառելու վերաբերյալ համապատասխան միջնորդություն), ինչն իր հերթին ի թիվս հայցադիմումի (դիմումի, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքների) ձևին և բովանդակության վերաբերող օրենքով նախատեսված այլ պահանջների պահպանման, հիմք է գործի հետագա քննությունն սկսելու և դատավարական այլ գործընթացներն իրականացնելու համար: Ընդ որում, հարկ է նկատել, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրելով, որ պետական տուրքը կազմում է դատական ծախսերի մաս, միաժամանակ սահմանել է, որ դրա վճարման չափերը, ըստ պահանջների և գործը քննող ատյանների, ամրագրված են ու կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքով օրենսդիրը, ելնելով դատական պաշտպանության իրավունքի մատչելիության սկզբունքից, առանձին հոդվածներով սահմանել է պետական տուրքի գծով արտոնությունների տեսակները: Այլ կերպ` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը ոչ միայն սահմանում է պետական տուրքի գանձման օբյեկտները, դատարաններում պետական տուրքի վճարման դրույքաչափերը, այլ նաև հստակեցնում է դատարաններում պետական տուրքի գծով կիրառվող արտոնությունները, որոնք ուղղված են ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը:

Վերը նշվածի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ ինչպես նշվեց, քաղաքացիական դատավարությունում գործերը հարուցվում են հայցի և դիմումի հիման վրա, ուստի վերոգրյալ վերլուծությունները` կապված դատական ծախսերի, և մասնավորապես` վճարվելիք պետական տուրքի հետ, անշեղորեն վերաբերելի են ու կիրառվում են հայցապահանջների և դիմումի հիման վրա հարուցված պահանջներով քննվող գործերի շրջանակներում: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հակընդդեմ հայցով հարուցված պահանջների քննության դեպքերին:

Այսպես, իրավահարաբերության ծագման պահին գործած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ընդունվել է` 17.06.1998 թվականին, ուժի մեջ է մտել` 01.01.1999 թվականին, ուժը կորցրել է` 09.04.2018 թվականին) 96-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պատասխանողն իրավունք ունի մինչև գործով վճիռ կայացնելը հակընդդեմ հայց հարուցել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:

Իրավահարաբերության ծագման պահին գործած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` հակընդդեմ հայցը հարուցվում է հայց հարուցելու ընդհանուր կանոններով:

Իրավահարաբերության ծագման պահին գործած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` հակընդդեմ հայցն ընդունվում է, եթե`

1) հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը.

2) հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը.

3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը:

Վերոգրյալ իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ հակընդդեմ հայցի հարուցումը պայմանավորված է սկզբնական հայցի հարուցմամբ, այն իրենից ներկայացնում է հայցից պատասխանողի պաշտպանության միջոցներից մեկը և ամբողջությամբ կախվածության մեջ է գտնվում սկզբնական հայցի առկայության փաստից: Ընդ որում, հակընդդեմ պահանջը պետք է ուղղված լինի սկզբնական պահանջի հաշվանցմանը կամ հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ պետք է բացառի սկզբնական հայցի բավարարումը, այսինքն` գործով պետք է առկա լինի միատեսակ հանդիպական պահանջ, կամ հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև պետք է առկա լինի փոխադարձ կապ: Այլ կերպ ասած` հակընդդեմ հայցը, քաղաքացիական դատավարությունում հայցվորի դեմ պատասխանողի ներկայացրած ինքնուրույն պահանջն է, որը քննվում է դատարանում հայցի հետ համատեղ` նպատակ ունենալով կատարել հաշվանցում սկզբնական պահանջի հետ կամ մերժել սկզբնական հայցը կամ կատարել պահանջների համատեղ քննություն` հաշվի առնելով սկզբնական և հակընդդեմ հայցերի միջև փոխադարձ կապը: Միաժամանակ, իրավահարաբերության ծագման պահին գործած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերլուծությունից հետևում է, որ հակընդդեմ հայցի քննության վրա տարածվում են հայց հարուցելու ընդհանուր կանոնները կանոնակարգող նորմերը, ներառյալ նաև` հակընդդեմ հայցին կից պետական տուրքի վճարման անդորրագիր կամ պետական տուրքի գծով համապատասխան արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը:

Ընդ որում, հարկ է նկատել նաև, որ պայմանավորված գործով առկա հայցապահանջների տեսակներով, բողոքարկման ենթակա ակտով և դրա բողոքարկման ծավալներով որոշվում է նաև գանձվող պետական տուրքի չափը, իսկ այդ պահանջները կարող են ներկայացվել թե՛ սկզբնական, թե՛ հակընդդեմ հայցերի շրջանակներում: Միաժամանակ, նկատի ունենալով, որ օրենսդիրն իրավահարաբերության ծագման պահին գործած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանել է, որ հակընդդեմ հայցը հարուցվում է հայց հարուցելու ընդհանուր կանոններով, ուստի նշվածից բխում է նաև, որ հակընդդեմ հայցադիմումի համար պետական տուրքը ևս գանձվում է հայցի համար սահմանված կարգով: Հետևաբար նույն գործի շրջանակներում քննվող և՛ սկզբնական, և՛ հակընդդեմ հայցերի դեպքում պետական տուրքը գանձվում է յուրաքանչյուր պահանջների համար առանձին-առանձին:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև հավելել, որ անկախ այն հանգամանքից, որ հայցը և հակընդդեմ հայցը փոխկապակցված են միմյանց հետ կամ հայցի բավարարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն առաջ է բերում հակընդդեմ հայցի մերժումը` պետք է առաջնորդվել վերը նշված ընդհանուր կանոնով: Հետևաբար` պետական տուրքի առարկան ներկայացված պահանջն է, այլ ոչ թե` գործի քննությամբ կայացվելիք պահանջի արդյունքը: Այսինքն, պետական տուրքի գումարի չափը և վճարման պարտականությունը ծագում է բացառապես պահանջի ներկայացման կամ ակտի բողոքարկման հետ միասին, անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի հանգուցալուծում կստանա վեճը:

i

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անհրաժեշտ է համակցության մեջ մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

i

Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` բողոք բերող անձի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, (...) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, կամ նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, որը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով վերոգրյալ իրավանորմերին, արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված թերությունները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան (տե՛ս, Վաչագան Աբրահամյանը, Անահիտ Սարգսյանն ընդդեմ Գագիկ Սարգսյանի, Կարմեն Սարգսյանի թիվ ԱՎԴ/0670/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.03.2019 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու և այն կրկին ներկայացնելու դատավարական նորմերի վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել վերաքննիչ բողոքին ներկայացվող և օրենքով սահմանված պահանջները, դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա դատարանը տրամադրում է օրենքով սահմանված ժամկետ դրանք վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Ընդ որում, նշված ժամկետը բողոք բերած անձին տրամադրվում է օրենքի ուժով և ենթակա չէ որևէ սահմանափակման: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում (...):

Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է (կամ բողոքում ներառվում է) դրա վերաբերյալ միջնորդությունը: (...) (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):

Բացի այդ, մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատական ակտը բողոքարկելիս պետական տուրքի վճարման հիմնախնդրին, նշել է, որ յուրաքանչյուր գործով պետական տուրքի վճարման ենթակա չափը որոշվում է հաշվի առնելով տվյալ գործով ներկայացված հայցապահանջը, իսկ դատական ակտը բողոքարկելիս` բողոքարկման ծավալը: Ըստ այդմ էլ օրենսդիրը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանել է պետական տուրքի դրույքաչափերը` այն պայմանավորելով օրենքով սահմանված մի շարք հանգամանքներով: Օրինակ` ըստ ներկայացված հայցապահանջի տեսակի (գույքային և ոչ գույքային, դրամական և ոչ դրամական), ըստ բողոքարկվող ատյանների (վերաքննիչ և վճռաբեկ), ըստ վարույթի տեսակների (հատուկ վարույթի վերաբերյալ գործերով դիմումների և այլ դիմումների): Ընդ որում օրենսդրի կողմից կարևորվել է նաև այն հանգամանքը, որ վերաքննության կարգով դատական ակտը բողոքարկելիս պետական տուրքի վճարման չափը կախված է դատական ակտի բողոքարկման ծավալից: Այսինքն` վերաքննության կարգով դատական ակտը բողոքարկելիս անձի կողմից վճարման ենթակա պետական տուրքի չափն անմիջականորեն կախվածության մեջ է գտնվում ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերից և հիմնավորումներից: Հետևաբար անձն օգտվելով իր տնօրինչական իրավունքից ինչ ծավալով, որ բողոքարկում է դատական ակտը` այն չափով էլ օրենքով սահմանված դրույքաչափին համապատասխան ենթակա է հաշվարկման և վճարման պետական տուրքը (տե՛ս, Կարեն Գևորգյանն, Ալիս Ղանթարչյանն ընդդեմ Լևոն Գևորգյանի թիվ ԵԱՔԴ/4664/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2018 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության հիմնարար իրավունքի բաղադրատարր հանդիսացող` դատական ակտի բողոքարկման իրավունքի իրացման համար անձը ևս պարտավոր է վճարել պետական տուրք «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով: Ընդ որում, պետական տուրքի գանձման (վճարման) ընդհանուր կանոնը գործում է նաև դատական ակտերի բողոքարկման պարագայում, ինչից հետևում է, որ անկախ այն հանգամանքից, թե դատական ակտը միայն հակընդդեմ հայցի մասով բողոքարկելու արդյունքում ինչպիսի իրավական հետևանքներ կառաջանան, օրենքի ուժով բողոքաբերը բողոք ներկայացնելու պահին պարտավոր է վճարել բացառապես դատական ակտի բողոքարկվող ծավալի համար նախատեսված պետական տուրքի գումարը:

Քննարկվող պարագայում սույն քաղաքացիական գործի շրջանակները ներառել են Հասմիկ Զատիկյանի սկզբնական, այն է` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու հայցապահանջը, ու Մարիաննա և Պետրոս Սարգսյանների ներկայացրած` ժառանգությունն ընդունած ժառանգներ ճանաչելու և ընդհանուր գույքից բաժնեմասն առանձնացնելու հակընդդեմ հայցապահանջը:

Դատարանի 23.04.2018 թվականի վճռով սկզբնական հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

Մարիաննա և Պետրոս Սարգսյանների ներկայացուցիչը Դատարանի 23.04.2018 թվականի վճռի դեմ փոստային առաքման եղանակով 21.05.2018 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք` պահանջելով «(...) որոշում կայացնելու ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու Երևան քաղաքի 05.02.2018 թվականի թիվ ԵԱՔԴ/2005/02/17 դատական ակտը, վերադարձնելով այն համապատասխան ստորադաս դատարան նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալ, կամ մասնակիորեն բեկանել և փոփոխել ստորադաս դատարանի դատական ակտը, կայացնել նոր դատական ակտ հակընդդեմ հայցը բավարարելու մասին, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության շահերից»: Վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը (հատոր 3-րդ, գ.թ. 4-9):

Վերաքննիչ դատարանը «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 08.06.2018 թվականի որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին հիմքով վերադարձրել է Մարիաննա և Պետրոս Սարգսյանների ներկայացուցչի վերաքննիչ բողոքը` սահմանելով տասնհինգօրյա ժամկետ դրանում թույլ տված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար:

Միաժամանակ նշված որոշմամբ Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլ խախտումների, արձանագրել է, որ «(...) ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված կանոնի` վերաքննիչ բողոքը բովանդակող պահանջը վերաբերում է «Երևան քաղաքի 05.02.2018 թվականի թիվ ԵԱՔԴ/2005/02/17» վճռին, այն պայմաններում, երբ վերաքննիչ բողոքը ներկայացվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 23.04.2018 թվականի թիվ ԵԱՔԴ/2005/02/17 վճռի դեմ: Ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «բ» ենթակետով սահմանված կանոնների` վերաքննիչ բողոքին կցվել է սահմանված չափից պակաս պետական տուրքի վճարման փաստը հավաստող ապացույց: Պատասխանողներ, հակընդդեմ հայցով հայցվորներ Մարիաննա Սարգսյանի, Պետրոս Սարգսյանի կողմից բողոքարկվում է ոչ գույքային պահանջի գործով վճիռն ամբողջությամբ, հետևաբար սույն գործով վերաքննիչ բողոք բերելու համար վճարման ենթակա պետական տուրքի գումարը կազմում է 30.000 ՀՀ դրամ, մինչդեռ վճարվել է 10.000 ՀՀ դրամ (...)» (հատոր 3-րդ, գ.թ. 11-13):

Մարիաննա և Պետրոս Սարգսյանների ներկայացուցիչը 18.06.2018 թվականին փոստային առաքման եղանակով կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք` պահանջելով «(...) որոշում կայացնելու մասնակի կամ լրիվ բեկանելու Երևան քաղաքի 05.02.2018 թվականի թիվ ԵԱՔԴ/2005/02/17 դատական ակտը, վերադարձնելով այն համապատասխան ստորադաս դատարան նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալ, կամ մասնակիորեն բեկանել և փոփոխել ստորադաս դատարանի դատական ակտը, կայացնել նոր դատական ակտ հակընդդեմ հայցը բավարարելու մասին, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության շահերից»: Ընդ որում, կրկին ներկայացված վերաքննիչ բողոքով բողոքաբերը հստակեցրել է, որ «(...) վճիռը ենթակա է (իմ պահանջի, իմ հակընդդեմ հայցի մասով) բեկանման (...)»: Վերաքննիչ բողոքին կից` նախկինում վճարված 10.000 ՀՀ դրամի չափով վճարված պետական տուրքի անդորրագրի հետ մեկտեղ, ներկայացվել է ևս 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման անդորրագիր (հատոր 3-րդ, գ.թ. 20-22, 27, 29, 30):

Վերաքննիչ դատարանը, 29.06.2018 թվականի որոշմամբ Մարիաննա և Պետրոս Սարգսյանների ներկայացուցչի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով, պատճառաբանել է, որ «(...) ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոնի` վերաքննիչ բողոքին կցված է սահմանված չափից պակաս պետական տուրքի վճարման փաստը հավաստող ապացույց: Բողոք ներկայացրած անձինք պետք է վճարեին 30.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար, ինչն արձանագրվել է Վերաքննիչ դատարանի 08.06.2018 թվականի որոշմամբ, մինչդեռ վերջիններս վճարել են միայն 20.000 ՀՀ դրամ: Բացի այդ, ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված կանոնի` վերաքննիչ բողոքը բովանդակող պահանջը կրկին վերաբերում է «Երևան քաղաքի 05.02.2018 թվականի թիվ ԵԱՔԴ/2005/02/17» վճռին, այն պայմաններում, երբ վերաքննիչ բողոքը ներկայացվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 23.04.2018 թվականի թիվ ԵԱՔԴ/2005/02/17 վճռի դեմ (...)»: Վերը նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ 08.06.2018 թվականի որոշմամբ մատնանշված թերությունները բողոք ներկայացրած անձի կողմից ամբողջությամբ չեն վերացվել, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոքի ընդունումն ենթակա է մերժման (հատոր 3-րդ, գ.թ. 31-32):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Քննարկվող պարագայում պետական տուրքի հարցը լուծելիս Վերաքննիչ դատարանը պետք է կարևորեր այն հանգամանքը, թե ինչ ծավալով է բողոքարկվել Դատարանի վճիռը: Այսինքն` Վերաքննիչ դատարանը պետք է հաշվի առներ, որ բողոքաբերների կողմից վճարման ենթակա պետական տուրքի չափն անմիջականորեն կախված է դատական ակտի բողոքարկման ծավալից, ինչպես նաև ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերից և հիմնավորումներից: Հետևաբար` բողոք բերած անձինք պետք է հաշվարկեին և վճարեին պետական տուրքն այն չափով, որ պահանջի մասով, որ բողոքարկել են դատական ակտը, որպիսի փաստն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Մասնավորապես, ինչպես արդեն վերը նշվեց, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով օրենսդիրը հստակեցրել է, որ դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու համար` ոչ դրամական պահանջների գործերով, պետք է վճարվի պետական տուրք յուրաքանչյուր պահանջի համար` 10.000 ՀՀ դրամի չափով:

Սույն գործով առկա է երեք ոչ դրամական պահանջ` սկզբնական հայցի մասով` 1. ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջը, իսկ հակընդդեմ հայցի մասով` 1. ժառանգությունն ընդունած ժառանգներ ճանաչելու պահանջը և 2. ընդհանուր գույքից բաժնեմասն առանձնացնելու պահանջը:

Մարիաննա և Պետրոս Սարգսյանների ներկայացուցիչը, բողոքարկելով Դատարանի 23.04.2018 թվականի վճիռը, ինչպես սկզբնական, այնպես էլ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքներով, ներկայացրել է այլընտրանքային պահանջ, միաժամանակ հստակեցնելով, որ Դատարանի վճիռը բողոքարկվում է հակընդդեմ հայցը մերժելու մասով: Ավելին, կրկին ներկայացված վերաքննիչ բողոքով բողոքաբերը հստակեցրել է, որ «(...) վճիռը ենթակա է (իմ պահանջի, իմ հակընդդեմ հայցի մասով) բեկանման (...)»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հակընդդեմ հայցը բաղկացած է երկու ոչ դրամական պահանջներից, ինչից հետևում է, որ անկախ այն հանգամանքից, թե դատական ակտը միայն հակընդդեմ հայցի մասով բողոքարկելու արդյունքում ինչպիսի իրավական հետևանքներ կառաջանան, օրենքի ուժով բողոք ներկայացնելու պահին ենթակա էր վճարման բացառապես դատական ակտի բողոքարկվող պահանջի համար նախատեսված պետական տուրքի գումարը: Այսինքն, այնքանով, որ վերաքննիչ բողոքում ներկայացվել էր այլընտրանքային (ալտերնատիվ) պահանջ` բեկանել դատական ակտը հակընդդեմ հայցապահանջի բավարարման մասով, և քանի որ հակընդդեմ հայցապահանջի մասով երկու ոչ դրամական պահանջի համար բողոք բերած անձի կողմից վճարվել էր 20.000 ՀՀ դրամ, ուստի Վերաքննիչ դատարանի փաստարկը չի բխել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի դրույթներից:

Տվյալ դեպքում բողոքաբերների կողմից ներկայացվել են 20.000 ՀՀ դրամ վճարված լինելու փաստը հավաստող պետական տուրքի վճարման անդորրագրեր, ինչը նշանակում է, որ հակընդդեմ հայցապահանջի համար օրենքով սահմանված չափով պետական տուրքն ամբողջությամբ վճարվել է, որպիսի փաստն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Հետևաբար` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերների կողմից վերաքննիչ բողոք բերելու համար վճարվել է օրենքով սահմանված կարգով և չափով` 20.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի գումար, ուստի այդ հիմքով բողոքի ընդունումը մերժելն անհիմն է:

Անդրադառնալով վճռաբեկ բողոքի մյուս հիմքին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը բողոքարկվող` 29.06.2018 թվականի որոշմամբ, որպես բողոք բերած անձի կողմից չվերացված խախտում, արձանագրել է նաև այն փաստը, որ վերաքննիչ բողոքը բովանդակող պահանջը կրկին վերաբերում է «Երևան քաղաքի 05.02.2018 թվականի թիվ ԵԱՔԴ/2005/02/17 վճռին»` այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը ներկայացվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության 23.04.2018 թվականի թիվ ԵԱՔԴ/2005/02/17 վճռի դեմ:

Գործում առկա` 18.06.2018 թվականին փոստային առաքմամբ ներկայացված վերաքննիչ բողոքի ուսումնասիրությունից հետևում է, որ բողոքի ներածական մասում նշվել է «վերաքննիչ բողոք` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (նստավայրը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության) 23.04.2018 թվականի թիվ ԵԱՔԴ/2005/02/17 վճռի դեմ», բացի այդ բողոքի բովանդակությունից ևս հստակ է, որ բողոքը ներկայացվել է Դատարանի 23.04.2018 թվականի վճռի դեմ, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բողոքարկվել է Դատարանի 23.04.2018 թվականի վճիռը (հատոր 3-րդ, գ.թ. 20-22, 30):

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, անհիմն կերպով մերժել է Մարիաննա և Պետրոս Սարգսյանների ներկայացուցչի վերաքննիչ բողոքի ընդունումը, վերջիններիս զրկելով Դատարանի 23.04.2018 թվականի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից, միաժամանակ սահմանափակելով նրանց` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը` արդյունքում թույլ տալով այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 29.06.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 29.06.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.06.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակման օրը` 13 հոկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
14.08.2020
N ԵԱՔԴ/2005/02/17
Որոշում