Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՇԱԿ ԱԼԱՎԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՇԱԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ԿԱՐԳԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

    Ք. Երևան                                    ԲԴԽ-1-Ո-Կ-01

08 փետրվարի 2021 թ.

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՇԱԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

նախագահությամբ`

    Բարձրագույն դատական խորհրդի նախագահ         Ռ. Վարդազարյանի

 

մասնակցությամբ`

    անդամներ                                    Գ. Բեքմեզյանի

                                                Դ. Խաչատուրյանի

                                                Մ. Մակյանի

                                                Լ. Մելիքջանյանի

                                                Ս. Միքայելյանի

                                                Ա. Մխիթարյանի

                                                Ս. Չիչոյանի

                                                Գ. Ջհանգիրյանի

                                                Վ. Քոչարյանի

 

Դատավորների ընդհանուր ժողովի

էթիկայի և կարգապահական հարցերի

    հանձնաժողովի նախագահ                        Ս. Մարաբյանի

 

Դատավորների ընդհանուր ժողովի

էթիկայի և կարգապահական հարցերի

    հանձնաժողովի անդամ                          Հ. Շահնազարյանի

 

    Վարչական դատարանի դատավոր                   Ա. Ալավերդյանի

 

    քարտուղարությամբ`                           Մ. Թելոյանի

 

դռնբաց նիստում, քննության առնելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)` «Վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N-Կ-14/2020 որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,

 

ՊԱՐԶԵՑ.

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբան Ալեքսանդր Ծատինյանի կողմից 01.09.2020 թվականին Հանձնաժողովին ներկայացված Վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Արշակ Ալավերդյանի (այսուհետ` Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ դիմումը:

Հանձնաժողովը 05.10.2020 թվականին կայացրել է Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում:

Հանձնաժողովը 03.12.2020 թվականին կայացրել է «Վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» թիվ N-Կ-14/2020 որոշումը:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Վարույթ հարուցած մարմինն իր դիրքորոշումը հիմնավորելու համար վկայակոչում է հետևյալ իրավական նորմերը.

i

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական վիճաբանություններից հետո դատական նիստը նախագահողը դատավարության մասնակիցներին հարցնում է, թե նրանք արդյոք չեն ցանկանում միջնորդություններ հարուցել: Նման միջնորդությունների բացակայության դեպքում դատական նիստը նախագահողն ավարտում է գործի դատաքննությունը և հայտարարում է գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման վայրն ու ժամանակը:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատական նիստում հրապարակվում է գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասը:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` հրապարակվելուց անմիջապես հետո գործն ըստ էության լուծող դատական ակտը հանձնվում է դատավարության մասնակիցներին: Դատավարության մասնակիցներից որևէ մեկի ներկա չլինելու դեպքում գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինակը հրապարակման կամ դրան հաջորդող օրն ուղարկվում է նրան:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերի համաձայն` ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, ինչպես նաև զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն` ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը:

Ըստ դիմողի` վերոգրյալ նորմերից հետևում է, որ վարչական գործով վճռի եզրափակիչ մասը հրապարակվելուց անմիջապես հետո վճիռը պետք է հանձնվի դատավարության մասնակիցներին, իսկ նրանցից որևէ մեկի ներկա չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ դրան հաջորդող օրը պետք է ուղարկվի նրան: Միաժամանակ, ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պետք է զերծ մնա դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության, անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, ինչպես նաև այնպիսի վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը: Ընդ որում, տևական ժամանակ վճռի օրինակը չուղարկելու արդյունքում խախտվում է նաև գործը ողջամիտ ժամկետում քննելու սկզբունքը, քանի որ հետագայում դա անդրադառնում է գործի` ընդհանուր առմամբ բոլոր ատյաններում քննության ժամկետի վրա: Արդյունքում` վճռի հասցեատերերը չեն ստանում ժամանակին հայցվող արդարադատության արդյունքը, այն է` վերջնական դատական ակտը:

i

Դիմողը պնդում է, որ Դատավորը միևնույն ներկայացուցչի մասնակցությամբ թիվ ՎԴ6/0076/05/17, թիվ ՎԴ6/0145/05/16 և թիվ ՎԴ6/0210/05/16 վարչական գործերով վճիռները հրապարակելուց հետո ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետներում դատավարության մասնակիցներին չհանձնելով` խախտել է նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերի և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջները. նշված վարչական գործերով կայացրած վճիռները, հրապարակելուց հետո տևական ժամանակ չուղարկելով դատավարության մասնակիցներին, դրսևորել է դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ, վտանգել, կասկածի տակ է առել դատավորի անկախությունը և անաչառությունը, ինչպես նաև վնաս հասցրել արդարադատության շահերին:

Դիմողը նաև պնդում է, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմի և վարքագծի կանոնների խախտումը թույլ է տրվել դիտավորությամբ:

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություն Հանձնաժողովին և գրավոր պատասխան` Բարձրագույն դատական խորհրդին:

Հանձնաժողովին ներկայացված գրավոր բացատրության մեջ Դատավորը նշել է, որ թիվ ՎԴ 6/0145/05/16 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի կողմից հրավիրվել են հինգ նախնական դատական նիստեր գործը դատաքննության նախապատրաստելու նպատակով, ինչը պայմանավորված է եղել հայցվորի կողմից երեք անգամ հայցի հիմքը և առարկան փոփոխելու, դատավարության մասնակիցների կազմը փոփոխելու և դատավարության մասնակիցների կողմից ներկայացված գործի քննությունը հետաձգելու միջնորդություններով:

Նշված վարչական գործով 24.08.2018 թվականին հրավիրված դատական նիստում Վարչական դատարանը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասով, ավարտել է գործի դատաքննությունը և հայտարարել է գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման վայրն ու ժամանակը, այն է` Վարչական դատարանի Վանաձորի նստավայրում 12.09.2018 թվականին, ժամը 17:50-ին:

Վարչական դատարանը, անհրաժեշտ համարելով լրացուցիչ հետազոտել ապացույցները և շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով, 12.09.2018 թվականին, ժամը 17:50-ին նշանակված դատական նիստում որոշում է կայացրել վերսկսել դատաքննությունը:

Նշված վարչական գործով 10.12.2019 թվականին հրավիրված դատական նիստում, Վարչական դատարանը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասով, ավարտել է գործի դատաքննությունը և հայտարարել է գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման վայրն ու ժամանակը, այն է` Վարչական դատարանի Վանաձորի նստավայրում 30.12.2019 թվականին, ժամը 17:55-ին:

30.12.2019 թվականին, ժամը 17:55-ին հրավիրված դատական նիստում հրապարակվել է թիվ ՎԴ6/0145/05/16 վարչական գործով Վարչական դատարանի վճռի եզրափակիչ մասը. հայցը մերժվել է ամբողջությամբ:

Թիվ ՎԴ6/0210/05/16 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի կողմից հրավիրվել են չորս նախնական դատական նիստեր գործը դատաքննության նախապատրաստելու նպատակով, ինչը պայմանավորված է եղել հայցվորի կողմից հայցի հիմքը և առարկան փոփոխելու, դատավարության մասնակիցների կազմը փոփոխելու և դատավարության մասնակիցների կողմից ներկայացված գործի քննությունը հետաձգելու միջնորդություններով:

Նշված վարչական գործով 13.02.2020 թվականին հրավիրված դատական նիստում, ՀՀ վարչական դատարանը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասով, ավարտել է գործի դատաքննությունը և հայտարարել է գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման վայրն ու ժամանակը, այն է` Վարչական դատարանի Վանաձորի նստավայրում 28.02.2020թ. ժամը 17:30-ին:

28.02.2020 թվականին, ժամը 17:30-ին հրավիրված դատական նիստում հրապարակվել է թիվ ՎԴ 6/0210/05/16 վարչական գործով Վարչական դատարանի վճռի եզրափակիչ մասը. հայցը մերժվել է ամբողջությամբ:

Թիվ ՎԴ6/0076/05/17 վարչական գործով Վարչական դատարանի կողմից հրավիրվել են երկու նախնական դատական նիստեր գործը դատաքննության նախապատրաստելու նպատակով, ինչը պայմանավորված է եղել դատավարության մասնակիցների կազմը փոփոխելու հետ:

Նշված վարչական գործով 06.06.2019 թվականին հրավիրված դատական նիստում, Վարչական դատարանը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասով, ավարտել է գործի դատաքննությունը և հայտարարել է գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման վայրն ու ժամանակը, այն է` Վարչական դատարանի Վանաձորի նստավայրում` 26.06.2019 թվականին, ժամը 17:50-ին:

Վարչական դատարանի 17.06.2019 թվականի որոշմամբ, հիմք ընդունելով Վարչական դատարանի նախագահի 17.06.2019 թվականի թիվ 30-Ա հրամանը, որի համաձայն` 18.06.2019 թվականից մինչև 01.07.2019 թվականը ներառյալ Դատավորը գտնվել է արձակուրդում, թիվ ՎԴ 6/0076/05/17 վարչական գործով 26.06.2019 թվականի, ժամը 17:50-ին նշանակված դատական նիստի օրը տեղափոխվել է 06.08.2019 թվականին, ժամը 17:30-ին:

Վարչական դատարանը, անհրաժեշտ համարելով լրացուցիչ հետազոտել ապացույցները և շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով, 09.08.2019 թվականին, ժամը 17:30-ին նշանակված դատական նիստում որոշում է կայացրել վերսկսել դատաքննությունը:

Նշված վարչական գործով 21.04.2020 թվականին հրավիրված դատական նիստում Վարչական դատարանը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասով, ավարտել է գործի դատաքննությունը և հայտարարել է գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման վայրն ու ժամանակը, այն է` Վարչական դատարանի Վանաձորի նստավայրում 12.05.2020 թվականին, ժամը 17:45-ին:

12.05.2020 թվականին, ժամը 17:45-ին հրավիրված դատական նիստում հրապարակվել է թիվ ՎԴ6/0076/05/17 վարչական գործով Վարչական դատարանի վճռի եզրափակիչ մասը. հայցը մերժվել է ամբողջությամբ:

Դատավորը Հանձնաժողովին հայտնել է, որ վերը նշված երեք վարչական գործերով դատական ակտերի եզրափակիչ մասերը հրապարակելուց հետո բացառապես աշխատանքային գերծանրաբեռնվածության պատճառով հնարավորություն չի ունեցել ամբողջական դատական ակտերը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետում ուղարկել դատավարության մասնակիցներին, այն ուղարկվել է այդ ժամկետից հետո:

Աշխատանքային գերծանրաբեռնվածությունը պայմանավորված է եղել այդ ընթացքում իր նախագահությամբ տեղի ունեցած հարյուրավոր դատական նիստերի, բազմաթիվ դատական ակտերի կայացմամբ, այդ գործերի բարդությամբ և այդ ժամանակահատվածում ունեցած առողջական խնդիրներով /2019 թվականի ապրիլ-հուլիս ամիսներին անցել է բժշկական հետազոտություններ և տարել վիրահատություն:

Նշել է նաև, որ դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին իր վարույթում գտնվող առանձնակի բարդության գործերը ողջամիտ ժամկետում քննելու անհրաժեշտությամբ պայմանավորված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով իր անուն-ազգանունը ժամանակավորապես գործերի բաշխման ցանկից հանելու խնդրանքով: Սակայն Դատական դեպարտամենտի ղեկավարի 19.09.2019 թվականի գրությամբ հայտնվել է, որ իր դիմումը չի բավարարվել:

Վերը նշված երեք վարչական գործերով, արդեն դատավարության մասնակիցներին են ուղարկվել Վարչական դատարանի վճռի օրինակները, միաժամանակ հայտնվել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը վերաքննիչ դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և դատարանն այն բավարարել է:

Բարձրագույն դատական խորհրդին ներկայացված գրավոր պատասխանի մեջ Դատավորը վերահաստատել է Հանձնաժողովին ներկայացրած իր դիրքորոշումը: Հավելել է, որ խնդրո առարկա դատական ակտերը հրապարակելուց մինչև դրանք դատավարության մասնակիցներին ուղարկելը իր ծանրաբեռնվածությունը գնահատելու համար Հանձնաժողովը պետք է առնվազն մանրամասն ուսումնասիրեր, թե ինքն այդ ընթացքում ինչ ծավալի և տևողության աշխատանքներ է կատարել:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

1. Թիվ ՎԴ6/0076/05/17 վարչական գործով ըստ հայցի` Սալոմե Պավլովնա Մխիթարյանի (ներկայացուցիչ` Ալեքսանդր Ծատինյան) ընդդեմ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանման, երրորդ անձինք` Գարեգին Հակոբի Մխիթարյանի, Լուսինե Հակոբի Մխիթարյանի, Կարինե Հակոբի Մխիթարյանի` վարչական ակտն անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքի պետական գրանցում իրականացնելուն, կատարված ոչ տեխնիկական բնույթի սխալներն ուղղելուն պարտավորեցնելու պահանջների մասին, 26.06.2019 թվականին նշանակվել է վճռի հրապարակման օր, որը չի կայացել Դատավորի` արձակուրդում գտնվելու պատճառով:

2. 06.08.2019 թվականին գործի քննությունը վերսկսվել է: 12.05.2020 թվականին նշանակվել է վճռի հրապարակման օր:

3. «Դատալեքս» դատական տեղեկատվական ծրագրում կատարվել է նշում, որ հայցը մերժվել է, սակայն վճիռը տեղադրվել է 09.11.2020 թվականին:

4. Թիվ ՎԴ6/0145/05/16 վարչական գործով ըստ հայցի` Արարատ Լևոնի Սեփխանյանի (ներկայացուցիչ` Ալեքսանդր Ծատինյան) ընդդեմ ՀՀ Լոռու մարզի Ախթալայի քաղաքապետարանի, «Նոյեմբերյան» նոտարական տարածքի նոտար` Վասակ Ամիրաղյանի, երրորդ անձինք` Ալբերտ Գրիգորի Հախվերդյանի, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանման` Ախթալայի քաղաքապետարանի կողմից N 1 տնտեսական գրքի N 16 գրանցման համաձայն քաղվածք տրամադրելը, Նոյեմբերյանի նոտար` Վ.Ս. Ամիրաղյանի կողմից 14.07.1999թ. թիվ 22 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելը ոչ իրավաչափ ճանաչելու, որպես հետևանքների վերացում` 09.08.1999թ. Գոհար Արշակի Հախվերդյանի անունով կատարված պետական գրանցումը, Թումանյանի տարածքային նոտար` Սամվել Մայիլյանի կողմից 02.06.2011թ. տրված թիվ 919 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և 07.06.2011թ. Ալբերտ Գրիգորի Հախվերդյանի անունով կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, 30.12.2019 թվականին նշանակվել է վճռի հրապարակման օր:

5. «Դատալեքս» դատական տեղեկատվական ծրագրում կատարվել է նշում, որ հայցը մերժվել է, սակայն վճիռը տեղադրվել է 12.11.2020 թվականին:

6. Թիվ ՎԴ6/0210/05/16 վարչական գործով ըստ հայցի` Սուսաննա Յուրիկի Վարդանյանի (ներկայացուցիչ` Ալեքսանդր Ծատինյան), ընդդեմ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանման, ՀՀ Լոռու մարզի Ալավերդու քաղաքապետարանի, երրորդ անձինք` «Թումանյան» նոտարական տարածքի նոտար` Արծրունի Մաղաքյանի, Ռաֆայել Աշոտի Բեժանյանի, Արուսյակ Ռոմանի Բեժանյանի, Տաթևիկ Ռոմանի Բեժանյանի, Վեներա Բեժանյանի` վարչական ակտերը առոչինչ ճանաչելու պահանջի մասին, 28.02.2020 թվականին նշանակվել է վճռի հրապարակման օր:

7. «Դատալեքս» դատական տեղեկատվական ծրագրում կատարվել է նշում, որ հայցը մերժվել է, սակայն վճիռը տեղադրվել է 16.11.2020 թվականին:

8. Ըստ 20.07.2020 թվականին տրված անաշխատունակության թերթիկի` Վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանը հիվանդության ստացիոնար բուժման պատճառով 02.07.2019 թվականից մինչև 19.07.2019 թվականը եղել է անաշխատունակության մեջ:

9. Ըստ 13.10.2020 թվականին տրված անաշխատունակության թերթիկի` Վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանը հիվանդության ամբուլատոր բուժման պատճառով 13.10.2020 թվականից մինչև 18.10.2020 թվականը եղել է անաշխատունակության մեջ:

10. Բարձրագույն դատական խորհրդին ուղղված 03.09.2020 թվականի դիմումով Վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանն առաջարկել է իր անուն-ազգանունը ժամանակավորապես` հինգ ամիս ժամանակով, հանել գործերի բաշխման ցանկից, քանի որ իր վարույթում առկա են շուրջ 300 գործեր, նշված գործերում առկա են 15 առանձնակի բարդության գործեր և ներկայացրել է այդ գործերի տվյալները:

11. Դատական դեպարտամենտի ղեկավարի 19.09.2020 թվականի գրությամբ հայտնվել է, որ դատավոր Արշակ Ալավերդյանի 03.09.2020 թվականի դիմումը քննարկվել է Բարձրագույն դատական խորհրդի 19.09.2020 թվականի նիստում, քննարկման արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրել է, որ ներկայացված դիմումի մեջ բացակայում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` Արշակ Ալավերդյանի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից հանելու հիմքերը:

12. Ըստ Դատական իշխանության պաշտոնական կայքում տեղադրված վիճակագրության` Վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանի գործունեության վերաբերյալ 2019 թվականի հաշվետվության` 2018 թվականից 2019 թվականը վերջինս փոխանցել է 357 գործ, 2019 թվականի ընթացքում ստացել է 199 նոր գործ, այլ դատավորի է փոխանցել 1 գործ, 2019 թվականի ընթացքում ավարտել է 219 գործ, անավարտ գործերի թիվը եղել է 274, իսկ 2020 թվականի 1-ին կիսամյակի հաշվետվության համաձայն` վերջինս 2019 թվականից 2020 թվականը փոխանցել է 274 գործ, 2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ստացել է 127 նոր գործ, ավարտել է 81 գործ:

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Հանձնաժողովի անդամի միջնորդությունը, Դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման` հետևյալ պատճառաբանությամբ.

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են` արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ: Իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` սույն գլխի իմաստով` արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում հետևյալ հարցադրումները.

1. արդյո՞ք թիվ ՎԴ6/0076/05/17, թիվ ՎԴ6/0145/05/16 և թիվ ՎԴ6/0210/05/16 վարչական գործերով Դատավորի կողմից դատական ակտերի` կողմերին ուղարկելու օրենքով սահմանված ժամկետները խախտելը կատարվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի իմաստով դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

2. արդյո՞ք թիվ ՎԴ6/0076/05/17, թիվ ՎԴ6/0145/05/16 և թիվ ՎԴ6/0210/05/16 վարչական գործերով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումները հանգեցրել են դատավորի վարքագծի կանոնի/կանոնների խախտման:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` հրապարակվելուց անմիջապես հետո գործն ըստ էության լուծող դատական ակտը հանձնվում է դատավարության մասնակիցներին: Դատավարության մասնակիցներից որևէ մեկի ներկա չլինելու դեպքում գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինակը հրապարակման կամ դրան հաջորդող օրն ուղարկվում է նրան:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ օրենսդրությամբ ամրագրված դատավարական ժամկետներն ինքնանպատակ չեն. դրանք կոչված են երաշխավորելու դատավարական գործընթացներում իրավական որոշակիությունը, ապահովելու անձանց կողմից իրենց իրավունքներից օգտվելու նպատակով հաջորդիվ քայլեր ձեռնարկելու հնարավորությունը: Մասնավորապես, դատական ակտերի` կողմերին ուղարկելու դատավարական ժամկետների պահպանումը, էլ ավելի է կարևորվում անձի բողոքարկման իրավունքից օգտվելը երաշխավորելու, իր իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության մասին տեղեկատվություն ստանալու հաշվառմամբ:

Բարձրագույն դատական խորհուրդը, ուսումնասիրելով սույն գործում առկա փաստաթղթերը, արձանագրում է, որ Դատավորի կողմից թիվ ՎԴ6/0076/05/17, թիվ ՎԴ6/0145/05/16 և թիվ ՎԴ6/0210/05/16 վարչական գործերով թույլ է տրվել դատական ակտերի` կողմերին ուղարկելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված ժամկետների խախտում, որը կատարվել է դիտավորությամբ` հետևյալ պատճառաբանությամբ.

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` սույն գլխի իմաստով` արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` սույն գլխի իմաստով` արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Վերոգրյալ իրավանորմի տրամաբանությունից բխում է, որ օրենսդրի կողմից արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման վարքագծի առումով առանձնացվել են մեղքի դրսևորման երկու ձևեր` դիտավորություն և կոպիտ անփութություն:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:

Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումները կատարվել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի իմաստով դիտավորությամբ, քանի որ Դատավորը լիովին գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ լինելը:

Միաժամանակ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմի խախտումը, այն է` դատական ակտերը կողմերին օրենքով սահմանված ժամկետից ուշ ուղարկելը, հանգեցրել է դատավորի վարքագծի կանոնի խախտման, մասնավորապես դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության նվազեցման:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Բարձրագույն դատական խորհուրդը Դատավորի նկատմամբ կարգապահական տույժի տեսակն ընտրելիս հաշվի է առել այն հանգամանքը, որ Դատավորը բազմիցս դիմել է Բարձրագույն դատական խորհրդին իր անունը դատական գործերի բաշխման համակարգից հանելու խնդրանքով և Բարձրագույն դատական խորհուրդն իր 14.12.2020 թվականի թիվ ԲԴԽ-81-Ո-178 որոշմամբ հանել է Դատավորի անունը դատական գործերի բաշխման համակարգից: Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առել նաև Դատավորի անձը բնութագրող հատկանիշները, ինչպես նաև այն հանգամանքը, որ չնայած Դատավորը գիտակցել է, որ ուշ է տրամադրում դատական ակտը, սակայն միևնույն ժամանակ վստահ է եղել, որ կողմերը չեն զրկվի բողոքարկման իրենց իրավունքից, քանի որ հնարավոր բողոքարկման իրավունքի իրացումը երաշխավորված է բողոքարկման ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու օրենսդրական հնարավորությամբ և ձևավորված պրակտիկայով:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով` Բարձրագույն դատական խորհուրդը,

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը` Վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ` բավարարել: Վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանին հայտարարել նախազգուշացում:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

Բարձրագույն դատական

    խորհրդի նախագահ              Ռ. Վարդազարյան

    Անդամներ`                    Գ. Բեքմեզյան

                                 Դ. Խաչատուրյան

                                 Մ. Մակյան

                                 Լ. Մելիքջանյան

                                 Ս. Միքայելյան

                                 Ա. Մխիթարյան

                                 Ս. Չիչոյան

                                 Գ. Ջհանգիրյան

                                 Վ. Քոչարյան

 

Սույն որոշումը հրապարակվել է պաշտոնական կայքէջում (www.court.am)` 15 փետրվարի 2021 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
08.02.2021
N ԲԴԽ-1-Ո-Կ-01
Որոշում