ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 մարտի 2020 թվականի N 355-Լ
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հաստատել տնտեսության արդիականացման միջոցառումը` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին` մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներկայացնել սույն որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված օժանդակության գործիքների կիրառման կարգը` այնտեղ ամրագրելով նաև գործընթացի հրապարակային և թափանցիկ իրականացման մեխանիզմներ, այդ թվում` օժանդակությունից օգտվող տնտեսավարողների ցանկի հրապարակումը:
(վերնագիրն ու 1-ին կետը փոփ. 27.01.2022 թիվ 106-Լ / որոշումն ունի անցումային դրույթ/ որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մարտի 26
Երևան
Հավելված
i
ՀՀ կառավարության
2020 թվականի մարտի 26-ի
N 355-Լ որոշման
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
1. Միջոցառման նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն` արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, որը կբերի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացման և աշխատանքի արտադրողականության աճի:
2. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
2. Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող մասնավոր առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը (բացառությամբ լիցենզավորվող գործունեություն իրականացնող (բացառությամբ առողջապահության, տրանսպորտի և կրթության բնագավառի կամ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների), որն ապահովում է ստորև թվարկված բոլոր չափանիշներին համապատասխանությունը`
1) ունի բարվոք վարկային պատմություն, այսինքն, ըստ ԱՔՐԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.
2) ունի բարվոք հարկային պատմություն, այսինքն, վարկի/լիզինգի հայտը ներկայացնելուն նախորդող օրվա դրությամբ առկա ժամկետանց հարկային պարտավորությունները չեն գերազանցել նախորդող տարվա ընթացքում միասնական գանձապետական հաշվից մարված հարկային պարտավորությունների, վճարված պետական տուրքի գումարների և նախորդող տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ միասնական գանձապետական հաշվի մնացորդի հանրագումարի 1 տոկոսը.
3. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ
3. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսուհետ` ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Ընդ որում, վարկերի/լիզինգի վերադարձի ռիսկն ամբողջությամբ կրում է ֆինանսական կազմակերպությունը:
4. Տնտեսավարողը հնարավորություն ունի սույն միջոցառման 6-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված առավելագույն գումարի սահմաններում սույն միջոցառմամբ սահմանված նպատակներով ստանալ վարկեր կամ կնքել լիզինգի պայմանագիր:
4. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ/ԼԻԶԻՆԳԻ ՆՊԱՏԱԿԸ
5. Օժանդակությունը կիրառելի է այն վարկերի/լիզինգի համար, որոնք տրամադրվում են տնտեսավարողներին հետևյալ նպատակով`
1) նոր (չօգտագործված) սարքերի և սարքավորումների գնում կամ ներմուծում, պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2021 թվականի փետրվարի 1-ից հետո, և տվյալ սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանի Հանրապետությունում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով (այսուհետ` սարքավորումների վարկեր/լիզինգ):
5. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ/ԼԻԶԻՆԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԵՐ/ԼԻԶԻՆԳ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ
6. Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը/լիզինգը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`
1) արժույթը` դրամով կամ արտարժույթով (արտարժույթով վարկերի/լիզինգի նկատմամբ սուբսիդավորման գործիքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե վարկառուն/լիզինգառուն իր ձեռնարկատիրական գործունեության արդյունքում կստանա տվյալ վարկի/լիզինգի սպասարկման համար բավարար չափով արտարժույթով հասույթ).
2) ժամկետը`
._____________________________________________________________________.
|Տեսակը |Տրամադրվող վարկի/|Սուբսիդավորման |Վարկի/լիզինգի|
| |լիզինգի գումարը |ժամանակահատվածը|ժամկետը |
|_____________________|_________________|_______________|_____________|
|Սարք, սարքավորումներ,|մինչև 200 մլն |մինչև 42 ամիս |մինչև 120 |
|բաղկացուցիչ մասեր |դրամին համարժեք | |ամիս |
| |գումար | | |
|_____________________|_________________|_______________|_____________|
| |ավելի քան 200 մլն|մինչև 36 ամիս |մինչև 120 |
| |դրամին համարժեք | |ամիս |
| |գումար | | |
._____________________________________________________________________.
3) վարկի/լիզինգի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված` մինչև 6 ամիս, իսկ արտարժույթով վարկերի/լիզինգի դեպքում` մինչև 3 ամիս.
4) մեկ տնտեսավարողի` օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի/լիզինգի` սույն միջոցառման շրջանակներում սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը` 1 մլրդ դրամով կամ համարժեք արտարժույթով.
5) վարկային միջոցների օգտագործման կարգը` միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով.
6) վարկի/լիզինգի առարկայի արժեքը ներառում է վարկի/լիզինգի առարկայի ձեռքբերման գինը, Հայաստանի Հանրապետություն ներմուծման հետ կապված ծախսերը (տեղափոխում, այդ թվում` տեղափոխման հետ կապված այլ ծախսեր, մաքսազերծում, ավելացված արժեքի հարկ և այլն).
7) այն դեպքում, երբ կառուցվածքը (կոնստրուկցիան) կազմում է վարկով/լիզինգով ձեռք բերվող տեխնոլոգիական սարքավորման անբաժանելի մաս, ապա կառուցվածքը կարող է դիտարկվել որպես վարկի/լիզինգի առարկա.
8) վարկի/լիզինգի վաղաժամկետ մարման համար տույժեր և (կամ) տուգանքներ չեն կիրառվում.
9) սարքերի, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի լիզինգի/վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հաշվարկումը`
ա. լիզինգի/վարկի պայմանագրի շրջանակներում վարկի/լիզինգի առարկայի ձեռքբերման համար ֆինանսական կազմակերպությունների կողմից վճարված գումարների (արտարժույթի դեպքում` համարժեք դրամի) և լիզինգառուի/վարկառուի կողմից որպես կանխավճար վճարված գումարների դրական տարբերության վրա` սկսած վերոնշյալ գումարների վճարման օրվանից մինչև լիզինգի/վարկի առարկայի հանձնման-ընդունման ակտերի ստորագրման օրը հաշվարկվում է տոկոս, որը չի կարող գերազանցել լիզինգի/վարկի` պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույքը,
բ. սույն ենթակետի «ա» պարբերությունում հաշվարկված տոկոսագումարը սուբսիդավորվում է սարքի, սարքավորման և դրա բաղկացուցիչ մասերի հանձնման-ընդունման ակտի ստորագրումից հետո միանվագ` ծրագրով սահմանված ընթացակարգով: Ընդ որում, մատակարարման փուլի սուբսիդավորումը կատարվում է մինչև 180 օր ժամկետի համար` սկսած վարկի/լիզինգի պայմանագրի կնքման օրվանից, իսկ 180 օր ժամկետը գերազանցող ժամկետի համար տոկոսների վճարման պարտականությունը կրում է լիզինգառուն/վարկառուն,
գ. լիզինգի/վարկի առարկան չմատակարարվելու կամ այլ հանգամանքներով պայմանավորված հանձնման-ընդունման ակտը չստորագրվելու դեպքում` սույն ենթակետի «բ» պարբերությունում նշված տոկոսագումարը ենթակա չէ սուբսիդավորման, և տոկոսագումարի վճարման պարտականությունը կրում է լիզինգառուն/վարկառուն:
7. Տոկոսադրույքների սուբսիդավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից` ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա:
6. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ
8. Սույն միջոցառման շրջանակում վարկ/լիզինգ ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է սույն միջոցառմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում սույն միջոցառմամբ սահմանված կանոնների համաձայն կիրականացվի սուբսիդավորում` տվյալ վարկի/լիզինգի տոկոսների` սույն հավելվածի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափերով, վարկի/լիզինգի մարման ժամկետի` սույն հավելվածի 6-րդ կետում նշված ժամանակահատվածի համար:
9. Հայաստանի Հանրապետության դրամով վարկերի սուբսիդավորման չափերը, կախված նպատակից, հետևյալն են`»
.___________________________________________________________________.
|Նպատակը |Սուբսիդավորման չափը|
|_______________________________________________|___________________|
|Սարք, սարքավորումներ, բաղկացուցիչ մասերի վարկ | 8% |
|_______________________________________________|___________________|
|Սարք, սարքավորումներ, բաղկացուցիչ մասերի լիզինգ| 10% |
.___________________________________________________________________.
10. Արտարժույթով վարկերի սուբսիդավորման չափերը, կախված նպատակից, հետևյալն են`
.___________________________________________________________________.
|Նպատակը |Սուբսիդավորման չափը|
|_______________________________________________|___________________|
|Սարք, սարքավորումներ, բաղկացուցիչ մասերի վարկ | 6% |
|_______________________________________________|___________________|
|Սարք, սարքավորումներ, բաղկացուցիչ մասերի լիզինգ| 8% |
.___________________________________________________________________.
7. ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ ՆԵՐԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Տնտեսավարողը, որի կանոնադրական կապիտալում 200 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում է կատարվել 2021 թվականի հունվարի 1-ից մինչև աջակցության հայտը ներկայացնելու պահը, կարող է օգտվել հետևյալ հավելյալ արտոնությունից`
1) սույն հավելվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի/լիզինգի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը սահմանվում է կանոնադրական կապիտալում կատարված ներդրման հնգապատիկի չափով, բայց ոչ ավելի, քան 10 մլրդ դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում` 5 մլրդ դրամին համարժեք:
12. Սույն հավելվածի 11-րդ կետում նշված կանոնադրական կապիտալի ավելացումները պետք է իրականացված լինեն դրամական միջոցների տեսքով ներդրումների հաշվին: Ընդ որում, սուբսիդավորման ամբողջ ժամանակահատվածում կանոնադրական կապիտալի նվազեցում չի թույլատրվում:
13. Սույն միջոցառման 11-րդ կետով նախատեսված արտոնությունից օգտվող տնտեսավարողները մինչև վարկի/լիզինգի պայմանագրի ստորագրումը պարտավոր են ֆինանսական կազմակերպությանը ներկայացնել կանոնադրական կապիտալի համալրումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև պայմանագրի ստորագրմանը հաջորդող տարվա ընթացքում և դրան հաջորդող սուբսիդավորման տարիների ամբողջ ընթացքում պարտավորվում են ներկայացնել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան հաշվետվություններ, ինչպես նաև «Մեծ Քառյակ» աուդիտորական ընկերությունների կողմից արտաքին աուդիտի եզրակացություն:
14. Սույն հավելվածի 12-րդ և 13-րդ կետերում նշված պայմանի խախտման դեպքում տվյալ տնտեսավարողին տրամադրված վարկը/լիզինգը ենթակա է մարման բացահայտումից հետո անհապաղ, իսկ պետության կողմից վճարված սուբսիդավորման գումարները բանկի միջոցով ենթակա են վերադարձման` ֆինանսական կազմակերպության և տնտեսավարողի միջև կնքվող պայմանագրով ամրագրված կարգով:
8. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
15. Սույն միջոցառման իմաստով սարք, սարքավորում և դրանց բաղկացուցիչ մաս է համարվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված` Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների C(ՍԻ) «ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ» բաժնին դասվող հատվածների, խմբերի, դասերի և ենթադասերի մեջ ներառված տնտեսական գործունեության իրականացման նպատակով գնվող սարքերը, սարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը:
16. Սույն միջոցառումը գործելու է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:
17. Սույն միջոցառմանը կարող են մասնակցել հավելվածում նշված պայմանները բավարարող բոլոր տնտեսավարողները` անկախ նախկինում պետական աջակցության միջոցառումներին մասնակցած լինելու փաստից:
18. Սույն հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված սուբսիդավորման ժամկետները և այլ պայմաններն արդյունաբերության գերակա ոլորտներում կատարվող կապիտալ ներդրումների համար կարող են փոփոխվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
(հավելվածը խմբ. 12.05.2020 թիվ 725-Լ /որոշումն ունի անցումային դրույթներ/, 22.07.2021 թիվ 1184-Լ /որոշումն ունի անցումային դրույթ/,
27.01.2022 թիվ 106-Լ / որոշումն ունի անցումային դրույթ/ որոշումներ)