Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 40-ՐԴ, ՀՀ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ԵԱՔԴ/2120/02/17

    Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2120/02/17       2021 թ.

Նախագահող դատավոր` Ն. Կարապետյան

    Դատավորներ`        Ա. Մխիթարյան

                       Կ. Համբարձումյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հոկտեմբերի 19-ին

գրավոր ընթացակարգով քննելով Մարիետա Բադյանի իրավահաջորդ Նարինե Ղազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.07.2020 թվականի «Գործի վարույթը վերսկսելու միջնորդությունը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Մարիետա Բադյանի ընդդեմ Անահիտ Եղիազարյանի, երրորդ անձ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի (այսուհետ` Նոտար)` փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և որպես հետևանքներ` ժառանգության իրավունքի թիվ 2125 վկայագիրը և սեփականության իրավունքի թիվ 2126 վկայագիրը, անշարժ գույքի նկատմամբ պատասխանողի անվամբ սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մարիետա Բադյանը պահանջել է ճանաչել իր որդու` 14.10.2015 թվականին մահացած Ստեփան Ղազարյանի ժառանգական զանգվածի կազմում ներառված` Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն Սարկավագի փողոց 72-րդ շենքի թիվ 20 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի 1/2-րդ բաժնի նկատմամբ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ, որպես հետևանք` մասնակի` 1/4-րդ մասով անվավեր ճանաչել Նոտարի կողմից 26.05.2016 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 2125 վկայագիրը և 26.05.2016 թվականին տրված թիվ 2126 սեփականության իրավունքի վկայագիրը, որպես հետևանք` մասնակի` 1/8-րդ մասով անվավեր ճանաչել 02.06.2016 թվականին վիճելի անշարժ գույքի նկատմամբ Անահիտ Եղիազարյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Բունիաթյան) 20.08.2018 թվականի որոշմամբ գործի վարույթը կասեցվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան) 09.10.2018 թվականի որոշմամբ Անահիտ Եղիազարյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 20.08.2018 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը վերացվել է:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Բունիաթյան) (այսուհետ` Դատարան) 06.06.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ն. Կարապետյան, դատավորներ` Ա. Մխիթարյան, Կ. Համբարձումյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.08.2019 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև Մարիետա Բադյանի իրավահաջորդության հարցի լուծումը:

Վերաքննիչ դատարանի 28.07.2020 թվականի որոշմամբ Մարիետա Բադյանի իրավահաջորդ Նարինե Ղազարյանի միջնորդությունը` հայցվորին իրավահաջորդով փոխարինելու և գործի վարույթը վերսկսելու մասին, մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարիետա Բադյանի իրավահաջորդ Նարինե Ղազարյանի (ներկայացուցիչ Աստղիկ Սայադյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 40-րդ հոդվածները, 159-րդ հոդվածի 1-ին մասը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետը, որը պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1245-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, «Նոտարիատի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը 28.07.2020 թվականի որոշմամբ Նարինե Ղազարյանին հայցվորի իրավահաջորդով փոխարինելու մասին միջնորդությունը մերժել է` եզրահանգելով, որ իրավահաջորդության փաստը կարող է հավաստվել նոտարի կողմից տրված ժառանգության իրավունքի վկայագրով, քանի որ միայն ըստ օրենքի ժառանգության ձևակերպման դիմում ներկայացնելը բավարար չէ իրավահաջորդության հարցը լուծված համարելու համար, քանի որ ինքնին դիմումը` առանց նոտարի հանդիպակաց իրավական գործողության, չի կարող հիմք հանդիսանալ անձին իրավահաջորդ ճանաչելու համար:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործով անհնար է ժառանգության իրավունքի վկայագիր դատարան ներկայացնելը, քանի որ ժառանգության զանգվածի մեջ մտնող` ժառանգատուին պատկանող գույքը հանդիսանում է սույն գործով վեճի առարկա հանդիսացող գույքը, որի նկատմամբ Դատարանը փաստացի տիրապետման հիմքով ճանաչել է Մարիետա Բադյանի ժառանգության իրավունքը, իսկ վճռի հիման վրա պետական գրանցում չի իրականացվել, քանի որ նշված վճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Մարիետա Բադյանին իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ Նարինե Ղազարյանի ներկայացրած միջնորդությունը, սահմանափակել է վերջինիս արդար դատաքննության իրավունքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 28.07.2020 թվականի «Գործի վարույթը վերսկսելու միջնորդությունը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ, այն է` հայցվոր Մարիետա Բադյանին փոխարինել իրավահաջորդով` Նարինե Ղազարյանով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Դատարանի 06.06.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է` Մարիետա Բադյանը փաստացի տիրապետման հիմքով ճանաչվել է 14.10.2015 թվականին մահացած Ստեփան Ղազարյանի ժառանգական զանգվածի 1/2 մաս հանդիսացող` ք. Երևան, Սարկավագի 72 շենքի թիվ 20 բնակարանի 1/4 բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ: Որպես հետևանք` մասնակի` 1/4 մասերով համապատասխանաբար անվավեր է ճանաչվել Նոտարի 26.05.2016 թվականին տված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 2125 վկայագիրը և 26.05.2016 թվականին տրված սեփականության իրավունքի թիվ 2126 վկայագիրը: Որպես հետևանք` մասնակի` 1/8 մասով անվավեր է ճանաչվել ք. Երևան, Սարկավագի 72 շենքի թիվ 20 բնակարան հասցեի անշարժ գույքի նկատմամբ Անահիտ Եղիազարյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը (հատոր 2-րդ, գ.թ. 160-175):

2) Դատարանի 06.06.2019 թվականի վճռի դեմ Անահիտ Եղիազարյանի ներկայացուցիչը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը 02.08.2019 թվականին ընդունվել է վարույթ (հատոր 3-րդ, գ.թ. 18-20):

3) ԵՀՍ ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից 24.08.2019 թվականին տրված թիվ ԲԱ155799 մահվան վկայականի համաձայն` հայցվոր Մարիետա Բադյանը 23.08.2019 թվականին մահացել է (հատոր 3-րդ, գ.թ. 46):

4) Մարիետա Բադյանի դուստրը 27.08.2019 թվականին դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան` քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ մինչև իրավահաջորդության հարցի լուծումը (հատոր 3-րդ, գ.թ. 44):

5) Վերաքննիչ դատարանի 30.08.2019 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է (հատոր 3-րդ, գ.թ. 48-50):

6) Մարիետա Բադյանի դուստր Նարինե Ղազարյանը ժառանգության բացման պահից վեցամսյա ժամկետում` 21.02.2020 թվականին դիմում է ներկայացրել ժառանգության բացման վայրի նոտարական գրասենյակ` ըստ օրենքի ժառանգության ձևակերպման համար, հայտնելով, որ ցանկացած եղանակով ընդունում է Մարիետա Բադյանի ժառանգությունը և խնդրել է տրամադրել ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր (հատոր 3-րդ, գ.թ. 72):

7) Մարիետա Բադյանի դուստր Նարինե Ղազարյանը 23.07.2020 թվականին միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարան` քաղաքացիական գործով հայցվորին իրավահաջորդով փոխարինելու մասին (հատոր 3-րդ, գ.թ. 67-68):

8) Վերաքննիչ դատարանի 28.07.2020 թվականի «Գործի վարույթը վերսկսելը մերժելու մասին» որոշմամբ Նարինե Ղազարյանի միջնորդությունը` հայցվորին իրավահաջորդով փոխարինելու և գործի վարույթը վերսկսելու մասին, մերժվել է (հատոր 3-րդ, գ.թ. 83-85):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք ըստ օրենքի ժառանգությունը ձևակերպելու մասին դիմումը ժառանգության բացման պահից վեցամսյա ժամկետում ժառանգության բացման վայրի նոտարին ներկայացնելը բավարար է անձին ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու համար:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև նույն օրենսգրքով սահմանված այլ դեպքերում:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի համաձայն`

1. Դատավարությունից գործին մասնակցող անձանցից մեկի դուրս գալու դեպքում (քաղաքացու մահ, իրավաբանական անձի վերակազմակերպում, պահանջի զիջում, պարտքի փոխանցում և այլն) դատարանը որոշում է կայացնում գործին մասնակցող անձին նրա իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ:

2. Դատավարական իրավահաջորդությունը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում:

3. Դատավարությունից հայցվորի դուրս գալու դեպքում հայցվորի փոխարինումը տեղի է ունենում հայցվորի իրավահաջորդի միջնորդությամբ:

4. Այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են դատավարության ընթացքում մինչև իրավահաջորդի` գործի մեջ մտնելը, նրա համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին այն անձի համար, որին փոխարինել է իրավահաջորդը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե գործին մասնակցող անձը մահացել է, և վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո` եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ժառանգության ընդունումը ժառանգի կողմից իրականացվող կանխամտածված, ակտիվ գործողությունների համակցություն է, որն ուղղված է ժառանգական գույքն իր սեփականությունը դարձնելուն: Այսինքն, թե՛ ըստ օրենքի, և թե՛ ըստ կտակի ժառանգության ընդունման դեպքում ժառանգը պետք է գիտակցի և նրա գործողությունները պետք է նպատակաուղղված լինեն համապատասխան ժառանգության ընդունմանը (տե՛ս, Արմեն Հարությունյանն ընդդեմ Հակոբ, Լուսինե, Լիանա, Լիլիթ Հարությունյանների, Նինել Խաչատրյանի թիվ ԵԷԴ/1431/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդիրը նախատեսել է ժառանգության ընդունման երկու եղանակ` ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելը և ժառանգի կողմից ժառանգված գույքը փաստացի տիրապետելը կամ կառավարելը: Ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել այդ գույքը, ինչը հանդիսանում է ժառանգական գույքի նկատմամբ ժառանգի սեփականության իրավունքի ծագման նախապայման (տե՛ս, Արմինե Հակոբյանը և Սամվել Հակոբյանն ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի և մյուսների թիվ 3-1621(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2007 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի: Ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է նրան հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում: Նույն օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ 1998 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածը ենթադրում է գործի հանգամանքները որոշակի ապացույցներով հաստատելու պահանջ: Նման պահանջ ամրագրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետով, որի համաձայն` ժառանգությունն ընդունված է համարվում, երբ ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգը դիմում է հանձնում ժառանգության բացման վայրի նոտարին: Նշված օրինադրույթը ենթադրում է, որ ժառանգությունն ընդունելու հանգամանքը պետք է հաստատվի դիմումը նոտարին հանձնելու փաստը հաստատող ապացույցի առկայությամբ (տե՛ս, Անժելա Ղազարյանն, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, երրորդ անձինք Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների թիվ 3-1843 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին մասի և 1227-րդ հոդվածի 1-ին մասի իրավադրույթների փոխկապակցված վերլուծության արդյունքում արձանագրում է, որ ըստ օրենքի ժառանգությունն ընդունելու համար անհրաժեշտ է, որպեսզի ժառանգ հանդիսացող անձի կողմից իրականացվեն գիտակցված, ակտիվ գործողություններ, որոնք ըստ էության կարող են դրսևորվել ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումն օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելու միջոցով: Հատկանշական է, որ ժառանգությունն ընդունելու մասին դիմումի հանձնման դեպքում նոտարը ոչ մի հանդիպակաց գործողություն չի կատարում: Նոտարի կողմից ժառանգության իրավունքի վկայագիր տալուց հրաժարվելը կարող է կատարվել տարբեր պատճառներով, սակայն դա ժառանգի կողմից ժառանգությունն ընդունած ժառանգ համարվելու վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ ժառանգությունն ընդունելու հարցում էական է ոչ թե նոտարի կողմից կատարված գործողությունը, մասնավորապես` ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրումը, այլ ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելու կամքը, որն արտահայտվում է նշված երկու տեսակի դիմումներից որևէ մեկը նոտարին հանձնելու փաստով: Հետևաբար` անկախ նրանից, թե նոտարը հանդիպակաց գործողություն կատարել է, թե ոչ, կամ ինչ հանդիպակաց գործողություն է կատարել, եթե անձը ներկայացրել է վերոնշյալ երկու տեսակի դիմումներից ցանկացածը, ապա նա օրենքի ուժով համարվում է ժառանգությունն ընդունած ժառանգ:

Սույն գործի փաստերի համաձայն` Մարիետա Բադյանի դուստր Նարինե Ղազարյանը 28.08.2019 թվականին դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան` քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ մինչև իրավահաջորդության հարցի լուծումը, որն էլ Վերաքննիչ դատարանի 30.08.2019 թվականի որոշմամբ բավարարվել է:

Մարիետա Բադյանի դուստր Նարինե Ղազարյանը վեցամսյա ժամկետում` 21.02.2020 թվականին դիմում է ներկայացրել ժառանգության բացման վայրի նոտարական գրասենյակ` ըստ օրենքի ժառանգության ձևակերպման համար, հայտնելով, որ ցանկացած եղանակով ընդունում է Մարիետա Բադյանի ժառանգությունը և խնդրել է տրամադրել ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, որից հետո 23.07.2020 թվականին միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարան` քաղաքացիական գործով հայցվորին իրավահաջորդով փոխարինելու մասին:

Վերաքննիչ դատարանը 28.07.2020 թվականի որոշմամբ հայցվորին իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը մերժել է այն պատճառաբանությամբ, որ իրավահաջորդության փաստը կարող է հավաստվել նոտարի կողմից տրված ժառանգության իրավունքի վկայագրով, և որ միայն ըստ օրենքի ժառանգության ձևակերպման դիմում ներկայացնելը բավարար չի կարող համարվել իրավահաջորդության հարցը լուծված համարելու համար, քանի որ ինքնին դիմումը` առանց նոտարի հանդիպակաց իրավական գործողության, չի կարող հիմք հանդիսանալ անձին իրավահաջորդ ճանաչելու համար:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի տառացի մեկնաբանությունից բխում է, որ ժառանգը, որն օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում դիմում է ներկայացրել ժառանգության բացման վայրի նոտարին` ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին, այդպիսի դիմումներից ցանկացածի ներկայացման փաստի ուժով համարվում է ժառանգության ընդունման համար օրենքով պահանջվող գործողություններ կատարած, հետևաբար և` ժառանգությունն ընդունած ժառանգ:

Տվյալ դեպքում Մարիետա Բադյանի դուստր Նարինե Ղազարյանն ըստ օրենքի ժառանգությունն ընդունելու համար նոտարական գրասենյակ է դիմել Մարիետա Բադյանի մահվանից, այսինքն` ժառանգության բացման պահից վեցամսյա ժամկետում, ընդ որում, Նոտարին ուղղված դիմումը պարունակում է և՛ ժառանգությունն ընդունելու, և՛ ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելու խնդրանք, ինչն էլ բավարար հիմք է Նարինե Ղազարյանին ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու համար:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ Նարինե Ղազարյանը չի կարող համարվել ժառանգությունն ընդունած ժառանգ, քանի դեռ ժառանգության իրավունքի վկայագիր չի ստացել, ապա այն անհիմն է, քանի որ ժառանգության զանգվածի մեջ մտնող ժառանգատուին պատկանող գույքը հանդիսանում է սույն գործով վեճի առարկա, սակայն այդ հանգամանքը չի կարող խոչընդոտ հանդիսանալ իրավահաջորդության հարցը լուծելու համար, քանի որ Նարինե Ղազարյանի կողմից ժառանգության ընդունման համար օրենքով նախատեսված անհրաժեշտ գործողությունները սահմանված ժամկետում կատարվել են:

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով գործին մասնակցող անձի մահվան հիմքով գործի վարույթը կասեցնելու հարցին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործի վարույթի կասեցումը չի կարող կրել ձևական բնույթ, իսկ դրա միակ նպատակը գործի շարունակմանը խոչընդոտող հանգամանքների վերացումն է: Մասնավորապես` գործին մասնակցող անձի մահվան դեպքում նրան իրավահաջորդով փոխարինելը հետապնդում է դատավարությունում կողմի ներկայությունն ապահովելու և դրա միջոցով նրա` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության ապահովման նպատակ (տե՛ս, Սամվել, Սահակ և Սուլթան Մարկոսյաններն ընդդեմ Լուսիկ Գևորգյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0808/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.11.2013 թվականի որոշումը):

i

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նարինե Ղազարյանի միջնորդությունը ենթակա էր բավարարման, և Վերաքննիչ դատարանի կողմից քաղաքացիական դատավարության մասնակից, մահացած Մարիետա Բադյանը պետք է փոխարինվեր իրավահաջորդով, քանի որ առկա են եղել Նարինե Ղազարյանի իրավահաջորդ համարվելու օրենքով սահմանված պայմանները, այն է` ժառանգության բացման պահից վեցամսյա ժամկետում նա նոտարին ներկայացրել է ժառանգությունն ընդունելու և ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելու մասին դիմում, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ, ոչ իրավաչափորեն մերժելով Նարինե Ղազարյանի միջնորդությունը, Վերաքննիչ դատարանը սահմանափակել է քաղաքացիական դատավարությունում կողմի իրավահաջորդի մասնակցությունն ապահովելու հնարավորությունը:

Վճռաբեկ դատարանն անդրադառնալով դատական ակտի որոշակիության հարցին, արձանագրում է, որ Նարինե Ղազարյանի` հայցվորին իրավահաջորդով փոխարինելու միջնորդությունը քննարկելիս իր նախաձեռնությամբ Վերաքննիչ դատարանը 28.07.2020 թվականի որոշմամբ քննարկել է նաև գործի վարույթը վերսկսելու հարցը, սակայն որոշման եզրափակիչ մասում չի լուծել գործի վարույթը վերսկսելու կամ չվերսկսելու հարցը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով դատական ակտի որոշակիության խնդրին, արտահայտել է դիրքորոշում առ այն, որ դատական ակտը պետք է լինի որոշակի. այն պետք է ձևակերպվի հստակ և հասկանալի, դրա բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որ դատավարության մասնակիցների համար ակնառու և ակնհայտ լինի, թե իրենց ինչ իրավունք է տրամադրվում, իրենց որ իրավունքն է սահմանափակվում, իրենց ինչ իրավունքից են զրկում կամ իրենց վրա ինչ պարտականություն է դրվում (տե՛ս, Դավիթ Ասատրյանն ընդդեմ Սվետլանա Ասատրյանի և Արթուր Գասիսյանի թիվ ԵՄԴ/0199/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

Նշված իրավական դիրքորոշման համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի որոշման իրավաչափությանը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ, թեև այն լիովին չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին, այնուամենայնիվ դրանից ակնհայտ է, որ Վերաքննիչ դատարանը, մերժելով հայցվորին իրավահաջորդով փոխարինելու մասին միջնորդությունը, միաժամանակ սեփական նախաձեռնությամբ քննարկել է նաև այդ կապակցությամբ գործի վարույթը վերսկսելու հարցը և, թեև որոշման եզրափակիչ մասում այդ հարցը հստակ չի լուծել, այնուամենայնիվ քննարկվող որոշումից պարզ է, որ ոչ միայն մերժել է կողմին իրավահաջորդով փոխարինելը, այլև` դրա հետ կապված քաղաքացիական գործի վարույթը վերսկսելը, քանի որ կայացրել է «Գործի վարույթը վերսկսելը մերժելու մասին» որոշում և դրանով հիմնավորել է այն հանգամանքը, թե ինչու չի վերսկսում գործի վարույթը: Նման պայմաններում բողոքաբերի համար ակնհայտ է, որ գործի վարույթը չի վերսկսվել` իրեն իրավահաջորդությամբ որպես հայցվոր փոխարինելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ, ուստի բողոքաբերը այլևս ոչ մի իրավաչափ գործողություն չի կարող ձեռնարկել` գործի վարույթը վերսկսելու համար, և դրանով իսկ խախտվել է վերջինիս արդար դատաքննության իրավունքը:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.07.2020 թվականի «Գործի վարույթը վերսկսելու միջնորդությունը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 19 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
19.10.2021
N ԵԱՔԴ/2120/02/17
Որոշում