Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԵՐԵԽԱՅԻՆ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԻ ՀԱՄԱՁԱՅՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ԵՐԵԽԱՅԻՆ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական               Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                        թիվ ԵՄԴ/3747/02/17

    Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/3747/02/17    2021 թ.

Նախագահող դատավոր` Մ. Հարթենյան

    Դատավորներ`        Կ. Չիլինգարյան

                       Ա. Խառատյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի նոյեմբերի 19-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հովհաննես Չոբանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.08.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հովհաննես Չոբանյանի ընդդեմ Լիանա Տիգրանյանի, երրորդ անձ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` ամուսնալուծության և երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Հովհաննես Չոբանյանը պահանջել է լուծել իր և պատասխանող Լիանա Տիգրանյանի ամուսնությունն առանց հաշտության համար ժամկետ տրամադրելու, միաժամանակ պահանջել է երեխայի` Արման Չոբանյանի հետ տեսակցության կարգ սահմանել յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, շաբաթ և կիրակի օրերին, ժամը 17:00-ից մինչև 21:00-ն առանց մոր ներկայության, իր բնակության վայրում` քաղաք Երևան, Շերամի 111 շենքի թիվ 30 բնակարանում: Հայցադիմումով ներկայացված միջնորդությամբ Հովհաննես Չոբանյանը խնդրել է որպես հայցի ապահովման միջոց պատասխանող Լիանա Տիգրանյանին արգելել առանց իր` Հովհաննես Չոբանյանի համաձայնության անչափահաս Արման Հովհաննեսի Չոբանյանին դուրս հանել երկրի սահմաններից:

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Ավագյան) «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին» 08.12.2017 թվականի որոշմամբ Հովհաննես Չոբանյանի միջնորդությունը բավարարվել է, որոշվել է արգելել Լիանա Գագիկի Տիգրանյանին առանց երեխայի հոր` Հովհաննես Աշոտի Չոբանյանի համաձայնության անչափահաս Արման Հովհաննեսի Չոբանյանին` ծնված 11.07.2015 թվականին, դուրս հանել Հայաստանի Հանրապետության սահմաններից:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 21.03.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն, վճռվել է. «Թույլատրել Հովհաննես Աշոտի Չոբանյանին տեսակցել իր անչափահաս երեխա Արման Հովհաննեսի Չոբանյանին (ծնված` 11.07.2015 թվականին), յուրաքանչյուր շաբաթվա` երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերին, ժամը 16:00-ից մինչև 20:00-ն` առանց երեխայի մոր ներկայության, երեխայի հոր` Հովհաննես Աշոտի Չոբանյանի բնակության վայրում: Ըստ հայցի Հովհաննես Աշոտի Չոբանյանի ընդդեմ Լիանա Գագիկի Տիգրանյանի` ամուսնալուծության պահանջի մասով, քաղաքացիական գործի վարույթը կարճել: Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.12.2017 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանել մինչև վճռի կատարումը»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.08.2018 թվականի որոշմամբ Լիանա Տիգրանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն` Դատարանի 21.03.2018 թվականի թիվ ԵՄԴ/3747/02/17 վճիռը` 08.12.2017 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը մինչև վճռի կատարումը պահպանելու մասով բեկանել և փոփոխել է` որոշելով. «Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.12.2017 թվականի թիվ ԵՄԴ/3747/02/17 որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնել սույն դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 21.03.2018 թվականի թիվ ԵՄԴ/3747/02/17 վճիռը` բողոքարկված երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու մասով, թողնել անփոփոխ»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հովհաննես Չոբանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Լիանա Տիգրանյանը (ներկայացուցիչ Տիգրան Ղազարյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը որոշումը կայացրել է առանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատելու և հետազոտելու սույն քաղաքացիական գործում առկա փաստերն ու ապացույցները: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը, 08.12.2017 թվականի որոշմամբ կիրառելով հայցի ապահովման միջոց, հաշվի է առել հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդությունում նշված այն հիմնավորումները, որ հայցվորի մոտ կա լուրջ մտավախություն, որ երեխայի մայրը երեխային, առանց հոր համաձայնության, կարող է երկրից տանել արտերկիր, որովհետև երեխան ունի անձնագիր, և մեկ անգամ արդեն երեխան պատասխանողի հետ մեկնել է երկրից:

i

Վերաքննիչ դատարանը 03.08.2018 թվականին կայացրած որոշմամբ Լիանա Տիգրանյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակի, Դատարանի վճիռը` 08.12.2017 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը մինչև վճռի կատարումը պահպանելու մասով բեկանել և փոփոխել է` վերացնելով Դատարանի 08.12.2017 թվականի թիվ ԵՄԴ/3747/02/17 որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը նույն դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից: Հետևաբար` Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները, քանի որ հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը այն դեպքում, երբ վճիռ է կայացվում հայցը մերժելու մասին, այնինչ, հայցը ոչ թե մերժվել է, այլ` բավարարվել, իսկ հայցը բավարարելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի կատարումը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.08.2018 թվականի որոշումը և ամբողջությամբ օրինական ուժ տալ Դատարանի 21.03.2018 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ հիմնավորված է, իսկ ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման: Արման Հովհաննեսի Չոբանյանն ունի ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունք, որն էականորեն կսահմանափակվի, եթե ՀՀ տարածքից դուրս գալու արգելքը պահպանվի մինչև վերջինիս 18 տարին լրանալը: Հայցվորն իր ներկայացրած վճռաբեկ բողոքով ցանկանում է սահմանափակել երեխայի սահմանադրական իրավունքը, մինչդեռ մարդու հիմնական իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, հետևաբար Դատարանի եզրահանգումներն իրավաչափ չեն:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը.

Երևանի քաղաքապետարանի Մալաթիա-Սեբաստիա ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից 23.11.2017 թվականին տրված ԱԲ թիվ 592960 ծննդյան վկայականի պատճենի համաձայն` 11.07.2015 թվականին ծնված Արման Հովհաննեսի Չոբանյանի հայրը Հովհաննես Չոբանյանն է, մայրը` Լիանա Տիգրանյանը (հատոր 1-ին գ.թ. 10):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (հայց բավարարելու կամ մերժելու դեպքում հայցի ապահովման միջոցի պահպանության նորմերի մասով նույնաբովանդակ է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ 4-րդ մասով նախատեսված կարգավորման հետ) խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին`

1) հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու մասին վճիռ կայացվելու դեպքում պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելու վերաբերյալ կիրառված հայցի ապահովման միջոցը կարո՞ղ է արդյոք վերացվել տվյալ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից:

2) արդյո՞ք երեխային առանց ծնողի համաձայնության երկրի սահմաններից դուրս հանելու վերաբերյալ հայցի ապահովման միջոցի կիրառումը կարող է դիտարկվել որպես ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի իրավաչափ սահմանափակում:

 

1. Վճռաբեկ դատարանը նախքան առաջին հարցադրման վերաբերյալ իրավական դիրքորոշում արտահայտելը հարկ է համարում անդրադառնալ սույն գործով կիրառելի օրենսդրության հարցին: Այսպես`

Սույն գործի փաստերի համաձայն` թիվ ԵՄԴ/3747/02/17 քաղաքացիական գործն առաջին ատյանի դատարանում քննվել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով: Մասնավորապես` Դատարանի «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին» որոշումը և հայցը մասնակիորեն բավարարելու մասին վճիռը կայացվել են համապատասխանաբար` 08.12.2017 և 21.03.2018 թվականներին: Լիանա Տիգրանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը ներկայացվել է 20.04.2018 թվականին, այսինքն` 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործողության պայմաններում: Լիանա Տիգրանյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 07.06.2018 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վերը նշված հանգամանքների հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

i

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:

i

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործի քննության կամ առանձին դատավարական գործողության կատարման ժամանակ գործող օրենքով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգիրքը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` մինչև նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների, դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արդեն արձանագրել է, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավադրույթներով ամրագրված են նորմատիվ իրավական ակտերի` ժամանակի մեջ գործողության կանոնները: Ըստ այդմ, ընդհանուր կանոնի համաձայն` նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա: Այսինքն` նորմատիվ իրավական ակտը փաստացի իրավական հետևանքներ է առաջացնում դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած կամ գործող հարաբերությունների համար: Այս ընդհանուր կանոնից կարող է նախատեսվել բացառություն միայն ՀՀ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով: Օրենսդիրը միաժամանակ սահմանել է, որ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: Այսինքն` ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտը չի կարող իրավական ազդեցություն ունենալ դրա` ուժը կորցնելուց հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ: Նման իրավակարգավորումը նպատակ ունի պաշտպանել հասարակական հարաբերությունների այն մասնակիցներին, ովքեր արդեն իսկ մտել են որոշակի իրավահարաբերությունների մեջ մինչև նոր իրավական ակտի ընդունումը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս իրենց վարքագիծն արդեն իսկ համապատասխանեցրել են ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի իմպերատիվ պահանջներին:

Վերոգրյալից հետևում է, որ օրենսդիրը որդեգրել է այն սկզբունքը, համաձայն որի` իրավական ակտերը կարգավորում են հասարակական հարաբերություններն այնքան ժամանակ, քանի դեռ չեն կորցրել իրենց իրավաբանական ուժը: Իրավաբանական ուժի մեջ գտնվելու հանգամանքով է պայմանավորված իրավական ակտի` հասարակական հարաբերությունների վրա ներազդելու հնարավորությունը: Այն ժամանակ, երբ նման ակտը կորցնում է իր իրավաբանական ուժը, դադարում է կարգավորել հասարակական հարաբերություններ, և այդ հարաբերությունների հնարավոր մասնակիցները դադարում են ունենալ իմպերատիվ պարտականություն` իրենց վարքագիծը համապատասխանեցնելու արդեն իսկ ուժը կորցրած իրավական ակտի պահանջներին: Միաժամանակ անհրաժեշտ է փաստել, որ օրենսդիրը նշված ընդհանուր կանոնից թույլատրել է շեղում միայն այն դեպքում, երբ օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով անմիջականորեն այլ բան է նախատեսվել: Նման պայմաններում ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտը կամ դրա մի մասը կարող է իրավական ազդեցություն ունենալ դրա` ուժը կորցնելուց հետո գործող իրավահարաբերությունների նկատմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ուժը կորցրած է ճանաչվել 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը: Միևնույն ժամանակ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Անցումային և եզրափակիչ դրույթներ» վերտառությամբ 439-րդ հոդվածը նախատեսել է որոշակի իրավակարգավորումներ, որոնք վերաբերում են արդեն իսկ ուժը կորցրած` 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի գործողությանը: Ըստ այդմ, օրենսդիրն անմիջականորեն նախատեսել է միայն երկու դեպք, որպիսի պարագայում կարող են կիրառվել ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը: Մասնավորապես` այդ նորմերը կիրառվում են 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը քննելիս, ինչպես նաև մինչև նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների, դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս: Այդ շրջանակներից դուրս 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը չեն կարող կիրառվել, քանի որ ընդհանուր կանոնի համաձայն` ուժը կորցրած նորմատիվ ակտի կամ դրա մի մասի դրույթներն իրավական ազդեցություն չեն կարող ունենալ դրա` ուժը կորցնելուց հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ:

i

Վերոգրյալի հաշվառմամբ համադրելով նորմատիվ ակտերի ժամանակի մեջ գործողության կանոնները 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի անցումային և եզրափակիչ դրույթների հետ` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ 09.04.2018 թվականի դրությամբ առաջին ատյանի դատարանում քննվող գործերի նկատմամբ ենթակա են կիրառման 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը, սակայն այդ գործերով 09.04.2018 թվականից հետո վերաքննիչ բողոքարկում իրականացված լինելու պայմաններում պետք է կիրառվեն արդեն 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը: Միաժամանակ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ բողոքարկված դատական ակտը կայացվել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի շրջանակներում, ենթադրյալ դատական սխալի առկայությունը պետք է գնահատվի տվյալ դատական ակտի կայացման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի լույսի ներքո` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ «Ամիգո Արմեն» ՍՊԸ-ի թիվ ՍԴ2/0037/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.02.2019 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների և փաստերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Վերաքննիչ դատարանում գործի քննությունը իրականացվել է 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործողության պայմաններում, սակայն նույն օրենսգրքով սահմանված իրավական կարգավորումները կիրառելի են եղել միայն վերաքննության վարույթի հարուցման և իրականացման նկատմամբ, մինչդեռ ստորադաս դատարանում դատական սխալի առկայությունը կարող էր բացառապես գնահատվել 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի շրջանակներում: Հետևաբար, անկախ այն հանգամանքից, որ Վերաքննիչ դատարանը 03.08.2018 թվականի որոշմամբ չի նշել, թե որ դատավարական նորմերն է կիրառել` վերանայվող դատական ակտի օրինականությունը ստուգելիս, հաշվի առնելով նաև նախկինում կայացված որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վերաքննության կարգով բողոքարկված դատական ակտի օրինականությունը հայցի ապահովման միջոցը պահպանելու մասով կարող էր ստուգվել բացառապես 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի հիման վրա, քանի որ վերաքննության կարգով բողոքարկված դատական ակտը կայացվել է հենց այդ նորմերի գործողության շրջանակներում: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով կիրառված հայցի ապահովման միջոցի պահպանման իրավաչափության հարցը ևս ենթակա է գնահատման 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի լույսի ներքո:

17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Նախկին օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը: Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում:

Նախկին օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` հայցը մերժելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Հայցը բավարարելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի կատարումը:

Համանման կարգավորում է առկա նաև ՀՀ գործող քաղաքացիական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածում, որի 1-ին մասի համաձայն` հայցը բավարարելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի կատարումը: Հայցը բավարարելու մասին վճռի կայացումից հետո հայցի ապահովման միջոցը դատարանի որոշմամբ կարող է վերացվել հայցի ապահովում պահանջած անձի միջնորդությամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցը մերժելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Նախկին օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից:

Նույն հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի համաձայն` վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի եզրահանգում` կիրառված հայցի ապահովման միջոցները պահպանելու կամ վերացնելու մասին:

i

Եվրոպական դատարանը, քննելով Խաչատրյաններն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործը, 01.03.2010 թվականի վճռում նշել է. «Դատարանը կրկնում է, որ 6-րդ հոդվածի 1-ին կետը պաշտպանում է քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ կապված հայց հարուցելու յուրաքանչյուրի իրավունքը: Այդպիսով, այն ներառում է «դատարան դիմելու իրավունք»-ը, որի ասպեկտներից մեկը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքը, այսինքն` դատարանում քաղաքացիական գործերով վարույթ հարուցելու իրավունքը: Մինչդեռ այդ իրավունքը կլիներ անիրական, եթե Պայմանավորվող Պետության իրավական համակարգը թույլ տար, որ վերջնական, պարտադիր դատական որոշումները մնան չկատարված` ի վնաս մի կողմի: Անընդունելի կլիներ, եթե 6-րդ հոդվածի 1-ին կետը մանրամասն նկարագրեր կողմերին տրված դատավարական երաշխիքները (արդարացի, հրապարակային դատավարություն և գործերի քննության անընդհատության սկզբունք)` առանց դատական որոշումների կատարման երաշխիքների: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի մեկնաբանումը միայն դատարանի մատչելիության և դատավարությունների անցկացման իրավունքի շրջանակներում, հավանաբար, կառաջացներ մի իրավիճակ, որն անհամատեղելի կլիներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ, որը Պայմանավորվող Պետությունները Կոնվենցիան վավերացնելիս պարտավորվել են հարգել: Ցանկացած դատարանի կողմից ընդունված դատական որոշման կատարումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով պետք է դիտվի որպես «դատավարության» բաղկացուցիչ մաս (տե՛ս, նաև Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 04.09.2002 թվականի վճիռը, կետ 34)»:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձի արդար դատաքննության իրավունքը կվերածվի պարզապես հռչակագրային իրավունքի, եթե ՀՀ իրավական համակարգը թույլ տա, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը մնան անկատար: Այսինքն` իրավական պետության և իրավունքի գերակայության սկզբունքները ենթադրում են դատավարության և դատական ակտի կատարման փուլերի անքակտելիությունը, հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հայցի ապահովման դատավարական ինստիտուտի և դատական ակտերի հարկադիր կատարմանը վերաբերող ցանկացած իրավական նորմ պետք է մեկնաբանվի և կիրառվի ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված` անձի վերը նշված հիմնական իրավունքների լույսի ներքո:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է հայցի ապահովման դատավարական ինստիտուտի սահմանման օրենսդրական նպատակին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածից հետևում է, որ հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ կարող է վատթարացնել վեճի առարկա գույքի վիճակը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչությունն ընդդեմ «Ալնես Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3511/05/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2011 թվականի որոշումը):

Հաշվի առնելով հայցի ապահովման դատավարական ինստիտուտի նպատակը` օրենսդիրը սահմանել է, որ հայցը բավարարելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի կատարումը, ինչը դատական ակտի կատարման կարևորագույն երաշխիք է, իսկ հայցը մերժելու մասին վճիռ կայացվելու դեպքում` մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Օրենսդիրը, միաժամանակ հաշվի առնելով հայցի ապահովման դատավարական ինստիտուտի առանձնահատկությունները, հստակ սահմանել է, որ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու, հայցի ապահովումը վերացնելու, ինչպես նաև հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ հայցի ապահովման միջոցը ձևափոխելու լիազորությամբ օժտված է բացառապես դատարանը, որն իր այդ լիազորությունն իրականացնում է համապատասխան որոշում ընդունելով:

Վերը վկայակոչված հոդվածների և կատարված իրավական վերլուծությունների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նախկին օրենսգրքի 132-րդ հոդվածը պարունակում է իմպերատիվ պահանջ, համաձայն որի` դատարանն իր կողմից կայացվող վճռի եզրափակիչ մասում, ի թիվս այլնի, պարտադիր կերպով պետք է անդրադարձ կատարի նաև տվյալ գործով կիրառված հայցի ապահովման պահպանման կամ վերացման հարցին: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ օրենսդիրը սպառիչ կերպով նկարագրել է հայցը բավարարելու կամ մերժելու դեպքում տվյալ գործով կիրառված հայցի ապահովման միջոցի պահպանման հարցի վերաբերյալ դատարանի կողմից տրվելիք լուծումները: Մասնավորապես սահմանվել է, որ հայցի բավարարման դեպքում հայցի ապահովումը պահպանվում է մինչև վճռի կատարումը, իսկ հայցը մերժվելու դեպքում` մինչև վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Ընդ որում, սահմանելով, որ հայցի բավարարման դեպքում հայցի ապահովումը պահպանվում է մինչև վճռի կատարումը, օրենսդիրը որևէ տարբերակում չի նախատեսել մեկանգամյա և պարբերական կատարում ենթադրող դատական ակտերի համար, ինչից հետևում է, որ վկայակոչված կարգավորումը հավասարապես կիրառելի է նշված երկու դեպքերում էլ, իսկ պարբերական կատարում ենթադրող դատական ակտերի համար` կատարման ողջ ընթացքում մինչև կատարման ենթակա գործողությունների ողջամտորեն հնարավոր սպառումը:

i

2. ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:

i

ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր (...) ընտանեկան կյանքի (...) նկատմամբ հարգանքի իրավունք: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

i

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ` ուշադրության առնելով նրա ծնողների (...) իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները:

i

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երեխան (...) ծննդյան պահից ձեռք է բերում, (...) որքան դա հնարավոր է, իր ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի իրավունք:

i

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 9-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` մասնակից պետությունները հարգում են ծնողներից մեկից կամ երկուսից բաժանված երեխայի իրավունքը` կանոնավոր կերպով անձնական հարաբերություններ և ուղղակի կապեր պահպանելու ծնողների հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա հակասում է երեխայի լավագույն շահերին:

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու (որքան դա հնարավոր է), նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է հակասել երեխայի շահերին: Երեխան ունի նաև իր ծնողներից դաստիարակություն ստանալու (...) իրավունք (...):

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխան ունի իր ծնողների (...) հետ շփվելու իրավունք: Ծնողների ամուսնության դադարեցումը, այն անվավեր ճանաչվելը կամ նրանց առանձին ապրելը չեն ազդում երեխայի իրավունքների վրա: Ծնողների առանձին (ընդ որում` տարբեր պետություններում) ապրելու դեպքում երեխան նրանցից յուրաքանչյուրի հետ շփվելու իրավունք ունի:

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ):

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխայից առանձին ապրող ծնողը իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու: Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն գրավոր համաձայնություն կնքելու երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացման մասին: Եթե ծնողները չեն կարող համաձայնության գալ, ապա նրանց կամ նրանցից մեկի պահանջով խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ վեճը լուծում է դատարանը:

Երեխայի դաստիարակությանը մասնակցելու և նրա հետ շփվելու ծնողի իրավունքը բխում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածով ամրագրված` ընտանեկան կյանքի նկատմամբ յուրաքանչյուրի հարգանքի իրավունքի էությունից, որի վերաբերյալ Եվրոպական դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 8-րդ հոդվածի տեսանկյունից երեխայի և ծնողների` միմյանց հետ շփվելու իրավունքն ընտանեկան կյանքի հիմնարար տարրերից մեկն է (տե՛ս, Eriksson v. Sweden գործով Եվրոպական դատարանի 22.06.1989 թվականի վճիռը, 58-րդ կետ): Ավելին, ըստ Եվրոպական դատարանի` բնականոն ընտանեկան հարաբերությունները չեն դադարում ծնողներից մեկի առանձնանալու կամ նրանց ամուսնալուծվելու դեպքում, անգամ եթե դրա արդյունքում երեխան դադարում է բնակվել ծնողներից մեկի հետ (տե՛ս, Mustafa and Armagan Akin v. Turkey գործով Եվրոպական դատարանի 06.04.2010 թվականի վճիռը, 19-րդ կետ):

Բացի այդ, Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի պաշտպանության ներքո է գտնվում նաև ծնողի` իր երեխայի հետ վերամիավորվելու իրավունքը, և անդամ պետությունները պոզիտիվ պարտականություն են կրում օժանդակելու այդ վերամիավորմանը: Ընդ որում, պետության վերոհիշյալ պոզիտիվ պարտականությունը տարածվում է նաև երեխայի հետ շփվելու և բնակության վայրի վերաբերյալ ծնողների և (կամ) երեխայի ընտանիքի այլ անդամների միջև ծագած վեճերի վրա (տե՛ս, Gluhakovic v. Croatia գործով Եվրոպական դատարանի 12.04.2011 թվականի վճիռը, 56-րդ կետ):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ձեռք է բերում ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու, նրանց հետ համատեղ ապրելու, իր ծնողներից դաստիարակություն ստանալու, նրա շահերի ապահովության, համակողմանի զարգացման, նրա մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու երաշխավորված իրավունքներ, իսկ ծնողներն իրավունք ունեն և միաժամանակ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար: Երեխաների և ծնողների նշված իրավունքների լիարժեք իրականացման և ծնողների նշված պարտականությունների պատշաճ կատարման հրամայականից ելնելով` ծնողների համար երաշխավորված է նաև այլ անձանց հանդեպ իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունքը: Նշվածի հիման վրա Հայաստանի Հանրապետությունը երեխայի իրավունքների իրականացման և պաշտպանության գործընթացում պարտավոր է ելնել միմիայն երեխայի լավագույն շահերից, երեխային ապահովել բարեկեցության համար անհրաժեշտ հոգատարությամբ (տե՛ս, նաև Մարգարիտ Հովհաննիսյանն ընդդեմ Արթուր Թորոսյանի թիվ ԵԱԴԴ/1513/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):

Վկայակոչված հոդվածներով նախատեսված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ ծնողները ոչ միայն իրավունք ունեն, այլև պարտավոր են դաստիարակել իրենց երեխային, ինչպես նաև պատասխանատվություն են կրում իրենց երեխայի դաստիարակության և զարգացման համար: Ընդ որում, երեխաների դաստիարակության հարցում ծնողների իրավունքներն ու պարտականությունները հավասար են: Երեխայից առանձին ապրող ծնողը ևս իրավունք ունի շփվելու իր երեխայի հետ և մասնակցելու նրա դաստիարակությանը, իսկ այն ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը չի վնասում երեխայի ֆիզիկական ու հոգեկան վիճակին, նրա բարոյական զարգացմանը: Ավելին, երեխան, իր հերթին, ունի իր ծնողների հետ շփվելու իրավունք, իսկ ծնողներից առանձին (այդ թվում` տարբեր պետություններում) ապրելու հանգամանքը չի կարող խոչընդոտել այդ իրավունքի պատշաճ իրականացումը (տե՛ս, Անի Սարգսյանն ընդդեմ Արմեն Փերոյանի թիվ ԵԱՆԴ/4073/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Հաշվի առնելով վերը նշված իրավական կարգավորումները, Եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև երեխայի լավագույն շահերի և այլ անձանց իրավունքների ու շահերի հավասարակշռման ապահովման անհրաժեշտությունը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում երեխային առանց ծնողի համաձայնության երկրի սահմաններից դուրս հանելու վերաբերյալ հայցի ապահովման միջոցի կիրառման հարցը դիտարկել անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի երաշխավորման և դրա սահմանափակման իրավաչափության համատեքստում` ներքոշարադրյալ չափանիշների լույսի ներքո:

Այսպես` ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Քաղաքացու` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունքը սահմանափակման ենթակա չէ:

Կոնվենցիայի թիվ 4 արձանագրության` «Տեղաշարժի ազատությունը» վերտառությամբ 2-րդ հոդվածի համաձայն`

1. Որևէ պետության տարածքում օրինական կարգով գտնվող յուրաքանչյուր ոք ունի այդ տարածքի սահմաններում ազատ տեղաշարժվելու և ազատորեն բնակության վայր ընտրելու իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք ունի ցանկացած երկրից, ներառյալ իր սեփական երկիրը, հեռանալու իրավունք:

3. Այդ իրավունքների իրականացման նկատմամբ չպետք է կիրառվի որևէ սահմանափակում, բացառությամբ այն սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության կամ հասարակության ապահովության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով:

4. 1-ին կետում շարադրված իրավունքները ևս կարող են որոշ ոլորտներում ենթարկվել սահմանափակումների, որոնք կիրառվում են օրենքին համապատասխան և արդարացվում են ժողովրդավարական հասարակության հասարակական շահերով:

Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ թիվ 4 Արձանագրության 2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով երաշխավորված ազատ տեղաշարժի իրավունքը նպատակ ունի ցանկացած անձի ապահովել տարածության մեջ ազատորեն տեղաշարժվելու և այն լքելու իրավունքը, ինչը ենթադրում է անձի ընտրությամբ այն երկիրը մեկնելու իրավունքը, որը վերջինիս կընդունի: Հետևաբար ազատ տեղաշարժվելու իրավունքն արգելում է ցանկացած միջոցի գործադրում, որը կարող է խախտել այդ իրավունքը կամ սահմանափակել դրա իրացումը, եթե այն չի բավարարում «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում» պահանջի բովանդակությունը կազմող այն իրավաչափ նպատակներին, որոնք նախատեսված են Կոնվենցիայի թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 3-րդ կետով (տե՛ս, Baumann v. France գործով Եվրոպական դատարանի 22.08.2001 թվականի վճիռը, 61-րդ կետ):

Մեկ այլ գործով Եվրոպական դատարանը, անդրադառնալով Կոնվենցիայի 8-րդ հոդվածով ամրագրված հիմնարար իրավունքի սահմանափակմանը, գտել է, որ սահմանափակումները թույլատրվում են միայն, եթե դրանք «նախատեսված են օրենքով» և «անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում» Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետով նշված իրավաչափ նպատակներին հասնելու համար: Եվրոպական դատարանը հավելել է, որ վերը նշված «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում» պահանջը ենթադրում է պարզել այն հարցը, թե արդյոք այդ միջամտությունը «անհրաժեշտ և բավարար» է իրավաչափ նպատակին հասնելու համար: Ըստ Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման` Կոնվենցիայի 8-րդ հոդվածը պահանջում է, որ երեխայի և ծնողի շահերի միջև պետք է արդար հավասարակշռություն պահպանվի և նման հավասարակշռության մեջ առանձնահատուկ կարևորություն պետք է տրվի երեխայի լավագույն շահերին, որոնք, կախված իրենց բնույթից և լրջությունից, կարող են գերազանցել ծնողների շահերը (տե՛ս, Elsholz v. Germany գործով Եվրոպական դատարանի 13.07.2000 թվականի վճիռը, 45-50-րդ կետեր):

i

ՀՀ սահմանադրական դատարանը, 04.04.2017 թվականի թիվ ՍԴՈ-1360 որոշմամբ անդրադառնալով անձի տեղաշարժման ազատության սահմանափակման իրավաչափության գնահատման խնդրին, արձանագրել է իրավական այն չափանիշները, որոնց գնահատմամբ կարելի է պարզել Հայաստանի Հանրապետությունում անձի տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման միջամտության աստիճանը: Մասնավորապես, դրանք են.

1) ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանում է մարդու և քաղաքացու տեղաշարժվելու ազատության ծավալները և սահմանները, ինչն արգելում է պետության ոչ իրավաչափ միջամտությունը,

2) այս իրավունքը բացարձակ չէ և այն կարող է սահմանափակվել օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և սահմանված նպատակների պահպանմամբ,

3) ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը պետք է սահմանված լինի օրենքով,

4) այդ իրավունքի ողջամիտ և համաչափ օրենսդրական կարգավորումը ենթադրում է հանրային և մասնավոր շահերի արդարացի հարաբերակցության ապահովում` առանց նվազեցնելու և ոչ իրավաչափ սահմանափակելու մարդու և քաղաքացու անհատական ազատության ծավալները և սահմանները,

5) ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ,

6) այդ իրավունքի սահմանափակման ծավալները և սահմանները պետք է համաչափ լինեն հետապնդվող նպատակին:

Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված ազատ տեղաշարժվելու իրավունքի իրավաչափ սահմանափակման վերը նշված ելակետային կողմնորոշիչների հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն գործով քննարկման առարկա հարցի գնահատման համար անհրաժեշտ է պարզել հետևյալ հարցերը.

- արդյո՞ք իրավունքի սահմանափակումը նախատեսված է օրենքով,

- արդյո՞ք իրավունքի սահմանափակումը հետապնդում է իրավաչափ նպատակ,

- արդյո՞ք սահմանափակումը պիտանի և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու համար:

Անդրադառնալով ազատ տեղաշարժվելու իրավունքի` միայն օրենքով սահմանափակման պահանջին` Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում ևս մեկ անգամ արձանագրել, որ անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը բացարձակ չէ և այն ենթակա է իրավաչափ սահմանափակումների: Այս համատեքստում` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցադրման պարզաբանմանը, թե արդյոք հայցի ապահովման միջոցի կիրառումը կարող է դիտարկվել որպես անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի` օրենքով նախատեսված սահմանափակում: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ քաղաքացիական գործերով հայցի ապահովում կիրառելու իրավական հնարավորությունը նախատեսված է եղել ինչպես 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 08.04.2018 թ. ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում, այնպես էլ նախատեսված է 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում: Մասնավորապես, թե նախկին, և թե գործող օրենսգրքերը հստակ ամրագրել են դատավարական այս ինստիտուտի նպատակը, հայցի ապահովման միջոցների կիրառման հիմքերը, հայցի ապահովման միջոցները, հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննելու կարգը, այդ միջնորդության բավարարման դեպքում դատարանի որոշման կատարման կարգը, արդեն իսկ ձեռնարկված հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, ինչպես նաև այն վերացնելու իրավական հնարավորությունը, առանձին դեպքերում նաև դատարանի որոշումները բողոքարկելու իրավական հնարավորությունը: Նշված կարգավորումների ուսումնասիրությունը թույլ է տալիս Վճռաբեկ դատարանին եզրահանգել, որ դրանք հստակ են, կանխատեսելի, միաժամանակ նկատի ունենալով դրանց հրապարակված լինելու հանգամանքը` այդ կարգավորումները նաև հասանելի են հանրության համար (տե՛ս, Silver and Others v. The United Kingdom գործով Եվրոպական դատարանի 25.03.1983 թվականի վճիռը, 87-րդ կետ): Ընդ որում, թե նախկին, և թե գործող քաղաքացիադատավարական կարգավորումների ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ, որպես հայցի ապահովման միջոց, նախատեսված է(ր) պատասխանողին որոշակի գործողություններ կատարել արգելելը, ինչը ենթադրում է վերջինիս վերապահված իրավունքների որոշակի սահմանափակում: Ընդ որում, քաղաքացիադատավարական օրենսդրությունը չի նախատեսում որևէ բացառություն միջամտության ենթակա իրավունքի վերաբերյալ, ինչը ենթադրում է, որ ձեռնարկված հայցի ապահովման միջոցի արդյունքում կարող է սահմանափակվել նաև անձի ազատ տեղաշարժման իրավունքը:

Վերոգրյալից հետևում է, որ հայցի ապահովման միջոցի` որպես դատավարական ներգործության միջոցի կիրառումը կարող է որակվել որպես անձի ազատ տեղաշարժման իրավունքի` օրենքով նախատեսված սահմանափակում:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է հայցի ապահովման դատավարական ինստիտուտի սահմանման օրենսդրական նպատակին: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հայցի ապահովումն օրենսդրությամբ նախատեսված` անձանց իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիքներից մեկն է: Այն ուղղված է անձանց խախտված գույքային իրավունքների իրական ու ամբողջ ծավալով վերականգնելուն: Հայցի ապահովման ինստիտուտի նշանակությունը կայանում է նրանում, որ դրանով պաշտպանվում են հայցվորի օրինական շահերն այն դեպքերից, երբ պատասխանողը կարող է գործել անբարեխիղճ, կամ երբ այդպիսի միջոցները չկիրառելն անհնարին կարող է դարձնել դատական ակտի կատարումը (տե՛ս, Մհեր Ավետիսյանը և մյուսներն ընդդեմ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/1807/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.11.2015 թվականի որոշում):

Անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման իրավաչափ նպատակի կապակցությամբ ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի 4-րդ մասը նախատեսում է, որ ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննության առարկա կանոնակարգումներով անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման հիմնական նպատակն է նաև, ի թիվս այլնի, այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Սույն դեպքում, թեև երեխային առանց ծնողի համաձայնության երկրից դուրս հանելու մասին հայցի ապահովման միջոցի կիրառումը սահմանափակում է երեխայի` երկրից դուրս գալու իրավունքը և այդ իրավունքի իրացումը պայմանավորում է երկու ծնողների համաձայնության առկայությամբ, այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված սահմանափակումը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է` այլ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, մասնավորապես` ծնողների և երեխայի: Այլ կերպ ասած` սույն գործով քննարկման առարկա դարձած սահմանափակումը, այն է` երեխային առանց ծնողի համաձայնության երկրից դուրս հանելու վերաբերյալ հայցի ապահովման միջոցի կիրառումը, կոչված է պաշտպանելու երեխայի լավագույն շահերը և երեխայի նկատմամբ ծնողի իրավունքները, մասնավորապես` երեխային տեսակցելու ծնողի իրավունքը: Նման պայմաններում` երեխային առանց ծնողի համաձայնության երկրից դուրս հանելու վերաբերյալ հայցի ապահովման միջոցի կիրառումը երեխայի նկատմամբ ծնողի իրավունքների և երեխայի լավագույն շահերի պաշտպանության իրացման արդյունավետ երաշխիք է: Այսպիսով` նշված հայցի ապահովման միջոցի կիրառումը համահունչ է ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումների իրավաչափ նպատակին:

Անդրադառնալով համաչափության պահանջին, այլ կերպ ասած` այն հարցին, թե արդյո՞ք նշված սահմանափակումը պիտանի և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու համար` Վճռաբեկ դատարանն արձանագրում է.

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով համաչափության սկզբունքի բովանդակությանը, արձանագրել է, որ համաչափության սկզբունքի առանցքային կարևորությունն այն է, որ դրա կիրառումը հնարավորություն է տալիս գնահատել պետության միջամտության ընթացքում կիրառվող միջոցների գործադրմամբ նպատակին հասնելու հնարավորությունը և թույլատրելիությունը: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ համաչափության սկզբունքը կոչված է երաշխավորելու, որպեսզի այս կամ այն հանգամանքներում համարժեքություն ապահովվի կիրառվող միջոցների և դրանց կիրառմամբ հետապնդվող նպատակի միջև` համարժեք արձագանքելով որևէ իրավիճակի: Ըստ այդմ, համաչափության սկզբունքը բաղկացած է երեք տարրերից` պիտանիություն, անհրաժեշտություն և չափավորություն: Այսինքն` գործադրվող միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:

Համաչափության սկզբունքի այն պահանջը, համաձայն որի` հետապնդվող նպատակին հասնելու համար գործադրվող միջոցները պետք է լինեն պիտանի, նշանակում է, որ իր հայեցողությանը վերապահված միջոցներից պետությունը պետք է ընտրի այն միջոցը, որով կարող է հասնել այդ նպատակին: Եթե պիտանի միջոցները մեկից ավելի են, ապա դրանցից պետք է ընտրվի տվյալ նպատակին հասնելու համար առավել անհրաժեշտը, իսկ պիտանի և անհրաժեշտ միջոցներից` այն միջոցը, որը, առավել նվազ ձևով միջամտելով անձի իրավունքներին, այդուհանդերձ, թույլ է տալիս առավելագույնս հասնել հետապնդվող նպատակին: Չափավորությունը ենթադրում է, որ անհրաժեշտ և պիտանի միջոցը միևնույն ժամանակ պետք է ապահովի ողջամիտ հավասարակշռություն ձեռնարկվող միջամտության և հետապնդվող նպատակի միջև (տե՛ս, Մհեր Ավետիսյանը և մյուսներն ընդդեմ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/1807/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.11.2015 թվականի որոշում):

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հայցի ապահովման ինստիտուտի կիրառման պարագայում երեխայի լավագույն շահերի և երեխաների նկատմամբ ծնողների իրավունքների միջև հավասարակշռության պահպանման հարցի պարզումը յուրաքանչյուր դեպքում հարկ է իրականացնել` հաշվի առնելով ապահովման ենթակա հայցի տեսակը և առարկան, ձեռնարկված հայցի ապահովման միջոցը, միջամտության բնույթը և աստիճանը, դրանց` նպատակին հասնելու պիտանելիությունը: Մասնավորապես` որքանո՞վ է պիտանի և անհրաժեշտ տվյալ հայցի ապահովման միջոցի կիրառումը նմանատիպ հայցապահանջներով, առկա է արդյոք ողջամիտ հարաբերակցություն հետապնդվող իրավաչափ նպատակի և կիրառված հայցի ապահովման միջոցի միջև:

Ամփոփելով վերը նշվածը` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ երեխային առանց ծնողի համաձայնության երկրից դուրս հանելու վերաբերյալ հայցի ապահովման միջոցի կիրառումը նախատեսված է օրենքով, հետապնդում է իրավաչափ նպատակ և պետք է համաչափ լինի ներկայացված պահանջին և հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան` Հովհաննես Չոբանյանը պահանջել է լուծել իր և պատասխանող Լիանա Տիգրանյանի ամուսնությունն առանց հաշտության համար ժամկետ տրամադրելու, միաժամանակ պահանջել է երեխայի` Արման Չոբանյանի հետ տեսակցության կարգ սահմանել յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, շաբաթ և կիրակի օրերին, ժամը 17:00-ից մինչև 21:00-ն առանց մոր ներկայության, իր բնակության վայրում` քաղաք Երևան, Շերամի 111 շենքի թիվ 30 բնակարանում: Հայցադիմումով ներկայացված միջնորդությամբ Հովհաննես Չոբանյանը խնդրել է պատասխանող Լիանա Տիգրանյանին արգելել առանց իր` Հովհաննես Չոբանյանի, համաձայնության անչափահաս Արման Հովհաննեսի Չոբանյանին դուրս հանել երկրի սահմաններից:

Սույն քաղաքացիական գործի շրջանակներում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.12.2017 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին Հովհաննես Չոբանյանի ներկայացրած միջնորդությունը բավարարվել է` արգելվել է Լիանա Տիգրանյանին առանց երեխայի հոր` Հովհաննես Չոբանյանի համաձայնության անչափահաս Արման Չոբանյանին դուրս հանել Հայաստանի Հանրապետության սահմաններից:

Դատարանը 21.03.2018 թվականի վճռով մասնակի բավարարել է Հովհաննես Չոբանյանի հայցը: Վճռվել է թույլատրել Հովհաննես Աշոտի Չոբանյանին տեսակցել իր անչափահաս երեխա Արման Հովհաննեսի Չոբանյանին (ծնված` 11.07.2015 թվականին), յուրաքանչյուր շաբաթվա` երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերին, ժամը 16:00-ից մինչև 20:00-ն` առանց երեխայի մոր ներկայության, երեխայի հոր` Հովհաննես Աշոտի Չոբանյանի բնակության վայրում: Դատարանի 08.12.2017 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանվել է մինչև վճռի կատարումը:

i

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով կիրառված հայցի ապահովման միջոցը մինչև վճռի փաստացի կատարումը պահպանելու վերաբերյալ Դատարանի եզրահանգման իրավաչափությանը, արձանագրել է, որ ցանկացած երկրից հեռանալու երեխայի իրավունքը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են պետական անվտանգության, հասարակական կարգի (ordre pսblic), բնակչության առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար և համատեղելի են նույն կոնվենցիայով ճանաչված այլ իրավունքների հետ, մինչդեռ տվյալ դեպքում հայցվորը չի վկայակոչել այն օրենքը, որը սահմանափակում է երեխայի` Հայաստանի Հանրապետությունից հեռանալու իրավունքը կամ այդ իրավունքի իրացումը պայմանավորում է երկու ծնողների համաձայնության առկայությամբ: Հետևաբար ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածով յուրաքանչյուր անձի, այդ թվում` երեխայի երաշխավորված` ազատ տեղաշարժվելու և Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունքի առկայության և սույն գործով այդպիսի իրավունքի իրացումը խոչընդոտող իրավական համապատասխան մեխանիզմների բացակայության պայմաններում Դատարանի 08.12.2017 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը մինչև վճռի կատարումը պահպանելու վերաբերյալ Դատարանի եզրահանգումը Վերաքննիչ դատարանը գնահատել է ոչ իրավաչափ և սույն գործի փաստական հանգամանքներից չբխող:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն են Վերաքննիչ դատարանի վերը նշված եզրահանգումներն այն պատճառաբանությամբ, որ Դատարանի 08.12.2017 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը` երեխային առանց ծնողի համաձայնության երկրից դուրս հանելու վերաբերյալ, երեխայի ազատ տեղաշարժվելու իրավունքի իրավաչափ սահմանափակում է, որը նախատեսված է օրենքով` հայցի ապահովման միջոց կիրառելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշվել, որ նշված սահմանափակումը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է` երաշխավորել դատական ակտի կատարումը և ապահովել երեխայի լավագույն շահերի և երեխայի նկատմամբ ծնողի իրավունքների պաշտպանությունը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը նաև հարկ է համարում արձանագրել, որ Դատարանի կիրառած հայցի ապահովման միջոցը պիտանի և անհրաժեշտ է տեսակցության կարգ սահմանող դատական ակտի կատարման ապահովման և ծնողի` երեխային տեսակցելու իրավունքը երաշխավորելու համար: Այլ կերպ ասած` Դատարանի կողմից կիրառված հայցի ապահովման միջոցը ապահովում է ողջամիտ հավասարակշռություն ձեռնարկվող սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև` միաժամանակ նկատի ունենալով այն կարևոր հանգամանքը, որ ձեռնարկված հայցի ապահովման արդյունքում ոչ թե ընդհանրապես բացառվում է երեխայի` ազատ տեղաշարժման իրավունքը, այլ այդ իրավունքի իրականացման համար պահանջվում է երկու ծնողների համաձայնությունը:

Հիմք ընդունելով վերոշարադրյալ վերլուծությունները և համադրելով դրանք սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը նաև գտնում է, որ Դատարանը, հայցը մասնակի բավարարելով, իրավացիորեն եկել է այն եզրահանգման, որ կիրառված հայցի ապահովման միջոցը ենթակա է պահպանման ամբողջությամբ մինչև վճռի կատարումը` ելնելով սույն գործի հանգամանքներից: Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ սույն գործով կիրառված հայցի ապահովման միջոցն անխզելիորեն կապված է հայցի` բավարարված մասի հետ և կոչված է ապահովելու հայցը մասնակի բավարարելու մասով կայացված դատական ակտի կատարումը: Ուստի, տվյալ դեպքում հայցը մասնակիորեն մերժելը չի բացառում կիրառված հայցի ապահովման միջոցի պահպանման անհրաժեշտությունը: Այսինքն` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորի պահանջած տեսակցության օրերից պակաս օրերի մասով հայցը բավարարելը չի իմաստազրկել հայցի ապահովման միջոցն ամբողջությամբ պահպանելը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից սույն գործով կիրառված հայցի ապահովման միջոցը մինչև վճռի կատարումը պահպանելն իրավաչափ է, ինչը, սակայն, անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև բողոքաբերը վճռաբեկ բողոքում պահանջել է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել ամբողջությամբ, սակայն վճռաբեկ բողոքում ներկայացված հիմքերը և հիմնավորումները վերաբերում են միայն հայցի ապահովման պահպանման հարցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին և եզրահանգումներին: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը բողոքարկվող դատական ակտը վերանայում է միայն այդ մասով:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է պետական տուրքի հասկացությունը, մասնավորապես` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք վճարողներ են համարվում նույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված ծառայություններից կամ գործողություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը պետական տուրքի գանձման օբյեկտ, այսինքն` պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված գործողություն է դիտարկում, մասնավորապես, դատարան տրվող հայցադիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների քննությունը:

ՀՀ սահմանադրական դատարանն իր 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշմամբ անդրադառնալով վկայակոչված իրավանորմերին` նշել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում փոխհատուցել պետության` արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը, կանխարգելել ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը, դատարան դիմելու իրավունքի չարաշահումը:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքն առանձնացնում է գույքային պահանջի և ոչ գույքային պահանջի առնչությամբ գանձվող պետական տուրքերը` դրանց համար սահմանելով հաշվարկման միմյանցից էապես տարբերվող կարգ, ինչն օբյեկտիվորեն պայմանավորված է այդ պահանջների բնույթով և առանձնահատկություններով: Գույքային պահանջի առնչությամբ գանձվող պետական տուրքը համամասնական տուրք է, և հաշվարկվում է հայցագնի նկատմամբ տոկոսային հարաբերակցությամբ, իսկ ոչ գույքային պահանջի առնչությամբ գանձվող տուրքը պարզ տուրք է, և գանձվում է հաստատագրված գումարի չափով: Եթե հայցադիմումը ներառում է գույքային և ոչ գույքային պահանջներ, ապա օրենքը, այդ պահանջներից յուրաքանչյուրի քննությունը դիտարկելով որպես օրենքի իմաստով ինքնուրույն և առանձին գործողություն, պահանջում է, որ պետական տուրք վճարվի միաժամանակ և՛ գույքային, և՛ ոչ գույքային պահանջների առնչությամբ (հոդվ. 32-րդ, մաս 4-րդ)` այդպիսով հետապնդելով իրավաբանորեն հիմնավոր փաստարկված նպատակ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված իրավական դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներին, նախկինում կայացված իր որոշումներից մեկով գտել է, որ պետական տուրքի հաշվարկման հիմքն այն գույքային կամ ոչ գույքային պահանջն է, որով անձը դիմել է դատարան` իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով` արդյունքում ակնկալելով ներկայացված պահանջի ըստ էության քննություն և լուծում: Այսինքն` գործող իրավակարգավորման պայմաններում պետական տուրքի գանձում իրականացվում է ոչ թե դատարանի ցանկացած գործողության, այլ այն գործողությունների համար, որոնց արդյունքում վերջնական դատական ակտի կայացմամբ քննարկվում և լուծվում է ներկայացված գույքային կամ ոչ գույքային պահանջը: Հետևաբար, այն դեպքում, երբ դատարան դիմած անձը հայցում է դատարանի որևէ գործողության իրականացում, որն անմիջականորեն պայմանավորված չէ ներկայացված գույքային կամ ոչ գույքային պահանջի լուծման հետ, այլ ուղղված է վարույթի կանոնավոր ընթացքն ապահովելուն, թեկուզև այդ գործողության հայցումն իրականացվում է բողոքարկման ընթացակարգի միջոցով, այնուամենայնիվ, պետական տուրքի գանձման օբյեկտը և հաշվարկման հիմքը, ըստ էության, բացակայում են, հետևաբար բացակայում է նաև պետական տուրքի վճարման պարտականությունը, օրինակ` միջանկյալ դատական ակտերի բողոքարկման պարագայում:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերը քննարկված իրավիճակը կարող է արտահայտվել նաև այն դեպքում, երբ անձը դատական ակտը բողոքարկում է միայն դատական ծախսերի մասով: Այս պարագայում անձի բողոքարկման իրավունքի իրացումն ուղղված չէ ներկայացված գույքային կամ ոչ գույքային պահանջի քննությանը և լուծմանը, ընդհակառակը` շահագրգիռ անձը տվյալ դեպքում վիճարկում է այդ պահանջի լուծման արդյունքում բաշխված դատական ծախսի իրավաչափության հարցը: Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը բողոքարկվել է միայն դատական ծախսերի մասով, բողոք բերող անձը վերոգրյալ պատճառաբանությունների հիմքով պետական տուրքի վճարման պարտականություն չի կրում: Ընդ որում, դատական պրակտիկան զարգացել է հենց նշված ուղղությամբ, որպիսի հանգամանքն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ դատարանների նախագահների խորհրդի «ՀՀ-ում դատարանների կողմից պետական տուրքի գանձման դատական պրակտիկայի մասին» մասին 29.01.2013 թվականի թիվ 129 որոշման մեջ: Համաձայն նշված որոշման 10-րդ կետի` եթե բողոքարկվում է դատական ակտը միայն դատական ծախսերի մասով, ապա ներկայացված բողոքի համար պետական տուրք չի վճարվում (տե՛ս, «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Հովհաննես Չոբանյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարանի 03.08.2018 թվականի որոշման դեմ, որով որոշվել է Դատարանի 21.03.2018 թվականի վճիռը` 08.12.2017 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը մինչև վճռի կատարումը պահպանելու մասով բեկանել և փոփոխել:

Մասնավորապես` որոշվել է. «Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.12.2017 թվականի թիվ ԵՄԴ/3747/02/17 որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնել սույն դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 21.03.2018 թվականի թիվ ԵՄԴ/3747/02/17 վճիռը բողոքարկված` երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու մասով, թողնել անփոփոխ»:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանի որոշմամբ բեկանվել և փոփոխվել է Դատարանի վճռի` հայցի ապահովման պահպանման վերաբերյալ եզրահանգումը, որպիսի եզրահանգման դեմ էլ Հովհաննես Չոբանյանի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ գործով անձի բողոքարկման իրավունքի իրացումն ուղղված չէ ներկայացված ոչ դրամական պահանջի, այն է` երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու հարցի քննությանը և լուծմանը: Շահագրգիռ անձը` Հովհաննես Չոբանյանը, տվյալ դեպքում վճռաբեկ բողոք ներկայացնելով, վիճարկում է այդ պահանջի լուծման արդյունքում Դատարանի կողմից կայացված վճռով տվյալ գործով կիրառված հայցի ապահովման միջոցի պահպանման վերաբերյալ Դատարանի եզրահանգման մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգման իրավաչափության հարցը: Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքի գանձման օբյեկտը և հաշվարկման հիմքը, ըստ էության, բացակայում են, հետևաբար բացակայում է նաև Հովհաննես Չոբանյանի` պետական տուրքի վճարման պարտականությունը:

Այսպիսով, հիմք ընդունելով վերոշարադրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոք բերած անձի` Հովհաննես Չոբանյանի կողմից մուծվել է վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված պետական տուրք` 20.000 ՀՀ դրամ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ գումարը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով ենթակա է վերադարձման Հովհաննես Չոբանյանին:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.08.2018 թվականի որոշման` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 21.03.2018 թվականի թիվ ԵՄԴ/3747/02/17 վճիռը` 08.12.2017 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը մինչև վճռի կատարումը պահպանելու մասով, վերացնելու մասը և այդ մասով օրինական ուժ տալ Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 21.03.2018 թվականի վճռին:

2. Վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի հարցը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 19 նոյեմբերի 2021 թվական:

 

pin
Վճռաբեկ դատարան
19.11.2021
N ԵՄԴ/3747/02/17
Որոշում