Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԶԱՔԱՐԻԱ ՍԱՆԱՍԱՐԻ ԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԶԱՔԱՐԻԱ ՍԱՆԱՍԱՐԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՆԿԱՏ ...

 

 

ԻՐՏԵԿ Առևտրային գաղտնիք պարունակող որոշ տվյալներ բաց են թողնված:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 մարտի 2022 թվականի թիվ 96-Ա

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԶԱՔԱՐԻԱ ՍԱՆԱՍԱՐԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) 2022 թվականի մարտի 9-ի նիստում, քննարկելով անհատ ձեռնարկատեր Զաքարիա Սանասարի Ավետիսյանի (այսուհետ նաև` ԱՁ Զ. Ավետիսյան) նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին հարցը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Վարույթի ընթացքի հակիրճ նկարագրությունը

Հանձնաժողովը 2021 թվականի դեկտեմբերի 14-ին «Անհատ ձեռնարկատեր Զաքարիա Սանասարի Ավետիսյանի կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին» թիվ 362-Ա որոշմամբ (այսուհետ նաև` Թիվ 362-Ա որոշում) հարուցել է վարույթ (այսուհետ նաև` Վարույթ):

 

2. «Գանա Գրուպ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հաղորդման հակիրճ նկարագրությունը.

 

«Գանա Գրուպ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ նաև` Ընկերություն) 2021 թվականի նոյեմբերի 24-ին հաղորդում (այսուհետ նաև` Հաղորդում) է ներկայացրել Հանձնաժողով` հայտնելով, որ հանդիսանում է «ԱՊԱՐԱՆ MA» ապրանքային նշանի իրավատերը (այսուհետ նաև` Ապրանքային նշան): Ապրանքային նշանը 2011 թվականի նոյեմբերի 15-ին գրանցվել է Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գրասենյակի կողմից թիվ 17738 հերթական համարով, ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգչի 29-րդ դասում ընդգրկված «թան» արտադրատեսակի ապրանքի համար:

 

i

Ընկերությունը մեջբերել է «Ապրանքային նշանների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունը, ըստ որի` ապրանքային նշան է համարվում այն նիշը, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայություններն այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար:

 

i

Ընկերությունը մեջբերել է նաև նույն օրենքի 12-րդ հոդվածը և նշել է, որ օրենքով սահմանված հիմքերն իրավունք են տալիս ապրանքային նշանի իրավատիրոջը բացառիկ իրավունքով արգելելու երրորդ անձանց` իրենց առևտրային գործունեության ընթացքում օգտագործելու ցանկացած նույնական, կամ նման, կամ սպառողին մոլորության մեջ դնելու աստիճանի շփոթմունք առաջացնող նիշ, կամ դրանց համակցություն ապրանքային նշանի հետ, և որը օգտագործվում է համանման ապրանքի համար, ինչի համար գրանցված է ապրանքային նշանը:

 

i

Միաժամանակ Ընկերությունը վկայակոչել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1104-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն մտավոր գործունեության արդյունքների կամ քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոցների նկատմամբ գույքային իրավունքների տիրապետողը մտավոր սեփականության այդ օբյեկտն իր հայեցողությամբ ցանկացած ձևով և եղանակով օրինաչափ օգտագործելու բացառիկ իրավունք ունի:

 

Ըստ Ընկերության` Հայաստանի Հանրապետության սահմաններում «ԹԱՆ» տեսակի ըմպելիքի «ԱՊԱՐԱՆ» ապրանքային նշանով կամ «ԱՊԱՐԱՆ» բառային տարրի ընդգրկմամբ ապրանքային նշանով արտադրության և իրացման իրավունքը բացառապես պատկանում է Ընկերությանը և երրորդ անձանց կողմից այդ նշանի, կամ դրան շփոթելու աստիճանի նմանությամբ (օրինակ` «ԱՊԱՐԱՆԻ ջրով և տնական մածունով ԹԱՆ») նշանի օգտագործումը թան տեսակի ըմպելիքի արտադրության և (կամ) իրացման նպատակներով անթույլատրելի է, ապօրինի, և այդպիսի փաստը հավաստում է անբարեխիղճ մրցակցության մասին:

 

Ընկերությունը հայտնել է նաև, որ ԱՁ Զ. Ավետիսյանը օգտվում է Ապրանքային նշանի ճանաչվածությունից` Ապրանքային նշանի հանրահայտ լինելու փաստով պայմանավորված ապրանքների իրացման շուկայում Ընկերության կողմից արտադրված ապրանքի սպառման նպատակով, իր կողմից արտադրվող թանի արտադրության և իրացման ընթացքում օգտագործում է Ապրանքային նշանի շփոթության առաջացնելու աստիճանի նման ապրանքային նշան, կամ ապրանքային պիտակի այնպիսի ձևավորում, որոնցում ակնհայտ առանձնանում է «ԱՊԱՐԱՆ» և «ԹԱՆ» գրառումը, որը ըստ էության սպառողի կողմից ընկալվում է որպես ապրանքային նշան:

 

i

Ամփոփելով` Ընկերությունը խնդրել է հիմք ընդունել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասը և միջոցներ ձեռնարկել անբարեխիղճ մրցակցությունը վերացնելու ուղղությամբ:

 

Ընկերությունը, Հաղորդմանը կից ներկայացրել է ԱՁ Զ. Ավետիսյանի կողմից արտադրված թանի մեկ նմուշ, որի պիտակի վրա առկա է հետևյալ մակնշումները. ««ԱՊԱՐԱՆԻ ջրով և տնական մածունով ԹԱՆ»: Արտադրող «Զաքարիա Ավետիսյան Ա/Ձ, ՀՎՀՀ 87752463, Կոտայքի մարզ, գ. Պռոշյան, Գևորգ Չաուշի 1/91, Հեռ.` 077 40 27 78, 098 98 00 89: 0,5 լ, բնական 100% հումք: 1987 ԲԱՐՁՐ ՈՐԱԿ, Ցմփորիկ»: Համաձայն մակնշման` թանն արտադրվել է 2021 թվականի սեպտեմբերի 11-ին:

 

3. ԱՁ Զ. Ավետիսյանի դիրքորոշումը.

ԱՁ Զ. Ավետիսյանը 2021 թվականի փետրվարի 21-ին Հանձնաժողով ներկայացված գրությամբ հայտնել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո «ԱՊԱՐԱՆԻ ջրով և տնական մածունով ԹԱՆ» գրառումով թանի պիտակներ չի պատվիրել և մտադրաբար չի օգտագործել, պատասխանատու աշխատակից է նշանակվել, ով պարտավոր էր հետևել, որպեսզի թանի արտադրության մեջ օգտագործվեն բացարձակապես նոր փոփոխված պիտակները: 2021 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում պատասխանատու աշխատակիցը բացակայել է աշխատանքից հիվանդության պատճառով, իսկ ԱՁ Զ. Ավետիսյանը դժբախտ դեպք ունենալու (կապված որդու բուժման և մահվան հետ) պատճառով վրիպում տեղի ունենալու ժամանակահատվածում չի եղել արտադրամասում: Պատասխանատու աշխատակցի և ԱՁ Զ. Ավետիսյանի բացակայության ընթացքում մյուս աշխատակիցները թյուրիմացաբար օգտագործել են հին` «ԱՊԱՐԱՆԻ ջրով և տնական մածունով ԹԱՆ» գրառումով պիտակները, որի մասին տեղեկացել է սխալմունքի տեղի ունենալուց հետո: Սխալմունքը տեղի ունենալուց հետո անմիջապես ձեռնարկել է միջոցառումներ` սխալմունքն ուղղելու համար, ոչնչացրել է պահեստում առկա «ԱՊԱՐԱՆԻ ջրով և տնական մածունով ԹԱՆ» գրառումով հին պիտակները, առաքիչին հանձնարարել է, որպեսզի «ԱՊԱՐԱՆԻ ջրով և տնական մածունով ԹԱՆ» գրառումով իրացված ապրանքները վերադարձվեն արտադրամաս` փոխարինելով թույլատրված բաց կանաչ գույնի պիտակով արտադրված արտադրանքի հետ, որից հետո բանավոր կերպով տեղեկացրել է Ընկերության սեփականատիրոջը, որ տեղի է ունեցել սխալմունք, սակայն հնարավորինս սեղմ ժամկետներում կատարվել են միջոցառումներ ուղղելու համար:

 

ԱՁ Զ. Ավետիսյանը հարկ է համարել նշել ևս մեկ անգամ, որ տեղի է ունեցել թյուրիմացություն և սխալմունք, մտադրաբար չի օգտագործել «ԱՊԱՐԱՆԻ ջրով և տնական մածունով ԹԱՆ» գրառումով պիտակները, օգտագործվել են միայն մեկ տեսակի` 0,5 լ տարողության պիտակները և մինչ սույն վարույթի հարուցման գործընթացը վերացրել է իր կողմից թույլ տրված սխալմունքի հետևանքները: Այդ ընթացքում հայտնաբերվել են նաև սույն վարույթին չվերաբերող այլ խախտումներ զովացուցիչ ըմպելիքի արտադրանքի հետ կապված, որոնք նույնպես ամբողջովին վերացվել են:

 

ԱՁ Զ. Ավետիսյանը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև օրս ընկած ժամանակահատվածում մտադրաբար Ապրանքի արտադրության և իրացման ծավալները հավասարեցվել են 0-ի, իսկ թողարկված և թողարկվող արտադրությունում օգտագործվել են բացարձակապես փոփոխված` բաց կանաչ գույնով պիտակ, որի վրա «Ապարանի» բառը նշված է նույն տառաչափով, ինչ որ «ջրով և տնական մածունով» արտահայտությունը, տվյալ պիտակի վրա երկու հատվածում առկա է «Ցմփորիկ» ապրանքային նշանը, բացի այդ առկա են կովի, սափորի, ծաղիկների, դաշտերի և սարերի պատկերներ:

 

ԱՁ Զ. Ավետիսյանը հավելել է նաև, որ ձեռնարկությունը գործել է COVID-19 համաճարակի տարածման ընթացքում տնտեսական ծանր իրավիճակի պայմաններում, ունի պետության կողմից տրամադրված վարկային պարտավորություններ: Եւ քանի որ խախտումները իրականացվել են ոչ մտադրաբար, իսկ հետևանքները ոչնչացվել են հնարավորինս սեղմ ժամկետներում, ինչպես նաև ձեռնարկվել են միջոցառումներ, որպեսզի բացառվի ապագայում խախտումների առաջացումը, իսկ ԱՁ Զ. Ավետիսյանը պարտավորվում է, որ նմանատիպ սխալմունք չի կրկնվի` խնդրելով դիտարկել վերոգրյալ հանգամանքները, մեղմ վերաբերվել տեղի ունեցած թյուրիմացաբար թույլ տրված խախտմանը և հայցել է Հանձնաժողովի ներողամտությունը:

 

ԱՁ Զ. Ավետիսյանը նշել է նաև, որ իր կողմից արտադրվող 0,33 լ տարողությամբ ոչ գազավորված թանի պիտակը չի պարունակում «ԱՊԱՐԱՆԻ ջրով և տնական մածունով ԹԱՆ» գրառում` կցելով դրա օրինակը:

 

ԱՁ Զ. Ավետիսյանը 2022 թվականի փետրվարի 25-ի Հանձնաժողով է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2021 թվականի օգոստոսի 27-ի որոշման պատճենը (Գործ թիվ ԿԴ/0011/11/19), որը կապված ԱՁ Զ. Ավետիսյանի և Ընկերության հետ` խնդրելով այն կցել փաստաթղթերին և տալ իրավական եզրակացություն:

 

4. Հանձնաժողովի կողմից պահանջված և ստացված փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը.

 

1. Հանձնաժողովի նախագահի` 2021 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԳԳ-3159 գրությամբ (այսուհետ նաև` Գրություն) ԱՁ Զ. Ավետիսյանից պահանջվել է Հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն`

 

1) ԱՁ Զ. Ավետիսյանի կողմից արտադրված «ԱՊԱՐԱՆԻ ջրով և տնական մածունով ԹԱՆ» գրառումով թանի (այսուհետ նաև` Ապրանք) իրացման սկզբնաժամկետի վերաբերյալ տեղեկատվություն` նշելով ամսաթիվը,

 

2) Ապրանքի պիտակի վրա «ԱՊԱՐԱՆԻ ջրով և տնական մածունով ԹԱՆ» գրառումը նշելու շարժառիթը,

 

3) 2020 թվականի և 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Ապրանքի արտադրության և իրացման ծավալները` բնեղեն և արժեքային արտահայտությամբ:

 

ԱՁ Զ. Ավետիսյանը, ի պատասխան Գրության, 2022 թվականի հունվարի 20-ին Հանձնաժողովին հայտնել է, որ իր կողմից արտադրված «ԱՊԱՐԱՆԻ ջրով և տնական մածունով ԹԱՆ» գրառումով թանի իրացման սկզբնաժամկետն է 2019 թվականը, ընդ որում իրացման քանակը 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի

26-ն ընկած ժամանակահատվածում կազմել է    հատ,     դրամ գումարային

արտահայտությամբ, իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև օրս ընկած ժամանակահատվածում մտադրաբար Ապրանքի արտադրության և իրացման ծավալները

հավասար են եղել    -ի: «ԱՊԱՐԱՆԻ ջրով և  տնական մածունով ԹԱՆ» գրառումը

պարունակող պիտակի կիրառման շարժառիթ է հանդիսացել սպառողին տեղեկացնել, որ թանի պատրաստման համար օգտագործվել են Ապարանի տարածաշրջանում ծագած ջուր և տնական մածուն:

 

2. Հանձնաժողովի նախագահի` 2021 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԳԳ-3150 գրությամբ Հանձնաժողովը դիմել է ՊԵԿ-ին` խնդրելով տրամադրել ԱՁ Զ. Ավետիսյանի 2020 թվականի տարեկան, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում հասույթների չափերի վերաբերյալ (առանձնացված` ըստ ամիսների), ինչպես նաև ԱՁ Զ. Ավետիսյանի կողմից 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում «ԱՊԱՐԱՆԻ ջրով և տնական մածունով ԹԱՆ» գրառումով թանի իրացման ծավալների, իսկ անհնարինության դեպքում դուրսգրված բոլոր հաշվարկային փաստաթղթերի և ՀԴՄ կտրոնների միջոցով իրականացված գործարքների մասին տեղեկատվություն:

 

ՊԵԿ-ը 2021 թվականի դեկտեմբերի 21-ին Հանձնաժողով է ներկայացրել տեղեկատվություն առ այն, որ ԱՁ Զ. Ավետիսյանի 2020 թվականին ընդհանուր

հասույթի չափը կազմում է      դրամ, իսկ 2021 թվականի 1-ին եռամսյակի

ընդհանուր հասույթի չափը կազմում է      դրամ, 2-րդ եռամսյակին`    դրամ և  

3-րդ եռամսյակինը`      դրամ:

 

3. Հանձնաժողովի նախագահի` 2022 թվականի փետրվարի 21-ի թիվ ԳԳ-347 գրությամբ Հանձնաժողովը դիմել է ՊԵԿ-ին` խնդրելով տրամադրել ԱՁ Զ. Ավետիսյանի 2020 թվականին «ԱՊԱՐԱՆԻ ջրով և տնական մածունով ԹԱՆ» գրառումով թանի, այլ թանի իրացման ծավալների, իսկ անհնարինության դեպքում դուրս գրված բոլոր հաշվարկային փաստաթղթերի և ՀԴՄ կտրոնների միջոցով իրականացված գործարքների մասին:

 

ՊԵԿ-ի կողմից 2022 թվականի փետրվարի 22-ին Հանձնաժողով ներկայացված գրությամբ հայտնել է, որ նշված հաշվարկային փաստաթղթերում ապրանքի անվանումը լրացվում է կամայական ձևով և ոչ միշտ է հնարավոր նույնականացնել ըստ ապրանքախմբերի: Հաշվի առնելով վերոգրյալը և նպատակ ունենալով զերծ մնալ թերի կամ ոչ լիարժեք տեղեկատվության տրամադրումից` ՊԵԿ-ը կից տրամադրել է ԱՁ Զ. Ավետիսյանի կողմից 2020 թվականին դուրս գրված հաշիվ վավերագրերի և ՀԴՄ կտրոնների միջոցով կատարած գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը: Միաժամանակ ՊԵԿ-ը տեղեկացրել է, որ տնտեսավարող սուբյեկտի կողմից նույն ժամանակահատվածում դուրս գրված հարկային հաշիվներ առկա չեն:

 

Ներկայացված տեղեկատվության համաձայն` ԱՁ Զ. Ավետիսյանի կողմից 2020 թվականին ՀԴՄ կտրոնների միջոցով կատարած գործարքներում չեն արտացոլվում իրացված ապրանքատեսակների անվանումները, իսկ դուրս գրված հաշիվ վավերագրերի համաձայն` ԱՁ Զ. Ավետիսյանը 2020 թվականին թան ապրանքատեսակի իրացումից ստացել

է     դրամի չափով հասույթ:

 

4. Գրասենյակի պաշտոնական կայքի (aipa.am) տվյալների և Ընկերության կողմից Հանձնաժողով ներկայացված տեղեկատվության համաձայն` Ընկերության անվամբ 2011 թվականի նոյեմբերի 15-ին գրանցվել (գրանցման համար` թիվ 17738) և ՀՀ-ում իրավական պահպանություն է ստացել «ԱՊԱՐԱՆ MA» անվանումով ապրանքային նշանը: Տվյալ ապրանքային նշանը գրանցված է ապրանքների դասակարգման 29-րդ դասի ապրանքների (թան) համար, որը պահպանվում է բաց և մուգ կանաչ, սև, սպիտակ, երկնագույն, ոսկեգույն, կարմիր և դեղին գունային համակցությամբ, իսկ տվյալ ապրանքային նշանում բացի «ԱՊԱՐԱՆ» անվանումից մնացած բոլոր գրառումներն ինքնուրույն պահպանության օբյեկտներ չեն:

 

5. Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկման արդյունքում Հանձնաժողովը հաստատված է համարում հետևյալ փաստական հանգամանքները.

 

1. ԱՁ Զ. Ավետիսյանի կողմից արտադրվող և իրացվող թանի պիտակի վրա առկա է հետևյալ մակնշումները. ««ԱՊԱՐԱՆԻ ջրով և տնական մածունով ԹԱՆ»: Արտադրող «Զաքարիա Ավետիսյան Ա/Ձ, ՀՎՀՀ 87752463, Կոտայքի մարզ, գ. Պռոշյան, Գևորգ Չաուշի 1/91, Հեռ.` 077 40 27 78, 098 98 00 89: 0,5 լ, բնական 100% հումք: 1987 ԲԱՐՁՐ ՈՐԱԿ, Ցմփորիկ»: Համաձայն մակնշման` թանն արտադրվել է 2021 թվականի սեպտեմբերի 11-ին:

 

2. Ընկերության անվամբ 2011 թվականի նոյեմբերի 15-ին գրանցվել (գրանցման համար` թիվ 17738) և ՀՀ-ում իրավական պահպանություն է ստացել «ԱՊԱՐԱՆ MA» անվանումով ապրանքային նշանը: Տվյալ ապրանքային նշանը գրանցված է ապրանքների դասակարգման 29-րդ դասի ապրանքների (թան) համար, որը պահպանվում է բաց և մուգ կանաչ, սև, սպիտակ, երկնագույն, ոսկեգույն, կարմիր և դեղին գունային համակցությամբ, իսկ տվյալ ապրանքային նշանում բացի «ԱՊԱՐԱՆ» անվանումից մնացած բոլոր գրառումներն ինքնուրույն պահպանության օբյեկտներ չեն:

 

3. ԱՁ Զ. Ավետիսյանի կողմից արտադրված Ապրանքի իրացման սկզբնաժամկետն է 2021 թվականի նոյեմբերի 24-ը:

 

4. ԱՁ Զ. Ավետիսյանը հայտնելով, որ պարտավորվում է նմանատիպ սխալմունք չկրկնել` խնդրելով դիտարկել վերոգրյալ հանգամանքները, մեղմ վերաբերվել տեղի ունեցած թյուրիմացաբար թույլ տրված խախտմանը և հայցելով Հանձնաժողովի ներողամտությունը` ըստ էության ընդունել է Վարույթով իրեն վերագրվող իրավախախտման փաստը:

 

5. ՊԵԿ-ի տեղեկատվության համաձայն` ԱՁ Զ. Ավետիսյանի կողմից 2020 թվականին

ընդհանուր հասույթի չափը կազմել է     դրամ: Բացի այդ, ՊԵԿ-ի կողմից

տրամադրված տեղեկատվության համաձայն` ԱՁ Զ. Ավետիսյանի կողմից 2020 թվականին ՀԴՄ կտրոնների միջոցով կատարած գործարքներում չեն արտացոլվում իրացված ապրանքատեսակների անվանումները, իսկ դուրս գրված հաշիվ վավերագրերի համաձայն` ԱՁ Զ. Ավետիսյանը 2020 թվականին թան ապրանքատեսակի իրացումից ստացել է

դրամի չափով հասույթ:

 

6. Հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 30-ի «Անհատ ձեռնարկատեր Զաքարիա Սանասարի Ավետիսյանի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 272-Ա որոշմամբ (այսուհետ նաև` թիվ 272-Ա որոշում) Հանձնաժողովը ԱՁ Զ. Ավետիսյանի գործողությունն ու վարքագիծը, այն է` ԱՁ Զ. Ավետիսյանի կողմից Ընկերության` գրանցված «ԱՊԱՐԱՆ MA» ապրանքային նշանին շփոթության աստիճանի նման «Ապարանի ջրով և տնական մածունով թան» ապրանքային նշանի օգտագործումը որակել է որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն:

 

6. Վարույթի փաստական հանգամանքների և վերաբերելի իրավական նորմերի ուսումնասիրության և վերլուծության արդյունքում Հանձնաժողովը եզրահանգում է հետևյալին.

 

1) ԱՁ Զ. Ավետիսյանի կողմից իրավախախտում կատարված լինելու հարցի կապակցությամբ.

 

i

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցություն է համարվում տնտեսավարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է սույն օրենքին, այլ օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է տնտեսավարող սուբյեկտների միջև կամ վերջիններիս ու սպառողների կամ ձեռք բերողների միջև բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և (կամ) անաչառության սկզբունքները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցությունն արգելվում է:

 

i

Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` անբարեխիղճ մրցակցություն է համարվում տնտեսավարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որն առաջացնում է կամ կարող է առաջացնել շփոթություն այլ տնտեսավարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների նկատմամբ, այդ թվում`

 

1) Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող կամ այլ կերպ շրջանառության մեջ դրված ապրանքների, դրանց փաթեթավորումների կամ պիտակների վրա կամ ապրանքին առնչվող այլ տեղեկատվության մեջ կամ ինտերնետային դոմենի անվանումներում կամ գովազդում այնպիսի անվանման, նշանի, նիշի, հնչյունի կամ բառի օգտագործումը, որը նույնական կամ շփոթելու աստիճանի նման է այլ տնտեսավարող սուբյեկտի` Հայաստանի Հանրապետությունում պահպանվող կամ նրա կողմից ավելի վաղ օգտագործվող կամ հանրահայտ ապրանքային կամ սպասարկման նշանին կամ ֆիրմային անվանմանը.

 

2) այլ տնտեսավարող սուբյեկտի կողմից քաղաքացիական շրջանառության մեջ դրված ապրանքի, դրա արտաքին տեսքի կամ փաթեթավորման, գունային համակցության կամ այլ ոչ ֆունկցիոնալ բնութագրերի կրկնօրինակումը կամ նմանակումը:

 

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1171-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապրանքային և սպասարկման նշանը (այսուհետ` ապրանքային նշան) այն նիշն է, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայությունները այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար:

 

Գործի փաստերի համաձայն` Ընկերության անվամբ ԱԾՄԴ 29-րդ դասի (թան) ապրանքների և ծառայությունների համար 2011 թվականի նոյեմբերի 15-ին գրանցվել և Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն է ստացել «ԱՊԱՐԱՆ MA» բառապատկերային ապրանքային նշանը (գրանցման համար` թիվ 17738), որը պահպանվում է բաց և մուգ կանաչ, սև, սպիտակ, երկնագույն, ոսկեգույն, կարմիր և դեղին գունային համակցությամբ, իսկ տվյալ ապրանքային նշանում բացի «ԱՊԱՐԱՆ» անվանումից մնացած բոլոր գրառումներն ինքնուրույն պահպանության օբյեկտներ չեն: ԱՁ Զ. Ավետիսյանի կողմից օգտագործվող «ԱՊԱՐԱՆԻ ջրով և տնական մածունով ԹԱՆ» ապրանքային նշանը ՀՀ-ում իրավական պահպանություն տրված չէ:

 

Ընկերությունը և ԱՁ Զ. Ավետիսյանը համապատասխանաբար «ԱՊԱՐԱՆ MA» և «ԱՊԱՐԱՆԻ ջրով և տնական մածունով ԹԱՆ» ապրանքային նշանների (այսուհետ` Ապրանքային նշաններ) ներքո իրականացնում են թանի արտադրություն և վաճառք և, ըստ Հաղորդման, շփոթություն առաջանալու վտանգն առկա է թանի առուվաճառքի գործընթացում ապրանքային նշանների օգտագործման կապակցությամբ:

 

Վերոգրյալի համատեքստում անհրաժեշտ է պարզաբանել հետևյալ հարցադրումները.

 

1) Արդյո՞ք գրանցված ապրանքային նշանի օգտագործման ցանկացած դեպք ինքնին հանգեցնում է շփոթության առաջացմամբ անբարեխիղճ մրցակցության,

 

2) Արդյո՞ք թանի շրջանառության ոլորտում «ԱՊԱՐԱՆԻ ջրով և տնական մածունով ԹԱՆ» ապրանքային նշանի օգտագործումը կարող է շփոթություն առաջացնել նույն ոլորտում «ԱՊԱՐԱՆ MA» ապրանքային նշանով թանի արտադրություն և վաճառք իրականացնող այլ տնտեսավարող սուբյեկտի` «Գանա Գրուպ Պլյուս» ընկերության նկատմամբ:

 

Առաջին հարցադրման կապակցությամբ.

 

i

Սահմանադրության 11-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:

 

i

Սահմանադրության 59-րդ հոդվածի համաձայն.

 

1) Յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս իրավունքի իրականացման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:

 

2) Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով` հանրային շահերի պաշտպանության նպատակով:

 

3) Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը և հակամրցակցային համաձայնություններն արգելվում են:

 

Վկայակոչված նորմերի վերլուծությունից բխում է, որ տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության երաշխավորումը` որպես սահմանադրական կարգի հիմունք, ելակետային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետությունում տնտեսական հարաբերությունների կանոնակարգման համար: Տնտեսական գործունեության ազատությունը շուկայական տնտեսության հիմնարար սկզբունքն է և շուկայական տնտեսական հարաբերությունների ձևավորման ու զարգացման օբյեկտիվ նախադրյալը: Միաժամանակ, ազատ տնտեսական գործունեության իրավունքը բացարձակ չէ. այն ենթակա է սահմանափակման` ազատ տնտեսական մրցակցության ապահովման նպատակից ելնելով: Հետևաբար նշված երկու իրավական սկզբունքների` տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության ներդաշնակ ու հետևողական իրացման պայմաններում է միայն հնարավոր հասնել շուկայական հարաբերությունների վրա խարսխված արդյունավետ տնտեսական համակարգի ձևավորմանն ու կայուն զարգացմանը:

 

Հանձնաժողովի գնահատմամբ շուկայական տնտեսության պայմաններում մրցակցային միջավայրի կառուցումն այն հիմնական ուղիներից մեկն է, որով պետությունը կարողանում է բարձրացնել հասարակության բարեկեցությունը. տվյալ ոլորտում պետությունը պետք է հետամուտ լինի ինչպես ազատ տնտեսական մրցակցության գոյության համար անհրաժեշտ միջավայրի ստեղծմանը, այնպես էլ տնտեսությանը վնաս հասցնող գործողությունների կանխարգելմանը:

 

i

Շարադրվածին համահունչ Օրենքը, ի թիվս այլ հարցերի, սահմանել է Օրենքի նպատակը և դրա կարգավորման առարկան: Այսպես, Օրենքի 1-ին հոդվածի համաձայն` սույն օրենքի նպատակն է պաշտպանել և խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում:

 

i

Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սույն օրենքը տարածվում է տնտեսավարող սուբյեկտների, պետական մարմինների, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց այն գործողությունների, վարքագծի կամ ակտերի վրա, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցությանը, ինչպես նաև վնասել սպառողների շահերը:

 

Վերոգրյալի հիման վրա Հանձնաժողովն արձանագրում է, որ Օրենքի իրավակարգավորումները նպատակաուղղված են Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսական մրցակցության վրա հիմնված շուկայական տնտեսության բնականոն կենսագործունեության ապահովմանը և տարածվում են տնտեսավարող սուբյեկտների, պետական մարմինների, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց այն գործողությունների կամ վարքագծի վրա, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել ապրանքների իրացման կամ ձեռքբերման առավել նպաստավոր պայմանների ապահովմանն ուղղված տնտեսական գործունեության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողությանը:

 

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ գրանցված ապրանքային նշանի օգտագործումը չի կարող առաջացնել Օրենքի իմաստով անբարեխիղճ մրցակցություն` շփոթության առաջացում, քանի դեռ գրանցված ապրանքային նշանի օգտագործման արդյունքում չի խաթարվում տնտեսական մրցակցությունը: Մասնավորապես, տնտեսական մրցակցությունը խաթարվում է կամ կարող է խաթարվել այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտի գործողությունը կամ վարքագիծը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել այլ տնտեսավարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների նկատմամբ շփոթության առաջացման: Հետևաբար, ցանկացած դեպքում գրանցված ապրանքային նշանի օգտագործմամբ շփոթության առաջացումը պետք է գնահատել վերոնշյալի համատեքստում` հաշվի առնելով փաստացի շփոթությունը կամ դրա հնարավորությունը:

 

Երկրորդ հարցադրման կապակցությամբ.

 

i

Հանձնաժողովի կողմից ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոցների շփոթության աստիճանի նմանության որոշման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հանձնաժողովի` 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից հարուցված վարույթի շրջանակում ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոցների շփոթության աստիճանի նմանության որոշման կարգը սահմանելու մասին» թիվ 379-Ն որոշմամբ հաստատված` համանուն կարգով (այսուհետ նաև` Կարգ):

 

Կարգով սահմանված է անհատականացման միջոցների շփոթության աստիճանի նմանության որոշման երկու փուլ` անհատականացման միջոցների նմանության գնահատում և շփոթություն առաջանալու վտանգի գնահատում:

 

Նշվածի համատեքստում Հանձնաժողովն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցերին.

 

1) Արդյո՞ք քննարկվող անհատականացման միջոցները նման են,

 

2) Արդյո՞ք առկա է շփոթություն առաջանալու վտանգ:

 

1) Քննարկվող անհատականացման միջոցների նմանության գնահատում.

 

i

Կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն` անհատականացման միջոցները համարվում են նման, եթե դրանք ամբողջությամբ չեն համընկնում (նույնական Անհատականացման միջոցներ), այլ ընդհանուր առմամբ զուգորդվում են միմյանց հետ` չնայած առանձին տարբերությունների առկայությանը: Անհատականացման միջոցները համարվում են ընդհանուր առմամբ զուգորդվող, եթե դրանց հիմնական տարրերը կամ մասը համընկնում են այնպես, որ այդ Անհատականացման միջոցն ասոցացվում է մեկ այլ Անհատականացման միջոցի հետ:

 

Հաշվի առնելով, որ «ԱՊԱՐԱՆ Թան» և «ԱՊԱՐԱՆԻ ջրով և տնական մածունով ԹԱՆ» ապրանքային նշանները նույնական չեն` Հանձնաժողովը քննարկման առարկա է դարձնում դրանց նմանության հարցը:

 

i

Այսպես. Կարգի 8-րդ կետի համաձայն` նմանությունը կարող է դրսևորվել լսողական, տեսողական և իմաստային ընկալումներով և պետք է գնահատվի ընդհանուր տպավորության և Անհատականացման միջոցների որպես ամբողջություն ուսումնասիրության հիման վրա` համեմատելով նրանցից յուրաքանչյուրի ստեղծած ընդհանուր տպավորությունները և նկատի ունենալով հիմնական ու տարբերակիչ նշանակություն ունեցող տարրերը:

 

Քննարկելով «ԱՊԱՐԱՆ Թան» և «ԱՊԱՐԱՆԻ ջրով և տնական մածունով ԹԱՆ» ապրանքային նշանների` լսողական առումով շփոթելու աստիճանի նմանությունը` Հանձնաժողովը գտնում է, որ լսողական նմանությունն առկա է հետևյալ պատճառաբանությամբ: ԱՁ Զ. Ավետիսյանի կողմից արտադրվող թանի պիտակի վրա «ԱՊԱՐԱՆԻ ջրով և տնական մածունով ԹԱՆ» արտահայտության «ԱՊԱՐԱՆԻ ԹԱՆ» բառերը գրված են մեծ տառաչափով, իսկ «ջրով և տնական մածունով» բառերը` բավականին փոքր տառաչափով, որով էլ պայմանավորված հանդիսանում են երկրորդային ընկալման տարր: Ստացվում է, որ սպառողի համար առաջնային ընկալելի են «ԱՊԱՐԱՆԻ ԹԱՆ» բառերը, որոնք մեկ տառի տարբերությամբ կրկնում են միմյանց: Վերոգրյալից ելնելով` Հանձնաժողովն արձանագրում է, որ Ապրանքային նշանները նման են լսողական առումով:

 

Տեսողական նմանության առումով Հանձնաժողովը գտնում է, որ երկու Ապրանքային նշանները նման են ընդհանուր գունային համադրությամբ, մասնավորապես` երկու նշաններում գերակշռում է կանաչ գույնը, առկա են կարմիր, նարնջագույն և սպիտակ գույներով տարրեր, ապրանքների պիտակներին «ԱՊԱՐԱՆ» և «Թան» բառերի դասավորվածությանն ուղղահայաց է, ապրանքային նշանի բառային բաղադրիչները հայատառ են: Ուստի, չնայած Ապրանքային նշանների որոշ տարբերություններին (շշերի արտաքին տեսք, կառուցվածք, պիտակների վրայի գրառումների տառատեսակ և տառերի գունային համադրություն), որոնք երկրորդային ընկալման տարրեր են` Հանձնաժողովը գտնում է, որ Ապրանքային նշանները նման են նաև տեսողական առումով:

 

Անհատականացման միջոցների իմաստային նմանության մասով Հանձնաժողովն արձանագրում է, որ Ապրանքային նշանները իմաստային առումով ունեն գրեթե նույն բովանդակությունը, Ապրանքային նշանների տարրերից երկուսը համընկնող են և արտահայտում են առանձին իմաստ, իսկ «ԱՊԱՐԱՆ» բառի վրա ընկնում է տրամաբանական շեշտադրումը: Հետևաբար, Ապրանքային նշանները նման են նաև իմաստային առումով:

 

Ողջ վերոգրյալի հիման վրա Հանձնաժողովը գտնում է, որ Ապրանքային նշանները նման են:

 

2) Շփոթություն առաջանալու վտանգի գնահատում.

 

i

Կարգի 19-րդ կետի համաձայն` շփոթության առաջացման վտանգն ուղղակիորեն կապված է Անհատականացման միջոցների նմանության հետ, և այն վերջինիս տրամաբանական հետևանքն է: Շփոթություն առաջանալու վտանգը կարող է առկա լինել, եթե այն ապրանքները կամ ծառայությունները, որոնց շրջանակում կիրառվում են Անհատականացման միջոցները նույնն են կամ համանման:

 

i

Կարգի 20-րդ կետի համաձայն` շփոթություն առաջանալու վտանգը կարող է առկա լինել նաև այն դեպքում, երբ ապրանքները կամ ծառայությունները, որոնց շրջանակում կիրառվում են Անհատականացման միջոցները, առաջացնում են տպավորություն առ այն, որ դրանք ծագում են ընդհանուր աղբյուրից` չնայած այն հանգամանքին, որ այդ ապրանքները կամ ծառայությունները նույնը կամ համանման չեն:

 

i

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապրանքային նշանների շփոթելու աստիճանի նմանությունը որոշելու կանոններին, թիվ ՎԴ/4241/05/11 գործով 2014 թվականի հուլիսի 18-ին կայացված որոշմամբ նշել է. «...Շփոթությունը, մասնավորապես, կարող է արտահայտվել սպառողի մոտ` տպավորություն ստեղծելով, որ երկու տարբեր ապրանքներ կամ ծառայություններ համապատասխանաբար արտադրվում կամ մատուցվում են միևնույն անձի կողմից այն դեպքում, երբ իրականում այդպես չէ: Ընդ որում, սպառողը, ակնկալելով կոնկրետ անձի արտադրանքի որոշակի որակ, որին նախապես ծանոթ է եղել, կարող է միայն հիասթափություն ապրել մեկ ուրիշի արտադրանքում դրա բացակայության պատճառով:»:

 

i

Ապրանքային նշանների նմանությունն արձանագրելու պայմաններում Հանձնաժողովը, հիմք ընդունելով Կարգի 19-րդ կետով սահմանված իրավակարգավորումը, արձանագրում է շփոթություն առաջանալու վտանգի առկայությունը, որը հիմնավորվում է նաև այն փաստարկով, որ երկու տնտեսավարող սուբյեկտներն էլ գործունեություն են ծավալում նույն` թանի արտադրության և իրացման ոլորտում: Բացի այդ, Ընկերության անվամբ «ԱՊԱՐԱՆ MA» անվանումով ապրանքային նշանն գրանցվել է դեռևս 2011 թվականից, և սպառողները, տարիներ շարունակ ձեռք բերելով իրենց հայտնի` Ընկերության կողմից արտադրված թանը, կարող են մտածել, որ «ԱՊԱՐԱՆԻ ջրով և տնական մածունով ԹԱՆ» ապրանքն արտադրվում է «ԱՊԱՐԱՆ Թան» ապրանքն արտադրող` Ընկերության կողմից, այսինքն` տվյալ ապրանքները ծագում են նույն աղբյուրից:

 

Ինչ վերաբերում է ԱՁ Զ. Ավետիսյանի կողմից Հանձնաժողով ներկայացված ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2021 թվականի օգոստոսի 27-ի որոշմանը, ապա Հանձնաժողովը չի անդրադառնում դրան, քանի որ վերաբերելի չէ Վարույթում քննարկվող հարցին:

 

Ողջ վերոգրյալի հաշվառմամբ Հանձնաժողովը գտնում է, որ ԱՁ Զ. Ավետիսյանի կողմից Ընկերության անվամբ գրանցված «ԱՊԱՐԱՆ MA» ապրանքային նշանին շփոթելու աստիճանի նման «ԱՊԱՐԱՆԻ ջրով և տնական մածունով ԹԱՆ» ապրանքային նշանով թանի իրացումը կարող է շփոթություն առաջացնել այլ տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ:

 

2) ԱՁ Զ. Ավետիսյանի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու հարցի կապակցությամբ.

 

i

Օրենքի 92-րդ հոդվածի համաձայն` տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման համար Հանձնաժողովն իրավասու է տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին և դրանց պաշտոնատար անձանց տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք:

 

i

Օրենքի 93-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցության համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի` տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսը:

 

i

Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատասխանատվության միջոց կիրառելիս Հանձնաժողովը հաշվի է առնում տվյալ իրավախախտման բնույթը, տևողությունը, իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, տնտեսավարող սուբյեկտի կողմից տվյալ խախտման կրկնակիությունը, եթե նախորդ խախտման համար պատասխանատվության միջոց կիրառելու օրվանից չի անցել հինգ տարի, տնտեսավարող սուբյեկտի դիտավորության աստիճանը, տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարվելու շարժառիթները և հանգամանքները, տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարվելու փաստն ընդունելու կամ Հանձնաժողովի հետ համագործակցելու հանգամանքը, պատասխանատվությունից ազատելու հիմքերը, տնտեսավարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությունը, տվյալ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը և տնտեսավարող սուբյեկտի պատմությունը:

 

i

Հանձնաժողովի` 2021 թվականի դեկտեմբերի 28-ի «Պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը սահմանելու մասին» թիվ 395-Ն որոշմամբ (այսուհետ նաև` թիվ 395-Ն որոշում) սահմանված պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը (այսուհետ նաև` Մեթոդաբանություն) կարգավորում է Հանձնաժողովի կողմից Օրենքով սահմանված տնտեսական մրցակցության բնագավառում պատասխանատվության միջոցների ընտրության և տուգանքի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:

 

i

Մեթոդաբանության 6-րդ կետի համաձայն` պատասխանատվության միջոցի ընտրությունը և տուգանքի հաշվարկումը յուրաքանչյուր դեպքում իրականացվում է վարույթի ընթացքում հաստատված փաստական հանգամանքների քննարկման արդյունքում Հանձնաժողովի հայեցողությամբ` հաշվի առնելով Մեթոդաբանությամբ ամրագրված դրույթները և վարույթի առանձնահատկությունները:

 

i

Մեթոդաբանության 12-րդ կետի համաձայն` տուգանքը հաշվարկվում է հետևյալ փուլերով.

 

1) որոշվում է տուգանքի բազային գումարը.

 

2) գնահատվում են վարույթի ընթացքում հաստատված ծանրացնող և մեղմացնող հանգամանքները, և հիմքերի առկայության դեպքում բազային գումարը ենթարկվում է համապատասխան փոփոխությունների.

 

3) Մեթոդաբանությամբ նախատեսված դեպքերում համապատասխանեցվում է պատասխանատվության միջոցը:

 

Մեթոդաբանության 13-րդ կետի համաձայն` Հանձնաժողովը տուգանքը հաշվարկում է Տ = Բ + Բ x (Ծ - Մ) բանաձևով, որտեղ` Տ-ն տուգանքի չափն է, Բ-ն տուգանքի բազային գումարն է, Ծ-ն բոլոր ծանրացնող հանգամանքների համար սահմանված տոկոսների հանրագումարն է, Մ-ն բոլոր մեղմացնող հանգամանքների համար սահմանված տոկոսների հանրագումարն է:

 

Բազային գումարի հաշվարկը.

 

i

Մեթոդաբանության 7-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերության համաձայն` անբարեխիղճ մրցակցությունը ըստ բնույթի մրցակցային իրավախախտում է:

 

i

Մեթոդաբանության 14-րդ կետի համաձայն` մրցակցային իրավախախտումների դեպքում տուգանքի բազային գումարը որոշվում է ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարի, իրավախախտման համապատասխան ծանրության խմբի համար սահմանված տոկոսի և իրավախախտման տևողության արտադրյալի հաշվարկման միջոցով` Բ = Հ x Խ x Ժ բանաձևով, որտեղ` Բ-ն տուգանքի բազային գումարն է մրցակցային իրավախախտումների դեպքում, Հ-ն ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարն է, Խ-ն իրավախախտման համապատասխան ծանրության խումբն է, Ժ-ն իրավախախտման տևողությունն է:

 

Ապրանքի իրացումից ստացված հասույթ.

 

i

Մեթոդաբանության 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` ապրանքների իրացումից ստացված հասույթ է համարվում իրավախախտման առարկա հանդիսացող կամ իրավախախտման մեջ ներգրավված ապրանքների և դրանց փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացումից ստացված հասույթը:

 

i

Մեթոդաբանության 16-րդ կետի համաձայն` ապրանքի իրացումից ստացված հասույթի կամ ընդհանուր հասույթի գումարի հաշվարկումն իրականացնելիս հիմք է ընդունվում իրավախախտման դադարեցման պահին նախորդող տարվա վաճառքի հասույթը կամ ընդհանուր հասույթը:

 

i

Մեթոդաբանության 17-րդ կետի համաձայն` Հանձնաժողովի կողմից վարույթ հարուցելու մասին որոշման ընդունման պահին չդադարեցված իրավախախտումների դեպքում իրացման հասույթի կամ ընդհանուր հասույթի չափի հաշվարկումն իրականացվում է վարույթ հարուցելու մասին որոշման ընդունմանը նախորդող տարվա վաճառքի հասույթի կամ ընդհանուր հասույթի չափից:

 

Տվյալ պարագայում Վարույթը հարուցվել է 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, երբ իրավախախտումը դադարեցված չի եղել, իսկ ՊԵԿ-ի տեղեկատվության համաձայն` Ընկերության կողմից Վարույթն հարուցելու մասին որոշման ընդունմանը նախորդող տարում` 2020 թվականին, թան ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի չափը

կազմել է     ՀՀ դրամ:

 

Իրավախախտման ծանրության խումբը.

 

i

Հիմք ընդունելով Մեթոդաբանության 20-րդ կետի 3-րդ ենթակետը` սույն գործով ծանրության խումբը պետք է հաշվարկել 2.5 տոկոս դրույքաչափով:

 

Իրավախախտման տևողությունը.

 

i

Իրավախախտման տևողությունը հաշվարկելիս հիմք են ընդունվում Մեթոդաբանության 22-րդ, 23-րդ և 24-րդ կետերը:

 

ԱՁ Զ. Ավետիսյանը, ի կատարումն թիվ 272-Ա որոշմամբ տրված հանձնարարության, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հանձնաժողովին հայտնել է, որ վերջինիս կողմից արտադրված «ԱՊԱՐԱՆԻ ջրով և տնական մածունով ԹԱՆ» մակնշմամբ թանի պիտակը ձևափոխվել է` ներկայացնելով դրա օրինակը:

 

Սույն գործի շրջանակներում ԱՁ Զ. Ավետիսյանը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև օրս ընկած ժամանակահատվածում մտադրաբար Ապրանքի

արտադրության և  իրացման ծավալները հավասարեցվել են     , մինչդեռ Ընկերության

կողմից ներկայացված Ապրանքի ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթի (ՀԴՄ կտրոնի) համաձայն` Ապրանքն իրացվել է 2021 թվականի նոյեմբերի 24-ին, իսկ Ապրանքի իրացման այլ ժամկետների վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել:

 

Նման պայմաններում Հանձնաժողովը ԱՁ Զ. Ավետիսյանի կողմից արտադրված

Ապրանքի իրացման սկզբնաժամկետը դիտարկում է      , իսկ իրավախախտման

վերաբերյալ վարույթը հարուցվել է       : Հետևաբար,  ԱՁ Զ. Ավետիսյանի կողմից

իրավախախտման կատարման ժամանակահատվածը ամսից պակաս է, իսկ իրավախախտման

տևողության  գործակիցը         է:

 

    Վերոնշյալից բխում է, որ տուգանքի բազային գումարը կազմում է     ՀՀ

դրամ` ըստ հետևյալ հաշվարկի.

 

    Բ= Հ x Խ x Ժ=       x        % x  =           ՀՀ դրամ:

 

Պատասխանատվությունը ծանրացնող և մեղմացնող հանգամանքներ.

 

Մեթոդաբանության 27-32-րդ կետերով սահմանված են պատասխանատվությունը ծանրացնող և մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև սահմանված են բազային գումարից ծանրացնող և մեղմացնող հանգամանքների հաշվարկման դրույքաչափերը:

 

Սույն գործով պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքը հետևյալն է.

 

իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա. ԱՁ Զ. Ավետիսյանի կողմից իրավախախտումը դրսևորվել է շփոթության առաջացմամբ անբարեխիղճ մրցակցությամբ: Մասնավորապես, ԱՁ Զ. Ավետիսյանն օգտագործել է Ընկերության թիվ 17738 հերթական համարով «ԱՊԱՐԱՆ MA» ապրանքային նշանին շփոթելու աստիճանի նման «ԱՊԱՐԱՆԻ Թան» չգրանցված ապրանքային նշանը, ինչը կարող էր բացասական ազդեցություն ունենալ շուկայում մրցակցային իրավիճակի և սպառողների շահերի վրա:

 

տնտեսավարող սուբյեկտի կողմից տվյալ խախտման կրկնակիությունը.

Ընկերությունը թվականի    -ի թիվ    -Ա որոշմամբ անբարեխիղճ մրցակցության

համար ենթարկվել է պատասխանատվության:

 

Մեղմացնող հանգամանքը հետևյալն է.

 

տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարվելու շարժառիթները և հանգամանքները. Ընկերությունը հայտնել է, որ Ապրանքի պիտակի վրա «ԱՊԱՐԱՆԻ ջրով և տնական մածունով ԹԱՆ» արտահայտության նշումը կատարվել է սպառողին տեղեկացնելու համար, որ թանի բաղադրությունում օգտագործվել են Ապարանի տարածաշրջանում ծագած ջուր և տնական մածուն:

 

տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու փաստն ընդունելը. ԱՁ Զ. Ավետիսյանը հայտնելով, որ պարտավորվում է նմանատիպ սխալմունք չկրկնել` խնդրելով դիտարկել վերոգրյալ հանգամանքները, մեղմ վերաբերվել տեղի ունեցած թյուրիմացաբար թույլ տրված խախտմանը և հայցելով Հանձնաժողովի ներողամտությունը` ըստ էության ընդունել է Վարույթով իրեն վերագրվող իրավախախտման փաստը:

 

Այսպիսով, ծանրացնող հանգամանքների դրույքաչափերի հանրագումարը կազմում է

       %, իսկ մեղմացնող հանգամանքների դրույքաչափը`    %:

Տուգանքի հաշվարկը.

 

    Վերոշարադրյալից հետևում  է, որ տուգանքի չափը կազմում է        ՀՀ դրամ`

համաձայն հետևյալ հաշվարկի.

 

    Տ= Բ + Բ x (Ծ - Մ) =       +       x (  %-  %) =          ՀՀ դրամ:

 

Այսպիսով, վերոնշյալ հանգամանքների համադրության արդյունքում Հանձնաժողովն արձանագրում է, որ ԱՁ Զ. Ավետիսյանի նկատմամբ անհրաժեշտ է նշանակել տուգանք` 474 783 (չորս հարյուր յոթանասունչորս հազար յոթ հարյուր ութսուներեք) դրամի չափով:

 

6. Եզրափակիչ մաս.

i

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 67-րդ հոդվածի 2-րդ մասով, 88-րդ հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով` Հանձնաժողովը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Անհատ ձեռնարկատեր Զաքարիա Սանասարի Ավետիսյանի կողմից «Գանա Գրուպ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվամբ գրանցված թիվ 17738 «ԱՊԱՐԱՆ MA» ապրանքային նշանին շփոթելու աստիճանի նման «ԱՊԱՐԱՆԻ ջրով և տնական մածունով ԹԱՆ» ապրանքային նշանով թանի իրացումը որակել որպես շփոթության առաջացման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն (այսուհետ` Օրենքի խախտում):

 

1. Օրենքի խախտման համար անհատ ձեռնարկատեր Զաքարիա Սանասարի Ավետիսյանի նկատմամբ նշանակել տուգանք 474 783 (չորս հարյուր յոթանասունչորս հազար յոթ հարյուր ութսուներեք) դրամի չափով:

 

2. Հանձնարարել անհատ ձեռնարկատեր Զաքարիա Սանասարի Ավետիսյանին`

 

1) մեկամսյա ժամկետում շտկել օրենքի խախտումը` դադարեցնել «ԱՊԱՐԱՆԻ ջրով և տնական մածունով ԹԱՆ» ապրանքային նշանով թանի արտադրությունն ու իրացումը, այդ թվում` այլ տնտեսավարող սուբյեկտների միջոցով այն իրացնելու դեպքում գրավոր հետ կանչել,

 

2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված հանձնարարությունը կատարելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնել Հանձնաժողովին` ներկայացնելով հիմնավորող ապացույցներ:

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պատճենը անհատ ձեռնարկատեր Զաքարիա Սանասարի Ավետիսյանին հանձնելուն հաջորդող օրվանից:

 

4. Սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով տրված հանձնարարությունը սահմանված ժամկետում կամովին չկատարվելու դեպքում ենթակա է հարկադիր կատարման` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:

 

5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

6. Սույն որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը կամ կատարումը:

 

    ՆԱԽԱԳԱՀ                                Գ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

2022 թ. մարտի 14

Երևան

 

 

pin
Մրցակցության պաշտպանության հ
09.03.2022
N 96-Ա
Որոշում