Սեղմել Esc փակելու համար:
«ԳՆԹՈՒՆԻՔ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՆԹՈՒՆԻՔ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 մարտի 2022 թվականի թիվ 97-Ա

 

«ԳՆԹՈՒՆԻՔ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (այսուհետ նաև` Հանձնաժողով) 2022 թվականի մարտի 9-ի նիստում, քննարկելով «Գնթունիք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև` Ընկերություն) նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին հարցը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Վարույթի ընթացքի հակիրճ նկարագրությունը.

Հանձնաժողովը 2021 թվականի դեկտեմբերի 14-ին ««Գնթունիք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին» թիվ 364-Ա որոշմամբ (այսուհետ նաև` Թիվ 364-Ա որոշում) հարուցել է վարույթ (այսուհետ նաև` Վարույթ):

 

Վարույթի շրջանակներում 2022 թվականի փետրվարի 22-ին տեղի է ունեցել Հանձնաժողովի նիստ (այսուհետ նաև` Նիստ), որի ընթացքում քննարկվել է Վարույթում առկա փաստական հանգամանքների վերաբերյալ հարցը: Նիստին մասնակցել է նաև Ընկերության ներկայացուցիչը:

 

2. «Գանա Գրուպ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հաղորդման հակիրճ նկարագրությունը.

 

«Գանա Գրուպ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ նաև` «Գանա Գրուպ Պլյուս» ընկերություն) 2021 թվականի նոյեմբերի 24-ին հաղորդում է ներկայացրել Հանձնաժողով` հայտնելով, որ հանդիսանում է «ԱՊԱՐԱՆ MA» ապրանքային նշանի իրավատերը (այսուհետ նաև` Ապրանքային նշան): Ապրանքային նշանը 2011 թվականի նոյեմբերի 15-ին գրանցվել է ՀՀ մտավոր սեփականության գործակալության կողմից թիվ 17738 հերթական համարով (այսուհետ նաև` Ապրանքային նշան) ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման 29-րդ դասում ընդգրկված «թան» արտադրատեսակի համար:

 

i

«Գանա Գրուպ Պլյուս» ընկերությունը մեջբերել է «Ապրանքային նշանների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունը, ըստ որի ապրանքային նշան է համարվում այն նիշը, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայություններն այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար:

 

i

«Գանա Գրուպ Պլյուս» ընկերությունը մեջբերել է նաև նույն օրենքի 12-րդ հոդվածը, և նշել է, որ օրենքով սահմանված հիմքերն իրավունք են տալիս ապրանքային նշանի իրավատիրոջը բացառիկ իրավունքով արգելելու երրորդ անձանց` իրենց առևտրային գործունեության ընթացքում օգտագործելու ցանկացած նույնական, կամ նման, կամ սպառողին մոլորության մեջ դնելու աստիճանի շփոթմունք առաջացնող նիշ, կամ դրանց համակցություն ապրանքային նշանի հետ, և որը օգտագործվում է համանման ապրանքի համար, ինչի համար գրանցված է ապրանքային նշանը:

 

i

Միաժամանակ, «Գանա Գրուպ Պլյուս» ընկերությունը վկայակոչել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1104-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի մտավոր գործունեության արդյունքների կամ քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոցների նկատմամբ գույքային իրավունքների տիրապետողը մտավոր սեփականության այդ օբյեկտն իր հայեցողությամբ ցանկացած ձևով և եղանակով օրինաչափ օգտագործելու բացառիկ իրավունք ունի:

 

Ըստ «Գանա Գրուպ Պլյուս» ընկերության` Հայաստանի Հանրապետության սահմաններում թան տեսակի ըմպելիքի «ԱՊԱՐԱՆ» ապրանքային նշանով կամ «ԱՊԱՐԱՆ» բառային տարրի ընդգրկմամբ ապրանքային նշանով արտադրության և իրացման իրավունքը բացառապես պատկանում է «Գանա Գրուպ Պլյուս» ընկերությանը և երրորդ անձանց կողմից այդ նշանի, կամ դրան շփոթության աստիճանի նմանությամբ (օրինակ` «Ապարանի Թան») նշանի օգտագործումը թան տեսակի ըմպելիքի արտադրության և (կամ) իրացման նպատակներով անթույլատրելի է, ապօրինի, և այդպիսի փաստը հավաստում է անբարեխիղճ մրցակցության մասին:

 

«Գանա Գրուպ Պլյուս» ընկերությունը հայտնել է նաև, որ Ընկերությունն օգտվում է Ապրանքային նշանի ճանաչվածությունից` Ապրանքային նշանի հանրահայտ լինելու փաստով պայմանավորված ապրանքների իրացման շուկայում Ընկերության կողմից արտադրված ապրանքի սպառման նպատակով, իր կողմից արտադրվող թանի արտադրության և իրացման ընթացքում օգտագործում է Ապրանքային նշանի շփոթության առաջացնելու աստիճանի նման ապրանքային նշան, կամ ապրանքային պիտակի այնպիսի ձևավորում, որոնցում ակնհայտ առանձնանում են «ԱՊԱՐԱՆ» և «ԹԱՆ» գրառումները, որը, ըստ էության, սպառողի կողմից ընկալվում է որպես ապրանքային նշան:

 

i

Ամփոփելով` «Գանա Գրուպ Պլյուս» ընկերությունը խնդրել է հիմք ընդունել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասը և միջոցներ ձեռնարկել անբարեխիղճ մրցակցությունը վերացնելու ուղղությամբ:

 

«Գանա Գրուպ Պլյուս» ընկերությունը, Հաղորդմանը կից ներկայացրել է Ընկերության կողմից արտադրված թանի մեկ նմուշ, որի պիտակի վրա առկա է հետևյալ մակնշումները. ««Ապարանի Թան»: Արտադրող »»Գնթունիք» ՍՊԸ, Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Բաղրամյան 39, Հեռ`. (091) 68 68 38, (098) 68 68 38: 0.5 լ» (այսուհետ նաև` Ապրանք): Համաձայն մակնշման` Ապրանքն արտադրվել է 2021 թվականի նոյեմբերի 22-ին:

 

3. Ընկերության դիրքորոշումը.

 

Ընկերությունը 2022 թվականի հունվարի 3-ի գրությամբ հայտնել է, որ «Գանա Գրուպ Պլյուս» ընկերության ապրանքային նշանը «ԱՊԱՐԱՆ» է, իսկ Ընկերության կողմից արտադրվողը` «Ապարանի Թան», որոնք ունեն տարբեր իմաստ, ինչպես նաև տարբեր են ապրանքի պիտակները, որը, ըստ Ընկերության, գնորդների մոտ չի կարող շփոթմունք առաջացնել:

 

Նիստի ընթացքում Ընկերության ներկայացուցիչը պնդել է 2022 թվականի հունվարի 3-ի գրությամբ ներկայացված դիրքորոշումը:

 

4. Հանձնաժողովի կողմից պահանջված և ստացված փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը.

 

1) Հանձնաժողովի նախագահի` 2021 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԳԳ-3155 գրությամբ Ընկերությունից պահանջվել է Հանձնաժողով ներկայացնել.

 

1. Ապրանքի իրացման սկզբնաժամկետի վերաբերյալ տեղեկատվություն` նշելով ամսաթիվը,

 

2. Ապրանքի պիտակի վրա «Ապարանի Թան» գրառումը նշելու շարժառիթը,

 

3. 2020 թվականի և 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Ապրանքի արտադրության և իրացման ծավալները` բնեղեն և արժեքային արտահայտությամբ:

 

Ընկերությունը 2022 թվականի հունվարի 3-ի գրությամբ հայտնել է, որ Ընկերության կողմից արտադրվող Ապրանքի պիտակի վրա «Ապարանի Թան» գրառումը նշելու շարժառիթ է հանդիսացել այն, որ արտադրանքի համար անհրաժեշտ նյութերը (կաթ, ջուր) ձեռք են բերվում քաղաք Ապարանում և հատկանշական հանգամանք է, որ Ապրանքը նույնպես արտադրվում է Ապարանում: 2020 թվականին և 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Ընկերության

կողմից արտադրվել և  իրացվել է     կգ թան` ընդհանուր    դրամ արժեքով (2020

թվականին արտադրվել և  իրացվել է`   կգ` ընդհանուր    դրամ արժեքով, իսկ 2021

թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում`

     կգ` ընդհանուր     դրամ արժեքով):

 

Ընկերությունը հայտնել է նաև, որ Ապրանքը սկսել է իրացնել 2020 թվականի հունվար ամսից:

 

2) Հանձնաժողովի նախագահի` 2022 թվականի փետրվարի 16-ի թիվ ԳԳ-305 գրությամբ Ընկերությունից պահանջվել է Հանձնաժողով ներկայացնել Ընկերության կողմից 2020 թվականին «Ապարանի Թան» մակնշմամբ ապրանքից բացի այլ թանի իրացման ծավալները (բնեղեն արտահայտությամբ) և դրա իրացումից ստացված հասույթի չափը (ոչ ամբողջական տարի արտադրված լինելու դեպքում առանձնացված` ըստ ամիսների):

 

Ընկերությունը, ի պատասխան գրության, 2022 թվականի փետրվարի 21-ին հայտնել է, որ Ընկերության կողմից 2020 թվականին «Ապարանի Թան» մակնշմամբ ապրանքից բացի այլ թանի իրացում չի եղել:

 

3) Հանձնաժողովի նախագահի` 2021 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԳԳ-3147 գրությամբ Հանձնաժողովը դիմել է ՊԵԿ-ին` խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկատվությունը.

 

1. Ընկերության 2020 թվականի տարեկան, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում հասույթների չափերի վերաբերյալ (առանձնացված` ըստ ամիսների),

 

2. Ընկերության կողմից 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Ապրանքի իրացման ծավալների, իսկ անհնարինության դեպքում դուրսգրված բոլոր հաշվարկային փաստաթղթերի և ՀԴՄ կտրոնների միջոցով իրականացված գործարքների մասին:

 

ՊԵԿ-ը 2021 թվականի դեկտեմբերի 23-ին Հանձնաժողովին է տրամադրել պահանջված տեղեկատվությունը, որի համաձայն Ընկերության 2020 թվականի հասույթի չափը

կազմել է    դրամ, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից մինչև  2021 թվականի

նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածինը`     դրամ:

 

ՊԵԿ-ը տրամադրել է նաև տեղեկատվություն` դիտարկվող ժամանակահատվածում Ընկերության կողմից դուրսգրված բոլոր հաշվարկային փաստաթղթերի և ՀԴՄ կտրոնների միջոցով իրականացված գործարքների մասին:

 

4) Հանձնաժողովի նախագահի` 2022 թվականի հունվարի 27-ի թիվ ԳԳ-176 գրությամբ Հանձնաժողովը դիմել ՊԵԿ-ին` խնդրելով տրամադրել Ընկերության կողմից 2020 թվականին Ապրանքի իրացման ծավալների, իսկ անհնարինության դեպքում դուրս գրված բոլոր հաշվարկային փաստաթղթերի և ՀԴՄ կտրոնների միջոցով իրականացված գործարքների մասին:

 

ՊԵԿ-ը 2022 թվականի փետրվարի 7-ին Հանձնաժողովին է տրամադրել պահանջված տեղեկատվությունը, որի համաձայն Ընկերությունը հաշվարկային փաստաթղթերով և ՀԴՄ կտրոնների միջոցով իրականացված գործարքների արդյունքում 2020 թվականին թան

ապրանքատեսակի իրացումից ստացել է ընդհանուր առմամբ     դրամի չափով հասույթ:

 

5) Ընկերությունը 2022 թվականի փետրվարի 25-ի գրությամբ հայտնել է, որ Ընկերության կողմից արտադրվող թանի պիտակի վրա այսուհետ կիրառելու է «ԳՆԹՈՒՆԻՔ» ապրանքային նշանը և «Բաշ-Ապարան» բառը:

 

5. Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկման արդյունքում Հանձնաժողովը հաստատված է համարում հետևյալ փաստական հանգամանքները.

 

1. Գրասենյակի կողմից «Գանա Գրուպ Պլյուս» ընկերության անվամբ 2011 թվականի նոյեմբերի 15-ին գրանցվել (գրանցման համար` թիվ 17738) և ՀՀ-ում իրավական պահպանություն է ստացել «ԱՊԱՐԱՆ MA» անվանումով ապրանքային նշանը: Տվյալ ապրանքային նշանը գրանցված է ապրանքների դասակարգման 29-րդ դասի ապրանքների (թան) համար, որը պահպանվում է բաց և մուգ կանաչ, սև, սպիտակ, երկնագույն, ոսկեգույն, կարմիր և դեղին գունային համակցությամբ, իսկ տվյալ ապրանքային նշանում բացի «ԱՊԱՐԱՆ» անվանումից մնացած բոլոր գրառումներն ինքնուրույն պահպանության օբյեկտներ չեն:

 

2. Ընկերության կողմից արտադրվող և իրացվող Ապրանքի պիտակի վրա առկա է հետևյալ մակնշումները. ««Ապարանի Թան»: Արտադրող »»Գնթունիք» ՍՊԸ, Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Բաղրամյան 39, Հեռ`. (091) 68 68 38, (098) 68 68 38: 0.5 լ»:

 

3. Ընկերությունը Ապրանքը սկսել է իրացնել 2020 թվականի հունվար ամսից:

 

4. Ընկերության տեղեկատվության համաձայն` վերջինս 2020 թվականին Ապրանքն

արտադրել և  իրացրել է       կգ` ընդհանուր     դրամ արժեքով (ներառյալ ԱԱՀ),

այսինքն` Ապրանքի իրացումից ստացել է          դրամի չափով հասույթ:

 

5. Ընկերության տեղեկատվության համաձայն` վերջինս 2020 թվականին Ապրանքից բացի այլ թան չի իրացրել:

 

6. ՊԵԿ-ի տեղեկատվության համաձայն` Ընկերությունը 2020 թվականին հաշվարկային փաստաթղթերով և ՀԴՄ կտրոնների միջոցով թան ապրանքատեսակի

իրացումից ստացել է      դրամի չափով հասույթ:

 

6. Վարույթի փաստական հանգամանքների և վերաբերելի իրավական նորմերի ուսումնասիրության և վերլուծության արդյունքում Հանձնաժողովը եզրահանգում է հետևյալին.

 

1) Ընկերության կողմից իրավախախտում կատարված լինելու հարցի կապակցությամբ.

 

i

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցություն է համարվում տնտեսավարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է սույն օրենքին, այլ օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է տնտեսավարող սուբյեկտների միջև կամ վերջիններիս ու սպառողների կամ ձեռք բերողների միջև բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և (կամ) անաչառության սկզբունքները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցությունն արգելվում է:

 

i

Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` անբարեխիղճ մրցակցություն է համարվում տնտեսավարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որն առաջացնում է կամ կարող է առաջացնել շփոթություն այլ տնտեսավարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների նկատմամբ, այդ թվում`

 

1) Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող կամ այլ կերպ շրջանառության մեջ դրված ապրանքների, դրանց փաթեթավորումների կամ պիտակների վրա կամ ապրանքին առնչվող այլ տեղեկատվության մեջ կամ ինտերնետային դոմենի անվանումներում կամ գովազդում այնպիսի անվանման, նշանի, նիշի, հնչյունի կամ բառի օգտագործումը, որը նույնական կամ շփոթելու աստիճանի նման է այլ տնտեսավարող սուբյեկտի` Հայաստանի Հանրապետությունում պահպանվող կամ նրա կողմից ավելի վաղ օգտագործվող կամ հանրահայտ ապրանքային կամ սպասարկման նշանին կամ ֆիրմային անվանմանը.

 

2) այլ տնտեսավարող սուբյեկտի կողմից քաղաքացիական շրջանառության մեջ դրված ապրանքի, դրա արտաքին տեսքի կամ փաթեթավորման, գունային համակցության կամ այլ ոչ ֆունկցիոնալ բնութագրերի կրկնօրինակումը կամ նմանակումը:

 

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1171-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապրանքային և սպասարկման նշանը (այսուհետ` ապրանքային նշան) այն նիշն է, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայությունները այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար:

 

Գործի փաստերի համաձայն` Ընկերության անվամբ ԱԾՄԴ 29-րդ դասի (թան) ապրանքների և ծառայությունների համար 2011 թվականի նոյեմբերի 15-ին գրանցվել և Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն է ստացել «ԱՊԱՐԱՆ MA» բառապատկերային ապրանքային նշանը (գրանցման համար` թիվ 17738), որը պահպանվում է բաց և մուգ կանաչ, սև, սպիտակ, երկնագույն, ոսկեգույն, կարմիր և դեղին գունային համակցությամբ, իսկ տվյալ ապրանքային նշանում բացի «ԱՊԱՐԱՆ» անվանումից մնացած բոլոր գրառումներն ինքնուրույն պահպանության օբյեկտներ չեն: Ընկերության կողմից օգտագործվող «Ապարանի Թան» ապրանքային նշանը ՀՀ-ում իրավական պահպանություն տրված չէ:

 

«Գանա Գրուպ Պլյուս» ընկերության և Ընկերության համապատասխանաբար «ԱՊԱՐԱՆ MA» և «Ապարանի Թան» ապրանքային նշանների ներքո իրականացնում են թանի արտադրություն և վաճառք և, ըստ Հաղորդման, շփոթություն առաջանալու վտանգն առկա է թանի առուվաճառքի գործընթացում ապրանքային նշանների օգտագործման կապակցությամբ:

 

Վերոգրյալի համատեքստում անհրաժեշտ է պարզաբանել հետևյալ հարցադրումները.

 

1) Արդյո՞ք տնտեսավարող սուբյեկտի կողմից առանց իրավատիրոջ թույլտվության այլ անձի անվամբ գրանցված ապրանքային նշանի օգտագործման ցանկացած դեպք ինքնին հանգեցնում է շփոթության առաջացմամբ անբարեխիղճ մրցակցության,

 

2) Արդյո՞ք թանի շրջանառության ոլորտում «Ապարանի Թան» ապրանքային նշանի օգտագործումը կարող է շփոթություն առաջացնել նույն ոլորտում «ԱՊԱՐԱՆ MA» ապրանքային նշանով թանի արտադրություն և վաճառք իրականացնող այլ տնտեսավարող սուբյեկտի` «Գանա Գրուպ Պլյուս» ընկերության նկատմամբ:

 

Առաջին հարցադրման կապակցությամբ.

 

i

Սահմանադրության 11-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:

 

i

Սահմանադրության 59-րդ հոդվածի համաձայն.

 

1) Յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս իրավունքի իրականացման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:

 

2) Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով` հանրային շահերի պաշտպանության նպատակով:

 

3) Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը և հակամրցակցային համաձայնություններն արգելվում են:

 

Վկայակոչված նորմերի վերլուծությունից բխում է, որ տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության երաշխավորումը` որպես սահմանադրական կարգի հիմունք, ելակետային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետությունում տնտեսական հարաբերությունների կանոնակարգման համար: Տնտեսական գործունեության ազատությունը շուկայական տնտեսության հիմնարար սկզբունքն է և շուկայական տնտեսական հարաբերությունների ձևավորման ու զարգացման օբյեկտիվ նախադրյալը: Միաժամանակ, ազատ տնտեսական գործունեության իրավունքը բացարձակ չէ. այն ենթակա է սահմանափակման` ազատ տնտեսական մրցակցության ապահովման նպատակից ելնելով: Հետևաբար նշված երկու իրավական սկզբունքների` տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության ներդաշնակ ու հետևողական իրացման պայմաններում է միայն հնարավոր հասնել շուկայական հարաբերությունների վրա խարսխված արդյունավետ տնտեսական համակարգի ձևավորմանն ու կայուն զարգացմանը:

 

Հանձնաժողովի գնահատմամբ շուկայական տնտեսության պայմաններում մրցակցային միջավայրի կառուցումն այն հիմնական ուղիներից մեկն է, որով պետությունը կարողանում է բարձրացնել հասարակության բարեկեցությունը. տվյալ ոլորտում պետությունը պետք է հետամուտ լինի ինչպես ազատ տնտեսական մրցակցության գոյության համար անհրաժեշտ միջավայրի ստեղծմանը, այնպես էլ տնտեսությանը վնաս հասցնող գործողությունների կանխարգելմանը:

 

Շարադրվածին համահունչ Օրենքը, ի թիվս այլ հարցերի, սահմանել է Օրենքի նպատակը և դրա կարգավորման առարկան: Այսպես, Օրենքի նախաբանի համաձայն` սույն օրենքի նպատակն է պաշտպանել և խրախուսել տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում:

 

i

Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սույն օրենքը տարածվում է տնտեսավարող սուբյեկտների, պետական մարմինների, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց այն գործողությունների, վարքագծի կամ ակտերի վրա, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցությանը, ինչպես նաև վնասել սպառողների շահերը:

 

Վերոգրյալի հիման վրա Հանձնաժողովն արձանագրում է, որ Օրենքի իրավակարգավորումները նպատակաուղղված են Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսական մրցակցության վրա հիմնված շուկայական տնտեսության բնականոն կենսագործունեության ապահովմանը և տարածվում են տնտեսավարող սուբյեկտների, պետական մարմինների, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց այն գործողությունների կամ վարքագծի վրա, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել ապրանքների իրացման կամ ձեռքբերման առավել նպաստավոր պայմանների ապահովմանն ուղղված տնտեսական գործունեության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողությանը:

 

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ գրանցված ապրանքային նշանի օգտագործումը չի կարող առաջացնել Օրենքի իմաստով անբարեխիղճ մրցակցություն` շփոթության առաջացում, քանի դեռ գրանցված ապրանքային նշանի օգտագործման արդյունքում չի խաթարվում տնտեսական մրցակցությունը: Մասնավորապես, տնտեսական մրցակցությունը խաթարվում է կամ կարող է խաթարվել այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտի գործողությունը կամ վարքագիծը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել այլ տնտեսավարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների նկատմամբ շփոթության առաջացման: Հետևաբար, ցանկացած դեպքում գրանցված ապրանքային նշանի օգտագործմամբ շփոթության առաջացումը պետք է գնահատել վերոնշյալի համատեքստում` հաշվի առնելով փաստացի շփոթությունը կամ դրա հնարավորությունը:

 

Երկրորդ հարցադրման կապակցությամբ.

 

Հանձնաժողովի կողմից ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոցների շփոթության աստիճանի նմանության որոշման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հանձնաժողովի` 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից հարուցված վարույթի շրջանակում ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոցների շփոթության աստիճանի նմանության որոշման կարգը սահմանելու մասին» թիվ 379-Ն որոշմամբ հաստատված` համանուն կարգով (այսուհետ նաև` Կարգ):

 

Կարգով սահմանված է անհատականացման միջոցների շփոթության աստիճանի նմանության որոշման երկու փուլ` անհատականացման միջոցների նմանության գնահատում և շփոթություն առաջանալու վտանգի գնահատում:

 

Նշվածի համատեքստում Հանձնաժողովն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցերին.

 

1) Արդյո՞ք քննարկվող անհատականացման միջոցները նման են,

 

2) Արդյո՞ք առկա է շփոթություն առաջանալու վտանգ:

 

1) Քննարկվող անհատականացման միջոցների նմանության գնահատում.

 

Կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն` անհատականացման միջոցները համարվում են նման, եթե դրանք ամբողջությամբ չեն համընկնում (նույնական Անհատականացման միջոցներ), այլ ընդհանուր առմամբ զուգորդվում են միմյանց հետ` չնայած առանձին տարբերությունների առկայությանը: Անհատականացման միջոցները համարվում են ընդհանուր առմամբ զուգորդվող, եթե դրանց հիմնական տարրերը կամ մասը համընկնում են այնպես, որ այդ Անհատականացման միջոցն ասոցացվում է մեկ այլ Անհատականացման միջոցի հետ:

 

Հաշվի առնելով, որ «ԱՊԱՐԱՆ Թան» և «Ապարանի Թան» ապրանքային նշանները նույնական չեն` Հանձնաժողովը քննարկման առարկա է դարձնում դրանց նմանության հարցը:

 

Այսպես. Կարգի 8-րդ կետի համաձայն` նմանությունը կարող է դրսևորվել լսողական, տեսողական և իմաստային ընկալումներով և պետք է գնահատվի ընդհանուր տպավորության և Անհատականացման միջոցների որպես ամբողջություն ուսումնասիրության հիման վրա` համեմատելով նրանցից յուրաքանչյուրի ստեղծած ընդհանուր տպավորությունները և նկատի ունենալով հիմնական ու տարբերակիչ նշանակություն ունեցող տարրերը:

 

Քննարկելով «ԱՊԱՐԱՆ Թան» և «Ապարանի Թան» ապրանքային նշանների` լսողական առումով շփոթելու աստիճանի նմանությունը` Հանձնաժողովը գտնում է, որ լսողական նմանությունն առկա է, ինչը դրսևորվում է Ապրանքային նշանների համընկնող մասերի` մեկը մյուսին ներառելու հատկանիշներով, մասնավորապես` «Գանա Գրուպ Պլյուս» ընկերության թանի անվանումն է «ԱՊԱՐԱՆ Թան», իսկ Ընկերության թանինը` «Ապարանի Թան», բացի այդ, բացառությամբ «Ապարան» բառի վերջավորության` «ի» տառի, Ապրանքային նշանները կրկնում են միմյանց, «Ապարանի Թան» ապրանքային նշանն ամբողջությամբ ներառում է «ԱՊԱՐԱՆ Թան» ապրանքային նշանը: Վերոգրյալից ելնելով` Հանձնաժողովն արձանագրում է, որ Ապրանքային նշանները նման են լսողական առումով:

 

Անհատականացման միջոցների իմաստային նմանության մասով Հանձնաժողովն արձանագրում է, որ Ապրանքային նշանները իմաստային առումով ունեն գրեթե նույն բովանդակությունը, Ապրանքային նշանների բառային տարրերը գրեթե համընկնում են և արտահայտում են առանձին իմաստ, իսկ «ԱՊԱՐԱՆ» բառի վրա ընկնում է տրամաբանական շեշտադրումը: Հետևաբար, Ապրանքային նշանները նման են նաև իմաստային առումով:

 

Անհատականացման միջոցների տեսողական նմանության մասով Հանձնաժողովն արձանագրում է, որ տեսողական առումով անհատականացման միջոցները նման չեն: Այսպես, «Գանա Գրուպ Պլյուս» ընկերության կողմից արտադրվող թանի պիտակի վրա մուգ կանաչ գույնի հիմնագույնի վրա նույն ոճավորմամբ` կենտրոնում կարմիր գույնով, ավելի մեծ տառաչափով, քան մնացած բառերը մակնշված են «ԱՊԱՐԱՆ» և դեղին գույնով, ոճավորված տառերով «Թան» բառերը, նույն պիտակի վրա աստղաձև պատկերի մեջ ակնառու կերպով նշված է «Հավերժ որակ» գրառումը, իսկ Ընկերության կողմից արտադրվող «Ապարանի Թան» թանի պիտակի վրա` կենտրոնում, դաշտի, սափորի ֆոնին կարմիր գույնով մեծ տառաչափով մակնշված է «Ապարանի» և դեղին գույնով «Թան» բառերը, դիմային հատվածում պիտակի գունավորումն առավելապես կանաչ և բաց երկնագույն գույներով է: Այդուհանդերձ, քննարկվող անհատականացման միջոցների միջև առկա է որոշակի նմանություն` «ԱՊԱՐԱՆ» բառը ընդգծված է կարմիր գույնով, բացի այդ ապրանքների պիտակին «ԱՊԱՐԱՆ» և «Թան» բառերի դասավորվածությանն ուղղահայաց է, ապրանքային նշանի բառային բաղադրիչները հայատառ են: Այսպիսով, չնայած տեսողական ընկալման առանձին նմանություններին, անհատականացման միջոցներն ընդհանուր տեսողական տպավորությամբ տարբեր են:

 

Ողջ վերոգրյալի հիման վրա Հանձնաժողովը գտնում է, որ Ապրանքային նշանները նման են:

 

2) Շփոթություն առաջանալու վտանգի գնահատում.

 

Կարգի 19-րդ կետի համաձայն` շփոթության առաջացման վտանգն ուղղակիորեն կապված է Անհատականացման միջոցների նմանության հետ, և այն վերջինիս տրամաբանական հետևանքն է: Շփոթություն առաջանալու վտանգը կարող է առկա լինել, եթե այն ապրանքները կամ ծառայությունները, որոնց շրջանակում կիրառվում են Անհատականացման միջոցները նույնն են կամ համանման:

 

Կարգի 20-րդ կետի համաձայն` շփոթություն առաջանալու վտանգը կարող է առկա լինել նաև այն դեպքում, երբ ապրանքները կամ ծառայությունները, որոնց շրջանակում կիրառվում են Անհատականացման միջոցները, առաջացնում են տպավորություն առ այն, որ դրանք ծագում են ընդհանուր աղբյուրից` չնայած այն հանգամանքին, որ այդ ապրանքները կամ ծառայությունները նույնը կամ համանման չեն:

 

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապրանքային նշանների շփոթելու աստիճանի նմանությունը որոշելու կանոններին, թիվ ՎԴ/4241/05/11 գործով 2014 թվականի հուլիսի 18-ին կայացված որոշմամբ նշել է. «...Շփոթությունը, մասնավորապես, կարող է արտահայտվել սպառողի մոտ` տպավորություն ստեղծելով, որ երկու տարբեր ապրանքներ կամ ծառայություններ համապատասխանաբար արտադրվում կամ մատուցվում են միևնույն անձի կողմից այն դեպքում, երբ իրականում այդպես չէ: Ընդ որում, սպառողը, ակնկալելով կոնկրետ անձի արտադրանքի որոշակի որակ, որին նախապես ծանոթ է եղել, կարող է միայն հիասթափություն ապրել մեկ ուրիշի արտադրանքում դրա բացակայության պատճառով:»:

 

Ապրանքային նշանների նմանությունն արձանագրելու պայմաններում Հանձնաժողովը, հիմք ընդունելով Կարգի 19-րդ կետով սահմանված իրավակարգավորումը, արձանագրում է շփոթություն առաջանալու վտանգի առկայությունը, որը հիմնավորվում է նաև այն փաստարկով, որ երկու տնտեսավարող սուբյեկտներն էլ գործունեություն են ծավալում նույն` թանի արտադրության և իրացման ոլորտում: Բացի այդ, «Գանա Գրուպ Պլյուս» ընկերության անվամբ «ԱՊԱՐԱՆ MA» անվանումով ապրանքային նշանը գրանցվել է դեռևս 2011 թվականից, իսկ Ընկերությունն Ապրանքն սկսել է իրացնել 2020 թվականի հունվար ամսից: Ստացվում է, որ սպառողները, տարիներ շարունակ ձեռք բերելով լինելով իրենց հայտնի` Ընկերության կողմից արտադրված թանը, կարող են մտածել, որ «Ապարանի Թան» ապրանքն արտադրվում է «ԱՊԱՐԱՆ Թան» ապրանքն արտադրողի կողմից, այսինքն` տվյալ ապրանքները ծագում են նույն աղբյուրից:

 

Ինչ վերաբերում է Ընկերության կողմից նշված` թանի պիտակի վրա այսուհետ «Բաշ-Ապարան» բառի կիրառման մասին դիտարկմանը, ապա Հանձնաժողովն արձանագրում է, որ Վարույթը հարուցվել է Ընկերության կողմից «Ապարանի Թան» ապրանքային նշանի օգտագործմամբ պայմանավորված առերևույթ շփոթության առաջացման հատկանիշներով, ուստի Հանձնաժողովը Վարույթի շրջանակներում «Բաշ-Ապարան» բառի օգտագործմամբ պայմանավորված շփոթության առաջացման հատկանիշների առկայության գնահատման հարցին չի անդրադառնում:

 

Ողջ վերոգրյալի հաշվառմամբ Հանձնաժողովը գտնում է, որ Ընկերության կողմից «Գանա Գրուպ Պլյուս» ընկերության անվամբ գրանցված «ԱՊԱՐԱՆ MA» ապրանքային նշանին շփոթելու աստիճանի նման «Ապարանի Թան» ապրանքային նշանով թանի իրացումը կարող է շփոթություն առաջացնել այլ տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ:

 

2) Ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու հարցի կապակցությամբ.

 

i

Օրենքի 92-րդ հոդվածի համաձայն` տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման համար Հանձնաժողովն իրավասու է տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին և դրանց պաշտոնատար անձանց տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք:

 

i

Օրենքի 93-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցության համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի` տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսը:

 

i

Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատասխանատվության միջոց կիրառելիս Հանձնաժողովը հաշվի է առնում տվյալ իրավախախտման բնույթը, տևողությունը, իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, տնտեսավարող սուբյեկտի կողմից տվյալ խախտման կրկնակիությունը, եթե նախորդ խախտման համար պատասխանատվության միջոց կիրառելու օրվանից չի անցել հինգ տարի, տնտեսավարող սուբյեկտի դիտավորության աստիճանը, տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարվելու շարժառիթները և հանգամանքները, տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարվելու փաստն ընդունելու կամ Հանձնաժողովի հետ համագործակցելու հանգամանքը, պատասխանատվությունից ազատելու հիմքերը, տնտեսավարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությունը, տվյալ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը և տնտեսավարող սուբյեկտի պատմությունը:

Հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի «Պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը սահմանելու մասին» թիվ 395-Ն որոշմամբ (այսուհետ նաև` թիվ 395-Ն որոշում) սահմանված պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը (այսուհետ նաև` Մեթոդաբանություն) կարգավորում է Հանձնաժողովի կողմից Օրենքով սահմանված տնտեսական մրցակցության բնագավառում պատասխանատվության միջոցների ընտրության և տուգանքի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:

 

Մեթոդաբանության 6-րդ կետի համաձայն` պատասխանատվության միջոցի ընտրությունը և տուգանքի հաշվարկումը յուրաքանչյուր դեպքում իրականացվում է վարույթի ընթացքում հաստատված փաստական հանգամանքների քննարկման արդյունքում Հանձնաժողովի հայեցողությամբ` հաշվի առնելով Մեթոդաբանությամբ ամրագրված դրույթները և վարույթի առանձնահատկությունները:

 

Մեթոդաբանության 12-րդ կետի համաձայն` տուգանքը հաշվարկվում է հետևյալ փուլերով.

 

1) որոշվում է տուգանքի բազային գումարը.

 

2) գնահատվում են վարույթի ընթացքում հաստատված ծանրացնող և մեղմացնող հանգամանքները, և հիմքերի առկայության դեպքում բազային գումարը ենթարկվում է համապատասխան փոփոխությունների.

 

3) Մեթոդաբանությամբ նախատեսված դեպքերում համապատասխանեցվում է պատասխանատվության միջոցը:

 

Մեթոդաբանության 13-րդ կետի համաձայն` Հանձնաժողովը տուգանքը հաշվարկում է Տ = Բ + Բ x (Ծ - Մ) բանաձևով, որտեղ` Տ-ն տուգանքի չափն է, Բ-ն տուգանքի բազային գումարն է, Ծ-ն բոլոր ծանրացնող հանգամանքների համար սահմանված տոկոսների հանրագումարն է, Մ-ն բոլոր մեղմացնող հանգամանքների համար սահմանված տոկոսների հանրագումարն է:

 

Բազային գումարի հաշվարկը.

Մեթոդաբանության 7-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերության համաձայն` անբարեխիղճ մրցակցությունը ըստ բնույթի մրցակցային իրավախախտում է:

 

Մեթոդաբանության 14-րդ կետի համաձայն` մրցակցային իրավախախտումների դեպքում տուգանքի բազային գումարը որոշվում է ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարի, իրավախախտման համապատասխան ծանրության խմբի համար սահմանված տոկոսի և իրավախախտման տևողության արտադրյալի հաշվարկման միջոցով` Բ = Հ x Խ x Ժ բանաձևով, որտեղ` Բ-ն տուգանքի բազային գումարն է մրցակցային իրավախախտումների դեպքում, Հ-ն ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարն է, Խ-ն իրավախախտման համապատասխան ծանրության խումբն է, Ժ-ն իրավախախտման տևողությունն է:

 

Ապրանքի իրացումից ստացված հասույթ.

 

Մեթոդաբանության 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` ապրանքների իրացումից ստացված հասույթ է համարվում իրավախախտման առարկա հանդիսացող կամ իրավախախտման մեջ ներգրավված ապրանքների և դրանց փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացումից ստացված հասույթը:

 

Մեթոդաբանության 16-րդ կետի համաձայն` ապրանքի իրացումից ստացված հասույթի կամ ընդհանուր հասույթի գումարի հաշվարկումն իրականացնելիս հիմք է ընդունվում իրավախախտման դադարեցման պահին նախորդող տարվա վաճառքի հասույթը կամ ընդհանուր հասույթը:

 

Մեթոդաբանության 17-րդ կետի համաձայն` Հանձնաժողովի կողմից վարույթ հարուցելու մասին որոշման ընդունման պահին չդադարեցված իրավախախտումների դեպքում իրացման հասույթի կամ ընդհանուր հասույթի չափի հաշվարկումն իրականացվում է վարույթ հարուցելու մասին որոշման ընդունմանը նախորդող տարվա վաճառքի հասույթի կամ ընդհանուր հասույթի չափից:

 

Տվյալ պարագայում Վարույթը հարուցվել է 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, երբ իրավախախտումը դադարեցված չի եղել, իսկ ՊԵԿ-ի տեղեկատվության համաձայն` Ընկերության կողմից Վարույթն հարուցելու մասին որոշման ընդունմանը նախորդող տարում` 2020 թվականին, թան ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի չափը

կազմել է          դրամ:

 

Իրավախախտման ծանրության խումբը.

Հիմք ընդունելով Մեթոդաբանության 20-րդ կետի 3-րդ ենթակետը` սույն գործով

ծանրության խումբը պետք է հաշվարկել      տոկոս դրույքաչափով:

 

Իրավախախտման տևողությունը.

 

Իրավախախտման տևողությունը հաշվարկելիս հիմք են ընդունվում Մեթոդաբանության 22-րդ, 23-րդ և 24-րդ կետերը: Սույն գործով Ընկերության կողմից արտադրված Ապրանքի իրացման սկզբնաժամկետն է 2020 թվականի հունվար ամիսը, իսկ իրավախախտման վերաբերյալ վարույթը հարուցվել է 2021 թվականի դեկտեմբերի 14-ին: Հետևաբար, Ընկերության կողմից իրավախախտման կատարման

ժամանակահատվածը ամիս է, իսկ իրավախախտման տևողության  գործակիցը      է:

 

Վերոնշյալից բխում է, որ տուգանքի բազային գումարը կազմում է

ՀՀ       դրամ` ըստ հետևյալ  հաշվարկի.

 

    Բ= Հ x Խ x Ժ=           x        % x      =         ՀՀ դրամ:

 

Պատասխանատվությունը ծանրացնող և մեղմացնող հանգամանքներ.

 

Մեթոդաբանության 27-32-րդ կետերով սահմանված են պատասխանատվությունը ծանրացնող և մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև սահմանված են բազային գումարից ծանրացնող և մեղմացնող հանգամանքների հաշվարկման դրույքաչափերը:

 

Սույն գործով պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքը հետևյալն է.

իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա. Ընկերության կողմից իրավախախտումը դրսևորվել է շփոթության առաջացմամբ անբարեխիղճ մրցակցությամբ: Մասնավորապես, Ընկերությունն օգտագործել է «Գանա Գրուպ Պլյուս» ընկերության թիվ 17738 հերթական համարով «ԱՊԱՐԱՆ MA» ապրանքային նշանին շփոթելու աստիճանի նման «Ապարանի Թան» չգրանցված ապրանքային նշանը, ինչը կարող էր բացասական ազդեցություն ունենալ շուկայում մրցակցային իրավիճակի և սպառողների շահերի վրա:

Մեղմացնող հանգամանքը հետևյալն է.

 

տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարվելու շարժառիթները և հանգամանքները.

 

Ընկերությունը հայտնել է, որ Ապրանքի պիտակի վրա «Ապարանի» բառի նշումը կատարվել է Ապրանքի ծագման տեղանունը նշելու համար:

 

Այսպիսով, ծանրացնող հանգամանքների դրույքաչափերի հանրագումարը կազմում է

     %, իսկ մեղմացնող հանգամանքների դրույքաչափը`             %:

 

Տուգանքի հաշվարկը.

 

    Վերոշարադրյալից հետևում  է, որ տուգանքի չափը կազմում է      ՀՀ դրամ`

համաձայն հետևյալ հաշվարկի.

 

    Տ= Բ + Բ x (Ծ - Մ) =     +     x (  %-  %) =     ՀՀ դրամ:

 

Այսպիսով, վերոնշյալ հանգամանքների համադրության արդյունքում և հիմք ընդունելով թիվ 395-Ն որոշումը` Հանձնաժողովն արձանագրում է, որ Ընկերության նկատմամբ անհրաժեշտ է նշանակել տուգանք` 1 461 357 (մեկ միլիոն չորս հարյուր վաթսունմեկ հազար երեք հարյուր հիսունյոթ) դրամի չափով:

 

6. Եզրափակիչ մաս.

 

i

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 67-րդ հոդվածի 2-րդ մասով, 88-րդ հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով` Հանձնաժողովը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. «Գնթունիք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Գանա Գրուպ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվամբ գրանցված թիվ 17738 «ԱՊԱՐԱՆ MA» ապրանքային նշանին շփոթելու աստիճանի նման «Ապարանի Թան» ապրանքային նշանով թանի իրացումը որակել որպես շփոթության առաջացման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն (այսուհետ` Օրենքի խախտում):

 

2. Օրենքի խախտման համար «Գնթունիք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ նշանակել տուգանք 1 461 357 (մեկ միլիոն չորս հարյուր վաթսունմեկ հազար երեք հարյուր հիսունյոթ) դրամի չափով:

 

3. Հանձնարարել «Գնթունիք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը`

 

1) մեկամսյա ժամկետում շտկել Օրենքի խախտումը` դադարեցնել «Ապարանի Թան» ապրանքային նշանով թանի արտադրությունն ու իրացումը, այդ թվում` այլ տնտեսավարող սուբյեկտների միջոցով այն իրացնելու դեպքում գրավոր հետ կանչել,

 

2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված հանձնարարությունը կատարելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնել Հանձնաժողովին` ներկայացնելով հիմնավորող ապացույցներ:

 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պատճենը «Գնթունիք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնելուն հաջորդող օրվանից:

 

5. Սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով տրված հանձնարարությունը սահմանված ժամկետում կամովին չկատարվելու դեպքում ենթակա է հարկադիր կատարման` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:

 

6. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

7. Սույն որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը կամ կատարումը:

 

    ՆԱԽԱԳԱՀ                                Գ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

2022 թ. մարտի 11

Երևան

 

__________________

ԻՐՏԵԿ - Առևտրային գաղտնիք պարունակող որոշ տվյալներ բաց են թողնված

 

 

pin
Մրցակցության պաշտպանության հ
09.03.2022
N 97-Ա
Որոշում