Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

28.04.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.06.1996  -ից մինչեւ   28.04.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 04.04.00 թիվ ՀՕ-48 օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
29 մայիսի 1996թ.

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում պետական վիճակագրության կազմակերպման կարգը և կարգավորում է հանրապետության սոցիալ-տնտեսական գործընթացների, բնակչության և նրա կենսագործունեության ոլորտների վերաբերյալ վիճակագրության պետական լիազորված մարմնի կողմից տվյալների պարտադիր հավաքագրման, մշակման, կուտակման, ամփոփման, պահպանման, ինչպես նաև վերլուծության, փոխանակման և վիճակագրական տեղեկատվության տրամադրման (հրապարակման) հետ կապված հարաբերությունները:

 

ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i
Հոդված 1. Պետական վիճակագրության մասին օրենսդրությունը և գործունեության ոլորտը

 

Պետական վիճակագրության մասին օրենսդրությունը կազմված է սույն օրենքից և պետական վիճակագրական հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերից:

Պետական վիճակագրությունը պետական լիազորված մարմնի կողմից իրականացվող գործունեություն է` վիճակագրական աշխատանքների ծրագրին համապատասխան:

Վիճակագրական աշխատանքների ծրագիրը (վիճակագրական ցուցանիշների ցանկը և պարբերականությունը) հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ձեռնարկությունների (անկախ սեփականության ձևից), հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև պետական մարմինների և քաղաքացիների վրա (պետական վիճակագրական տվյալներ կամ հաշվետվություններ ներկայացնող սուբյեկտներ):

 

Հոդված 2. Պետական վիճակագրության հիմնական խնդիրները

 

Պետական վիճակագրության հիմնական խնդիրներն են`

ա) միջազգային ֆինանսական, տնտեսական և այլ կազմակերպությունների սահմանած չափանիշներին համապատասխան վիճակագրության միասնական մեթոդաբանության ապահովումը.

բ) տնտեսական ու հասարակական գործընթացների և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկատվության համակարգի կազմակերպումը, պետական մարմիններին, ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին (այդ թվում` միջազգային), ինչպես նաև հասարակությանը տեղեկատվությամբ ապահովումը.

գ) սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական գործընթացների վերլուծության հիման վրա համապատասխան եզրակացությունների և առաջարկությունների պատրաստումն ու ներկայացումը` սույն օրենքով սահմանված կարգով.

դ) ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, քաղաքացիների պետական վիճակագրական ռեգիստրի ներդրումը և վարումը.

ե) վիճակագրական աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչների վարումը:

 

Հոդված 3. Պետական վիճակագրությանը ներկայացվող պարտադիր պահանջները

 

Պետական վիճակագրությանը ներկայացվող պարտադիր պահանջներն են`

ա) վիճակագրության օբյեկտիվությունը, գիտական հիմնավորվածությունը, անաչառությունը.

բ) վիճակագրական տվյալների արժանահավատությունը, ճշտությունը, համադրելիությունը ժամանակի և տարածության մեջ, անանունությունը.

գ) վիճակագրական տեղեկատվության արդիականությունը, կայունությունը և ամբողջականությունը.

դ) համադրելիությունը միջազգայնորեն ընդունված վիճակագրական չափանիշներին և նորմերին.

ե) վիճակագրական ցուցանիշների համապատասխանությունը միջազգայնորեն ընդունված ազգային հաշիվների պահանջներին.

զ) վիճակագրական ամփոփ տվյալների պարբերական հրապարակումը.

է) վիճակագրական տեղեկատվության մատչելիությունը, հրապարակայնությունը:

 

ԳԼՈՒԽ II
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հոդված 4. Պետական վիճակագրություն իրականացնող մարմինները

 

i

Հայաստանի Հանրապետությունում պետական վիճակագրություն իրականացնող մարմիններն են Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մեջ մտնող վիճակագրության պետական լիազորված մարմինը և նրան ենթակա տեղական ու գործառնական ստորաբաժանումները (այսուհետև` պետական վիճակագրություն իրականացնող մարմիններ):

Հայաստանի Հանրապետությունում պետական վիճակագրական աշխատանքների ընդհանուր համակարգումը իրականացնում է վիճակագրության պետական լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

i

Վիճակագրության պետական լիազորված մարմնի, նրա տարածքային ծառայությունների և գործառնական ստորաբաժանումների իրավունքները և պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև այդ մարմինների կանոնադրություններով:

 

Հոդված 5. Պետական վիճակագրության ֆինանսավորումը

 

Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրին համապատասխան կատարվող աշխատանքները ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

Հոդված 6. Պետական վիճակագրական դիտարկումները

 

Պետական վիճակագրական դիտարկումները դիտարկվող օբյեկտներից սկզբնական հաշվառման փաստաթղթերի կամ անմիջական դիտարկումների հիման վրա վիճակագրական տեղեկությունների հավաքումն է:

Պետական վիճակագրական դիտարկումներն անցկացվում են պետական վիճակագրություն իրականացնող մարմինները:

Պետական վիճակագրական դիտարկումների ձևերը, մեթոդները և անցկացման կարգը սահմանում է վիճակագրության պետական լիազորված մարմինը:

Պետական վիճակագրական դիտարկումները կարող են լինել ճյուղային կամ տարածքային, որոնց անցկացման կարգը և փաստաթղթերի ձևերը սահմանում է վիճակագրության պետական լիազորված մարմինը: Վիճակագրական տեղեկատվության հավաքումն իրականացվում է համատարած, ընտրանքային և մենագրական (մոնոգրաֆիական) վիճակագրական դիտարկումների ձևով:

i

Մարդահամարները, սոցիալ-ժողովրդագրական հետազոտությունները և տնտեսական հաշվեգրումները (ներառյալ տնտեսության առանձին ճյուղերում), իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով նախատեսված պետական վիճակագրական դիտարկումների անցկացման համար հանրապետության տարածքում գտնվող ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները (անկախ սեփականության ձևից), քաղաքացիները պարտավոր են Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով անվճար ներկայացնել անհրաժեշտ տվյալներ` բացառությամբ սույն օրենքի 9 հոդվածի «գ» կետով սահմանված դեպքի:

Պետական վիճակագրություն իրականացնող մարմինները վիճակագրական դիտարկումներ անցկացնելիս կարող են այդ աշխատանքներում պայմանագրային կարգով ընդգրկել այլ ձեռնարկություններ, հիմնարկներ, կազմակերպություններ, առանձին աշխատողների, ինչպես նաև քաղաքացիների:

 

Հոդված 7. Պետական վիճակագրական ռեգիստր

 

Պետական վիճակագրություն իրականացնող մարմինները վարում են ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, քաղաքացիների պետական վիճակագրական ռեգիստր, որը տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության հիման վրա ապահովում է ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, քաղաքացիների պետական հաշվառումը և միասնական նույնականացումը (իդենտիֆիկացումը):

Պետական միասնական նույնականացման միացյալ համակարգի օգտագործումը պարտադիր է այդ համակարգի գործունեության ամբողջ ժամանակահատվածի համար:

Պետական վիճակագրական ռեգիստրի կանոնադրությունը և դրա ներդրման կարգը հաստատում է վիճակագրության պետական լիազորված մարմինը:

 

Հոդված 8. Պետական վիճակագրական տեղեկությունների ներկայացումը, օգտագործումը, հրապարակումը և պահպանումը

 

Պետական վիճակագրական տեղեկությունները ներկայացվում են պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով սահմանված պետական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման կարգով, որը ներառում է վիճակագրական տվյալների ծավալը, վիճակագրական հաշվետվությունների ներկայացման հասցեները և ժամկետները:

Պետական վիճակագրությանը ներկայացվող տվյալները պետք է լինեն արժանահավատ:

Պետական վիճակագրություն իրականացնող մարմինների սահմանած կարգով հավաքագրված տվյալները պետք է օգտագործվեն բացառապես վիճակագրական նպատակների համար: Հավաքագրված սկզբնական տվյալները, առանց դրանք ներկայացնող սուբյեկտների համաձայնության, հրապարակման ենթակա չեն: Այդ տվյալները ենթակա են հրապարակման միայն ամփոփված և խմբավորված տեսքով:

Պետական և առևտրային գաղտնիք պարունակող վիճակագրական տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ և պահպանվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Պետական վիճակագրական տեղեկատվության հրապարակման ձևերը որոշում են վիճակագրություն իրականացնող և կազմակերպող պետական համապատասխան մարմինները, եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով այլ բան չի նախատեսված:

Վիճակագրական տեղեկատվությունը պաշտոնական է համարվում, եթե այն հրապարակում են`

ա) վիճակագրության պետական լիազորված մարմինը կամ նրան ենթակա տեղական ու գործառնական ստորաբաժանումները.

բ) պետական մյուս մարմինները` պետական վիճակագրություն իրականացնող պետական մարմինների ներկայացրած տեղեկատվության հիման վրա:

Պետական վիճակագրական տեղեկատվության պահպանման կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

ԳԼՈՒԽ III
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 9. Պետական վիճակագրություն իրականացնող մարմինների իրավունքները

 

Պետական վիճակագրություն իրականացնող մարմիններն իրենց իրավասության սահմաններում իրավունք ունեն`

i

ա) ստանալ հավաստի վիճակագրական տվյալներ ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից (անկախ սեփականության ձևից)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.

բ) ստանալ և օգտագործել ֆինանսական, հարկային, բանկային, մաքսային մարմինների ու ծառայությունների վիճակագրական տվյալները` Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով.

գ) պայմանագրային հիմունքներով քաղաքացիներից ստանալ նրանց սոցիալ-ժողովրդագրական վիճակի, այդ թվում` ընտանիքների բյուջեների վերաբերյալ անհրաժեշտ վիճակագրական տվյալներ.

դ) հրապարակայնորեն պարզաբանել վիճակագրական տեղեկատվության և տվյալների ոչ ճիշտ օգտագործման և մեկնաբանման դեպքերը.

ե) ներդնել վիճակագրական տեղեկություններ ստանալու համար վիճակագրության պետական լիազորված մարմնի կողմից հաստատված վիճակագրական հաշվետվությունների ձևերը.

զ) ստուգել սկզբնական և ամփոփ վիճակագրական տվյալների արժանահավատությունը: Հաշվետվական տվյալների աղավաղումների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ հրահանգներ տալ և համապատասխան ուղղումներ մտցնել ամփոփ վիճակագրական տվյալներում դրանց պարտադիր վերացման համար.

է) պատասխանատվության ենթարկել պետական վիճակագրության համար անհրաժեշտ հաշվետվությունների և տվյալների ներկայացման սահմանված կարգը խախտած անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

ը) անցկացնել փորձաքննություն վիճակագրության և հաշվառման հարցերի վերաբերյալ.

թ) պետական վիճակագրական աշխատանքների ծրագրերից դուրս պայմանագրային հիմունքներով մատուցել վիճակագրական, վերլուծական, տեղեկատվական, հրատարակչական և իրենց կանոնադրություններով նախատեսված այլ ծառայություններ` Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով.

i

ժ) ընդունել վիճակագրական աշխատանքների իրականացման և հաշվետվությունների ձևերի լրացման հետ կապված հրահանգներ, ցուցումներ և այլ հրահանգչական փաստաթղթեր:

 

Հոդված 10. Պետական վիճակագրություն իրականացնող մարմինների պարտականությունները

 

Պետական վիճակագրություն իրականացնող մարմինները պարտավոր են`

ա) կազմակերպել պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը` ամբողջ ծավալով և սահմանված ժամկետներում.

բ) պաշտոնական մամուլում հրապարակել սոցիալ-տնտեսական իրավիճակի, ժողովրդագրության, բնապահպանության վերաբերյալ տեղեկատվություններ և անվճար ապահովել դրանցով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին.

գ) ապահովել պետական ամփոփ վիճակագրական տեղեկատվության մատչելիությունը.

դ) պահպանել հավաքագրված վիճակագրական տվյալների անանունությունը.

ե) չհրապարակել կամ չտարածել սկզբնական վիճակագրական տեղեկատվությունը.

զ) չհրապարակել պետական և առևտրային գաղտնիքները.

է) ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կամ քաղաքացու դիմումով տրամադրել նրանց վերաբերյալ տեղեկություններ, որոնք գտնվում են տվյալների բանկում.

ը) պետական վիճակագրական տվյալներ (հաշվետվություններ) ներկայացնող սուբյեկտներին անվճար ապահովել վիճակագրական հաշվետվությունների ձևերով և հրահանգներով, նրանց տեղյակ պահել վիճակագրական հաշվետվությունների ներկայացման ժամկետների պարբերականության և ներկայացվող պահանջների մասին:

 

ԳԼՈՒԽ IV
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 11. Պետական վիճակագրական տվյալներ (հաշվետվություններ) ներկայացնող սուբյեկտների իրավունքները

 

Պետական վիճակագրական տվյալներ (հաշվետվություններ) ներկայացնող սուբյեկտներն իրավունք ունեն`

ա) պետական վիճակագրություն իրականացնող մարմիններից անվճար ստանալ վիճակագրական հաշվետվությունների ձևեր և հրահանգներ.

բ) պետական վիճակագրություն իրականացնող մարմինների տվյալների բանկից ստանալ իրենց վերաբերյալ կուտակված սկզբնական տվյալներ.

գ) պայմանագրային հիմունքներով օգտվել պետական վիճակագրություն իրականացնող մարմիններում կուտակված վիճակագրական տվյալներից` Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

 

Հոդված 12. Պետական վիճակագրական տվյալներ (հաշվետվություններ) ներկայացնող սուբյեկտների պարտականությունները

 

Պետական վիճակագրական տվյալներ (հաշվետվություններ) ներկայացնող սուբյեկտները պարտավոր են`

ա) պետական վիճակագրական աշխատանքների ծրագրին համապատասխան սահմանված ժամկետներում, ծավալով և ցուցանիշներով վիճակագրական տվյալներ (հաշվետվություններ) ներկայացնել պետական վիճակագրություն իրականացնող մարմիններին` Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով.

բ) ներդնել սկզբնական հաշվառման միասնականացված ձևեր.

գ) կատարել պետական վիճակագրություն իրականացնող մարմինների օրինական ցուցումները` վիճակագրության և հաշվառման վերաբերյալ.

դ) թույլատրել պետական վիճակագրություն իրականացնող մարմիններին անհրաժեշտության դեպքում անցկացնել պետական վիճակագրական տվյալների (հաշվետվությունների) արժանահավատության ստուգումներ` սույն օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ V
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

i
Հոդված 13. Պատասխանատվությունը պետական վիճակագրությանն անհրաժեշտ հաշվետվությունների և տվյալների ներկայացման կարգը խախտելու համար

 

Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ հաշվետվությունները և տեղեկատվությունը սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելու, դրանք ոչ սահմանված ձևով ներկայացնելու համար ձեռնարկություններից, հիմնարկներից, կազմակերպություններից գանձվում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Տուգանքը նշանակում են վիճակագրության պետական լիազորված մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալները:

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից տուգանքները վճարվում են դրանց վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ ստանալու պահից 10-օրյա ժամկետում:

i

Տուգանքների նշանակման և վճարումների հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ հաշվետվությունները և տեղեկատվությունը սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են վարչական և քրեական պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 14. Պետական վիճակագրություն իրականացնող մարմինների, նրանց պաշտոնատար անձանց պատասխանատվությունը

 

Պաշտոնական վիճակագրական տեղեկատվությունը հրապարակելիս պետական վիճակագրություն իրականացնող մարմիններն անկախ են և կրում են պատասխանատվություն հրապարակված տեղեկատվության հավաստիության համար: Արգելվում է պետական որևէ մարմնի կամ պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրություն իրականացնող մարմիններին այնպիսի ցուցումներ տալը, որոնք կարող են ազդել վիճակագրական տեղեկատվության օբյեկտիվության, արժանահավատության, անաչառության և ամբողջականության վրա:

i

Պետական վիճակագրություն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց կողմից ոչ արժանահավատ վիճակագրական տեղեկատվություն ներկայացնելը կամ դրա ներկայացման սահմանված ժամկետների խախտելն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

i

Պետական վիճակագրություն իրականացնող մարմինները պատասխանատվություն են կրում իրենց մեղքով ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին, ինչպես նաև քաղաքացիներին հասցված վնասի (առևտրային և պետական գաղտնիքների, սկզբնական տեղեկատվության հրապարակման հետևանքով և այլն) համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

i

Պետական վիճակագրություն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունները կարող են գանգատարկվել դատական կարգով:

 

ԳԼՈՒԽ VI
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

 

Հոդված 15. Միջազգային պայմանագրեր

 

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված է սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

ԳԼՈՒԽ VII
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 16. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

20 հունիսի 1996թ.

ՀՕ-64

 

 

pin
ՀՀ 29.05.1996
N ՀՕ-64 օրենք